011.0074.300408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին (կցվում է):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ Ն-074-4
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի ապրիլի 28-ի
N 380-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ՆԱԽԱԲԱՆ
Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (այսուհետ` ԱՀՌԾ) դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:
Պետությունն ստանձնել է հետևյալ երեք հիմնարար առաքելությունները.
- հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորության ապահովում,
- երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում,
- օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում:
Կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, իրավունքի գերակայության և օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները: Հայաստանը պետք է դառնա որպես կայացած ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով և ազատ մրցակցային միջավայրում գործարարության ու ներդրումների համար լավագույն պայմանների ապահովմամբ: Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացումը` որպես հետևանք երաշխավորելով մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավումը:
Կառավարության ծրագրի իրականացման գրավականը պետք է հանդիսանա քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանությունը, որը հիմնված կլինի իրավունքների և ազատությունների հարգման, իշխանության տարանջատման, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև լիարժեք փոխըմբռնման, համերաշխության ու սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու վրա:
2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովումը կառավարության հիմնական գերակայությունն է: Այդ առումով կարևորվում են`
- մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը` տնտեսության կառուցվածքի անընդհատ բարելավմամբ, որը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների միջև բնակչության եկամուտների տարբերությունը: Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել.
- աղքատության հաղթահարումը` տնտեսական և քաղաքացիական կյանքին աղքատ բնակչության մասնակցությունը խթանելու նպատակային սոցիալական քաղաքականության միջոցով: Տնտեսական աճի ապահովման և նպատակային սոցիալական քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում` 56.1 տոկոսից մինչև 26.5 տոկոս: Այդուհանդերձ, աղքատության առկա մակարդակը և եկամուտների բաշխման անարդարությունը շարունակում են լուրջ վտանգ հանդիսանալ երկրի կայուն զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման համար.
- տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը` հավասար մրցակցային պայմանների ապահովումը բոլորի համար և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք ու առանց բացառությունների կիրառումը:
Մրցակցային, նորամուծական տնտեսության և ձեռներեցության զարգացումը, գործարարության և ներդրումների համար լավագույն պայմանների ապահովումը կերաշխավորեն այս դրույթների իրականացումն ու տևականությունը: Եվրոպական նոր հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը կնպաստի այս խնդիրների կատարմանը.
- պաշտպանության, հասարակական կարգի և երկրի անվտանգության հետ կապված խնդիրները` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության:
Երկրորդ գերակայությունն է արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորումը և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը, որը ենթադրում է`
- պետական կառավարման համակարգում կորպորատիվ կառավարման կանոնների և պետության յուրաքանչյուր լումայի դիմաց առավելագույն արժեքի ստեղծման սկզբունքի որդեգրում, որը նշանակում է կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով և հետևողականորեն բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: Ցանկալի արդյունքների հստակ ձևակերպումը և դրանց նկատմամբ կատարողականի գնահատումը կդառնան կառավարության հաշվետվության հիմնական կանոնը.
- պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակի էապես բարձրացում և դրանց հսկողության հարցում հասարակության հետ հետադարձ կապի ապահովում: Կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգը, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հաստատություններում կապահովի համացանցի միջոցով պետական ծառայությունների մատուցում` նվազագույնի հասցնելով շփումը պետական ծառայողի ու քաղաքացու միջև և դրանով իսկ էապես կրճատելով նաև կոռուպցիայի ռիսկերը.
- պետական-մասնավոր գործընկերության հայեցակարգի ներդրում` ապահովելով պետական որակյալ ծառայություններ և կարևորագույն ազգային ու տեղական ծրագրերի մշակում և իրականացում.
- կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման խրախուսում իրական հատվածում, ներառյալ` պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկություններում պարտադիր կերպով կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտների ներդրումը.
- կաշառակերության ու կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալումը: Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումն առաջին հերթին ենթադրում է հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը պետք է դիտվեն որպես անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթներ: Հաշվի չեն առնվի անձնական կապերը, և իբրև ընկեր, բարեկամ կամ կուսակից չեն դիտարկվելու բոլոր նրանք, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը:
Երրորդ գերակայությունը կրթության և գիտության զարգացումն է և այդ ուղղությամբ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելը. 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ` նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այս գերակայությունը ենթադրում է`
- մտավոր կարողության և գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում, որտեղ հիմնական շարժիչը գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք առօրյա կյանքում ներդնելու ունակություն: Սա առաջին հերթին ենթադրում է հետազոտական աշխատանքների ուժեղացում` համալսարաններում, որոնք պետք է վերածվեն գիտական լուրջ կենտրոնների.
- կրթության որակի էական բարելավում և կրթության (այդ թվում` բարձրագույն կրթության) հասանելիության մակարդակի բարձրացում` բնակչության անապահով խմբերի համար: Կրթական համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնում, այդ ծառայությունների որակի բարելավում ու մատչելիության ապահովում.
- գիտության և կրթության համակարգի վերակառուցում և այնպիսի կառույցների ստեղծում, որոնք հնարավորություն կտան համախմբելու համայն հայության գիտական և մտավոր ներուժը.
- ինտերակտիվ էլեկտրոնային կրթության զարգացում և համատարած կիրառում` քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար համակարգչից օգտվելը կդառնա անհրաժեշտություն, իսկ համակարգչային ցանցերը` մատչելի:
Չորրորդ գերակայությունը տարածքային համաչափ զարգացումն է, որը ենթադրում է`
- Երևան քաղաքի բեռնաթափում: Երևանը գերծանրաբեռնված է մշակութային, առողջապահական, արդյունաբերական, ֆինանսական, պետական կառավարման, արդարադատության, կրթական գործառույթներով` ի հաշիվ այլ տարածքների:
Որոշ գործառույթների դուրսբերումը Երևանից դարձել է անհրաժեշտություն.
- տարածքային կառավարման համակարգի փոփոխություն` ուղղված ինքնակառավարման մակարդակի և տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը և համայնքների բյուջեների աճին ու հանրային ծառայությունների մատչելիությանը.
- մարզերի, ինչպես նաև Երևանի ու մարզերի միջև արտադրողականության և եկամուտների տարբերության էական կրճատում` մասնավոր ներդրումների ներգրավման, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, սոցիալական ներգրավվածության ու մասնավոր ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով: Որպես կարևորագույն արդյունք` կառավարությունը կդիտարկի բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը:
Հինգերորդ գերակայությունը Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունն է: Այդ իմաստով անհրաժեշտ է`
- ընդլայնել սոցիալական թիրախային ծրագրերը` դրանց մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին, ինչը նաև կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: Այդ ծրագրերը, հատկապես, պետք է ուղղված լինեն հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ և անապահով ընտանիքներին ու փախստականներին: Ընտանեկան նպաստների համակարգը` որպես ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, նույնպես կարիք ունի վերափոխման` ընդհանուր աղքատության կրճատման խնդիրների լուծման և կայուն ընտանիքների ձևավորմանն օժանդակելու համար: Սոցիալական քաղաքականությունն ուղղվելու է սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերից բնակչության արտագաղթի կանխմանը, այդ բնակավայրերի բնակչության սոցիալական ակտիվության բարձրացմանը, որը կհանգեցնի սոցիալական անտարբերության նվազմանը.
- մարդկանց հմտությունները և մասնագիտացումն աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով իրականացնել կառուցվածքային գործազրկությունը բացահայտող և նպատակային վերապատրաստման ծրագրեր ու ձևավորել աշխատուժի արդյունավետ շուկա: Անհրաժեշտություն է մինչբուհական կրթության համակարգի զարգացումը` տնտեսության ներկա և ապագա պահանջներին համապատասխան.
- իրականացնել առողջապահական և կենսաթոշակային բարեփոխումներ` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Կենսաթոշակային համակարգը պետք է վերափոխվի` անցում կատարելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգին: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կապահովի աշխատավարձերի և կենսաթոշակների միջև եղած անհամաչափության մեղմումը` աստիճանաբար կրճատելով ներկայիս միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի չափերի միջև խզումը.
- իրականացնել ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն, որպես ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ընտանիքը համարելով պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Այս քաղաքականությունը կիրականացվի ռազմավարական հայեցակարգերի հիման վրա, որոնք կառավարությունը մտադիր է հաստատել 2008 թվականին: Նշված քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության և մանկության պաշտպանությանը, կյանքի տևողության ավելացմանը, մահացության մակարդակի նվազեցմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը.
- բարձրացնել հասարակության մշակութային մակարդակը և մշակութային արտադրանքի որակն ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանման, գավառամտության հաղթահարման, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնման միջոցով: Հայաստանի և համաշխարհային մշակութային ռեսուրսները Հայաստանի ամբողջ բնակչության համար պետք է դառնան հասանելի:
3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն ծրագրի իրականացմամբ կառավարությունը 2008-2012 թվականների ընթացքում ակնկալում է`
- համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ,
- ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,
- տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում,
- ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ,
- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով,
- աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,
- կենսաթոշակների մակարդակի ամենամյա բարձրացում, 2012 թվականին` կենսաապահովման նվազագույն բյուջեի 100 տոկոսին համապատասխան` միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափի ապահովմամբ,
- բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրում և սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի 6.2 տոկոսը,
- առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի 2.2 տոկոսը,
- կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի առնվազն 3.5 տոկոսը:
4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Աղքատության հիմնարար կրճատումը և անհավասարության նվազեցումը
Կառավարությունը բարձր է համարում երկրում առկա աղքատության մակարդակը և դրա էական կրճատումը` ընդհանուր աղքատություն գծով` 11.2 տոկոսից ցածր, և ծայրահեղ աղքատության գծով` 1.6 տոկոսից ցածր մակարդակ, այդ թվում` հասարակությունում սոցիալական բևեռացվածության կրճատումը դիտարկում է որպես իր գործունեության հիմնական նպատակներից մեկը:
Նշված նպատակը ձևակերպելու համար հիմք են հանդիսանում նախընթաց տարիների ձեռքբերումները: 1999-2006 թվականների ընթացքում բարձր տնտեսական աճի և նպատակային սոցիալական քաղաքականության շնորհիվ գրեթե երկու անգամ կրճատվել է աղքատության մակարդակը` 1999 թվականի 56.1 տոկոսից մինչև 2006 թվականի 26.5 տոկոսը: Այդ ընթացքում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է մոտավորապես 5 անգամ` 21 տոկոսից մինչև 4.1 տոկոս, իսկ էականորեն կրճատվել է նաև անհավասարությունը (եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը) 2006 թվականին կազմել է 0.369` 1999 թվականի 0.597-ի համեմատ: Աղքատության հաղթահարման ընթացքն ու միտումները Հայաստանում` Երևանում և բոլոր մարզերում, գյուղական և քաղաքային վայրերում, ներկայացված են ստորև.
Աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները
.________________________________________________________________________.
| |1999 թ.|2006 թ.|2010 թ.|2012 թ.|
|________________________________________|_______|_______|_______|_______|
|Աղքատության ընդհանուր մակարդակը (տոկոս) | 56.1| 26.5| 13.6| 11.2|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| այդ թվում` | | | | |
|________________________________________|_______|_______|_______|_______|
| քաղ. Երևան | 58.4| 21 | 8.2| 6.4|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| այլ քաղաքներ | 65.5| 35.8| 18.5| 15.1|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| գյուղական բնակավայրեր | 48.2| 23.4| 14.2| 12.0|
|________________________________________|_______|_______|_______|_______|
|Ծայրահեղ աղքատության մակարդակը (տոկոս) | 21 | 4.1| 1.9| 1.6|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| այդ թվում` | | | | |
|________________________________________|_______|_______|_______|_______|
| քաղ. Երևան | 24.8| 3.5| 1.0| 0.8|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| այլ քաղաքներ | 27.4| 6.6| 2.8| 2.3|
|________________________________________|_______|_______|_______|_______|
| գյուղական բնակավայրեր | 14.1| 2.4| 1.9| 1.7|
.________________________________________________________________________.
