Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 304-ՐԴ ԵՎ 311-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-29 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3307

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմենուհի Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Նշան Ղազարյանի ընդդեմ Արմենուհի Խաչատրյանի, Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Ե. Սարգսյանի, երրորդ անձինք Աշոտ Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման` կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նշան Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հակոբ Ղազարյանի 27.08.2002 թվականի կտակը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա` Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի նկատմամբ Արմենուհի Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և տիրապետման փաստով իրեն ճանաչել նշված հասցեի Արմենուհի Խաչատրյանին պատկանող մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմենուհի Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նշան Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, 304-րդ և 311-րդ հոդվածները, 1203-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 1204-րդ հոդվածը, 1205-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել 1211-րդ հոդվածի 4-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով կտակը կազմվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի, 1203-րդ հոդվածի 1-ին մասի, 1204-րդ հոդվածի և 1205-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ` այն կազմվել է գրավոր, կտակում նշվել են այն կազմելու վայրը և ժամանակը, կտակն ստորագրել են անձամբ կտակարարը և վկան, այն վավերացված է նոտարի կողմից: Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ կտակը կազմելիս կտակարարը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք:

Նոտարը կտակը վավերացնելիս ստուգել է կտակարարի և վկայի ինքնությունը, գործունակությունը, հաստատել է ստորագրության իսկությունը: Թեև կտակում վկայի բնակության հասցեն չի նշել, սակայն կտակին կցել է նրա անձնագրի` բնակության հասցեի նշումով պատճենը: Տվյալ դեպքում վկայի հասցեն չնշելը պետք է դիտել կտակը կազմելու կարգի աննշան խախտում, որը չի ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա և կտակն անվավեր ճանաչելու հիմք չէ:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի տան ժառանգատուին պատկանող 1/2-րդ մասը և նրա կնոջը` Մարգարիտ Ղազարյանին պատկանող տան մյուս մասը փաստացի տիրապետել և կառավարել են Արմենուհի Խաչատրյանը և երրորդ անձ Աշոտ Խաչատրյանը, կատարել են տան պահպանման և այլ ծախսերը, դիմել են նոտարական գրասենյակ, ստացել սեփականության իրավունքի վկայականներ:

Սույն գործով կտակարարը հայցվորին վտարել էր վիճելի տանից և դատարանի վճռով է ճանաչվել հայցվորի` նշված տան նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը, իսկ այդ տան միայն մեկ սենյակում հայցվորը փաստացի բնակվել է միայն կտակարարի մահից հետո, կտակառու Ա. Խաչատրյանի հետ կնքված հաշտության համաձայնությամբ:

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ և 335-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դեռևս 2002 թվականին կտակարարի մահից հետո Արմենուհի Խաչատրյանի հետ հաշտության համաձայնություն կնքելիս Նշան Ղազարյանը գիտեր կտակի առկայության մասին, սակայն դատական պաշտպանության է դիմել միայն 2007 թվականին, որով բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, որը հայցը մերժելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կիրառել հայցային վաղեմություն, հայցը մերժել և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Կտակարարը կտակը կազմելով` առանց պատճառների և բացատրության, ըստ օրենքի ժառանգներին զրկել է ժառանգությունից: Կտակը կազմվել է կտակարարի բնակության վայրում, կտակը կազմելիս օգտագործվել է համակարգիչ, այն դեպքում, երբ նշված հասցեում համակարգիչ չի եղել: Հակոբ Ղազարյանը կտակն անձամբ իր ձեռքով չի գրել, այն նրա բառերով նոտարը գրի չի առել, կտակը համակարգչով կազմվել է անհայտ վայրում և նոտարը վավերացրել է ընդամենը տպագրված տեքստը: Կտակում չի նշվել և առկա չէ որևէ ապացույց, որ կտակարարը անձամբ ընթերցել է կտակի բովանդակությունը, կամ նրա համար այն ընթերցվել է նոտարի կողմից: Կտակում առկա չէ նաև կտակը ստորագրած վկայի անձնագրային տվյալները և բնակության վայրը: Կտակում առկա խախտումները չեն կարող աննշան դիտվել և գործով ապացուցված չէ, որ այդ խախտումները չէին կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության վրա:

Արմենուհի Խաչատրյանի կողմից առաջին ատյանի դատարանում բանավոր միջնորդություն է արվել հայցային վաղեմություն կիրառելու մասին` պարտավորվելով այն ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ գրավոր հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ոչ առաջին ատյանի և ոչ էլ Վերաքննիչ դատարաններում չեն ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 18.03.2002 թվականի արձանագրության համաձայն` դատարանի վճռի հիման վրա Նշան Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա տան սեփականատեր Հակոբ Ղազարյանի ընտանիքի անդամ ճանաչելու, այդ բնակարանից օգտվելու նրանց իրավունքը ճանաչելու և նրանց այդտեղ բնակեցնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության աշխատակիցների գործողության ժամանակ Հակոբ Ղազարյանը խոչընդոտել է, որդուն սպառնացել, արգելել է նրանց իր տանը բնակեցնելուն:

2) 27.08.2002 թվականին նոտարական կարգով վավերացված կտակով Հակոբ Ղազարյանը իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող, անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը կից հողամասի հետ միասին ամբողջությամբ կտակել է Արմենուհի Խաչատրյանին: Կտակարար Հակոբ Ղազարյանի հիվանդության պատճառով կտակը վավերացվել է տանը: Կտակը ստորագրված է Համլետ Ստեփանյանի կողմից, սակայն կտակում վկայի բնակության վայրը չի նշվել: Նոտարի կողմից արձանագրվել է, որ Համլետ Ստեփանյանը «ստորագրել է Հակոբ Ղազարյանի հանձնարարությամբ, ձեռքի թուլության պատճառով»: (գ.թ.5)

