Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՑԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0220.020498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«02» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 1998 թվականի թիվ 220

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՑԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 4-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիրը հաստատելու մասին» թիվ 485 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ 1997 թվականի տարեկան զեկուցագրին (կցվում է) և համապատասխան զեկուցագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

i

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների հետ համատեղ`

ա) եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության պետական ծառայության կանոնադրության նախագիծը.

բ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ հաստատել բժշկասոցիալական փորձաքննության պետական ծառայության կողմից քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշները:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` տրանսպորտի, կապի և հաղորդակցության գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների նկատմամբ հաշմանդամների պահանջմունքի բավարարման նպատակով 1998 թվականի հուլիսի 1-ից սկսած վերանայել հանրապետության քաղաքների և մյուս բնակավայրերի բարեկարգման, շենքերի ու կառույցների շինարարության և վերակառուցման գործող նորմատիվային փաստաթղթերը` հաշվի առնելով հաշմանդամների համար դրանց մատչելիության ապահովումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

_________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

Ք. Երևան 1998 թ.

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս, անհնար է հաշվի չառնել բնակչության առանձին խմբերի առանձնահատկությունները:

Անցումային փուլում առանձնակի կարևորություն են ձեռք բերում բնակչության սոցիալապես խոցելի խմբերի` հատկապես հաշմանդամների հիմնախնդիրները:

ՄԱԿ-ի երաշխավորությունների համաձայն, յուրաքանչյուր անդամ երկիր պետք է պատրաստում է ամենամյա պետական զեկույց հաշմանդամների սոցիալական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որը դիտվում է որպես տվյալ պետության ժողովրդավարության աստիճանն արտահայտող ցուցանիշ:

Սույն զեկույցը պատրաստվել է ՀՀ նախագահի 1997 թ. օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» թիվ ՆԼ - 795 հրամանագրի համաձայն` ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում:

 

2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ

 

Ընդհանուր առմամբ հաշմանդամության հիմնահարցը ներառում է հետևյալ խնդիրների լուծումը`

- հաշմանդամության կանխարգելում,

- հաշմանդամների բժշկա-սոցիալական, սոցիալ-հոգեբանական և աշխատանքային վերականգնողական համակարգի ստեղծում,

- վերականգնողական միջոցների արտադրության զարգացում,

- վերականգնողական նշանակության սոցիալական ենթակառույցների ձևավորում,

- հաշմանդամի իրավունքների և հնարավորությունների իրականացման հավասար պայմանների ստեղծման մեխանիզմների մշակում,

- հաշմանդամների նյութական (կենսաթոշակային) և կենցաղային ապահովության համակարգի կատարելագործում,

- հաշմանդամների հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

- հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մասնագետների պատրաստման համակարգի ստեղծում,

- հաշմանդամության հիմնահարցերի վերաբերյալ միջազգային համագործակցություն:

Հաշմանդամության կանխարգելումը ենթադրում է առողջապահական, սոցիալ-հոգեբանական, մասնագիտական և այլ համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են հաշմանդամություն ծնող պատճառների վերացմանը, կյանքի բոլոր բնագավառներում առողջ ապրելակերպի հաստատմանը:

Հաշմանդամության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության հիմքում դրվում է`

- բուժսպասարկման մատչելիություն բնակչության բոլոր խմբերի համար,

- հաշմանդամություն ծնող պատճառների բազմակողմանի ուսումնասիրություն,

- բնակչության առողջության պահպանման համալիր միջոցառումների իրականացման վրա հիմնած (այդ թվում` նաև շրջակա միջավայրի բարելավման) աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծում, ճանապարհա-տրանսպորտային և կենցաղային խեղումների կանխարգելում,

- առողջ ապրելակերպի ձևավորում, ընտանիքի ամրապնդում,

- բնածին արատների, մասնագիտական հիվանդությունների վաղ հայտնաբերում և դրանց կանխարգելում,

- իմունիզացիոն ծրագրերի իրականացում տարիքային տարբեր խմբերի համար,

- դժբախտ դեպքերի և արտադրական վնասվածքների նվազեցման նպատակով հատուկ ծրագրերի մշակում,

- դեղորայքի, թմրանյութերի, ալկոհոլի, ծխախոտի և այլ խթանիչների ոչ չափավոր օգտագործման վրա հսկողության սահմանում.,

- երեխաների ամենամյա պարտադիր բժշկական հետազոտության անցկացում, բուժագենետիկական ուսումնասիրությունների անցկացում,

- կրթալուսավորչական և քարոզչական աշխատանքների ընդլայնում հաշմանդամություն առաջացնող պատճառների, դրանց կանխարգելման վերաբերյալ,

- ժառանգական, էնդոկրին, հոգեկան, ուռուցքային, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման հետևանքով հաշմանդամության առաջացման կանխարգելմանն ուղղված հատուկ ծրագրերի մշակում և իրականացում,

- ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու լայն հնարավորությունների ստեղծում բոլորի համար,

- էկոլոգիական և արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խեղումների վնասվածքների վերլուծություն և աղետների ժամանակ բժշկական առաջին օգնության և փրկարարական աշխատանքների բարելավում:

Հաշմանդամների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական մարմիններին օժանդակելու, ինչպես նաև հաշմանդամների ինտեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 1997 թ. մայիսի 5-ի թիվ 168 որոշմամբ ստեղծվել է հաշմանդամների հիմնահարցերի հանրապետական հանձնաժողով:

1997 թ. ընթացքում հանձնաժողովը հրավիրել է 3 նիստ: Քննարկվել են հաշմանդամության կանխարգելման, խմբորոշման, բժշկա-սոցիալ-հոգեբանական վերականգնման, տնային պայմաններում սոցիալական սպասարկման կազմակերպման, վերականգնողական միջոցներով ապահովման, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ու նրանց ենթակա ձեռնարկությունների հարկային արտոնությունների մասին և այլ հարցեր:

 

2.1. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում առավել կարևորվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության հիմնահարցերի լուծումը:

Չնայած հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում այսօր հանրապետությունում գործող համեմատաբար զարգացած իրավական բազային առկայությանը, պետությունը դեռևս չի կարողացել լուծել նրանց բոլոր խնդիրները:

Գլխավոր բացթողումը կայանում է նրանում, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով գործող իրավական դաշտի նորմերն ու դրույթներն ամբողջությամբ չեն կիրառվում, որի հետևանքով չի ապահովվում հաշմանդամների լիարժեք և բազմակողմանի ինտեգրումը ընտանիք և հասարակություն:

Որպես պարտադիր պայման և պահանջ օրենսդրության ընդունման համար անհրաժեշտ է ֆինանսական ապահովում և երաշխիք, որի բացակայության պատճառով վերջին տարիներին ընդունված շատ օրենսդրական ակտեր չեն կիրառվում, կամ կիրառվում են ոչ ամբողջությամբ:

Հաշմանդամների վերաբերյալ ՄԱԿ-ի հովանավորության ներքո անց են կացվել միջազգային կոնֆերանսներ (1971 թ.` Ռիգայում, 1978 թ.` Մանիլայում, 1982 թ.` Հռոմում, 1992 թ.` Պրահայում և այլն) «Միջազգային վերականգնում» խորագրով: Կոնֆերանսների ժամանակ ընդունվել են եզրակացություններ, հրահանգներ, դրույթներ, որոնք երաշխավորությունների տեսքով ուղարկվել են մասնակից երկրներին:

Հաշմանդամներին վերաբերող օրենսդրությունը (նրանց տրվող իրավունքների, ծառայությունների արտոնությունների, վերականգնման և այլ հարցերի վերաբերյալ) լինում է երեք տիպի.

