Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

09.06.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

i

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման գործընթացի և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության և մարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 2. Արժեթղթավորման իրավական կարգավորումը

 

i

1. Ակտիվների արժեթղթավորման հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

2. Սույն օրենքը չի սահմանափակում անձի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և կարգով թողարկել ակտիվների գրավով կամ այլ կերպ ապահովված արժեթղթեր:

i

3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաև արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

(2-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ակտիվներ` «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այնպիսի դրամական միջոցներ և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքներ և (կամ) այլ ֆինանսական ակտիվներ, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր (այդ թվում` արժեթուղթ, դեբիտորական պարտք).

ակտիվներով ապահովված արժեթղթեր` արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.

ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)` ակտիվների համախումբ, որն ապահովում է այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկումը.

վարկային գրավչություն` սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված միջոցներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ակտիվներով ապահովված արժեթղթերի իրացվելիությունը, ինչպես նաև այդ արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման հավանականությունը.

ներդրող` անձ, որին պատկանում է ակտիվներով ապահովված արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթուղթ.

ներդրողների լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից նշանակված անձ, որը սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը.

նախաձեռնող` ակտիվների սկզբնական պարտատեր, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառում է ակտիվներն արժեթղթավորման ֆոնդին.

մասնակցության վկայագիր` ոչ բաժնային անվանական, ձայնի իրավունք չտվող ներդրումային արժեթուղթ, որն իր տիրապետողին տվյալ ակտիվների խմբից ստացվող եկամուտներում, այլ ստացվելիք վճարներում, ինչպես նաև այդ ակտիվների իրացումից ստացված միջոցներում փայի իրավունք է տալիս.

արժեթղթավորում` գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվներ կամ ստանձնում դրանց հետ կապված ռիսկեր և թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.

ռիսկի ստանձնում` ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը` երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով.

վաճառող` անձ, որն արժեթղթավորման ֆոնդին է վաճառում տարբեր նախաձեռնողներից ձեռք բերված ակտիվները: Վաճառող կարող է լինել նախաձեռնողը կամ բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը.

սպասարկող` բանկ կամ վարկային կազմակերպություն կամ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող այլ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է ակտիվների գծով վճարումների հավաքագրումը և հաշվառումը, դրանց փոխանցումն արժեթղթավորման ֆոնդին կամ մատուցում է սպասարկման պայմանագրով նախատեսված` ակտիվների հետ կապված այլ ծառայություններ, որոնք չեն հանդիսանում սույն օրենքով արժեթղթավորման ֆոնդի կառավարչին և պահառուին վերապահված լիազորություններ:

Որպես սպասարկող կարող են հանդես գալ նաև նախաձեռնողը կամ վաճառողը:

Սպասարկման գործընթացում կարող են ընդգրկված լինել`

1) գլխավոր կամ հիմնական սպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների ամբողջ խմբի համար, և որին հաշվետու են տարբեր ենթասպասարկողներ.

2) ենթասպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի համար, և որը հաշվետու է գլխավոր սպասարկողին.

3) փոխարինող սպասարկողը, որը ստանձնում է արժեթղթավորման ֆոնդի հետ կնքված սպասարկման պայմանագրից բխող պարտավորություններն այն դեպքում, երբ գլխավոր սպասարկողի հետ կնքված սպասարկման պայմանագիրը դադարեցվում է, կամ վերջինս չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները.

արժեթղթավորման ֆոնդ` ներդրումային ֆոնդ, որը ձեռք է բերում ակտիվներ կամ դրանց հետ կապված ռիսկեր` արժեթղթավորման նպատակով:

i

2. Սույն օրենքով սահմանված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

(3-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

(2-րդ գլխի վերնագիրը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակը

(4-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5. Արժեթղթավորման հիմնադրամի գույքը

(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 6. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերը

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 7. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8. Արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը

(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 9. Արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունը

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 10. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմինները

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 11. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհուրդը

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 12. Տնօրենների խորհրդի նախագահը

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 13. Տնօրենների խորհրդի նիստերը

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 14. Տնօրենների խորհրդի իրավասությունները

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 15. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 16. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի իրավասությունները

 

i

1. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաև հետևյալ իրավասությունները`

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով ձեռք է բերում ակտիվներ.

