Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԼՍՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԱԼՍՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԳԱԼՍՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 26986/03)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

15 Նոյեմբեր 2007

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 15/02/2008

(1-ին մաս)

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Պրն Բ. Մ. ԶՈՒՊԱՆՉԻՉ, Նախագահ

Պրն Ս. ԲԻՐՍԱՆ,

Տկն Է. ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄ,

Տկն Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ,

Պրն Է. ՄԵՅՋԵՐ,

Պրն ԴԱՎԻԴ ԹՈՐ ԲՅՈՐԳՎԻՆՍՈՆ

Տկն Ի. ԲԵՐՈ-ԼԵՖԵՎՐ - Դատավորներ

և Պրն Ս. ՔՈՒԵՍԱԴԱ - Բաժանմունքի Քարտուղար,

2007 թ. Հոկտեմբերի 18-ին կայացած դռնփակ նիստում

կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2003 թ. օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արշամ Գալստյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 26986/03 գանգատի առնչությամբ:

2. Դիմումատուն ներկայացված է եղել պրն Ն. Եղիազարյանի կողմից: ՀՀ կառավարությունը (Կառավարություն) ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2005 թ. ապրիլի 5-ին Դատարանը որոշեց գանգատը ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելության և ըստ էության միաժամանակյա քննությունը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1958 թ. և ապրում է Երևանում:

5. 2003 թվականին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի առաջին փուլը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Ընտրությունների ընթացքում դիմումատուն հանդիսացել է հիմնական ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ: Մարտի 5-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիմումատուն հանդիսացել է ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովներից մեկի անդամ: Ընտրություններից հետո Դիմումատուն մասնակցել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Երևանում կազմակերպված բողոքի երթերի շարքին:

6. Դիմումատուն պնդել է, և Կառավարությունը չի վիճարկել, որ ապրիլի սկզբին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնի աշխատակիցները այցելել են իր բնակարան, երբ ինքը տանը չի եղել: Այս մասին տեղեկանալով` դիմումատուն այցելել է ոստիկանության բաժին` պարզելու այցելության պատճառները: Ոստիկանության բաժնում, բաժնի պետի տեղակալը պահանջել է, որ Դիմումատուն դադարեցնի ցույցերին իր մասնակցությունը:

7. 2003 թ. ապրիլի 7-ին, ժամը 17:00-ին, Երևանի կենտրոնում տեղի է ունեցել հանրահավաք` Մայրերի օրվա կապակցությամբ: Հանրահավաքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում` Մատենադարանի մոտակայքում: Հանրահավաքը եղել է քաղաքական բնույթի, հնչել են կառավարության և նախագահական ընտրություններին վերաբերող քննադատություններ:

8. Դիմումատուն պնդում է, և Կառավարությունը չի վիճարկում, որ հանրահավաքը կազմակերպված է եղել կանանց կողմից և դրան մասնակցել է մոտավորապես 30.000 մարդ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք: Մինչ հանրահավաքի սկսելը պողոտայի համապատասխան հատվածում ճանապարհային երթևեկությունը դադարեցված էր ճանապարհային ոստիկանության կողմից: Դիմումատուն որպես այդպիսին չի մասնակցել հանրահավաքին, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը, ներառյալ նաև ինքը, հանրահավաքին հետևել են հեռավորության վրա` կանգնելով պողոտայի երկու կողմերում: Նրանց խնդրին է հանդիսացել ոգևորել կանանց և կանխել հնարավոր պրովոկացիաները:

9. Համաձայն դիմումատուի, մոտավորապես 17:30-ին նա գնացել է տուն: Տուն գնալու ճանապարհին, հանրահավաքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա, իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու անձինք, որոնք ներկայացրել են իրենց ոստիկանության վկայականները և ուղեկցել նրան Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին:

10. Ոստիկանության բաժնում, ձերբակալող ոստիկանները կազմել են դիմումատուին բերման ենթարկելու արձանագրություն, որտեղ նշված էր, որ դիմումատուն «ձերբակալվել է մոտավորապես 17:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում` ճանապարհային երթևեկությանը խոչընդոտելու և հանրահավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու համար»:

11. Ձերբակալող ոստիկաններից մեկը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնի պետին ներկայացրել է հետևյալ զեկուցագիրը.

 

«... 2003 թ. ապրիլի 7-ին, Մաշտոցի պողոտայում, իրականացնում էինք ծառայություն, որտեղ անցկացվում էր հանրահավաք և հավաքված էր մեծ բազմություն: Ծառայության ընթացքում նկատեցինք մեկ անձի, որը խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և այլ անձանց հրահրում էր հետևել իր օրինակին: Անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին...»:

 

12. Դիմումատուն ենթարկվել է խուզարկության, որի ընթացքում որևէ անօրինական իր չի հայտնաբերվել: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

13. Ոստիկանները դիմումատուին հարցաքննել են: Բացատրություն վերցնելու մասին արձանագրության մեջ դիմումատուն նշել է, որ 3 օր առաջ մասնակցել է հանրահավաքի: Տեղեկանալով 20023 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի մասին, նա ևս գնացել է այնտեղ: Նա հայտնել է նաև, որ տեղյակ է 2 օր հետո տեղի ունենալիք հանրահավաքի մասին և մասնակցելու է դրան: Նա միաժամանակ ավելացրել է, որ այդ հանրահավաքների ընթացքում չի խախտել և հետագայում էլ չի խախտելու որևէ օրենք: Արձանագրությունը պատռվում է ոստիկանի կողմից, ով պատճառաբանում է, թե թղթի վրա թանաքաբիծ կա և խնդրում է դիմումատուին գրել նորը: Երբ նա գրում է նոր վկայությունը նույն բովանդակությամբ, ոստիկանը իրեն կանգնեցնում է այն հատվածում, երբ ինքը պատրաստվում էր գրել, որ հանրահավաքների ժամանակ չի կատարել որևէ անօրինական արարք, ասելով, որ գրվածը բավական է:

14. Ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման արձանագրություն, որում նշված էր, որ դիմումատուն «մասնակցել է հանրահավաքի, որի ընթացքում խախտել է հասարակական կարգը»: Դիմումատուի գործողությունները որակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ-ի) 172 հոդվածով` որպես մանր խուլիգանություն: Այս արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից: Նա միաժամանակ ստորագրել է արձանագրության այն հատվածում, որը հավաստում է, որ ինքը ծանոթացվել է ՎԻՎՕ-ի 267 հոդվածով սահմանված իր իրավունքներին և «գործի համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ» բաժնում, որտեղ ավելացված է. «Ես չեմ ցանկանում ունենալ պաշտպան»:

