Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿ ...

 

 

040.0174.130398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1998 թ. թիվ 174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

(հավելվածներ 3-4)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽՄԲԵՐԻ

 

1. 1-ին խմբի հաշմանդամներ

 

2. 2-րդ խմբի հաշմանդամներ

 

3. 3-րդ խմբի հաշմանդամներ

 

4. Հաշմանդամ երեխաներ /մինչև 16 տարեկան/

 

5. Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց

հավասարեցված անձինք

 

6. Միայնակ մայրեր

 

7. Միայնակ մայրերի երեխաներ /մինչև 18 տարեկան/

 

8. Ծնողազուրկ երեխաներ /միակողմանի և երկկողմանի մինչև 18

տարեկան/

 

9. Բազմազավակ /մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս

երեխաներ ունեցող/ ընտանիքների երեխաներ

 

10. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքներ

 

11. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

 

12. Բռնադատվածներ

 

13. Բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովներում

առաջնակի քննվողներ

 

14. Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ /մինչև

18 տարեկան/

 

15. Փախստականների երեխաներ /մինչև 18 տարեկան/

 

16. Գործազուրկ ծնողների /եթե երկուսն էլ գործազուրկ են/

երեխաներ

 

_______________________

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ:  Բացառությամբ բժշկական օգնության և սպասարկման

հետևյալ տեսակների

- կոսմետոլոգիական միջամտություն

- օրգանների փոխպատվաստում

- արհեստական օրգանների և հյուսվածքների

պատվաստում

- ստոմատոլոգիայում` թանկարժեք մետաղների և

մետաղակերամիկայի օգտագործում

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերը պետական նպատակային ծրագրերին համապատասխան իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների միջոցով (թիվ 1 հավելված):

Բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենսդրական ակտերին, սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած հրահանգներին և ցուցումներին համապատասխան:

 

I. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են թիվ 1 հավելվածի «02 հիվանդանոցներ» խմբում նախատեսված հետևյալ ծրագրերին համապատասխան`

 

1.1. Տարափոխիկ հիվանդություններ

 

1.1.1. Տուբերկուլյոզի բուժում` կազմակերպվում է մասնագիտացված հիվանդանոցներում և առողջարաններում (հակատուբերկուլյոզային դիսպանսեր, առողջարան):

1.1.2. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում` ըստ պետական պատվերի շրջանակներում իրականացվող հիվանդությունների ցանկը (թիվ 5 հավելված) կազմակերպվում է մասնագիտացված (մաշկավեներական) դիսպանսերներում, բաժանմունքներում:

1.1.3. Վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում` ըստ պետական պատվերի շրջանակներում իրականացվող հիվանդությունների ցանկի (թիվ 5 հավելված) կազմակերպվում է մասնագիտացված հիվանդանոցներում, բաժանմունքներում:

 

1.2. Ծննդօգնություն, բուժօգնություն հղի կանանց

 

1.2.1. Մանկաբարձական օգնություն հղիներին և ծննդկաններին` իրականացվում է մանկաբարձական գինեկոլոգիական կենտրոններում, ծննդատներում, մանկաբարձական բաժանմունքներում, առողջության կենտրոններում:

1.2.2. Բուժօգնություն հղի կանանց հղիության ախտաբանական ընթացքի դեպքում` իրականացվում է մանկաբարձական գինեկոլոգիական կենտրոններում, ծննդատներում, մանկաբարձական բաժանմունքներում:

1.2.3. Հղիության արհեստական ընդհատումներ (աբորտներ) բժշկական և սոցիալական ցուցումներով իրականացվում է մանկաբարձական-գինեկոլոգիական ստացիոնար հաստատություններում` հղիության արհեստական ընդհատման համար սահմանված կարգով:

 

1.3. Քրոնիկական հոգեկան հիվանդների խնամք

 

1.3.1. Անհետաձգելի (սուր) հոգեկան հիվանդների բուժում` իրականացվում է հոգեբուժական դիսպանսերներում, մասնագիտացված կենտրոններում:

1.3.2. Հոգեկան հիվանդների հարկադիր բուժում` իրականացվում է դրա իրավունքն ունեցող հոգեբուժական հիվանդանոցում:

1.3.3. Քրոնիկական հոգեկան հիվանդների խնամք` իրականացվում է դրա իրավունքն ունեցող հոգեբուժական հիվանդանոցում:

1.3.4. Հոգեբուժական փորձաքննություն` իրականացվում է դրա իրավունքն ունեցող հոգեբուժական հիվանդանոցում:

 

1.4. Նարկոլոգիական օգնություն

 

1.4.1. Նարկոլոգիական հիվանդների բուժում` մասնագիտացված հիվանդանոցներում (նարկոլոգիական դիսպանսերներ), իսկ փորձաքննություններն իրականացվում են սույն կարգի II գլխի 1.6 ծրագրով:

 

1.5. Չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում

 

1.5.1. Չարորակ նորագոյացությունների վիրահատություններ` իրականացվում են մասնագիտացված հիվանդանոցներում` հակաուռուցքային դիսպանսերներում, կենտրոններում, անհետաձգելի դեպքերում վիրաբուժական բաժանմունքներում:

1.5.2. Չարորակ նորագոյացությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժում` իրականացվում է մասնագիտացված հիվանդանոցներում` հակաուռուցքային դիսպանսերներում, կենտրոններում:

1.5.3. Չարորակ նորագոյացությունների ախտորոշում` իրականացվում է դիսպանսերներում, մասնագիտացված կենտրոններում, բաժանմունքներում:

1.5.4. Արյան չարորակ հիվանդությունների ախտորոշում և քիմիաթերապևտիկ բուժում` իրականացվում են մասնագիտացված բաժանմունքներում, կենտրոններում:

 

1.6. Հեմոդիալիզի անցկացում` իրականացվում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքներում:

 

1.7. Վերակենդանացման միջոցառումների անցկացում

 

1.7.1. Վերակենդանացման բաժանմունք (ուղիկ կամ այլ հիվանդանոցներից) ընդունված հիվանդների բուժում` համաձայն վերակենդանացման միջոցառումներ պահանջվող վիճակների ցանկի (թիվ 5 հավելված):

1.7.2. Ստացիոնարներում այլ բաժանմունքներից վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների բուժում: Նշված հիվանդությունների թիվը չպետք է գերազանցի ընդհանուր հիվանդների թվի 0,5 տոկոսը, իսկ մանկական հիվանդանոցներում` 7 տոկոսը:

1.7.3. Ստացիոնարներում սուր ինֆարկտային և գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, բաժանմունքներից վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների բուժում, որը չպետք է գերազանցի ընդհանուր հիվանդների 7 տոկոսը:

 

1.8. Անհետաձգելի բուժօգնություն

 

1.8.1. Հիվանդների անհետաձգելի բուժօգնություն և սպասարկում համաձայն հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող` պետական պատվերի շրջանակներում ընդգրկված հիվանդությունների և վիճակների ցանկի II գլխի (թիվ 5 հավելված):

Իրականացվում են բոլոր ստացիոնար բուժհաստատություններում:

 

1.9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում

 

Իրականացվում են բժշկական փորձաքննություն և բուժում ըստ փորձաքննության ցուցումների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (լիազորված մարմինների) տված ուղեգրերի հիման վրա, ուղեգրում նշված բուժհաստատություններում:

 

1.10. Բուժօգնություն բնակչության առանձին խմբերին

 

1.10.1. Բուժօգնություն սոցիալապես անապահով խավերին

Սոցիալապես անապահով խավերի համար պետական պատվերի շրջանակներում ապահովվում են բժշկական օգնություն և սպասարկում` անկախ ախտորոշումից, համաձայն պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի ցանկի (թիվ 3 հավելված):

 

1.10.2. Բուժօգնություն երեխաներին (0-15 տարեկան)

 

Պետական պատվերի շրջանակներում ապահովվում են երեխաների բուժօգնություն և սպասարկում հետևյալ ծավալներով`

* մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնություն և

սպասարկում` անկախ ախտորոշումից.

* 7-15 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում

համաձայն հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող`

պետական պատվերի շրջանակներում ընդգրկված հիվանդությունների և

վիճակների ցանկի VI գլխի (թիվ 5 հավելված).

* 0-15 տարեկան երեխաների բուժօգնություն, ըստ առողջապահական պետական

նպատակային ծրագրերի «Հիվանդանոցներ» խմբի տարբեր ենթախմբերով

նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների`

- Տուբերկուլյոզային հիվանդությունների բուժում

- Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում

- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում

- Քրոնիկական հոգեկան հիվանդների խնամք

- Նարկոլոգիական օգնություն

- Չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում

- Հեմոդիալիզի անցկացում

- Վերակենդանացման միջոցառումներ

* Անհետաձգելի բուժօգնություն` համաձայն հիվանդանոցային բժշկական

օգնություն և սպասարկում պահանջող` պետական պատվերի շրջանակներում

ընդգրկված հիվանդությունների և վիճակների ցանկի VII գլխի

(թիվ 5 հավելված).

