Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇԻՆԳ ...

 

 

020.0090.180298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 փետրվարի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Գ. Ստամբոլցյանի, հրավիրվածներ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մ. Թոփուզյանի, ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահական պետական գործակալության պետ Ա. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկի համաձայնագրում (Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Ստամբոլցյանի բացատրությունները, հրավիրվածներ` Ա. Դարբինյանի, Տ. Պետրոսյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Մկրտչյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկի համաձայնագրում (Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիր) Զարգացման միջազգային ընկերությունը պարտավորվում է մինչև 2002 թվականի հունիսի 30-ը կամ իր կողմից հաստատված ավելի ուշ ժամկետում Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրել յոթ միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար (SDR 7.200.000), որն այժմ կազմում է մոտ 10 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

Սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում նաև հինգ հավելված և Զարգացման միջազգային ընկերության 1985 թվականի հունվարի 1-ով թվագրված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»:

Վարկը տրամադրվում է 35 տարի` ընդհանուր, և 10 տարի արտոնյալ ժամկետով:

Հայաստանի Հանրապետությանը պարտավորվում է կիսամյակային վճարումների կարգով վարկը մարել 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հուլիսի 1-ը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է պատշաճ արդյունավետությամբ իրականացնել ծրագիրը, որի խնդիրներն են, բարձրացնել առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը, պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, այդ միջոցների ծախսումը դարձնել նպատակային, ապահովել համայնքների մասնակցությունը տեղական առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման և առողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում:

Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է կրթական ծրագրերի մշակում և առողջապահության ազգային ինստիտուտում, պետական բժշկական համալսարանում և բժշկական ուսումնարանում դրանց ուսուցման կազմակերպում` առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնողների համար, նորոգել ուսումնական հաստատությունները` դրանք ապահովելով համապատասխան սարքավորումներով, աջակցել հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ կրթական ծրագրերի և առողջության առաջնային պահպանման ուղեցույցների մշակմանը, ինչպես նաև կազմակերպել դրանց ուսուցում:

Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է առողջապահության ֆինանսավորման համակարգին և նպատակ ունի օժանդակել առողջապահության պետական գործակալության հիմնադրմանը, առողջապահության նախարարությանը տրամադրել գրասենյակային սարքավորումներ, համակարգչային տեխնիկա և համապատասխան Ծրագրեր, տեխնիկապես օժանդակել ֆինանսական և առողջապահական վերլուծություն կատարող մասնագետների վերապատրաստմանը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ծրագրին վերաբերող գործունեություն, միջոցների և ծախսերի արտացոլման համար ապահովել հուսալի հաշվապահական հաշվառում, ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ավարտից վեց ամիս հետո, Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս համար ընդունելի անկախ հաշվեքննիչների կողմից անցկացված հաշվեքննության արդյունքները:

Ծրագրի իրականացումը վերահսկելու նպատակով փոխառուն պարտավորվում է հիմնել ծրագրի վերահսկիչ հանձնաժողով:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ծրագրի կառավարման գրասենյակ, որի գործունեության ընթացիկ ծախսերը կազմելու են վարկի գումարի մոտ 12 տոկոսը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կրթության համակարգող (կոորդինացնող) խորհուրդ, որը պատասխանատու կլինի ծրագրի առաջին մասի իրականացման համար:

Գործի քննության ընթացքում պարզվեց նաև, որ վարկային ծրագրով նախապես նախատեսված ընտանեկան բժիշկների սահմանափակ թվով նոր գրասենյակներ ստեղծելու փոխարեն վարկատուի հետ համաձայնություն է ձեռք բերել բնակչության առաջնային բուժօգնության արդյունավետ իրականացման նպատակով շեշտը դնել գործող համակարգի արմատական բարելավման վրա:

Վարկի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հավելյալ պայման է փոխառուի կողմից առողջապահական պետական գործակալության հիմնումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 593 որոշմամբ այդպիսի գործակալություն ստեղծվել է, որի կանոնադրությունը դեռևս հաստատված չէ: Այդ որոշումը, սակայն, ընդունման կարգի և գործակալության գործառույթների հստակեցման առումով վերանայման կարիք ունի:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34 հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանվում է օրենքով:

Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր...»: Սակայն 1996-1997 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ ու բավարար քայլեր Սահմանադրության 34 հոդվածի ու «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական պահանջ է պետության կողմից բնակչության առողջության պահպանման ծրագրերի իրականացումը: Օրենքով դրանք բնորոշվում են որպես բնակչության առողջության պահպանմանն ուղղված ամենամսյա պետական նպատակային ծրագրեր, որոնք, կառավարության կողմից հաստատվելուց հետո, հրապարակվում են լրատվական միջոցներով («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, հոդված 1, կետ 3): Ավելին, նույն օրենքով նախատեսված է նաև, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում (հոդված 4, մաս 2), ինչպես նաև յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալու անվճար բժշկական օգնություն և սպասարկում (հոդված 10):

Չնայած այն բանին, որ հիշյալ օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել 1996 թ. ապրիլին, սակայն պետական նպատակային ծրագրերի ընդունման առաջին փորձը կատարվել է 1997 թ. մայիսին, միաժամանակ ոչ լրիվ արտացոլելով օրենսդրության պահանջները:

Նման վիճակն է նաև պատճառը, որ 1997 թ. արդյունքներով, հիշյալ ծրագրերի բացակայության պայմաններում, պետական բյուջեով առողջապահությանը հատկացված միջոցների զգալի վերաբաշխում է կատարվել (ՀՀ կառավարության 19.01.1998 թ. թիվ 44 որոշում), այն դեպքում, երբ համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ Սահմանադրության առաջին հոդվածով նաև սոցիալական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել բնակչության առողջության պահպանման խնդիրներին:

Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումների համար վարկային միջոցների տրամադրում նախատեսվել է նաև «Կառուցվածքային բարեփոխումների ծրագիր - 2» և «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության ծրագիր - 2» վարկի համաձայնագրերով: Ընդ որում, վերջին համաձայնագրով իրականացվելիք ծրագրի նկարագրությունից հետևում է, որ այդ միջոցները նույնպես նախատեսված են խորհրդատվական ծառայությունների համար, բացառությամբ հիվանդանոցների վերակառուցման:

Առողջապահության համակարգում ներդրվող վարկային ու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման խնդիրն անմիջականորեն առնչվում է առողջապահական պետական ծրագրերի իրականացման սահմանադրական պահանջների հետևողական կատարման հետ, և այդ համակարգն էական բարելավման անհրաժեշտություն ունի:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկի համաձայնագրում (Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սակայն, սույն համաձայնագրի վավերացումը և իրականացումը նպատակահարմար է ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջների հիման վրա մշակված և սահմանված կարգով հրապարակված պետական նպատակային ծրագրերի առկայության պայմաններում:

2. Առաջարկել ՀՀ կառավարությանը` անհետաձգելի միջոցներ ձեռնարկել առողջապահության ոլորտում վարկային ու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու, ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջներն ամբողջությամբ ու հետևողական իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 փետրվարի 1998 թվական ՍԴՈ-90

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.02.1998
N ՍԴՈ-90
Որոշում