15. Դիմումատուն պնդում է, որ սկզբում ինքը չի ցանկացել ստորագրել այդ արձանագրությունը և պահանջել է ներգրավել պաշտպանի: Դա պատճառ է հանդիսացել, որ իրեն պահեն ոստիկանության բաժնում հաջորդ 5 և կես ժամերի ընթացքում: Այս ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները համառորեն փորձել են համոզել նրան ստորագրել արձանագրությունը և հրաժարվել պաշտպանից: Նրանք ասել են, որ նման փոքր գործի համար անհրաժեշտություն չկա ունենալ պաշտպան և գումար ծախսել: Նրանք ավելացրել են, որ գործը արդեն կանխորոշված է իրենց ղեկավարների կողմից և պաշտպանը միայն կվնասի, այլ ոչ թե կօգնի, քանի որ դրա պատճառով ինքը կարող է ավելի երկար ժամանակ անցկացնել ոստիկանության բաժնում: Մյուս կողմից, եթե ինքը ստորագրի արձանագրությունը և հրաժարվի պաշտպանից, նա անմիջապես կտեղափոխվի դատարան, որտեղ վատագույն դեպքում կնշանակվի փոքր տուգանք և նա ազատ կարձակվի: Դիմումատուն արդյունքում տեղի է տվել և համաձայնել ստորագրել արձանագրությունը, ինչպես նաև հրաժարվել պաշտպանից: Նույն օրը, ժամը 23:00-ին, նա տարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մ-ի մոտ, ով քննել է գործը:

16. Կառավարությունը վիճարկում է այս պնդումը: Համաձայն նրանց դիմումատուն գտնվել է ոստիկանության բաժնում 2 ժամ և 19:30-ին տարվել է դատավոր Մ-ի մոտ: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները բացատրել են դիմումատուին նրա պաշտպան ունենալու իրավունքը և առաջարկել են օգտվել իր այդ իրավունքից, ինչը դիմումատուն չի ցանկացել անել: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից կամավոր` առանց որևէ առարկության: Ավելին` դիմումատուն հրաժարվել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված այնպիսի գործողություններից, ինչպիսիք են միջնորդությունների ներկայացումը, կամ օգտագործել ՎԻՎՕ-ի 267-րդ հոդվածով սահմանված այլ դատավարական իրավունքները, չնայած նրան, որ տեղեկացվել էր դրանց մասին:

17. Դիմումատուի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերը, որոնք ուղարկվել են դատավոր Մ-ին, պարունակել են հետևյալ փաստաթղթերը` (1) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, (2) ոստիկանության զեկուցագիրը, (3) դիմումատուին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, (4) դիմումատուի խուզարկության արձանագրությունը, (5) դիմումատուի գրավոր բացատրությունները: Բոլոր այս փաստաթղթերը ստորագրված են եղել դիմումատուի կողմից, բացի ոստիկանության զեկուցագրից:

18. Կարճատև լսումներից հետո դատավոր Մ-ն` ղեկավարվելով ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով, դիմումատուին դատապարտել է 3 օրվա վարչական կալանքի: Դատավորի ամբողջ եզրակացությունը ներառված էր հետևյալ նախադասության մեջ.

 

«2003 թ. ապրիլի 7-ին, ժամը մոտավորապես 17:00-ին... Մաշտոցի պողոտայում [դիմումատուն] մի խումբ այլ անձանց հետ խոչընդոտել են ճանապարհային երթևեկությունը, բարձր աղմկելով խախտել են հասարակական կարգը և հանրահավաքի մասնակիցներին հրահրել են հետևել իրենց օրինակին...»:

 

19. Որոշման մեջ սահմանվել է, որ այն ենթակա է վերանայման ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի կողմից:

20. Համաձայն դատական նիստի արձանագրության, որը գրված է ձեռագիր վայելչագրական եղանակով, նիստը տեղի է ունեցել դռնբաց` դատավորի, դիմումատուի և քարտուղարի մասնակցությամբ: Դատավորը պարզաբանել է դիմումատուի իրավունքները, և տեղեկացրել, որ ինքը իրավունք ունի բացարկ հայտնել դատավորին և քարտուղարին: Դիմումատուն որևէ բացարկ չի հայտնել: Նա հայտարարել է, որ գիտի իր իրավունքները և պաշտպան ունենալ չի ցանկանում: Դատավորը բարձրաձայն ընթերցել է ոստիկանների միջնորդությունը դիմումատուին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Դիմումատուն հայտնել է, որ մի խումբ անծանոթ անձանց հետ փակել է երթևեկությունը Մաշտոցի պողոտայում: Նա ասել է, որ դա արել է, քանի որ հանրահավաք էր և բոլորն էլ նույն բանն էին անում: Նա աղմկել է, քանի որ բոլորն էլ աղմկում էին, բայց ինքը որևէ մեկին չի պարտադրել: Դիմումատուին որևէ հարց չի տրվել: Այնուհետև, դատավորը բարձրաձայն ընթերցել և ուսումնասիրել է ոստիկանների կողմից պատրաստված փաստաթղթերը: Ծանոթանալով այդ փաստաթղթերի հետ, դիմումատուն ընդունել է, որ ստորագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, սակայն առարկել է վարչական պատասխանատվության ենթարկելուն, քանի որ մեղսագրվող գործողությունները իրականացվել են նաև այլ անձանց կողմից: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որից հետո վերադարձել է և հրապարակել իր որոշումը: Նիստի ժամը արձանագրված չի եղել:

21. Դիմումատուն պնդել է, և Կառավարությունը ուղղակի չի հերքել, որ արձանագրությունը կեղծ է և կազմվել է նիստից հետո օրինականության պատրանք ստեղծելու համար: Իրականում նիստին չի մասնակցել քարտուղարը և նիստը չի արձանագրվել: Նիստը տևել է ընդամենը մոտավորապես 5 րոպե և տեղի է ունեցել դատավոր Մ-ի աշխատասենյակում: Դիմումատուն նաև պնդում է, հակառակ նրան ինչ նշված է արձանագրության մեջ, որ նիստին մասնակցել են միայն դատավորը և ուղեկցող ոստիկանը: Վերջինս որպես այդպիսին չի մասնակցել նիստին, նրա գործառույթը սահմանափակվել է բացառապես դիմումատուին դատարան ներկայացնելու հանգամանքով: Դատավորը թերթել է ոստիկանների կողմից նախապատրաստված գործի նյութերը և հարցրել դիմումատուին. «ի՞նչ ես ուզում»: «Օրինականություն և արդարադատություն», պատասխանել է դիմումատուն: Դատավորը, շարունակելով ընթերցել գործի նյութերը, ասել է. «քանի որ դու երեք երեխա ունես և նախկինում դատապարտված չես եղել ես կնշանակեմ մեղմ պատիժ` երեք օր կալանք»: Ի պատասխան դրան, դիմումատուն փորձել է ներկայացնել գործի հանգամանքները` միջնորդելով դատավորին կանչել վկաների և պաշտպան է պահանջել: Դատավորը լուռ լսել է դիմումատուին, ստորագրել է որոշ թղթեր և բաց է թողել դիմումատուին, որից հետո նրան տարել են կալանքի վայր, որտեղ նա կրել է իր պատիժը:

22. 2003 թ. ապրիլի 14-ին դիմումատուն դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական հասարակական կազմակերպության` «Փետրվար 22» իրավապաշտպան կազմակերպությանը, մանրամասն բողոքելով վերը նշված դեպքերի մասին և ակնկալելով նրանց օգնությունը: Ի թիվս այլ հանգամանքների, նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցները դրդել են իրեն ստորագրել փաստաթուղթ, որով հրաժարվում է պաշտպանից` հավատացնելով, որ իր գործում պաշտպանի անհրաժեշտություն չկա:

23. 2003 թ. ապրիլի 28-ին այս հասարակական կազմակերպությունը դիմումատուի անունից բողոքել է ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով քրեական հետապնդում իրականացնել ոստիկանների և դատավոր Մ-ի նկատմամբ:

24. 2003 թ. մայիսի 27-ի նամակով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազը տեղեկացրել է հասարակական կազմակերպությանը, որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը հիմնավորված է և հիմքեր չկան այն բողոքարկելու համար:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. 1995 թ. Հայաստանի Սահմանադրություն (մինչ 2005 թ. փոփոխությունները).

