Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

 

010.0201.070398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» փետրվարի 1998թ.

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:

Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաև փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների և ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձևից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայարաններ, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները և հավաքատեղեր, նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման և օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղևորների սպասարկման, տրանսպորտային միջոցների և հաղորդակցության ուղիների շահագործման համար:

Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:

Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում:

Պատվիրատու /բեռը ստացող, բեռնառաքող, ուղևոր/` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղևորների, ուղեբեռի և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:

(1-ին հոդվածը փոփ. 13.03.01 թիվ ՀՕ-153, 05.12.06 ՀՕ-236-Ն, 20.11.14 ՀՕ-170-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

i

2. Տրանսպորտային միջոցների շահագործման, երթևեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման և սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

(2-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

 

1. Տրանսպորտային տարածք են համարվում այն հողերը, որոնք օգտագործվում են`

ա/ տրանսպորտային գործունեության կազմակերպման համար.

բ/ ճանապարհների, հաղորդակցության ուղիների շինարարության, պահպանության և շահագործման համար:

2. Տրանսպորտային տարածքի օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետևյալ ձևերով` իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձևավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողություն:

2. Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանց շահագործող անձնակազմին` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

1. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

i

2. Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինն ունի հետևյալ հիմնական խնդիրները`

ա/ տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն.

բ/ անկախ սեփականության ձևից` տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակում.

գ/ տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում և իրագործում, ուսուցում և կադրերի որակավորման բարձրացում.

դ/ տեղեկատվության համակարգում. վերլուծություն և կանխատեսում.

ե/ ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում.

զ/ սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում և հաստատում.

է/ տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում.

ը/ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության համակարգում:

 

i
ՀՈԴՎԱԾ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Տրանսպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(6-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-170-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

i

1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:

2. Լիցենզավորումն ու այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

(7-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

i

1. Կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած սակագներով, անվճար, զեղչ գներով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են համապատասխանաբար պետական կամ համայնքների բյուջեներից:

2. Հաղորդակցության ուղիների, կայարանների, օդանավակայանների, նավակայանների, կամուրջների, թունելների, ուղևորային հարթակների և այլ շինությունների շինարարությունն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների հաշվին:

3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների և օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների և դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետևանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:

(8-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

i

Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղևորների և ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման և տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա:

(8.1-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԲԵՌՆԱՌԱՔՈՒՄԸ

 

i

1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը և բեռնառաքումը կատարվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

i

2. Ուղևորների, բեռների, ուղեբեռների փոխադրման և բեռնառաքման պայմանները, կողմերի իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով:

3. Ուղևորների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է ուղևորին և ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղևորը պարտավոր է վճարել ուղեվարձը և ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրին կցվում են տոմսն ու ուղեբեռի հաշիվը:

4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել և հանձնել լիազորված անձին, իսկ բեռնառաքողը պարտավոր է վճարել պայմանագրով կամ սակագներով նախատեսված փոխադրավարձը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բեռների փոխադրման պայմանագրին կցվում են բեռնագիրը և բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն` կողմերից մեկը մյուս կողմին է տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:

6. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն` փոխադրողը պարտավոր է պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը` փոխադրման ներկայացնել սահմանված քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը, փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման և բեռների փոխադրման այլ պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն և օրենքին չեն հակասում:

i

7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող օպերատորի կողմից իրականացվող ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը փոփ. 13.03.01 թիվ ՀՕ-153, 05.12.06 ՀՕ-236-Ն, 20.11.14 ՀՕ-166-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՈՒՂԻՂ ԽԱՌԸ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

Ուղիղ խառը փոխադրումները կարող են կատարվել տրանսպորտի մի քանի տեսակների մասնակցությամբ` փոխադրման մեկ միասնական փաստաթղթով: Փոխադրման պայմանները սահմանվում են տրանսպորտի տարբեր տեսակների փոխադրողների միջև կնքվող պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ, ԲԵՌՆԵՐ ՄՇԱԿԵԼԸ

 

1. Փոխադրողը, պայմանագրի համաձայն, պարտավոր է բեռնառաքողին տրամադրել սարքին տրանսպորտային միջոց, որը պետք է բավարարի նշված բեռնման-փոխադրման պահանջները: Բեռնառաքողն իրավունք ունի հրաժարվել տրամադրված տրանսպորտային միջոցից, եթե այն չի համապատասխանում բեռների փոխադրման պահանջներին:

2. Բեռի մշակումը կատարում է փոխադրողը կամ բեռնառաքողը` պահպանելով պայմանագրով սահմանված կարգը, ժամկետը, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

3. Փոխադրողը բեռի մշակումը կատարում է բեռնառաքողի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ

 

1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Բեռի տիրոջ պահանջով` ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:

3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը` փոխադրավարձը և տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:

4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղևորին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԵՎ ՓՈՍՏԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Փոխադրողը պարտավոր է ուղևորներին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով /սխեմայով/ սահմանված առավելագույն ժամանակում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԲԵՌՆԱՌԱՔՈՂԻ` ԲԵՌԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից` դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:

2. Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց հետո` բեռը ստացողին հանձնելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

i

Ուղևորն իրավունք ունի`

ա/ ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի և ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղևորափոխադրումների համար.

բ/ տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.

գ/ տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա.

դ/ իր հետ անվճար փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի ձեռքի ծանրոց.

ե/ սահմանված սակագներով փոխադրման հանձնել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի ուղեբեռ.

զ/ փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.