* Բուժօգնություն և սպասարկում սոցիալապես անապահով խմբերի երեխաներին`

համաձայն պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և

սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով

խմբերի ցանկի (թիվ 3 հավելված):

 

2. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ բուժօգնության տեսակների` մեկ հիվանդի բուժման համար հաստատված գներով (թիվ 2 հավելված):

2.1. Հայաստանի Հանրապետության մարզերի առողջության կենտրոններում (գյուղական բժշկական տեղամասեր) նախատեսվում է ընդհանուր պրոֆիլի հիվանդների բուժում, մեկ հիվանդի բուժման արժեքը, անկախ ախտորոշումից, սահմանված է թիվ 2 հավելվածի ընդհանուր պրոֆիլի ցանկով:

2.2. Ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում մասնագիտացված բուժում և սպասարկում ստացող մեկ հիվանդի բուժման արժեքը, անկախ ախտորոշումից, սահմանված է թիվ 2 հավելվածի մասնագիտացված պրոֆիլների ցանկով:

2.3. Նեղ մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցային բուժում և սպասարկում ստացող մեկ հիվանդի բուժման արժեքը, անկախ ախտորոշումից, սահմանված է թիվ 2 հավելվածի նեղ մասնագիտական պրոֆիլների ցանկով:

2.4. Բնակչության սոցիալապես անապահով անձանց բուժման դեպքերի արժեքը սահմանվում է ըստ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար հաստատված գների (թիվ 2 հավելված):

2.5. Պետական պատվերով բուժվող հիվանդին մեկ բաժանմունքից մյուսը (բացառությամբ վերակենդանացման բաժանմունքների) տեղափոխելու դեպքում առաջին բաժանմունքում հիվանդի բուժման արժեքը հաշվարկվում է տվյալ բաժանմունքի մեկ հիվանդի համար սահմանված արժեքի 40 տոկոսի չափով: Տեղափոխված հիվանդների թիվը չպետք է գերազանցի ստացիոնարի հիվանդների ընդհանուր թվի 5 տոկոսը:

2.6. Պետական պատվեր տեղադրող մարմնի և այն իրականացնող բուժհիմնարկի փոխհամաձայնությամբ հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների պետական պատվերի տեղադրումը և արժեքի հաշվարկումը թույլատրվում է կատարել հիվանդի բուժման փաստացի օրերի համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված տվյալ հիվանդության բուժման մեկ օրվա արժեքով, բայց ոչ ավելի, քան թիվ 2 հավելվածում նշված արժեքը: Հիվանդի ընդունման և դուրսգրման օրը հաշվել 1 օր:

3. Մեկ հիվանդանոցից մյուսը հիվանդների տեղափոխումը կատարվում է սահմանված կարգով` բուժհաստատությունների փոխհամաձայնությամբ: Հիվանդի տեղափոխման անհրաժեշտությունը հիմնավորվում է համապատասխան մասնագիտական կոնսուլտացիայի կազմակերպումից հետո:

4. Մասնագիտացված ստացիոնար բուժհիմնարկը (մասնագիտացված կենտրոնը) պետական պատվերի շրջանակներում իրավունք ունի իրականացնելու մասնագիտական ամբուլատոր-կոնսուլտատիվ բժշկական օգնություն միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար, տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի տված ուղեգրի հիման վրա (մեկ կոնսուլտացիան` 350 դրամ արժեքով):

 

5. Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ձևակերպման հիմքը

 

5.1. Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժման և սպասարկման համար հիմք են հանդիսանում`

- ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության (տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի) տված ուղեգիրը.

- հղիների ստացիոնար բուժօգնության համար հղիության հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի տված ուղեգիրը (փոխանակման քարտը).

- այլ հիվանդանոցներից ընդունված հիվանդների համար տեղափոխման էպիկրիզը.

- պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների տված ուղեգիրը:

Ուղեգրերը վավերացվում են ուղարկող հաստատության կլոր կնիքով:

 

5.2. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության համար պետական պատվերի հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (լիազորված մարմինների) տված ուղեգիրը (բացառությամբ անհետաձգելի դեպքերի):

5.3. Շտապ անհետաձգելի դեպքերում հիվանդներն ստացիոնար բուժհիմնարկ կարող են ընդունվել շտապ օգնության ուղեգրով կամ հիվանդանոցի ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացության հիման վրա:

5.4. Սոցիալապես անապահով խմբերին պատկանող անձինք ստացիոնար բուժհիմնարկ ընդունվելիս պետք է ներկայացնեն իրենց սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը):

6. Բուժհաստատություններում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, սպասարկումը կազմակերպվում է տվյալ հաստատությունում բժշկական գործունեության համար թույլատրված (արտոնագրված) տեսակներին համապատասխան:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են թիվ 1 հավելվածի «03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ» խմբում նախատեսված հետևյալ ծրագրերին համապատասխան`

 

1.1. Տեղամասային թերապևտի և մանկաբույժի ծառայություն

 

1.1.1. Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության և սպասարկման պետական ծրագրի հիմնական իրականացնողները տեղամասային (ընդհանուր պրակտիկայի) թերապևտն ու մանկաբույժն են` պոլիկլինիկաներում, մանկական պոլիկլինիկաներում (բաժանմունքներում), առողջության կենտրոններում (գյուղական բժշկական տեղամասեր), գյուղական բժշկական ամբուլատորիաներում:

1.1.2. Բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ըստ պոլիկլինիկայի տարածքի, բացառությամբ անհետաձգելի դեպքերի:

1.1.3. Տեղամասային (ընդհանուր պրակտիկայի) թերապևտի և մանկաբույժի, ինչպես նաև նրանց կցված անձնակազմերի, որպես առողջության առաջնային պահպանումն (ԱԱՊ) իրականացնողների, ծրագրերի ֆինանսավորման հիմքում ընկած են հետևյալ ելակետային տվյալները`

ԱԱՊ-ի միավորի` տեղամասային թերապևտի հետ պետական պատվերի պայմանագիր կնքելու նախապայման է նրա կողմից առնվազն 1000 բնակչի հավաքագրումը (մինչև օպտիմալ թվաքանակը` 1600 բնակիչ): Մեկ բնակչի հաշվով տարեկան տրամադրվող գումարը 425 դրամ է (աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ և այլ ծախսեր):

ԱԱՊ-ի միավորի` տեղամասային մանկաբույժի հետ պետական պատվերի պայմանագիր կնքելու նախապայման է նրա կողմից առնվազն 500 երեխայի հավաքագրումը (միջին օպտիմալ թվաքանակը` 800 երեխա): Մեկ երեխայի հաշվով տարեկան տրամադրվող գումարը 850 դրամ է (աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ և այլ ծախսեր):

ԱԱՊ-ի մեկ միավորի տարեկան ծրագրի արժեքն օպտիմալ թվաքանակի դեպքում կազմում է 680000 դրամ, այդ թվում` անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող անձանց դեղորայքով ապահովելու համար հատկացվում է 100000 դրամ (որից 20000 դրամը` կաբինետների կարիքների համար):

1.1.4. Պոլիկլինիկայի տեղամասային թերապևտը և մանկաբույժը պետական պատվերի շրջանակներում իրականացնում են իրենց տեղամասում բնակվող և իրենց կողմից սպասարկվող բնակչության բժշկական օգնությունը` անկախ այցելությունների թվից (առողջ երեխաների ու հիվանդների սպասարկում, դիսպանսերացում և այլն):

1.1.5. Տեղամասային մանկաբույժը և թերապևտը յուրաքանչյուր հիվանդության դեպքում ապահովում են`

- հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց համար` տնային կանչերը և այցերը.

- 0-7 տարեկան երեխաների համար` տնային կանչերը և այցերը:

 

1.2. Հղիների հսկողության իրականացում

 

1.2.1. Հղի կանանց մանկաբարձական հսկողությունը և օգնությունը հղիության ամբողջ ընթացքում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

1.2.2. Յուրաքանչյուր հղիի մանկաբարձական օգնության և հետազոտման համար տրամադրվում է 5550 դրամ (հղիության հսկողության ամբողջ տևողության համար), որով նախատեսվում են`

- այցելություններ մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների մոտ` 2800 դրամ.

