Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0242.150498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 1998 թ. թիվ 242

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթներին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կանանց հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման գործողությունների ազգային ծրագրի 1998-2000 թվականների համար.

բ) մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կանանց վիճակի բարելավման և «Կանանց նկատմամբ ամեն տեսակի խտրականության վերացման մասին» կոնվենցիայի կատարման մասին տարեկան զեկույց:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթները (այսուհետև` հիմնադրույթներ) սահմանում են Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Հիմնադրույթները նպատակաուղղված են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների Հայաստանի Հանրապետության սահմանադրական դրույթի, «Կանանց նկատմամբ ամեն տեսակի խտրականության վերացման մասին» կոնվենցիայի, կանանց IV համաշխարհային համաժողովի (Պեկին, 1995 թվական) հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պարտավորությունների կատարմանը` ելնելով հանրապետության արդի սոցիալ-տնտեսական իրավիճակից:

Ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելիս կանանց վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության գլխավոր նպատակը պետք է հանդիսանա նրանց լիակատար և իրավահավասար մասնակցության ապահովումը հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգևոր կյանքին:

Հանրապետության բնակչության 51,8 տոկոսը կանայք են, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների մեջ նրանք կազմում են շուրջ 60 տոկոս: Կանանց զբաղվածությունը մեծ է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և մշակույթի ոլորտներում: Հանրապետությունում գործում են կանանց երեք հասարակական-քաղաքական և շուրջ 45 հասարակական կազմակերպություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում և Հայաստանի Հանրապետության օրենքներում սահմանված են տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքներ և ազատություններ: Սակայն հնարավորությունների իրականացման ընթացքում չի պահպանվում իրավահավասարությունը: Այսպես, խիստ ցածր է կանանց տոկոսը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կանայք գրեթե չեն մասնակցում բանկային, հարկային կամ մաքսային մարմինների կառավարմանը:

Շուկայական տնտեսությանն անցնելու գործընթացում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին ազդում են աշխատաշուկայում կանանց հնարավորությունների վրա: Գրանցված գործազուրկների թվում կանայք կազմում են 71,5 տոկոս:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սեփական գործ հիմնելու միջոցով ինքնազբաղվածություն ապահովելու կանանց հնարավորությունները ցածր են:

Աշխատանքի բնագավառում անբավարար սոցիալական և իրավական պաշտպանվածությունը, անվտանգության նորմերի և կանոնների, աշխատանքային պայմանների ու հիգիենայի պահպանման նկատմամբ վերահսկման բացակայությունը բացասաբար են անդրադառնում աշխատող կանանց առողջության վրա:

Անցումային շրջանի դժվարությունները, որոնք ավելի սրվեցին 1998 թվականի ավերիչ երկրաշարժի, սահմանամերձ շրջաններում զինված բախումների, էներգետիկ ճգնաժամի և շրջափակման հետևանքով, բացասաբար անդրադարձան բնակչության և հատկապես կանանց առողջության վրա:

Համակարգված աշխատանք չի տարվում ծխախոտի, թմրանյութերի օգտագործման և ՁԻԱՀ-ով վարակման վտանգից պաշտպանվելու ուղղությամբ:

Լուրջ բացթողումներ կան հաշմանդամ կանանց, մասնավորապես երկրաշարժից տուժածների վերականգնողական բժշկության, զբաղվածության և սոցիալական ապահովության հարցերում:

Ազգամիջյան բախումների, պատերազմական իրավիճակների պատճառով շատ կանայք զոհվել կամ վիրավորվել են, դարձել բռնության զոհ:

Կանանց նկատմամբ խտրականությունն առկա է կենսագործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում աշխատանքում և ընտանիքում:

Վիճակագրության բացակայությունը հնարավորություն չի ընձեռնում ունենալ իրական պատկերն այնպիսի սոցիալական երևույթի, ինչպիսին մարմնավաճառությունն է, որը, ցավոք, առկա է հանրապետությունում:

Շուկայական տնտեսությանն անցնելը, սոցիալական դժվար պայմանները, բուհերում պետական պատվերի կրճատումը բացասաբար են անդրադառնում սոցիալապես անպաշտպան խավի և, հատկապես, կանանց կրթություն ստանալու հնարավորության վրա: Գյուղական շրջաններում նկատվում են միջին դասարանների աղջիկների դպրոցից դուրս գալու դեպքեր: Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների մեջ քիչ չեն աղջիկները:

Վերարտադրողական գործառույթների հետ կապված, որոշ դեպքերում, խախտվում է կանանց ուսման անընդհատությունը: Դրա հետևանքով սահմանափակվում են կանանց մասնագիտական բարձր որակավորում ստանալու և հասարակության սոցիալ-տնտեսական կյանքում համապատասխան դիրք գրավելու հնարավորությունները:

Անբավարար են կանանց գիտելիքներն իրենց իրավունքների հարցում, որը հիմնականում պայմանավորված է կրթական համակարգում իրավական հարցերի ուսուցման ցածր մակարդակով:

Կանանց հիմնահարցերը հասարակությանը բավարար չափով ներկայացված չեն: Ըստ էության, բացակայում է այդ խնդրի նպատակաուղղված քարոզչությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կանանց իրավունքների և հիմնական ազատությունների պահպանման բնագավառում`

անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության գենդերային փորձաքննություն միջազգային նորմերին համապատասխան, ապահովել կանանց իրավահավասարությունը հանրապետության քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում.

ստեղծել անհրաժեշտ պայմաններ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների համալիրում կանանց իրավունքներն ապահովելու համար.

ապահովել «Կանանց նկատմամբ ամեն տեսակի խտրականության վերացման մասին» կոնվենցիայի, միջազգային իրավական այլ ակտերի և կանանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարումը.

կանանց իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, հասարակական գիտակցության մեջ համապատասխան մոտեցումների ձևավորման նպատակով մշակել հեռուստատեսային, ռադիո ծրագրեր, կազմակերպել քարոզչություն զանգվածային լրատվության այլ միջոցներով:

2. Պետական կառավարման և որոշումների ընդունման տարբեր մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման բնագավառում

ապահովել կանանց ներկայացուցչությունը պետական կառավարման բոլոր մակարդակներում, նրանց մասնակցությունը որոշումների ընդունմանը.

կանանց պետական կառավարման և քաղաքական բնագավառում ներգրավելու նպատակով մշակել կրթական և վերապատրաստման հատուկ ծրագրեր, դասընթացներ.

աջակցել կանանց վիճակի բարելավմանը նպաստող կանանց հասարակական կազմակերպություններին նրանց մասնակից դարձնելով պետական ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակմանն ու իրականացմանը.

մշակել և իրականացնել կանանց շարունակական կրթության ծրագրեր` կանանց իրավունքների և ազատությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կանանց ընձեռված իրավունքների ու պարտականությունների, Հայաստանի Հանրապետության կողից վավերացված միջազգային պայմանագրերի մասին անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման նպատակով.

մշակել գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության բնագավառներում նշանակալից ձեռքբերումներ ունեցող կանանց հովանավորող ծրագրեր:

3. Շուկայական տնտեսության պայմաններում կանանց իրավունքներն ապահովելու նպատակով`

մշակել կանանց զբաղվածության ապահովման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրեր, օգնել նրանց սկսելու ինքնուրույն գործ, ընդգրկվելու փոքր և միջին բիզնեսում, մշակել մեխանիզմներ` կին ձեռներեցներին և ընտանեկան ձեռնարկություններին պետական աջակցություն ցուցաբերելու համար.

հատուկ ուշադրություն դարձնել այն ընտանիքներին, որտեղ ընտանիքի խնամողը կին է.

պարբերաբար նախապատրաստել և հրապարակել տեղեկատվական-վերլուծական նյութեր աշխատանքի շուկայում կանանց վիճակի մասին.