- ընդհանուր օրենսդրություն ողջ բնակչության համար, որը ներառում է նաև հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ որոշ դրույթներ,

- հատուկ օրենսդրություն, որը նախատեսված է բոլոր հաշմանդամների համար,

- հատուկ օրենսդրություն, որի դրույթները վերաբերում են միայն որոշակի խմբի պատկանող հաշմանդամներին:

Հատուկ օրենսդրություն պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ ընդհանուր օրենսդրությունը և մյուս նորմատիվ ակտերը չեն լուծում կամ չեն կարող լուծել հաշմանդամների հիմնահարցերը:

Բացի այդ, օրենսդրությունը կլինի ավելի ընդունելի, եթե բնակչության որոշակի խմբեր, պայմանավորված իրենց ֆիզիկական անկարողությամբ, չընդունվեն և չդիտվեն որպես մյուսների վրա դրված ծանր բեռ:

Մյուս կողմից` հատուկ օրենսդրությամբ առանձին խմբերի հաշմանդամների պահանջմունքների բավարարման հարցերին ուշադրություն նվիրելը կարող է հանդիսանալ հասարակության կողմից հաշմանդամների պրոբլեմների խոր ընկալման և տեղեկատվության աղբյուր:

ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրության 33 հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունը 1990 թ. միացավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1975 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրին, որում նշվում է, որ հաշմանդամներն ունեն մյուս քաղաքացիներին հավասար սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներ:

1993 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց օրենք «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» , որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, երաշխավորում է հաշմանդամների անհատական զարգացման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների և ազատությունների իրացման, ՀՀ մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների և հնարավորությունների ապահովումը:

Օրենքը կարգավորում է հաշմանդամության կանխարգելման և բժշկական վերականգնման, հաշմանդամների բժշկական սպասարկման և առողջարանային բուժման, աշխատանքային գործունեության, սոցիալական օգնության տրամադրման, վերականգնողական միջոցներով ապահովման, հաշմանդամ երեխաների ուսուցման և դաստիարակության և այլ հարցեր:

Հաշմանդամների բժշկա-աշխատանքային փորձաքննության և վերականգնման գործընթացը իրավական հիմքերի վրա դնելու նպատակով 1997 թ. մշակվել է ԲԱՓՀ-ների նոր կանոնադրության և անձին հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ հրահանգի նախագծեր: Հանրապետությունում ԲԱՓՀ-ները մինչև օրս աշխատում են 1956 թ. ընդունված հրահանգով:

Հաշմանդամների նյութական ապահովության հիմնական միջոցը կենսաթոշակն է, որի նշանակման, վճարման հիմքերը ամրագրված են «ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» 1995 թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ օրենքում:

ՀՀ տարբեր օրենքներ սահմանում են հաշմանդամների հարկային արտոնությունները:

Հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնա-արտադրական և մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազը 50 օ/օ կազմում են հաշմանդամներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ազատվում են շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարումներից: Հարկերից ազատվում են նաև պրոթեզա-օրթոպեդիկ նշանակության և հաշմանդամների համար նախատեսված վերականգնողական պարագաների արտադրությունը:

«Եկամտահարկի մասին» 1997 թ. դեկտեմբերի 27-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն, I և II խմբերի հաշմանդամների ստացած եկամուտը յուրաքանչյուր ամսվա համար նվազեցվում է քսան հազար դրամի չափով և այնուհետև մնացած մասից պահվում եկամտահարկ:

8 հազար դրամով նվազեցվում է համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամ և խնամքի տակ I խմբի հաշմանդամ ունեցող անձանց, ինչպես նաև խնամքի տակ տարիքային կենսաթոշակառու ծնողներ կամ անչափահասներ ունեցող III խմբի հաշմանդամների ստացած ամսական եկամուտը:

«Գույքահարկի մասին» 1997 թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ օրենքի համաձայն, հաշմանդամները գույքահարկի վճարման արտոնություն կարելի է ասել չունեն, ի տարբերություն 1995 թ. նույն օրենքի, որով հաշմանդամների համար վերապահված էր գույքահարկի վճարման որոշակի արտոնություն (գույքի արժեքի մեջ նվազագույն աշխատավարձի 1000-պատիկը կազմող մասը չէր հարկվում):

«Պետական տուրքի մասին» 1997 թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ օրենքի համաձայն, հաշմանդամները օգտվում են նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնություններից (որոշ գործարքների դեպքում` ընդհանրապես ազատվում են):

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» 1997 թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի համաձայն հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, այն ձեռնարկությունների, տնտեսական միավորումների, հիմնարկների, ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների համար, որտեղ աշխատողների և սովորողների ոչ պակաս 50 օ/օ-ը հաշմանդամ են, սոցիալական վճարների դրույքաչափը սահմանված է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 5 օ/օ-ի չափով:

Նախկինում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում հաշմանդամների համար սահմանված տրանսպորտային և բնակ-կենցաղային արտոնությունները 1997 թվականի հուլիսից փոխարինվել են դրամական փոխհատուցումներով (ավելի մանրամասն` հաշմանդամների նյութական ապահովության վերաբերյալ բաժնում):

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, ինչպես նաև հիմնվելով մեր հանրապետությունում վերջին տարիներին ընդունված իրավական ակտերի վերլուծության վրա, հանգում են այն եզրակացության, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի օրինաստեղծ գործունեությունը պետք է.

- հիմնվի ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների վրա և մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին համապատասխան ունենա ինքնուրույն տարրեր,

- նախատեսի սոցիալական պաշտպանության երաշխիքներ ելնելով անհատի փաստացի իրավական վիճակից,

- սահմանի անձի սոցիալական պաշտպանվածությունը լիովին ապահովող նյութական օգնության ծավալը,

- արտացոլի հաշմանդամների` հասարակությունում և ընտանիքում ինտեգրման բոլոր միջոցառումները և ապահովի դրանց իրականացման տնտեսական և իրավական հիմքերն ու մեխանիզմները:

Օրենքներում պետք է գերիշխեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հավասար հնարավորությունների ապահովումը, սոցիալական արդարության պահպանումը, օգնության հասցեականությունը և այլն:

 

3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հանրապետությունում բժշկա-աշխատանքային փորձաքննություն իրականացնում են 22 բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողով (ԲԱՓՀ), որից 3-ը հանրապետական (մեկը` աչքի), 19-ը` առաջնային: ԲԱՓՀ-ներում աշխատող բժիշկների թիվը 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 69, որից 12-ը աշխատում են հանրապետական, իսկ 57-ը` առաջնային ԲԱՓՀ-ներում:

Այսօր ԲԱՓՀ-ները իրենց գործունեությունը իրականացնում են հիմք ընդունելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի կողմից 1985 թ. հաստատված կանոնադրությունը և նախկին ՍՍՀՄ Մինիստրների Սովետի կողմից 1956 թ. ընդունված «Անձին հաշմանդամ ճանաչելու կարգի մասին» հրահանգը:

Ներկայումս փոխվել է մոտեցումը անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերի և չափանիշների նկատմամբ:

Հաշմանդամների փորձաքննությունը կարգավորող նորմատիվ ակտերի կատարելագործման նպատակով ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը մշակել է բժշկա-սոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրության նախագիծը, ինչպես նաև փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումները և չափանիշները:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, հաշմանդամության հիմքում ընկած էր անձի աշխատունակության կորստի կամ նվազեցման աստիճանը, ինչը թույլ չէր տալիս բացահայտել կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող բոլոր անձանց, որոնք այդ պատճառով կարիք ունեին սոցիալական աջակցության և պաշտպանության:

Նախատեսվում է բժշկա-սոցիալական փորձաքննության տեղեկատվական-վերլուծական բազայի ստեղծում, ժամանակակից մոտեցումներին համապատասխանող բժշկա-սոցիալական փորձաքննության հաշվետվությունների և վիճակագրական այլ ձևերի մշակում:

Բացի այդ, վերջին շրջանում զգալիորեն թուլացել է ԲԱՓՀ-ների և բուժ.հիմնարկների միջև փոխադարձ կապը: Այսպես` ԲԱՓՀ ուղարկված հաշմանդամության ոչ ենթակա անձանց թիվը 1997 թ. կազմել է 2,8 օ/օ նախորդ տարվա 2,6 օ/օ-ի փոխարեն, նվազել են ԲԱՓՀ-ի թույլտվությամբ անաշխատունակության թերթիկների երկարացման դեպքերը` նախորդ տարվա 6,3 օ/օ-ի փոխարեն 3,8 օ/օ 1997 թ-ին:

1998 թ. հունվարի 1-ի գրությամբ ՀՀ-ում հաշվվում է 100,666 հաշմանդամ, որը կազմում է բնակչության ընդհանուր թվի մոտ 3 օ/օ-ը:

Սկսած 1994 թ. զգալիորեն պակասել է ԲԱՓՀ-ներում քննվածների թիվը: Եթե 1994 թ. քննվել են 56790 քաղաքացիներ, ապա 1995 թ.` 52485, 1996 թ.` 49143, 1997 թ.` 49421: նույն տարեթվերին առաջնակի քննվածների թվաքանակները համապատասխանաբար կազմել են` 18002, 14018, 12654, 13313:

Հաշմանդամության վերաբերյալ առանձին ցուցանիշները ըստ տարիների բերված են թիվ 1 և թիվ 2 աղյուսակներում:

 

Աղյուսակ թիվ 1

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ

 

.___________________________________________________________________________.

|Տարե- | Քննված-|  Առաջ-   | Աշխա-    |Ճանաչ-   | Երկա-   |Ճանաչ-  | Կրկ-   |

|թիվ   | ների   |  նակի    | տունակ   |վել են   | րաց-    |վել են  | նակի   |

|      | ընդհա- |  քննված- | տարիք    |հաշման-  | ված է   |աշ-     | վերա-  |

|      | նուր   |  ների    | (օ/օ)    |դամ      | անաշ-   |խատու-  | քնն-   |

|      | թիվը   |  թիվը    |          |(օ/օ)    | խատու-  |նակ     | ված-   |

|      |        |          |          |         | նակու-  |(օ/օ)   | ների   |

|      |        |          |          |         | թյան    |        | թիվը   |

|      |        |          |          |         | թեր-    |        |        |

|      |        |          |          |         | թիկը    |        |        |

|      |        |          |          |         | (օ/օ)   |        |        |

|______|________|__________|__________|_________|_________|________|________|

|1994  |56790   | 18002    |  67,0    | 87,4    |  8,0    | 4,6    | 38788  |

|______|________|__________|__________|_________|_________|________|________|

|1995  |52485   | 14018    |  88,9    | 88,9    |  7,2    | 3,9    | 38410  |

|______|________|__________|__________|_________|_________|________|________|

|1996  |49143   | 12654    |  91,0    | 91,0    |  6,3    | 2,7    | 36429  |

|______|________|__________|__________|_________|_________|________|________|

|1997  |49382   | 13313    |  52,0    | 93,4    |  3,8    | 2,6    | 35905  |

.___________________________________________________________________________.

 

.___________________________________________________________________________.

| Ճանաչվել են հաշմանդամ ըստ      |    Ճանաչվել են    |   Մասնակի            |

| խմբերի (օ/օ)                   |    աշխատունակ     |   վերականգնված       |

|                                |    (օ/օ)          |   (օ/օ)              |

|________________________________|___________________|______________________|

| I   |     II   |     III       |                   |                      |

|_____|__________|_______________|___________________|______________________|

|4.2  |   57.7   |   35.4        |      2.7          |      4.8             |

|_____|__________|_______________|___________________|______________________|

|4.1  |   59.0   |   35.0        |      1.9          |      4.3             |

|_____|__________|_______________|___________________|______________________|

|4.2  |   60.1   |   34.0        |      1.7          |      4.3             |

|_____|__________|_______________|___________________|______________________|

|3.8  |   61.7   |   32.5        |      1.8          |      4.1             |

.___________________________________________________________________________.

 

Աղյուսակ թիվ 2

 

ԱՌԱՋՆԱԿԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԸ

 

_____________________________________________________________________________.

Ըստ հաշման-                     Ըստ հիվանդությունների                 |

դամության                                                             |

խմբերի (օ/օ)                                                          |

.____________________________________________________________________________|

|Տա-  | I | II | III  | Սիրտ   |Ներ-  | Չար-  | Վնաս-  | Հո-  | Էն-  | Տու-  |

|րե-  |   |    |      | անո-   |վային | որակ  | վածք-  | գե-  | դո-  | բեր-  |

|թիվ  |   |    |      | թային  |համա- | նորա- | ներ և  | կան  | կրին | կուլ- |

|     |   |    |      |        |կարգ  | գոյա- | խե-    | հի-  | հի-  | յոզ   |

|     |   |    |      |        |      | ցում- | ղում-  | վան- | վան- |       |

|     |   |    |      |        |      | ներ   | ներ    | դութ-| դութ-|       |

|     |   |    |      |        |      |       |        | յուն-| յուն-|       |

|     |   |    |      |        |      |       |        | ներ  | ներ  |       |

|_____|___|____|______|________|______|_______|________|______|______|_______|

|1994 |12.3 61.2  26.5|19.8    |16.7  |10.7   | 13.5   | 6.3  | 4.8  | 2.0   |

|_____|___|____|______|________|______|_______|________|______|______|_______|

|1996 |11.2 64.3  24.5| 19.0   | 15.0 | 11.6  | 11.0   | 8.2  | 5.7  | 3.8   |

|_____|___|____|______|________|______|_______|________|______|______|_______|

|1996 |11.7 66.4  21.9| 22.1   | 14.0 | 13.7  | 9.2    | 7.0  | 5.6  | 3.3   |

|_____|___|____|______|________|______|_______|________|______|______|_______|

|1997 |12.1 69.3  18.6| 25.0   | 15.9 | 13.8  | 7.6    | 6.1  | 5.4  | 2.8   |

.____________________________________________________________________________.

 

ԲԱՓՀ-ներում քննվածների թվի նվազումը բացատրվում է առողջապահական համակարգից օգտվելու դժվարամատչելիությամբ և երկրորդը` բնակչության արտագաղթով:

Հանրապետությունում 1997 թ. ընթացքում քննվել և վերաքննվել են 49421 մարդ, որից հաշմանդամ են ճանաչվել 48550-ը, այսինքն առաջնակի քննվածների 93,4 օ/օ-ը, կրկնակի քննվածների շուրջ 98 օ/օ-ը ճանաչվել են հաշմանդամ:

Ըստ հիվանդության պատկերի առաջնակի հաշմանդամ ճանաչված անձանց մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեն սիրտ-անոթային հիվանդությունները` 25 օ/օ, այնուհետև` ներվային համակարգի հիվանդությունները` 15,9 օ/օ և չարորակ նորագոյացությունները` 13,8 օ/օ: Հանրապետությունում 1997 թ-ին 1996 թ-ի նկատմամբ 3 օ/օ-ով բարձրացել է սիրտ-անոթային հիվանդությունների, 2 օ/օ-ով ներվային հիվանդությունների հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց թիվը:

Առաջնակի քննվածներից միայն 57 օ/օ-ն է աշխատունակ տարիքի, 1996 թ. այդ ցուցանիշը եղել է 62 օ/օ: Ընդհակառակը, աճել է կենսաթոշակային տարիքի հաշմանդամների թիվը, ինչը կապված է հաշմանդամներին տրվող արտոնությունների կամ փոխհատուցումների հետ:

Ըստ հաշմանդամության խմբերի 1997 թ. միջին հանրապետական ցուցանիշները կազմել են` I խումբ` 12,3 օ/օ, II խումբ` 69,1 օ/օ, III խումբ` 18,6 օ/օ:

