Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅ ...

 

020.0067.141197

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 նոյեմբերի 1997 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց ««Էներգետիկ խարտիայի պայմանագրում» և «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված պայմանագրում և արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 և 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է ընդունել միավորել և դատարանի նույն նիստում քննել նշված երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ գործերը:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

«Էներգետիկ խարտիայի պայմանագրում» և «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունը» ստորագրվել են 1994 թվականի դեկտեմբերի 17-ին` Լիսաբոնում: Պայմանագրի անբաժանելի մասն են համարվում 14 հավելված և Էներգետիկ խարտիայի 1994 թվականի դեկտեմբերի 17-ի կոնֆերանսի Եզրափակիչ ակտի երկրորդ հավելվածում զետեղված որոշումները:

Սույն պայմանագրով Էներգետիկ խարտիայի նպատակներին և սկզբունքներին համապատասխան սահմանվում են էներգետիկայի բնագավառում երկարատև համագործակցության համար անհրաժեշտ իրավադրույթներ: Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են աջակցել էներգետիկ նյութերի և արտադրանքի բաց ու մրցակցային շուկայի զարգացմանը:

Պայմանագիրը դրույթներ է պարունակում էներգետիկ ոլորտում առևտրի, տարանցիկ փոխադրումների, կապիտալ ներդրումների, դրանց հետ կապված վեճերի կարգավորման վերաբերյալ:

Պայմանագրի Կողմերը պարտավորվում են էներգետիկայի բնագավառում ներդրումների համար ստեղծել բարենպաստ և կայուն պայմաններ, ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: Պայմանագրի մասնակից երկրների ներդրողները ըստ պայմանագրի 10(7) հոդվածի իրավունք ունեն օգտվելու ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան սահմանված են տեղի ներդրողների համար:

Գործը քննության նախապատրաստելու ընթացքում ստացվել է Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի գլխավոր քարտուղարի պարզաբանումներն այն մասին, որ պայմանագրի շուրջ բանակցությունների ոչ մի փուլում հարց չի առաջացել, որ 10(7) հոդվածը ենթադրում է հողի ձեռքբերման հնարավորություն: Այն երկրները, որոնք Սահմանադրությամբ և օրենքով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հողի սեփականության իրավունք չեն վերապահում, այդ հանգամանքը նախաներդրումային փուլում կարող են արտացոլել լրացուցիչ պայմանագրում, որի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում:

Պայմանագրով կարգավորվում են նաև շրջակա միջավայրի վրա էներգետիկ համակարգերի ազդեցության հարցերը, և Կողմերը պարտավորվում են լիովին հաշվի առնել էկոլոգիական պահանջները և ծախսերը:

Արձանագրությունը սահմանում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանը և էներգետիկ համակարգերի վնասակար էկոլոգիական ազդեցության նվազեցմանը նպաստող համագործակցության սկզբունքները:

Ե՛Վ պայմանագրով, ե՛ւ արձանագրությամբ սահմանվում են նաև Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի դերը, լիազորությունները և գործունեության կարգը:

Պայմանագրի և արձանագրության դրույթների անհամապատասխանության դեպքում գերակայություն ունեն պայմանագրի դրույթները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Էներգետիկ խարտիայի պայմանագրում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 նոյեմբերի 1997 թվական

ՍԴՈ-67

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.11.1997
N ՍԴՈ-67
Որոշում