2) թողարկում է ակտիվներով ապահովված արժեթղթեր.

3) իրականացնում է ակտիվների կառավարումը.

4) ակտիվների և ակտիվներով ապահովված արժեթղթերի սպասարկման նպատակով կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրելի ցանկացած գործողություն, որ անհրաժեշտ է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված իրավասությունների իրականացման համար:

2. Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին արգելվում է սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ակտիվներով ապահովված արժեթղթերի ազդագրով չնախատեսված գործառնությունների իրականացումը:

3. Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման և ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման ֆոնդի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:

(16-րդ հոդ. փոփ. 27.10.16 ՀՕ-199-Ն, 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 17. Արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջները

 

1. Երրորդ անձինք, բացառությամբ արժեթղթավորման ֆոնդի թողարկած արժեթղթերի սեփականատերերի և արժեթղթավորման ֆոնդի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչև ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`

1) ակտիվների վաճառքն արժեթղթավորման ֆոնդին կատարվել է շուկայական գնով.

2) արժեթղթավորման ֆոնդին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.

3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:

(17-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 18. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցումը

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 19. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մերժման հիմքերը

(19-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 20. Նախաձեռնողը և վաճառողը

 

1. Նախաձեռնողը կարող է ուղղակիորեն կամ վաճառողի միջոցով վաճառել ակտիվները արժեթղթավորման ֆոնդին:

Վաճառողի առկայության դեպքում վաճառողը գնում է ակտիվները նախաձեռնողից` արժեթղթավորման ֆոնդին վաճառելու նպատակով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են վաճառողին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:

3. Նախաձեռնողը կամ վաճառողն իրավունք ունեն`

1) երաշխիքներ տալու ակտիվների որակի վերաբերյալ և պարտավորություն ստանձնելու` հետ գնել կամ փոխարինել երաշխիքում նշված որակական չափանիշներին չհամապատասխանող ակտիվները.

2) հանդես գալու որպես ակտիվների սպասարկող կամ արժեթղթավորման ֆոնդի հետ շուկայական պայմաններով կնքելու ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.

3) սույն օրենքի համաձայն` տրամադրելու վարկային գրավչության միջոցներ:

(20-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 21. Սպասարկողը

 

1. Սպասարկողը պարտավոր է կատարել իր պարտականություններն սպասարկման պայմանագրի դրույթներին համապատասխան:

2. Սպասարկողն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով ակտիվներով ապահովված արժեթղթերի ներդրողների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):

3. Սպասարկման պայմանագրով պետք է նախատեսվեն`

1) ակտիվների առանձնացումն սպասարկողի այլ ակտիվներից և դրանց գծով առանձին հաշվապահական հաշվառում վարելու սպասարկողի պարտականությունը.

2) յուրաքանչյուր ակտիվների խմբի կամ յուրաքանչյուր խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի գծով ստացվելիք միջոցների համար առանձին հաշիվներ վարելու սպասարկողի պարտականությունը.

3) սպասարկողի սնանկության կամ սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում սպասարկման պայմանագրի դադարեցումը արժեթղթավորման ֆոնդի նախաձեռնությամբ և փոխարինող սպասարկողի նշանակումը.

4) սպասարկման պայմանագրի դադարեցման դեպքում սպասարկողի կողմից արժեթղթավորման ֆոնդին կամ նրա նշանակած փոխարինող սպասարկողին ակտիվների հետ կապված էլեկտրոնային և (կամ) փաստաթղթային տեսքով բոլոր գրառումների և փաստաթղթերի տրամադրումը, ակտիվների գծով ստացված կանխիկ գումարների և հաշիվների` առանց որևէ հաշվանցի փոխանցումը.

5) սպասարկողի կողմից սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ փոխարինող սպասարկող չի նշանակվել.