Այդուհանդերձ, 26.5 տոկոս աղքատության մակարդակը կառավարությանը չի բավարարում, և դրա էական կրճատումը կառավարության գործունեության հիմնական նպատակներից մեկն է լինելու` մինչև 2012 թվականը այն 11.2 տոկոսի հասցնելու համար: Այդ նպատակով կառավարությունը, համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպես տնտեսական զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչ, կշարունակի ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացը և 2008 թվականին կհաստատի 2008-2021 թվականների` աղքատության հաղթահարման ռազմավարական ուղղությունները:
4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները ԵՎ կոռուպցիայի դեմ պայքարը
4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը
Պետական մարմինները պետք է կարողանան ներդնել քաղաքացիներին ծառայություններ մատուցելու մշակույթը, որը կառավարությանը թույլ կտա հաղթահարել Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ հասարակության հոռետեսությունը և որոշումների ընդունմանը մասնակցելու միջոցով ձևավորել ապագայի տեսլականի շուրջ համաձայնություն և արմատավորված լավատեսություն: Դա նշանակում է անցում հսկողական գործառույթներ իրականացնողից դեպի քաղաքացիներին որակյալ մրցունակ պետական ծառայություններ մատուցողի և նրա շահերին ծառայողի կարգավիճակին: Կարմատավորվի նաև կենսամակարդակի, առօրյա կյանքում հարմարավետության և կարգուկանոնի բարձրացման հարցում պետական քաղաքականության ազդեցության ընկալումը: Էապես կընդլայնվեն մասնավոր ծառայությունների որակին համադրելի որակի պետական ծառայությունները:
Այդ նպատակով առաջին հերթին նախատեսվում է`
- ընդլայնել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու համակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, բարելավել պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկությունը,
- ստեղծել նյութատեխնիկական և աշխատանքային անհրաժեշտ պայմաններ` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար,
- զարգացնել պետական համակարգի ռազմավարական կառավարման ներուժը` ապակենտրոնացման համատեքստում կառավարման որոշակի գործառույթները փուլ առ փուլ պատվիրակելով տեղական ինքնակառավարման մարմիններին:
Կառավարությունը պետք է կարողանա նախապես կանխատեսել ապագա մարտահրավերները և մշակել դրանց դիմակայելու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր` ձևավորելով ռազմավարական ծրագրավորման մշակույթ,
- ներդնել «շահերի բախման և բացահայտման» սկզբունքները,
- կատարելագործել պետական համակարգի աշխատողների վարքագծի կանոնները և սահմանել պատասխանատվություն` խախտումների ու անհարկի խոչընդոտների ստեղծումը կանխելու համար,
- ռազմավարական ծրագրերի հիման վրա ներդնել պետական կառավարման մարմինների գործունեության արդյունքների գնահատման համակարգ և դրա հիման վրա իրականացնել նյութական խրախուսում,
- ձևավորել վարչական տեղեկատվական ռեգիստրների (հիմնապաշարների) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող իրավունքների (քաղաքացիական կացության, սեփականության, ձեռնարկատիրական գործունեության արտոնման ու թույլտվության և այլն) գրանցման և միասնականացված նույնականացման հնարավորություններով նիշավորմամբ (այդ թվում` միջազգային դասակարգումների հենքի վրա):
Երկրորդ, կառավարությունը պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով մտադիր է զգալիորեն ավելացնել համակարգում աշխատելու գրավչությունը` աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին` միջնաժամկետ հատվածում ձեռնպահ մնալով աշխատողների թվի ավելացումից:
Երրորդ, կառավարությունն իր սեփական օրինակով ցույց կտա, որ գիտելիքը գերիշխում է կառավարման համակարգում և հանդես է գալիս կառավարչական գիտելիքների հիմնական պատվիրատուի դերում:
Չորրորդ, կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և ծածկագրման միասնական համակարգի ձևավորման ու ներդրման աշխատանքները:
Հինգերորդ, պետական կառավարման բնագավառին ուղղվող ֆինանսավորման ծավալներն ընդլայնվելու են պետական կառույցների աշխատողների որակավորման բարձրացման և որոշումների նախապատրաստման, ընդունման ու իրականացման արդյունավետ ընթացակարգերի կիրառման ուղղությամբ: Մասնավորապես, կառավարությունը շարունակելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները` առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության ու վերահսկելիության ավելացման առումով: Նախատեսվում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների առնվազն 50 տոկոսն իրականացնել առցանց եղանակով:
Վեցերորդ, կառավարությունը նախատեսում է շարունակել պետական կառավարմանը ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները` հաշվի առնելով միջազգային փորձը: Այդ առումով կառավարությունը ձեռնամուխ է լինելու պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության հայեցակարգի ներդրմանը, ինչն ապահովելու է կարևորագույն ազգային ու տեղական ծրագրերի համատեղ մշակումը և իրականացումը, պետության այնպիսի գործառույթների բացառումը, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը: Մրցակցության ավելացման միջոցով շարունակվելու են ազատականացվել որոշ հանրային ծառայություններ (տեխզննում, նոտարական ծառայություն և այլն):
Յոթերորդ, կառավարությունը կարևորում է եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձևավորումը և դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացումը` սահմանադրական փոփոխությունների հիման վրա, այս առումով անհրաժեշտ է`
- մշակել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել նոր քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի նախագծերը,
- Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին համապատասխան ստեղծված նոր մասնագիտացված դատարաններն ապահովել շենքային, ֆինանսական և նյութատեխնիկական բազայով,
- նոր քննչական մարմիններն ապահովել նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով: Ձեռնարկել գործուն միջոցներ դատարանների լիարժեք անկախության ապահովման ուղղությամբ` բացառելով պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի միջամտությունը:
ՈՒթերորդ, կառավարությունը կարևոր է համարում քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների հետ կապված` միջազգային դիտորդների նշած խնդիրները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացի հետագա բարելավման համար: Մասնավորապես`
- արդյունավետ քաղաքական համակարգին զուգահեռ կառավարությունը նպաստելու է իշխանության թևերի միջև հակակշիռների և զսպումների լիարժեք համակարգի ձևավորման սահմանադրական երաշխիքների ապահովմանը,
- պետական քաղաքականությունն իրականացվելու է պետություն-հասարակություն, պետություն-մասնավոր հատված ինստիտուցիոնալ համագործակցության և հետադարձ կապի զարգացման միջոցով,
- որպես գերակա խնդիր է դիտվելու ազատ և արհեստավարժ մամուլի կայացումը, լրատվամիջոցների կողմից իրադարձությունների անկողմնակալ և բազմակողմանի լուսաբանման ապահովման համար նախադրյալների ստեղծումը, խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված` լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը:
«Պատասխանատու զանգվածային լրատվություն` կնշանակի պատասխանատու կառավարություն»:
Իններորդ, կառավարությունը պետական կառավարման գերակայություններից է համարում հանրային ծառայության բնագավառը կանոնակարգող օրենսդրության մշակումը և համակարգի կայացումը, ինչպես նաև որակյալ հանրային ծառայության համակարգի կայացման նպատակով հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակումն ու իրականացումը: Հանրային ծառայությունների բարեփոխումները պետք է հանգեցնեն միջազգային լավագույն փորձին համապատասխանող համակարգի ձևավորմանը:
Տասներորդ, կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական և մասնավոր հատվածներում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման և այն միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու, մասնավորապես, կապիտալի շուկաների զարգացման միջոցով օտարերկրյա ներդրումների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը կբարձրացնի ներդրողների պաշտպանվածության աստիճանը: Պետական մասնակցությամբ ընկերությունների համար այս սկզբունքները պարտադիր կլինեն 2010 թվականից:
Պետական գույքի կառավարման ոլորտում կարևորվելու են պետությանը պատկանող գույքային իրավունքների համապարփակ հաշվառման կիրառումը և պետական կառավարիչների ինստիտուտի ստեղծումը:
4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը
Համայնքի դերի բարձրացումը բնակչության կողմից համայնքի` որպես իր անդամների շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ստեղծված միավորի, ընկալման և համայնքային խնդիրների լուծմանը մասնակցելու պատրաստակամության բարձրացման միջոցով կարևորագույն մարտահրավեր է: Դա կնպաստի համայնքային իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների ստացման մատչելիության և օպերատիվության բարձր մակարդակի ապահովմանը: Այդ նպատակներին հասնելու համար`
առաջին հերթին այս ոլորտում սահմանադրական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների շնորհիվ հստակորեն սահմանազատվելու են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, մշակվելու և կիրառվելու են ընդլայնված լիազորություններով օժտված ավագանու և համայնքի պաշտպանված ղեկավարի համագործակցության, հակակշիռների ու զսպումների լիարժեք մեխանիզմներ,
երկրորդ` սահմանադրական բարեփոխումների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների հստակեցումն ու սահմանումը:
Կառավարությունն օրենսդրական բարեփոխումների միջոցով կնպաստի համայնքների ավագանիների կայացմանը և դրանց աշխատանքների հրապարակայնության ու թափանցիկության բարձրացմանը,
երրորդ, կբարձրացվի համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետությունը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները` տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը: Կձեռնարկվեն քայլեր, որոնք կապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասի շարունակական աճը: Կիրականացվեն աշխատանքներ` տարածքային անհամամասնությունների նվազեցման և համապատասխան ծառայությունների մատչելիության ավելացման համար, մասնավորապես`
- տարածքային կառավարման մարմինների գործառույթների հստակեցում և կարողությունների բարելավում, կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, թափանցիկության ավելացում,
- տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների և ունակությունների մեծացում,
- համայնքների համար տեղեկատվական միացյալ բանկի ստեղծում,
- օրենքով խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորությունների պատշաճ կատարման ապահովում,
չորրորդ, կշարունակվեն աշխատանքները` միջհամայնքային միավորումների ստեղծմանն աջակցելու համար, և գործնական քայլեր կկատարվեն համայնքների խոշորացման ուղղությամբ,
հինգերորդ, կառավարությունը նախատեսում է միջոցառումներ իրականացնել համայնքային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրամատակարարում) զարգացման ուղղությամբ:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով`
- կսահմանվեն պարտադիր լիազորությունների իրականացման կարգերը, նորմատիվները և չափորոշիչները,
- չափորոշիչների հիման վրա հնարավոր կդառնա պարտադիր լիազորությունների կատարման նկատմամբ ներքին (համայնքի ավագանի, համայնքի բնակչություն) և արտաքին վերահսկողության իրականացումը:
Կսահմանվեն նաև համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգն ու ֆինանսավորման մեխանիզմները, որոնք կհստակեցնեն պատվիրակված լիազորությունների իրականացումը և պատվիրակված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները:
Համայնքային ծառայության համակարգի ամբողջական ներդրումն ու կայացումն ապահովելու նպատակով կկատարելագործվի համայնքային ծառայության մասին օրենսդրությունը, կավարտվի համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը և կապահովվի հետագա վերապատրաստումների շարունակական ընթացքը, կապահովվի համայնքային ծառայողների ատեստավորումների ու համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթների անխափան ընթացքն ու թափանցիկությունը:
4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը
Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակնկալում է կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հոռետեսության հոգեբանական բարդույթի հաղթահարում և կոռուպցիայի նկատմամբ հանրության ու պաշտոնեության անհանդուրժողականության արմատավորում: Այդ առումով.
առաջին հերթին, կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը,
երկրորդ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է լինելու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը,
երրորդ, կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը,
չորրորդ, կառավարությունը մշակելու է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը միտված է լինելու`
- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը,
- կոռուպցիայի դեմ պայքարի մասին հասարակությանն իրազեկմանը,
- կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ներգրավմանը և այդ գործընթացում նրա ակտիվության բարձրացմանը,
- պետական կառավարման համակարգի կատարելագործմանը,
- պետական կառավարմանը հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը,
- օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը` հասարակության բոլոր անդամների համար, այդ թվում` իշխանավորների,
- տնտեսավարողների համար հավասար մրցակցային դաշտի ձևավորմանն ու ստվերային տնտեսության կրճատմանը,
հինգերորդ, կառավարությունը հետամուտ է լինելու հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների նոր ծրագրում «Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ» կազմակերպությանն ու Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսություններ ունեցող երկրների հակակոռուպցիոն ցանցին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող պարտավորությունների և ՄԱԿ-ի` «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով սահմանված պահանջների կատարման ապահովմանը, ինչպես նաև դրանցից բխող իրավական ակտերի ընդունմանը:
4.3. Տնտեսական ոլորտը
4.3.1. Տնտեսական զարգացում
Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը
2001-2007 թվականներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը (միջինը` 13 տոկոս) ամենաբարձրերից են աշխարհում, ինչը հնարավորություն է ընձեռել այդ ժամանակահատվածում կրկնապատկելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը: Այդ արդյունքները շարունակական դարձնելու համար`
առաջին հերթին, կառավարությունը նպատակ է դրել 2008-2012 թվականներին ապահովել տարեկան ՀՆԱ-ի 8-10 տոկոս իրական աճ և զարգացած երկրների նկատմամբ բնակչության եկամուտների տարբերությունը տարեցտարի կրճատել` 2009 թվականի վերջին տեղափոխվելով միջին եկամուտ ունեցող երկրների խումբ,
երկրորդ` կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կկարևորի ձեռք բերված մակրոտնտեսական կայունության, այդ թվում` ցածր գնաճի քաղաքականության պահպանումը: Այդ նպատակով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող` վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը,
երրորդ, կառավարությունը կապահովի տնտեսական աճի որակական փոխակերպման և արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգի ձևավորումը` աջակցելով բարձր տեխնոլոգիաներ կիրառող ռեսուրսախնայող և գիտատար տնտեսությանը միտված ոլորտներին ու ընկերություններին,
չորրորդ, կառավարությունը տնտեսական զարգացման հաջողությունների կարևոր նախապայմաններից է համարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուսալի և կանխատեսելի դրամավարկային քաղաքականության իրականացումը,
հինգերորդ, կառավարությունը տնտեսության տևական կայուն զարգացման գրավականն է համարում երկրի մրցունակության բարձրացումը: Այդ նպատակով 2008-2012 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից են լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հաշվին արտադրական կարողությունների ընդլայնումը և արտահանման խթանումը` աջակցելով համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը:
Այդ առումով կառավարությունը կարևորում է`
- Հայաստանի` որպես ներդրումների, գործարարության և զբոսաշրջության համար բարենպաստ և անվտանգ միջավայրի, միջազգային վարկի ձևավորումը,
- գործարար միջավայրի շարունակական բարելավումը, ներդրումների ներգրավման ակտիվ քաղաքականությունը,
- ազատ մրցակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի խրախուսումը,
- ֆինանսական միջնորդության էական ավելացումը,
- ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների, աշխարհագրության և անվանացանկի բազմազանության աճի խրախուսումը,
- նորամուծական համակարգի ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության վերջնական ձևավորումը:
Զբաղվածությունը, աշխատանքի արտադրողականությունը և եկամուտները
Վերջին տարիներին արձանագրված տնտեսական զարգացումները զուգակցվել են գյուղատնտեսության մեջ զբաղվածության մակարդակի կայունացմամբ և ոչ գյուղատնտեսական զբաղվածության կրճատմամբ: Միևնույն ժամանակ` 2005 թվականից երկրում նկատվում են ոչ գյուղատնտեսական զբաղվածության աճի միտումներ, և տեսանելի են զբաղվածության ընդլայնման խնդրի լուծման հնարավորություններ:
Հետևաբար, կառավարության ձգտումը գործազրկության մակարդակի էական կրճատումն է, որը Հայաստանի համար կարող է չափվել զարգացած երկրների և Եվրամիության նոր անդամ երկրների միջին զբաղվածության մակարդակով: Արդյունքում ակնկալվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ծավալների ավելացում` շուրջ 105 հազ. աշխատատեղով, ընդ որում, նոր աշխատատեղերի մեծ մասը կստեղծվի Երևանից դուրս: Այդ կապակցությամբ.