- հետազոտություններ 3750 դրամ (որից ` մեկ էխոգրաֆիկ հետազոտություն 1000 դրամ)::

1.2.3. Սոցիալապես անապահով խմբերին պատկանող հղիների համար ցուցումի դեպքում կարող են կազմակերպվել նաև նեղ մասնագիտական կոնսուլտացիաներ` սույն կարգի II գլխի 1.4-րդ կետի համաձայն:

1.2.4. Ծրագիրն իրականացվում է ծննդատների և պոլիկլինիկաների կանանց կոնսուլտացիաներում (կաբինետներում), առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձուհիների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների և նեղ մասնագետների կողմից:

Բարձր ռիսկի խմբի հղիների հսկողությունը և սպասարկումն իրականացվում են նաև մասնագիտացված մանկաբարձական-գինեկոլոգիական հաստատությունների կոնսուլտատիվ պոլիկլինիկաների կողմից:

1.2.5. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ելնելով հաշվետու ժամանակահատվածում հաշվառման վերցված և սպասարկված հղիների միջին թվից և մեկ հղիին այդ ժամանակահատվածում հասանելիք գումարից:

1.2.6. Պետական պատվերի հիմք է հանդիսանում ընդհանուր պրակտիկայի թերապևտի տված ուղեգիրը մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հղիի առաջին այցի համար, և մանկաբարձ-գինեկոլոգի տված ուղեգիրը հետազոտությունների ու նեղ մասնագիտական կոնսուլտացիայի համար:

1.2.7. Ելնելով հղիներին համապատասխան օղակների ցույց տված մանկաբարձական օգնության և հետազոտման ծավալներից պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները կարող են հղիի համար սահմանված գումարները բաշխել ըստ համապատասխան օղակների կողմից կատարված աշխատանքների ծավալի:

 

1.3. Բնակչության բուժօգնությունը և սպասարկումը բուժակամանկաբարձական կետերում

 

1.3.1. Բուժակամանկաբարձական կետերում բուժօգնության և սպասարկման իրականացման համար նախատեսվում է յուրաքանչյուրին տարեկան 400000 դրամ (աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ, դեղորայք և կաբինետների պահպանման ծախսեր):

1.3.2. Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի գործող բուժակամանկաբարձական կետի համար` հաշվետու ժամանակահատվածում հասանելիք գումարի չափով:

 

1.4. Մասնագիտացված բուժօգնություն բնակչության առանձին խմբերին

 

1.4.1. Մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն սոցիալապես անապահով խմբերին

 

* Սոցիալապես անապահով խմբերի նկատմամբ ( թիվ 3 հավելված) նեղ

մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն իրականացնելու

համար մեծահասակների յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական

հաստատությունում նախատեսվում է 6 նեղ մասնագետի կաբինետ: Մեկ կաբինետի

աշխատանքների կազմակերպման համար տրամադրվում է տարեկան 245000 դրամ

(բազային աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ և այլ ծախսեր):

Տարեկան 490000 դրամ տրամադրվում է այլ կաբինետներում սոցիալապես

անապահով բոլոր խմբերին պատկանող անձանց նեղ մասնագիտական

կոնսուլտացիաների համար:

* Նպատակահարմար է ունենալ վիրաբուժավնասվածքաբանական, սրտաբանական,

նյարդաբանական, աչքի, ինֆեկցիոն, քիթ-կոկորդ-ականջի կաբինետներ:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները (Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի

Հանրապետության մարզպետներ, Երևանի քաղաքապետ), ելնելով տարածքում

բնակչության հիվանդացության ցուցանիշներից, ինչպես նաև համապատասխան

մասնագետների առկայությունից, նշված 6 միավորի սահմաններում կարող են

կազմակերպել այլ բնույթի (պրոֆիլ) կաբինետներ: Նշված կաբինետներ

սոցիալապես անապահով խմբերին պատկանող հիվանդների այցելությունը չի

սահմանափակված:

* Ֆինանսավորումն իրականացվում է կազմակերպված և փաստացի գործող

կաբինետների համար: Պետական պատվերը տեղադրող լիազորված մարմինը սույն

ծրագրում` սոցիալապես անապահով խմբերի համար (չծավալված կաբինետների

հաշվին) կարող է ապահովել կոնսուլտացիաներ այլ մասնագիտացված

կաբինետներում կամ հիմնարկներում (մեկ կոնսուլտացիան` 350 դրամ

արժեքով):

* Սոցիալապես անապահով խմբերի համար, բացի նեղ մասնագիտացված

ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունից, մեկ անձի համար նախատեսվում է

նաև տարեկան 3 հետազոտություն (մեկ հետազոտությունը` 350 դրամ

արժեքով):

* Սոցիալապես անապահով խմբերին պատկանող կանանց գինեկոլոգիական

բուժօգնությունն ապահովում են կանանց կոնսուլտացիաները (կաբինետները)`

առանց այցելությունների սահմանափակման (առանձին ֆինանսական

հատկացումներ չեն նախատեսված):

