Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԹՈՒՆԻՍՅԱՆ ՓՈՒԼԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հունիսի 2006 թվականի N 24

 

3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԹՈՒՆԻՍՅԱՆ ՓՈՒԼԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերից բխող խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով`

1. Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի ժնևյան և թունիսյան փուլերի եզրափակիչ փաստաթղթերով ընդունված տեղեկատվական հասարակության ռազմավարությունը համարել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միջազգայնորեն ընդունված ուղենիշեր սահմանող գերակա ռազմավարություն:

2. Հավանություն տալ տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրով նախատեսված գործունեության ուղղությունների համար պատասխանատու պետական կառավարման մարմինների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թ. հունիսի 22-ի նիստի

N 24 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺՆԵՎՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ա. Ներածություն

 

1. Սույն գործողությունների ծրագրում տեղեկատվական հասարակության սկզբունքների հռչակագրի ընդհանուր հայեցակարգը և ղեկավար սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել գործունեության կոնկրետ ուղղություններում, որոնք հանգեցնում են միջազգային մակարդակում զարգացման փոխհամաձայնեցված նպատակների, ներառյալ «Հազարամյակի հռչակագրում», «Մոնտերեյի կոնսենսուսում», «Յոհաննեսբուրգի հռչակագրում» և համապատասխան գործողությունների ծրագրում ամրագրված նպատակները` աջակցելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հիման վրա ստեղծված արտադրանքի, ցանցերի և հավելվածների կիրառմանը և օժանդակելով երկրներին թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարության հաղթահարման հարցում: Տեղեկատվական հասարակությունը, որի ստեղծումը նախատեսում է «Տեղեկատվական հասարակության սկզբունքների հռչակագրով, պետք է կառուցվի համագործակցության և համերաշխության պայմաններում` պետական կառավարման մարմինների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

2. Տեղեկատվական հասարակությունը էվոլյուցիոն ճանապարհով ձևավորվող կառուցվածք է, որն արտացոլելով զարգացման զանազան փուլեր, աշխարհի տարբեր երկրներում հասել է զարգացածության տարբեր մակարդակների: Տեխնոլոգիական առաջընթացը և այլ փոփոխություններ արագընթաց կերպով վերափոխում են այն միջավայրը, որտեղ տեղեկատվական հասարակությունը զարգանում է: Այդ կապակցությամբ, գործողությունների ծրագիրն իրենից ներկայացնում է այն էվոլյուցիոն հիմքը, որն ապահովում է առաջխաղացումը դեպի տեղեկատվական հասարակություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) եզակի երկփուլային կառուցվածքը հնարավորություն է ընձեռում հաշվի առնել այդ էվոլյուցիան:

3. Բոլոր շահագրգիռ կողմերն ունեն իրենց կարևոր դերը տեղեկատվական հասարակությունում, որն արտահայտվում է նախ և առաջ համագործակցության միջոցով, մասնավորապես`

ա) պետական կառավարման մարմիններն առաջատար դեր են խաղում համընդգրկուն, հեռանկարային և կայուն ազգային էլեկտրոնային ռազմավարությունների մշակման և իրականացման գործում: Պետական կառավարման մարմինների հետ երկխոսության շրջանակներում` մասնավոր ընկերությունները և քաղաքացիները պետք է կարևոր խորհրդատվական դեր ունենան ազգային էլեկտրոնային ռազմավարությունների ձևավորման գործընթացում.

բ) մասնավոր ընկերությունների մասնակցությունը հսկայական նշանակություն ունի ՏՀՏ զարգացման և տարածման, ինչպես նաև ենթակառուցվածքների, բովանդակության և հավելվածների համար: Մասնավոր ընկերությունները ոչ միայն հանդիսանում են շուկայի մասնակիցներ, այլ նաև որոշակի դեր են խաղում ավելի լայն համատեքստում կայուն զարգացման համար.

գ) քաղաքացիների շահագրգռվածությունն ու մասնակցությունը նույնչափ կարևոր են իրավահավասար տեղեկատվական հասարակության ստեղծման և ՏՀՏ ոլորտի զարգացմանը վերաբերող նախաձեռնությունների իրականացման համար.

դ) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, առանցքային դեր են խաղում զարգացման գործընթացում ՏՀՏ կիրառումն ինտեգրելու, տեղեկատվական հասարակության կառուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու և ՏՀՏ ոլորտում ձեռք բերված առաջընթացը գնահատելու հարցերում:

 

Բ. Խնդիրները, նպատակները և հսկիչ ցուցանիշները

 

4. Գործողությունների ծրագրի խնդիրները կայանում են հետևյալում` կառուցել բոլորի համար բաց տեղեկատվական հասարակություն, զարգացման նպատակով ծառայեցնել ՏՀՏ-ների և գիտելիքների մեջ պարունակվող ներուժը, նպաստել տեղեկատվության և գիտելիքների օգտագործմանը միջազգային մակարդակում զարգացման փոխհամաձայնեցված նպատակների, ներառյալ Հազարամյակի հռչակագրում ամրագրված նպատակների, իրականացման համար, լուծել տեղեկատվական հասարակության նոր հիմնախնդիրներն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: ՏՀՀԳ երկրորդ փուլում հարկ է օգտագործել թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարության հաղթահարմանն ուղղված առաջընթացը վերլուծելու և գնահատելու հնարավորությունը:

5. Ազգային մակարդակում, ազգային էլեկտրոնային ռազմավարությանը և զարգացման պետական քաղաքականությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում պետք է սահմանվեն տեղեկատվական հասարակության կառուցման կոնկրետ հսկիչ ցուցանիշներ` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Այդպիսի հսկիչ ցուցանիշները կարող են օգտակար ուղենիշեր ծառայել իրականացվող միջոցառումների և տեղեկատվական հասարակության առաջընթացի գնահատման համար:

6. Միջազգային մակարդակում զարգացման փոխհամաձայնեցված նպատակների, ներառյալ Հազարամյակի հռչակագրում ամրագրված նպատակների վրա հիմնված և ուղենիշ հանդիսացող հսկիչ ցուցանիշները կարող են ծառայել ՏՀՏ ոլորտում միացվածության և հասանելիության մակարդակի աճը բնութագրող գլոբալ նպատակային ցուցանիշներ` գործողությունների ծրագրով նախատեսված խնդիրների շրջանակներում, որոնք պետք է իրականացվեն մինչև 2015 թվականը: Ստորև նշված այդ հսկիչ ցուցանիշները, կարող են հաշվի առնվել ազգային առանձնահատկություններին համապատասխան` ազգային հսկիչ ցուցանիշները սահմանելիս`

ա) ապահովել ՏՀՏ հիման վրա գյուղական բնակավայրերի միացվածությունը և ստեղծել այդ բնակավայրերում հանրային հասանելիության կետեր,

բ) ապահովել ՏՀՏ հիման վրա նախադպրոցների և հանրակրթական դպրոցների, քոլեջների, համալսարանների, ինստիտուտների և կոնսերվատորիաների միացվածությունը,

գ) ապահովել ՏՀՏ հիման վրա գիտահետազոտական կենտրոնների միացվածությունը,

դ) ապահովել ՏՀՏ հիման վրա հանրային գրադարանների, մշակութային կենտրոնների, թանգարանների, փոստային բաժանմունքների և արխիվների միացվածությունը,

ե) ապահովել ՏՀՏ հիման վրա առողջապահական կենտրոնների, պոլիկլինիկաների և հիվանդանոցների միացվածությունը,

զ) ապահովել ՏՀՏ հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միացվածությունը և այդ մարմիններում ինտերնետային կայքերի և էլեկտրոնային փոստի հասցեների առկայությունը,

է) կատարել փոփոխություններ նախադպրոցների և հանրակրթական դպրոցների ծրագրերում` դրանցում ընդգրկելով տեղեկատվական հասարակության առաջադրած խնդիրները, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները,

ը) ապահովել մոլորակի ամբողջ բնակչության հասանելիությունը հեռուստառադիո ծառայություններին,

թ) խրախուսել բովանդակության (կոնկրետ) զարգացումը և ստեղծել տեխնիկական պայմաններ, որոնք կնպաստեն Ինտերնետում աշխարհի բոլոր լեզուների ներկայացմանը և օգտագործմանը,

թ) ապահովել մոլորակի բնակչության ավելի քան 50 տոկոսի հասանելիությունը ՏՀՏ-երի նկատմամբ:

7. Վերոհիշյալ խնդիրների լուծման և նպատակների ու հսկիչ ցուցանիշների իրականացման ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել զարգացող երկրների, մասնավորապես Տեղեկատվական հասարակության սկզբունքների հռչակագրի 11-16 կետերում հիշատակված երկրների, ժողովուրդների և խմբերի պահանջմունքների նկատմամբ:

 

Գ. Գործունեության ուղղություններ

 

Գ1. Պետական կառավարման մարմինների և բոլոր շահագրգիռ կողմերի դերը զարգացման նպատակով ՏՀՏ կիրառման ոլորտում

 

8. Տեղեկատվական հասարակության զարգացման համար որոշիչ նշանակություն ունի պետական կառավարման մարմինների և բոլոր շահագրգիռ կողմերի գործուն մասնակցությունը, որի համար անհրաժեշտ է համագործակցություն նրանց բոլորի միջև:

ա) Բոլոր երկրները պետք է խրախուսեն ազգային էլեկտրոնային ռազմավարությունների մշակումը` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և ներառելով մարդկային ներուժի ստեղծման անհրաժեշտությունը:

բ) Ազգային մակարդակում նախաձեռնել կազմակերպված երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում` պետական և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցության շրջանակներում` տեղեկատվական հասարակության համար էլեկտրոնային ռազմավարությունների մշակման և լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

գ) Ազգային էլեկտրոնային ռազմավարությունների մշակման և իրականացման ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է հաշվի առնեն տեղական, տարածաշրջանային և ազգային պահանջմունքներն ու հիմնախնդիրները: Իրականացվող նախաձեռնություններից առավելագույն օգուտներ ակնկալելու համար դրանցում պետք է ներառել կայունության սկզբունքը: Մասնավոր կազմակերպությունները պետք է մասնակցություն ունենան տեղեկատվական հասարակության զարգացման կոնկրետ նախագծերում` տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:

դ) Յուրաքանչյուր երկիր պետք է ստեղծի առնվազն մեկ գործող համագործակցություն պետական և մասնավոր կազմակերպությունների միջև` որպես օրինակ հետագա գործունեության համար:

ե) Ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում որոշել մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական հասարակությունում շահագրգիռ կողմերի միջև համագործակցություն հաստատելու և զարգացնելու համար:

զ) ազգային մակարդակում ուսումնասիրել ազգային փոքրամասնությունների համար տեղեկատվական հանգույցների (պորտալների) ստեղծման նպատակահարմարությունը` տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

է) Համապատասխան միջազգային կազմակերպություններն ու ֆինանսական հաստատությունները պետք է մշակեն կայուն զարգացման նպատակով ՏՀՏ կիրառման սեփական ռազմավարություններ, այդ թվում` արտադրության և սպառման կայուն սխեմաներին վերաբերող ռազմավարություններ: Այդ ռազմավարությունները պետք է նաև արդյունավետ գործիք հանդիսանան «Հազարամյակի հռչակագրում» ՄԱԿ-ի կողմից սահմանված նպատակների իրականացման համար:

ը) Միջազգային կազմակերպությունները պետք է հրապարակեն, այդ թվում` իրենց ինտերնետային կայքերում, իրենց իրավասությանը վերաբերող և համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացրած հավաստի տեղեկատվությունը` իրենց գործունեության հիմնական ուղղություններում ՏՀՏ-երի ներառման հաջողված միջոցառումների վերաբերյալ:

թ) Խրախուսել փոխկապակցված այլ միջոցառումների իրականացմանը, այդ թվում` բիզնես-ինկուբատորների, ռիսկային (վենչուրային) հիմնադրամների և պետական ներդրումային հիմնադրամների ստեղծմանը, ներառյալ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսավորման համար, ներդրումների ներգրավման ռազմավարությունների իրականացում, ծրագրային ապահովման (առևտրային խորհրդատվության) արտահանմանն ուղղված միջոցառումներ, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված ցանցերի և տեխնոպարկերի աջակցմանն ուղղված միջոցառումներ:

 

Գ2. Տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքը (տեղեկատվական հասարակության անհրաժեշտ հիմնաքարը)

 

9. Ենթակառուցվածքը հանդիսանում է հիմնաքար մոլորակի ամբողջ բնակչությանը թվային տեխնոլոգիաներով ապահովելու, այսինքն ՏՀՏ-երի նկատմամբ ունիվերսալ, կայուն, համատարած և գնային առումով մատչելի հասանելիություն տրամադրելու նպատակի իրականացման համար` հաշվի առնելով զարգացող և անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրներում արդեն իսկ առկա լուծումները, որոնք ապահովում են հուսալի միացվածություն և հասանելիություն հեռավոր և մեկուսացված բնակավայրերի համար ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

ա) Պետական կառավարման մարմինները, զարգացմանն ուղղված ազգային քաղաքականության շրջանակներում, պետք է ընդունեն բարենպաստ և մրցակցային միջավայրի ձևավորմանը նպաստող լուծումներ, ինչը կապահովի անհրաժեշտ ներդրումները ՏՀՏ ենթակառուցվածքի և ծառայությունների զարգացման համար:

բ) Ազգային էլեկտրոնային ռազմավարությունների շրջանակներում մշակել ունիվերսալ հասանելիության ապահովման համապատասխան ռազմավարությունը և քաղաքականությունը, ինչպես նաև դրանց իրականացման միջոցները` համաձայն ուղենիշ հանդիսացող հսկիչ ցուցանիշների, ինչպես նաև մշակել ՏՀՏ-երի նկատմամբ հասանելիության ցուցանիշները:

գ) Ազգային էլեկտրոնային ռազմավարությունների շրջանակներում ապահովել և կատարելագործել ՏՀՏ հիման վրա բոլոր նախադպրոցների, հանրակրթական դպրոցների, քոլեջների, համալսարանների, ինստիտուտների, կոնսերվատորիաների, առողջապահական կենտրոնների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, գրադարանների, փոստային բաժանմունքների, համայնքային կենտրոնների, թանգարանների և բնակչության համար հասանելի այլ հաստատությունների միացվածությունը` համաձայն ուղենիշ հանդիսացող հսկիչ ցուցանիշների:

դ) Զարգացնել և ամրապնդել լայնաշերտ կապի ազգային, տարածաշրջանային և միջազգային ցանցերի ենթակառուցվածքը, ներառյալ արբանյակային և այլ համակարգերը, ինչը կապահովի երկրների և նրանց քաղաքացիների պահանջմունքներին համապատասխան թողունակություն և պայմաններ կստեղծի ՏՀՏ հիման վրա նոր ծառայությունների տրամադրման համար: Աջակցել Հեռահաղորդակցության միջազգային միության և անհրաժեշտության դեպքում այլ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկական, կանոնակարգային և շահագործական հարցերով հետազոտություններին, որպեսզի հնարավոր լինի`

1) ընդլայնել հասանելիությունը ուղեծրային ռեսուրսների նկատմամբ, ապահովել ռադիոհաճախականությունների օգտագործման գլոբալ ներդաշնակեցում և համակարգերի գլոբալ ստանդարտիզացում,

2) խրախուսել համագործակցությունը պետական և մասնավոր կազմակերպությունների միջև,

3) աջակցել բարձր արագության արբանյակային կապի գլոբալ ծառայությունների մատուցմանն անբավարար սպասարկվող, մասնավորապես` հեռավոր և նվազ բնակեցված բնակավայրերում,

4) հետազոտել այլ համակարգերը, որոնք ունակ են ապահովելու բարձր արագության միացումներ:

ե) Ազգային էլեկտրոնային ռազմավարությունների շրջանակներում հետամուտ լինել ծերերի, մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող անձանց, երեխաների, մասնավորապես մեկուսացված երեխաների, ինչպես նաև անբարենպաստ պայմաններում գտնվող և սոցիալապես անապահով բնակչության խմբերի հատուկ պահանջմունքների բավարարմանը, այդ թվում` կրթական, վարչական և օրենսդրական բնույթի միջոցառումների միջոցով, որոնք ուղղված կլինեն տեղեկատվական հասարակության մեջ նշված խմբերի լիարժեք ներգրավմանը.

զ) Խրախուսել օգտագործման մեջ հարմարավետ և գնային առումով ընդունելի ՏՀՏ սարքավորումների և ծառայությունների մշակումը և արտադրությունը բոլորի, այդ թվում` ծերերի, մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող անձանց, երեխաների, մասնավորապես մեկուսացված երեխաների, անբարենպաստ պայմաններում գտնվող և սոցիալապես անապահով բնակչության խմբերի համար, ինչպես նաև նպաստել նրանց պահանջմունքներին համապատասխան տեխնոլոգիաների, հավելվածների և բովանդակության զարգացմանը` դիզայնի համընդհանուր սկզբունքների հիման վրա և օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ դրանց հետագա կատարելագործման շնորհիվ:

է) անգրագիտության հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով մշակել գնային առումով ընդունելի տեխնոլոգիաներ և ոչ տեքստային համակարգչային ծրագրեր (ինտերֆեյսներ), որպեսզի դյուրին լինի մարդկանց հասանելիությունը ՏՀՏ-ներին:

ը) Միջազգային մակարդակում իրականացնել գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ` ուղղված անհրաժեշտ և գնային առումով ընդունելի ՏՀՏ սարքավորումների ստեղծմանը վերջնական օգտագործողների համար:

թ) Խրախուսել անլար կապի, ներառյալ արբանյակային կապի, չօգտագործվող հզորությունները զարգացող և հատկապես անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրներում` ապահովելու հասանելիություն հեռավոր բնակավայրերի համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առավել թույլ զարգացած այն երկրներին, որոնք ձգտում են ստեղծել հեռահաղորդակցության ենթակառուցվածք:

ժ) Օպտիմալիզացնել միացումները հիմնական տեղեկատվական ցանցերի միջև` խրախուսելով տարածաշրջանային ՏՀՏ մայրուղային ցանցերի և ինտերնետային համակցման կենտրոնների ստեղծումը և զարգացումը, ինչը կնվազեցնի ցանցերի փոխկապակցման ծախսերը և կընդլայնի դրանց նկատմամբ հասանելիությունը:

ժա) Մշակել գնային առումով ընդունելի միացումների ապահովման գլոբալ ռազմավարություններ` դրանով իսկ ավելի մատչելի դարձնելով հասանելիությունը ցանցերի նկատմամբ: Առևտրային հիմունքներով սահմանվող դրույքաչափերը ինտերնետային տրանզիտի և փոխկապակցումների համար պետք է հիմնվեն օբյեկտիվ, թափանցիկ և ոչ խտրական չափորոշիչների վրա` հաշվի առնելով այս ոլորտում ներկայումս իրականացվող աշխատանքները:

ժբ) Խթանել ավանդական զանգվածային տեղեկատվության միջոցների և նոր տեխնոլոգիաների համատեղ օգտագործումը:

 

Գ3. Տեղեկատվության և գիտելիքների նկատմամբ հասանելիությունը

 

10. ՏՀՏ-երը գործնականում մարդկանց հնարավորություն են տալիս մոլորակի ցանկացած կետում ակնթարթորեն ստանալ հասանելիություն տեղեկատվության և գիտելիքների նկատմամբ: Անհատները, կազմակերպություններն ու բնակչության խմբերն օգտվում են տեղեկատվության և գիտելիքների նկատմամբ հասանելիության ընձեռած օգուտներից:

ա) Մշակել ղեկավար սկզբունքներ հանրությանը տրամադրման ենթակա տեղեկատվության զարգացման և մասսայականացման համար, որը հանդիսանում է կարևոր միջազգային գործիք բնակչության հասանելիությունը տեղեկատվության նկատմամբ օժանդակելու համար:

բ) Պետական կառավարման մարմինները կապի զանազան միջոցների, առաջին հերթին` Ինտերնետի շնորհիվ պետք է ապահովեն հասանելիություն հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Խրախուսվում է տեղեկատվության նկատմամբ հասանելիության և հանրությանը տրամադրվող տեղեկատվության պահպանման վերաբերյալ համապատասխան օրենսդրության մշակումը, հատկապես` նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

գ) Աջակցել գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներին, որոնք ուղղված են ապահովելու ՏՀՏ-ների նկատմամբ հասանելիություն բոլորի համար, ներառյալ անբարենպաստ պայմաններում գտնվող, մեկուսացված և սոցիալապես անապահով բնակչության խմբերի համար:

դ) Պետական կառավարման և այլ շահագրգիռ մարմինները պետք է ստեղծեն հանրային հասանելիության բազմանպատակային և կայուն կերպով գործառնող կետեր, որոնք քաղաքացիներին մատչելի գներով կամ անվճար կտրամադրեն հասանելիություն կապի տարբեր ռեսուրսների և առաջին հերթին` Ինտերնետի նկատմամբ: Այդ հասանելիության կետերը, ըստ հնարավորության, պետք է ունենան բավարար թողունակություն, որպեսզի ծառայեն օգտվողներին գրադարաններում, կրթական հաստատություններում, պետական մարմիններում, փոստային բաժանմունքներում և այլ հասարակական վայրերում (հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական և անբավարար սպասարկվող բնակավայրերին)` պահպանելով մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները և խրախուսելով տեղեկատվության և գիտելիքների օգտագործումն ու փոխանակումը:

ե) Խրախուսել հետազոտությունները և նպաստել բոլոր շահագրգիռ կողմերի իրազեկմանը ծրագրային ապահովման տարբեր մոդելների ընձեռած հնարավորությունների և դրանց ստեղծման վերաբերյալ, ներառյալ առանձին ընկերությունների կողմից մշակվող ծրագրային ապահովումը, բաց կոդերով և ազատ տարածվող ծրագրային ապահովումը: Սա հնարավորություն կընձեռի ընդլայնել մրցակցությունը և ընտրության բազմազանությունը, բարելավել գնային մատչելիությունը և հնարավորություն տալ բոլոր շահագրգիռ կողմերին որոշել, թե որ տարբերակն է նրանց համար առավել ընդունելի:

զ) Կառավարությունները պետք է ակտիվորեն աջակցեն իրենց երկրների քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՏՀՏ-երի` որպես հիմնական աշխատանքային գործիքի կիրառմանը: Այս նպատակին հասնելու համար միջազգային հանրությունը և շահագրգիռ այլ կողմերը պետք է նպաստեն ՏՀՏ-երի լայն կիրառման հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինների ներուժի ամրապնդմանը, ինչը կհանդիսանա տեղական ինքնակառավարման կատարելագործման արդյունավետ միջոց:

է) Խրախուսել հետազոտությունները տեղեկատվական հասարակության հարցերի, այդ թվում` ցանցերի ստեղծման ինովացիոն ձևերի, ՏՀՏ ենթակառուցվածքի ադապտացման, ՏՀՏ գործիքների և հավելվածների վերաբերյալ, որոնք ապահովում են հասանելիությունը բոլորի, ներառյալ` անբարենպաստ պայմաններում գտնվող բնակչության խմբերի համար:

ը) Աջակցել թվայնացված հանրային գրադարանների և արխիվների ծառայությունների ստեղծմանը և զարգացմանը (ադապտացված` տեղեկատվական հասարակության համար), այդ թվում` վերանայելով գրադարանային սպասարկման ոլորտում ազգային ռազմավարությունները և օրենսդրությունը, գլոբալ մակարդակում ապահովելով հիբրիդ գրադարանների (տպագիր և էլեկտրոնային նյութեր պարունակող) անհրաժեշտության ընկալումը և աջակցելով գլոբալ մակարդակում գրադարանների համագործակցությանը:

թ) Խրախուսել (ազատ և գնային առումով մատչելի) հասանելիությունը բաց տեղեկատվական աղբյուրներում գտնվող պարբերականների, գրքերի և գիտական արխիվների նկատմամբ:

ժ) Աջակցել բոլոր շահագրգիռ կողմերի համար օգտակար գործիքների նախագծման գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներին` ծրագրային ապահովման և համապատասխան լիցենզավորման տարբեր մոդելների վերաբերյալ իրազեկության բարձրացման, դրանց վերլուծման, գնահատման նպատակներով, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեղական պայմաններում զարգացմանն առավելագույնս նպաստող ծրագրային ապահովման օպտիմալ ընտրությունը:

 

Գ4. Ներուժի ստեղծումը

 

11. Յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի տեղեկատվական հասարակության ընձեռած առավելություններն օգտագործելու համար անհրաժեշտ հմտությունների: Այդ նպատակով պետք է ստեղծել ներուժ և բարձրացնել գրագիտությունը ՏՀՏ ոլորտում: ՏՀՏ-երը կարող են նպաստել համաշխարհային մասշտաբով համընդհանուր կրթության ապահովմանը` տրամադրելով հնարավորություն կրթություն ստանալու, դասավանդողներին վերապատրաստելու, կրթության ֆորմալ համակարգից դուրս` կյանքի ողջ տևողության ընթացքում ուսումնառություն ստանալու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար:

ա) Մշակել ազգային ռազմավարություններ, որոնք նպատակուղղված են ապահովելու ՏՀՏ-երի լիարժեք ինտեգրումը յուրաքանչյուր մակարդակի կրթության և մասնագիտական պատրաստման ոլորտներում, այդ թվում` ՏՀՏ-երի ինտեգրումն ուսումնական ծրագրերի մշակման, դասավանդողների վերապատրաստման, կրթական հաստատությունների կառավարման, կյանքի ողջ տևողության ընթացքում ուսումնառություն ստանալու գործընթացներում:

բ) Մշակել անգրագիտության մեղմացմանն ուղղված ծրագրեր ՏՀՏ-երի օգնությամբ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստել դրանց իրագործմանը:

գ) Աջակցել բոլորին էլեկտրոնային գրագիտության հմտություններ ձեռք բերելու հարցում (մասնավորապես` մշակել և կազմակերպել դասընթացներ պետական ծառայողների համար)` այդ նպատակի համար օգտագործելով գործող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են գրադարանները, համայնքային կենտրոնները, հանրային հասանելիության կետերը, բացի այդ` տեղերում ստեղծելով ՏՀՏ մասնագիտական պատրաստման կենտրոններ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է հատկացնել անբարենպաստ պայմաններում գտնվող և սոցիալապես անապահով բնակչության խմբերին:

դ) Կրթության ոլորտի ազգային քաղաքականության համատեքստում (նկատի ունենալով նաև մեծահասակների շրջանում անգրագիտության մեղմացման անհրաժեշտությունը) ապահովել, որպեսզի երիտասարդությունը զինված լինի ՏՀՏ-երի օգտագործման վերաբերյալ գիտելիքներով և հմտություններով, այդ թվում` ընդունակ լինի ստեղծագործաբար և նորովի վերլուծել և մշակել տեղեկատվությունը, կիսվել առկա փորձով և լիարժեք մասնակցություն ունենալ տեղեկատվական հասարակությունում:

ե) Պետական կառավարման մարմինները, այլ շահագրգիռ մարմինների հետ համագործակցության պայմաններում, պետք է մշակեն ներուժի ստեղծմանն ուղղված ծրագրեր, որոնցում հիմնական ուշադրությունը կհատկացվի ՏՀՏ ոլորտում որակյալ և փորձառու մասնագետների կրիտիկական զանգվածի ստեղծմանը:

զ) Մշակել փորձնական նախագծեր ՏՀՏ-ների վրա հիմնված կրթական այլընտրանքային համակարգերի արդյունավետությունը ցուցադրելու նպատակով` հաշվի առնելով բոլորի համար կրթական հնարավորություններ և մասնավորապես բազային գրագիտություն ապահովելու անհրաժեշտությունը:

է) Աշխատել կրթության և ՏՀՏ ոլորտում մասնագիտական պատրաստման նկատմամբ առկա գենդերային խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ և ապահովել ՏՀՏ ոլորտում մասնագիտական պատրաստման հավասար հնարավորություններ աղջիկների և կանանց համար: Գիտության և տեխնիկայի ոլորտում իրականացվող ծրագրերն ի սկզբանե պետք է նախատեսված լինեն աղջիկների համար, որպեսզի ավելացնեն ՏՀՏ ոլորտում զբաղված կանանց թիվը: Աջակցել ՏՀՏ ոլորտի կրթության մեջ տղամարդկանց և կանանց հավասարության սկզբունքի կիրառման վերաբերյալ լավագույն փորձի փոխանակմանը:

ը) Հնարավորություն ընձեռել տեղական բնակչությանը, նախ և առաջ` գյուղական և անբավարար սպասարկվող բնակավայրերում, կիրառել ՏՀՏ-ները և ապահովել օգտակար և սոցիալապես նշանակալի բովանդակության արտադրություն` ի օգուտ հանրության:

թ) Իրականացնել կրթական և մասնագիտական պատրաստման ծրագրեր` օգտագործելով, եթե հնարավոր է, ազգային փոքրամասնությունների տեղեկատվական ցանցերը, որպեսզի հնարավորություն ընձեռվի ազգային փոքրամասնություններին լիարժեք մասնակցություն ունենալ տեղեկատվական հասարակության մեջ:

ժ) Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում պլանավորել և իրականացնել համատեղ միջոցառումներ, որոնք ուղղված են զարգացող և առավել թույլ զարգացած երկրներում ամրապնդելու, առաջին հերթին, ղեկավար և գործառնական անձնակազմի ներուժը` կրթական գործունեության բոլոր ուղղություններով ՏՀՏ-ների արդյունավետ կիրառման համար: Ընդ որում պետք է նախատեսել նաև կրթական համակարգից դուրս ուսումնառության հնարավորություն, ինչպես օրինակ` աշխատավայրում և տանը:

ժա) Մշակել ՏՀՏ-ների կիրառման վերաբերյալ մասնագիտական պատրաստման հատուկ ծրագրեր, որոնք կբավարարեն տեղեկատվության ոլորտի մասնագետների (արխիվային, գրադարանային և թանգարանային աշխատողներ, գիտնականներ, դասավանդողներ, լրագրողներ, փոստային ծառայողներ և այլն) ուսուցանման նկատմամբ առկա պահանջմունքները: Տեղեկատվության ոլորտի մասնագետների պատրաստման ընթացքում պետք է հիմնվել ոչ միայն տեղեկատվական և հաղորդակցական ծառայությունների մշակման և մատուցման համար նախատեսված նոր մեթոդների և միջոցների վրա, այլև կառավարման համապատասխան հմտությունների վրա, ինչը կապահովի տեխնոլոգիաների օպտիմալ կիրառում: Դասավանդողների նախապատրաստման ընթացքում հիմնական ուշադրություն պետք է հատկացվի ՏՀՏ-երի տեխնիկական ասպեկտներին, բովանդակության մշակմանը և ՏՀՏ-ների ստեղծած նոր հնարավորություններին և հեռանկարներին:

ժբ) Զարգացնել հեռավոր (դիստանցիոն) կրթությունը և մասնագիտական պատրաստումը, ինչպես նաև հեռավար ուսումնառության այլ ձևերը` որպես ներուժի ստեղծման ծրագրերի բաղկացուցիչ մաս: Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել զարգացող և, նախ և առաջ, առավել թույլ զարգացած երկրներին, որոնք ունեն մարդկային ռեսուրսների զարգացման տարբեր մակարդակներ:

ժգ) Աջակցել միջազգային և տարածաշրջանային համագործակցությանը ներուժի ստեղծման ոլորտում, ներառյալ` ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների կողմից մշակվող և առանձին երկրներին ուղղված այս ոլորտի ծրագրերի իրականացմանը:

ժդ) Իրականացնել ՏՀՏ-երի հիման վրա ցանցային աշխատանքի նոր ձևերի մշակման փորձնական նախագծեր, որոնք միավորում են մանկավարժական, մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատությունները և գիտահետազոտական հիմնարկները զարգացած, զարգացող և անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրներում:

ժե) Կամավորական շարժումները, եթե դրանք գործում են ազգային քաղաքականությանը և տեղական մշակութային ավանդույթներին համապատասխան, կարող են արժեքավոր միջոց հանդիսանալ մեծացնելու մարդկային ռեսուրսների ունակությունները ՏՀՏ-ների վրա հիմնված գործիքների արդյունավետ կիրառման առումով և կառուցել բոլորի համար բաց տեղեկատվական հասարակություն: Կազմակերպել կամավորական ծրագրեր զարգացման նպատակով ՏՀՏ ոլորտում ներուժի ստեղծման համար, նախ և առաջ` զարգացող երկրներում:

ժզ) Մշակել ծրագրեր` օգտագործողներին ինքնակրթության և ինքնազարգացման նպատակով համապատասխան ներուժի ստեղծման մեթոդներ ուսուցանելու համար:

 

Գ5. Վստահության և անվտանգության ամրապնդում ՏՀՏ-ների օգտագործման ոլորտում

 

12. Վստահությունը և անվտանգությունը հանդիսանում են տեղեկատվական հասարակության հիմնական հենասյուները:

ա) Աջակցել ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցությանը երկրների և այլ շահագրգիռ կողմերի միջև` նպատակ ունենալով ամրապնդելու օգտվողների վստահությունը, բարձրացնելու տեղեկատվության և ցանցերի հուսալիությունը և դրանց ամբողջականության պաշտպանությունը, վերլուծելու առկա և պոտենցիալ վտանգները ՏՀՏ ոլորտում, ինչպես նաև լուծելու տեղեկատվական անվտանգության և ցանցերի անվտանգության հետ կապված այլ հարցերը:

բ) Պետական կառավարման մարմինները մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության պայմաններում պետք է նախազգուշացնեն և հայտնաբերեն տեղեկատվական անվտանգության (կիբերանվտանգության) և ՏՀՏ-ների ոչ պատշաճ օգտագործման դրսևորումները և հակազդեն այլ դրսևորումներին` մշակելով ղեկավար սկզբունքներ, որոնք հաշվի կառնեն այդ ոլորտում իրականացվող աշխատանքները, կիրարկելով այնպիսի օրենսդրություն, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով հետաքննել և հետապնդման ենթարկել ոչ պատշաճ օգտագործումը, խրախուսելով փոխօգնության արդյունավետ միջոցների կիրառումը, ամրապնդելով միջազգային մակարդակում նման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հետևանքների վերացմանն ուղղված ինստիտուցիոնալ աջակցությունը, աջակցել համապատասխան կրթության և իրազեկության բարձրացմանը:

գ) Պետական կառավարման մարմինները և այլ շահագրգիռ կողմերը պետք է ակտիվորեն խրախուսեն օգտվողների ուսուցանումը և բարձրացնեն վերջիններիս իրազեկությունը առցանց (օնլայն) ռեժիմով աշխատանքի դեպքում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության միջոցների վերաբերյալ:

է) Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ազգային և միջազգային մակարդակներում «պարտադրված էլեկտրոնային հաղորդագրություններից» (spam) պաշտպանվելու համար:

ը) Խրախուսել ազգային մակարդակում օրենսդրության գնահատումը, որն ուղղված կլինի վերացնելու խոչընդոտները էլեկտրոնային ձևով փաստաթղթերի օգտագործման և գործարքների իրականացման, ներառյալ` նույնականացման էլեկտրոնային մեթոդների կիրառման նկատմամբ:

թ) Ամրապնդել հուսալիությունն ու անվտանգությունը ՏՀՏ-ների օգտագործման անվտանգության ոլորտում փոխադարձաբար լրացնող և ուժեղացնող նախաձեռնությունների, ինչպես նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության, տեղեկատվության և սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ ղեկավար սկզբունքների միջոցով:

ժ) Փոխանակել լավագույն փորձը տեղեկատվական և ցանցային անվտանգության ոլորտում և խրախուսել դրա օգտագործումը բոլոր շահագրգիռ անձանց կողմից:

ժա) Առաջարկել շահագրգիռ երկրներին նշանակել համակարգողներ, որոնք իրական ժամանակի ռեժիմում կարձագանքեն անվտանգության ոլորտում պատահարներին և միավորել այդ համակարգողներին համատեղ բաց ցանցի մեջ, ինչը կապահովի պատահարներին արձագանքման վերաբերյալ տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակմանը:

ժբ) Խրախուսել առցանց ռեժիմում գործարքների իրականացումը պարզեցնող անվտանգ և հուսալի հավելվածների հետագա զարգացումը:

ժդ) Խրախուսել շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող գործունեությանը` ՏՀՏ-ների օգտագործման ոլորտում վստահության և անվտանգության ամրապնդման առումով:

 

Գ6. Բարենպաստ միջավայր

 

13. Տեղեկատվական հասարակության ընձեռած սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտները առավելագույնի հասցնելու համար պետական կառավարման մարմինները պետք է ստեղծեն հուսալի, թափանցիկ և ոչ խտրական իրավական, կարգավորիչ և քաղաքական միջավայր: Այդ նպատակով.

ա) պետական կառավարման մարմինները պետք է աջակցեն բարենպաստ, թափանցիկ, մրցակցությունը խրախուսող և կանխատեսելի քաղաքական, իրավական, կարգավորիչ շրջանակների ստեղծմանը, որոնք կապահովեն անհրաժեշտ խթան ներդրումների և մարդկային զարգացման համար տեղեկատվական հասարակությունում:

բ) պետք է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` խնդրելով հիմնել Ինտերնետի կառավարման հարցերով աշխատանքային խումբ բաց և համընդգրկուն գործընթացի շրջանակներում, որը կապահովի լիարժեք և ակտիվ մասնակցության մեխանիզմ զարգացած և զարգացող երկրների պետական կառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների և քաղաքացիների, ինչպես նաև համապատասխան միջկառավարական և միջազգային կազմակերպությունների և ֆորումների համար` նպատակ ունենալով ուսումնասիրել Ինտերնետի կառավարման հարցը և մինչև 2005 թվականը ներկայացնել առաջարկություններ Ինտերնետի կառավարման կազմակերպման վերաբերյալ: Նշված խումբը, ի թիվս այլ հարցերի, պետք է`

1) մշակի Ինտերնետի կառավարման վերաբերյալ աշխատանքային սահմանում,

2) մատնանշի Ինտերնետի կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հարցերը,

3) ձևավորի զարգացած և զարգացող երկրների պետական կառավարման մարմինների, գործող միջկառավարական, միջազգային կազմակերպությունների, այլ ֆորումների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների և քաղաքացիների համապատասխան դերի և պատասխանատվության ոլորտի վերաբերյալ միասնական ըմբռնում,

4) նախապատրաստի հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ` այն ներկայացնելու 2005 թվականին Թունիսում կայանալիք ՏՀՀԳ երկրորդ փուլում, որի արդյունքում կընդունվի համապատասխան որոշում:

գ) պետական կառավարման մարմիններին առաջարկվում է`

1) աջակցել Ինտերնետի ազգային և տարածաշրջանային համակցման կենտրոնների ստեղծմանը,

2) անհրաժեշտության դեպքում իրականացնել իրենց երկրների ազգային կոդերը պարունակող վերին մակարդակի դոմենային տիրույթների (ccTLD) կառավարումը կամ վերահսկումը,

3) բարձրացնել Ինտերնետի վերաբերյալ հանրային իրազեկությունը.

դ) շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում աջակցել տարածաշրջանային արմատային սերվերների (root servers) ստեղծմանը և միջազգայնացված դոմենային անվանումների օգտագործմանը` նպատակ ունենալով հաղթահարել հասանելիությունը խոչընդոտող արգելքները.

ե) պետական կառավարման մարմինները պետք է վերանայեն սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ազգային օրենքները, որպեսզի վերջիններս համապատասխանեցվեն տեղեկատվական հասարակության առաջադրած նոր պահանջներին.

զ) աջակցել զարգացող և անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրների արդյունավետ մասնակցությանը ՏՀՏ հարցերով միջազգային ֆորումներին և ստեղծել հնարավորություններ փորձի փոխանակման համար.

է) պետական կառավարման մարմինները պետք է մշակեն ազգային ռազմավարություններ, ներառյալ էլեկտրոնային պետական կառավարման ռազմավարություններ, նպատակ ունենալով պետական կառավարումը դարձնել ավելի թափանցիկ, արդյունավետ և դեմոկրատական.

ը) մշակել հիմնարար սկզբունքներ փաստաթղթերի և այլ էլեկտրոնային տեղեկատվական գրառումների անվտանգ պահպանման և արխիվացման համար.

թ) պետական կառավարման մարմինները և այլ շահագրգիռ կողմերը պետք է ակտիվորեն նպաստեն օգտվողների կրթմանը և նրանց իրազեկմանը առցանց ռեժիմով աշխատանքի դեպքում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և դրա ապահովման միջոցների վերաբերյալ.

ժ) առաջարկել շահագրգիռ կողմերին ապահովել, որպեսզի էլեկտրոնային առևտրին աջակցելու նպատակով մշակված միջոցառումները սպառողների համար ընտրության հնարավորություն ընձեռեն` օգտագործել էլեկտրոնային հաղորդակցությունը կամ հրաժարվել դրանից.

ժա) խրախուսել վեճերի լուծման արդյունավետ համակարգերի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքները, մասնավորապես` վեճերի լուծման այլընտրանքային մեթոդների կիրառման առումով, որոնք կարող են նպաստել վեճերի լուծմանը.

ժբ) պետական կառավարման մարմինները, այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում, պետք է մշակեն ձեռնարկատիրության զարգացման, ինովացիաների և ներդրումների համար բարենպաստ քաղաքականություն ՏՀՏ ոլորտում` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց մասնակցության ընդլայնմանը.

ժգ) նկատի ունենալով ՏՀՏ-երի տնտեսական ներուժը փոքր և միջին ձեռնարկատիրության համար` պետք է նպաստել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մրցունակության բարձրացմանը` պարզեցնելով վարչական ընթացակարգերը, ապահովելով նրանց հասանելիությունը ֆինանսական ռեսուրսների նկատմամբ և ավելացնելով նրանց ունակությունները մասնակցելու ՏՀՏ-երի հետ կապված նախագծերում.

ժդ) պետական կառավարման մարմինները պետք է լինեն օրինակելի օգտվողներ և առաջատարներ էլեկտրոնային առևտրին անցման գործընթացում` իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը համընթաց.

ժե) պետական կառավարման մարմինները, այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում, պետք է բարձրացնեն իրազեկության գլոբալ էլեկտրոնային առևտրի համար ֆունկցիոնալ համատեղելիության միջազգային ստանդարտների մասին.

ժզ) պետական կառավարման մարմինները, այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում, պետք է նպաստեն բաց, փոխգործակցության հնարավորություն ընձեռող, ոչ խտրական և պահանջարկով պայմանավորված ստանդարտների մշակմանը և կիրառմանը.

ժէ) հեռահաղորդակցության միջազգային միությունը, համաձայն հիմնադիր փաստաթղթերով պայմանավորված իր լիազորությունների, իրականացնում է ռադիոհաճախականությունների տիրույթի բաշխում և ռադիոհաճախականությունների օգտագործման համակարգում ի նպաստ համընդհանուր և գնային առումով մատչելի հասանելիության.

ժը) հեռահաղորդակցության միջազգային միության և այլ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում պետք է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ բոլոր երկրների կողմից ռադիոհաճախականությունների տիրույթի ռացիոնալ, արդյունավետ և խնայողաբար օգտագործումը և համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա տիրույթի նկատմամբ արդարացի հասանելիությունն ապահովելու նպատակով:

 

Գ7. ՏՀՏ հավելվածները (առավելություններ կյանքի բոլոր ասպեկտներում)

 

14. ՏՀՏ հավելվածները, ազգային էլեկտրոնային ռազմավարությունների շրջանակներում, կարող են կայուն զարգացման հիմք հանդիսանալ պետական կառավարման, տնտեսական գործունեության, կրթության և մասնագիտական վերապատրաստման, առողջապահության, զբաղվածության, բնապահպանության, գյուղատնտեսության և գիտության ոլորտներում.

Այստեղ ներառվում են գործունեության հետևյալ ուղղությունները.