առաջին, կառավարության քաղաքականությունն այս ոլորտում ուղղված է լինելու զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացմանը, սոցիալական գործընկերության զարգացմանը, արդյունավետ և կայուն աշխատաշուկայի ձևավորմանը, գործազրկության նվազեցմանն ու զբաղվածության, առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքի ու կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության ապահովմանը, որը ներառում է`
- մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը և կրթական համակարգի կողմնորոշումը դեպի աշխատաշուկա, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական շարունակական ուսուցման համակարգի զարգացումը և տնտեսության` որակյալ աշխատուժով ապահովումը,
- գործազուրկների կրթության որակի գնահատման չափորոշիչների ներդրումը և մասնագիտական վերապատրաստումների ծավալների մեծացումը,
- աշխատաշուկայի վիճակի կանխատեսման գործառույթի կատարելագործումը և զբաղվածության պետական ծրագրերի արդյունքների գնահատման չափորոշիչների ներդրումը,
- զբաղվածության ծառայությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը և տնտեսության առանձին ճյուղերում աշխատանքի արտադրողականության ու մեկ աշխատողի կողմից ստեղծվող արդյունքի գնահատման և կիրառման վիճակագրական կարողությունների զարգացումը,
երկրորդ, կառավարությունը ծրագրում է առաջիկա հինգ տարվա տնտեսական աճի մոտավորապես 30 տոկոսով ձևավորում` զբաղվածության, իսկ մնացած մասով` աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Արդյունքում սպասվում է աշխատանքի արտադրողականության մոտավորապես 7 տոկոս միջին տարեկան աճ, որը գերազանցում է զարգացած երկրների արտադրողականության նույն ցուցանիշը:
Տարածքային անհամաչափ զարգացման համահարթեցումը
Ներկայումս նկատվում է տնտեսական ակտիվության զգալի կենտրոնացում Երևանում, որտեղ ապահովվել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր արտադրության կեսը, շինարարության ընդհանուր ծավալների, առևտրի շրջանառության ու տրանսպորտի և կապի ծառայությունների 80 տոկոսից ավելին: Մյուս կողմից, ամենաարագ աճող ճյուղերի և դրանցում կատարվող ներդրումների, հատկապես մասնավոր ներդրումների նմանօրինակ և ուժեղացող կենտրոնացումը Երևանում հանգեցրել է մայրաքաղաքի և այլ քաղաքային ու գյուղական բնակավայրերի միջև տնտեսական ակտիվության մեծ խզվածության: Հետևաբար, կառավարության ծրագրի նպատակն է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության ու բնակչության արտահոսքի կրճատումը և հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճը: Դրա համար.
առաջին, նախատեսվում է աղետի գոտու շինարարական աշխատանքների ավարտ,
երկրորդ` կառավարությունը կնախաձեռնի Հայաստանի քաղաքների զարգացման տեմպերի արագացման և ներդրումային ակտիվության խրախուսման, պետական-մասնավոր համագործակցությամբ` նպատակային ծրագրերի մշակում և իրագործում` դրանք վերածելով բիզնես-կենտրոնների: Կառավարությունը նախատեսում է այդ նպատակային ծրագրերի իրականացումն սկսել Գյումրի քաղաքից` հետագայում այդ փորձը տարածելով հանրապետության այլ քաղաքների վրա: Գյումրի քաղաքը, պահպանելով իր ավանդական մշակութային նկարագիրը, կվերածվի ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող կենտրոնի, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները,
երրորդ, կառավարությունը կնպաստի մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճին, կիրականացնի համայնքային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրամատակարարում) գնահատում, դրանց կարգաբերում ու զարգացում,
չորրորդ, աղքատությունը նվազեցնելու և մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունը`
- միջոցներ կձեռնարկի նպաստելու համայնքների անձնագրավորմանը` ուսումնասիրելու համար յուրաքանչյուր մարզի տնտեսական ներուժը, խնդիրները և տալու դրանց լուծման ուղիները,
- ըստ ամենայնի կնպաստի մարզերում գերակա ոլորտների զարգացման ծրագրերի կազմմանը և այդ ծրագրերը ներքին ու արտաքին ներդրողներին, գործարարներին ներկայացնելուն,
- որոշակի ներդրումներ կկատարի մարզային ենթակառուցվածքներում (այդ թվում` համագործակցելով մասնավոր հատվածի հետ)` նպատակ ունենալով էապես բարելավելու գործարարության զարգացման համար անհրաժեշտ պայմանները,
- առավել աղքատ մարզերում և տարածաշրջաններում (մասնավորապես, բարձրլեռնային և սահմանամերձ) գործունեություն ծավալելու նպատակով` առանձին դեպքերում գործարարներին կտրամադրվի ուղղակի և անուղղակի ֆինանսական աջակցություն,
հինգերորդ, հաշվի առնելով մարզերի միջնաժամկետ համալիր զարգացման ծրագրերի փորձը, ինչպես նաև առաջնորդվելով կառավարման ապակենտրոնացման և մարզերի համաչափ զարգացման սկզբունքներով` կառավարությունը կմշակի տարածքային զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգ, որի հիման վրա մշակված մարզային զարգացման ծրագրերը որոշիչ դեր կունենան միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման բարձրագույն խորհրդի կողմից բյուջետային ռեսուրսների փաթեթի հավելաճի բաշխման միջճյուղային և հատկապես տարածքային համամասնությունների որոշման ժամանակ: Ընդհանուր առմամբ, առաջիկա տարիներին մարզերի կողմից միասնական մեթոդաբանությամբ կազմված ծրագրերն ու գերակայությունները, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականությունն ավելի էական դեր կունենան հանրապետության զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացում,
վեցերորդ, կառավարությունը տարածքային զարգացման անհամաչափությունների վերացումը դիտարկելու է գյուղատնտեսության արդյունաբերականացման և զբոսաշրջության զարգացման հետ մեկ ընդհանուր արժեքային համակարգում, իսկ էլեկտրոնային կրթության, էլեկտրոնային բժշկության և այլ էլեկտրոնային սոցիալական ծառայությունների մատուցման նախատեսումն այդ ծրագրերում կօգնի, որ գյուղական վայրերում ապրողների և գյուղատնտեսության բնագավառում զբաղվածների արտադրողականության միջին մակարդակը չզիջի երկրում ընդհանուր արտադրողականության միջին մակարդակին:
4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը
Երկրորդ սերնդի բարեփոխումների նպատակով կառավարությունը հատկապես առաջնային պլան է մղելու գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, որի համար անհրաժեշտ է համալիր մոտեցում` առկա հիմնախնդիրներն արագ և հաջողությամբ լուծելու համար: Բարեփոխումները վերաբերելու են թե՛ արտաքին առևտրաշրջանառությանը, թե՛ մաքսային ու հարկային ոլորտներին, թե՛ կարգավորմանն ու լիցենզավորման ընթացակարգերին ու անհրաժեշտությանը և թե՛ որակի ու ստանդարտների բնագավառներին: Նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն մեր երկրի գլոբալ մրցունակությունը և Հայաստանը դիրքավորեն ամենամրցունակ երկրների լավագույն 10 տոկոսի շարքում: Դրան հասնելու համար.
առաջին, ձգտելով էականորեն բարձրացնել երկրի մրցունակությունը` կառավարությունը միջազգայնորեն ընդունված բնութագրիչների հիման վրա կսահմանի գործարար միջավայրը բնութագրող ցուցանիշների նպատակային արժեքները` մշակելով դրանց հասնելու հստակ ռազմավարություն և միջոցառումների ցանկ,
երկրորդ, կառավարությունը կկարևորի նաև գործարար-էթիկայի կանոնների և ստանդարտների ներդրմանն ուղղված քաղաքականության շարունակական իրականացումը,
երրորդ, կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն կդարձնի ներքին խնայողությունների ձևավորմանը, դրանք օտարերկրյա ներդրումների և վերազգային ընկերությունների միջոցների հետ մեկտեղ տնտեսություն ուղղորդելուն և օտարերկրյա ներդրումների ու վերազգային ընկերությունների ներգրավմանը` հաշվի առնելով դրանց առանցքային նշանակությունը բարձր տեմպերով կայուն տնտեսական աճի ապահովման գործում,
չորրորդ, կառավարությունը մտադիր է ներդրումների տոկոսային հարաբերությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանել առնվազն 27-30 տոկոսի սահմաններում, որը բավարար կլինի տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: Կապիտալ ներդրումների պահանջվող ծավալները կապահովվեն հատկապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ առանձին դեպքերում (մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների պարագայում)` պետական-մասնավոր հատվածների գործընկերության հիման վրա: Երկարաժամկետ ազգային խոշոր ծրագրերի կազմումն ու իրագործումը հատկապես բարձր արտադրողական ոլորտներում և ենթակառուցվածքներում կուղղորդեն կառավարության ներդրումների ներգրավման ջանքերը,
հինգերորդ, գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով կառավարությունը կակտիվացնի Ազգային մրցունակության խորհրդի, Զարգացման հայկական գործակալության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության ու Գործարարության աջակցության խորհրդի աշխատանքները և կբարձրացնի դրանց գործունեության արդյունավետությունը:
4.3.3. Ֆինանսական միջնորդությունը
Ֆինանսական միջնորդությունը դեռևս փոքր է և լիարժեք չի իրականացնում աճող ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու իր հիմնական առաքելությունը` չնայած տնտեսական աճի նկատմամբ վերջին 3 տարիների բանկային համակարգի առաջանցիկ աճին (2007 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կազմել է 13 տոկոս` 2003 թվականի 6.6 տոկոսի համեմատությամբ): Հետևաբար, կառավարությունը նպատակ է դնում կրկնապատկելու ֆինանսական միջնորդությունը` Հայաստանի ամբողջ տարածքում բնակչության և գործարարների համար ֆինանսական գործիքների (վարկեր, ապահովագրություն, կորպորատիվ արժեթղթեր և այլն) հասանելիության և բազմազանության ընդլայնմամբ: Միջին ընտանիքը կունենա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն` բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու համար:
Առաջին, կառավարությունն աջակցելու է ֆինանսական համակարգի արագ ընդլայնմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությանը, այդ թվում` հիփոթեքային և սպառողական վարկերի ավելացմանը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության և բանկերի հուսալիության աստիճանի բարձրացմանը, համապատասխան ինստիտուտների ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի շուկայում հեղինակավոր օտարերկրյա բանկերի հետագա ներգրավմանը: Այս նպատակով կառավարությունը ձեռնամուխ է լինելու`
1) Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային երկրորդային շուկայի զարգացմանը և հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորի ստեղծմանն ու դրա կողմից թողարկված արժեթղթերի բորսայական շրջանառությանը,
2) վարկային բյուրոների օրենսդրական կարգավորմանը,
3) ֆինանսական կազմակերպությունների սնանկացման Հայաստանի Հանրապետության օրենսդրության` Եվրամիության օրենսդրությանը համահունչ վերամշակմանը,
4) Ավանդների երաշխավորման հիմնադրամի օրենսդրության` Եվրամիության օրենսդրությանը համահունչ վերամշակմանը,
5) բանկային վերահսկողության` Բազելյան երկրորդ համաձայնագրի աստիճանական կիրառմանը,
6) ֆինանսական ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների իրականացմանը, այդ թվում` ֆինանսական ոլորտի հաշտարարի գրասենյակի ստեղծմանը,
7) ապահովագրական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ամեն տեսակի տեղեկատվական բազաների ստեղծմանն ու դրանց ստեղծմանն աջակցելուն,
8) ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ֆինանսական գրագիտության ընդլայնման ծրագրի իրագործմանը,
9) անկանխիկ ֆինանսական գործարքների խրախուսմանը:
Երկրորդ` կառավարությունն արժևորում է նաև ոչ բանկային վարկային և ապահովագրական կազմակերպությունների աճի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քաղաքականությունը` գիտակցելով այդ ոլորտների զարգացման կարևորությունը ներդրումների ծավալի և բազմազանության աստիճանի համար: Այս առումով կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության առավելագույն համապատասխանեցումը Եվրամիության օրենսդրությանը, այդ թվում` կարգավորելով ներդրումային հիմնադրամների գործունեությունը Հայաստանում և ապահովելով համապատասխան պայմաններ` միջազգային բորսայական գործունեության համար:
Երրորդ, կառավարությունը միաժամանակ մտադիր է էականորեն ակտիվացնել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամի աշխատանքները` փոքր և միջին գործարարների համար ֆինանսական ռեսուրսներն ավելի մատչելի դարձնելու նպատակով:
Չորրորդ, հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա` կառավարությունը տեսնում է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հեռանկարը: Հատկապես կարևորվում է Նասդաք-Օ-Էմ-Էքս հեղինակավոր ընկերության մուտքը Հայաստան և վերջինիս հետ համատեղ գործողությունների ծրագրի իրականացումը: Կառավարությունն այս նպատակով նախատեսում է 2008 թվականին Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում` դրանից բխող հետագա քայլերով` 2008-2012 թվականներին: Այն կներառի Դիլիջան քաղաքում բարձրորակ ֆինանսական ծառայությունների կենտրոնացման հարցը:
Հինգերորդ, կառավարությունը կմշակի երկրում պարտադիր ապահովագրության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգերի աստիճանական ներդրման ծրագիր:
Վեցերորդ` կառավարությունը կարևորում է նաև նորաստեղծ ընտանիքների համար հիփոթեքային և ավտոմեքենայի վարկավորման մատչելիության ու հասանելիության բարձրացումը, ինչի իրականացման համար կմշակվի հայեցակարգ, որը կներառի հիփոթեքային հիմնադրամի ստեղծումը:
4.3.4. Բյուջետային համակարգը
Միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծրագրերը սերտորեն կշաղկապվեն կառավարության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, մասնավորապես, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերի նպատակների հետ: Բյուջետային միջոցները կկառավարվեն գործարարության օրենքով` խնայելով յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: Կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր խնդիր է համարում պետական եկամուտների կանխատեսելիությունը, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի լավ գնահատելու բյուջետային ծախսերի իրատեսական ծավալները: Այդ նպատակով.