աշխատանքային օրենսգիրքը մշակելիս հատկապես անդրադառնալ կնոջ հղիության, ծննդաբերության և երեխայի հետծննդյան խնամքի ժամանակաշրջանի սոցիալական պաշտպանվածության և աշխատանքային անհրաժեշտ պայմանների ստեղծման իրավական կարգավորմանը.

կատարելագործել կանանց համար գոյություն ունեցող և ստեղծվող աշխատանքների աջակցության մեխանիզմները.

մշակել հանրապետական և տարածքային ծրագրեր փոքր և ընտանեկան ձեռներեցության, ինքնազբաղվածության տարբեր ձևերում կանանց ներգրավելու համար:

4. Կանանց առողջության պահպանման նպատակով

կատարելագործել մայրերի և երեխաների առողջության պահպանման պետական երաշխիքների համակարգը, ապահովել նրանց համար անվճար բուժկանխարգելիչ օգնություն և սպասարկում.

շարունակել իրականացնել ընտանիքի պլանավորման, կանանց վերարտադրողական ամբողջության պահպանման ծրագրեր.

ընդլայնել դառահաս աղջիկներին բուժկանխարգելիչ օգնությունը, բարելավել կանանց նախածննդյան և հետծննդյան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը.

մշակել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման ծրագրեր:

5. Կանանց կրթության ապահովման բնագավառում`

Հայաստանի Հանրապետության կրթական օրենսդրության մեջ նախատեսել կանանց կրթության անընդհատությունն ապահովող մեխանիզմներ.

մշակել կանանց իրավական կրթության դասընթացների ծրագրեր.

դպրոցական և բուհական ուսումնական ծրագրերում առանձնացնել թեմաներ սեռական դաստիարակության, հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման և իրավահավասարության մասին:

6. Կանանց նկատմամբ ամեն տեսակի բռնություն կանխելու նպատակով

կանոնակարգել նրանց հանդեպ կատարված հանցագործությունների վերաբերյալ պետական վիճակագրությունը կանանց նկատմամբ դրսևորվող բռնության բոլոր ձևերի մասին ամբողջական և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար.

զարգացնել հանցագործ գործողություններից տուժած անձանց, այդ թվում բռնության ենթարկված և կենսական ծայրահեղ վատ վիճակում գտնվող կանանց սոցիալական օգնություն ցուցաբերելու մասնագիտական հաստատությունների ցանցը, մշակել անհրաժեշտ ծրագրեր սոցիալական ոլորտի աշխատողներին վերապատրաստելու համար.

ստեղծել անչափահասների, այդ թվում դեռևս աղջիկների հետ տարվող աշխատանքների մեխանիզմներ, սոցիալական ծառայությունների ցանց.

մշակել ամուսնության և ընտանիքի նոր օրենսգիրքը.

մշակել ազգամիջյան բախումներից տուժած, փախստական և բռնագաղթած կանանց սոցիալական վերականգնման համալիր ծրագիր:

 

* * *

 

Ծրագրի հիմնադրույթների իրականացման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավմանն առնչվող հարցերն ընդգրկել մշակվող նորմատիվ փաստաթղթերում, հանրապետական, ճյուղային և տարածքային ծրագրերում: Անհրաժեշտ է, որ բոլոր նախարարություններն ու գերատեսչություններն իրենց գործունեության ընթացքում առաջնորդվեն նշված դրույթներով:

Հիմնադրույթների իրականացման գործընթացում առաջնային է կանանց վիճակի բարելավմանն ու նրանց իրավունքների ապահովմանն ուղղված պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների համակարգումը:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմելիս հարկ է նախատեսել ֆինանսական միջոցներ, սահմանել միջոցառումների իրականացման ժամկետներ` ըստ կոնկրետ կատարողների, ինչպես նաև մշակել դրանց հսկողության մեխանիզմները:

Ծրագրի հիմնադրույթների իրականացման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև կանանց հիմնհարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների` պետական հիմնարկների հետ սերտ համագործակցությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.1998
N 242
Որոշում