Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒ ...

 

 

050.0016.290208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        02            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2008 թվականի N 16-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերը, 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասը, 38-րդ հոդվածի 10-րդ կետը, 40-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 44-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 45-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 8-րդ մասերը, 47-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, 221-րդ հոդվածի 1-ին մասը, 222-րդ հոդվածի 17-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը` համաձայն Հավելվածի (այսուհետ` Կանոնակարգ 4/01):

(1-ին կետը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

2. 2008 թ. հունիսի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 15-րդ, 16-րդ, 17-րդ բաժինները, 58.1-3 (ա), 62.1-2 (գ), 62.1 ա-1, 62.1 բ-1, 62.1 բ-2, 62.1 գ-1, 62.1 ե-1, 62.1 զ-1, 66.4-2 ՄԱ, 66.4-3 ՄԱ, 66.4-4 ՄԱ, 66.4-5 ՄԱ ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հունվարի 15-ի

թիվ 16-Ն որոշման

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/01

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ընկերության գրանցման և լիցենզավորման կարգը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության, ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման կարգը,

3) ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու համաձայնություն ստանալու կարգը,

4) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող կանոնադրություններում, ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման կարգը,

6) ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության դադարեցման (ներառյալ` ժամանակավոր դադարեցման) կարգը և պայմանները,

7) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,

8) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագրի ձևը, ինչպես նաև գործարար ծրագրի և դրանում կատարվող փոփոխությունների ներկայացման կարգը և ժամկետները,

9) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի և ներդրումային ընկերության մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները,

10) ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքերը,

11) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ` ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկանքի և ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, ներդրումային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագրին կից աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել ֆորմատով: Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագրին կից աղյուսակները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

3. Նոր ստեղծվող ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում` ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է էքսել (exceլ) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը` «Փի Դի Էֆ» ֆորմատով:

4. Գործող ներդրումային ընկերությունների և դրանց տարածքային ստորաբաժանումների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

5. Նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումային ընկերությունների նոր ստեղծվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված պահանջը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային-թվային ստորագրություն ստանալու պահից: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք, երբ արդեն միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին և ստացել են անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ ՍԻ-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ համապատասխան ստորագրությունն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացուցչությունների, ներդրումային ընկերությունների` Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գրանցված կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացուցչությունների համար սույն կետով սահմանված հնգօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:

7. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական և գիտակցում են, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

8. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|Ներդրու-   |գծիկ|Փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի  |գծիկ|ամսաթիվ`|կետ|ընդլայ-|

|մային ընկե-|    |տեսակը   |    |բովանդակու-|    |օօաատտ  |   |նումը  |

|րության    |    |         |    |թյունը     |    |ֆորմատով|   |       |

|անվանումը  |    |         |    |(12 նիշի   |    |        |   |       |

|           |    |         |    |սահման-    |    |        |   |       |

|           |    |         |    |ներում)    |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

օրինակ

._____________________________________________________________________.

|ԱԲԳ        | _  |միջնորդա-| _  |Կանոնադր.  | -  |250913  | . |pdf    |

|           |    |գիր      |    |փոփ.       |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

9. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում` հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

10. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:

11. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:

12. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

13. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա Կենտրոնական բանկ պետք է կրկին ներկայացվի փոփոխված փաստաթուղթը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառվում են հետևյալ սկզբունքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով.

1) եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը,

2) եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը,

3) եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

15. Սույն կանոնակարգով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմված լինեն.

1) հաշվապահական հաշվառման այն ստանդարտների համապատասխան, որոնք «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառումը վարելիս և ֆինանսական հաշվետվությունները կազմելիս և ներկայացնելիս, կամ

2) օտարերկրյա իրավաբանական անձանց դեպքում` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտների համապատասխան:

16. Սույն կանոնակարգով պահանջվող օտարերկրյա իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվություններին կից աուդիտորական եզրակացությունները ներկայացվում են դրանց առկայության դեպքում, բացառությամբ` ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերման համար իրավաբանական անձանցից պահանջվող ֆինանսական հաշվետվություններին կից ներկայացվող աուդիտորական եզրակացությունների:

17. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական և/կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

