Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՈՇՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարները որոշեցին.

1. Ընդունել Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությունը /կցվում է/ և առաջարկել այն վավերացման:

2. Մինչև սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելը Համագործակցությունը գործում է ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերի և ընդունված որոշումների համաձայն:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Որոշումը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցությունում (այսուհետ` Համագործակցություն) կամավոր միավորված պետությունները,

հիմնվելով իրենց ժողովուրդների պատմական ընդհանրության և նրանց միջև ձևավորված կապերի վրա,

գործելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթներին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության այլ փաստաթղթերին համապատասխան,

ձգտելով ընդհանուր ջանքերով ապահովել իրենց ժողովուրդների տնտեսական և սոցիալական առաջընթացը,

վճռականությամբ լի կյանքի կոչելու «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին» Համաձայնագրի, այդ Համաձայնագրին կից Արձանագրության, ինչպես նաև Ալմաթիի Հռչակագրի դրույթները,

զարգացնելով փոխհամագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև` քաղաքացիական խաղաղության և միջազգային համաձայնության պահպանման նպատակով,

ցանկանալով պայմաններ ստեղծել մասնակից պետությունների բոլոր ժողովուրդների մշակույթների պահպանման և զարգացման համար,

ձգտելով կատարելագործել Համագործակցությունում համագործակցության մեխանիզմները և մեծացնել դրանց արդյունավետությունը,

որոշեցին ընդունել Համագործակցության Կանոնադրությունը և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ԲԱԺԻՆ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համագործակցությունը հիմնված է բոլոր նրա անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա: Անդամ պետությունները միջազգային իրավունքի ինքնուրույն և իրավահավասար սուբյեկտներ են:

Համագործակցությունը ծառայում է անդամ պետությունների միջև բարեկամության, բարիդրացիության, միջազգային համաձայնության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

Համագործակցությունը պետություն չի և չունի վերազգային լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության նպատակներն են`

համագործակցության իրականացում քաղաքական, տնտեսական, էկոլոգիական, մարդասիրական, մշակութային և այլ բնագավառներում,

ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում անդամ պետությունների բազմակողմ և հավասարակշռված տնտեսական և սոցիալական զարգացում, միջպետական կոոպերացիա և ինտեգրացիա,

մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին ու ԵԱՀԽ փաստաթղթերին համապատասխան,

համագործակցություն անդամ պետությունների միջև միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման բնագավառում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների վերացմանը, համընդհանուր և լրիվ զինաթափման հասնելուն ուղղված արդյունավետ միջոցների իրականացում,

աջակցություն անդամ պետությունների քաղաքացիներին միմյանց հետ ազատ կերպով հաղորդակցվելու, շփվելու և Համագործակցության տարածքով տեղաշարժվելու գործում,

փոխադարձ իրավական օգնություն և համագործակցություն իրավական հարաբերությունների այլ ոլորտներում,

Համագործակցության պետությունների միջև վեճերի և հակամարտությունների խաղաղ լուծում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության նպատակների ձեռքբերման համար, անդամ պետությունները, ելնելով միջազգային իրավունքի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հանրաճանաչ նորմերից, իրենց հարաբերությունները կառուցում են փոխկապակցված և համարժեք` ներքոհիշյալ սկզբունքներին համապատասխան.

անդամ պետությունների ինքնիշխանության, ժողովուրդների ինքնորոշման անբաժան իրավունքի և առանց արտաքին միջամտության իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի նկատմամբ հարգանքը,

պետական սահմանների անխախտելիությունը, գոյություն ունեցող սահմանների ճանաչումը և անօրինական տարածքային ձեռքբերումներից հրաժարումը,

պետությունների տարածքային ամբողջականությունը և օտար տարածքի մասնատմանն ուղղված ցանկացած գործողություններից հրաժարումը,

ուժի կամ ուժ կիրառելու սպառնալիքի չկիրառումը անդամ պետության քաղաքական անկախության դեմ,

վեճերի խաղաղ միջոցներով լուծումը այնպես, որ վտանգի տակ չդրվի միջազգային խաղաղությունը, անվտանգությունը և արդարությունը,

միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի գերակայությունը,

միմյանց ներքին և արտաքին գործերին չմիջամտելը,

բոլորի համար առանց ռասայի, էթնիկական պատկանելության, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների տարբերակման մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում,