6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:

4. Սպասարկման ծառայությունների մատուցումը կարող է հատուցելի գործարք լինել:

5. Արժեթղթավորման ֆոնդը փոխարինող սպասարկող նշանակելու դեպքում պարտավոր է վերջինիս տրամադրել բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նրան սպասարկման պայմանագրով գլխավոր սպասարկողի պարտավորությունները ստանձնելու համար:

6. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սպասարկողին և նրա գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

(21-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

 

Հոդված 22. Ակտիվների վաճառքը արժեթղթավորման ֆոնդին

 

1. Սույն օրենքի իմաստով ակտիվների վաճառք է համարվում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը` դրա դիմաց անմիջապես կամ արժեթղթերի տեղաբաշխումից հետո վճարում ստանալու պայմանով:

2. Արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը ներառում է ակտիվների, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր պայմանագրերի, իրավունքների, գրավի, հիփոթեքի և պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, ներառյալ` երաշխիքների փոխանցումն արժեթղթավորման ֆոնդին:

3. Ակտիվների վաճառքի պայմանագիրը պետք է պարունակի դրույթ, համաձայն որի` ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին` ակտիվների փոխանցման ակտի ստորագրման պահից, անկախ ակտիվների ձեռքբերման համար վճարման կատարման ժամկետներից: Եթե ակտիվների վաճառքը ենթադրում է նաև անշարժ գույքի հետ կապված իրավունքների փոխանցում, ապա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին` այդ իրավունքի պետական գրանցման պահից:

4. Նախաձեռնողը կամ վաճառողը պարտավոր են տեղեկացնել պարտապաններին` արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքի մասին:

5. Ակտիվների վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ նախաձեռնողը կամ վաճառողը չպետք է ընդգրկված լինի անվճարունակության, սնանկության, լուծարման կամ ինքնալուծարման գործընթացներում:

(22-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 23. Ակտիվների խմբում ընդգրկվող ակտիվներին ներկայացվող պահանջները

 

1. Ակտիվների խմբում կարող են ներառվել այն ակտիվները, որոնք արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքի օրվա դրությամբ ծանրաբեռնված չեն դրանց նկատմամբ երրորդ անձանց իրավունքներով ու պահանջներով և ազատ են որևէ սահմանափակումից:

i

2. Արժեթղթավորման ֆոնդի ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան բանկերի համար սահմանված կարգերով:

3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն, կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ` հաշվի առնելով կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները:

(23-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 24. Ակտիվների խմբի գրանցումը

 

1. Ակտիվների խմբի գրանցման համար արժեթղթավորման ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը.

2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը.

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

2. Արժեթղթավորման ֆոնդն ակտիվների ցանկը ներկայացնում է Կենտրոնական բանկ` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ազդագրի հետ (եթե օրենքով սահմանված կարգով արժեթղթերի թողարկման համար պահանջվում է ազդագիր):

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է արժեթղթավորման ֆոնդի ներկայացրած ակտիվների ցանկը կամ մերժում ակտիվների ցանկի գրանցումը: Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:

4. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման քսան աշխատանքային օրվա ժամկետը կարող է կասեցվել մինչև այդ տեղեկությունների ստացումը:

5. Կենտրոնական բանկի կողմից քսան աշխատանքային օրվա ժամկետում ակտիվների ցանկը չգրանցելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին արժեթղթավորման ֆոնդին չտեղեկացնելու դեպքում ակտիվների ցանկը համարվում է գրանցված:

6. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման ֆոնդի կողմից արժեթղթավորման նպատակով ներկայացված ակտիվների ցանկի գրանցումը, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:

7. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում:

8. Ակտիվների խմբում կատարվող փոփոխությունները` պայմանավորված ակտիվների փոխարինման և կամ ավելացման հետ, Կենտրոնական բանկում ենթակա են գրանցման` ակտիվների խմբի գրանցման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ստեղծում է ակտիվների խմբի ռեգիստր և սահմանում շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման կարգ: Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու և շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:

(24-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 25. Ակտիվների խմբում ներառված ակտիվների փոխարինումը կամ ավելացումը

 

1. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ներառված ակտիվները կարող են փոխարինվել`

1) եթե անհրաժեշտ է փոխարինել այն ակտիվները, որոնք չեն համապատասխանում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման ֆոնդին տրված երաշխիքով սահմանված ակտիվների որակական չափանիշներին.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

2. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ակտիվների ավելացում կարող է տեղի ունենալ`

1) եթե դա անհրաժեշտ է արժեթղթավորման ֆոնդի կողմից ակտիվների խմբի սկզբնական արժեքի նվազագույն չափը պահպանելու համար.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

(25-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 26. Ակտիվների խմբի գրավադրումը

 

1. Սույն օրենքի ուժով ակտիվների խումբը համարվում է գրավադրված` ի ապահովումն ակտիվներով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման` Կենտրոնական բանկի կողմից ակտիվների խումբը գրանցելու պահից:

Ակտիվների գրավադրումը ենթադրում է ակտիվների, ինչպես նաև ակտիվների նկատմամբ պահանջներից բխող բոլոր իրավունքների, ակտիվների գծով ստացվելիք եկամուտների, վճարների, առկա կամ ապագայում ստացվելիք այլ միջոցների գրավադրումը: Նման միջոցներ ու վճարումներ են ակտիվների գծով մայր գումարները, տոկոսագումարները, ապահովագրությունից ստացվելիք միջոցները, ակտիվների գծով ստացվելիք տույժերը և տուգանքները, այլ վճարները, գրավի պայմանագրերից ծագող իրավունքները, հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին դեռևս չվճարված գումարները:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն օրենք)

(26-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 27. Ակտիվների խմբի մնացորդային արժեքը

(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 27.1. Ռիսկի ստանձնումը

 

1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է`

1) ակտիվի կամ դրա հետ կապված` ստանձնման ենթակա ռիսկի տեսակները.

2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել.

3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջները.

4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմանները:

(27.1-ին հոդ. լրաց. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ

 

Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը

 

i

1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի), պարտատոմսերի և (կամ) այլ պարտքային արժեթղթերի տեսքով:

(28-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը և տեղաբաշխումը

(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 30. Ակտիվներով ապահովված արժեթղթերի ռեեստրի վարումը և պահառությունը

(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 31. Վարկային գրավչության միջոցները

 

1. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով նախաձեռնողի կամ վաճառողի, ինչպես նաև այլ անձանց կողմից կարող են տրամադրվել վարկային գրավչության հետևյալ միջոցները`

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով շուկայական պայմաններով վճարման պարտավորության կատարման երաշխիքներ.

2) ակտիվներով ապահովված արժեթղթերի մայր գումարի և (կամ) տոկոսների վճարումների գծով տրվող ժամանակավոր իրացվելիության երաշխիքներ, որոնց գումարը չի կարող հավասար լինել կամ գերազանցել սույն մասի 1-ին կետում նշված երաշխիքների գումարը.

3) միևնույն թողարկման մեջ ակտիվներով ապահովված արժեթղթերի` ամենաստորին դասի ձեռքբերում.

4) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումների համար պահուստի ստեղծում.

5) արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառք ակտիվների գնահատված արժեքից ավելի ցածր գնով` հետագայում նախատեսելով այդ տարբերության վերադարձը նախաձեռնողին, վաճառողին կամ փայում (բաժնետոմսում) ներդրողին.

6) ակտիվների ապահովագրություն.

7) Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված կամ սույն օրենքով սահմանված կարգով թույլատրված վարկային գրավչության այլ ձևեր:

(31-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 32. Վարկային գրավչության համար թույլտվության տրամադրումը

 

1. Սույն օրենքի 31-րդ հոդվածում չնշված և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով չնախատեսված վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար արժեթղթավորման ֆոնդը և վարկային գրավչություն տրամադրող անձը դիմում են Կենտրոնական բանկ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարկային գրավչության միջոցի նկարագրությունը.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Կենտրոնական բանկը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է վարկային գրավչության տրամադրումը, եթե`

1) վարկային գրավչության միջոցը չի հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին.

2) վարկային գրավչության միջոցը չի վտանգում ներդրողների շահերը:

(32-րդ հոդ. փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 7
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

(7-րդ գլուխն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

(8-րդ գլուխն ուժը կորցրել է 09.06.2018 թվականից` 04.05.18 ՀՕ-321-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 43. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-96-Ն

 

pin
ՀՀ 26.05.2008
N ՀՕ-96-Ն օրենք