Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

110.0077.170498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

25 մարտի 1998 թ. թիվ 77-Մ

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման համար

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `

 

1. Հաստատել «Փոխադրման, ավարտման և քննությունների» կարգը:

2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

____________________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

                                          20     ՄԱՐՏԻ

                                        «____» _____________ 1998 թ.

                                        ԿՈԴ 110

 

ԿԱՐԳ

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. 1-3-րդ դասարաններում բոլոր աշակերտները, որպես կանոն, փոխադրվում են

հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման

պայմանով: Առանձին դեպքերում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում

դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ: Նույն դասարանում մնալու հիմք

կարող է ծառայել աշակերտի երկարատև հիվանդությունը կամ այլ պատճառ`

ծնողի /օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:

2. 5-7-րդ և 9-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան

դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են հաջորդ

դասարան:

3. 4-րդ դասարանի բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների

ստուգումից դրական գնահատականներ ունեցող աշակերտները փոխադրվում են

5-րդ դասարան:

4. 8-րդ դասարանի բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, որակավորման

քննություններից /ստուգումներից/ դրական գնահատական ստացած

աշակերտները ստանում են հիմնական /ութամյա/ կրթության ատեստատ

/վկայական/:

5. 10-րդ /11-րդ/ /այսուհետև 10-րդ դասարան/ դասարանի բոլոր ուսումնական

առարկաներից տարեկան, պետական քննություններից դրական գնահատականներ

ունեցող շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության ատեստատ:

Դպրոցում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով, տվյալ առարկայից

/առարկաներից/ գնահատականներ չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ

առարկայից կարող է հանձնել քննություն` էքստեռն կարգով: Այդ քննության

արդյունքը հիմք է հանդիսանում ատեստատում գնահատական նշանակելու

համար:

6. 4-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական

/ստուգման/ անբավարար գնահատական ունեցող աշակերտների փոխադրման կամ

ավարտման հարցը որոշվում է նրանց տրված ամառային առաջադրանքների

ստուգման (վերաքննության) արդյունքներով:

Աշակերտին ամառային առաջադրանք տալու մասին դպրոցի մանկխորհրդի

որոշումը ծնողին տեղյակ է պահվում մանկխորհրդի նիստից հետո 3 օրվա

ընթացքում:

Մայրենի լեզուն և գրականությունը, հանրահաշիվը և երկրաչափությունը,

հայոց պատմությունը և պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը և

աշխարհագրությունը համարվում են առանձին առարկաներ:

7. 4-9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր 3 և ավելի ուսումնական

առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատական, մնում են նույն

դասարանում դասընթացը կրկնելու համար:

10-րդ դասարանում 3 և ավելի տարեկան անբավարար գնահատական ունեցող

աշակերտները չեն թույլատրվում մասնակցելու ավարտական քննություններին:

8. 10-րդ դասարանի այն աշակերտները, որոնց չի թույլատրվում մասնակցելու

պետական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար

գնահատականների թիվը /տարեկան և քննական/ դարձել է 3 և ավելի կամ

ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել

են անբավարար գնահատական, դուրս են մնում դպրոցից: Նրանց իրավունք է

վերապահվում հաջորդ տարին նույն դպրոցում նորից քննություններ հանձնել

այն առարկաներից, որոնցից տարեկան կամ քննական անբավարար գնահատական

ունեն: Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրանց իրավունք է

վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի դպրոցներից մեկում`

մարզային կրթության բաժնի ուղեգրով:

Հաջորդ ուսումնական տարում թեկուզ մեկ ուսումնական առարկայից քննական

անբավարար գնահատական ստանալու դեպքում նրանց իրավունք է վերապահվում

հետագայում միջնակարգ դպրոցի դասընթացի քննություններ հանձնել էքստեռն

կարգով` ընդհանուր հիմունքներով:

9. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են

դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում`

հաշվի առնելով կիսամյակային /քառորդային/ գնահատականները և աշակերտի

փաստացի գիտելիքները:

Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական

պատրաստության առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով

աշակերտի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ

առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ

դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

10. Բոլոր դասարաններում աշակերտները գնահատվում են վարքից: Սահմանվում է

վարքի հետևյալ գնահատականներ` «օրինակելի», «բավարար» և

«անբավարար»:

Վարքի գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով դասավանդող

ուսուցիչների կարծիքը:

Վարքի տարեկան գնահատական նշանակում է դասղեկը` հաշվի առնելով վարքի

կիսամյակային /քառորդային/ գնահատականները և դասավանդող ուսուցիչների

կարծիքը: Վարքից «անբավարար» գնահատական ունեցող աշակերտի դպրոցից

հեռացման հարցը որոշում է մանկխորհուրդը:

Ուսումնական տարվա ընթացքում 160 ժամ դասերից անհարգելի բացակայած

աշակերտներն ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական

առարկաներից հանձնում են քննություններ, որոնց արդյունքների հիման վրա

մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում նրանց փոխադրվելու կամ

ավարտելու մասին:

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումներ անցկացվում են

«Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/ դպրոցի տնօրենի

սահմանած կարգով ՀՀ կրթության և գիտության նախարարության

/այսուհետ` նախարարություն/ սահմանած միասնական օրերին` հունիսի

1-5-ը, ռուսերենով ուսուցման դպրոցներում /դասարաններում/ կարող է

անցկացվել ստուգում նաև ռուսաց լեզվից:

Գիտելիքների ստուգումները կատարում են տվյալ առարկայի ուսուցիչը և

տնօրենի կողմից նշանակված ընթերական:

12. 8-րդ դասարանում որակավորման ստուգումներն անցկացվում են հայոց

լեզվից /գրավոր/, մաթեմատիկայից /գրավոր/, ռուսաց կամ որևէ օտար

լեզվից /գրավոր` դպրոցի ընտրությամբ/, ռուսերենով ուսուցման

դպրոցներում /դասարաններում/ հայոց լեզվից /գրավոր/, մաթեմատիկայից

/գրավոր/, ռուսաց լեզվից /գրավոր/ դպրոցի տնօրենի սահմանած կարգով,

նախարարության սահմանած միասնական օրերին, հունիսի 1-10-ը:

Որակավորման ստուգումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից`

հետևյալ կազմով` նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի մեկ

անդամ:

13. 10-րդ դասարանում` պետական քննություններ անցկացվում են հայոց լեզվից

/գրավոր/, մաթեմատիկայից /գրավոր/, հայոց պատմությունից /բանավոր կամ

գրավոր/: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/` հայոց

լեզվից /գրավոր/, մաթեմատիկայից /գրավոր/, հայոց պատմությունից

/բանավոր/, ռուսաց լեզվից /գրավոր/, նախարարության սահմանած կարգով

և միասնական օրերին` հունիսի 1-15-ը: Վարժարաններում /վարժարանային

ուսուցմամբ դասարաններում/ շրջանավարտները հանձնում են ևս երկու

քննություն, որոնց անցկացման կարգը և օրերը /հունիսի 1-5-ը/ որոշում

է դպրոցի մանկխորհուրդը:

Պետական քննություններն ընդունվում են հանձնաժողովի կողմից հետևյալ

կազմով` նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի 2 անդամ:

14. Քննական առաջադրանքները` հայոց լեզվից, մաթեմատիկայից բոլոր

դասարաններում կազմվում են նախարարության կողմից, որոնք հաղորդվում

են ռադիոյով` այդ առարկաների գրավոր քննությունները սկսելուց կես ժամ

առաջ /այդ ընթացքում աշակերտները և քննական հանձնաժողովի անդամները

պետք է լինեն քննասենյակում/: Ամառային առաջադրանքների և

վերաքննությունների (ստուգումների) տեքստերը կազմում են դպրոցների

առարկայական մեթոդմիավորումները, հաստատում են տնօրենները:

Վերաքննություններն (ստուգումները) անց են կացվում օգոստոսի 20-28-ը:

Ռուսերենով ուսուցմամբ 4-րդ դասարանի ռուսաց լեզվի, 8-րդ դասարանի

ռուսաց կամ օտար լեզվի, վարժարանների լրացուցիչ քննությունների

տեքստերը կազմում են դպրոցի առարկայական մեթոդմիավորումները: Այդ

քննություններն անց են կացվում նախարարության սահմանած ժամկետներում`

դպրոցի սահմանած կարգով:

10-րդ դասարանում հայոց պատմության քննությունն անցկացվում է

նախարարության կողմից հաստատված միասնական հարցատոմսերով:

15. Աշակերտներին չի թույլատրվում քննություններին իրենց հետ բերել

տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց նյութեր:

16. Գրավոր աշխատանքները կատարելու և բանավոր պատասխաններին

պատրաստվելու համար քննվողներին տրվում է դպրոցի դրոշմակնիքով կնքված

տետր /թուղթ/, ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդներին` նախարարության

կողմից կնքված տետր /թուղթ/:

17. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն

այն հանձնում են կիսատ վիճակում:

18. Քննական գրավոր աշխատանքները մինչև դրանց ստուգման ավարտը պահվում

են քննական հանձնաժողովի նախագահի մոտ: Քննական աշխատանքների

ստուգումն ավարտվում է քննության օրը:

19. Աշակերտի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս,

քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու

դեպքում հարցը լուծվում է ձայների մեծամասնությամբ: Հավասար ձայների

դեպքում 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած

գնահատականը, 8-րդ և 10-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի

առաջարկածը:

20. 4-րդ 8-րդ և 10-րդ դասարաններում որակավորման ստուգումներին և

քննություններին թույլատրվում են այն աշակերտները, ովքեր բոլոր

առարկաներից ստացել են տարեկան դրական գնահատական կամ ոչ ավելի երկու

առարկայից անբավարար գնահատական: Տվյալ առարկայից /առարկաներից/

անբավարար գնահատական ունեցող աշակերտներին չի թույլատրվում

մասնակցել այդ առարկայի քննությանը:

21. Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի

առկայության դեպքում/ և այդ ընթացքում առողջացած աշակերտներին

մինչև քննությունների ավարտը թույլատրվում է հանձնել մնացած և բաց

թողած առարկաների քննությունները: Մինչ քննությունների ավարտը

չապաքինված աշակերտները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը:

22. 10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր հանրահաշիվ և անալիզի

հիմունքներ կամ երկրաչափություն առարկայից ունեն տարեկան անբավարար

գնահատական, մասնակցում են մաթեմատիկայի պետական քննությանը: Դրանից

դրական գնահատական ստանալու դեպքում ամառային առաջադրանք են հանձնում

միայն այն առարկայից, որից ստացել են անբավարար գնահատական: Եվ,

հանրահաշվից, և, երկրաչափությունից տարեկան անբավարար գնահատական

ունեցող շրջանավարտները մաթեմատիկայի պետական քննությանը չեն

թույլատրվում և ամառային առաջադրանք են հանձնում ինչպես հանրահաշվից

և երկրաչափությունից, այնպես էլ մաթեմատիկայից:

23. Բոլոր դասարաններում բոլոր առարկաների քննությունները /ստուգումները/

գնահատվում են 20 բալային համակարգով: Տվյալ առարկայի տարեկան և

քննական /ստուգման/ գնահատականներն ատեստատում գրանցվում են առանձին:

Վերջնական գնահատական չի նշանակվում: Մինչև 7 միավորը ներառյալ

համարվում է անբավարար գնահատական:

 

Սույն հրահանգը մշակվել է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության

կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» հ. 36 որոշմամբ

հաստատված կանոնադրության 2-րդ գլխի 4-րդ կետի «է» ենթակետի և

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի

«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության

օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 150 որոշման

համաձայն:

 

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «17»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 129800109

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
25.03.1998
N 77-Մ
Հրաման