* Սոցիալապես անապահով խմբերին պատկանող անձանց նեղ մասնագիտական

կոնսուլտացիաների համար պետական պատվերի հիմք է հանդիսանում

տեղամասային (ընդհանուր պրակտիկայի) թերապևտի, մանկաբույժի տված

ուղեգիրը:

* Պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն

ստանալու իրավունք ունեցող անձինք համապատասխան բուժհիմնարկներ են

ներկայացնում իրենց սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած

կարգով:

* Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների տված ուղեգրերով նեղ

մասնագիտական կաբինետներում բժշկական օգնություն կարող են ստանալ

սոցիալապես անապահով խմբերի ցանկում չընդգրկված, բայց սոցիալապես վատ

վիճակում գտնվող ընտանիքների անդամները:

 

1.4.2. 0-15 տարեկան երեխաներին ցույց տրվող մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն

 

* Մինչև 15 տարեկան երեխաներին ցույց տրվող նեղ մասնագիտացված

ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը կազմակերպելու նպատակով

մանուկներին սպասարկող յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական

հաստատությունում նախատեսվում է 4 մանկական նեղ մասնագետի կաբինետ: Մեկ

կաբինետի պահպանման համար տարեկան տրամադրվում է 245000 դրամ (բազային

աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ և այլ ծախսեր):

* Նպատակահարմար է կազմակերպել ինֆեկցիոն (իմուն), վիրաբույժի,

նյարդաբանի կամ հոգեբույժի, ակնաբույժի կամ քիթ-կոկորդ-ականջի

մասնագետի կաբինետներ: Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները

(Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի

Հանրապետության մարզպետներ, Երևանի քաղաքապետ), ելնելով պոլիկլինիկայի

սպասարկման տարածքի մանուկների հիվանդացության ցուցանիշներից և

համապատասխան մասնագետների առկայությունից, նշված 4 միավորի

սահմաններում կարող են կազմակերպել այլ բնույթի (պրոֆիլ) կաբինետներ:

* Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում

ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի

ցանկում (թիվ 3 հավելված) ընդգրկված երեխաների բուժօգնությունը ևս

կազմակերպվում է նշված նեղ մասնագիտացված կաբինետներում, իսկ լրացուցիչ

սպասարկման անհրաժեշտության դեպքում` նաև այլ կաբինետներում, մեկ

հաճախման դիմաց` 350 դրամ արժեքով (II բաժնի 1, 4-րդ կետում նախատեսված

ընդհանուր գումարների սահմաններում):

* Նշված 4 մասնագիտական կաբինետներ սոցիալապես անապահով խմբերին պատկանող

երեխաների այցելությունները չեն սահմանափակվում:

0-15 տարեկան երեխաների նեղ մասնագիտական կոնսուլտացիաների համար

սահմանվում են աշխատանքների հետևյալ ծավալները

- պրոֆիլակտիկ զննում (ըստ մանկաբույժի ցուցումների` ելնելով երեխայի

առողջական վիճակից)` նախքան դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը և

մեծահասակների պոլիկլինիկա տեղափոխվելը.

- 0-7 տարեկան հիվանդ երեխաների համար մանկաբույժի ցուցումով առանց

այցելությունների սահմանափակման:

* Մանկական նեղ մասնագետների կաբինետների ֆինանսավորումն իրականացվում է

կազմակերպված և փաստացի գործող կաբինետների համար: Պետական պատվեր

տեղադրող լիազորված մարմինը կարող է կազմակերպել նաև երեխաների

կոնսուլտացիաներ (չծավալված կաբինետների հաշվին) այլ մասնագիտացված

կաբինետներում կամ հիմնարկներում (մեկ կոնսուլտացիան` 350 դրամ

արժեքով):

* Բացի նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկումից,

սույն ծրագրով 0-15 տարեկան երեխաների համար նախատեսվում են նաև

հետազոտություններ` յուրաքանչյուր երեխային տարեկան միջին հաշվով 1,5,

իսկ սոցիալապես անապահով խմբերին պատկանող երեխաների համար` տարեկան

3 հետազոտություն (յուրաքանչյուրը` 350 դրամ արժեքով):

* Երեխաներին պետական պատվերի շրջանակներում ցույց տրվող նեղ

մասնագիտական ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության, իրականացվող

կոնսուլտացիաների և հետազոտությունների համար հիմք է հանդիսանում

տեղամասային մանկաբույժի տված ուղեգիրը:

 

1.5. Նախազորակոչային տարիքի անձանց բժշկական քննություն

 