 

25. Սահմանադրության համապատասխան հոդվածները սահմանում են.

 

Հոդված 24.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից»:

 

Հոդված 26.

 

«Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք:»:

 

Հոդված 39.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:

 

Հոդված 40.

 

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք»:

 

Հոդված 44.

 

«Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

 

Հոդված 94.

 

«Դատական մարմինների անկախության երաշխավորը [Հայաստանի] Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը»:

 

Սահմանադրության 94 և 94.1 հոդվածները 2005 թ. փոփոխություններից հետո

 

«Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, [Հայաստանի] Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

 

Հոդված 95.

 

«Արդարադատության խորհուրդը...արդարադատության նախարարի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները...»:

 

Հոդված 96.

 

«Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը անփոփոխելի են:

Դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը...»:

 

Հոդված 97.

 

Արդարադատություն իրականացնելիս` դատավորները ... անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

 

Բ. 1985 թ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք.

 

26. Օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 9. Վարչական զանցանքի հասկացությունը

 

«Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան»:

 

Հոդված 22. Վարչական տույժերի նպատակները

 

«Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը»:

 

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները («ուղղիչ աշխատանքներին» և

«վարչական կալանքին» վերաբերող դրույթները ուժի մեջ չեն սկսած

2005 թ. դեկտեմբերի 16-ից)

 

«Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը... 2) տուգանք,... 6) ուղղիչ աշխատանքներ,... 7) վարչական կալանք»:

 

Հոդված 31. Վարչական կալանք (չի գործում սկսած 2005 թ. դեկտեմբերի

16-ից)

 

«Վարչական կալանք սահմանվում և կիրառվում է միայն բացառիկ դեպքերում, վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար, մինչև տասնհինգ օր ժամանակով: Վարչական կալանք նշանակում է դատարանը (դատավորը)»:

 

Հոդված 172. Մանր խուլիգանություն (չի գործում սկսած 2005 թ.

դեկտեմբերի 16-ից)

 

«Մանր խուլիգանությունը, այսինքն` հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խանգարում են հասարակական կարգն ու քաղաքացիների հանգիստը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը, կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:

 

Հոդված 223. Առաջին ատյանի դատավորները

 

«Առաջին ատյանի դատարանների դատավորները քննում են սույն օրենսգրքի (ի թիվս այլ հոդվածների) 172 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»:

 

Հոդված 249. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի դռնբաց

քննությունը

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են դռնբաց»:

 

Հոդված 250. Վարչական իրավախախտումների գործերի վարույթի ժամանակ

դատախազական հսկողությունը օրենքների կատարման նկատմամբ

 

«...համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի` հարուցելու վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. ծանոթանալու գործի նյութերին. ստուգելու գործի վարույթի ժամանակ մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների օրինականությունը. մասնակցելու գործի քննությանը. գործի քննության ընթացքում ծագող հարցերով միջնորդություններ հարուցելու, եզրակացություններ տալու. ստուգելու վարչական իրավախախտումների համար համապատասխան մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից ներգործության միջոցների կիրառման ճշտությունը. բողոքարկելու վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը և գանգատի առթիվ ընդունված որոշումը. կասեցնելու որոշման կատարումը, ինչպես նաև կատարելու օրենքով նախատեսված այլ գործողություններ»:

 

Հոդված 251. Ապացույցներ

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով»:

 

Հոդված 254. Վարչական իրավախախտման արձանագրությունը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը»:

 

Հոդված 255. Վարչական իրավախախտման արձանագրության բովանդակությունը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում»:

 

Հոդված 256. Արձանագրությունն ուղարկելը

 

«Արձանագրությունն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին)»:

 

Հոդված 259. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն

ապահովելու միջոցները

 

«... վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

 

Հոդված 260. Վարչական ձերբակալում

 

«Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը»:

 

Հոդված 261. Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր

մարմինները (պաշտոնատար անձինք)

 

«Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), ի թիվս այլ անձանց` ներքին գործերի մարմինները` մանր խուլիգանություն կատարելու համար...»:

 

Հոդված 267. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի

իրավունքներն ու պարտականությունները

 

«Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից»:

 

Հոդված 271. Վկան

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք»:

 

Հոդված 277. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության

ժամկետները

 

«Սույն օրենսգրքի ... 172..., հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում...»:

 

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու կարգը

 

«Գործը քննվող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսվում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը»:

 

Հոդված 279. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման

ենթակա հանգամանքները

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս...»:

 

Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը

գանգատարկելու իրավունքը

 

«Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանագատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի»:

 

Հոդված 289. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ

բողոք բերելը

 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից»:

 

Հոդված 294. Դատավորի..., [և] դատարանի նախագահի...

լիազորությունները գործը վերանայելիս

 

«Սույն օրենսգրքի ... 172 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով դատավորի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ժողովրդական դատավորի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմին»:

 

Գ. «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք

 

Հոդված 5. Դատավորի անկախությունը

 

«Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի»:

 

Հոդված 6. Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

«Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը` արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է քրեական օրենքով սահմանված պատասխանատվություն:

Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»:

 

Դ. ՀՀ արդարադատության նախարարության 28.11.2002 թ. Կանոնակարգ

 

27. Այս Կանոնակարգի 9-րդ գլուխը սահմանում է դատավորների պիտանելիության և առաջխաղացման ցուցակները ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմելու համար անցկացվող թեստավորման անցկացման կարգն ու պայմանները:

 

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

28. 2003 թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում հիմք ընդունելով նախագահական ընտրություններում հիմնական ընդդիմադիր թեկնածուի կողմից ներկայացված ընտրությունների արդյունքները և անցկացման կարգը վիճարկելու վերաբերյալ դիմումը (ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Նախագահի 2003 թ. մարտի 5-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով): Ի թիվս այլ հանգամանքների, Սահմանադրական դատարանը նշել է, որ մի շարք վստահված անձինք ընտրությունների երկրորդ փուլում ենթարկվել են վարչական կալանքի և դրանով իսկ զրկվել են իրենց պարտականությունների կատարումը շարունակելու հնարավորությունից: Դատարանը այնուհետև նշել է, որ չարտոնված հանրահավաքներին և երթերին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է միջամտություն Կոնվենցիայի 11 հոդվածով սահմանված խաղաղ միավորման իրավունքների իրականացմանը: Առաջին հերթին նշված ընթացակարգի կիրառումը հակասում է Եվրոպական «օրենքի գերակայության» սկզբունքին, և, երկրորդ` դատարանների կողմից կայացված բոլոր նման որոշումները պետք է քննարկման առարկա դառնան Դատարանների նախագահների խորհրդում և Արդարադատության խորհրդում` և՛ ձևի, և՛ բովանդակության առումով:

 

IV. 2003 Թ. ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

 

Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1304 (2002) Բանաձևը: Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը

 

29. Բանաձևի համապատասխան հատվածները սահմանում են.