Համագործակցության փաստաթղթերով, ներառյալ Կանոնադրությունը, իրենց վրա վերցված պարտավորությունների բարեխիղճ կատարում,

միմյանց և Համագործակցության շահերի հաշվառում, իրենց փոխհարաբերությունների բոլոր բնագավառներում, փոխադարձ համաձայնության հիման վրա, օգնության ցուցաբերում,

Համագործակցության անդամ պետությունների ժողովուրդների խաղաղ կենսապայմանների ստեղծման, նրանց քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի նպատակներով ջանքերի միավորում և օժանդակության ցուցաբերում,

փոխշահավետ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացում, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնում,

իրենց ժողովուրդների հոգևոր միավորում, որը հիմնվում է նրանց ինքնատիպության, մշակութային արժեքների և մշակութային փոխանակման բնագավառում սերտ համագործակցության նկատմամբ հարգանքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Անդամ պետությունների համատեղ գործունեության ոլորտներին, որը Համագործակցության շրջանակներում անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին համապատասխան իրագործվում է իրավահավասար հիմունքներով ընդհանուր համակարգող մարմինների միջոցով, վերաբերում են.

մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում,

արտաքին քաղաքական գործունեության համակարգում,

համագործակցություն ընդհանուր տնտեսական տարածքի, ընդհանուր եվրոպական և եվրասիական շուկաների, մաքսային քաղաքականության ձևավորման ու զարգացման բնագավառներում,

համագործակցություն տրանսպորտի, կապի միջոցների զարգացման բնագավառներում,

առողջության և շրջակա միջավայրի պահպանություն,

սոցիալական և միգրացիոն քաղաքականության հարցեր,

պայքար կազմակերպված հանցավորության դեմ,

համագործակցություն պաշտպանական քաղաքականության և արտաքին սահմանների պահպանության բնագավառներում:

Սույն ցանկը կարող է լրացվել անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Համագործակցության շրջանակներում միջպետական հարաբերությունների հիմնական իրավական հիմք են հանդիսանում անդամ պետությունների միջև փոխհարաբերությունների տարբեր բնագավառներում կնքված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը:

Համագործակցության շրջանակներում կնքված համաձայնագրերը պետք է համապատասխանեն Համագործակցության նպատակներին և սկզբունքներին, սույն Կանոնադրությունից բխող անդամ պետությունների պարտավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Անդամ պետություններն օժանդակում են պետական մարմինների, հասարակական միավորումների, տնտեսական կառույցների միջև համագործակցությանը և կապերի զարգացմանը:

 

ԲԱԺԻՆ 2. ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համագործակցության հիմնադիր պետությունները նրանք են, որոնք սույն Կանոնադրության ընդունման պահին ստորագրել և վավերացրել են 1991 թվականի դեկտեմբերի 8-ի` Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագիրը և դրան կից 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Արձանագրությունը:

Համագործակցության անդամ պետություններ հանդիսանում են այն հիմնադիր պետությունները, որոնք ստանձնում են սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները` պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից այն ընդունելուց մեկ տարվա ընթացքում:

Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պետությունների ղեկավարների Խորհրդի որոշման հիման վրա Համագորածկցությանը, որպես ասոցացված անդամ, կարող է միանալ այն պետությունը, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեության առանձին ձևերին` ասոցացված անդամակցության մասին համաձայնագրով սահմանվող պայմաններին համապատասխան:

Պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ Համագործակցության մարմինների նիստերին, որպես դիտորդ, կարող են ներկա լինել այլ պետությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության մարմինների աշխատանքներում ասոցացված անդամների և դիտորդների մասնակցության հարցերը կարգավորվում են այդ մարմինների ընթացակարգերի կանոններով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Անդամ պետությունը իրավունք ունի դուրս գալ Համագործակցությունից: Նման մտադրության մասին անդամ պետությունը դուրս գալուց 12 ամիս առաջ գրավոր ծանուցում է սույն Կանոնադրության ավանդապահին:

Սույն Կանոնադրությունում մասնակցության ժամանակամիջոցում ծագած պարտավորությունները կապում են համապատասխան պետություններին, մինչև դրանց լիակատար իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անդամ պետության կողմից սույն Կանոնադրության խախտումը, Համագործակցության շրջանակներում կնքված համաձայնագրերից բխող պարտավորությունների կամ Համագործակցության մարմինների որոշումների չկատարումը քննության են առնվում պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

