Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 2008 Թ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ...

 

 

020.0734.110208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 2008 Թ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 փետրվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ռուբեն Թորոսյանի, Արտակ Զեյնալյանի, Ռոբերտ Սանոյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետի, 101 հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 44 և 75 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա` 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Նախագահի թեկնածուի 07.02.2008թ. դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. Դիմող կողմը գտնում է, որ «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ և 22-րդ, ինչպես նաև, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածներ) պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված և գրանցված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»:

Դիմողը մի շարք այլ փաստարկների հետ մեկտեղ, նշում է նաև, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված և հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որևէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»: Վկայակոչելով նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուի վստահված անձանց կողմից ձեռնարկված առանձին քայլերը, շեշտվում է, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետևանքները, սակայն այդ նախաձեռնությունները որևէ դրական արդյունքի չեն բերել»:

Դիմողի կողմից որպես խոչընդոտ է դիտարկվում այն, որ «Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետևանքները և մասնակցել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:

Դիմողը խնդրում է սահմանադրական դատարանին` «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:

Դիմումին կից սահմանադրական դատարան են ներկայացվել դիմողի փաստարկներին առնչվող նյութեր:

i

2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու» դրույթը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 52 հոդվածում, համաձայն որի` Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգելու և նոր ընտրություն նշանակելու երկու հնարավոր դեպք է նախատեսված: Նախ` խոչընդոտի բնույթի գնահատման արդյունքում, երբ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել ու դրանք չեն վերացել, երկրորդ` իրավունքի ուժով` մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետի համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածուներից մեկի համար առաջացած խոչընդոտի բնույթի գնահատումը` դրա անհաղթահարելի ճանաչման կամ չճանաչման առումով, վերապահված է սահմանադրական դատարանի իրավասությանը:

Սահմանադրության 52 և 100 (կետ 4) հոդվածների պահանջներից ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի 5-րդ մասը սահմանել է. «Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին»:

3. Անդրադառնալով «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, սահմանադրական դատարանը նշում է, որ այդ դրույթի իրավական նախադեպն սկզբնավորվել է ֆրանսիական սահմանադրաիրավական պրակտիկայում, համաձայն որի` «անհաղթահարելի խոչընդոտը» մեկնաբանվում է որպես Նախագահի թեկնածուներից մեկի կոնկրետ վիճակով պայմանավորված ընտրական գործընթացին անձամբ նրա հետագա մասնակցության անհնարինություն:

Այս ինստիտուտը կիրառվում է բացառապես Նախագահի թեկնածուների նկատմամբ` նկատի ունենալով, որ նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է ոչ թե ընտրապայքարի վիճահարույց խնդիրներով, այլ վիճակի անհաղթահարելիությամբ` թեկնածուի այնպիսի վիճակով, որի պատճառով վերջինս անկարող է մասնակցել ընտրական հետագա գործընթացներին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական գործընթացում տեղ գտած հնարավոր օրինախախտումների ու դրանցով պայմանավորված վիճահարույց խնդիրների լուծման համար օրենքով նախատեսվում են վերջիններիս բացահայտման, գնահատման ու վերացման կոնկրետ ընթացակարգեր` հստակեցնելով ժամկետները և տարբեր իրավասուբյեկտների լիազորությունները: ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի, 100 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում «Նախագահի թեկնածուի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է այլ բանի: Այն ենթադրում է, որ Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու պահից մինչև Հանրապետության Նախագահի ընտրության օրվան նախորդող ութերորդ օրը տևող ժամանակահատվածում Հանրապետության Նախագահի թեկնածուի կամքից անկախ նրա հետ կապված այնպիսի վիճակ է առաջացել, որն այդ ժամանակահատվածում օբյեկտիվորեն անհնարին է հաղթահարել, և որը գործնականում նրան զրկել է ընտրական գործընթացին հետագա մասնակցելու հնարավորությունից:

4. Դիմողը հիմնականում փաստում է, որ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ «... իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել», նկատի ունենալով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով շարունակաբար հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել իր նկատմամբ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 1-ին մասի համաձայն պետությունն է ապահովում քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Օրենքի պահանջն է նաև, որ նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին երաշխավորվում են հավասար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն:

Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար: Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը: Դրա ապահովմանն առնչվող մի շարք լիազորություններ նախատեսված են նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով:

i

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նաև նախընտրական քարոզչության նկատմամբ վերահսկողության կարգը (հոդվ. 20, մաս 9), համաձայն որի. «Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է խախտումների վերաբերյալ կարծիք ներկայացնելու դատարան»: Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը»: Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի դրույթների` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում է ՀՀ վարչական դատարանը` հիշյալ օրենսգրքի 143-150 հոդվածներով սահմանված կարգով:

5. Սույն գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում ՀՀ վարչական դատարանից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջված տեղեկանքները վկայում են, որ դիմողի վստահված անձը սահմանադրական դատարան դիմելու օրը` 2008թ. փետրվարի 7-ին, դիմումում շարադրված փաստերով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր 07.02.2008թ. թիվ 01-17 գրությամբ սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ «07.02.2008թ. հանձնաժողովը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արտակ Զեյնալյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված գործողության կատարման հայց նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին»: Նույն գրությամբ տեղեկացվում է նաև, որ 06.02.2008թ. ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նույնպես ստացվել է դիմում-առաջարկություն, որը վերցվել է ուսումնասիրության:

ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված փաստարկների շրջանակներում 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձի կողմից դիմում-առաջարկություն է ներկայացվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձանց այդ գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի վերոհիշյալ պահանջներից, և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի խնդիրն է իրենց իրավասության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել զանգվածային լրատվամիջոցների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների հստակ կատարումը: Այս հարցում ցանկացած ձևական մոտեցում անվստահություն կարող է առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ:

Միաժամանակ, նախընտրական քարոզչության գործընթացի շրջանակներում ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձանց վերոնշյալ գործողությունները, ինչպես նաև թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության շարունակման փաստը վկայում են, որ ոչ թե առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, այլ այդ գործընթացի շրջանակներում առաջ է քաշվում նախընտրական քարոզչության օրինականության ապահովման հետ կապված վեճ, որն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է ընտրությունների այս փուլում դրանց գնահատման և լուծման իրավասությունն ունեցող վերոհիշյալ մարմիններին:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածներում խոսքը վերաբերում է ՀՀ Նախագահի թեկնածու իրավասուբյեկտին: Այսինքն` այն անձին, ով օրենքով սահմանված կարգով առաջադրվել, գրանցվել և ձեռք է բերել ՀՀ Նախագահի թեկնածուի իրավական կարգավիճակ: Այս առումով, դիմողի բերած այն փաստարկները, որոնք առնչվում են ՀՀ Նախագահի թեկնածուի գրանցմանը նախորդող գործընթացներին, անմիջականորեն չեն վերաբերում սույն գործով սահմանադրական դատարանին ներկայացված խնդրանքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 52 հոդվածով, 100 հոդվածի 4-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 75 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Դիմողի ներկայացրած փաստարկները` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում, 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համար չեն կարող համարվել որպես անհաղթահարելի խոչընդոտներ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 փետրվարի 2008 թվականի

ՍԴՈ-734

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.02.2008
N ՍԴՈ-734
Որոշում