Հանրապետության գրեթե բոլոր մարզերում գերակշռում է սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած անձինք, այն հատկապես բարձր է Երևանի Կենտրոնականի տարածքում` 35 օ/օ, Խորհրդայինում` 33,5 օ/օ և Սյունիքի մարզում` 30,3 օ/օ, միջին հանրապետական 25 օ/օ-ի դեպքում: Ներվային հիվանդություններով պայմանավորված հաշմանդամությունը բարձր տոկոս է կազմում Արաբկիրի տարածքում` 20,7 օ/օ և Կոտայքի մարզում` 21,3 օ/օ, հանրապետությունում միջին ցուցանիշը` 15,9 օ/օ է:

Չարորակ հիվանդություններով պայմանավորված հաշմանդամների թիվը բարձր է Շահումյանի տարածքում` 18,1 օ/օ և Արաբկիրի տարածքում` 17,1 օ/օ, այն դեպքում, երբ հանրապետությունում միջին ցուցանիշը կազմում է 13,8 օ/օ:

Առաջին խմբի հաշմանդամ ճանաչվածների թիվը Արարատի մարզում կազմել է 17,3 օ/օ, Էրեբունու տարածքում` 14,7 օ/օ, իակ հանրապետությունում միջին ցուցանիշը` 12,1 օ/օ է:

Կրկնակի վերաքննվածներից աշխատունակ է ճանաչվել 649 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 1,9 օ/օ-ը, նախորդ տարվա 1,7 օ/օ-ի փոխարեն:

Հաշմանդամության վերաբերյալ 1997 թ. տվյալները բերված են թիվ 3-5 աղյուսակներում:

ԲԱՓՀ-ները նաև երաշխավորագրեր են տալիս հաշմանդամներին վերականգնողական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ:

 

3.2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

Հաշմանդամություն առաջացնող բազմաթիվ պատճառները խոշորացված ձևով կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով`

- բնակչության զգալի մասի անվճարունակությամբ պայմանավորված բժշկական ծառայությունների դժվարամատչելիություն.

- բնական աղետներ.

- հասարակական-քաղաքական և տնտեսական իրավիճակ.

- աշխատանքային խեղումներ և արտադրական վնասվածքներ, դժբախտ պատահարներ.

- ժառանգական և բնածին արատներով հիվանդություններ.

- ընդհանուր հիվանդություններ:

Հաշմանդամության կանխարգելման ծրագրերի հիմքում պետք է դրված լինեն հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրությունը և վերլուծությունը:

Նման համակարգի ստեղծումը այսօր հրատապ խնդիր է:

 

4. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

4.1. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության համակարգում կարևորվում է հաշմանդամների վերականգնումը:

Վերականգնումը գործընթաց է, որի նպատակն է օգնել հաշմանդամներին հասնելու կենսագործունեության լավագույն ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալական գործունեության մակարդակի և աջակցել նրանց հասարակության մեջ ինտեգրվելու:

Հաշմանդամի վերականգնումը ներառում է անձի բժշկական, աշխատանքային, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների համակցություն:

Բժշկական վերականգնումը մարդու օրգանիզմի բնածին արատների, հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով խախտված ֆունկցիոնալ հնարավորությունների բժշկական միջոցներով վերականգնմանն ու փոխարինմանն ուղղված գործընթաց է:

Կազմակերպչական առումով այն ձևավորվում է հատուկ մասնագիտացված բժշկական վերականգնողական կենտրոնների ստեղծման միջոցով:

Վերականգնման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է բժշկական գործողությունները սոցիալական, հոգեբանական և աշխատանքային վերականգնմանն ուղղված միջոցառումների հետ զուգակցմամբ:

Ընդհանուր բժշկական վերականգնման հիմքում ընկած է վերականգնողական թերապիան և վերականգնողական վիրաբուժությունը:

Վերականգնողական վիրաբուժության մեթոդները թույլ են տալիս զգալի չափով (70-80 օ/օ) վերականգնել վնասված հողերի ֆունկցիոնալ կարողությունները այն դեպքում, երբ ցանկացած կոնսերվատիվ մեթոդներն արդեն արդյունավետ չեն:

Տարիներ շարունակ հանրապետությունում գործում են բժշկական վերականգնման տարբեր ուղղվածության ծառայություններ` հակատուբերկուլյոզային, նյարդահոգեբանական, սիրտ-անոթային և այլն: Բացի բուժհիմնարկներից վերականգնողական բուժում անց է կացվում նաև առողջարանների հատուկ բաժանմունքներում:

Մինչ օրս հանրապետությունում վերականգնման պետական միասնական համակարգ գոյություն չունի, իսկ դրա առանձին տեսակներն ու ձևերը իրականացվում են տարբեր նախարարությունների, գերատեսչությունների հաստատություններում:

Մշակված չեն հաշմանդամների վերականգնման գործընթացի մեթոդոլոգիական մոտեցումները և սկզբունքները:

Վերականգնողական հիմնարկների տարանջատվածությունը թույլ չի տալիս իրականացնել վերականգնման համար անհրաժեշտ գործընթացների անընդհատությունը և բազմափուլությունը: Չկա տարբերակցված մոտեցում հաշմանդամների վերականգնմանը, ոչ միշտ են հաշվի առնվում նրանց անհատական ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները և վերականգնողական ներուժը: Չեն բավարարում վերականգնող մասնագետները:

Հանրապետությունում հիվանդների և հաշմանդամների բժշկական վերականգնումը իրականացնում են ՀՀ առողջապահության և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունների ստորաբաժանումները:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վերականգնողական կենտրոնը բազմապրոֆիլ առողջապահական հաստատություն է, որտեղ ստորին և վերին վերջույթների պրոթեզավորման կարիք ունեցող հաշմանդամները անցնում են վերականգնողական թերապիայի կուրս, իսկ անհրաժեշտության դեպքում ենթարկվում նաև ռեկոնստրուկտիվ վիրահատության: Կենտրոնում վերականգնողական բուժում են ստանում նաև շարժողական և խոսքի խանգարումներով անձինք, որոնց գերակշիռ մասը հաշմանդամներ են: Հաշմանդամների բուժումը իրականացվում է անվճար, պետբյուջեի միջոցների հաշվին, ավելին, լուծված է նաև նրանց սննդի կազմակերպման հարցը: Այստեղ վերականգնողական բուժում են ստանում 700-800 հաշմանդամ:

Հաշմանդամների բժշկա-սոցիալական վերականգնումը լիարժեք չի լինի, եթե անտեսվի նրանց հոգեբանական վերականգնումը: Կենտրոնում գործում է հոգեբոյւժների խումբ, որի արհեստավարժ աշխատանքի արդյունքում անձն ազատվում է հաշմանդամության կամ հիվանդության հետևանքով հոգեբանական բարդույթներից, ձեռք բերում իր հնարավորությունների նկատմամբ հավատ և վստահություն:

Հոգեբանական վերականգնումը գործընթաց է, որն իրականացվում է բուժման հետ համատեղ և հաշմանդամի միկրոշրջապատում, այսինքն անձը չի առանձնացվում իր ընտանիքից և միջավայրից: Հոգեթերապիա է անցկացվում նաև ընտանիքի անդամների հետ:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը իրականացնում է հոգեկան խանգարում ունեցող քաղաքացիների բժշկա-հոգեբանական վերականգնում, ինչպես նաև կատարում գիտական հետազոտություններ այդ հարցերով: Հաշմանդամների բժշկական ծառայությունների մատուցումը այս կենտրոնում նույնպես կատարվում է անվճար, պետական բյուջեի միջոցների հաշվին:

1997 թ. ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության համակարգում գործող կենտրոններում վերականգնողական բուժում են անցել շուրջ 100 նյարդաբանական հիվանդներ` շարժողական և խոսքի գործառնությունների խանգարումներով:

Կենտրոնը համալրված է կլինիկական պատշաճ բազայով` ֆիզոթերապիայով, բուժական ֆիզկուլտուրայով, տորֆով և լոգանքաբուժությամբ: Գործում են վերականգնողական պրոֆիլի բոլոր անհրաժեշտ` խոսքի ուղղման, հոգեբանական թերապիայի, կենցաղային վերահարմարեցման, սոցիալական աշխատողի ծառայությունները, աշխատանքային ուսուցման հատուկ արհեստանոցը և այլն:

Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը կառուցվել է 1988 թ. աղետալի երկրաշարժի առիթով, Միջազգային Կարմիր Խաչի Ֆեդերացիայի, աշխարհի 22 երկրների կառավարությունների հովանավորությամբ:

Կենտրոնում հաշվառվել են ողնուղեղի վնասվածք ունեցող 1034 հիվանդներ, որոնցից 280-ը` Երևանից, 179-ը` երկրաշարժի գոտուց, 21-ը` Ռուսաստանից և 84-ը` Վրաստանից:

Կենտրոնում հաշվառված հաշմանդամներից ողնուղեղի վնասվածք ունեն ավելի շատ տղամարդիկ, քան կանայք, ըստ որում, նրանց գերակշռող մասը կյանքի ակտիվ, աշխատունակ շրջանում գտնվողներն են. (16-ից մինչև 60 տարեկան): Վերոգրյալի մասին տվյալները բերված են ստորև.