«9. Վեհաժողովը այնուհետև կոչ է անում, առանց ձգձգման, վերանայել Վարչական օրենսգիրքը: Նա իշխանություններին կոչ է անում վերացնել վարչական կալանքի վերաբերյալ դրույթները և մինչ վերացնելը զերծ մնալ դրանք կիրառելուց: Նա իշխանություններին զգուշացնում է դրանց կիրառման արդյունքում առաջացող չարաշահումների մասին, որոնք լրջորեն հակասում են Կազմակերպության սկզբունքներին»:

 

Բ. Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ԵԽԽՎ Հանձնաժողովի Զեկույց, փաստաթուղթ 10027, 12 հունվարի 2004 թ.

 

30. Զեկույցի համապատասխան հատվածները սահմանում են.

 

«32. 2003 թ. փետրվարի [1]9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի հաջորդ օրը, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից, Երևանում և մի շարք այլ քաղաքներում կազմակերպվեցին մի քանի հանրահավաքներ և բողոքի ակցիաներ:

33. Առաջին փուլից հետո, մինչև երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածում, սկսած փետրվարի 22-ից, ավելի քան 200 մարդ իշխանության հանձնարարությամբ ձերբակալվել է ոստիկանության կողմից, այդ թվում` ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կամ նախընտրական շտաբի որոշ անդամներ և այդ կուսակցությունների վստահված անձինք: Չնայած Խորհրդարանական վեհաժողովը պայման էր դրել, որ իշխանությունները այլևս չպետք է կիրառեն Վարչական օրենսգրքով սահմանված վարչական կալանքի կամայական ընթացակարգը, այս անձինք ձերբակալվել, տարվել են նախնական կալանքի վայրեր` առանց այդ մասին իրենց հարազատներին տեղյակ պահելու, այնուհետև, դատարանի կողմից դատապարտվել են երկու շաբաթվա վարչական կալանքի ավելի քան 80 գործով, կամ տուգանքի` 65 այլ գործերով: Նշված անձանց գործով անցկացվել են դռնփակ դատական նիստեր և որոշ բացառություններով, այդ անձինք չեն օգտվել փաստաբանի ծառայություններից: Շատերը չեն կարողացել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

34. Ձերբակալություններ են իրականացվել երկրորդ փուլից հետո: Արդարադատության նախարարությունը ընդունել է, որ 132 անձ ձերբակալվել են մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որոնցից 69-ը ենթարկվել է «վարչական» կալանքի, 63-ը` տուգանքի: Համաձայն ԵԱՀԿ-ի այդ ժամանակահատվածում ազատազրկման ենթարկվածների թիվը 77 է:

35. Մեր նախորդ զեկույցում մենք մեկնաբանել էինք Վարչական օրենսգրքով սահմանված այս արագացված ընթացակարգի անթույլատրելիությունն ու կամայականությունը: Կոմունիստական ոճի արդարադատության այս իսկական մնացուկը ժառանգվել է Խորհրդային ժամանակներից, որը պատասխանատվության ենթարկված անձին արգելում է այդ մասին տեղեկացնել իր հարազատներին կամ պահանջել իրավաբանի անհապաղ օգնություն, հնարավորություն է տալիս դատավորին անցկացնել արագացված դռնփակ դատական նիստ և անձին դատապարտել առավելագույնը երկշաբաթյա կալանքի: Այս ընթացակարգը ուղղակի ամոթալի է...

37. 2003 թ. օգոստոսի մեր այցի ընթացքում, ցուցարարներին ձերբակալելու և դատապարտելու իրենց որոշումը իշխանությունները արդարացնում էին վկայակոչելով նրանց իրավախախտումներից օրենքի և իրավակարգի պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք պնդում էին, որ ցուցարարները միայն ավազակներ են, «հակահասարակական տարրեր», հարբեցողներ և թմրամոլներ: Այս տեսակ որակումները ահազանգ են ոչ այնքան հեռու Խորհրդային անցյալի վերածննդի մասին:

38. Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները ապագայում կանեն ամեն հնարավորը հանրահավաքների իրավունքի և օրենքի և հասարակական կարգի պահպանմամբ այդ իրավունքներն իրականացնելու միջև համապատասխանեցումը ապահովելու համար: Այս իրավունքը պետք է պաշտպանվի բոլորի համար և առանձին-առանձին, հատկապես ընտրական ժամանակահատվածում: Օրենքի և հասարակական կարգի պաշտպանությունը չի կարող արդարացնել հանրահավաքների և միավորումներ ստեղծելու ազատության սահմանափակումները»:

 

Գ. ԵԽԽՎ 1361 (2004) Բանաձևը: Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը

 

31. Բանաձևի համապատասխան հատվածները սահմանում են.

 

«14. Վեհաժողովին ցնցել է այն փաստը, որ Վարչական օրենսգրքով նախատեսված վարչական կալանքների կամայական կիրառման ամոթալի պրակտիկան դեռևս շարունակվում է, ինչը միանգամայն անհամատեղելի է Վեհաժողովի 2002 թ. սեպտեմբերի Թիվ 1304 բանաձևի մեջ տեղ գտած խիստ ձևակերպման հետ, ըստ որի Հայաստանի իշխանություններն այլևս չպետք է կիրառեն վերոնշյալ պրակտիկան: Վեհաժողովը դատապարտում է ավելի քան 270 մարդկանց` ընդդիմադիր կուսակցությունների անդամների, նրանց կողմնակիցների և պաշտոնակիրների ձերբակալություններն ու դատապարտումը` Նախագահական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում և երկրորդ փուլի ավարտին: Վեհաժողովն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները 2004 թ. փետրվարին կքննարկեն Վարչական օրենսգրքում տեղ գտած վարչական կալանքների խնդիրը` Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համագործակցությամբ, և մինչև 2004 թ. ապրիլ ամիսը փոփոխությունների նախագծերը կուղարկեն Եվրոպայի խորհուրդ` փորձագիտական կարծիքի համար:

15. Վեհաժողովը դիմում է Հայաստանի իշխանություններին, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, անմիջապես սկսել ուսումնասիրել հավասարակշռության սկզբունքի կիրառումը ժողովների և ցույցերի կազմակերպման ազատության և հասարակական կարգը հարգելու միջև, և ընդունել օրենք` ցույցերի և հանրահավաքների մասին, որը լիովին կհամապատասխանի Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և չափանիշներին»:

 

Դ. HUMAN RIGHTS WATCH ամփոփիչ փաստաթուղթ, 23 Մայիս 2003, Օրենքի Իմիտացիա: 2003 թ. Հայաստանի նախագահական ընտրություններում վարչական կալանքի կիրառումը

 

32. Ամփոփիչ փաստաթղթի համապատասխան հատվածները սահմանում են.