առաջին, 2008-2012 թվականներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որի շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով` առանց հարկային դրույքաչափերի ավելացման,
երկրորդ, կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը: Պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի, ինչպես նաև շահավետ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում,
երրորդ, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատելիս կառավարությունն առաջնորդվելու է հետևյալ երեք սկզբունքով.
- համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված: Այն պետք է ձևավորվի մինչև` ըստ առանձին ուղղությունների ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերը պետք է հստակորեն բաշխվեն բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց փաստացի կատարումը պետք է իրականացվի սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում.
- տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին: Պետք է հնարավորություն ընձեռվի իրականացնելու միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը.
- տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ,
չորրորդ, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, և ընդլայնվելու է դրանց ընդգրկվածությունը: Անհրաժեշտ է զարգացնել համայնքների կարողությունները և ունակությունները` բազմամյա կապիտալ ծրագրերի մշակման ու իրականացման համար, բարելավել համայնքների բյուջետավորման գործընթացը` ներդնելով համայնքների ծրագրային բյուջետավորման համակարգ,
հինգերորդ, բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացման առումով մեծ դեր է վերապահվելու պետական գնումների համակարգի և հատկապես էլեկտրոնային գնումների համակարգի կիրառման ընդլայնմանն ու գործընթացի թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև գանձապետական համակարգի հետագա կատարելագործմանը,
վեցերորդ, կառավարությունը միջոցներ կձեռնարկի բյուջետային գործընթացների թափանցիկության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ հսկողության աստիճանի բարձրացման համար, որի շրջանակներում կշարունակվեն ներքին աուդիտի և ֆինանսական հսկողության համակարգերի բարելավման աշխատանքները: Հատուկ կարևորվում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ինքնուրույնության ու պատասխանատվության բարձրացումը:
4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը
Ներդրումները և ակտիվ բիզնեսը քաջալերելու համար կառավարությունն առաջ է քաշում հարկային և մաքսային համակարգերը միջազգայնորեն մրցունակ դարձնելու հավակնոտ նպատակ: Դա նշանակում է հարկային եկամուտների հավաքագրման կայուն աճի պայմաններում հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման կամավորության սկզբունքի արմատավորում, հարկային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակ, ինքնագնահատման համակարգի ներդրում, հաշվետվությունները ներկայացնելու գործընթացի պարզեցում, ծախսվող ժամանակի էապես կրճատում, մաքսային ծառայության մասով` արտաքին առևտրի խթանում և մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակ, հարմարավետության ապահովում և ծախսվող ժամանակի էապես կրճատում: Այդ նպատակով.
առաջին, կառավարությունը կարևորում է հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործումը, որը կհանգեցնի հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և հարկային ու մաքսային օրենսդրության պահանջների համահավասար և անվերապահ կիրառմանը: Այդ նպատակով կառավարությունը 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում բարելավումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ,
երկրորդ, կառավարությունը հարկային և մաքսային ծառայություններում կիրականացնի կառուցվածքային բարեփոխումներ` դրանց գործառույթներն ու վարչարարական մեթոդները համապատասխանեցնելով լավագույն միջազգային չափանիշներին,
երրորդ, կառավարությունը հետամուտ կլինի հարկման բազայի ընդլայնմանը և հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը, ինչը կիրագործվի`
ա. հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ մասի կրճատման միջոցով ու նոր հարկային արտոնություններ չսահմանելով,
բ. գործունեության առանձին տեսակների համար սահմանված հարկման այլընտրանքային համակարգերը հարկման ընդհանուր համակարգով փոխարինելու միջոցով,
գ. արտոնությունների առավելագույն կրճատման, առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին ձեռնարկությունների համար որևէ բնույթի հարկային արտոնությունների բացառման միջոցով,
չորրորդ, կառավարությունը կարևորում է նաև հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները: Կառավարությունը ծրագրում է ներդնել հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգ` հնարավորինս նվազեցնելով պաշտոնյաների և գործարարների ուղղակի շփումները,
հինգերորդ, հարկային ծառայությունը հատուկ ռեժիմներ պետք է սահմանի փոքր և միջին բիզնեսի նկատմամբ: Փոքր և միջին գործարարն արդեն մեկ տարի հետո պետք է հնարավորություն ունենա իր բոլոր հաշվետվություններն ու վճարումներն իրականացնելու առցանց եղանակով: Գործարքների փաստաթղթավորման հարցն այսօր լրջագույն մարտահրավեր է: Փոքր և միջին ձեռնարկատերը չպետք է տուժի փաստաթղթավորման շղթայի թերություններից: Կրթությունն ու պատժամիջոցները պետք է համակցվեն հարկային ստուգումների արդյունքում,
վեցերորդ, կառավարությունը խիստ մտահոգիչ համարելով ոչ արժանահավատ փաստաթղթերի, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գնանշումներով փաստաթղթերի գոյությունը երկրի տնտեսական դաշտում, անհանդուրժող է լինելու նման երևույթների նկատմամբ և ձեռնարկելու է քայլեր կեղծ կամ սխալ գնանշումներով փաստաթղթերի շրջանառությունը դադարեցնելու համար,
յոթերորդ, անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն հարկ վճարողներին հարկային գերավճարների, հատկապես, արտահանող ընկերությունների` ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման մեխանիզմի կատարելագործման համար: Արտահանման գծով հարկային ծառայության կողմից ճանաչված գերավճարները պետք է բացառվեն,
ութերորդ, կառավարությունն արդիականացնելու է նաև մաքսային համակարգը` մաքսային օրենսդրության և մաքսային ընթացակարգերի պարզեցման, ներմուծման և արտահանման ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի կրճատման, մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության, մաքսային համակարգում ինքնահայտարարագրման մեխանիզմի կիրառման ընդլայնման և դրա հետ կապված միջոցառումների իրականացման, մաքսատների կարողությունների զարգացման, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման միջոցների կատարելագործման ուղղությամբ: Արդիականացման չափանիշը պետք է լինեն Եվրամիության հետ ազատ առևտրի պահանջները,
իններորդ, կառավարությունը բարելավելու է հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմները` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման գործուն տեղեկատվական համակարգ:
4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պաշտպանության ու գույքային իրավունքների գրանցման գործընթացները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար: Կառավարությունը գիտակցում է, որ Հայաստանի համար այս երկու ոլորտները երկրի մրցունակության բարձրացման կարևորագույն երաշխիքներից են և համակարգերի արդյունավետությունը գնահատելիս հենվելու է միջազգային հեղինակավոր կառույցների և Հայաստանում աշխատող` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների գնահատականների վրա: Այդ առումով նախատեսվում է.
առաջին, կատարելագործել ոլորտի օրենսդրությունը` նպաստելու համար գյուտարարների և կազմակերպությունների համապատասխան իրավունքների` հնարավորինս կարճ ժամկետում և համեմատաբար քիչ ծախսերով գրանցմանը` ապահովելով դրանց պաշտպանվածությունը,
երկրորդ, ընդլայնել գյուտարարներին ցուցաբերվող աջակցությունը: Մասնավորապես, կիրականացվեն խորհրդատվական-ուսուցողական ծրագրեր` նոր տեխնոլոգիաների ստեղծումը և օգտագործումը խրախուսելու համար: Կշարունակվեն գիտության և տեխնիկայի նվաճումներին վերաբերող տեղեկատվությունը գյուտարարների, փոքր և միջին ձեռնարկությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար մատչելի դարձնելուն նպատակաուղղված աշխատանքները: Կընդլայնվի ծառայությունների մատուցման աշխարհագրությունը,
երրորդ, հեղինակային իրավունքի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղել ազգային մշակույթի և արվեստի զարգացման խթանմանը, որի համար կշարունակվի հետևողական պայքարը բացահայտ խախտումների (պիրատության) դեմ,
չորրորդ` կարևորելով հեղինակների կողմից ստեղծված` իրենց իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը` օրենքով հստակեցնել դրանց գործունեության հիմնական սկզբունքները,
հինգերորդ, որպես մտավոր սեփականության արդյունավետ պահպանության կարևոր մեխանիզմ` մշակել և գործողության մեջ դնել մտավոր սեփականության գնահատման համակարգ, ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` մտավոր սեփականության խախտման դեպքերի բացահայտման ու հետաքննության արդյունավետությունը գնահատելու համար,
վեցերորդ, առաջիկա տարիներին անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի արդյունավետ կառավարման ապահովման նպատակով իրականացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների իրական ժամանակում գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Այդ համակարգի շնորհիվ ապահովվելու են արտաքին օգտագործողների համար դրա հասանելիությունն ու մատչելիությունը,
յոթերորդ, աշխատանքներ իրականացնել հողաշինարարության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանման, պետական ֆոնդի հողերի վերաբաշխման կազմակերպման համար, կատարելագործել պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման ու օգտագործման տրամադրման հրապարակային սակարկությունների մեխանիզմները, աջակցություն ցուցաբերել հողերի միավորման ծրագրերին և հողի շուկայի ձևավորմանը,
ութերորդ, բարձրացնել գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետությունը, շարունակել պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների (տեղագրական, կադաստրային) թվային ֆոնդի ստեղծման և թարմացման աշխատանքները` հիմնված նորագույն` արբանյակային, օդային և վերգետնյա հանութային տեխնոլոգիաների վրա, շարունակել արբանյակային տեխնոլոգիաների հիման վրա պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցի արդիականացման, բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման, աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները, զգալի ուշադրության արժանացնել թեմատիկ քարտեզագրության, ուսումնական և պատմական այլ քարտեզների ու ատլասների ստեղծման աշխատանքները, շարունակել հանրապետությունում տիեզերական դիտարկումների կենտրոնի ստեղծման և տիեզերական նավիգացիոն համակարգերի միջոցով շարժական օբյեկտների դիտարկումներ իրականացնելուն ուղղված աշխատանքները, ներդնել մեկ քարտեզ (հանութային նյութ) պետական բոլոր խնդիրների համար սկզբունքը,
իններորդ, աջակցել անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Այդ շուկայի համաչափ զարգացման համար կարևորել անշարժ գույքի աճող պահանջարկի և առաջարկի գնահատումը, դրանց առանձնահատկությունները: Ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մեխանիզմներ: Գնահատել նաև շինարարության բնագավառում առկա կարողությունները և մշակել դրանց ընդլայնման միջոցառումների ծրագիր: Աշխատանքներ իրականացնել նաև շարժական գույքի գրավի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) գրանցման մեխանիզմների պարզեցման համար,
տասներորդ, առանձնահատուկ ուշադրություն դարձնել սեփականության իրավունքի պաշտպանությանը:
4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը
4.3.7.1. Արդյունաբերությունը
Տնտեսության արդյունավետ ճյուղային կառուցվածքը երկարաժամկետ և հաստատուն տնտեսական աճի նախադրյալներից է: Երկրորդ սերնդի բարեփոխումների նպատակով կառավարությունը կիրագործի նոր որակի արդյունաբերական քաղաքականություն: Նորամուծական արդյունաբերությունը և բարձրարժեք ծառայությունների զարգացումը կառաջնորդեն տնտեսական աճը և զարգացած շուկաների հետ առավել սերտ ինտեգրումը: Գիտահետազոտական աշխատանքների համար պետության կողմից կատարվող ծախսերը, ներառյալ առկա գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից կատարվող ծախսերը, կհասցվեն ՀՆԱ-ի 0.8-1 տոկոսին` նախապայմանով, որ մասնավոր հատվածը հետաքրքրություն ցուցաբերի և վերջինիս մասնակցությունը կազմի ծախսերի առնվազն կեսը: Հայաստանն արդյունաբերական ուղղվածություն ունեցող երկիր դարձնելու քաղաքականության նպատակով`
առաջին հերթին, կառավարությունը կներդնի կառավարման ժամանակակից մոդելների, նորամուծական արդյունքի կիրառման համակարգեր` արդի, մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովմամբ: Որդեգրած քաղաքականության արդյունքում հանրապետությունում կձևավորվի արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ, որը կխթանի միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկումը, նոր արտաքին շուկաների ընդլայնումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով բնակչության կենսամակարդակի բարձրացումը,
երկրորդ, տնտեսության մեջ ցածր արտադրողականություն և շահագործման արդյունավետություն, ինչպես նաև բարձր էներգատարություն ունեցող ոչ արդիական տեխնոլոգիաները նորերով փոխարինելու գործընթացը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում կլինի: Ռեսուրսատար վարքագծից ձերբազատվելու նպատակով անցում կկատարվի նոր տեխնոլոգիաներ կիրառող արդյունաբերության: Գլոբալ զարգացումներին համընթաց երկրում գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների (ներառյալ ինկուբատորների, տեխնոպարկերի և զարգացման ու հետազոտությունների ֆինանսավորման համար պետական-մասնավոր հիմնադրամների) զարգացումն արտադրողականության առաջանցիկ աճի և գիտելիքահենք տնտեսության կայացման նախապայմաններն են,
