Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԽԱՓԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ԳՈՐԾՈՒՆԵ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԽԱՓԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

հանդիսանալով 1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Միջպետական հեռուստառադիոընկերության (ՄՀՌԸ) ստեղծման մասին Համաձայնագրին և 1993 թվականի հունվարի 22-ի` Միջպետական հեռուստառադիոընկերության Կանոնադրությանը համապատասխան «Միր» ՄՀՌԸ հիմնադիրներ,

հաստատելով իրենց կողմնակցությունը տեղեկատվության միջազգային փոխանակման հանրաճանաչ սկզբունքներին,

ցանկանալով նպաստել շահագրգիռ պետությունների տեղեկատվական ընդհանուր տարածքի ստեղծմանը,

ձգտելով ստեղծել միջազգային-իրավական երաշխիքներ մասնակից պետությունների տարածքներում որպես միջպետական կազմակերպություն «Միր» ՄՀՌԸ մասնագիտական գործունեության անխափան և անկախ իրականացման համար,

գիտակցելով, որ նման միջազգային-իրավական երաշխիքները տրամադրվում են ոչ թե հօգուտ առանձին անձանց, այլ «Միր» ՄՀՌԸ գործառույթների անխափան իրականացման ապահովման համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացությունները նշանակում են.

1. «Ընկերություն»` «Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն և մասնակից պետություններում նրա մասնաճյուղեր:

2. «Ներկայացուցիչներ Ընկերությունում»` Ընկերությունում մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև Ընկերությանն առնչվող խորհրդակցություններում և համաժողովներում մասնակցող մասնակից պետությունների պատվիրակությունների անդամներ:

3. «Ընկերության պաշտոնատար անձինք»` Ընկերությունում աշխատանքի ընդունված բոլոր անձինք և ցուցակում նշված, որը Ընկերությունը փոխանցում է համապատասխան մասնակից պետությունների իրավասու մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Մասնակից պետություններն իրենց տարածքներում Ընկերության և նրա պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ընկերության ներկայացուցիչներին տրամադրում են այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որն անհրաժեշտ է Ընկերությանը` իր կանոնադրական խնդիրներին համապատասխան, գործունեության ապահովման համար:

2. Ընկերությունում ներկայացուցիչները և Ընկերության պաշտոնատար անձինք հարգում են մասնակից պետությունների օրենսդրությունները, որոնց տարածքներում նրանք իրականացնում են իրենց ծառայողական գործառույթները, ինչպես նաև այդ պետությունների ժողովուրդների ավանդույթները և սովորույթները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ընկերությունը, նրա գույքը և ակտիվները օգտվում են անձեռնմխելիությունից, վարչական և դատական միջամտությունից ու գործադիր գործողություններից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ընկերության արխիվները և փաստաթղթերը, ինչպես նաև նրա շինություններն անձեռնմխելի են:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ընկերության գույքը ենթակա չէ խուզարկության, առգրավման և բռնագրավման վարչական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Ընկերությունը, նրա գույքը ազատվում են ցանկացած բնույթի ուղղակի հարկերից և գանձումներից, բացառությամբ կոմունալ և նմանատիպ այլ ծառայությունների համար վճարներից:

2. Ընկերությունը ազատվում է մաքսավճարներից և սահմանափակումներից` «Միր» ՄՀՌԸ Կանոնադրությանը համապատասխան նպատակների օգտագործման համար նախատեսված առարկաների ներմուծման և արտահանման դեպքում:

3. Ընկերությունը օգտվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններից առաջնայնության, փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային կապի սակագների և վճարների վերաբերյալ, քան նրանք, որոնցից տվյալ մասնակից պետությունում օգտվում են միջկառավարական կազմակերպությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Իրենց պաշտոնական գործառույթներն իրականացնելիս, Ընկերությունում ներկայացուցիչները օգտվում են անձեռնմխելիությունից, անձնական ձերբակալությունից կամ կալանքի տակ վերցնելուց, ինչպես նաև դատական և վարչական ընդդատությունից:

2. Ընկերությունում ներկայացուցիչների ծառայողական թղթակցությունը և փաստաթղթերը անձեռնմխելի են:

3. Ընկերությունում ներկայացուցիչները մասնակից պետությունների տարածքներում, բացի իրենց քաղաքացիության պետության տարածքից, ազատվում են անձնական պարհակներից և աշխատավարձի գանձվող հարկերից, որը վճարվում է նրանց քաղաքացիության պետության կողմից:

4. Ընկերությունում ներկայացուցիչները մասնակից պետությունների տարածքներում, բացի իրենց քաղաքացիության պետության տարածքից, ազատվում են պարտադիր գրանցումից և ցուցակագրումից: Մասնակից պետությունների տարածքներ այցելելու համար մուտքի արտոնագիր տրամադրելու համար նրանց դիմումները, արտոնագրային ռեժիմ մտցնելու դեպքում, քննարկվում են արտահերթ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ընկերության պաշտոնատար անձինք իրենց ծառայողական գործառույթներն իրականացնելիս ենթարկվում են միայն Ընկերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ընկերության պաշտոնատար անձինք, որոնք Ընկերության նստավայր պետության քաղաքացիներ չեն հանդիսանում, ազատվում են անձնական պարհակներից, ինչպես նաև Ընկերության կողմից իրենց վճարվող աշխատավարձի նկատմամբ հարկերից և գանձումներից: Նրանք ազատվում են նաև անձնական օգտագործման համար նախատեսված առարկաների, ներառյալ Ընկերության նստավայր պետություն առաջին անգամ մուտք գործելիս բնակության առարկաներից և այդ պետությունից վերջնականապես մեկնելիս նշված առարկաների արտահանման թույլտվության համար մաքսային վճարներից: Մասնակից պետությունների տարածքներ այցելելու համար մուտքի արտոնագիր տրամադրելու համար նրանց դիմումները, արտոնագրային ռեժիմ մտցնելու դեպքում, քննարկվում են արտահերթ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Մասնակից պետությունները օժանդակություն են ցուցաբերում Ընկերությանը, Ընկերությունում ներկայացուցիչներին և Ընկերության պաշտոնատար անձանց, որոնք Ընկերության նստավայր պետության քաղաքացիներ չեն հանդիսանում, ծառայողական և բնակելի տարածքներ ստանալու, ծառայողական տարածքները սարքավորելու, ինչպես նաև բժշկական օգնություն և այլ սոցիալական ու կոմունալ ծառայություններ ստանալու գործում` Ընկերության նստավայր պետությունում միջկառավարական կազմակերպությունների համար սահմանված կարգին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, որոնք վերաբերում են բժշկական օգնությանը և այլ սոցիալական ու կոմունալ ծառայություններին, տարածվում են Ընկերությունում ներկայացուցիչների և Ընկերության պաշտոնատար անձանց հետ բնակվող նրանց ընտանիքների անդամների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ընկերության կանոնադրական խնդիրներին համապատասխան, նրա գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտոնությունները և անձեռնմխելիությունը տրամադրվում և իրացվում են Ընկերության ներկայացմամբ, մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից տրվող փաստաթղթերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Մասնակից պետությունները և Ընկերությունը կարող են հրաժարվել համապատասխանաբար իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունից, եթե անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և նման մերժումը վնաս չի հասցնում նպատակներին, որոնց հետ կապված անձեռնմխելիությունը տրամադրվել է:

2. Ընկերությանը վերաբերող մասով, Ընկերության պաշտոնատար անձանց, բացառությամբ Ընկերության նախագահի և Տնօրենների խորհրդի անդամների, անձեռնմխելիությունից հրաժարվելու իրավունքը պատկանում է Ընկերության նախագահին:

Ընկերության նախագահի և Տնօրենների խորհրդի անդամների անձեռնմխելիությունից կարող է հրաժարվել միայն Ընկերությունում ներկայացուցիչների ընդհանուր հավաքը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանն ու կիրառմանը վերաբերող վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով կամ այլ ընթացակարգի համաձայն, որի մասին շահագրգիռ կողմերը կարող են պայմանավորվել:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում առանձին մասնակից պետությունների և Ընկերության միջև արձանագրությունների կնքմանը, որոնք կոնկրետացնում են սույն Համաձայնագրի կիրառումը նման մասնակից պետությունների տարածքներում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Սույն Համաձայնագրում ուղղումներ կարող է առաջարկել ցանկացած մասնակից պետություն:

2. Սույն Համաձայնագրի ուղղումները մասնակից պետությունները ընդունում են այն նույն կարգով, ինչ կարգով նրանք հաստատել են սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին վեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու տասներորդ օրը:

3. «Միր» ՄՀՌԸ Կանոնադրության 4-րդ հոդվածին համապատասխան, Ընկերության կազմի մեջ մտնող յուրաքանչյուր պետության համար, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ընկերության կազմի մեջ այդ պետության մտնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Ցանկացած մասնակից պետություն սույն Համաձայնագրում դադարեցնում է իր մասնակցությունը Ընկերությունից դուրս գալու դեպքում:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 5-ից:

 

 

pin
''
24.12.1993
Միջազգային պայմանագիր