18. Կենտրոնական բանկի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` դիմումի, միջնորդագրի կամ ցանկացած այլ միջնորդության քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և քննության համար սահմանված ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

19. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալի համալրումը (կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացումը) Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում ներդրումային ընկերության հիմնադիրները (ներդրումային ընկերությունը) Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ինչպես նաև կուտակային հաշվի բացման համար վճարման անդորրագիրը:

20. Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ ներդրումային ծառայությունների մատուցման կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն կետով սահմանված Կենտրոնական բանկի պարտավորության չկատարումը կառավարչին չի ազատում օրենքով սահմանված պատասխանատվությունից կամ սահմանափակում երրորդ անձանց նկատմամբ նրա պատասխանատվությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

21. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) «Օրենք»` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

3) «հանձնաժողով»` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

4) «Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ»` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ օրենքների համաձայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,

5) «ֆինանսական խումբ (միություն)»` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10` «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ» ստանդարտով կամ միջազգայնորեն ընդունված այլ ստանդարտով սահմանված դեպքերում համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտ,

6) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, կորպորատիվ ֆոնդ, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միություն, վճարահաշվարկային կազմակերպություն,

7) «ներդրումային ընկերության տարածքային ստորաբաժանում»` ներդրումային ընկերության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն,

8) «հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

9) «անձնագրի տվյալներ»` անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,

10) «ֆինանսական հաշվետվություններ»` Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն, Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն, Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ:

22. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ

 

23. Սույն կանոնակարգի իմաստով` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի առկա կամ հնարավոր վատթարացում են համարվում հետևյալ դեպքերը, երբ.

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվը (նորմատիվները) կամ հավանական է հիմնական տնտեսական նորմատիվի (նորմատիվների) խախտումը, և (կամ)

2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի մոտ հավանական է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում սահմանված անվճարունակության հիմքերի առաջացումը:

 

ԳԼՈՒԽ 4
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

24. Բանկը ներդրումային ծառայությունների մատուցման մասին այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 23-ի:

25. Բանկը սույն կանոնակարգի 24-րդ կետով սահմանված տեղեկացմանը կից Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարների մասին տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի, ընդ որում ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի,

2) ներդրումային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող աշխատակիցների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները,

3) ներդրումային ծառայությունների (ներառյալ` լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների) մատուցման կանոնների նախագծերը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ով (այսուհետ` Կանոնակարգ 4/07) սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում բանկի ներդրումային ծառայությունների մատուցման կանոնների նախագծերը ներառում են այս ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:

(25-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն որոշումներ)

 

ԲԱԺԻՆ II
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 5
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

26. Ներդրումային ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր փաստաթղթերը, ընդ որում`

ա. գրանցման և լիցենզավորման մասին դիմումը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, ընդ որում, դիմումի մեջ ներառվում է ներդրումային ընկերության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,

բ. ստեղծվող ներդրումային ընկերության ստեղծման մասին հիմնադիր պայմանագիրը (որոշումը),

գ. ներդրումային ընկերության ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի, իսկ ղեկավարի կամ նրա գործունեության մասին տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի, ընդ որում սույն կանոնակարգի Հավելված 8-ում ներառվում են ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները,

գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

դ. գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 26-ի,

ե. ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը) և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետի հիման վրա սահմանված` Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

զ. ընկերության բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ տեղեկությունները (տեղեկանքը) ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի,

է. որպես Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված ներդրումային ընկերության գործունեության կանոնակարգերի նախագծեր ներկայացվում են առնվազն ներդրումային ընկերության գործունեությունը կարգավորող այն բոլոր ներքին իրավական ակտերը, որոնց առկայությունը օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի համաձայն պարտադիր է գործող ներդրումային ընկերության համար` լիցենզիա ստանալու դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ,

ը. ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 3-րդ բաժնով սահմանված փաստաթղթերը,

թ. ներդրումային ընկերության հիմնադիրների ժողովի հաստատած կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

ժ. լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները,

ժա. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը.

2) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև դիմումատուի կողմից նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը,

3) սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է ներդրումային ընկերության գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորագիր տված անձի` այդ տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 21-ի և Հավելված 22-ի,

5) ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 21-ի և Հավելված 22-ի,

6) ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

(26-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն, 14.12.2022 թիվ 220-Ն որոշումներ)

27. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում տվյալ ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են.

1) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող տեղեկությունները,

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,

3) միջազգային կազմակերպություն, կամ

4) միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից սահմանված «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում):

28. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները չեն ներկայացվում ստորև նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են

1) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

(28-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

29. Ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումները, պետական գրանցման համարները և գտնվելու վայրերը, ինչպես նաև փոխկապակցված ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, հանրային ծառայությունների համարանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի տվյալները:

30. Ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց համար, որոնք ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, չեն ներկայացվում սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները, փոխարենը ներկայացվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հաշվետվությունը (տեղեկությունները), ընդ որում, միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ փոխկապակցված անձի կամ նշանակալից մասնակցի առկայության դեպքում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից`

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

31. Կենտրոնական բանկը կարող է ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով պահանջել սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով, իսկ եթե ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա նաև սույն կանոնակարգի 30-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները):

32. Եթե սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով կամ 30-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են համապատասխանաբար իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկ կարող է ներկայացվել համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:

33. Ներդրումային ընկերությանը լիցենզիան տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Ընդ որում, սույն կանոնակարգի Հավելված 1-ում «Ներդրումային ծառայության անվանումը» տողում լրացվում են ներդրումային այն ծառայությունները, որոնց իրականացման համար ներդրումային ընկերությունը ստացել է լիցենզիա:

34. Ներդրումային ընկերության գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի:

 

ԳԼՈՒԽ 6
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

35. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը մասնաճյուղի պետական գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ընդ որում`

ա. գրանցման և լիցենզավորման մասին դիմումը ներկայացվում է դիմող կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված իրավասու կառավարման մարմնի որոշմամբ վավերացված` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի:

բ. մասնաճյուղի գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 26-ի,

գ. օտարերկրյա ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 27-ի:

դ. օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի, իսկ ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի, ընդ որում մասնաճյուղի ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի,

դ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

ե. որպես Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնակարգերի նախագծեր ներկայացվում են առնվազն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեությունը կարգավորող այն բոլոր ներքին իրավական ակտերը, որոնց առկայությունը օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի համաձայն պարտադիր է օտարերկրյա ներդրումային ընկերության գործող մասնաճյուղի համար` լիցենզիա ստանալու դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ,

զ. օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

է. լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները,

ը. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում` թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը,

2) մասնաճյուղի տարածքի սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

3) սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված պահանջներին մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր,

4) օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 21-ի և Հավելված 22-ի,

5) օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 21-ի և Հավելված 22-ի,

6) օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

7) օտարերկրյա ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց համար սույն կանոնակարգի 88-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,

8) հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության վարկանիշն ըստ Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված վարկանիշների առնվազն եղել է «AA-» կամ ըստ Մուդիզ վարկանշային գործակալության կողմից տրամադրված վարկանիշի առնվազն եղել է «Aa3»` սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվա դրությամբ: Ընդ որում, եթե մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերությունն ունի երկու և ավելի վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշեր, ապա սույն ենթակետի իմաստով հիմք է ընդունվում դրանցից խստագույնը (ամենացածրը),

9) հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման վայրի երկրի արժեթղթերի շուկայի կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմինը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IՕSCՕ (ԱյՕուԷսՍիՕու)) «Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» բազմակողմ համաձայնության հուշագիրը,

10) մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից տրված պարտավորագիր (երաշխավորագիր)` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կողմից այդ մասնաճյուղի գործունեությունից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում այդ պարտավորությունները օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից առանց որևէ պայմանի (նախապայմանի) անհապաղ կատարելու վերաբերյալ,

11) մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերությանը գրանցման վայրի երկրի ներդրումային ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստումն առ այն, որ օտարերկրյա ներդրումային ընկերությունը չի խախտել տվյալ երկրի ներդրումային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում, իսկ եթե մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գործունեությունը պակաս է երկու տարուց, ապա` գործունեության ողջ ընթացքում,

12) Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության անունով ավանդի ներդրումը հավաստող փաստաթղթեր: Ընդ որում, սույն ենթակետով սահմանված ավանդը պետք է առնվազն կազմի.

