Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱ ...

 

116.0012.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն

 

20.01.98թ. թիվ 16 (116-0012)

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մետրոպոլիտենի աշխատանքը կազմակերպելու ընթացքում կարգապահությունը բարձրացնելու, պարտականությունները հստակեցնելու նպատակով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

Հաստատել «Մետրոպոլիտենի էլեկտրագնացքների մեքենավարի և մեքենավարի օգնականի պաշտոնեական հրահանգը»:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:

1.2. Մետրոպոլիտենի հստակ աշխատանքը մեծ կախված է մեքենավարի և մեքենավարի օգնականի աշխատանքի որակից, նրանց արտադրական և աշխատանքային կարգապահությունից, մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի, սույն պաշտոնեական հրահանգի և այլ հրահանգների, կանոնների, դրույթների, հրամանների ճիշտ կատարումից:

1.3. Մետրոպոլիտենի էլ. գնացքների մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է ունենան.

1.3.1. Շարժակազմը նորոգող փականագործի որակավորում. մեքենավարի օգնականը` երկրորդ կարգից, իսկ մեքենավարը` երրորդ կարգից ոչ ցածր:

1.3.2. Տեսական լավ պատրաստականություն և գործնական հմտություններ` մեքենավարների և մեքենավարների օգնականների պատրաստման համար հաստատված ծրագրերի ծավալի սահմաններում:

1.4. Մեքենավարը և մեքենավարի օգնականը, մինչև այդ պաշտոնին նշանակվելը, պետք է էլեկտրադեպոյին կամ տեխնիկական դպրոցին կից ստեղծված հանձնաժողովին տեսական քննություն հանձնեն մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններից, մետրոպոլիտենում ազդանշանման, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգներից, սույն պաշտոնեական հրահանագից և գնացքների երթևեկության հետ կապված այլ հրահանգներից, ինչպես նաև էլեկտրագնացքների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններից: Նրանց պետք է քննություն բռնեն նաև գծում փորձնական երթևեկությունից և շարժակազմի սարքավորումներում առաջացած անսարքությունները վերացնելու գործնական ստուգումից:

1.5. Մեքենավարին և մեքենավարի օգնականին պետք է տրվեն մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնները, ազդանշանման հրահանգը, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգը և սույն պաշտոնեական հրահանգը:

Այդ փաստաթղթերի առանձին կետերի կամ պարագրաֆների մեջ փոփոխություններ տեղի ունենալու դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը իրենց փաստաթղթերի մեջ պետք է կատարեն համապատասխան փոփոխություններ, նշելով այն փաստաթղթերը, որի հիման վրա կատարվել են փոփոխությունները:

1.6. Մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են ժամանակին ծանոթանալ հրահանգներին և օպերատիվ հրահանգչական ցուցումներին:

1.7. Մեքենավարին կամ մեքենավարի օգնականին մի էլեկտրադեպոյից մյուսը տեղափոխելիս պետք է համապատասխան հրահանգավորում տրվի և միաժամանակ ստուգվի շարժակազմի սարքավորումների, գծի պլանի և պրոֆիլի, կայարանների տեխնիկա-կարգադրական ակտերի առանձնահատկությունների և գծում աշխատանքների մասին նրանց գիտելիքները:

1.8. Մեքենավարը և մեքենավարի օգնականը վարչական առումով անմիջապես ենթարկվում են էլեկտրադեպոյի պետին, իսկ օպերատիվ առումով` էլեկտրադեպոյի շահագործման գծով պետի տեղակալին, մեքենավար-հրահանգչին, էլեկտրադեպոյի հերթապահին, օպերատորին, գնացքի հերթապահ կարգավարին, կայարանի հերթապահին և պարտավոր են կատարել նրանց կարգադրությունները:

1.9. Աշխատանքային օրվա տևողությունը որոշվում է աշխատանքային գրաֆիկով կամ կարգագրով:

Մեքենավարները կամ մեքենավարների օգնականները, որոնց չեն փոխարինել կարգագրով սահմանված ժամին, պետք է տեղեկացնեն այդ մասին գնացքի կարգավարին, սակայն իրավունք չունեն ինքնակամ թողնել աշխատանքը:

1.10. Մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է ժամանակին ծանոթանան աշխատանքի գրաֆիկին, կարգագրերին, հերթափոխների վերծանմանը և իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը ներկայանան համաձայն գրաֆիկի կամ կարգագրի, սահմանված համազգեստով, հանգստացած և լավ նախապատրաստված:

1.11. Եթե մեքենավարը կամ մեքենավարի օգնականը չի կարող ներկայանալ աշխատանքի, նա պարտավոր է այդ մասին հայտնել կարգավորողին կամ էլեկտրադեպոյի հերթապահին, կամ գծային կետի օպերատորին` աշխատանքը սկսվելուց 3 ժամ առաջ:

1.12. Հիվանդությունից, արձակուրդից, գործուղումից և այլն, վերադարռնալուց հետո մեքենավարը, մեքենավարի օգնականը պետք է ներկայանան կարգագրողին և նրան հանձնեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա բացակայել են աշխատանքից և դրանից հետո միայն նշանակվեն հերթափոխի` կարգագրողի, իսկ վերջինիս բացակայության դեպքում (հանգստի օր), հերթապահ մեքենավար-հրահանգչի կողմից:

Հերթափոխի անցնելուց առաջ մեքենավարը և մեքենավարի օգնականը պետք է ծանոթանան իրենց բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերին և հրահանգավորվեն հերթապահ մեքենավար-հրահանգչի մոտ, որի մասին գրանցվում է տեղեկաքարտում:

1.13. Մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է կարգագրողին հայտնեն իրենց տան հասցեն, հեռախոսի համարը, իսկ փոփոխությունների դեպքում անմիջապես տեղեկացնեն նրան:

1.14. Մեքենավարը և մեքենավարի օգնականը, շարժակազմի գծում աշխատանքի, մանևրային աշխատանքների կատարման, ընդունման և հանձնման ժամանակ, պետք է պահպանեն բարձր զգոնություն, ցուցաբերեն անձնական բարձր պատասխանատվություն իրենց կողմից կառավորվող գնացքի երթևեկության և նրա մեջ գտնվող ուղևորների անվտանգության նկատմամբ:

1.15. Մեքենավարը և մեքենավարի օգնականը գնացքի վարմանը պետք է վերաբերվեն ինչպես պատասխանատու արտադրական պրոցեսի, միշտ պատրաստ լինեն ամեն տեսակի անակնկալ պատահարներին և անվտանգ երթևեկությունն ապահովող անհետաձգելի միջոցների ձեռնարկմանը:

1.16. Մեքենավարը և մեքենավարի օգնականը ուղևորների և մետրոպոլիտենի աշխատողների հետ առնչվելիս, պետք է լինեն քաղաքավարի, ուշադիր, զգոն և պահանջեն նրանցից պահպանելու մետրոպոլիտենից օգտվելու կանոնները:

1.17. Էլ. գնացքի կամ խոչընդոտի վրաերթի սպառնալիքի դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը իրավունք չունեն լքել աշխատատեղը, մինչև չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ դրա կանխման համար:

Հանդիպական էլ. գնացքների (շարժակազմերի) ընդհարման, բախման վտանգի դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանք անհապաղ կանգնեցնելու համար:

Առաջինը կանգնեցված գնացքի մեքենավարին, որպես բացառություն, թույլատրվում է հարվածը մեղմացնելու համար ազատ արձակել արգելակները և կարճատև հետին ընթացք տալ:

1.18. Այն դեպքում, երբ մեքենավարը ի վիճակի չէ կառավարելու գնացքը, մեքենավարի օգնականը, որն ունի մետրոպոլիտենի էլ. գնացքներ վարելու իրավունք, պարտավոր է գնացքը հասցնել մոտակա կայարան, զեկուցել պատահարի մասին գնացքի հերթապահ կարգավարին, նրա միջոցով կանչել մեքենավար կամ մեքենավար-հրահանգիչ և հիվանդ մեքենավարին հանձնել կայարանի հերթապահին:

Գնացք վարելու իրավունք չունեցող մեքենավարի օգնականը պարտավոր է կանգնեցնել գնացքը, հայտնել պատահարի մասին գնացքի կարգավարին և պահանջել օժանդակ գնացք:

1.19. Մեքենավարը իրավունք չունի էլեկտրադեպոյից կամ տեխնիկական զննման կետից գիծ դուրս գալ տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին չբավարարող գնացքով (շարժակազմով):

1.20. Մեքենավարը իրավունք չունի հեռանալ կառավարման խցիկից գնացքի երթևեկության ժամանակ:

1.21. Էլեկտրադեպոյում կամ տեխնիկական զննման կետում կանգառման մեջ գտնվող գնացքից (շարժակազմից) լոկոմոտիվային բրիգադի (մեքենավարի) կարճատև հեռանալը թույլատրվում է միայն շարժակազմից (գնացքից) բարձր լարումը հանելուց և էլեկտրադեպոյի հերթապահի կամ տեխնիկական զննման կետի բրիգադիրի թույլտվությունն ստանալուց հետո:

Ընդ որում, մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի շարժակազմի ինքնակամ շարժվելը կանխելու համար:

1.22. Մեքենավարին արգելվում է գնացքի կառավարումը հանձնել մեկ ուրիշին, բացի` իրեն փոխարինող մեքենավարից, էլեկտրադեպոյի (ուր նա աշխատում է) կամ շարժակազմի ծառայության ղեկավարներից, որոնք ունեն մետրոպոլիտենի գնացքները կառավարելու իրավունք (ընդ որում գնացքների անվտանգ երթևեկության պատասխանատվությունը դրվում է կառավարումն իր վրա վերցնող ղեկավարի վրա), մեքենավար-հրահանգչից, կառավարելու իրավունք ունեցող մեքենավարի օգնականից` մեքենավար-հրահանգչի թույլտվությամբ (գնացքի կառավարումը մեքենավարի օգնականին հանձնելիս նրա պարտականությունները կատարում է մեքենավարը), կցված պրակտիկանտից:

1.23. Մեքենավարին կամ մեքենավարի օգնականին արգելվում է գնացքի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է հարբած վիճակում, նախապատրաստված չէ աշխատանքի անցնելուն և համապատասխանորեն հագնված չէ:

1.24. Պահեստային մեքենավարը կամ մեքենավարի օգնականները գտնվում են գծային կետի օպերատորի, էլ. հավաքակայանի հերթապահի կամ մեքենավար-հրահանգչի ենթակայության տակ և առանց նրանց թույլտվության իրավունք չունեն բացակայելու աշխատանքից:

Պահեստային մեքենավարները կամ մեքենավարների օգնականները կարող են ուղարկվել գծում, էլ. հավաքակայանի տարածքում աշխատելու կամ շարժակազմերի շրջադարձի մանևրներ կատարելու, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադներին փոխարինելու համար:

 

II. ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԿԱՄ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են.

2.1.1. Ճշտորեն և անառարկելիորեն կատարել մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնները, մետրպոլիտենում ազդանշանման հրահանգի, մետրոպոլիտենում երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի, էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության կանոնների, էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների, ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, սույն պաշտոնեական հրահանգի, երկաթուղային տրանսպորտի աշխատողների կարգապահության կանոնադրության, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադների աշխատանքին վերաբերվող հրահանգների, դրույթների, հրամանների, օպերատիվ հրահանգչական ցուցումների պահանջները:

2.1.2. Էլ. շարժակազմի հանձնումն ու ընդունումը, պնևմատիկ արգելակների ստուգումն ու փորձարկումը կատարել սահմանված կարգով` ճշտությամբ պահպանելով էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնները:

2.1.3. Պարբերաբար ներկայանալ էլ. հավաքակայանի պետի կամ շահագործման գծով նրա տեղակալի մոտ` մեքենավարի տեղեկաքարտը ստուգելու համար: Մեքենավարը, տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ, պարտավոր է ներկայանալ էլ. հավաքակայանի պետի մոտ հարցազրույցի, իսկ մեքենավարի օգնականը` էլ. հավաքակայանի շահագործման գծով պետի տեղակալի մոտ:

2.1.4. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, մեքենավարը պետք է իր մոտ ունենա մետրոպոլիտենի էլ. գնացքների կառավարման իրավունքի վկայական, անցաթուղթ, նախազգուշացման կտրոններ և տեղեկաքարտ, իսկ մեքենավարի օգնականը` նախազգուշացման կտրոններ և անցաթուղթ, էլ. գնացքի կառավարման իրավունք ունեցող մեքենավարի օգնականը, բացի դրանից, պետք է ունենա մետրոպոլիտենի էլ. գնացքների կառավարման իրավունքի վկայական:

2.1.5. Թույլ չտալ կառավարման խցիկում երթևեկելու դրա իրավունքը չունեցող անձանց:

2.1.6. Հպակային ռելսին անհապաղ բարձր լարում տալու կամ նրանից լարումը հանելու անհրաժեշտության դեպքում, ղեկավարվել հպակային ռելսին լարում տալու և նրանից լարումը հանելու կարգի մասին հրահանգով:

2.1.7. Հերթափոխը ստանձնելուց առաջ անցնել նախաերթային բժշկական ստուգում:

 

III. ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Մեքենավարը և մեքենավարի օգնականը կրում են անձնական պատասխանատվություն:

3.1.1. Իրենց հանձնած էլ. գնացքի, գույքի և գործիքների ճիշտ պահպանումն ու խնամքը չապահովելու համար` դրանց ընդունման պահից մինչև հանձնումը:

3.1.2. Երթևեկության և փոխադրվող ուղևորների անվտանգությունը չապահովելու համար:

3.1.3. Մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի, մետրոպոլիտենում երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի, սույն պաշտոնեական հրահանգի, երկաթուղային տրանսպորտի աշխատողների կարգապահության կանոնադրության, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադների աշխատանքը սահմանող այլ հրահանգների, կանոնների, դրույթների, հրամանների, հրահանգչական ցուցումների պահանջները խախտելու համար:

3.1.4. Մեքենավարը պատասխանատվություն է կրում նաև իր ենթակայության տակ գտնվող մեքենավարի օգնականի սխալ գործողությունների համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

11.02.1998թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 18980078

 

 

pin
Տրանսպորտի, կապի եւ տեղ. տեխնոլոգ.
20.01.1998
N 12
Հրաման