 

15. Էլեկտրոնային կառավարում

 

ա) Իրականացնել էլեկտրոնային կառավարման ռազմավարություններ` հատուկ ուշադրություն դարձնելով այն հավելվածներին, որոնք ուղղված են պետական մարմիններում ինովացիոն գործունեության, թափանցիկության և դեմոկրատական գործընթացների ներդրմանը, արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիների հետ փոխհարաբերությունների ամրապնդմանը:

բ) Մշակել էլեկտրոնային կառավարման ազգային նախաձեռնություններ և ծառայություններ բոլոր մակարդակներում, որոնք կհամապատասխանեն քաղաքացիների և գործարար շրջանակների պահանջմունքներին` նպատակ ունենալով հասնել ռեսուրսների և հանրային բարիքների առավել արդյունավետ վերաբաշխման.

գ) Խրախուսել միջազգային համագործակցությանն ուղղված նախաձեռնությունները էլեկտրոնային կառավարման ոլորտում` պետական կառավարման բոլոր մակարդակներում թափանցիկության, հաշվետվելիության և արդյունավետության բարձրացման նպատակով.

 

16. Էլեկտրոնային առևտրային գործունեություն

 

ա) Պետական կառավարման մարմինները, միջազգային կազմակերպությունները և մասնավոր ընկերությունները պետք է մասսայականացնեն միջազգային առևտրի օգուտները և աջակցեն էլեկտրոնային առևտրային գործունեության վարմանը, ինչպես նաև խրախուսեն զարգացող և անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրներում էլեկտրոնային առևտրային գործունեության մոդելների կիրառմանը:

բ) Պետական կառավարման մարմինները բարենպաստ միջավայրի ստեղծման և Ինտերնետի նկատմամբ համընդհանուր հասանելիության ապահովման միջոցով պետք է խթանեն ներդրումները մասնավոր ընկերությունների կողմից, խրախուսեն նոր հավելվածների ստեղծումը և բովանդակության մշակումը, ինչպես նաև աջակցեն պետական և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցությանը:

գ) Պետական կառավարման մարմինների քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՏՀՏ ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացմանը և նրանց էլեկտրոնային առևտրային գործունեությանն աջակցելուն` նպատակ ունենալով խթանել տնտեսական աճը և նոր աշխատատեղերի ստեղծումը` որպես աղքատության կրճատման ռազմավարության բաղադրիչ մաս:

 

17. Էլեկտրոնային կրթություն (տես «Գ4.» ուղղությունը)

 

18. Էլեկտրոնային առողջապահություն

 

ա) Խրախուսել պետական կառավարման մարմինների, պլանավորման համար պատասխանատու մարմինների, առողջապահության բնագավառի մասնագետների, ինչպես նաև այլ հաստատությունների և միջազգային կազմակերպությունների համատեղ գործողությունները հուսալի, անընդհատ գործող, բարձրորակ և գնային առումով մատչելի առողջապահական համակարգերի և առողջության պահպանմանն առնչվող տեղեկատվական համակարգերի ստեղծման գործում, ինչպես նաև աջակցել առողջապահության բնագավառում ՏՀՏ օգնությամբ մշտական մասնագիտական վերապատրաստմանը, կրթությանը և հետազոտություններին, ընդ որում` հարգելով և պահպանելով քաղաքացիների իրավունքները մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ:

բ) Աջակցել աշխարհում գոյություն ունեցող բժշկական գիտելիքների և տեղական մակարդակում անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ հասանելիությանը, ինչը կամրապնդի պետական հետազոտական և պրոֆիլակտիկ ծրագրերը առողջապահության, տղամարդկանց և կանանց առողջության պահպանման ոլորտում: Այստեղ, մասնավորապես, ներառվում է նաև հասանելիությունը սեռական և ռեպրոդուկտիվ առողջության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, մարդկության ուշադրության կենտրոնում գտնվող հիվանդությունների, ինչպես օրինակ` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ:

գ) Իրականացնել պրոֆիլակտիկա, մոնիթորինգ և հսկողություն վարակային հիվանդությունների տարածման նկատմամբ` այդ նպատակով կատարելագործելով հանրային տեղեկատվական համակարգերը:

դ) Աջակցել բժշկական տվյալների փոխանակման համար միջազգային ստանդարտների մշակմանը` դրա հետ մեկտեղ պատշաճ ուշադրություն դարձնելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության ապահովմանը:

ե) Խրախուսել ՏՀՏ կիրառումը հեռավոր և անբավարար սպասարկվող բնակավայրերում (և բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար) առողջապահության և առողջության պահպանմանն առնչվող տեղեկատվական համակարգերի որակի բարելավման և ընդգրկման տիրույթի ընդլայնման նպատակով` հաշվի առնելով կանանց դերը ընտանիքներում և հասարակության մեջ բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում:

զ) Ամրապնդել և ընդլայնել ՏՀՏ հիման վրա նախաձեռնությունները` ուղղված աղետների և արտակարգ իրավիճակների դեպքերում բժշկական և մարդասիրական օգնության ցուցաբերմանը:

 

19. Էլեկտրոնային զբաղվածություն

 

ա) Ազգային մակարդակում աշխատանքի էլեկտրոնային միջոցներ կիրառող աշխատողների և գործատուների համար խրախուսել լավագույն փորձի, արդարության, կանանց և տղամարդկանց միջև հավասարության սկզբունքների վրա հիմնված օրինակների ստեղծումը` պահպանելով համապատասխան միջազգային նորմերը:

բ) Մասսայականացնել աշխատանքի և առևտրային գործունեության նոր մեթոդները` նպատակ ունենալով բարձրացնել արտադրողականությունը, նպաստել տնտեսական աճին և բարեկեցության բարձրացմանը` ՏՀՏ և մարդկային ռեսուրսների ոլորտներում ներդրումների միջոցով:

գ) Խրախուսել հեռավար աշխատանքի (teleworking) կիրառմանը, որը թույլ է տալիս քաղաքացիներին, նախ և առաջ` զարգացող, առավել թույլ զարգացած և փոքր երկրներում, ապրել իրենց հասարակության մեջ` միաժամանակ աշխատելով ցանկացած վայրում, ինչպես նաև թույլ է տալիս ընդլայնել աշխատանքի հնարավորությունները կանանց և մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող անձանց համար: Մասսայականացնելով հեռավոր աշխատանքը` հատուկ ուշադրություն պետք է դարձնել նոր աշխատատեղերի ստեղծմանը և որակյալ աշխատուժի պահպանմանը նպաստող ռազմավարություններին:

դ) Աջակցել ի սկզբանե աղջիկների համար նախատեսված ծրագրերին գիտատեխնիկական բնագավառում` նպատակ ունենալով ավելացնել ՏՀՏ ոլորտում աշխատող կանանց քանակը:

 

20. Էլեկտրոնային բնապահպանություն

 

ա) Պետական կառավարման մարմինները, այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության պայմաններում, պետք է օգտագործեն ՏՀՏ-ները և նպաստեն ՏՀՏ-ների օգտագործմանը որպես բնապահպանությանը և բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված գործիք:

բ) Պետական կառավարման մարմինները, և մասնավոր կազմակերպությունները պետք է նախաձեռնեն ՏՀՏ սարքավորումների և դրանց բաղադրիչ մասերի կայուն արտադրության ու սպառման, ինչպես նաև սպառման ժամկետն ավարտած սարքավորումների և դրանց բաղադրիչ մասերի էկոլոգիապես անվտանգ տնօրինմանը և վերամշակմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր:

գ) Ստեղծել ՏՀՏ հիման վրա հսկողության համակարգեր բնական և արհեստածին աղետների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կանխատեսելու և դիտարկելու նպատակով, հատկապես` զարգացող, առավել թույլ զարգացած և փոքր երկրներում:

 

21. Էլեկտրոնային գյուղատնտեսություն

 

ա) Ապահովել ՏՀՏ հիման վրա տեղեկատվության կանոնավոր տարածումը գյուղատնտեսության, անասնապահության, ձկնաբուծության, անտառատնտեսության, սննդարդյունաբերության վերաբերյալ` նպատակ ունենալով ապահովել ազատ հասանելիություն անհրաժեշտ, համալիր և մանրամասն տեղեկատվության և գիտելիքների նկատմամբ, հատկապես` գյուղական բնակավայրերում:

բ) Պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում պետք է ձգտել առավելագույնս ընդլայնել ՏՀՏ-ների կիրառումը որպես արտադրության կատարելագործման (քանակական և որակական առումով) գործիք:

 

22. Էլեկտրոնային գիտական գործունեություն

 

ա) Աջակցել, որպեսզի բոլոր համալսարանները, ինստիտուտները, կոնսերվատորիաները և գիտահետազոտական ինստիտուտներն ունենան գնային առումով մատչելի, հուսալի և բարձր արագության միացվածություն Ինտերնետին` նպատակ ունենալով ապահովել նրանց որոշիչ դերը տեղեկատվության և գիտելիքների արտադրության, կրթության և մասնագիտական վերապատրաստման գործընթացում, ինչպես նաև աջակցել համագործակցության և ցանցային հաղորդակցության հաստատմանը այդ հաստատությունների միջև:

բ) Խրախուսել էլեկտրոնային հրատարակչական գործունեությանը, տարբերակված գնագոյացմանն ու բաց հասանելիությանն ուղղված նախաձեռնություններին` նպատակ ունենալով գիտական տեղեկատվությունը դարձնել գնային առումով մատչելի և հավասարաչափ հասանելի բոլոր երկրներում:

գ) Աջակցել ապակենտրոնացված (peer-to-peer) տեխնոլոգիաների (ցանցերի) կիրառմանը` գիտելիքների, գիտական աշխատությունների (գիտնականի կողմից համապատասխան վճարումների կամ հոնորարների իրավունքից հրաժարման պայմանով) և դրանց վերահրատարակությունների համատեղ օգտագործման նպատակով:

դ) Աջակցել կարևորագույն գիտական թվայնացված տվյալների (մասնավորապես` ժողովրդագրական, մետեորոլոգիական) երկարաժամկետ, կանոնավոր և արդյունավետ հավաքագրմանը, տարածմանը և պահպանմանը բոլոր երկրներում:

ե) Մասսայականացնել մետա-տվյալների («տվյալներ տվյալների մասին», metadata) սկզբունքները և ստանդարտները` նպատակ ունենալով աջակցել համագործակցությանը և հավաքագրված գիտական տեղեկատվության ու տվյալների արդյունավետ օգտագործմանը, ինչպես որ դա անհրաժեշտ է գիտական հետազոտությունների իրականացման համար:

 

Գ8. Մշակութային բազմազանությունը և ինքնությունը, լեզվական բազմազանությունը և տեղական բովանդակությունը

 

23. Մշակութային և լեզվական բազմազանությունը, որը խթանում է հարգանքը մշակութային ինքնության, ավանդույթների և կրոնի նկատմամբ, հանդիսանում է մշակույթների միջև երկխոսության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հիման վրա տեղեկատվական հասարակության զարգացման անհրաժեշտ պայմանը: Այն իրենից ներկայացնում է կայուն զարգացման կարևոր գործոն:

ա) Մշակել քաղաքականություն, որը կնպաստի մշակութային և լեզվական բազմազանության, մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքին և կխթանի վերջիններիս զարգացմանը և ամրապնդմանը տեղեկատվական հասարակության շրջանակներում, ինչպես որ արտացոլված է ՄԱԿ-ի ընդունած համապատասխան փաստաթղթերում, ներառյալ` մշակութային բազմազանության վերաբերյալ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համընդհանուր հռչակագիրը: Մասնավորապես, պետական կառավարման մարմիններին առաջարկվում է մշակել քաղաքականություն մշակույթի բնագավառում` նպատակ ունենալով աջակցել մշակութային, կրթական և գիտական բովանդակության արտադրությանը և տեղական մակարդակում օգտվողների մշակութային և լեզվական առանձնահատկություններին համապատասխանող մշակույթի ճյուղերի զարգացմանը:

բ) Մշակել ազգային քաղաքականություն և օրենսդրություն, որոնց շնորհիվ գրադարանները, արխիվները, թանգարանները և այլ մշակութային հաստատություններ կկարողանան լիարժեք կատարել բովանդակության (ներառյալ` ավանդական գիտելիքների) մատակարարների իրենց գործառույթները տեղեկատվական հասարակության մեջ, մասնավորապես` ապահովելով մշտական հասանելիություն գրանցված տեղեկատվության նկատմամբ:

գ) Աջակցել բնական և մշակութային ժառանգության պահպանման նպատակով ՏՀՏ-ների մշակմանը և կիրառմանն ուղղված ջանքերին, ապահովել հասանելիությունը այդ ժառանգության` որպես ժամանակակից կենդանի մշակույթի նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է մշակել թվային շտեմարաններում պահպանվող արխիվացված թվային տեղեկատվության և մուլտիմեդիային բովանդակության նկատմամբ մշտական հասանելիություն ապահովող համակարգեր, ինչպես նաև աջակցել արխիվներին, մշակութային հավաքածուներին և գրադարաններին` որպես մարդկության հիշողության:

դ) Մշակել և իրականացնել քաղաքականություն, որը կնպաստի ազգային փոքրամասնությունների մշակույթների, գիտելիքների և ավանդույթների բազմազանության պահպանմանը, ամրապնդմանը, զարգացմանը, դրանց նկատմամբ հարգանքին` ստեղծելով բազմատեսակ տեղեկատվական բովանդակություն և կիրառելով զանազան մեթոդներ, ներառյալ` կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում առկա ժառանգության թվայնացումը:

ե) Աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը տեղական բովանդակության մշակման, թարգմանության և ադապտացման, թվային արխիվների ստեղծման և թվային ու ավանդական զանգվածային լրատվության միջոցների բազմազանության ապահովման հարցերում: Գործունեության այս տեսակները կարող են նպաստել նաև համայնքների ամրապնդմանը:

զ) Թվային և ավանդական զանգվածային լրատվության միջոցների ծառայությունների նկատմամբ հասանելիության միջոցով ապահովել տեղեկատվական հասարակության մաս կազմող մարդկանց համար մշակութային և լեզվաբանական առումով անհրաժեշտ բովանդակության առկայությունը:

է) Պետական և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման միջոցով արագացնել բազմազան տեղական և ազգային բովանդակության ստեղծումը, ներառյալ` օգտվողների համար մատչելի լեզուներով, ինչպես նաև ճանաչել ՏՀՏ հիման վրա աշխատանքը և նպաստել դրան արվեստի բոլոր բնագավառներում:

ը) Ընդլայնել գենդերային ասպեկտները հաշվի առնող ուսումնական ծրագրերը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համակարգերում և բարձրացնել կանանց գրագիտությունը կապի և ԶԼՄ-ների ոլորտներում` նպատակ ունենալով ամրապնդել աղջիկների և կանանց ներուժը ՏՀՏ բովանդակության մշակման համար:

թ) Զարգացնել տեղերում առկա ներուժը տեղական լեզուներով ծրագրային ապահովման, բնակչության տարբեր խմբերի (ներառյալ` ոչ գրագետ, մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող, անբարենպաստ պայմաններում գտնվող անձանց և բնակչության սոցիալապես անապահով խմբերի) համար անհրաժեշտ բովանդակության մշակման և տարածման համար, հատկապես` զարգացող և անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրներում:

ժ) Աջակցել տեղական ԶԼՄ-ներին և նպաստել այն նախագծերին, որտեղ համատեղվում է ավանդական ԶԼՄ-ների և նոր տեխնոլոգիաների կիրառումը` որպես տեղական լեզուների ավելի լայն օգտագործման, տեղական ժառանգության (ներառյալ` լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության) փաստաթղթավորման և պահպանման, ինչպես նաև գյուղական և մեկուսացված բնակավայրերի համար հասանելիություն ապահովող միջոց:

ժա) Ամրապնդել ազգային փոքրամասնությունների ներուժը մայրենի լեզուներով բովանդակության մշակման համար:

ժբ) Համագործակցել համայնքների և ազգային փոքրամասնությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան առավել արդյունավետ օգտագործել իրենց ավանդական գիտելիքները տեղեկատվական հասարակության մեջ և ստանալ օգուտներ դրանից:

ժգ) Իրականացնել տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում մշակութային և լեզվական բազմազանությանը նպաստող քաղաքականության և միջոցառումների վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքների փոխանակություն: Դրան կարելի է հասնել` ստեղծելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային աշխատանքային խմբեր սույն գործողությունների ծրագրի կոնկրետ հարցերի շուրջ, որոնք կնպաստեն ինտեգրացիոն ջանքերին:

ժդ) Գնահատել տարածաշրջանային մակարդակում ՏՀՏ-ների կողմից մասնակցությունը և ներդրումը մշակութային փոխանակության և փոխգործակցության մեջ և այդ գնահատման արդյունքների հիման վրա մշակել համապատասխան ծրագրեր:

ժե) Պետական կառավարման մարմինները, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում, պետք է աջակցեն տեխնոլոգիաների տարածմանը և գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գրավոր թարգմանությունը, իկոնոգրաֆիան, ձայնային հաղորդակցության հիման վրա ծառայությունները: Բացի այդ, նշված մարմինները պետք է նպաստեն անհրաժեշտ ապարատային և ծրագրային ապահովման մոդելների զարգացմանը, ներառյալ` առանձին ընկերությունների կողմից մշակվող, բաց կոդերով և ազատ տարածվող ծրագրային ապահովումը, մասնավորապես` սիմվոլների ստանդարտ հավաքածուներ, լեզվական կոդեր, էլեկտրոնային բառարաններ, տերմինաբանական տեղեկատուներ և բառարաններ, բազմալեզու որոնման համակարգեր, մեքենայական թարգմանության միջոցներ, միջազգայնացված դոմենային անվանումներ, բովանդակության մեջ հղումներ, ինչպես նաև ընդհանուր և հավելվածային ծրագրային ապահովումը:

 

Գ9. Զանգվածային լրատվության միջոցները

 

24. Զանգվածային լրատվության միջոցները` իրենց ձևի և սեփականության բազմազանության պայմաններում, էական դեր են խաղում տեղեկատվական հասարակության զարգացման հարցում և ճանաչվում են որպես խոսքի ազատության և բազմակարծության արտահայտման կարևոր միջոց:

ա) Խրախուսել տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, ինչպես նաև ԶԼՄ-ների նոր տեսակները, որպեսզի նրանք այսուհետ ևս կարևոր դեր խաղան տեղեկատվական հասարակության մեջ:

բ) Խրախուսել այնպիսի ազգային օրենսդրության մշակումը, որը երաշխավորում է ԶԼՄ-ների անկախությունը և բազմակարծությունը:

գ) Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ (ոտնձգություն թույլ չտալով խոսքի ազատության նկատմամբ) ԶԼՄ-ներում անօրինական և վնասաբեր բովանդակության դեմ պայքարելու համար:

դ) Խրախուսել զարգացած երկրներում ԶԼՄ-ների ոլորտում մասնագիտական աշխատանք կատարող անձանց` հաստատելու համագործակցություն և ստեղծելու ցանցեր զարգացող երկրների ԶԼՄ-ների հետ, հատկապես` մասնագիտական վերապատրաստման ոլորտում:

ե) Նպաստել կնոջ և տղամարդու ներդաշնակ և բազմակողմանի կերպարի ստեղծմանը ԶԼՄ-ներում:

զ) Կրճատել միջազգային մակարդակում առկա և ԶԼՄ-ների վրա ազդեցություն ունեցող անհամամասնությունները, հատկապես` ենթակառուցվածքի, տեխնիկական պաշարների, մարդկանց ունակությունների և հմտությունների զարգացման առումով` այդ նպատակով օգտագործելով բոլոր այն առավելությունները, որոնք ընձեռում են ՏՀՏ-ների հիման վրա գործիքները:

է) Խրախուսել ավանդական ԶԼՄ-ներին` կրճատելու անհավասարությունը գիտելիքների ոլորտում և աջակցելու մշակութային բովանդակության տարածմանը, հատկապես` գյուղական բնակավայրերում:

 

Գ10. Տեղեկատվական հասարակության էթիկական կողմերը

 

25. Տեղեկատվական հասարակությունը պետք է հիմնվի համընդհանուր ճանաչված արժեքների վրա և նպաստի համընդհանուր բարօրությանը, ինչպես նաև կանխարգելի չարաշահումները ՏՀՏ-ների օգտագործման հարցերում:

ա) Ձեռնարկել միջոցներ` ուղղված խաղաղության ամրապնդմանը և այնպիսի հիմնարար արժեքների պահպանմանը, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, համերաշխությունը, հանդուրժողականությունը, համատեղ պատասխանատվությունը և բնության նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

բ) Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առավել ամբողջապես հաշվի առնեն էթիկական կողմը ՏՀՏ-ների օգտագործման հարցում:

գ) Տեղեկատվական հասարակության բոլոր մասնակիցները պետք է նպաստեն համընդհանուր բարօրությանը, պաշտպանեն մասնավոր կյանքի և անձնական տվյալների անձեռնմխելիությունը, ձեռնարկեն համապատասխան գործողություններ և օրենքով նախատեսված միջոցառումներ` ուղղված ՏՀՏ-ների անօրինական օգտագործման կանխարգելմանը, մասնավորապես` օրինականությունը խախտող գործունեության, ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրա հետ կապված անհանդուրժողականության, ատելության, բռնության, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի (ներառյալ` պեդոֆիլիան և պոռնոգրաֆիան), մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) և շահագործման հետ կապված արարքների առնչությամբ:

դ) Ներգրավել համապատասխան շահագրգիռ կողմերին, նախ և առաջ` գիտնականներին, ՏՀՏ-ների օգտագործման էթիկական հարցերի վերաբերյալ հետազոտությունների շարունակմանը:

 

Գ11. Միջազգային և տարածաշրջանային համագործակցություն

 

26. Միջազգային համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի միջև որոշիչ նշանակություն ունի սույն գործողությունների ծրագրի իրականացման համար և այն պետք է ամրապնդվի` նպատակ ունենալով նպաստել համընդհանուր հասանելիությանը և թվային տեխնոլոգիաների ոլորտում անհավասարության հաղթահարմանը, մասնավորապես` առաջարկելով դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմներ:

ա) Զարգացող երկրների պետական կառավարման մարմինները պետք է բարձրացնեն ՏՀՏ ոլորտի նախագծերի համեմատական առաջնայնությունը` միջազգային համագործակցության և ենթակառուցվածքների զարգացման համար օժանդակության ակնկալիքով զարգացած երկրներին և միջազգային ֆինանսական կազմակերպություններին ուղղված իրենց առաջարկներում:

բ) ՄԱԿ-ի գլոբալ համաձայնագրի շրջանակներում և «Հազարամյակի հռչակագրի» հիման վրա ստեղծել և զարգացնել համագործակցությունը պետական և մասնավոր կազմակերպությունների միջև` հատուկ ուշադրություն դարձնելով ՏՀՏ-երի օգտագործմանը` ի նպաստ զարգացման:

գ) Առաջարկել միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին` ներառել ՏՀՏ ոլորտը իրենց աշխատանքային ծրագրերի հիմնական ուղղություններում և աջակցել զարգացման տարբեր մակարդակներում գտնվող զարգացող երկրներին «Տեղեկատվական հասարակության սկզբունքների հռչակագրում» և սույն գործողությունների ծրագրում արտացոլված նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագրերի մշակման և իրագործման հարցում, ընդ որում` հաշվի առնելով նաև տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունը:

 

Դ. Թվային միասնության օրակարգը

 

27. Թվային միասնության օրակարգի նպատակն է հանդիսանում մարդկային, ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացման համար պայմանների ստեղծումը, ինչն անհրաժեշտ է ձևավորվող տեղեկատվական հասարակության մեջ բոլոր տղամարդկանց և կանանց ներգրավելու համար: Այս օրակարգի իրականացման համար կենսական կարևոր նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարության հաղթահարման համար կպահանջվի առավել արդյունավետ օգտագործել գործող մոտեցումներն ու մեխանիզմները, որոնել նոր մոտեցումներ և մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեղեկատվական հասարակության մեջ մասնակցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի և սարքավորումների զարգացման, ներուժի ամրապնդման և բովանդակության ստեղծման համար ֆինանսավորումը:

 

Դ1. Նախապատվություններ և ռազմավարությունները

 

ա) Ազգային էլեկտրոնային ռազմավարությունները պետք է կազմեն զարգացման ոլորտում ազգային ծրագրերի, ներառյալ` աղքատության կրճատմանն ուղղված ռազմավարությունների, բաղկացուցիչ մասը:

բ) ՏՀՏ ոլորտը պետք է ամբողջությամբ ներառվի զարգացման պաշտոնական ֆինանսավորմանն (ODA) ուղղված ռազմավարությունների հիմնական ուղղություններում` դոնորների հետ առավել արդյունավետ տեղեկատվության փոխանակման և համակարգման հիման վրա, ինչպես նաև ՏՀՏ-ների` զարգացման ոլորտի ծրագրերում ներառման լավագույն փորձի վերլուծության և փոխանակման միջոցով:

 

Դ2. Ռեսուրսների մոբիլիզացիան

 

ա) Բոլոր երկրները և միջազգային կազմակերպությունները պետք է աշխատեն ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն զարգացման ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությանը և դրանց արդյունավետ մոբիլիզացմանը, ինչպես որ նշված է «Մոնտերեյի կոնսենսուսում»:

բ) Զարգացած երկրները պետք է ձեռնարկեն կոնկրետ միջոցառումներ` իրականացնելու զարգացման ֆինանսավորման գծով իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ` «Մոնտերեյի կոնսենսուսում» պարունակվող պարտավորությունները, որոնցում կոչ է արվում զարգացած երկրներին ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ` ապահովելու զարգացող երկրներին պաշտոնական ֆինանսավորման (ODA) սահմանված նպատակային մակարդակը` իրենց համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) 0,7 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովելու առավել թույլ զարգացած երկրներին օժանդակություն իրենց ՀԱԱ-ի 0,15-0,20 տոկոսի չափով:

գ) Մենք ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղված են չափազանց մեծ ֆինանսական պարտք ունեցող զարգացող երկրների չմարված պարտավորությունների նվազեցմանը և առաջարկում ենք ձեռնարկել հետագա միջոցառումներ ազգային և միջազգային մակարդակներում այդ ուղղությամբ, ներառյալ` համապատասխան դեպքերում պարտքերի չեղյալ համարումը կամ այլ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նշված նախաձեռնությունների իրականացմանը խոշորածավալ պարտքեր ունեցող աղքատ երկրների համար: Այս նախաձեռնությունները թույլ կտան ազատել ավելի շատ ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել զարգացման նպատակով ՏՀՏ ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար:

դ) Հաշվի առնելով ՏՀՏ ներուժը զարգացման նպատակների իրականացման համար, մենք այսուհետ կոչ ենք անում.

1) զարգացող երկրներին` ակտիվացնել իրենց ջանքերը ՏՀՏ ոլորտում մասնավոր ազգային և միջազգային խոշոր ներդրումներ ներգրավելու համար` ստեղծելով թափանցիկ, կայուն, կանխատեսելի և բարենպաստ ներդրումային միջավայր,

2) զարգացած երկրներին և միջազգային ֆինանսական կազմակերպություններին` առավել պատասխանատվությամբ վերաբերվել զարգացման նպատակով ՏՀՏ ռազմավարություններին և նախապատվություններին, ներառել ՏՀՏ ոլորտը իրենց աշխատանքային ծրագրերում և աջակցել զարգացող ու անցումային տնտեսություն ունեցող երկրներին ազգային էլեկտրոնային ռազմավարությունների մշակման և իրագործման հարցում: Զարգացման ազգային ծրագրերով սահմանված նախապատվությունների և վերը նշված միջազգային պարտավորությունների հիման վրա զարգացած երկրները պետք է ավելացնեն իրենց կողմից նախաձեռնվող ջանքերը` զարգացող երկրներին ՏՀՏ-երի օգտագործման համար առավել մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ:

3) մասնավոր կազմակերպություններին` ունենալ իրենց ներդրումը «թվային միասնության օրակարգի» իրականացման գործընթացում:

ե) Թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարության հաղթահարմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ պետք է աջակցենք զարգացման նպատակով համագործակցության շրջանակներում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրմանը` ուղղված ազգային և տարածաշրջանային ներուժի ամրապնդմանը, փոխհամաձայնեցված պայմաններով տեխնոլոգիաների փոխանակմանը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ծրագրերի շուրջ համագործակցությանը, «նոու-հաու»-ի փոխանակմանը և այլն:

զ) Պետք է առավելագույնս ամբողջությամբ օգտագործել առկա բոլոր ֆինանսական մեխանիզմները, միաժամանակ` մինչև 2004 թվականի վերջը ավարտին հասցնել այդ մեխանիզմների մանրամասն վերլուծությունը` զարգացման նպատակով ՏՀՏ-երի օգտագործման խնդիրների (ծրագրերի) համար դրանց օգտակարությունը պարզելու համար: Այս վերլուծությունը պետք է իրականացվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հովանու ներքո գործող որևէ աշխատանքային խմբի կողմից, իսկ դրա արդյունքները պետք է ներկայացվեն ՏՀՀԳ երկրորդ փուլի քննարկմանը: Վերլուծության արդյունքների հիման վրա պետք է դիտարկել ֆինանսական մեխանիզմների կատարելագործման և նորացման հարցը, ինչպես նաև «Տեղեկատվական հասարակության սկզբունքների հռչակագրում» հիշատակված թվային միասնության կամավոր հիմնադրամի հնարավոր արդյունավետության, նպատակահարմարության և ստեղծման հարցը:

է) Թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարության հաղթահարման նպատակով երկրները պետք է դիտարկեն անբավարար սպասարկվող գյուղական և քաղաքային բնակավայրերում համընդհանուր հասանելիության ապահովմանն ուղղված ազգային մեխանիզմների ստեղծման հարցը:

 

Ե. Հետագա միջոցառումները և գնահատումը

 

28. Պետք է մշակել արդյունավետության (որակական և քանակական) գնահատման և համապատասխան նպատակների սահմանման իրատեսական միջազգային համակարգ` օգտագործելով համադրելի վիճակագրական ցուցանիշներ և հետազոտությունների արդյունքներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել սույն գործողությունների ծրագրով նախատեսված խնդիրների կատարման, նպատակների և հսկիչ ցուցանիշների իրականացման նկատմամբ մոնիտորինգ` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:

ա) Յուրաքանչյուր շահագրգիռ երկրի հետ համագործակցության պայմաններում մշակել և ներդնել ՏՀՏ զարգացման ցուցանիշների (թվային հնարավորությունների) ամփոփ ինդեքս: Վերջինս կարող է հրապարակվել յուրաքանչյուր տարի կամ երկու տարին մեկ անգամ ՏՀՏ զարգացման վերաբերյալ հաշվետվության մեջ: Ինդեքսը կներկայացնի վիճակագրական տվյալներ, իսկ հաշվետվությունը կպարունակի վերլուծություն ՏՀՏ ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականության վերաբերյալ` կախված ազգային առանձնահատկություններից, ներառելով նաև գենդերային վերլուծություն:

բ) Համապատասխան ցուցանիշները և նպատակները, այդ թվում` հանրային հասանելիության վերաբերյալ, պետք է արտացոլեն թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարությունը ազգային և միջազգային մակարդակներում, ապահովեն դրա կանոնավոր գնահատումը, որպեսզի հնարավոր լինի հետևել ՏՀՏ ոլորտում համաշխարհային ձեռքբերումներին, որոնք ուղղված են միջազգային մակարդակում փոխհամաձայնեցված խնդիրների լուծմանը, ներառյալ` «Հազարամյակի հռչակագրում» պարունակվող խնդիրները:

գ) Միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները պետք է իրականացնեն գնահատումներ և կանոնավոր կերպով ներկայացնեն հաշվետվություններ տարբեր երկրներում ՏՀՏ-ների նկատմամբ համընդհանուր հասանելիության վերաբերյալ, որպեսզի ապահովեն ՏՀՏ ոլորտի զարգացման համար հավասար հնարավորություններ զարգացող երկրներում:

դ) Պետք է մշակել ՏՀՏ-ների օգտագործման և ՏՀՏ-ների նկատմամբ պահանջմունքների վերաբերյալ գենդերային շեշտադրում ունեցող ցուցանիշներ, ինչպես նաև սահմանել արդյունավետության ցուցանիշներ` գնահատելու ՏՀՏ ոլորտում ֆինանսավորվող նախագծերի ազդեցությունը կանանց և աղջիկների կյանքի վրա:

ե) Բոլոր շահագրգիռ կողմերից ստացված նյութերի (առաջարկների) հիման վրա նախապատրաստել և գործարկել ինտերնետային կայք` նվիրված լավագույն փորձի օրինակներին և հաջողված միջոցառումներին, որի կառուցվածքը պետք է լինի հստակ, մատչելի և հասկանալի` միջազգային մակարդակում ճանաչված ցանցային հասանելիության ստանդարտներին համապատասխան: Ինտերնետային կայքը հնարավոր կլինի պարբերաբար թարմացնել և այն դարձնել փորձի փոխանակման մշտական միջոց:

զ) Բոլոր երկրները և տարածաշրջանները պետք է մշակեն գործիքներ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվության հասարակության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության ներկայացման համար, ներառյալ` բազային ցուցանիշները և կարևորագույն փոփոխականների դինամիկայի վերլուծությունը: Նախապատվությունը պետք է տրվի փոխհամաձայնեցված և միջազգային մակարդակում համադրելի ցուցանիշների համակարգերի ստեղծմանը` նկատի ունենալով զարգացման մակարդակների միջև առկա տարբերությունները:

 

Զ. Նախապատրաստվելով ՏՀՀԳ երկրորդ (թունիսյան) փուլին

 

29. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 56/183 բանաձևի համաձայն և, հաշվի առնելով ՏՀՀԳ Ժնևյան փուլի արդյունքները, 2004 թվականի առաջին կիսամյակում պետք է անցկացնել նախապատրաստական հանդիպում` նպատակ ունենալով քննարկել տեղեկատվական հասարակությանը վերաբերող այն հարցերը, որոնց նկատմամբ կենտրոնացվելու է ուշադրությունը ՏՀՀԳ թունիսյան փուլի ընթացքում, ինչպես նաև որոշում կայացնել թունիսյան փուլի նախապատրաստական գործընթացի կառուցվածքի վերաբերյալ: Համաձայն ՏՀՀԳ Ժնևյան փուլի ընթացքում ընդունված որոշման` ՏՀՀԳ թունիսյան փուլի ընթացքում անհրաժեշտ է քննարկել, մասնավորապես, հետևյալ հարցերը.