երրորդ, Հայաստանը պետք է իր տեղը գտնի գիտելիքահենք տնտեսությունների քարտեզում: Մեր երկրում պետք է ընդլայնվեն գիտատար արդյունաբերության ոլորտները, որտեղ կունենանք բարձր արտադրողականություն, ուստի և բարձր աշխատավարձով աշխատատեղեր: Մասնավոր հատվածի հետ համատեղ պետությունը գիտելիքի վրա հիմնված տնտեսությանը համապատասխան ծախսեր կկատարի հետազոտությունների, զարգացման և կրթական ծրագրերի ուղղությամբ,
չորրորդ, հանրապետությունում առկա տեխնոլոգիական հնարավորությունների և բնական պաշարների առավել նպատակային օգտագործման տեսանկյունից հատկապես կկարևորվի քիմիական և հանքարդյունաբերական համալիրների համակարգային զարգացման ծրագրերի իրականացումը: Այս ոլորտներում կառավարությունը կմշակի ռազմավարություն, որում կմատնանշվեն պարզ հումքի արտադրությունից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրարժեք արտադրատեսակներին անցնելու ուղղությունները,
հինգերորդ, արդյունաբերության բնագավառում կառավարության առաջնահերթ գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը, զգալիորեն կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը: Ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, որի օգտագործման համար անհրաժեշտ է բարելավել օրենսդրական պայմանները` դրանք դարձնելով զարգացման համար առավել բարենպաստ:
Այդ առումով կարևորվում են`
- օրենսդրական մի շարք հակասությունների վերացումը` ոլորտում ներդրումների ներգրավման առավել գրավիչ օրենսդրական դաշտ ապահովելու համար,
- հանքարդյունահանման և վերամշակման արդյունավետության բարձրացմանն ու ծավալների ավելացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացումը,
- երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը,
- վերամշակման խորացումը` նպատակ ունենալով այն հասցնելու վերջնական արտադրանքի թողարկման և ներճյուղային կոոպերացիայի զարգացմանը նպաստելը,
վեցերորդ, նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դերը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունը բարձրացնելու գործոն` կառավարությունը շարունակական քայլեր կձեռնարկի` ուղղված ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թռիչքային զարգացմանը և դիրքավորմանը միջազգային շուկայում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում այդ ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը:
Այս առումով կարևորվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքների համատարած առկայությունը,
յոթերորդ, կառավարությունը կաջակցի ձեռներեցության կենտրոնների ձևավորմանը, որպեսզի մեր քաղաքացիներն ընկալեն բիզնես-ռիսկերը, չվախենան նոր գործ սկսելուց և նորամուծություններից: Ձեռներեցության կենտրոնները կօգնեն նաև կրթել և աճեցնել գործունյա, պրպտող, գլոբալ մտածող սերունդ:
4.3.7.2. Գյուղատնտեսությունը
Կառավարությունը շեշտադրում է գյուղատնտեսության առանցքային դերը երկրի պարենային անվտանգության ապահովման և գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից: Այդ նպատակով նախատեսվում է Գյուղատնտեսության զարգացման և հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացման 2008-2012 թվականների ազգային ծրագրի մշակում և իրագործում:
Ապագա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից ազգային ծրագրի առանցքը պետք է լինի գյուղատնտեսության արդյունաբերականացումը և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկումը, դրա հաշվին ճյուղում գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների աճը:
Հետևաբար`
առաջին, նկատի ունենալով ճյուղի առանձնահատկությունները` կառավարությունը նախատեսում է ագրարային քաղաքականությունն ուղղորդել մի կողմից` ապրանքարտադրողներին ցուցաբերվող հասցեական աջակցության ծավալների մեծացմանը, և մյուս կողմից` արտադրական, սոցիալական և շուկայական ենթակառուցվածքների զարգացման միջոցով գործարար միջավայրի բարելավմանը,
երկրորդ, կառավարությունն ագրարային ոլորտը դիտարկում է որպես պետության ծախսային քաղաքականության գերակայություններից մեկը, և գյուղատնտեսության հարկային արտոնությունների տրամադրումից անցում է կատարվում բազմակողմանի աջակցության գործիքների կիրառմանը,
երրորդ, կառավարությունն առաջնություն կտա ոչ բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսության սուբսիդավորմանը, որը կնպաստի ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործմանը, հատկապես գյուղատնտեսական հողատեսքերի արտադրական շրջանառության մեջ ամբողջական ներգրավմանը,
չորրորդ, հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առկա խոչընդոտների վերացման, մասնավորապես, առավել անբարենպաստ պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային տոկոսի սուբսիդավորման և գրավի երաշխիքի տրամադրման, լիզինգով ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի կանխավճարի մասնակի համաֆինանսավորման և վենչուրային գործարքների արմատավորման միջոցով,
հինգերորդ, աշխատանքներ կիրականացվեն պետության և գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների կողմից` համաֆինանսավորման սկզբունքով ապահովագրական համակարգի ներդրման համար,
վեցերորդ, մեծ կարևորություն կտրվի գյուղական տարածքային համալիրների ձևավորման բաժանմանը, տնտեսական ներուժի և արժեգոյացման շղթայի գնահատմանը, առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման կողմնորոշում ունեցող արտադրատեսակների արտադրության խթանմանը: Արդյունքում գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի ներմուծում-արտահանում 2007 թվականի 3.1:1 հարաբերությունն էապես կբարելավվի,
յոթերորդ, կարևորելով գյուղատնտեսության վարման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը` կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի համապատասխան որակյալ կադրերի պատրաստման, վերապատրաստման, կիրառական հետազոտությունների իրականացման և մասնագիտական խորհրդատվության մատուցման բարելավման խնդիրներին,
ութերորդ` առանձնահատուկ ուշադրություն կդարձվի սերմնաբուծության և տոհմաբուծության զարգացմանը, բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի շրջանացմանը և գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը,
իններորդ, կառավարությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել ճյուղի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներում` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ոռոգման համակարգերի վերականգնմանը, արդիականացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդմանը: Նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսական ապրանքներ արտադրող փոքր տնտեսություններին ոռոգման ջրի մատչելիությունը` կառավարությունը շարունակելու է ոռոգման համակարգերի սուբսիդավորումը` այն դարձնելով ավելի հասցեական: Միաժամանակ, նախատեսվում է աստիճանական բարձրացնել ոռոգման ջրի ինքնածախսածածկման մակարդակը և կիրառել սուբսիդավորման այնպիսի եղանակներ, որոնք մասնակցային կառավարման պայմաններում մեծ չափով կխրախուսեն ոռոգման ջրի մատակարարման ու օգտագործման արդյունավետության բարձրացումը,
տասներորդ, կառավարությունը նախատեսում է առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ ունեցած իր պարտավորությունների շրջանակներում 2009 թվականին իրականացնել գյուղատնտեսության սուբսիդավորում` գյուղատնտեսական համախառն արդյունքի մինչև 5 տոկոսի սահմաններում,
տասնմեկերորդ, օրենսդրական հիմքերի բարելավման և նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով կառավարությունը կնպաստի ագրարային ոլորտում կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացմանը, գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնմանը, մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ավելացմանը, որի արդյունքում պայմաններ կստեղծվեն խիստ մասնատված հողակտորների միավորման, գյուղական բնակչության եկամուտների դիվերսիֆիկացման և բնականոն վերարտադրության համար անհրաժեշտ սեփական կապիտալի ավելացման համար,
տասներկուերորդ, կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի իրականացումը:
4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը
Բարձր տնտեսական աճը ենթադրում է արտահանման ծավալների ավելացում և մուտք դեպի արտաքին շուկաներ: Արտահանման ծավալների ավելացումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացմանը և զբաղվածության աճին, այլև համաշխարհային ինտեգրմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը, մշակութային և տեխնոլոգիական զարգացմանը, ներքին կարողությունների աճին: Հետևաբար, կառավարության նպատակը տնտեսավարող սուբյեկտների համար օտարերկրյա շուկաների հասանելիության, ներմուծման և արտահանման համար ծախսվող ժամանակի և կատարվող գործողությունների կրճատման, արտահանման ծավալների էական աճի, գլոբալ մրցունակության համաթվի բարձրացման ապահովումն է: Դրան հասնելու համար.
առաջին, կառավարությունը գիտակցում է, որ միայն ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականությունը կարող է թույլ տալ արդյունավետ օգտագործել բաց տնտեսության առավելությունները: Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ արգելքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները: Դրանց վերացմանն ուղղված ռազմավարությունների մշակումն ու իրականացումը կառավարության առաջնահերթ խնդիրն է,
երկրորդ, կառավարությունը կնախաձեռնի ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները Եվրամիության հետ: Արտաքին առևտրաշրջանառությունում մենք պետք է ձգտենք ունենալ արտաքին առևտրաշրջանառության ամենաարդյունավետ և արագ համակարգը Եվրոպայում: Հայաստանը չունի ուղիղ ելք դեպի ծով, և մեզ համար բարձր են արտահանման և ներմուծման տրանսպորտային ծախսերը, ուստի այս խոչընդոտը պետք է փոխհատուցվի արդյունավետ համակարգով: Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպումների համար պահանջվող ժամանակը պետք է էապես կրճատվի,
երրորդ, կառավարությունը, համագործակցելով բոլոր հետաքրքրված կողմերի հետ, իրականացնելու է Հայաստանի` որպես գործարարական գործունեության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորում և գովազդում,
չորրորդ, կառավարությունն արտաքին տնտեսական քաղաքականության մյուս կարևորագույն ուղղությունը համարում է տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների, հատկապես վերազգային ընկերությունների ներգրավումը: Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից Հայաստանում արտադրության կազմակերպումը, ապրանքների արտահանումը և գովազդը նույնպես էականորեն կփոխեն համաշխարհային շուկայի մոտեցումը Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ:
4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը
Կառավարությունը նպատակ ունի ձևավորել բարձր որակական պահանջներ դնող սպառողների հասարակություն: Դրան հասնելու երաշխիքն սպառողների կողմից իրենց իրավունքների և շահերի պաշտպանվածության ընկալման բարձր աստիճանն է և պետության կողմից ներդրված ջանքերին մասնակցությունը: Դրա համար.
առաջին, կառավարությունը 2008 թվականին կընդունի սպառողների շահերի պաշտպանության հայեցակարգը, որում կներկայացվեն հստակ մոտեցումներ սպառողների շահերի պաշտպանության, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ: Հայեցակարգի ընդունումն ու դրա իրականացումը հնարավորություն կտան ապահովելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հետևյալ հիմնական նպատակների իրագործումը.
- սպառողների անվտանգության ապահովում,
- սպառողների տնտեսական և իրավական պաշտպանության ապահովում,
- սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի կիրառմամբ` տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը նպաստելը,
- պետական վերահսկողության համակարգի կատարելագործում,
- սպառողների իրազեկմամբ և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների զարգացում,
- տեղեկատվական և կրթական համակարգի կատարելագործում,
երկրորդ, կառավարությունը հետամուտ կլինի սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգի կատարելագործման աշխատանքներին, կիրականացնի սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման լայնամասշտաբ ծրագրեր,
երրորդ, կառավարությունն էապես կբարելավի սննդամթերքի անվտանգության ապահովումը` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը: Կարևորելով սննդի անվտանգությունը` կառավարության քաղաքականությունը կնպատակաուղղվի սննդի անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների երկրորդ փուլի իրականացմանը` կոդեքսի ազգային կոմիտեի ստեղծում, տեղական արտադրության սննդամթերքի անվտանգության, վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման, ինչպես նաև որակի կառավարման միջազգային համակարգերի ներդրում, սննդամթերքի որակի և անվտանգության հսկողության գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաների կարողությունների ուժեղացում և նորերի ստեղծում` ապահովելով դրանց տեխնիկական հագեցվածությունը, համապատասխան կադրերի ուսուցումը և վերապատրաստումը:
4.3.10. Բնապահպանությունը
Երկրի անվտանգ ու կայուն զարգացումը, բնապահպանական և տնտեսական օգուտների և վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը և բարեփոխումների ռազմավարության իրականացումը, ինչպես նաև միջազգային ինտեգրման ռազմավարությունը հանդիսանում են կառավարության քաղաքականության առանցքը:
Այդ առումով`
առաջին, կառավարությունը բնապահպանության ոլորտում արձանագրում է հետևյալ նպատակները.
- շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումը և կանխարգելումը,
- ընդերքի և բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,
- շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների, դրանց ազդարարման և արձագանքման ժամանակակից համակարգի ստեղծումը,
- ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը, բնագավառի համար բարձրորակ մասնագետների պատրաստման ապահովումը, ինչպես նաև ատոմային էներգիայի ոլորտը կարգավորող պետական կառավարման մարմնի կարգավիճակի հստակեցումը,
- շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,
- բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծումը,
երկրորդ, առանձնահատուկ կարևորություն է տրվելու Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Հայաստանի Հանրապետության ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացման, անտառապատման և անտառավերականգնման ծավալների աճի ապահովման, անտառների ապօրինի հատումների կանխման, անապատացման դեմ պայքարի, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական պահպանության, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման խնդիրներին,
երրորդ, կբարելավվի բնական ռեսուրսների հաշվառման համակարգը, կիրականացվեն դրանց օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման և դրանց հասցեական օգտագործման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը, բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների զարգացման և ներդրման գործընթացները, կապահովվեն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:
4.3.11. Արտադրական ենթակառուցվածքները
4.3.11.1. Վառելիքաէներգետիկ և բնական պաշարների համակարգը
Էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է էներգակիրների ներկրման ուղիների և էներգիայի արտադրության ձևերի ընդլայնում, տարածաշրջանային էներգահամակարգին ինտեգրում, ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ նվազագույն ծախսերով էներգահամակարգի զարգացման խթանում` անվտանգության, էներգամատակարարման հուսալիության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման պահանջների կատարմամբ: Այս առումով հրատապ լուծում են պահանջում`
առաջին, արտադրական հզորությունների սերնդափոխությունը և արդիականացումը, որոնց իրականացմանն են ուղղվելու օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկային միջոցները: Այստեղ կառավարության քաղաքականությունն իրականացվելու է պետության մասնակցության կրճատմամբ և մասնավոր ներդրումների ներգրավման տարբեր եղանակների կիրառմամբ,
երկրորդ, նոր միջուկային էներգետիկ հզորությունների ստեղծում` միաժամանակ իրականացնելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացում և շահագործումից հանելու նախապատրաստում,
երրորդ, առկա հիդրոպոտենցիալի օգտագործման արդյունավետության բարձրացում և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն ուղղված գիտական և ինժեներատեխնիկական հետազոտությունների իրականացում,
չորրորդ, հանրապետությունում գազամատակարարման ցանցի ընդլայնում, ինչպես նաև կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովում,
հինգերորդ, մասնավոր ներդրումների խթանումն այն բնագավառներում, որտեղ դրանք կարող են հանգեցնել էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման` ջերմամատակարարման ոլորտում առավել արդյունավետ համակարգերի ներդրմամբ:
Հանրապետության բնական պաշարների ողջամիտ օգտագործման ուղղությամբ կառավարության կարևորագույն նպատակներն են`
- երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը,
- բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,
- ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը,
- Ջրի ազգային ծրագրի համաձայն` ջրային պաշարների արդյունավետ և խնայողաբար օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը:
4.3.11.2. Ջրամատակարարումը և ջրահեռացումը
Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառավարությունն առանձնացնում է մատակարարվող ջրի որակի բարելավումը, կայուն ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովումը: Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման հուսալիությունը, արդյունավետությունը և ոռոգման համակարգին տրամադրվող պետական օժանդակության հասցեականությունը: Ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների խորացումը կառավարությունը տեսնում է համակարգի կառավարման ապապետականացման գործընթացների շարունակման և ընդլայնման միջոցով: Կառավարության ներդրումային գերակայությունների շրջանակում նախատեսվում են`
առաջին, պետական ներդրումների իրականացում հիմնականում երկկողմ և բազմակողմ դոնորական աջակցության շրջանակներում` երկրին տրամադրվող արտոնյալ վարկերի և դրամաշնորհների հաշվին,
երկրորդ, համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործման ու պահպանման խնդիրների լուծումը,
երրորդ, առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացումը, որով կապահովվի այդ կառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը,
չորրորդ, գյուղական բնակավայրեր ջրամատակարարման ներդրումային ծրագրի իրականացում` համաձայն որի պետական ներդրումներն առաջնահերթ կուղղվեն ծրագրում նշված խնդիրների լուծմանը:
4.3.11.3. Տրանսպորտը և կապը
Կառավարությունը տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկում է որպես անհրաժեշտ պայման երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ռացիոնալ ինտեգրումն ապահովելու գործընթացում: Հեռահաղորդակցության ոլորտում կառավարությունը նպատակ ունի ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը և ապահովել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանություն և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակ: Այս նպատակների իրականացման առումով կառավարությունը մտադիր է`
առաջին, շարունակել տրանսպորտի և կապի ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումը և արդիականացումը, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների գործընթացի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
երկրորդ, հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման համար կատարել զգալի ներդրումներ, քանի որ ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտին բաժին է ընկնում բեռնափոխադրումների շուրջ 57 տոկոսը և ուղևորափոխադրումների շուրջ 91 տոկոսը: Առաջնահերթությունը կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ հատվածներում իրականացվող աշխատանքների համար կատարվող ներդրումներին: Սոցիալական ծառայությունների հասանելիության և աշխատուժի շարժունակության ավելացման, ինչպես նաև տնտեսական և սոցիալական տարածքային անհամաչափությունները մեղմելու նպատակով նախատեսվում է էականորեն ավելացնել գյուղական համայնքներն սպասարկող ճանապարհներին ուղղվող պետական ներդրումների ծավալները: Ակնկալվում է, որ մինչև 2012 թվականը բոլոր բնակավայրերը կունենան միջպետական նշանակության ճանապարհներին կապող առնվազն մեկ բարեկարգ ճանապարհ: Ճանապարհային ցանցի արագացող մաշվածությունը կանխելու և տրանսպորտային փոխադրումների ավելի անվտանգ, արագ և դյուրին իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունը մտադիր է վերականգնել և զարգացնել ճանապարհային ինժեներական շինությունները, ընդլայնել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանմանն ու շահագործմանն ուղղված պետական միջոցների ծավալները, բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը,
երրորդ, հետևել հայկական երկաթուղու կառավարման մեխանիզմների կատարելագործման և կոնցեսիոն պարտավորությունների կատարմանը` ապահովելով արդիական և որակյալ ծառայություններ մատուցող երկաթուղային ենթակառուցվածքներ,
չորրորդ, նախատեսել նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար տրանսպորտային մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
հինգերորդ, հետևողական լինել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների տեխնիկական հնարավորությունների ու սպասարկման որակն առավելագույնս միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ծրագրերի իրագործմանը: Դա կնպաստի երկրի ռազմավարական և հյուսիսային մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը,
վեցերորդ, հետևողականորեն իրականացնել օդային հաղորդակցությունների միջկառավարական լրացուցիչ համաձայնագրերի կնքման գործընթացներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնելու Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) չվերթների աշխարհագրությունը: Այդ համաձայնագրերում կներառվեն այնպիսի դրույթներ, որոնք կապահովեն ավիափոխադրումների աճը ու կբավարարեն դրանց նկատմամբ պահանջարկը,
յոթերորդ, բացի միջկառավարական համաձայնագրերից` վարել բանակցություններ միջազգային կազմակերպություններին անդամակցելու, թռիչքային և ավիացիոն անվտանգության բնագավառում սահմանված միջազգային ստանդարտները Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կիրառելու նպատակով: Այս քայլերը, ապահովելով տնտեսական աճի պահանջները, կնպաստեն նաև քաղաքացիական ավիացիայում ժամանակակից օդանավեր ընդգրկելուն և շահագործելուն,
ութերորդ, կարևորելով փոխադրողների պատասխանատվությունը և ուղևորների իրավական պաշտպանվածությունը` օրենսդրական դաշտում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային կոնվենցիաներով սահմանված պարտադիր ապահովագրության պահանջներին և առավել կպաշտպանեն սպառողների շահերը,
իններորդ, կապի բնագավառում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրմանը, հեռահաղորդակցության և փոստային կապի ոլորտում շուկայական հարաբերությունների լիարժեք իրագործմանը, ինտերնետային կապի հասանելիությանն ու մատչելիությանը, այդ շուկայում առողջ մրցակցության ապահովմանը, հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը, կապի և հեռահաղորդակցության արդիականացման ռազմավարությունը նպատակաուղղված կլինի օպտիկամանրաթելային ցանցի զարգացմանը:
4.3.12. Քաղաքաշինությունը
Քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականության գերակա նպատակը ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումն է:
Որպես քաղաքաշինության կարևորագույն սկզբունք` որդեգրվում է «կանաչ քաղաքաշինությունը»: Այդ նպատակով`
առաջին, առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բազմակենտրոն տարածական զարգացման սկզբունքների հետևողական ներդրման միջոցով երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռմանը, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարմանը, անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, բնակավայրերի կայուն զարգացմանը նպատակաուղղված քաղաքաշինական ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Կառավարությունը կշարունակի գործուն միջոցներ ձեռնարկել կառուցապատման ծրագրերի իրականացման հենքը հանդիսացող ազգային, տարածքային և տեղական մակարդակների տարածական պլանավորման և հատակագծման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորման ուղղությամբ` ապահովելով հասարակության լայնածավալ մասնակցությունը վերջիններիս վերաբերյալ որոշումների ընդունմանը,
երկրորդ, կառավարությունը շարունակելու է քաղաքների ճարտարապետական ժառանգության ու պատմամշակութային միջավայրերի քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծումը` որպես բնակավայրերի ինքնատիպության, գրավչության, ինչպես նաև մարդկանց բարեկեցության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող էնդոգեն զարգացման խթան: Հանրապետության բնակավայրերի պատմական կառուցապատման քաղաքաշինական վերականգնման ծրագրերի իրականացման համար կկիրառվեն նաև պետական-մասնավոր գործընկերության սկզբունքները` միջազգային համանման փորձի ուսումնասիրության և տեղայնացման միջոցով,
երրորդ, շարունակական բնույթ կկրի քաղաքաշինության բնագավառում ներդրումային գրավչության և գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը` պահպանելով կապիտալ շինարարության զարգացման առաջանցիկ տեմպերը և կարևորելով ոչ միայն ծավալային, այլև որակական չափանիշների հետևողական բարձրացումն ու խթանելով ներդրումային նախաձեռնությունները հատկապես թույլ զարգացած տարածքներում,
չորրորդ, կառավարությունը հետամուտ կլինի քաղաքաշինական համակարգերի որակական երաշխիքների ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ քաղաքաշինական ստանդարտների և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի կատարելագործմանը` դրանով իսկ նպաստելով միասնական շուկայում հանրապետության շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, ինչպես նաև նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը,
հինգերորդ, կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն կառույցների սեյսմակայունության և հուսալիության ապահովման խնդիրները` սեյսմազինվածության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերի, ինչպես նաև վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երևույթների ազդեցության նվազեցման, այդ թվում` սողանքային տարածքներում անհրաժեշտ, հիմնականում կանխարգելիչ, ինժեներապաշտպանական միջոցառումների մշակման և իրականացման միջոցով,
վեցերորդ, կշարունակվեն անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերը: Դրա հետ մեկտեղ միջոցներ կձեռնարկվեն առավել սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային խնդիրների լուծման, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման ու կառավարման համակարգերի զարգացման, կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործման, սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի ներդրման, երիտասարդ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորությունների ընձեռման ուղղությամբ,
յոթերորդ, նորաստեղծ ընտանիքների համար կներդրվեն բնակարանի ձեռքբերման նպաստավոր կառուցակարգեր: Կշարունակվեն նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար շենքերի, շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները:
4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
Կառավարությունը կարևորում է արտակարգ իրավիճակների կանխման ոլորտում համալիր քաղաքականության մշակումը, ինչպես նաև զարգացման ու արդիականացման ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Ռազմավարական կառավարման տեսանկյունից առաջնային պետք է իրականացվեն հետևյալ 3 նպատակները.
- բնածին և տեխնածին արհավիրքների և աղետների կանխատեսում և կանխարգելում,
- արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանություն և փրկարարական աշխատանքների իրականացում,
- հետևանքների վերացում և առաջնային վերականգնողական աշխատանքներ:
Հետևաբար`
առաջին, կառավարությունը բնածին և տեխնածին արհավիրքների և աղետների կանխատեսման և կանխարգելման ուղղություններով կիրականացնի հետևյալ աշխատանքները.
- ռիսկերի գնահատման տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում` ապահովելով նորագույն տեխնոլոգիաների օգտագործում,
- կառավարման մարմինների և բնակչության ազդարարման ու կապի ժամանակակից համակարգերի հիմնում,
- տարաբնույթ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգի ձևավորում, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծում,
- արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրազեկման ժամանակակից համակարգի ստեղծում ու զարգացում,
- սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության համակարգի բարեփոխում, սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացում, իրազեկման համակարգի արդիականացում, արդիական գիտական հայտնագործությունների ներդրում,
- հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության եռամիասնական համալիրի ձևավորում և պարբերական արդիականացում,
- արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տեսչության ձևավորում պետական հրդեհային տեսչության հիմքի վրա,
- տեխնիկական անվտանգության ծառայության օրենսդրական-մեթոդաբանական և տեխնիկատեխնոլոգիական բազայի արդիականացում.