3) Հակոբ Ղազարյանի կտակը վավերացնելիս նոտարական գործին կցվել է ինչպես Հակոբ Ղազարյանի, այնպես էլ վկա Համլետ Ստեփանյանի անձնագրերի` բնակության վայրի նշումով պատճենները:

4) 03.09.2002 թվականին Հակոբ Ղազարյանը մահացել է:

5) 12.03.2003 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, Երևանի քաղաքապետի 09.07.2004 թվականի թիվ 1245-Ա որոշման և 19.01.2005 թվականի անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի հիման վրա` Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի 1/2-ական մասերի նկատմամբ գրանցվել է Արմենուհի Խաչատրյանի և Աշոտ Խաչատրյանի սեփականության իրավունքը (գ.թ.6, 18-21):

6) Թիվ 20 պոլիկլինիկայի 09.04.2007 թվականի գրության համաձայն` Հակոբ Ղազարյանը 2002 թվականի ընթացքում տնային կանչով և ակտիվ այցերի ձևով դիմել է թաղամասային թերապևտին, որոնց արդյունքում ախտորոշվել է սիրտ-թոքային անբավարարություն, աթերոսկլերոզ, խրոնիկ բրոնխիտ և նշանակվել է համապատասխան բուժում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1203-րդ հոդվածի համաձայն` կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության: Նույն օրենսգրքի 1204-րդ հոդվածի համաձայն` եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը և նրա բնակության վայրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակ գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացնելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է: Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:

Սույն գործի փաստերի համաձայն` 27.08.2002 թվականին Հակոբ Ղազարյանի կտակը կազմվել է գրավոր, Հ. Ղազարյանը կտակով արտահայտել է գործարքի բովանդակությունը` կտակել է իր գույքը, հիվանդության պատճառով կտակարարի հանձնարարությամբ այն ստորագրել է վկան` Համլետ Ստեփանյանը և, այն վավերացվել է նրա տանը: Կտակում նշվել է այն կազմելու վայրը և ժամանակը: Նոտարի կողմից գործարքը վավերացնելիս նշվել է վկայի անունը, հայրանունը և ազգանունը, այն, որ նա ստորագրել է կտակարար Հակոբ Ղազարյանի հանձնարարությամբ: Կտակը վավերացնելիս նոտարի կողմից ստուգվել է վկայի և կտակարարի ինքնությունը և գործունակությունը, որից հետո վավերացվել է վկայի ստորագրության իսկությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ կտակը կազմվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ, 304-րդ, 311-րդ, 1203-րդ, 1204-րդ և 1205-րդ հոդվածների խախտմամբ:

Բացի այդ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կտակը կազմելու կամ նոտարի կողմից վավերացնելու ժամանակ Հակոբ Ղազարյանն ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, քանի որ գործում բացակայում է այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Ավելին, թիվ 20 պոլիկլինիկայի 09.04.2007 թվականի գրությամբ ախտորոշված հիվանդությունների առկայությունն ինքնին բավարար չէ փաստելու համար անձի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ ղեկավարելու անհնարինությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ կտակում վկայի բնակության վայրը նշված չէ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կտակում վկայի բնակության վայրի չնշելը սույն քաղաքացիական գործով կտակը կազմելու աննշան խախտում է և չէր կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության վրա: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում այն հանգամանքը, որ նոտարական գործում առկա է վկայի անձնագրի պատճենը, որը հնարավորություն է տալիս պարզելու վկայի բնակության վայրի հասցեն: Հետևաբար, կտակում վկայի բնակության վայրի մասին նշում չկատարելը կտակն անվավեր ճանաչելու հիմք չէ:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Սույն գործի փաստերի համաձայն` Նշան Ղազարյանը և նրա ընտանիքի անդամները Հակոբ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի տանը բնակեցվել են դատարանի վճռի հիման վրա` 2001 թվականի նոյեմբերին, սակայն նույն օրը Հակոբ Ղազարյանը նրանց դուրս է հանել տանից: 18.03.2002 թվականի արձանագրության համաձայն` դատարանի վճռի հիման վրա Նշան Ղազարյանին և նրա ընտանիքի անդամներին Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա տան սեփականատեր Հակոբ Ղազարյանի ընտանիքի անդամ ճանաչելու, այդ բնակարանից օգտվելու նրանց իրավունքը ճանաչելու և նրանց այդտեղ բնակեցնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության աշխատակիցների գործողության ժամանակ Հակոբ Ղազարյանը խոչընդոտել է, որդուն սպառնացել, արգելել է նրանց իր տանը բնակեցնելուն (գ.թ.8-9):

Հիմք ընդունելով վերոնշյալը` վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հակոբ Ղազարյանի մահից հետո նրա գույքը փաստացի տիրապետել կամ կառավարել է Նշան Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործի քննության ժամանակ գործող 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռում պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Հակոբ Ղազարյանի մահից հետո Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցի թիվ 9ա հասցեի Հ. Ղազարյանին պատկանող 1/2-րդ մասում բնակվել է Նշան Ղազարյանը և փաստացի տիրապետմամբ ընդունել է հոր ժառանգությունը, առանց այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց նշելու:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

3) Բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է, իսկ նույն օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում Արմենուհի Խաչատրյանի կամ նրա ներկայացուցչի կողմից հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Սույն քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի թիվ 2-813 վճռին օրինական ուժ տալու համար, որը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի թիվ 2-813 վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-29 (ՎԴ)
Որոշում