 

._________________________________________________.

|   Տարիքը    | Իգական    | Արական  |  Ընդամենը   |

|_____________|___________|_________|_____________|

| Մինչև  16 տ.|    6      |   12    |     18      |

|_____________|___________|_________|_____________|

| Մինչև  45   |  135      |  421    |    556      |

|_____________|___________|_________|_____________|

| Մինչև  60   |   55      |  153    |    208      |

|_____________|___________|_________|_____________|

| 60 տ. և     |   54      |   85    |    139      |

|             |           |         |             |

|_____________|___________|_________|_____________|

| Ընդամենը    |  250      |  671    |    921      |

._________________________________________________.

 

1995-97 թթ. կենտրոնում բուժում են ստացել համապատասխանաբար 198, 176 և 172 հաշմանդամներ: Ֆինանսական խնդիրների պատճառով կենտրոնը ներկայումս հնարավորություն չունի գործելու ողջ հզորությամբ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտա-հետազոտական ինստիտուտը (ԿևՖԲ ԳՀԻ) լինելով կլինիկական բնույթի գիտական հիմնարկություն` ինստիտուտը պարունակում է կլինիկական բաժանմունքներ, որտեղ կարող են ապաքինվել բավականին լայն ընդգրկման հիվանդություններով տառապող անձինք:

Հաշմանդամները բուժական և վերականգնողական օգնությունը ստանում են պետպատվերի շրջանակներում:

Վերականգնողական բուժման արդյունավետ ձևերից մեկն է` առողջարանային բուժումը:

1996 թ. հանրապետության առողջարաններում վերականգնողական բուժում ստացած 2151 հիվանդներից առողջական վիճակը բարելավվել է 2058-ի մոտ, 1997 թ. այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 2350 և 2268:

Վերջին տարիներին, խիստ վատթարացել է հաշմանդամներին առողջարանային բուժման կազմակերպումը: Այսպիսով, եթե 1990 թ. հաշմանդամների համար նախատեսվում էր 2500-3000 անվճար առողջարանային և հանգստյան տան ուղեգրեր, ապա 1996-97 թթ. հաշմանդամներին տրամադրվել է ընդհամնեը 300-320 ուղեգիր:

1996-97 թթ. հանրապետության առողջարաններում վերականգնողական բուժման վերաբերյալ տվյալները բերված են թիվ 6 աղյուսակում:

 

4.2. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Անլիարժեքության բարդույթով տառապող հաշմանդամներին կյանքի կոչելու միջոցներից մեկը հաշմանդամի վերականգնման ծրագրով ցուցված աշխատանքային թերապիան է, որի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատատեղեր, նոր մասնագիտությունների ուսուցման խմբեր: Սա հրատապ է, հատկապես երիտասարդ տարիքի հաշմանդամների համար: Տեղեկության կարգով նշենք, որ 40 տարեկանից ցածր տարիք ունեցող հաշմանդամների թիվը II և III խմբերի բոլոր հաշմանդամների մեջ կազմում է շուրջ 90 օ/օ, և հատկապես այս տարիքի հաշմանդամների շրջանում հատուկ վերամասնագիտացման դասընթացների կազմակերպումը տալ զգալի արդյունք:

Հաշմանդամների աշխատանքային գործունեությունը առաջին հերթին կարևորվում է սոցիալ-հոգեբանական և բարոյական տեսակետներից, քանի որ բնակչության այդ կատեգորիային հանրօգուտ աշխատանքին հաղորդակից դարձնելը նպաստում է նրանց ինքնորոշմանը, ինչպես նաև վերացնում հոգեբանական պատնեշը հաշմանդամ և առողջ ու աշխատունակ անձանց միջև:

Հատուկ աշխատանքային ռեժիմի և պայմանների կարիք ունեցող հաշմանդամները ձեռնարկություններում հաճախ դառնում են «անշահավետ» և, որպես կանոն, կրճատվում են առաջնահերթ: Իսկ ստեղծված տնտեսական իրավիճակում նրանց աշխատանքի հետագա տեղավորումը ծայրաստիճան դժվարանում է: Ուստի, տեղի է ունենում չզբաղված հաշմանդամների թվի աճ, ընդ որում նրանց աշխատանք փնտրելու ժամանակահատվածը գերազանցում է աշխատանք փնտրող բնակչության այլ կատեգորիաներինը:

Հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործատուների համար սահմանում է աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման կայուն քվոտաներ: Եթե գործատուն, անկախ պատճառներից, ըստ սահմանված քվոտայի չի կատարում աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման պահանջները, յուրաքանչյուր չհատկացված կամ չստեղծված աշխատատեղի դիմաց զբաղվածության հիմնադրամ է մուծում տուգանք` մեկ աշխատողի տարեկան միջին աշխատավարձի չափով:

Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունը, գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ կարող է հիմնել առանձին մասնագիտացված ձեռնարկություններ, կազմակերպել հաշմանդամների մասնագիտական ուսուցումը` զբաղվածության հիմնադրամի և համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

Համաձայն ՀՀ Կառավարության 1997 թ. հունիսի 25-ի թիվ 222 որոշման, աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և հատուկ մասնագիտական ուսուցման, խորհրդատվության, աշխատանքի վերականգնման և սոցիալական աջակցության կարիք ունեցող աշխատանք փնտրող հաշմանդամներին լրացուցիչ երաշխիքներ տալու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինները մշակում են հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրեր, ելնելով աշխատաշուկայի իրավիճակի վերլուծությունից և կանխատեսումից:

Աշխատանքային վերականգնման գործընթացը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1. Հաշմանդամներին անհրաժեշտ է առաջարկել այնպիսի աշխատանքներ, որոնք կհամապատասխանեն նրանց կրթական, մասնագիտական նախկինում ձեռք բերված հնարավորություններին և, փաստորեն, կհանդիսանան դրանց տրամաբանական շարունակությունը:

2. Աշխատանքային գործընթացի բնույթը պետք է համապատասխանի հաշմանդամի ֆիզիկական հնարավորություններին և ոչ մի դեպքում բացասաբար չանդրադառնա ունեցած հիվանդության ընթացքի վրա:

3. Աշխատանքային գործունեությունը պետք է նպաստի օրգանիզմի հարմարեցման նոր մեխանիզմների ձևավորմանն ու զարգացմանը:

4. Աշխատանքային պայմանները պետք է լինեն օպտիմալ` բացառելով վնասակար գործոնների առկայությունը:

5. Բժշկա-վերականգնողական հանձնաժողովի կողմից պետք է պարբերաբար ստուգվի նրանց առողջական վիճակը` պարզելու համար հիվանդության զարգացումը և սոցիալ-հոգեբանական փոփոխությունների ուղղությունը:

Աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքի տեղավորման տարբերակներն են.

- ձեռնարկություններ, որոնցում նրանց համար ստեղծված չեն հատուկ աշխատատեղեր.

- հատուկ սարքավորված աշխատատեղերով ձեռնարկություններ.

- հատուկ արտադրամասեր (տեղամասեր).