է/ մինչև փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը և փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը` վճարելով տոմսի ձևակերպման հետ կապված ծախսերը, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը.

ը/ պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում:

(15-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

1. Տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին:

2. Չգրանցված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-170-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-170-Ն օրենք)

(16-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-170-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 17. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i

1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում և ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:

2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով:

(17-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն, 20.11.14 ՀՕ-170-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 18. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փոխադրման հետ կապված պարտականությունները չկատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև կողմերի միջև կնքված պայմանագրով: Ուղևորի, բեռնառաքողի և փոխադրողի միջև կնքված այն պայմանագրերը, որոնք սահմանափակում են օրենքով սահմանված նրանց իրավունքները և պարտականությունները, առոչինչ են:

2. Ուղևորային փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է ապահովել ուղևորի անվտանգությունը, ստեղծել սպասարկման անհրաժեշտ հարմարություններ և պայմաններ, իսկ ուղեբեռի առկայության դեպքում` ապահովել ժամանակին դրա փոխադրումը և պահպանությունը: Եթե փոխադրողը հրաժարվում է շարունակել փոխադրումը, ապա պարտավոր է իր հաշվին ուղևորին փոխադրել նշանակման վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղևորի կրած վնասը:

3. Փոխադրողը պարտավոր է ուղևորին, բեռը, ուղեբեռը կամ փոստը նշանակման վայր հասցնել որոշակի ժամանակի ընթացքում, որը կարգավորվում է տրանսպորտի տվյալ տեսակի մասին օրենքով կամ փոխադրման կանոններով: Եթե ժամկետներն օրենքով կարգավորված չեն, ապա կողմերն իրավունք ունեն դրանք սահմանել պայմանագրով:

4. Փոխադրողը երաշխավորում է բեռի, ուղեբեռի և փոստի պահպանման անվտանգությունը` փոխադրման համար ընդունելու պահից մինչև ստացողին հանձնելը:

5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի, ուղեբեռի և փոստի կորստի համար, իսկ վնասվելու դեպքում, հատուցում է իր մեղքով հասցված վնասը` տվյալ տեսակի տրանսպորտի մասին` օրենքից բխող կանոնների և փոխադրման պայմանագրի համաձայն, բայց միջազգային նորմերով սահմանված չափերից ոչ ավելի:

6. Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղևորի առողջությանը հասցված վնասի համար: Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով, փոխադրման և ապահովագրության պայմանագրերով:

 

i
ՀՈԴՎԱԾ 19. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲԵՌՆԱՌԱՔՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ

 

1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն` բեռներ փոխադրելու համար տրանսպորտային միջոց չտրամադրելու, բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային ծառայություն կատարողը և բեռնառաքողը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով և պայմանագրի համաձայն:

2. Փոխադրողը և բեռնառաքողն ազատվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից, եթե դրանք առաջացել են`

ա/ անհաղթահարելի հանգամանքների հետևանքով /ֆորս-մաժոր/.

բ/ օրենքով սահմանված այլ դեպքերում:

(19-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 20. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՐԹԸ /ՓՈԽԱԴՐՈՒՄԸ/ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաև նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում, եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի պատճառով, և չի հիմնավորվում, որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի հանգամանքների /ֆորս-մաժոր/, ուղևորների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետևանք է:

2. Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն ուշանալու պատճառով, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած փոխադրավարձն ամբողջությամբ:

3. Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով, որի հետևանքով գիշերելու անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղևորների համար ապահովել պատշաճ օթևան և սնունդ:

4. Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, կամ տոմսի վրա նշում կատարվի ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՆԱԽԱՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՑԵՐԸ

 

1. Հայց ներկայացնելուց առաջ կողմերը կարող են ներկայացնել նախապահանջ` օրենքով սահմանված կարգով:

2. Բեռների փոխադրումներով նախապահանջների ներկայացման ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ուղևորների և ուղեբեռների փոխադրման հետ կապված պահանջների վրա:

 

i
ՀՈԴՎԱԾ 22. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՎՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ուղևորի առողջությանը հասցված վնասի կամ նրա մահվան դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

(22-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 23. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տրանսպորտային օբյեկտների և բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և հրդեհների ու վթարների հետևանքները վերացնելու համար տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության ծառայություն:

2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների և բեռների պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի և տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

i
ՀՈԴՎԱԾ 24. ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների /անձանց/ կյանքը և առողջությունը, թռիչքների, նավագնացության և երթևեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը:

1.1. Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

2. Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օբյեկտները, ինչպես նաև ջրային ուղիները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռների փոխադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռներ փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի հաշվին` փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

4. Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաև տրանսպորտի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

5. Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

6. Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 25. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տրանսպորտային ապահովագրության պայմանագրի համաձայն` ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրական գումարը, իսկ ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ այն անձին, ում անունով կնքված է պայմանագիրը, վճարել ապահովագրական հատուցումը` պայմանագրով նախատեսված կարգով:

2. Ապահովագրության պայմանները սահմանվում են օրենքով և ապահովագրության պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Օդային, երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային միջպետական ուղևորափոխադրումների դեպքում ուղևորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են պարտադիր ապահովագրության:

2. Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

(26-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 27. ԲԵՌՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բեռների կամավոր ապահովագրությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, որը չպետք է հակասի ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 28. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տրանսպորտային գործունեության մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը` իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների հետ:

2. Տրանսպորտային միջոցի զննում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

7 մարտի 1998 թ.

ՀՕ-201

 

 

pin
ՀՀ 03.02.1998
N ՀՕ-201 օրենք