1.5.1. Նախազորակոչային տարիքի անձանց համար նախատեսվում է տարեկան մեկ համալիր բժշկական քննություն` 6 նեղ մասնագետի կողմից (յուրաքանչյուրը` 350 դրամ արժեքով):

1.5.2. Ֆինանսավորումն իրականացվում է հաշվետու ժամանակահատվածում բժշկական քննություն անցած յուրաքանչյուր անձի համար` 2100 դրամի հաշվարկով:

 

1.6. Ամբուլատոր հսկողություն դիսպանսերներում

 

1.6.1. Հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, ուռուցքային, նարկոլոգիական և էնդոկրինոլոգիական դիսպանսերներում (միավորումների դիսպանսերային բաժանմունքում) հիվանդների դիսպանսերային հսկողություն (նարկոլոգիական դիսպանսերներում` նաև փորձաքննություն) իրականացնելու նպատակով, ըստ պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների (թիվ 1 հավելված), տրամադրվել են դիսպանսերների պահպանման ծախսեր (բազային աշխատավարձ, աշխատավարձի վրաեկ և այլ ծախսեր):

1.6.2. Ֆինանսավորումն իրականացվում է գործող դիսպանսերների պահպանման ծախսերի նախնական հաշվարկի հիման վրա` պայմանագրային հիմունքներով:

1.6.3. Դիսպանսերներում հիվանդների սպասարկման ծավալները (հաճախումները) չեն սահմանափակվում:

1.6.4. Սույն ծրագրում նախատեսվում է նաև անհետաձգելի վնասվածքաբանական կետերում, որոնց ֆինանսավորումն իրականացվում է սպասարկված յուրաքանչյուր դեպքի համար` 560 դրամ արժեքով:

 

1.7. Երեխաների բուժօգնություն և սպասարկում դպրոցներում

 

1.7.1. Դպրոցներում երեխաների բուժօգնություն և սպասարկում իրականացնող բուժքույրերի համար նախատեսվում են բազային աշխատավարձ և աշխատավարձի վրաեկ (մեկ միավորին` տարեկան 120000 դրամ):

1.7.2. Նշված ծառայությունը կազմակերպվում է պետական դպրոցներում 700 աշակերտի համար` մեկ բուժքրոջ հաստիքի հաշվարկով:

 

1.8. Տուբերկուլյոզով, նարկոլոգիական, ուռուցքային և մաշկավեներական հիվանդություններով տառապող անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում

 

1.8.1. Տուբերկուլյոզով, նարկոլոգիական, ուռուցքային և մաշկավեներական հիվանդություններով տառապող անձանց բուժկանխարգելիչ աշխատանքների իրականացման նպատակով մեծահասակների բոլոր պոլիկլինիկաներում (բացառությամբ այն համայնքների, որոնցում կան համապատասխան դիսպանսերներ) նախատեսվում են հետևյալ կաբինետների կողմից ծառայությունների իրականացում, որոնց համար տարեկան կտրվածքով նախատեսվում են հետևյալ գումարները`

 

    Հակատուբերկուլյոզային`                450000 դրամ

 

    Նարկոլոգիական`                        320000 դրամ

 

    Հակաուռուցքային`                      320000 դրամ

 

    Մաշկավեներական`                       320000 դրամ

 

1.8.2. Նշված կաբինետների կողմից ապահովվում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ մանուկներին ցույց տրվող բուժօգնությունը` տարածքային սպասարկման սկզբունքով:

 

1.9. Դիաբետով հիվանդների մասնագիտացված հետազոտություն և սպասարկում`

 

1.9.1. Դիաբետով հիվանդների համար նախատեսվում է տարեկան 12 հաճախում և 8 հետազոտություն (յուրաքանչյուրը` 350 դրամ արժեքով):

1.9.2. Ֆինանսավորումն իրականացվում է հաշվառման վերցված դիաբետիկ հիվանդների թվով (մեկ հիվանդին` 7000 դրամի չափով):

Նշված միջոցներով պահպանվում է էնդոկրին կաբինետը, որն իրականացնում է նաև սոցիալապես անապահով խմբերին պատկանող այլ էնդոկրին հիվանդների սպասարկումը:

1.9.3. Բուժօգնությունն իրականացնում են մասնագիտացված դիսպանսերները, կենտրոնները և էնդոկրին կաբինետները:

1.9.4. Պետական պատվերի կատարման դիմաց վճարման հիմք է տեղամասային թերապևտի (մանկաբույժի) տված ուղեգիրը հիվանդին հաշվառման վերցնելու համար:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՅԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Շտապ բժշկական օգնության ծառայություն` բնակչության շտապ բժշկական օգնության ծառայությունն ամբողջովին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կանչերի թվով (մեկ կանչի արժեքը` 2700 դրամ):