Նման պետության հանդեպ կարող են կիրառվել միջազգային իրավունքով թույլատրելի միջոցներ:

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Անդամ պետությունները համաձայնեցված քաղաքականություն են վարում միջազգային անվտանգության, զինաթափման և սպառազինությունների վերահսկման, զինված ուժերի կառուցման բնագավառներում և Համագործակցությունում պահպանում են անվտանգությունը, այդ թվում` ռազմական դիտորդների խմբերի և խաղաղության պահպանության հավաքական ուժերի օգնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Մեկ կամ մի քանի անդամ պետությունների ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի ծագման դեպքում անդամ պետությունները անմիջապես գործողության մեջ են ներդնում փոխադարձ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքորոշումների համակարգման և ծագած սպառնալիքի վերացման համար միջոցների ընդունման նպատակով, ներառյալ խաղաղարար գործողությունները և, անհրաժեշտության դեպքում, զինված ուժերի կիրառումը` ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:

Զինված ուժերի համատեղ կիրառման մասին որոշումը ընդունում են Համագորածկցության պետությունների ղեկավարների Խորհուրդը կամ Համագործակցության շահագրգիռ անդամ պետությունները` հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Յուրաքանչյուր անդամ պետություն ձեռնարկում է պատշաճ միջոցներ Համագործակցության անդամ պետությունների արտաքին սահմաններում կայուն վիճակ ապահովելու համար: Փոխադարձ համաձայնության հիման վրա, անդամ պետությունները համակարգում են սահմանապահ զորքերի և այլ իրավասու ծառայությունների գործունեությունը, որոնք հսկողություն են իրականացնում և պատասխանատվություն կրում անդամ պետությունների արտաքին սահմանների հատման սահմանված կարգի պահպանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պաշտպանության և արտաքին սահմանների պահպանության հարցերով Համագործակցության բարձրագույն մարմինն է պետությունների ղեկավարների Խորհուրդը: Համագործակցության ռազմատնտեսական քաղաքականության համակարգումը իրականացնում է Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը:

Միջազգային համաձայնագրերի իրականացման և անվտանգության ու զինաթափման բնագավառում այլ հարցերի լուծման գործում անդամ պետությունների փոխգործակցությունը կազմակերպվում է համատեղ խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Անդամ պետությունների ռազմաքաղաքական համագործակցության կոնկրետ հարցերը կարգավորվում են հատուկ համաձայնագրերով:

 

ԲԱԺԻՆ 4. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները հակամարտությունների, առաջին հերթին միջազգային և միջկոնֆեսիոնալ հողի վրա ծագած, կանխարգելման համար, որոնք կարող են առաջ բերել մարդու իրավունքների խախտում:

Նրանք, փոխհամաձայնության հիման վրա, միմյանց օգնություն են ցուցաբերում նման հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Համագործակցության անդամ պետությունները ձեռնպահ կմնան գործողություններից, որոնք ընդունակ են վնաս հասցնել այլ անդամ պետություններին և հանգեցնել հնարավոր վեճերի սրմանը:

Անդամ պետությունները բարեխղճորեն և համագործակցության ոգով ջանքեր կգործադրեն իրենց վեճերի արդար խաղաղ լուծման համար` բանակցությունների միջոցով կամ ձգտելով վեճի կարգավորման այլընտրանքային ընթացակարգերի մասին պայմանավորվածության:

Եթե անդամ պետությունները վեճը չեն լուծում սույն հոդվածի երկրորդ մասում նշված միջոցների օգնությամբ, ապա նրանք կարող են փոխանցել վեճը պետությունների ղեկավարների Խորհրդի քննությանը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Պետությունների ղեկավարների Խորհուրդը իրավասու է վեճի ցանկացած փուլում, որի շարունակությունը կարող է սպառնալ Համագործակցությունում խաղաղության կամ անվտանգության պահպանմանը, առաջարկվել Կողմերին դրա կարգավորման պատշաճ ընթացակարգ կամ մեթոդներ:

 

ԲԱԺԻՆ 5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Անդամ պետությունները համագործակցում են տնտեսական և սոցիալական բնագավառներում` հետևյալ ուղղություններով.