- հաշմանդամների աշխատուժը օգտագործող ձեռնարկություններ, այդ թվում` հաշմանդամների հասարակական միավորումներին պատկանող ձեռնարկություններ.

- ձեռնարկատիրական գործունեություն (տնայնագործություն):

Միաժամանակ պետք է նշել, որ այսօր քիչ թվով հաշմանդամներ են դիմել զբաղվածության ծառայություններին աշխատանք փնտրելու և վերջին հաշվով` աշխատանքի տեղավորելու նպատակով: Նույնիսկ աշխատանք փնտրող հաշմանդամների փոքր թվի պարագայում, ըստ զբաղվածության պետական ծառայության գնահատման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման խնդիրը կարելի է համարել ծայրաստիճան ծանր:

Ցավոք, ներկա տնտեսական իրավիճակում սովորական ձեռնարկությունների հետ մեկտեղ տեղի է ունենում հաշմանդամների և այլ անպաշտպան խավերի աշխատանքի համար տասնամյակների ընթացքում կազմավորված մասնագիտացված ձեռնարկությունների համակարգի քայքայում:

Ներկայիս տնտեսական կառուցվածքային փոփոխությունների պայմաններում աշխատանք փնտրող անձանց, այդ թվում նաև հաշմանդամների մասնագիտական կողմնորոշումը, բավականին դժվարացել է:

Թերևս կարելի է վստահորեն պնդել, որ մեր հանրապետությունում հաշմանդամների աշխատանքի վերականգնման գործում մասնագիտական կողմնորոշումը առավել թույլ և տեսականորեն պակաս մշակված օղակներից մեկն է:

ԲԱՓՀ-ների կողմից կատարվող նախնական մասնագիտական կողմնորոշումը ապահովված չէ մեթոդապես, հագեցված չէ տեխնիկական միջոցներով և չի համալրված անհրաժեշտ մասնագետներով: Ուստի, նրանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը առավելապես վերացական և ընդհանրացված բնույթ ունի: Նույն իրավիճակն է նաև զբաղվածության պետական ծառայության մարմիններում, որտեղ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը գործնականում վերածվում է լավագույն դեպքում մասնագիտական տեղեկատվության կամ էլ աշխատանքի և զբաղվածության ոլորտի օրենսդրության պարզաբանման:

Այսպիսով, երկու դեպքերում էլ հաշմանդամների մասնագիտության, ինչպես նաև մասնագիտական ուսուցման համար ուսումնական հաստատության ընտրությունը կատարվում է մոտավորապես և դա այն դեպքում, երբ հաշմանդամների մասնագիտական պատրաստվածության մակարդակը ամենաորոշիչն է աշխատանքային գործընթացում հաշմանդամների ինտեգրման արդյունավետության հարցում:

Հաշմանդամների մեծամասնության մասնագիտական ուսուցումը սովորական ուսումնական հաստատություններում շատ անգամ դառնում է անհնար` նրանց համար հատուկ հարմարեցված միջավայրի, ուսումնական ձեռնարկությունների և ծրագրերի բացակայության պատճառով:

Նկատի ունենալով աշխատաշուկայում հաշմանդամների մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը և նրանց մասնագիտական ուսուցման յուրահատկությունները, պետք է մշակվեն և ներդրվեն հեռակա-խորհրդատվական տարրեր պարունակող ուսուցման նոր ձևեր և վերանայվեն ուսումնական պլաններն ու ծրագրերը:

Այսպիսով, հաշմանդամների աշխատանքի տեղավորման համակարգում անհրաժեշտ արմատական բարեփոխումները պետք է ունենան խիստ արտահայտված վերականգնողական ուղղվածություն: ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում որոշակի աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ:

 

4.3. ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Կյանքի առաջին տարուց հետո երեխայի զարգացումը գրեթե դուրս է մնում բուժաշխատողների ուշադրությունից: Ասվածը հատկապես վերաբերում է զարգացման շեղումների ակտիվ հայտնաբերմանը, որը հիմնականում իրականացվում է ծնողների, իսկ ավելի ուշ` ուսուցիչների կողմից և միայն դրանից հետո որոշ ծնողներ դիմում են բժշկի, իսկ զարգացման շեղումներով շատ երեխաներ այդպես էլ դուրս են մնում մասնագետների ուշադրության ոլորտից:

Ներկայումս առաջնային բուժսպասարկման համակարգում մանկան զարգացման պրոցեսին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվելու հարցը արդեն գիտակցվում է և նախանշվում են հետևյալ հիմնական մոտեցումները.

1. Զարգացման պրոցեսի հսկումն իրականացնել մանկության ողջ ընթացքում:

2. Առաջնային բուժսպասարկման համակարգ ներմուծել այդ հսկման համար համապատասխան թեստեր, որոնք գործնական են, լիարժեք և ենթակա են քանակական վերլուծության:

3. Հատուկ ուշադրություն դարձնել զարգացման շեղումների հայտնաբերմանը աճի կրիտիկական շրջաններում, երբ դեռևս չեն ձևավորվել կայուն ու անդառնալի խանգարումներ: Առանձնապես կարևորել վաղ միջամտության ծառայության դերը:

4. Մշակել մեթոդական ցուցումներ զարգացման տարբեր շեղումների, դրանց հայտնաբերման ու բուժման մեթոդների մասին օգտագործելով նաև այլ երկրների փորձը:

5. Որդեգրել զարգացման շեղումների շտկման բազմամասնագիտական թիմային մոտեցում:

6. Մշակել հատուկ ուսումնական ծրագրեր և հատուկ մանկավարժական մոտեցումներ ուսուցման դժվարություններ, ուշադրության և վարքագծային խանգարումներ ունեցող երեխաների համար: Աշխատանք տանել ընտանիքների և բնակչության շրջանում` ուղղված երեխայի նորմալ զարգացման համար անհրաժեշտ սոցիալական միջավայրի ստեղծմանը, և զարգացման շեղումներ ունեցող երեխաների նկատմամբ նպաստավոր վերաբերմունքի ձևավորմանը:

Այս տեսանկյունից կարելի է կարևորել 1997 թ. ԱՄԵՐԻ ՔԱՐԵՍ (ԱՄՆ) կազմակերպության Հայաստանում անցկացրած ուսուցողական ծրագիրը երեխաների առաջնային բուժսպասարկման համակարգում` ընդգրկելով քաղաքային և մարզային մեկական պոլիկլինիկա:

Ծրագիրը բաղկացած էր 3 մասից. առողջ երեխա, հիվանդ երեխա և երեխայի զարգացում: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում երեխայի զարգացման բաժինը, որն առաջարկում է, ոչ միայն երեխայի զարգացման տարբեր ոլորտների գնահատման արդյունավետ ձևեր, այլև բացահայտում հաշմանդամ երեխաների հայտնաբերման միջմասնագիտական թիմային գնահատման և, հատկապես, վաղ միջամտության ծառայությունների կազմակերպման նշանակությունը:

Ըստ պաշտոնական տվյալների հանրապետությունում գրանցված են շուրջ 80.000 մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխա:

Երևան քաղաքում մանկական պոլիկլինիկաների կողմից սպասարկվող ավելի քան 300.000 երեխաներից հաշվառման մեջ են գտնվում մտավոր հետամնացությամբ մոտ 700 երեխա, իսկ հանրապետությունում շուրջ` 2.000, որը կազմում է հանրապետության երեխաների 0,2 օ/օ-ը:

Հաշմանդամ երեխաների թիվը իրականում ավելի մեծ է, եթե հաշվի առնենք, որ շատ ծնողներ ընկճվելով իրենց երեխաների վիճակից չեն դիմում հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար, հետևաբար և այդ երեխաները չեն հաշվառվում որպես հաշմանդամ:

Ներկայումս հաշմանդամ-երեխաների բժշկա-սոցիալական վերականգնողական խնդիրները համարվում են գերակշռող պետական քաղաքականության մեջ:

Այն իր արտացոլումն է գտել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որի 26 հոդվածում նշված է. «Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն` իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելու նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրություն և դրանց ձեռքբերումը»:

Օրենքի այդ դրույթին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է անվճար:

Երեխաների վերականգնողական բուժումը հանրապետությունում մինչև երկրաշարժը կազմակերպվում էր առողջապահության նախարարության համակարգում գործող մանկական առողջարաններում և ամբուլատոր բժշկական հիմնարկությունների վերականգնողական բաժանմունքներում:

Հիմնականում օգտագործվում էին բալնեոլոգիական, բնակլիմայական գործոններ, կիրառվում առավելապես ֆիզոթերապիայի և բուժական ֆիզկուլտուրայի մեթոդներ:

Կինեզիթերապիան լայն իմաստով նախկին համակարգում մեծ կիրառություն չի ունեցել: Մեծ տարածում ուներ երեխաների վերականգնողական բուժման կազմակերպման պրակտիկան նախկին Խորհրդային Միության, հատկապես Հյուսիսային Կովկասի առողջարաններում (Եվպատորիա, Եսենտուկի, Սակի և այլն):

Երկրաշարժի, ինչպես նաև Ղարաբաղի կոնֆլիկտով պայմանավորված, բռնագաղթվածների դեպի Հայաստան մեծ հոսքի պատճառով, մանկական առողջարանները, աղետից տուժվածներով և փախստականներով բնակեցված լինելու հետևանքով, դադարեցրին գործունեությունը ըստ իրենց նշանակության: Խորհրդային Միության փլուզման հետևանքով գրեթե բացառվեց նաև հանրապետությունից դուրս երեխաների վերականգնողական բուժման հնարավորությունը:

Վերականգնողական բաժանմունքների գործունեությունը խիստ սահմանափակվեց սոցիալ-տնտեսական հայտնի գործոնների պատճառով և այս ամենը այն պարագայում, երբ հանրապետությունում խիստ բարձրացել էր երեխաների վերականգնողական բուժման պահանջարկը (աղետից և պատերազմական գործողություններից տուժած հաշմանդամ երեխաներ, դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ և այլն):

Սակայն այս գործոնները մասամբ և խթանեցին մանկական վերականգնողական համակարգի նորովի զարգացումը: Երկրաշարժից հետո արտասահմանյան մասնագետների Հայաստանում ծավալած գործունեության, միջազգային կազմակերպությունների ներդրումների շնորհիվ ակտիվացավ երեխաների վերականգնողական բուժման կազմակերպման գործընթացը:

1989 թ. Հայաստանում լայնածավալ գործունեություն ծավալեց «Հույս» կազմակերպությունը: Սկզբնական շրջանում մեծ թվով երեխաներ վերականգնողական բուժման ուղարկվեցին ԱՄՆ, սակայն շուտով տեղում սկսվեց վերականգնողական ծառայության ստեղծման գործընթացը: Ամերիկյան գործընկերների հետ մշակվեց և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվեց «Մանկական վերականգնում» համատեղ ծրագիրը, որի շրջանակներում պատրաստվեցին անհրաժեշտ մասնագետներ (բժիշկ-վերականգնողներ, ֆիզոթերապևտներ, օրթեզիստներ և այլն):

Հայաստանում ստեղծվեց օրթեզների առաջին լաբորատորիան: Հիվանդ երեխաներին ցուցաբերվեց լայնածավալ գործնական օգնություն: Հետագայում ծրագիրը ընդարձակվեց: Գյումրի քաղաքում ևս ստեղծվեց երեխաների վերականգնողական ծառայություն: Երևան քաղաքում ԱԴՐԱ կազմակերպության կողմից կառուցվեց մանկական վերականգնողական կենտրոն, ուր և հետագայում կենտրոնացվեց «Հույս» կազմակերպության գործունեությունը: Մանկական վերականգնողական ծրագիրը տեղայնացվեց, կադրերի պատրաստման գործընթացը շարունակվեց տեղի մասնագետների ուժերով:

Աստիճանաբար հանրապետությունում ընդարձակվեց մանկական վերականգնողական ծառայության ցանցը: 1994 թ. ստեղծվեց «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը մտավոր ոչ հետամնաց, հենաշարժողական ֆունկցիաների ախտահարումներով և պատերազմական գործողություններից տուժած երեխաների համար: Ակտիվացավ և միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի երեխաների վերականգնողական բուժման ծրագրի շրջանակներում:

Գյումրիի և Խարբերդի մասնագիտացված մանկատներում Բելգիական և Հունական «Բժիշկներ առանց սահմանի» , Ֆիննական «Պաթմոս» կազմակերպությունները իրականացրին հաշմանդամ երեխաների բժշկա-հոգեբանական վերականգնողական ծրագրեր:

Միջազգային փորձի ներդրման հետ հանրապետությունում աստիճանաբար ներդրվեցին վերականգնողական բուժման նոր մեթոդներ: Կինեզեթերապիայի շեշտադրությամբ խնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերվեց համալիր մոտեցման սկզբունքը: Հաշմանդամ երեխաների վերականգնումը ներկայումս իրականացվում է մի շարք կենտրոններում (Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն, Վնասվածքաբանական և օրթոպեդիայի ԳՀԻ, 6-րդ մանկական նևրոլոգիական հիվանդանոց, շտապ օգնության մանկական հիվանդանոց):

Տարբեր վերականգնողական կենտրոնների ստեղծումը ինքնին դրական երևույթ է, քանի որ նպաստում է երեխայի խանգարված գործառույթների վերականգնմանը` լինի դա միայն շարժողական, թե համալիր խանգարումներով երեխաների համար, ինչպես նաև մատչելի է դարձնում այդ ծառայությունը տարածքային իմաստով:

Դրա հետ մեկտեղ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխան հաճախ հետազոտվում է տարբեր նեղ մասնագետների կողմից, ստանում է նրանց նշանակած բուժական և վերականգնողական, իսկ երբեմն էլ վիրահատական միջամտությունները, սակայն այդ բոլոր կատարվում է առանձին-առանձին: Գոյություն չունի ինչպես բազմամիջմասնագիտական թիմային մոտեցում, այնպես էլ համարժեք փոխհամագործակցություն կրթական և սոցիալական ծառայությունների միջև:

Նման մոտեցման բացակայության դեպքում անհնար է բավարարել հաշմանդամ երեխայի հատուկ կարիքները: Թիմային գործունեության միջմասնագիտական անտեսումը հղի է նաև տարբեր բարդություններով: Մասնավորապես, միայն շարժողական գործառույթի վերականգնմամբ զբաղվող վերականգնողական կենտրոններում ինտենսիվ և երկարատև միջամտության հետևանքով ոչ միայն կարող են ծանրանալ որոշ նյարդաբանական-ախտաբանական վիճակներ (էպիլեպտիկ նոպաներ, ներգանգային գերճնշում), այլև այդ ընթացքում կարող են անտեսվել զարգացման մյուս ոլորտների` զգայական, հաղորդակցման, մտավոր կարողությունների գնահատման կարևորությունը:

Ներկայումս հասունացել է այն միտքը, որ հաշմանդամ երեխաներին սպասարկող բոլոր բժշկական և վերականգնողական ծառայությունները պետք է գործեն փոխհամաձայնեցված, միասնական մոտեցումներով, շարունակական և համագործակցված ձևով` լավագույնս բավարարելով հաշմանդամ երեխաների բժշկական և խնամքին առնչվող կարիքները: Դա ենթադրում է լայնամասշտաբ սանիտարա-լուսավորչական և քարոզչական աշխատանք, բարեփոխումներ առաջին հերթին առաջնային բուժօգնության համակարգում և, որ ամենակարևորն է, երեխայի զարգացման գնահատման կենտրոնի կազմակերպում, որը և կհամատեղի այդ բոլոր մասնագիտական, կրթական, սոցիալական գիտահետազոտական և կազմակերպչական աշխատանքները:

 

4.4. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հաշմանդամների սոցիալ-հոգեբանական վերականգնման գործառույթներն իր մեջ ներառում են.

