Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

նկատի ունենալով իրենց երկրների միջև սերտ կապերը և ցանկանալով ամրապնդել իրենց համագործակցությունը իրավական հարաբերությունների ոլորտում արդյունավետ համագործակցություն հաստատելու միջոցով,

 

համաձայնվեցին հետևյալի մասին.

 

Գլուխ I
Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Սահմանումներ

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում.

ա) «քաղաքացիական գործեր» տերմինը նշանակում է` քաղաքացիական իրավունքին առնչվող բոլոր գործերը, ներառյալ առևտրային և ընտանեկան իրավունքին առնչվող, ինչպես նաև անձի կարգավիճակին վերաբերող գործերը, յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան,

բ) «դատական մարմին» կամ «դատարան» տերմինը նշանակում է` ցանկացած մարմին, որն իրավասու է քննել և վճիռ կայացնել քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով` յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

Իրավական պաշտպանվածությունը

 

1. Յուրաքանչյուր կողմի քաղաքացիները մյուս կողմի տարածքում իրավական գործերով օգտվում են այն նույն հնարավորություններից, որոնցից օգտվում են այդ կողմի քաղաքացիները: Այսպիսով, նրանք կարող են ազատորեն դիմել մյուս կողմի դատարաններին և այլ դատական մարմիններին և հանդես գալ նրանցում նույն ժամկետներում և պայմաններով այնպես, ինչպես այդ կողմի քաղաքացիները:

2. Սույն Համաձայնագրի դրույթները կիրառելի են նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ստեղծվել են այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում է նրանց տեղակայման վայրը:

 

ՀՈԴՎԱԾ 3

Երաշխիքի վճարումից ազատելը

 

Մյուս կողմի դատական մարմիններին ներկայանալիս ոչ մի երաշխիք կամ որևէ ձևով ավանդի վճարում չի կարող պարտադրվել կողմերից որևէ մեկի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանք այդ կողմի քաղաքացիներ չեն, չեն գտնվում այդ կողմի տարածքում կամ այդ տարածքում չունեն մշտական բնակության վայր:

 

ՀՈԴՎԱԾ 4

Հաղորդակցման կարգը

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար և եթե այլ բան նախատեսված չէ, երկու կողմերի դատական մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով: Դրանք են` Հայաստանի Հանրապետության համար` արդարադատության նախարարությունը` քաղաքացիական և ընտանեկան գործերով, արդարադատության նախարարը` դատապարտված անձանց հանձնման վերաբերյալ գործերով և գլխավոր դատախազը` քրեական գործերով, Հունաստանի Հանրապետության համար` արդարադատության նախարարությունը` քաղաքացիական և քրեական գործերով: Չի բացառվում նաև հաղորդակցումը դիվանագիտական ուղիներով:

Սույն Համաձայնագրի շրջանակներում կողմերի դատական մարմինները միմյանց հետ կարող են հաղորդակցվել անմիջականորեն` միաժամանակ ծանուցելով կենտրոնական մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 5

Հաղորդակցման լեզուն

 

Իրավական օգնության մասին դիմումները, ինչպես նաև դրանց վերաբերող փաստաթղթերը կկազմվեն հարցում անող կողմի լեզվով և կուղեկցվեն հարցվող կողմի լեզվով վավերացված թարգմանությամբ կամ անգլերեն:

Թարգմանության հետ կապված որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

ՀՈԴՎԱԾ 6

Տեղեկության փոխանակում

 

Խնդրանքի դեպքում կողմերը կտրամադրեն սույն Համաձայնագրի կիրառման, ինչպես նաև իրենց երկրներում գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկություն:

 

Գլուխ II
Իրավական օգնության պարտավորությունը

 

ՀՈԴՎԱԾ 7

Իրավական օգնության շրջանակները

 

Իրավական օգնությունն ապահովվում է հատուկ իրավական գործողությունների կատարման, մասնավորապես` փաստաթղթերի ուղարկման, ապացույցների որոնման, առգրավման և տրամադրման, փորձաքննության, մեղադրյալների, դատավարության կողմերի, վկաների և փորձագետների հարցաքննության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

Փաստաթղթերի ուղարկումը

 

Կողմերը դիվանագիտական ուղիներով կարող են անմիջականորեն իրենց քաղաքացիներին /այդ անձանց համաձայնության դեպքում/ ուղարկել որևէ դատական կամ ոչ դատական ակտ:

 

ՀՈԴՎԱԾ 9

Դիմումի բովանդակությունը

 

Իրավական օգնության մասին դիմումը պետք է պարունակի հետևյալը.