2. Սանիտարական ավիացիայի ծառայություն` սանիտարական ավիացիայի ստացած և իրականացրած կանչերն ընդգրկվում են պետական պատվերի շրջանակներում, ֆինանսավորումն իրականացվում է մեկ կանչի համար` 22000 դրամ հաշվարկով:

 

3. Երեխաների առողջարանային բուժում

 

3.1. Պետական պատվերի շրջանակներում առողջարանային-վերականգնողական բուժում իրականացվում է ըստ բժշկական ցուցումների`

- մինչև 15 տարեկան երեխաների,

- մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաների նկատմամբ:

 

3.2. Պետական պատվերի շրջանակներում ներառվում են նաև անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամ երեխայի խնամակալի սննդի և կացարանային ծախսերը:

3.3. Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով տրված ուղեգրերը:

3.4. Ֆինանսավորումն իրականացվում է ըստ առողջարանների համար հաստատված գների (թիվ 2 հավելված)` հաշվետու ժամանակահատվածում վերականգնողական բուժում ստացած հիվանդների համար:

 

4. Մանկան տներ

 

4.1. Մանկան տուն ընդունված բոլոր երեխաների խնամքը, բուժումը և դաստիարակությունն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

4.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մանկան տներ (Երևանի, Գյումրիի) երեխաների ընդունումը կատարվում է նախարարության սահմանած կարգով:

4.3. Ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին հատկացված միջոցների սահմաններում, պայմանագրային կարգով ծախսերի նախահաշիվների հիման վրա:

4.4. Երեխաներին մանկան տների ուղեգրեր են տալիս պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները, Երևանի մանկան տուն` Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Գյումրիի մանկան տուն` Շիրակի Մարզպետարանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

5. Բնակչության առանձին խմբերին ցույց տրվող ստոմատոլոգիական և ատամնապրոթեզավորման բժշկական օգնություն

 

5.1. Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար (թիվ 3 հավելված) ապահովվում է ստոմատոլոգիական բուժօգնություն և ատամնապրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղների օգտագործման և մետաղակերամիկայի)` ստոմատոլոգիական բուժօգնության տեսակների համար սահմանված գներով (թիվ 2 հավելված):

 

5.2. Երեխաներին ցույց տրվող ստոմատոլոգիական օգնություն

 

5.2.1. Իրականացվում է առաջնային պրոֆիլակտիկա 6 և 12 տարեկան տարիքային խմբերի երեխաների նկատմամբ, յուրաքանչյուր երեխային` տարեկան մեկ անգամ` 400 դրամ արժեքով:

5.2.2. Առաջնային պրոֆիլակտիկան իր մեջ ներառում է ստոմատոլոգիական զննում, ատամների հիգիենա, կանխարգելում` ֆտոր պարունակող քսուքներով և ըստ ցուցումների, կալիցում և ֆտոր պարունակող դեղամիջոցների նշանակում (զննում` 100 դրամ, կանխարգելիչ դեղամիջոցներ` մեկ անձի համար` 300 դրամ):

5.2.3. Երեխաներին ցույց տրվող ստոմատոլոգիական օգնությունն ապահովում են մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաները (կաբինետները):

 

6. Բուժհաստատություններում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, սպասարկումը կազմակերպվում է տվյալ հաստատությունում բժշկական գործունեության համար թույլատրված (արտոնագրված) տեսակներին համապատասխան:

 

7. Ախտաբանաանատոմիական հետազոտություններ

 

Ախտաբանաանատոմիական հետազոտությունների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

8. Լաբորատոր-ախտորոշիչ թանկարժեք, բարդ տեխնոլոգիաներ պահանջող հետազոտություններ

 

Լաբորատոր-ախտորոշիչ թանկարժեք, բարդ տեխնոլոգիաներ պահանջող հետազոտությունները, որոնք չեն ընդգրկված պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հիվանդների բուժման գնի մեջ, իրականացվում են մասնագիտացված հիմնարկներում և բաժանմունքներում («Դիագնոստիկա» բաժնետիրական ընկերություն, հիվանդանոցների և բուժմիավորումների մասնագիտացված բաժանմունքներ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով:

 

9. Պետական պատվերից դուրս (հիվանդների համար` վճարովի) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և օրենսդրական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած հրահանգներին ու ցուցումներին համապատասխան:

 

----------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1998
N 174
Որոշում