ա. 8 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 8 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ, եթե օտարերկրյա ներդրումային ընկերությունը դիմել է առանց տիրապետելու հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման և (կամ) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայության, և (կամ) արժեթղթերում ներդրումների հետ կապված հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար,

բ. 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ, եթե օտարերկրյա ներդրումային ընկերությունը դիմել է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին) տիրապետմամբ հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայության և (կամ) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար,

գ. 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ, եթե օտարերկրյա ներդրումային ընկերությունը դիմել է արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության կամ արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար,

դ. 120 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 120 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ, եթե օտարերկրյա ներդրումային ընկերությունը դիմել է իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարման ծառայության, արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման ծառայության, արժեթղթերի պահառության ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար,

ե. միաժամանակ մի քանի տեսակի ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար դիմած օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից ներդրված ավանդի մեծությունը պետք է բավարարի սույն ենթակետով տվյալ ներդրումային ծառայության կամ ոչ հիմնական ծառայության համար սահմանված չափերից առավելագույնին,

զ. սույն ենթակետով սահմանված ավանդի պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ ավանդը ավանդատուի պահանջով ենթակա է վերադարձման բացառապես Կենտրոնական բանկի նախնական համաձայնության դեպքում: Միևնույն ժամանակ, մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերությունը ստանձնել է անվերապահ պարտավորություն, համաձայն որի` այն դեպքում, երբ օրենքի համաձայն, ավանդի գումարը ենթակա է անվերապահ վերադարձման` անկախ կողմերի համաձայնությունից, վերադարձված գումարը համապատասխան բանկից ստանալուց հետո պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում որպես ավանդ մուծել Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում` սույն ենթակետով սահմանված պայմաններով,

13) հայտարարություն այն մասին, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր և/կամ տվյալ երկրի համար ՖԱԹՖ-ի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակվել,

14) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

15) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև դիմումատուի կողմից նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը:

(35-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն, 14.12.2022 թիվ 220-Ն որոշումներ)

36. Սույն կանոնակարգի 35-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում ստորև նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են.

1) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,

2) միջազգային կազմակերպություն, կամ

3) միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից սահմանված «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում):

37. Սույն կանոնակարգի 35-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում ստորև նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են.

1) օտարերկրյա ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

(37-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 261-Ն որոշում)

38. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 37-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումները, պետական գրանցման համարները և գտնվելու վայրերը, ինչպես նաև փոխկապակցված ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, հանրային ծառայությունների համարանիշը, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի տվյալները:

39. Օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց համար, որոնք ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, չեն ներկայացվում սույն կանոնակարգի 35-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, փոխարենը ներկայացվում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հաշվետվությունը (տեղեկությունները), ընդ որում` միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ փոխկապակցված անձի կամ նշանակալից մասնակցի առկայության դեպքում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից.

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

40. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման և լիցենզավորման գործընթացի ժամանակ օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով պահանջել սույն կանոնակարգի 35-րդ կետի 6-րդ ենթակետով, իսկ եթե օտարերկրյա ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 39-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները):

41. Եթե սույն կանոնակարգի 35-րդ կետի 6-րդ ենթակետով կամ 39-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են համապատասխանաբար իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկ կարող է ներկայացվել համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:

42. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին տրամադրվում է լիցենզիա, եթե Կենտրոնական բանկի և մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման երկրի ներդրումային ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) ներդրումային ոլորտում համագործակցության վերաբերյալ:

43. Օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին լիցենզիան տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Ընդ որում, սույն կանոնակարգի Հավելված 1-ում «Ներդրումային ծառայության անվանումը» տողում լրացվում են ներդրումային այն ծառայությունները, որոնց իրականացման համար օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը ստացել է լիցենզիա:

44. Օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

 

ԳԼՈՒԽ 7
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

45. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը ներկայացուցչության գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) «Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բոլոր փաստաթղթերը, ընդ որում`

ա. գրանցման համար դիմումը ներկայացվում է դիմող կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված իրավասու կառավարման մարմնի որոշմամբ վավերացված` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, ընդ որում դիմումում ներկայացվում է նաև ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,

բ. օտարերկրյա ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 27-ի,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը, ընդ որում ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը,

3) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև դիմումատուի կողմից նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը.