շուկայական հարաբերությունների և ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման հիման վրա ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորում,

սոցիալական քաղաքականության համակարգում, համատեղ սոցիալական ծրագրերի և տնտեսական բարեփոխումների անցկացման հետ կապված սոցիալական լարվածության նվազեցմանն ուղղված միջոցների մշակում,

տրանսպորտի և կապի, ինչպես նաև էներգետիկ համակարգերի զարգացում,

ֆինանսավարկային քաղաքականության համակարգում,

անդամ պետությունների առևտրատնտեսական կապերի զարգացման օժանդակություն,

ներդրումների խրախուսում և փոխադարձ պաշտպանություն,

օժանդակություն արդյունաբերական արտադրանքի և ապրանքների ստանդարտացմանն ու սերտիֆիկացմանը,

մտավոր սեփականության իրավական պաշտպանություն,

օժանդակություն ընդհանուր տեղեկատվական դաշտի զարգացմանը,

համատեղ բնապահպանական միջոցառումների իրականացում, էկոլոգիական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,

գիտության և տեխնիկայի, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Անդամ պետությունները համագործակցում են իրավունքի բնագավառում, մասնավորապես` կնքելով իրավական օգնության ցուցաբերման վերաբերյալ բազմակողմ և երկկողմ պայմանագրեր և նպաստում են ազգային օրենսդրությունների մերձեցմանը:

Անդամ պետությունների ազգային օրենսդրությունների նորմերի միջև հակասությունների դեպքում, որոնք կարգավորում են համատեղ գործունեության ոլորտներում հարաբերությունները, անդամ պետությունները խորհրդակցություններ և բանակցություններ են անցկացնում` այդ հակասությունների վերացման համար առաջարկությունների մշակման նպատակով:

 

ԲԱԺԻՆ 6. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Համագործակցության բարձրագույն մարմինն է պետությունների ղեկավարների Խորհուրդը:

Պետությունների ղեկավարների Խորհուրդը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված են բոլոր անդամ պետությունները, քննարկում և որոշում է իրենց ընդհանուր շահերի ոլորտում անդամ պետությունների գործունեության հետ կապված սկզբունքային հարցերը:

Պետությունների ղեկավարների Խորհուրդը նիստի է հավաքվում տարին երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել անդամ պետություններից մեկի նախաձեռնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը համակարգում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների համագործակցությունը ընդհանուր շահերի տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում:

Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը նիստի է հավաքվում տարին չորս անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել անդամ պետություններից մեկի Կառավարության նախաձեռնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումները ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ` միաձայնությամբ: Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես որոշման ընդունման համար խոչընդոտ:

Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը կարող են անցկացնել համատեղ նիստեր:

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի աշխատանքի կարգը կարգավորվում է ընթացակարգի Կանոններով:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերում, հաջորդաբար, նախագահում են պետությունների ղեկավարները և Կառավարությունների ղեկավարները` Համագործակցության անդամ պետությունների անվանումների ռուսական այբբենական կարգով:

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերը, որպես կանոն, անց են կացվում Մինսկ քաղաքում:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը ստեղծում են աշխատանքային և օժանդակ մարմիններ` ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հիմունքներով:

Այդ մարմինները ձևավորվում են անդամ պետությունների համապատասխան լիազորություններով օժտված ներկայացուցիչներից:

Այդ նիստերին մասնակցելու համար կարող են ներգրավվել փորձագետներ և խորհրդատուներ:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Համագործակցության առանձին բնագավառներում հարցերի լուծման և պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի համար առաջարկությունների մշակման համար հրավիրվում են համապատասխան պետական մարմինների ղեկավարների խորհրդակցություններ:

 

Արտաքին գործերի նախարարների խորհուրդ

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների հիման վրա իրականացնում է անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ներառյալ նրանց գործունեությունը միջազգային կազմակերպություններում, և կազմակերպում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային քաղաքականության հարցերով խորհրդակցություններ:

Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է պետությունների ղեկավարների Խորհրդի հաստատած Կանոնակարգին համապատասխան:

 

Համակարգող-խորհրդակցական կոմիտե

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Համակարգող-խորհրդակցական Կոմիտեն Համագործակցության մշտապես գործող գործադիր և համակարգող մարմին է:

Ի կատարումն պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների, Կոմիտեն.