երկրորդ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության, փրկարարական աշխատանքների իրականացումը կատարվելու է հետևյալ ուղղություններով.
- հատուկ փրկարարական, հատուկ հրշեջ, հրշեջ փրկարարական, ջրափրկարարական և այլ ուժերի վերազինում` նորագույն հատուկ տեխնիկայով, սարքավորումներով, հանդերձանքով ու այլ միջոցներով,
- արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության զարգացում,
- մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի ստեղծում (եվրոպական 211 համակարգի օրինակով).
երրորդ, արհավիրքների, պատերազմի հետևանքների բնածին և տեխնածին աղետների հետևանքով ստեղծված իրավիճակում առավել հրատապ է առաջնային վերականգնողական աշխատանքների (կենսաապահովման առաջնային ենթակառուցվածքների) հրատապ կարգով իրականացումը`
- աղետների և պատերազմական իրավիճակի հետևանքով վնասված և ոչնչացված ենթակառուցվածքների առաջնային վերականգնողական հանրային աշխատանքների համակարգի ձևավորում,
- տուժած բնակավայրերի բնակիչների պաշտոնական ներգրավում վերականգնողական աշխատանքներում,
- աղետների հետևանքների առաջնային վերացում և ապահովագրության համակարգերի ներդրում,
- պետական ռեզերվների ընդլայնում, պահպանման ենթակառուցվածքների բարելավում, համակարգի բարեփոխումներ և արդիականացում.
չորրորդ, կառավարությունը կնախաձեռնի Հայաստանում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկութավորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը:
4.4. Սոցիալական ոլորտը
4.4.1. Առողջապահությունը
Ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինելու առողջապահական ծառայությունների մատչելիության ու որակի բարձրացմանը: Կառավարությունը խրախուսելու է տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալուն, ինչպես նաև էլեկտրոնային բժշկության ներդրմանը նպաստող քայլերը: Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը միջնաժամկետ հատվածում հանդիսանալու է կառավարության ծախսային քաղաքականության առաջնային գերակայություններից մեկը: Ներոլորտային մակարդակում առաջնայնությունը տրվելու է բուժօգնության առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս առումով`
առաջին, առողջապահության գծով պետական ծախսային մասհանումների ավելացումը լինելու է կառավարության օրակարգում, և ծրագրվում է 2012 թվականին ապահովել ոլորտում պետական ծախսերի` համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 2.2 տոկոս մակարդակ: Հատկապես կարևորվում են մարզային հիվանդանոցային բուժօգնության հաստատությունների արդիականացումը և մասնագիտացված բժշկական կադրերով ապահովումը,
երկրորդ, կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու համակարգի կապիտալ ակտիվների պահպանմանն ու ոլորտում նոր հզորությունների գործարկմանը: Ծրագրվում է միջնաժամկետ հատվածում ոլորտին հատկացվող պետական միջոցների 15 տոկոսն ուղղել կապիտալ բնույթի ծախսերին, որը կբերի առողջապահության համակարգի շենքերի ու շինությունների ֆիզիկական և բարոյական մաշվածության վերացմանը, ինչպես նաև նորագույն սարքավորումներով վերազինմանը, ձեռնարկվելու են քայլեր կապիտալ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու և կապիտալ ծախսերի ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ` հաշվի առնելով առաջնային և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպչական առանձնահատկությունները,
երրորդ, կառավարությունը հատուկ կարևորում է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը` նրանց համար հիվանդությունների հիմնական խմբերի գծով ապահովելով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ,
չորրորդ, ծրագրերի առումով կառավարությունը գերակա է համարում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը, մոր և մանկան առողջության պահպանումը, սոցիալական հատուկ նշանակություն ունեցող և տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը, դրանց վաղ հայտնաբերումն ու բուժման արդյունավետության բարձրացումը,
հինգերորդ, կառավարությունը մշակելու է տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալու ռազմավարություն և դրան նպաստող միջոցառումների ծրագիր, ներառյալ` Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը, որը, հանդիսանալով տարածաշրջանային միակ նմանատիպ կենտրոն, թույլ կտա այս ինստիտուտի բազայի և եվրոպական փորձի հիման վրա ստեղծել քաղցկեղի բուժման լավագույն կենտրոն,
վեցերորդ, կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականության և բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին, այդ թվում` առողջապահության համակարգում անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծմանն ու կատարելագործմանը,
յոթերորդ, կառավարությունը կձեռնարկի միջոցներ միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների ներդրման ուղղությամբ,
ութերորդ, կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականության և բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին, այդ թվում` առողջապահության համակարգում անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծմանն ու կատարելագործմանը:
4.4.2. Սոցիալական պաշտպանությունը
Նպատակադրելով հանրային համերաշխության հաստատումը, սոցիալական պետության կերտումը և սոցիալական արդարության արմատավորումը` կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու`
- աղքատության հաղթահարմանը և հասարակության բևեռացվածությունը մեղմելուն ուղղված սոցիալական քաղաքականության իրականացմանը` որպես աղքատության շեմ ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը,
- աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ` հաշմանդամների) կենսամակարդակների տարբերության կրճատմանը,
- սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի բարելավմանը, պետության կողմից բնակչության սոցիալապես խոցելի խավերին սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրմանը, դրանց ծավալների մեծացմանը, հասցեականության, մատչելիության, արդյունավետության և որակի հետևողական բարելավմանը` այդ գործընթացներին մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին,
- բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ներառյալ` կուտակային կենսաթոշակային համակարգը,
- սոցիալական պաշտպանության ծրագրերի ներդաշնակեցմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու դրա իրականացմանը` նպատակակետ ունենալով նաև սոցիալական օրենսգրքի ընդունումը,
- հաշմանդամների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական ծրագրերի իրականացմանը,
- կայուն ընտանիքի ձևավորմանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը,
- գենդերային հավասարությանը` հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը:
Այդ առումով.
առաջին, կառավարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել ոլորտի համար նախատեսվող ծախսերը, որոնց հիմնական մասը կազմելու են կենսաթոշակային ապահովմանն ուղղվող միջոցները: Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու: Ընդ որում, աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակներին ուղղվող միջոցները կկազմեն համախառն ներքին արդյունքի 4.5 տոկոսը, որի արդյունքում 2012 թվականին միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափը կհամապատասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին,
երկրորդ, հանրապետության տնտեսական մրցունակությունը չվտանգելու նպատակով կառավարությունը մտադիր է նախանշված միջոցների ավելացումն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հաշվին` ձեռնպահ մնալով աշխատավարձի նկատմամբ հարկային բեռի ավելացումից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նպատակադրված պակասուրդի շրջանակներում,
երրորդ, կառավարությունը կշարունակի և կբարեփոխի ընտանեկան նպաստների քաղաքականությունը` զգալիորեն ավելացնելով ծրագրի հասցեականությունը: Այս ծրագրի շնորհիվ աղքատության մակարդակը 2012 թվականին կարող է նվազեցվել շուրջ 6 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում` շուրջ 12 տոկոսային կետով,
չորրորդ, կառավարությունը ծրագրում է 2009 թվականից բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ` ներկայումս գործող նպաստի չափը և ներդնել երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգ,
հինգերորդ, կառավարությունը հատուկ կարևորում է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը` նրանց համար հիվանդությունների հիմնական խմբերի գծով ապահովելով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ,
վեցերորդ, կառավարությունն իր գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում է պահելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, մասնավորապես, հաշմանդամների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, բազմազավակ ընտանիքների, պատերազմի վետերանների ու ազատամարտիկների ընտանիքների, փախստականների և տեղահանված անձանց սոցիալական պաշտպանվածության խնդիրները` ընդլայնելով սոցիալական թիրախային ծրագրերի իրականացումը,
յոթերորդ, կառավարությունը կշարունակի նախկին ԽՍՀՄ խնայբանկում եղած ավանդների փոխհատուցման քաղաքականությունը` արդեն իսկ ձևավորված ձևաչափով:
4.4.3. Կրթությունը և գիտությունը
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթական համակարգի ստեղծման, կրթության մատչելիության ապահովման, գիտության զարգացման ուղղությամբ: Պետության, հասարակության և անհատի անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության կարևոր երաշխիք է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների արդյունավետության էական բարձրացումը: Այն պետք է ուղղված լինի տարածաշրջանում Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի, հեղինակության վերականգնմանը: Կյանքի բոլոր փուլերում որակյալ և ցկյանս կրթություն ստանալու հնարավորությունների ապահովումը լինելու է ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական առանցքը:
Այդ առումով`
առաջին, կառավարության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկը կհանդիսանա կրթության մեջ քաղաքացիների ընդգրկվածության աստիճանի բարձրացումը: 2012 թվականին ակնկալվում է կյանքի 6-21 տարեկան ժամանակահատվածում ուսումնառության սպասվելիք տարիների թիվը հասցնել 12.5 տարվա,
երկրորդ, կառավարությունը կրթական ծառայությունների որակի բարձրացման առումով կարևորելու է հանրակրթական դպրոցների ուսումնամեթոդական հենքի արդիականացումն ու դպրոցների շենքային պայմանների և ուսումնական գործընթացի ապահովման տեխնիկական միջոցների բարելավումը: Մասնավորապես, կառավարությունը մտադիր է մինչև 2012 թվականը վերանորոգել բոլոր հանրակրթական դպրոցները (ներառյալ` դրանց պատշաճ ջեռուցման հնարավորությունների ապահովումը)` միջնաժամկետ հատվածում կապիտալ ծախսերին ուղղելով ոլորտի ընդհանուր պետական ծախսերի 8-10 տոկոսը: Կառավարությունը հետամուտ կլինի, որ մինչև 2012 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներն ապահովված լինեն բավարար քանակությամբ համակարգչային սարքավորումներով, և դրանց գերակշիռ մասն ընդգրկված լինի դպրոցական միասնական համացանցում,
երրորդ, կառավարությունն ապահովելու է համակարգչային հմտություններ և օտար լեզուներ ուսանելը` սկսած կրտսեր դպրոցից,
չորրորդ, կրթական համակարգի արդյունավետության մեծացման, Հայաստանում և զարգացած երկրներում կրթության որակի միջև առկա անհամապատասխանության վերացման տեսակետից կառավարությունը կարևորում է կրթության արդյունքների գնահատման արդիական համակարգի և որակի ապահովման ազգային կենտրոնի ձևավորումը, համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը: Գործողություններ կիրականացվեն նաև եվրոպական երկրներում Հայաստանի բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի ճանաչման ուղղությամբ,
հինգերորդ, կրթության նկատմամբ որակապես նոր պահանջների ձևավորումը թելադրում է զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման, մասնագիտական առաջխաղացման և ատեստավորման մեխանիզմների արդյունավետությունը,
վեցերորդ, արդիական հմտություններ ունեցող որակյալ կադրերի պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը կաջակցի կրթական համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև կապի ապահովմանը: Կներդրվի մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի գնահատման եվրոպական լավագույն փորձը,
յոթերորդ, կարևորելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության հարցերը, բնականոն զարգացման ու սոցիալական ինտեգրացիայի խնդիրները` կառավարությունն անհրաժեշտ պայմաններ կստեղծի նաև այդ երեխաների կրթության համար: Կապահովեն պայմաններ ազգային փոքրամասնությունների կրթության ծրագրերի իրականացման համար,
ութերորդ, նախադպրոցական կրթության զարգացումն ուղղվելու է համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը: Կառավարությունը կաջակցի համայնքներին ընդլայնելու նախադպրոցական կրթական ծառայությունները և մեծացնելու դրանցում հատկապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը,
իններորդ, մասնագիտական և շարունակական կրթության ոլորտում կառավարությունը շարունակելու է եվրոպական կրթական տարածքին ինտեգրման քաղաքականությունը` Լիսաբոնի հռչակագրի սկզբունքներին համապատասխան` արմատական բարեփոխումներ իրականացնելով ինչպես համալսարանական, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Մինչև 2010 թվականը կներդրվի Բոլոնիայի գործընթացով նախատեսված, միջազգային չափանիշներին համադրելի որակավորումների ազգային համակարգ, կիրականացվեն արմատական քայլեր համալսարանական կառավարման արդիականացման, այդ թվում` գիտական կադրերի որակավորման և ասպիրանտական ուսուցման կատարելագործման ուղղությամբ,
տասներորդ, կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու մասնագիտական կրթական համակարգում ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես, ուսանողական նպաստների և վարկավորման մեխանիզմների ներդրման հաշվին,
տասնմեկերորդ, կրթության ոլորտի բարեփոխումներին համարժեք և համաչափ` կառավարությունը կապահովի պետական ծախսերի շարունակական ավելացումը: 2012 թվականին կապահովվի համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 3.5 տոկոս ցուցանիշ,
տասներկուերորդ, կառավարությունը, գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը համարելով Հայաստանի կայուն զարգացման գրավական, մեծապես խթանելու է գիտության ոլորտի բարեփոխումները` զարգացնելով գիտության հարցերով զբաղվող առանձին լիազոր մարմնի գործունեությունը: Նպատակ ունենալով արագացնել համակարգի ենթակառուցվածքների արդիականացումը` կբարձրացվի ոլորտի կառավարման և գիտական աշխատանքների արդյունավետությունը, կապահովվեն ձևավորված պետական աջակցության միտումները: Այդ առումով`
- ելնելով Հայաստանի գիտության զարգացման առաջնահերթ խնդիրների լուծման անհրաժեշտությունից` կմշակվի Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հայեցակարգից բխող ռազմավարական մոտեցումները,
- գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման նպատակով միջազգային արդի չափանիշներին համահունչ գիտական հասարակայնության անմիջական մասնակցությամբ կվերահաստատվեն Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները,
- կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի հասարակական գիտությունների զարգացմանը` որպես հասարակական զարգացումների գիտական պլանավորման և իրականացման անհետաձգելի հրամայական,
- բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար հստակեցվելու են գիտության զարգացման գործում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը, գիտահետազոտական ինստիտուտների մրցունակության ապահովման, համալսարանական գիտության հետ այդ ինստիտուտների համադրման մեխանիզմները,
տասներեքերորդ, կառավարությունը հետամուտ է լինելու բարձրագույն ուսումնական հաստատությունները գիտական լուրջ կենտրոններ դարձնելուն` խթանելով հետազոտական աշխատանքների ուժեղացումը: Գիտության զարգացման առումով կարևորվում է գիտնականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության ապահովումը և գիտական գործունեության արդյունքներն իրացնելու հնարավորությունը տեղական և համաշխարհային շուկաներում: Կներդրվեն գիտական ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքների գնահատման ժամանակակից մեթոդներ ինչպես գիտական աստիճանների շնորհման, այնպես էլ բյուջետային հատկացումների ծրագրավորման համար,
տասնչորսերորդ, կմշակվեն և կիրագործվեն միջազգային կենտրոնների հետ համագործակցությանը և ինտեգրացմանը, հայագիտության արդի և հեռանկարային հիմնահարցերի լուծմանն ուղղված գիտական ծրագրեր, կտարվեն աշխատանքներ գիտական դպրոցների ձևավորման ուղղությամբ,
տասնհինգերորդ, զարգացած երկրների հետ համադրելի կրթական համակարգ ունենալու տեսանկյունից միջոցներ կձեռնարկվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնման, այդ ծառայությունների որակի բարելավման և մատչելիության ապահովման առումով, կկարևորվի ինտերակտիվ էլեկտրոնային կրթության զարգացումը և համատարած կիրառումը, կներդրվեն ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման և հեռավար ուսուցման համակարգեր:
4.4.4. Մշակույթը
Կառավարությունը մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն է համարում`
- մշակութային ժառանգության պահպանությունը.