«2003 թ. փետրվարից-ապրիլ ամիսների ընդդիմության հանրահավաքները:

Նախագահական ընտրությունների 2003 թ. փետրվարի 19-ի առաջին փուլից մինչև 2003 թ. մարտի 5-ի երկրորդ փուլի միջև ընկած ժամանակահատվածում հիմնական ընդդիմադիր թեկնածուն Երևանի կենտրոնում կազմակերպել է մի շարք հանրահավաքներ, որոնք գրավել են հազարավոր կողմնակիցներ...:

2003 թ. մարտի 5-ի երկրորդ փուլից հետո հիմնական ընդդիմադիր թեկնածուի կազմակերպությունը շարունակել է Երևանի կենտրոնում հանրահավաքների անցկացումը մի քանի օր կամ շաբաթ ընդհատումներով` ընդդեմ ընտրական կեղծիքների...:

Ընդդիմադիր հանրահավաքների որպես ապօրինի ներկայացումը

Չնայած... [հիմնական ընդդիմադիր թեկնածուին սատարող] հանրահավաքներն ու երթերը եղել են հիմնականում խաղաղ, իշխանությունը դրանք ներկայացրել է որպես վտանգ հասարակական կարգին և քաղաքական կայունությանը և օգտագործելով այդ որպես ձերբակալությունների պատճառ...:

Ձերբակալությունները

[2003 թ. փետրվարի 21-27-ը]: Ձերբակալությունների առաջին ալիքը

Ձերբակալությունների առաջին ալիքի շրջանակներում [ընդդիմադիր հիմնական թեկնածուի] մարզային և տեղամասային շտաբի ղեկավարները, աշխատակիցները, [վստահված անձինք] և անգամ վարորդները բերման են ենթարկվել իրենց տարածքային ոստիկանության բաժիններ...:

Պետության տարբեր մասերում, մի քանի տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին իրենց տներում այն բանից հետո, երբ նրանց ենթադրաբար ոստիկանությունը առանձնացրել էր այն տասնյակ հազարավոր անձանց թվից, որոնք նախորդ օրը [2003 թ. փետրվարի 21-ին], երեկոյան Երևանում մասնակցել էին «չարտոնված» հանրահավաքին:

Երբ ոստիկանության աշխատակիցները ընդդիմադիր ակտիվիստներին տանում էին իրենց բնակարաններից, մշտական պատրվակը հանդիսանում էր այն հանգամանքը, որ տեղի ոստիկանության բաժնի պետը ցանկանում էր իրենց հետ զրուցել: Որոշ ակտիվիստներ կամավոր գնացել էին ոստիկանների հետ, իսկ որոշները սկզբում մերժել էին գնալ և ի պատասխան ստացել սպառնալիքներ...:

Որոշ դեպքերում, երբ ոստիկանները ակտիվիստներին չեն գտել տանը, նրանք դիմել են բռնի կամ ապօրինի մարտավարության: Եղել են դեպքեր, երբ ոստիկանները ընտանիքի անդամներին պահել են որպես պատանդ, որպեսզի ստիպեն ակտիվիստներին հանձնվել:

[2003 թ. մարտի 1-17-ը]: Պայմանական ազատումներ, շարունակվող ճնշում

Միջազգային ճնշման ազդեցության տակ... 86 անձանցից մոտավորապես 75-ը, որոնք դատապարտված են եղել վարչական կալանքի` ընտրությունների հետ կապված ցույցերի առնչությամբ, ազատ են արձակվել շաբաթ-կիրակի օրերին [մարտի 1-2-ը]:

[2003 թ. մարտի 18-22-ը]: Ձերբակալությունների երկրորդ ալիքը

Այս 5 օրերի ընթացքում հետընտրական հանրահավաքները շարունակվել են, ոստիկանները ձերբակալել են մոտավորապես 90...ակտիվիստներ [որոնք սատարում էին հիմնական ընդդիմադիր թեկնածուին], Երևանում, Աբովյանում, Արտաշատի շրջանում, Թալինում և այլ շրջաններում: Նրանցից շատերը տարվել են անմիջապես իրենց տներից, նրանցից ոմանք` երկրորդ անգամ: Մի քանի տասնյակ անձինք դատապարտվել են վարչական կալանքի:

[2003 թ. ապրիլի 7-9]: Նախագահի երդմնակալության շրջանում

Մի շարք կանայք և տղամարդիկ ձերբակալվել են [2003 թ. ապրիլի 7-ին] Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո և ենթարկվել են վարչական կալանքի կամ տուգանքի...:

Վարչական իրավախախտումների քննության ընթացքում դատավարական խախտումները

Նախնական կալանքը առանց հաղորդակցության

Ընդդիմության ակտիվիստներին ոստիկանության բաժին բերելով, ոստիկանությունը նրանց պահել է առանց հաղորդակցության` զրկելով նրանց պաշտպանից: Այս հանգամանքը մեծ հնարավորություն է տվել ոստիկանությանը ճնշում գործադրել ակտիվիստների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն մեղքը:

Շատ դեպքերում, ոստիկանությունը հրաժարվել է կորած անձանց հարազատներին կամ պաշտպաններին տեղեկացնել, որ այդ անձինք գտնվում են ոստիկանության բաժնում: Փաստաբանը, որը ներգրավված է եղել ավելի քան 30 ակտիվիստների պաշտպանությանը, որոնք ձերբակալվել են առաջին ալիքի ընթացքում հայտնել է, որ իր հիմնական խնդիրը եղել է գտնել այն անձանց, ում նա պետք է պաշտպաներ, իսկ իրավական օգնություն տրամադրելը` հեռավոր երկրորդ տեղում էր: Արմավիրում ձերբակալված ակտիվիստներից մեկի կինը ասաց. «Հինգ օր նրանք չէին տալիս որևէ տեղեկատվություն: Մենք չգիտեինք նա ողջ է, թե` մահացած»:

Երբ փաստաբանները, բարեկամները կամ իրավապաշտպան կազմակերպությունները փորձում էին գտնել ձերբակալված անձանց, ոստիկանությունը չէր համագործակցում: Փաստաբան Տ.Տ-Յ-ն ասաց. «Երբ մենք գնում էինք ոստիկանության բաժին, նրանք ասում էին, որ ձերբակալվածը դատարանում է: Երբ մենք գնում էին դատարան, նրանք ասում էին, որ նա գտնվում է ոստիկանության բաժիններից մեկում: Մինչև շփոթմունքը պարզվում էր, 15 օր վարչական կալանքի դատապարտելու դատարանի որոշումը արդեն հրապարակվում էր»:

Հայաստանում բացակայում է ոստիկանության բաժնում ձերբակալվածներին գրանցելու պարտադիր և թափանցիկ ընթացակարգ: [Տ.Յ-ն] նշում է. «Որտեղ որ գնացել ենք, նրանք ասել են. «Ոչ, նա այստեղ չէ»: Կալանքի տակ լինելու որևէ փաստաթղթի բացակայությունը մեզ համար դժվարացնում է վիճարկել ձերբակալումը: Նրանք հետագայում կարող են պնդել, որ ձերբակալվածը մեր գալու և հարցնելու պահին այնտեղ չի եղել»: Երկու դեպքում Human Rights Watch կազմակերպությունը փաստաթղթերով հիմնավորել էր, որ ոստիկանությունը ձևացրել է, որ ձերբակալվածները ոստիկանության տվյալ բաժնում չեն, երբ նրանք ակնհայտորեն այնտեղ են եղել:

Ձերբակալվածները ոստիկանության կողմից պահվել են այնքան, որքան դա անհրաժեշտ է եղել` առանց դատավարական իրավունքների երաշխիքների չնչին ապահովման...