4) ներկայացուցչության գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) տեղեկանք ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի:

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.02.2022 թիվ 21-Ն որոշում)

(45-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն որոշումներ)

46. Օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

 

ԳԼՈՒԽ 8
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

47. Գործող ներդրումային ընկերությունը լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Ընդ որում` լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմումը ներկայացվում է դիմումատուի կանոնադրությամբ ամրագրված իրավասու կառավարման մարմնի որոշմամբ վավերացված` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, իսկ գործարար ծրագրում կատարված փոփոխությունները ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 26-ի:

 

ԳԼՈՒԽ 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

48. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղը գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ընդ որում`

ա. մասնաճյուղ գրանցելու վերաբերյալ ներդրումային ընկերության միջնորդագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ընդ որում միջնորդագրում ներառվում է ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,

բ. մասնաճյուղի գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 26-ի,

գ. մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

դ. մասնաճյուղի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

2) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև դիմումատուի կողմից նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը,

3) ներդրումային ընկերության կանոնադրությամբ ամրագրված կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,

4) առանձնացված տարածքի նկատմամբ ներդրումային ընկերության սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը, ընդ որում ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

5) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված պահանջներին մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ, եթե սույն կետով սահմանված միջնորդագրում կատարվել է նշագրում` մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը միջնորդագրում նշված ժամկետում համապատասխանեցնելու մասին:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.02.2022 թիվ 21-Ն որոշում)

(48-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն, 14.12.2022 թիվ 220-Ն որոշումներ)

49. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչությունը գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բոլոր փաստաթղթերը, ընդ որում` ներդրումային ընկերության ներկայացուցչության գրանցման համար դիմումը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, որը ներառում է ներկայացուցչություն բացելու հիմնավորումը, իսկ կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

2) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև դիմումատուի կողմից նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը,

3) ներկայացուցչության տարածքի նկատմամբ ներդրումային ընկերության սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը, ընդ որում ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

5) ներկայացուցչության գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.02.2022 թիվ 21-Ն որոշում)

(49-րդ կետը փոփ. 10.12.2018 թիվ 209-Ն, 08.02.2022 թիվ 21-Ն, 14.12.2022 թիվ 220-Ն որոշումներ)

50. Ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի:

 

ԳԼՈՒԽ 10
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

 

51. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելիս Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր փաստաթղթերը, ընդ որում միջնորդագիրը ներկայացնում է համաձայն Հավելված 5-ի, իսկ գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 26-ի,

2) ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին,

3) մասնաճյուղի կանոնադրությունը,

4) մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

5) ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,

6) սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված պահանջներին մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ, եթե սույն կետով սահմանված միջնորդագրում կատարվել է նշագրում` մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը միջնորդագրում նշված ժամկետում համապատասխանեցնելու մասին:

7) առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման (և (կամ) լիցենզավորման) պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորագիր տված անձի` այդ տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

(51-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

52. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացուցչություն ստեղծելիս Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, ընդ որում` միջնորդագիրը ներկայացնում է համաձայն Հավելված 28-ի, որում ներառվում է նաև ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,

2) ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն բացելու մասին,

3) ներկայացուցչության կանոնադրությունը,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

6) առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է ներդրումային ընկերության ներկայացուցչության գրանցման (և (կամ) լիցենզավորման) պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորագիր տված անձի` այդ տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

(52-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 220-Ն որոշում)

53. Ներդրումային ընկերությունը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորելուց, արտոնագրելուց) հետո տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթը` կցելով մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցված կանոնադրությունը:

 

(կանոնակարգը խմբ. 15.07.14 թիվ 201-Ն որոշում)

 

(կանոնակարգը փոփ. 22.09.09 թիվ 280-Ն, 01.12.09 թիվ 353-Ն, 20.12.11 թիվ 357-Ն, 13.11.12 թիվ 312-Ն, 01.07.09 թիվ 192-Ն, 25.12.12 թիվ 373-Ն որոշումներ)

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.01.2008
N 16-Ն
Որոշում