պատմամշակութային անշարժ հուշարձանների, մշակութային արժեքների և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման պահպանման և օգտագործման համալիր ծրագրերի մշակումը և իրականացումը, Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների հաշվառումը,
- ժամանակակից արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացումը և մշակութային գործընթացների խթանումը.
ստեղծագործական գործունեության ազատության ապահովումը` դեբյուտային գործընթացների խրախուսումը, մշակութային կազմակերպությունների ստեղծագործական գործունեության աջակցումը, այդ թվում` սոցիալ-ստեղծագործական պատվերների իրականացումը, նյութատեխնիկական բազայի արդիականացման ապահովումը և սփյուռքահայ արվեստագետների ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ,
- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մշակույթի ոլորտում.
տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը մշակույթի բնագավառում, ոլորտի միասնական տեղեկատվական շտեմարանների ստեղծումը, մշակութային արժեքների թվանշանացման գործընթացի խթանումը,
- մշակույթի ոլորտի կադրային քաղաքականությունը և մշակութային կրթությունը.
մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման պետպատվերի համակարգի կատարելագործումը, մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, կառավարիչների ինստիտուտի ձևավորումը, գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովումը,
- մշակույթի համաչափ զարգացումը.
մարզերում մշակույթի զարգացման ծրագրի մշակումը, միջմարզային մշակութային համագործակցության խթանումը, մշակույթի (դեպի մարզեր) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովումը,
- միջազգային համագործակցության զարգացումը.
արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, դրանց ներդաշնակ համադրումը, արտերկրում Հայաստանի մշակույթի նպատակաուղղված քարոզչության ծրագրի մշակումը և իրագործումը, Հայաստանում ԵՄ մշակութային տարածաշրջանային կենտրոնի ձևավորումը,
- տեղեկատվական քաղաքականության իրականացումը.
մշակութային ժառանգության հանրահռչակման, հասարակության համար հաղորդակցվելու մատչելիության ապահովման և քարոզչական ծրագրերի իրականացման միջոցով մշակույթի դերի բարձրացմանը, քաղաքացիական հասարակության և հասարակական բարքերի ու բարոյահոգեբանական կերտվածքի ձևավորմանը նպաստելը:
Կառավարությունը կսերտացնի համագործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ` հայ ժողովրդի ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Կառավարությունը հետևողականորեն կաջակցի Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանությանը:
Բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար կկատարելագործվի մշակույթի զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտը` հնարավորինս համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին ու պահանջներին, կշարունակվեն մշակութային կառույցների և հաստատությունների կառավարման կատարելագործումը, մշակույթի ոլորտում կառավարման մարմինների լիազորությունների հստակեցումը, տարանջատումն ու կրկնվող գործառույթների վերացումը:
Կառավարությունը բյուջետային ֆինանսավորման շրջանակներում կապահովի մշակույթի զարգացման համար հատկացվող բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը` ծրագրային ֆինանսավորման համակարգի կիրառմամբ:
4.4.5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
Կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակներն է համարում բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության ու երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունն ու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների պատրաստումը, օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և այլ միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների արդյունավետ մասնակցության ապահովումը: Այդ նպատակներին հասնելու համար`
առաջին, կառավարության քաղաքականությունն իրականացվելու է օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար կազմի սոցիալական վիճակի բարելավման, նրանց վերապատրաստման, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացման, հաշմանդամային սպորտին, մարզական-հասարակական կազմակերպություններին պետական աջակցության, մարզադպրոցներին, հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ մարզագույքով ապահովման միջոցով,
երկրորդ, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում կստեղծվի սպորտի և երիտասարդության հարցերի կառուցվածքային ստորաբաժանում,
երրորդ, կիրականացվի Հայաստանի Հանրապետությունում, հատկապես հեռավոր և սահմանամերձ շրջաններում ու գյուղերում մարզաբազաների, հրաձգարանների և լողավազանների կառուցման և վերանորոգման ծրագիրը:
4.4.6. Երիտասարդությունը
Այս ոլորտում կառավարության կողմից քայլեր կձեռնարկվեն ստեղծելու սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ` երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար:
Երիտասարդական պետական քաղաքականության նպատակներն են`
- ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ երիտասարդություն,
- ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երիտասարդների համար մասնագիտական և հասարակական կյանք մտնելիս, նպաստել երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու դրսևորմանը,
- բարձրացնել նրանց մասնակցության աստիճանը հասարակական և քաղաքական զարգացումներին,
- խրախուսել երիտասարդների մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացներին,
- բարելավել երիտասարդների, երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը` բնագավառում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակման և իրականացման միջոցով:
4.4.7. Սփյուռքը
Կառավարությունն առաջնահերթ խնդիր է համարում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համապարփակ հայեցակարգի մշակումն ու իրականացումը, Սփյուռքի ներուժի համակողմանի համախմբումը, որի ամբողջական և արդյունավետ իրականացման համար կստեղծվի Սփյուռքի հետ կապերի հարցերով զբաղվող առանձին մարմին:
Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծման նպատակով հատուկ նշանակություն ունի Սփյուռքի ուսումնակրթական հաստատությունների խնդիրների լուծմանը կառավարության հնարավորինս լայն մասնակցությունը`
- Սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, դասագրքերի ապահովումը,
- Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը,
- հանրային հեռուստատեսության ծրագրերի արբանյակային հեռարձակման ընդլայնումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը:
Սփյուռքը համարելով Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ` կստեղծվեն կայուն և արդյունավետ մեխանիզմներ` հայրենիքի ներքին կյանքին Սփյուռքի կարող ուժերի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ և տվյալների միասնական բազա:
Հայաստան-Սփյուռք համաժողովների, համահայկական այլ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով դրանց միջև ընկած ժամանակահատվածում կձևավորվեն հանձնախմբեր` առաջնահերթությունների հստակեցման և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումների մշակման համար:
Կմշակվի և կներդրվի օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների հայրենադարձությունը խթանող համակարգ, որը հնարավորություն կընձեռի այդ անձանց էլեկտրոնային կապի հաղորդուղիներով անմիջականորեն կապվելու Հայաստանի պետական կառավարման համապատասխան մարմինների հետ: Այդ համակարգի մշակման և կիրառման նպատակով կձևավորվի վերադարձի գործընթացներին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված կառույց:
Կառավարությունը կնախաձեռնի հայրենադարձությանը նպաստող օրենսդրության մշակում, կգործադրվի Սփյուռքից Հայաստան ներգաղթի համալիր ծրագիր:
Կառավարությունն իր կարևորագույն խնդիրն է համարում արտերկրում հայության շահերի պաշտպանությունը:
4.4.8. Միգրացիան
Կառավարությունը կշարունակի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների` հասարակությանն ինտեգրման գործընթացը: Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի փախստականների բնակարանային ապահովության հիմնահարցի լուծումը, ինչը փախստականների ամբողջական ինտեգրման հիմնական նախապայմանն է:
Կառավարությունն ավարտելու է բնակչության տեղաշարժերի ուղղությունների և ծավալների հաշվառման միասնական համակարգի ստեղծման գործընթացը, ինչը հնարավորություն կընձեռի գնահատելու միգրացիոն իրավիճակը և մշակելու միգրացիոն առանձին հոսքերի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումներ:
Նպատակաուղղված քայլեր կիրականացվեն միջազգային աշխատաշուկային Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ ինտեգրացման համար: ՈՒշադրության կենտրոնում կլինեն աշխատանքային էմիգրացիայի երևույթի օրենսդրական կանոնակարգման, աշխատանքային էմիգրանտների իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանության իրականացման հարցերը:
Կատարելագործվելու է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Կիրականացվեն բարեփոխումներ օտարերկրյա քաղաքացիների մուտքի, Հայաստանում նրանց կացության կարգավիճակների տրամադրման ու հաշվառման գործընթացներում, ինչպես նաև կմշակվեն և կներդրվեն Հայաստանում նրանց աշխատանքային գործունեությունը կանոնակարգող կառուցակարգեր:
Կառավարությունն անհրաժեշտ է համարում իրականացնել երկքաղաքացիության ինստիտուտը գործնականում մատչելի դարձնելու նպատակով անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներ:
Կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սահմանային հսկողության համակարգի կատարելագործմանն ուղղված հարցերը, կտրվեն օրենսդրական լուծումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան ելքի և մուտքի ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորման նպատակով:
Կառավարությունը կձեռնարկի միջոցներ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը կիրառության մեջ դնելու համար:
4.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը ԵՎ անվտանգությունը
Կառավարության առաջնահերթ ուշադրության կենտրոնում կլինեն երկրի պաշտպանության հետ կապված խնդիրները` երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդումը, բանակի մարտունակության բարձրացումը և հայրենասիրական ոգու պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կմեծացնի քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ:
Կառավարությունը կշարունակի առանձնահատուկ ուշադրություն դրսևորել ազատամարտիկների, նրանց ընտանիքների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակառուների կենսական հարցերի նկատմամբ, գործուն միջոցառումներ կիրականացնի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պրոֆեսիոնալ կազմի սոցիալական խնդիրների լուծման համար:
Ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմինների գործունեության հիմնական նպատակներն են`
- անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից,
- ազգային անվտանգության և պետական պահպանության ապահովումը,
- սահմանադրական կարգի ապահովումը,
- պետական սահմանների պահպանությունը,
- Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխումը,
- հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,
- հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
- կիբերանվտանգության էապես մեծացումը,
- արտակարգ իրավիճակների և պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը:
Կառավարությունը կավարտի ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումները:
4.6. Արտաքին քաղաքականությունը
Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համատեղ, կիրականացնի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների համաձայն:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՆԱԽԱԲԱՆ 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Աղքատության հիմնարար կրճատումը և անհավասարության նվազեցումը
4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը
4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը
4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը
4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը
4.3. Տնտեսական ոլորտը
4.3.1. Տնտեսական զարգացումը
4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը
4.3.3. Ֆինանսական միջնորդությունը
4.3.4. Բյուջետային համակարգը
4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը
4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները
4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը
4.3.7.1. Արդյունաբերությունը
4.3.7.2. Գյուղատնտեսությունը
4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը
4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը
4.3.10. Բնապահպանությունը
4.3.11. Արտադրական ենթակառուցվածքները
4.3.11.1. Վառելիքաէներգետիկ և բնական պաշարների համակարգը
4.3.11.2. Ջրամատակարարումը և ջրահեռացումը
4.3.11.3. Տրանսպորտը և կապը
4.3.12. Քաղաքաշինությունը
4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
4.4. Սոցիալական ոլորտը
4.4.1. Առողջապահությունը
4.4.2. Սոցիալական պաշտպանությունը
4.4.3. Կրթությունը և գիտությունը
4.4.4. Մշակույթը
4.4.5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
4.4.6. Երիտասարդությունը
4.4.7. Սփյուռքը
4.4.8. Միգրացիան
4.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը և անվտանգությունը
4.6. Արտաքին քաղաքականությունը