Քանի որ նրանցից շատերը բերման են ենթարկվել ոստիկանության բաժնի պետի հետ «զրուցելու» պատրվակով, նրանց ձերբակալման իրավական հիմքը հստակ չէր - արդյոք նրանք ձերբակալված էին, և եթե այո, ապա` քրեական, թե` վարչական օրենսգրքով նախատեսված հիմքով: Որոշ ձերբակալված ակտիվիստների առնչությամբ ոստիկանությունը նախապես դժվար կացության մեջ էր չիմանալով ինչ մեղադրանք առաջադրել նրանց: Մյուսների դեպքում ոստիկանությունը մանիպուլյացիայի էր ենթարկում անորոշությունը, սպառնալով առաջադրել և՛ վարչական, և՛ քրեական մեղադրանք: Էջմիածնի ոստիկանության բաժնում ոստիկանները սպառնացել են [մի պաշտպանյալի] ներկայացնել քրեական մեղադրանք, եթե նա հրաժարվի ընդունել, որ դիմադրել և զազրախոսել է ոստիկանին, որը նրան տնից բերման էր ենթարկել: Նա հիշում է. «Ես ստորագրել եմ` հիմք ընդունելով նրանց խոստումը, որ ինձ ենթարկելու են միայն երկու օրվա վարչական կալանքի»:

Մարտի կեսերից սկսած ոստիկանները, բռնության սպառնալիքի տակ, մի շարք ընդդիմադիր ակտիվիստներից ստացել էին կամ գրավոր ինքնախոստովանական ցուցմունքներ կամ պարտավորություններ հետագայում չմասնակցել հանրահավաքներին: [Անձանցից մեկը], որը պահվում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչությունում, նշել է, որ իրեն հարցաքննող երեք քննիչները մատնացույց են արել վարչության բակում գտնվող խցերը, ասելով, որ դրանք լցված են կանանցով, և որ նրանք բոլորը այդ գիշեր մահակներով ծեծի են ենթարկվելու: Այնուհետև, նրանք ինձ ցույց են տվել սև բծեր գորգի վրա, ասելով, որ դա արյուն է: Այս կարգի ճնշումների ներքո նրանք ինձ ստիպեցին գրել, որ մասնակցել եմ հանրահավաքի և խոչընդոտել եմ ճանապարհային երթևեկությանը»: Մի շարք դեպքերում, ոստիկանները կիրառել են բռնություն. [մեկ անձ] հայտարարել է, որ իր գլխին հարվածել են ջրով լի ջրի պլաստիկ շշով, [մեկ այլ անձ] հիշում է, որ իրեն հարվածել են ատրճանակի խզակոթով, այնուհետև հարվածել են ձեռքերով և ոտքերով:

Անօրինական դատական վարույթներ

Ըստ էության բոլոր գործերով ընդդիմադիր ակտիվիստների վերաբերյալ վարչական դատական վարույթները անցկացվել են փակ և մակերեսային: Դատարանները քննել են միայն ոստիկանության կողմից ներկայացված ապացույցները և հնարավորություն չեն տվել անձանց հրավիրել պաշտպանի կամ վկաների:

Որոշ գործոններ վկայում են, որ դատավորները գործել են քաղաքական իշխանությունների ազդեցության ներքո: Բազմաթիվ գործերով դատավորները ընդդիմության ակտիվիստների համար սահմանել են հնարավոր առավելագույն պատիժներ` 15-օրյա կալանք: [Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների] որոշ դատավորներ անկեղծ են եղել ձերբակալվածների հետ իրենց «նույն դատավճիռը հարմար է բոլորին» քաղաքականության վերաբերյալ: Դատավորներից մեկը զանցառուներից մեկին ասել է. «Նրանց, ովքեր մասնակցել են հանրահավաքին, մենք տալիս ենք ամբողջ 15 օր կալանքը»: Երբ [մեկ այլ զանցառու] խնդրել է դատավորին իր նկատմամբ կիրառել ավելի փոքր ժամկետով պատիժ, վերջինս նրան պատասխանել է, որ. «իրեն հրահանգված է մեզ մեկուսացնել ոչ պակաս, քան 15 օրով»: Դատավորների կողմից որոշ զանցառուների հարցաքննությունը եղել է ակնհայտ քաղաքական, օրինակ. «Ինչու ես ընդդիմություն խաղում» կամ «Ինչու ես փնովում կառավարությանը»: Նրանք զգուշացրել են որոշ անձանց այլևս չմասնակցել հանրահավաքներին:

Թվում էր, թե ոստիկանությունը հսկողություն է իրականացնում դատարանների նկատմամբ, երբ նրանք իրականացնում էին վարչական դատավարություն: [2003 թ. փետրվարի 22-28-ը] շաբաթվա ընթացքում, երբ [Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը] դատում էր [հիմնական ընդդիմադիր թեկնածուին] սատարող շուրջ 100 անձանց, «կարմիր բերետավորները`» հատուկ նշանակության ոստիկանական զորքերը, փակել էին շենքը հանրության համար: Դատարանի նախագահը նշել էր, որ զորքերի տեղակայումը ոստիկանության ղեկավարության որոշումն էր, որի վերաբերյալ դատարանի կարծիքը հաշվի չի առնվել...:

Որոշ զանցառուներ պահանջել են պաշտպաններ, սակայն դատարանի պաշտոնյաները կամ ոստիկանները հայտնել են, որ կամ նրանց «անհրաժեշտությունը չկա» կամ վարչական գործերում պաշտպան ունենալ «չի թույլատրվում»: Չնայած նա պայմանագիր ուներ մի զանցառուի հետ, սակայն փաստաբան [Ն. Բ.-ին] արգելել են մտնել Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` իր պաշտպանյալին պաշտպանելու համար:

Հասարակական հսկողության կամ պաշտպանի բացակայության պայմաններում դատավորները գործերի քննության ընթացքում կիրառել են կամայական կամ անփույթ պատճառաբանություններ կամ ընդհանրապես չեն կիրառել:

Գործերի մեծամասնությունում դատական նիստերը տևել են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, և գրավոր որոշումները նախօրոք պատրաստված են եղել: Դատավորը [զանցառուներից մեկի] գործի քննությունը սկսել է բարձրաձայն ընթերցելով հետևյալ նախադասությունը. «չարտոնված երթին մասնակցելու համար` 15 օր կալանք: Երբ [զանցառուն] առարկել է նշելով, որ ինքը երթի չի մասնակցել, ըստ նրա պատմածի. «Դատավորը միայն ասաց. «Դա ապացուցված է» և կանչեց ոստիկաններին ինձ տանելու»:

Այն դեպքում, երբ որոշ դատավորներ ակնարկում էին, որ գոյություն ունեն ապացույցներ, առանց դրանց ներկայացնելն անհրաժեշտ համարելու, մյուսները կառուցում էին հիպոթեզներ, ինչպես օրինակ. «Դուք մասնակցել եք չարտոնված հանրահավաքի, և Դուք կատարել եք խուլիգանություն` Մաշտոցի պողոտայում: Դուք բղավել եք կամ ինչ-որ բան եք կոտրել, այդպես չէ՞»: Այլ նիստերի ընթացքում դատավորները չեն բարձրաձայնել որևէ փաստարկ: Երևանի Շենգավիթ համայնքից երկու [ընդդիմադիր] կուսակցության ակտիվիստներ դատապարտվել են երեքական օր կալանքի, առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում, [մեկ այլ զանցառուի] դեպքում, դատավորը ընդհատեց նրա առարկությունները այն կապակցությամբ, որ իրեն 15 օր կալանքի դատապարտելու համար բացակայում է նշված տեղեկատվությունը կամ հիմքերը, ասելով. «Ասա շնորհակալություն, որ քրեական մեղադրանք չենք առաջադրել»:

Կողմնակի վերահսկողության բացակայությունը ևս դատարանին հնարավորություն է տվել մի քանի գործերով գնալ ակնհայտ կոպիտ կամայականությունների: [2003 թ. փետրվարի 22-ին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը] հրապարակել է վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ մի քանի որոշումներ` առանց զանցառուների մասնակցությամբ նիստ անցկացնելու: Ականատեսների վկայությամբ` առնվազն մեկ ոստիկանական միկրոավտոբուս, որում եղել մի քանի ձերբակալված ակտիվիստներ, մոտեցել է դատարանին, որտեղ հայտնվել է դատարանի աշխատակիցը և համաձայն վկայության` ուղեկցող ոստիկաններին է հանձնել դատարանի պատրաստի որոշումները: Այնուհետև միկրոավտոբուսը հեռացել է և զանցառուները անգամ դատարան չեն մտել...»:

 

ՕՐԵՆՔԸ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կողմերի պնդումները

 

(ա) Կառավարություն

 

33. Կառավարությունը պնդում էր, որ Դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները 2003 թ. ապրիլի 7-ի որոշման առնչությամբ, ինչպես դա պահանջվում է Կոնվենցիայի 35.1 հոդվածով: ՎԻՎՕ-ի 286 հոդվածի համաձայն, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նման բացառություն նախատեսված է ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով` ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով նախատեսված զանցանքների վերաբերյալ: Այս հոդվածը նախատեսում է դատարանի որոշման վերացման երկու ընթացակարգ` կամ դատախազի կողմից բողոք բերելու միջնորդությամբ, կամ` բողոքարկելով անմիջապես վերադաս դատարանի նախագահին: Այսինքն, եթե կողմը միջնորդել է դատախազին, սակայն վերջինս հրաժարվել է բողոքարկել, կողմը կարող է բողոքարկել անմիջապես վերադաս դատարանի նախագահին: Ավելին, կողմը իրավասու է բողոքարկել անմիջապես վերադաս դատարանի նախագահին, առանց նախապես դատախազին դիմելու: Դիմումատուն տեղեկացված էր նման իրավունքի մասին, քանի որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշման մեջ նշված էր. «որոշումը ենթակա է բողոքարկման Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին»: Այնուամենայնիվ, նա, գոյություն ունեցող հնարավորություններից օգտվել է միայն առաջինից և չի դիմել Դատարանի Նախագահին:

 

(բ) Դիմումատուն

 

34. Դիմումատուն չի ընդունել կառավարության առարկությունները: Առաջին, նա պնդում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածից հստակ չէ, թե որ «վերադաս» դատարանի նախագահին, համաձայն Կառավարության, նա պետք է դիմեր, քանի որ դատարանների դասակարգումը «վերադասի» և «ստորադասի» Խորհրդային ժամանակների դատական համակարգի տարր է, որը Հայաստանում այլևս գոյություն չունի: Անգամ, եթե ենթադրենք, որ «վերադաս» դատարանը ենթադրվում է Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, ապա, ոչ 294-րդ հոդվածը, ոչ էլ` ՎԻՎՕ-ի որևէ այլ հոդված չի սահմանում դատապարտված անձի իրավունք բողոքարկելու վարչական կալանք սահմանելու վերաբերյալ դատարանի որոշումը: 294-րդ հոդվածի ձևակերպումից կարելի է նաև հետևություն անել, որ վերադաս դատարանի նախագահը կարող է վերանայել նման որոշումը նաև իր հայեցողությամբ, ընթացակարգ, որը խորթ չէր Խորհրդային դատական համակարգին: Եթե այս հոդվածը սահմաներ բողոքարկելու, այլ ոչ թե` վերանայելու իրավունք, ապա այդ բողոքը քննարկման առարկա կհանդիսանար երեք դատավորից կազմված պալատի, այլ ոչ թե` դատարանի նախագահի կողմից, ինչպես որպես ընդհանուր կանոն սահմանված է Հայաստանի իրավական համակարգում, թե՛ քաղաքացիական, և թե՛ քրեական դատավարություններում:

35. Երկրորդ` Դիմումատուն վիճարկում է, որ 294-րդ հոդվածը սահմանում է դատարանի վերջնական որոշման բողոքարկման երկու ընթացակարգ, այն է` կամ դատախազի բողոքի հիման վրա դատավորի կողմից, կամ անկախ նման բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմից: Սրանք դատական պաշտպանության երկու հավասարազոր եղանակներ են և անձը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի ընտրելու դրանցից մեկը և պարտավոր չէ դիմելու երկու միջոցներին միաժամանակ, կամ հաջորդաբար: Բոլոր դեպքերում, նա պարտավոր չէր սպառել պաշտպանության այն միջոցները, որոնք, համաձայն միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին, արդյունավետ և համաչափ չէին: 294-րդ հոդվածի շրջանակներում դատարանի նախագահին ուղղված բողոքը չէր կարող դիտվել արդյունավետ միջոց, քանի որ նախագահական ընտրություններին հաջորդող հանրահավաքներին և բողոքի ակցիաներին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձանց նման բազմաթիվ բողոքները եղել են ոչ արդյունավետ:

36. Դիմումատուն ներկայացրել է այլ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի նմանատիպ որոշումներ, թվագրված 2002 թ. մարտ-ապրիլ ամիսներով, որոնք սահմանում են, որ դրանք վերջնական են և ենթակա են բողոքարկման դատախազի կողմից:

 

2. Դատարանի գնահատականը

 

37. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35.1 հոդվածով սահմանված ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է անձանց, ովքեր ցանկանում են գործ հարուցել ընդդեմ պետության որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգի կողմից ընձեռված իրավական պաշտպանության հնարավորություններից, դրանով իսկ զերծ պահելով պետությանը միջազգային ատյանի առջև պատասխան տալու այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգում: Այս կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է դիմի բոլոր պաշտպանության միջոցներին, որոնք առկա են և բավարար վերականգնելու իրավունքի խախտումները (Տես` Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24760/94, պարբ 85, ՄԻԵԴ 1999-VIII):