առաջարկություններ է մշակում և ներկայացնում Համագործակցության շրջանակներում համագործակցության, սոցիալ-տնտեսական կապերի զարգացման հարցերով,

օժանդակում է տնտեսական փոխհարաբերությունների կոնկրետ ուղղություններով պայմանավորվածությունների իրականացմանը,

Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերին ներկայացնելու համար փաստաթղթերի նախագծերի պատրաստման համար կազմակերպում է ներկայացուցիչների և փորձագետների խորհրդակցություններ,

ապահովում է պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերի անցկացումը,

օժանդակում է Համագործակցության այլ մարմինների աշխատանքներին:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Համակարգող-խորհրդակցական Կոմիտեն բաղկացած է Համագործակցության անդամ պետություններից յուրաքանչյուրից երկուական մշտական լիազոր ներկայացուցիչներից և պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից նշանակած Կոմիտեի համակարգողից:

Պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և Համագործակցության այլ մարմինների աշխատանքների կազմակերպչատեխնիկական ապահովման համար Համակարգող-խորհրդակցական Կոմիտեին կից գոյություն ունի Քարտուղարություն, որը ղեկավարում է Համակարգող-խորհրդակցական Կոմիտեի նախագահի տեղակալը` Կոմիտեի համակարգողը:

Կոմիտեն գործում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած Կանոնակարգին համապատասխան:

Կոմիտեի նստավայրն է Մինսկ քաղաքը:

 

Պաշտպանության նախարարների խորհուրդ

Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարություն

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Պաշտպանության նախարարների խորհուրդը հանդիսանում է անդամ պետությունների ռազմական քաղաքականության և ռազմական շինարարության հարցերով պետությունների ղեկավարների Խորհրդի մարմին:

Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը իրականացնում է Միացյալ զինված ուժերի, ինչպես նաև ռազմական դիտորդների խմբերի և Համագործակցությունում խաղաղության պահպանության հավաքական ուժերի ղեկավարումը:

Պաշտպանության նախարարների խորհուրդը և Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը իրենց գործունեությունը իրականացնում են պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած համապատասխան Կանոնակարգի հիման վրա:

 

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը հանդիսանում է անդամ պետությունների արտաքին սահմանների պահպանության և այդ սահմաններում կայուն իրավիճակի ապահովման հարցերով պետությունների ղեկավարների Խորհրդի մարմին:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած համապատասխան Կանոնակարգի հիման վրա:

 

Տնտեսական դատարան

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Տնտեսական դատարանը գործում է Համագործակցության շրջանակներում տնտեսական պարտավորությունների կատարման ապահովման նպատակով:

Տնտեսական դատարանի վարույթին են վերաբերում տնտեսական պարտավորությունների կատարման ժամանակ ծագող վեճերի լուծումը: Դատարանը կարող է լուծել և այլ վեճեր, որոնք նրա վարույթին են հանձնվում անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրերով:

Տնտեսական դատարանը իրավասու է մեկնաբանել տնտեսական հարցերով Համագործակցության համաձայնագրերի և այլ ակտերի դրույթները:

Տնտեսական դատարանը իր գործունեությունն իրականացնում է Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին Համաձայնագրին և պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատված Դատարանի մասին Կանոնադրությանը համապատասխան:

Տնտեսական դատարանի նստավայրն է Մինսկ քաղաքը:

 

Մարդու իրավունքների հանձնաժողով

 

ՀՈԴՎԱԾ 33

 

Մարդու իրավունքների հանձնաժողովը Համագործակցության խորհրդակցական մարմին է և հետևում է Համագործակցության շրջանակներում մարդու իրավունքների վերաբերյալ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Հանձնաժողովը բաղկացած է Համագործակցության անդամ պետությունների ներկայացուցիչներից և գործում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգին համապատասխան:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նստավայրը Մինսկ քաղաքն է:

 

Ճյուղային համագործակցության մարմիններ

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համագործակցության մասին անդամ պետությունների միջև կնքվող համաձայնագրերի հիման վրա կարող են հիմնվել ճյուղային համագործակցության մարմիններ, որոնք իրականացնում են նման համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների մշակում և օժանդակում են դրանց պրակտիկ իրագործմանը:

Ճյուղային համագործակցության մարմինները (խորհուրդները, կոմիտեները) կատարում են սույն Կանոնադրությունում և նրանց մասին կանոնակարգերում նախատեսված գործառույթներ` ապահովելով բազմակողմ հիմունքներով համապատասխան բնագավառներում համագործակցության հարցերի քննարկում և լուծում:

Ճյուղային համագործակցության մարմինների կազմի մեջ մտնում են անդամ պետությունների գործադիր իշխանության համապատասխան մարմինների ղեկավարները:

Ճյուղային համագործակցության մարմինները իրենց իրավասության շրջանակներում ընդունում են երաշխավորականներ, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում պետությունների ղեկավարների Խորհրդի քննության են ներկայացնում առաջարկություններ:

 

Համագործակցության աշխատանքային լեզուն

 

ՀՈԴՎԱԾ 35

 

Համագործակցության աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

ԲԱԺԻՆ 7. ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 36

 

Միջխորհրդարանական ասամբլեան անց է կացնում միջխորհրդարանական խորհրդակցություններ, քննարկում է Համագործակցության շրջանակներում համագործակցության հարցեր, ազգային խորհրդարանների գործունեության ոլորտում մշակում է համատեղ առաջարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

Միջխորհրդարանական ասամբլեան կազմված է խորհրդարանական պատվիրակություններից:

Միջխորհրդարանական ասամբլեայի գործունեության կազմակերպումը իրականացնում է Ասամբլեայի խորհուրդը, որը բաղկացած է խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից:

Միջխորհրդարանական ասամբլեայի գործունեության ընթացակարգային հարցերը կարգավորվում են նրա Կանոնակարգով:

Միջխորհրդարանական ասամբլեայի նստավայրն է Սանկտ Պետերբուրգ քաղաքը:

 

ԲԱԺԻՆ 8. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Համագործակցության մարմինների գործունեության ֆինանսավորման ծախսերը բաշխվում են անդամ պետությունների բաժնեմասային հիմունքներով և սահմանվում Համագորածկցության մարմինների բյուջեների մասին հատուկ համաձայնագրերին համապատասխան:

Համագործակցության մարմինների բյուջեները Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ներկայացմամբ հաստատում է պետությունների ղեկավարների Խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

Համագորածկցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության հարցերը քննարկվում են պետությունների ղեկավարների Խորհրդի սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

Համագործակցության խորհրդակցությունների և մարմինների աշխատանքներում անդամ պետությունների ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների և խորհրդատուների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են անդամ պետությունները:

 

ԲԱԺԻՆ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 41

 

Սույն Կանոնադրությունը հիմնադիր պետությունների կողմից ենթակա է վավերացման, նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

Վավերագրերը ի պահ են հանձնվում Բելառուսի Հանրապետության Կառավարությանը, որը յուրաքանչյուր ի պահ տրված վավերագրի մասին կծանուցի մյուս հիմնադիր պետություններին:

Սույն Կանոնադրությունը բոլոր հիմնադիր պետությունների համար ուժի մեջ է մտնում բոլոր հիմնադիր պետությունների կողմից վավերագրերի ի պահ հանձնման օրվանից կամ իրենց վավերագրերը հանձնած հիմնադիր պետությունների համար` սույն Կանոնադրությունն ընդունելուց մեկ տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

Սույն Կանոնադրության մեջ ուղղումներ կարող են առաջարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Առաջարկված ուղղումները քննության են առնվում պետությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգային կանոններին համապատասխան:

Սույն Կանոնադրության ուղղումներն ընդունում է պետությունների ղեկավարների Խորհուրդը: Դրանք ուժի մեջ են մտնում բոլոր անդամ պետությունների կողմից իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան վավերացնելուց հետո Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից վերջին վավերագիրը ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

Համագործակցության հիմնադիր պետությունները կարող են սույն Կանոնադրության վավերացման ժամանակ 3-րդ, 4-րդ և 7-րդ բաժինների և 28-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածների վերաբերյալ վերապահումներ և հայտարարություններ կատարել:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

Սույն Կանոնադրությունը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 45

 

Սույն Կանոնադրությունը կազմված է մեկ օրինակով` Համագործակցության հիմնադիր պետությունների պետական լեզուներով: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը բոլոր հիմնադիր պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

Սույն Կանոնադրությունը ընդունվել է 1993 թվականի հունվարի 22-ին` Մինսկում կայացած պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ:

 

* Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 16-ից:

 

 

pin
''
22.01.1993
Միջազգային պայմանագիր