Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ         Քաղաքացիական գործ թիվ 3-1546 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2330

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

դատավորներ` Մ. Ասատրյան

Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ Հ. Գրիգորյանի հայցի ընդդեմ Հ. Թադևոսյանի, Ս. Զարգարյանի` տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Հ. Թադևոսյանի, Ս. Զարգարյանի հակընդդեմ հայցի` պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի 6-րդ թաղամասի թիվ 30 այգեգործական հողամասի և այգետնակի (այսուհետ` տուն և հողամաս) նկատմամբ:

Հակընդդեմ հայցով պատասխանողները պահանջել են որպես նախավճար վճարված 5.880.000 դրամը ի սեփականություն թողնել Հ. Թադևոսյանին և Ս. Զարգարյանին և հանձնել գույքը:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հ. Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Հայցվորի և պատասխանողների միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելու համար, որպես նախավճար պատասխանողներին վճարվել է 5.880.000 դրամ, իսկ մնացած գումարը պետք է վճարվեր ութ ամսվա ընթացքում: Պայմանագիրը կնքելուց հետո պատասխանողների կողմից վիճելի տունը և հողամասը հանձնվել է հայցվորի տիրապետմանը: Հայցվորի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարվել են պատշաճ` համապատասխան պարբերականությամբ կատարվել են նախատեսված վճարումները: Սակայն պատասխանողները հայցվորին վնաս պատճառելու մտադրությամբ անհիմն պատճառաբանություններով հրաժարվել են տան արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստանալուց:

Գործում առկա են ապացույցներ, որոնք հիմնավորում են այն հանգամանքը, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ հայցվորը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հայցվորի կողմից նախավճարի պայմանագրով արդեն իսկ վճարված 5.880.000 դրամը յուրացնելու նպատակով պատասխանողը դիմել է Կոտայքի մարզի ոստիկանություն` ցանկանալով ամեն բան անել ձեռք բերելու համար թվացյալ հիմնավոր փաստաթղթեր այն մասին, թե իբր հայցվորը խախտել է նախավճարի պայմանագրով սահմանված պարտավորությունները: Պատասխանողի նշված գործողություններն իրականացվել են հայցվորին վնաս պատճառելու մտադրությամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով արգելվում է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, անտեսելով գործով ձեռք բերված ապացույցների իրական ապացուցողական նշանակությունը, վճռում նշել է, որ հայցվորը չի ցանկացել պատասխանողներին տալ գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարը: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտումը կայանում է նրանում, որ դատարանը գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծություն չի կատարել, և որոշ ապացույցներ, մասնավորապես` հայցվորի կողմից ներկայացված Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշումն ընդհանրապես չի գնահատել և վերլուծել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հ. Գրիգորյանի և Հ. Թադևոսյանի ու Ս. Զարգարյանի միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի (կողմերի համաձայնությամբ արժեքը կազմել է 9.240.000 դրամ) գնման պայմանով Հ. Թադևոսյանին և Ս. Զարգարյանին Հ. Գրիգորյանի կողմից վճարվել է 5.880.000 դրամ` որպես նախավճար (գ.թ. 6): Տան և հողամասի արժեքի մնացած մասը կողմերի համաձայնությամբ պետք է վճարվեր մինչև 28.02.2007 թվականը (գ.թ. 75),

2) Գործում առկա ստացականի համաձայն` 08.01.2007 թվականի դրությամբ հայցվորը տան և հողամասի արժեքից պարտք է մնացել պատասխանողներին 2.000 ԱՄՆ դոլար գումար (գ.թ. 65):

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշմամբ Հ. Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Հ. Թադևոսյանի, Ս. Զարգարյանի` նախավճարի պայմանագրի հիման վրա տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, վերադարձվել է (գ.թ. 8):

4) ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետի 27.03.2007 թվականի թիվ Ե-1526 գրությամբ հայցվորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ ՀՀ նոտարները դեռևս չունեն դեպոզիտային հաշիվներ (գ.թ. 112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում:

Սույն գործով կողմերի միջև 28.06.2006 թվականին կնքված նախավճարի պայմանագրով տան և հողամասի, որի արժեքը կողմերի համաձայնությամբ կազմել է 9.240.000 դրամ, գնման պայմանով հայցվորի կողմից պատասխանողներին վճարվել է 5.880.000 դրամ` որպես նախավճար: Տան և հողամասի արժեքի մնացած մասը կողմերի համաձայնությամբ պետք է վճարվեր մինչև 28.02.2007 թվականը: Պայմանագիրը կնքվելուց հետո վիճելի տունը և հողամասը հանձնվել է հայցվորի տիրապետմանը, որի ընթացքում վճարումներին զուգընթաց հայցվորի կողմից կատարվել են վերանորոգման և այլ բարելավման աշխատանքներ:

Գործում առկա ստացականի համաձայն` 08.01.2007 թվականի դրությամբ հայցվորը տան և հողամասի արժեքից պարտք է մնացել պատասխանողներին 2.000 ԱՄՆ դոլար գումար (գ.թ. 65): Պատասխանողը հրաժարվել է նախավճարի պայմանագրով սահմանված պայմանները կատարելուց, այն է` նշված 2.000 ԱՄՆ դոլար գումարն ընդունելուց` զրկելով հայցվորին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից, որպիսի հանգամանքը հիմնավորվում է տան բանալիները վերադարձնելու վերաբերյալ հայցվորին հասցեագրված գրավոր պահանջներով, որոնք Հ. Գրիգորյանին ուղարկվել և վերջինիս կողմից ստացվել են մինչև 28.02.2007 թվականը, այսինքն` մինչև վճարման պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտը: Նշվածից բխում է, որ հայցվորի կողմից պարբերաբար վճարված գումարների ողջամիտ հաճախականության պայմաններում գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարն ընդունելուց պատասխանողի հրաժարվելն, ինչպես նաև տան բանալիները վերադարձնելու և գույքն ազատելու պահանջներն անհիմն են:

Փաստորեն, պատասխանողն առանց հիմնավոր պատճառների, հրաժարվել է անշարժ գույքի առուվաճառքի գործարքից` չարաշահելով իր իրավունքը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն չի թույլատրվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել այլ կետանց: Պատասխանողի կողմից անշարժ գույքի մնացած մասը ստանալուց հրաժարվելու պատճառով հայցվորը նշված հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ փորձել է վճարման պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար 2.000 ԱՄՆ դոլար մնացորդ գումարը վճարել նոտարի դեպոզիտ, սակայն հայցվորի դիմումին ի պատասխան 27.03.2007 թվականի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետը հայտնել է, որ ՀՀ նոտարները դեռևս չունեն դեպոզիտային հաշիվներ: Ավելին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանին հասցեագրված 11.05.2007 թվականի գրությամբ` ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետը հայտնել է, որ մինչև վճարման պարտավորության կատարման ժամկետի լրանալը (28.02.2007 թվականը)` 21.02.2007 թվականին հայցվորը դիմել է նոտարի դեպոզիտ հաշվի կապակցությամբ:

Փաստորեն, սահմանված ժամկետում վճարման պարտավորությունների կատարման ուղղությամբ հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված համապատասխան գործողությունները կատարել է: Հետևաբար, սահմանված ժամկետում տան և հողամասի արժեքից մնացած գումարի վճարումից հայցվորի կողմից հրաժարվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ:

Բացի այդ, պատասխանողների կողմից գույքի արժեքից մնացած մասը ստանալուց հրաժարվելու պատճառով հայցվորն իր իրավունքների պաշտպանության համար, վճարման պարտավորությունների կատարման ժամկետի սահմաններում տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Հ. Թադևոսյանի, Ս. Զարգարյանի դեմ հայց է ներկայացրել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն դատարանի 19.02.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, որից հետո հայցվորը 23.02.2007 թվականին ներկայացրել է սույն հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել հայցվորի կողմից դատարան ներկայացված` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 19.02.2007 թվականի որոշումը (գ.թ. 8)` վճռում նշելով, որ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի պահանջների խախտումներն առկա են, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Բացի այդ, սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու լիազորությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցը լուծելիս անհրաժեշտ է լուծել նաև նշված անշարժ գույքի արժեքից մնացած 2.000 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձման հարցը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.07.2007 թվականի վճիռը և այն փոփոխել: ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի 6-րդ թաղամասի թիվ 30 այգեգործական հողամասի և այգետնակի նկատմամբ ճանաչել Հրաչյա Գրիգորյանի սեփականության իրավունքը: Հրաչյա Գրիգորյանից հօգուտ Հայրապետ Թադևոսյանի և Սուսաննա Զարգարյանի բռնագանձել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1546(ՎԴ)
Որոշում