1. Բուժական ազդեցության համակարգը որպես հոգեթերապիա, դեղորայքային միջամտության և հոգեպրոֆիլակտիկ միջոցառումների համալիր, ուղղված հաշմանդամի հոգեկան և վերջինիս միջոցով նաև նրա ընդհանուր առողջական վիճակի վերականգնմանը:

2. Սոցիալական աջակցության համակարգը պետական հաստատությունների միջոցով:

Արդյունավետ սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ է ստեղծել միասնական վերականգնողական համալիր, որը կընդգրկի համապատասխան ենթակառուցվածքներ (բժշկական համալիր և այլն), որը սերտ պետք է փոխհարաբերի սոցիալական կառույցների հետ: Այս խնդիրների լուծումը հնարավոր է միջգերատեսչական մակարդակով:

Հոգեբանական վերականգնումը մի գործընթաց է, որն իրականացվում է հաշմանդամի նկատմամբ իր միկրոմիջավայրում: Հաշմանդամը չի առանձնացվում իր ընտանիքից, իր շրջապատից:

Հաճախ չեն կարողանում իրենց ընտանիքը ստեղծել, այսպես կոչված մանկուց հաշմանդամները: Այդ վիճակը հանդիսանում է ոչ միայն ֆիզիկական անառողջ դրության հետևանք, այլև արդյունքն է այն բանի, որ ծնողները չեն ապահովում երեխա-հաշմանդամի պատշաճ սոցիալ-հոգեբանական հարմարեցումը: Այդպիսի երեխան հնարավորություն չունի անցնելու սոցիալիզացիայի բոլոր էտապները, նրա հասունացումը հապաղում է, ամբողջ կյանքում այդ մարդը մնում է թերզարգացած, ուրիշներից կախված, պասիվ, իր ուժերին անվստահ, հարմարավետություն զգալով միայն իր մոտիկների շրջապատում: Այդպիսի կարգի հաշմանդամների համար, հատկապես տեսողական ֆիզիկական թերություն ունեցող, ամուսնանալը նշանավորում է իրենով կյանքի կազմավորման նոր փուլ, սոցիալական հասունության որոշակի աստիճանի հասնելուն:

Այդպիսի ընտանիքների բնորոշ գիծը հանդիսանում է այն, որ նրանց մեծամասնությունը կազմավորվում է ոչ փոխադարձ համակրանքի հիման վրա, այլ փոխադարձ համաձայնությամբ (որպեսզի չմնան միայնակության մեջ): Նրանց հետ զրուցելիս պարզվում է, որ փաստորեն բոլոր հաշմանդամները, այդպիսի ամուսնություններում նշում են, որ ընտանիքում էլ նրանք զգում են միայնակությունը, քանի որ պարտնյորի հետ չունեն ոչ մի ընդհանուր բան: Արտաքնապես այդ ընտանիքները համարվում են բավականաչափ ամուր: Չբավարարելով իրենց պարտնյորների ինտիմ-մոտիկության պահանջները հարաբերություններում, նրանք ծառայում են սոցիալական հաջողության ձևական հատկանիշին և այդ տեսակետից ստեղծում են որոշակի բավարարվածություն, իջեցնում են հոգեկան լարվածությունը:

Հոգեբանական պրոբլեմները էապես տարբերվում են հաշմանդամ երեխա ունեցող, ինչպես նաև մեծահասակ կամ զառամյալ հաշմանդամ ունեցող ընտանիքներում:

Երբ ընտանիքում հայտնվում է երեխան սահմանափակ հնարավորություններով, նա ապրում է կարծես թե երկու ճգնաժամ, ինքնստինքյան երեխայի ծնունդը փաստորեն հանդիսանում է ընտանեկան կյանքի ճգնաժամային փուլը, որը տանում է սոցիալական դերերի և ֆունկցիաների վերաիմաստավորման, հաճախ բերում է ընտանեկան վիճաբանությունների, վատացնում է ընտանիքի տնտեսական դրությունը: Երբ երեխան ունենում է հաշմանդամության հատկանիշներ, ապա այդ ճգնաժամը վերապրում են կրկնակի սրությամբ: Դա չափազանց կտրուկ փոխում է ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, խախտում է սոցիալական կապերը: Կտրուկ կերպով սրվում են հոգեբանական պրոբլեմները: Հաստատված է, որ ծնողների ճնշող մեծամասնության մոտ (առաջին հերթին մայրերի), առաջանում են սահմանափակ նյարդահոգեբանական խախտումներ, մեղքի և սեփական թերարժեքության զգացում: Նրանք սկսում են զգալ անճարակություն և ամոթ` շրջապատի առաջ, նեղացնում են շրջապատի հետ սոցիալական շփումը: Ընտանիքի կյանքը սկսում է ընթանալ խրոնիկական հոգետրավմատիկ իրադրության պայմաններում: Հաճախ այդ ընտանիքները քայքայվում են, իսկ երեխան, որպես օրենք, մնում է մոր մոտ: Ընտանիքը լինելով երեխայի հիմնական սոցիալական ադապտացիայի երաշխիքներից մեկը, ոչ միշտ է կարողանում պահպանել ընդունակությունը կատարելու այդ ֆունկցիան: Ծնողները հաճախ կորցնում են վստահությունը իրենց նկատմամբ ընդունակ չեն ճիշտ կազմակերպել երեխայի շփումը և դաստիարակությունը, չեն նկատում նրա իսկական պահանջները, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա հնարավորությունները: Դաստիարակության մեջ գերակշռում է ծնողական հիպերխնամակալությունը, դա էապես իջեցնում է երեխայի հնարավորությունը հարմարվելու մեծերի կյանքին:

Ընտանիքում պրոբլեմների առաջացումը, ներընտանեկան հարաբերությունների մեջ, որտեղ հաշմանդամ է դարձել տարեց մարդը, կապված է առաջին հերթին ընտանիքում սոցիալական դերերի և պարտականությունների փոփոխման հետ: Ընտանիքի անդամի սոցիալական դերի տրամաբանությունը, հաշմանդամ դառնալիս, կարող է բերել հիվանդագին հետևանքների, ինչպես ընտանիքի, այնպես էլ հաշմանդամի համար:

Արդյունքում հաշմանդամի մոտ կարող է առաջանալ մեղքի, անկարողության և բեռի զգացում, իսկ ընտանիքի անդամների մոտ գաղտնի կամ ակնհայտ դժգոհություն կամ ագրեսիա: Ամուսնական ընդհարումները այդ հողի վրա կարող են բերել ընտանիքի քայքայմանը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հատկապես մեծահասակ աշխատունակ հասակի հաշմանդամներով ընտանիքներում փոխհարաբերությունները ավելի անբարենպաստ են: Հարցման ընթացքում տարաձայնությունների վերացման պահանջին և ներընտանեկան լիարժեք հարաբերությունների վերականգնմանը կողմնակից են մեծահասակ հաշմանդամ ունեցող յուրաքանչյուր չորրորդ ընտանիքը (25,5 օ/օ):

Անբարենպաստ կարելի է համարել նաև իրենց խնամքի տակ տարեց հաշմանդամ ունեցող (17,0 օ/օ) յուրաքանչյուր վեցերորդ ընտանիքը: Հետաքրքիր է, որ այդպիսի ընտանիքները, որտեղ կան մի քանի ոչ աշխատունակ տարբեր կարգեր, պարզվում է ավելի քիչ «ընդհարումներով «են: Ընդհարումների իրադրության վերացմանը և լիարժեք ներընտրական շփման վերականգնմանը կարիք ունի այդ ընտանիքներից յուրաքանչյուր տասներորդը:

Այդպիսին են համառոտ սոցիալ-հոգեբանական տեսակետները հաշմանդամների տարբեր կատեգորիաների մոտ:

 

----------------------------------------------------

հեղինակների կողմից 5-8 կետերը տես հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.1998
N 220
Որոշում