38. Ավելին, Կոնվենցիայի 35 հոդվածի համաձայն, առկա և բավարար միջոցների գոյությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, որի բացակայությունը կհանգեցնի արդյունավետության և մատչելիության բացակայությանը (Տես` օրինակ Դե Յոնգ, Բալյեթ և Վան դեն Բրինքն ընդդեմ Նիդերլանդների, 1984 թ. մայիսի 22-ի վճիռը, Շարք Ա, թիվ 77, էջ 19, պարբ. 39, և Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թ. փետրվարի 20-ի վճիռը, Շարք Ա, թիվ 198, էջ 11-12, պարբ. 27): Կառավարության պարտավորությունն է ներպետական պաշտպանության միջոցների չսպառումը վիճարկելիս ապացուցել, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, գործնականում և տեսականորեն մատչելի է եղել տվյալ ժամանակահատվածում, այսինքն` եղել է այնպիսի միջոց, որը ի զորու է եղել ապահովելու իրավական պաշտպանության դիմումատուի բողոքների կապակցությամբ և առաջարկել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն (Տես` Աքդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996 թ. սեպտեմբերի 16-ի վճիռը, Վճիռների և որոշումների տեղեկագիր, 1996-IV, էջ 1211, պարբ. 68):

39. Դատարանը այնուհետև հիշեցնում է, որ համաձայն իր հաստատված նախադեպի` գործի վերաբացման դիմումը կամ նմանատիպ ոչ սովորական միջոցները, որպես կանոն չեն կարող հաշվի առնվել Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասի կիրառելիության իմաստով (Տես` օրինակ Ռ.-ն ընդդեմ Դանիայի, թիվ 10326/83, Հանձնաժողովի որոշում 1983 թ. սեպտեմբերի 6, Որոշումներ և Զեկույցներ (ԴՌ) 35, էջ 218, Պրայստավսկան ընդդեմ ՈՒկրաինայի (որոշում) թիվ 21287/02, 17 դեկտեմբեր 2002, և Դենիսովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 33408/03, 6 մայիսի 2004): Ավելին, իրավական պաշտպանության այն միջոցները, որոնց օգտագործումը կախված է հանրային ծառայողների հայեցողությունից, Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասի իմաստով չեն կարող դիտվել, որպես արդյունավետ միջոցներ (Տես` Թումիլովիչն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 47033/99, 2 հունիս 1999, Գուրեպկան ընդդեմ ՈՒկրաինայի, թիվ 61406/000, պարբ. 60, 6 սեպտեմբերի 2005): Նման միջոցներ չեն կարող նաև համարվել նրանք, որոնք չունեն հստակ ժամկետային սահմանափակումներ և դրանով ստեղծում են անորոշություն և ապարդյուն են դարձնում Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասով սահմանված վեցամսյա ժամկետի կանոնը, որը սերտորեն փոխկապակցված է ներպետական պաշտպանության միջոցները սպառելու պահանջի հետ (Տե՛ս Բերձենիշվիլին ընդդեմ Ռուսաստանի (որոշում) թիվ 31697/03, 29 հունվարի 2004, Դենիսով` մեջբերված վերևում):

40. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, Դատարանը նշում է, որ ՎԻՎՕ-ի 286-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ դատարանի որոշումը «վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»: Այնուհետև, ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը սահմանում է, որ «այն կարող է փոփոխվել կամ բեկանվել անմիջապես դատավորի կողմից` դատախազի բողոքի հիման վրա կամ, անկախ նման բողոքի առկայությունից, վերադաս դատարանի նախագահի կողմից»: Դատարանը, առաջին հերթին գտնում է, որ նման բողոք բերելու միջնորդությամբ դատախազին դիմելը չի հանդիսանում Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ միջոց, քանի որ այն ուղղակի վերապահված չէ անձին և պայմանավորված է դատախազի կամարտահայտությամբ.

41. Ինչ վերաբերում է վերադաս դատարանի նախագահի կողմից որոշումը վերանայելուն, ապա կողմերը համաձայնության չեկան այն հարցում, թե արդյոք դա իրականացվում է շահագրգիռ անձի բողոքի հիման վրա, թե` նախագահի հայեցողությամբ: Դատարանը նախապես նշում է, որ ՎԻՎՕ-ի լրացուցիչ մանրամասներ չի պարունակում այս ընթացակարգի վերաբերյալ: ՎԻՎՕ-ի 286-րդ հոդվածը իրականում իսկապես նախատեսում է բացառություններ: Այնուամենայնիվ, հակառակ Կառավարության պնդումներին, ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ 294-րդ հոդվածը կարող է դիտվել որպես նման բացառություն: Իսկապես, «կարող է փոփոխվել կամ բեկանվել նախագահի կողմից» արտահայտությունը, որ օգտագործված է այս հոդվածում, որը նման չէ Հայաստանի և՛ քրեական, և՛ քաղաքացիական դատավարության համատեքստում օգտագործվող «բողոք կարող է ներկայացվել» արտահայտությանը, հիմք է տալիս եզրակացնելու, որ այս հոդվածը ավելի շուտ տալիս է վերանայելու լիազորություն, քան բողոքարկելու իրավունք: Դատարանը այնուհետև նշում է, որ ակնհայտ է, որ այս հոդվածը գործնականում ևս ունի անհամապատասխան կիրառություն, քանի որ չնայած 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը սահմանում է, որ «այն ենթակա է վերանայման Նախագահի կողմից», դիմումատուի կողմից ներկայացված նմանատիպ որոշումների բազմաթիվ օրինակներում սահմանված է. «դրանք վերջնական են և բողոքարկման ենթակա չեն» կամ «կարող են բողոքարկվել դատախազի կողմից»: Կառավարությունն իր հերթին չի կարողացել ներկայացնել 294-րդ հոդվածի իր մեկնաբանությունը հիմնավորող օրինակներ: Նման պայմաններում, դատարանը Կառավարության մեկնաբանությունները չի համարում համոզիչ և գտնում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը սահմանում է վերանայման լիազորություն և ոչ թե` կողմի բողոքարկելու իրավունք: Անգամ, եթե ենթադրենք, որ, ինչպես դատախազին միջնորդություն ներկայացնելու դեպքում, անձը կարող է ունենալ իր որոշման վերանայման ապահովման հնարավորություն, ապա ոչինչ չի երաշխավորում, որ նախագահը պարտավորված է ընթացք տալու կողմի բողոքին: Ավելին` ոչ ՎԻՎՕ-ը, ոչ էլ` 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը չեն սահմանում վերանայման որևէ ժամկետային սահմանափակում:

42. Վերոգրյալի հիման վրա, Դատարանը եզրակացնում է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածը ավելի շուտ հանդիսանում է իրավական պաշտպանության ոչ սովորական միջոց, քան սովորական բողոքարկման ընթացակարգ և չի կարող հաշվի առնվել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Հետևաբար` Կառավարության նախնական առարկությունները պետք է մերժվեն:

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
15.11.2007
N 26986/03
Վճիռ