ա) ՏՀՀԳ Ժնևյան փուլի արդյունքների հիման վրա համապատասխան եզրափակիչ փաստաթղթերի մշակում` նպատակ ունենալով կոնսոլիդացնել գլոբալ տեղեկատվական հասարակության կառուցման գործընթացը, կրճատել թվային տեխնոլոգիաների ոլորտում առկա անհավասարությունը` վերածելով այն թվային հնարավորության (հավասարության),

բ) հետագա միջոցառումներ և «Ժնևյան գործողությունների ծրագրի» իրականացում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ներառյալ` ՄԱԿ-ի համակարգում` ամբողջական և փոխհամաձայնեցված մոտեցման շրջանակներում, ինչը նախատեսում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Այդ միջոցառումները, մասնավորապես, պետք է իրականացվեն շահագրգիռ կողմերի միջև համագործակցության շրջանակներում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թ.հունիսի 22-ի նիստի

N 24 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺՆԵՎՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

.________________________________________________________________________.

|Գործունեության     |Աջակցող/համակարգող      |Պատասխանատու պետական       |

|ուղղությունը       |կազմակերպությունը`      |կառավարման մարմինը` ազգային|

|                   |միջազգային մակարդակում  |մակարդակում                |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ1. Պետական        |ՄԱԿ-ի տնտեսական և       |ՀՀ տրանսպորտի և  կապի և  ՀՀ|

|կառավարման         |սոցիալական խորհուրդ/    |առևտրի  և  տնտեսական       |

|մարմինների և  բոլոր|ՄԱԿ-ի տարածաշրջանային   |զարգացման նախարարություններ|

|շահագրգիռ կողմերի  |հանձնաժողովներ/         |                           |

|դերը զարգացման     |Հեռահաղորդակցության     |                           |

|նպատակով ՏՀՏ       |միջազգային միություն    |                           |

|կիրառման ոլորտում  |(ՀՄՄ)                   |                           |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ2. Տեղեկատվական և |ՀՄՄ                     |ՀՀ տրանսպորտի և  կապի      |

|հաղորդակցական      |                        |նախարարություն             |

|ենթակառուցվածք     |                        |                           |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ3. Տեղեկատվության |ՀՄՄ/ՄԱԿ-ի կրթական,      |ՀՀ տրանսպորտի և  կապի, ՀՀ  |

|և  գիտելիքների     |գիտական և  մշակութային  |կրթության և  գիտության, ՀՀ |

|նկատմամբ           |կազմակերպություն        |տարածքային կառավարման, ՀՀ  |

|հասանելիություն    |(ՅՈՒՆԵՍԿՕ)              |գյուղատնտեսության և  ՀՀ    |

|                   |                        |բնապահպանության            |

|                   |                        |նախարարություններ          |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ4. Ներուժի        |ՄԱԿ-ի զարգացման ծրագիր/ |ՀՀ կրթության և  գիտության, |

|ստեղծում           |ՅՈՒՆԵՍԿՕ/ՀՄՄ/ՄԱԿ-Ի      |ՀՀ առևտրի  և  տնտեսական    |

|                   |առևտրի  և  զարգացման    |զարգացման, ՀՀ տրանսպորտի և |

|                   |հարցերով կոնֆերանս      |կապի և  ՀՀ                 |

|                   |(ՅՈՒՆԿՏԱԴ)              |գյուղատնտեսության          |

|                   |                        |նախարարություններ          |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ5. Վստահության    |ՀՄՄ                     |ՀՀ տրանսպորտի և  կապի      |

|և  անվտանգության   |                        |նախարարություն             |

|ամրապնդում ՏՀՏ     |                        |                           |

|օգտագործման        |                        |                           |

|հարցերում          |                        |                           |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ6. Բարենպաստ      |ՀՄՄ/ՄԱԿ-ի զարգացման     |ՀՀ առևտրի  և  տնտեսական    |

|միջավայր           |ծրագիր/ՄԱԿ-ի            |զարգացման, ՀՀ              |

|                   |տարածաշրջանային         |արդարադատության և  ՀՀ      |

|                   |հանձնաժողովներ/         |տրանսպորտի և  կապի         |

|                   |ՅՈՒՆԿՏԱԴ                |նախարարություններ          |

|________________________________________________________________________|

|Գ7. ՏՀՏ հավելվածներ                                                     |

|________________________________________________________________________|

|1) էլեկտրոնային    |1) ՄԱԿ-ի զարգացման      |1) ՀՀ տրանսպորտի և  կապի   |

|կառավարում         |ծրագիր/ՀՄՄ              |և  ՀՀ առևտրի  և  տնտեսական |

|                   |                        |զարգացման                  |

|                   |                        |նախարարություններ          |

|___________________|________________________|___________________________|

|2) Էլեկտրոնային    |2) Առևտրի  համաշխարհային|2) ՀՀ առևտրի  և  տնտեսական |

|առևտրային          |կազմակերպություն (ԱՀԿ)/ |զարգացման և  ՀՀ տրանսպորտի |

|գործունեություն    |ՅՈՒՆԿՏԱԴ/ՀՄՄ/           |և  կապի նախարարություններ  |

|                   |Համաշխարհային փոստային  |                           |

|                   |միություն (ՀՓՄ)         |                           |

|___________________|________________________|___________________________|

|3) Էլեկտրոնային    |3) ՅՈՒՆԵՍԿՕ/ՀՄՄ/ՄԱԿ-ի   |3) ՀՀ կրթության և          |

|կրթություն         |արդյունաբերական         |գիտության, ՀՀ առևտրի  և    |

|                   |զարգացման               |տնտեսական զարգացման և  ՀՀ  |

|                   |կազմակերպություն        |տրանսպորտի և  կապի         |

|                   |(ՅՈՒՆԻԴՕ)               |նախարարություններ          |

|___________________|________________________|___________________________|

|4) էլեկտրոնային    |4) Առողջապահության      |4) ՀՀ առողջապահության և    |

|առողջապահություն   |համաշխարհային           |ՀՀ տրանսպորտի և  կապի      |

|                   |կազմակերպություն/ՀՄՄ    |նախարարություններ          |

|___________________|________________________|___________________________|

|5) Էլեկտրոնային    |5) Աշխատանքի միջազգային |5) ՀՀ աշխատանքի և          |

|զբաղվածություն     |կազմակերպություն/ՀՄՄ    |սոցիալական հարցերի, ՀՀ     |

|                   |                        |առևտրի  և  տնտեսական       |

|                   |                        |զարգացման և  ՀՀ տրանսպորտի |

|                   |                        |և  կապի նախարարություններ  |

|___________________|________________________|___________________________|

|6) Էլեկտրոնային    |6) Առողջապահության      |6) ՀՀ բնապահպանության և  ՀՀ|

|բնապահպանություն   |համաշխարհային           |տրանսպորտի և  կապի         |

|                   |կազմակերպություն/       |նախարարություններ          |

|                   |Համաշխարհային ծովային   |                           |

|                   |կազմակերպություն/ՄԱԿ-ի  |                           |

|                   |բնապահպանական ծրագիր/   |                           |

|                   |ՄԱԿ-ի հաբիթաթ ծրագիր/   |                           |

|                   |ՀՄՄ/Քաղաքացիական        |                           |

|                   |ավիացիայի միջազգային    |                           |

|                   |կազմակերպություն        |                           |

|___________________|________________________|___________________________|

|7) Էլեկտրոնային    |7) Պարենի և             |7) ՀՀ գյուղատնտեսության և  |

|գյուղատնտեսություն |գյուղատնտեսության       |ՀՀ տրանսպորտի և  կապի      |

|                   |կազմակերպություն/ՀՄՄ    |նախարարություններ          |

|___________________|________________________|___________________________|

|8) Էլեկտրոնային    |8) ՅՈՒՆԵՍԿՕ/ՀՄՄ/        |8) ՀՀ կրթության և          |

|գիտական            |ՅՈՒՆԿՏԱԴ                |գիտության, ՀՀ առևտրի  և    |

|գործունեություն    |                        |տնտեսական զարգացման և  ՀՀ  |

|                   |                        |տրանսպորտի և  կապի         |

|                   |                        |նախարարություններ          |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ8. Մշակութային    |ՅՈՒՆԵՍԿՕ                |ՀՀ մշակույթի և             |

|բազմազանություն և  |                        |երիտասարդության հարցերի և  |

|ինքնություն,       |                        |ՀՀ առևտրի  և  տնտեսական    |

|լեզվական           |                        |զարգացման նախարարություններ|

|բազմազանություն և  |                        |                           |

|տեղական            |                        |                           |

|բովանդակություն    |                        |                           |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ9. Զանգվածային    |ՅՈՒՆԵՍԿՕ                |ՀՀ մշակույթի և             |

|լրատվության        |                        |երիտասարդության հարցերի և  |

|միջոցներ           |                        |ՀՀ տրանսպորտի և  կապի      |

|                   |                        |նախարարություններ          |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ10. Տեղեկատվական  |ՅՈՒՆԵՍԿՕ/ՄԱԿ-ի          |ՀՀ արտաքին գործերի         |

|հասարակության      |տնտեսական և             |նախարարություն, Գ1-Գ9      |

|էթիկական կողմերը   |սոցիալական խորհուրդ     |ուղղությունների համար      |

|                   |                        |պատասխանատու պետական       |

|                   |                        |կառավարման մարմինները`     |

|                   |                        |իրենց իրավասությունների    |

|                   |                        |շրջանակում                 |

|________________________________________________________________________|

|________________________________________________________________________|

|Գ11. Միջազգային և  |ՄԱԿ-ի տարածաշրջանային   |ՀՀ արտաքին գործերի         |

|տարածաշրջանային    |հանձնաժողովներ/ՄԱԿ-ի    |նախարարություն, Գ1-Գ9      |

|համագործակցություն |զարգացման ծրագիր/ՀՄՄ/   |ուղղությունների համար      |

|                   |ՅՈՒՆԵՍԿՕ/ՄԱԿ-ի տնտեսական|պատասխանատու պետական       |

|                   |և  սոցիալական խորհուրդ  |կառավարման մարմինները`     |

|                   |                        |իրենց իրավասությունների    |

|                   |                        |շրջանակում                 |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2007
N 24
Արձանագրային որոշում