ա) հարցվող և հարցում անող մարմինների անվանումները,

բ) դիմումի առարկան և պատճառները,

գ) հնարավորության սահմաններում` համապատասխան անձի տան հասցեն, ինքնությունը, քաղաքացիությունը, մասնագիտությունը, մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց դեպքում` նրանց անվանումը և գտնվելու վայրը,

դ) վերոհիշյալ կետում նշված անձի ներկայացուցչի անունը և ազգանունը, հասցեն /եթե հայտնի է/,

ե) դիմումի առարկայի հետ կապված պահանջվող տարրերը, ապացույցների տրամադրումը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև վկաներին կամ փորձագետներին առաջադրվելիք հարցերը,

զ) քրեական գործերին առնչվող իրավական օգնության մասին դիմումների կապակցությամբ վերոշարադրյալից բացի` համապատասխան անձի նկատմամբ հարուցված մեղադրանքը, ինչպես նաև գործով փաստերի հակիրճ և հստակ նկարագրությունը:

Իրավական օգնության մասին դիմումը պետք է ստորագրված և կնքված լինի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10

Փաստաթղթերի ուղարկումը և գործածումը

 

1. Հարցում անող դատական մարմինը փաստաթղթերը կուղարկի իր երկրում գործող օրենսդրությանը համապատասխան` պայմանով, որ դրանք ուղեկցվեն վավերացված թարգմանությամբ` սույն Համաձայնագրի 5 հոդվածին համաձայն:

2. Եթե որպես վկա կանչված անձի կամ փաստաթղթի միջոցով ծանուցված անձի հասցեն թերի է կամ սխալ է նշված, ապա հարցում անող մարմինը հնարավորության դեպքում պետք է ճշտի այդ հասցեն:

3. Եթե հարցվող մարմինը իրավասու չէ դիմումը կատարել, ապա նա այդ դիմումը պետք է փոխանցի իրավասու մարմնին և դրա մասին տեղեկացնի հարցում անող մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 11

Դիմումի կատարումը

 

1. Իրավական օգնության մասին դիմումների կատարման նպատակով հարցվող մարմինը կկիրառի համապատասխան այն օրենսդրությունը, որը գործում է իր երկրի տարածքում: Սակայն հարցում անող պետության խնդրանքով կարող է կիրառել այդ պետությունում գործող համապատասխան դրույթները` պայմանով, որ դրանք պարունակվեն դիմումի մեջ և չհակասեն հարցվող պետության օրենսդրությանը:

2. Հարցում անող մարմնի կողմից ներկայացված խնդրանքով հարցվող մարմինը անհրաժեշտ ժամկետում պետք է տեղեկացնի օգնության մասին դիմումի կատարման տեղի և ժամանակի մասին, եթե չկա ուշացման պատճառով ապացույցը կորցնելու մեծ վտանգ:

3. ՈՒղարկված փաստաթղթերի ստացումը պետք է ձևակերպվի հարցվող պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Եթե դիմումը չի բավարարվել, ապա հարցվող մարմինը դրա պատճառների մասին պետք է ծանուցի հարցում անող պետությանը և կարող է խնդրել, որ պատշաճ ձևով ուղարկվեն լրացուցիչ նյութեր:

 

ՀՈԴՎԱԾ 12

Ծախսերը

 

1. Իրավական օգնության մասին դիմումների կատարման համար անհրաժեշտ ծախսերը կողմերի կողմից չպետք է վճարվեն, բացառությամբ փորձագետների վարձատրությունների, փորձաքննության կատարման համար անհրաժեշտ որևէ այլ ծախսի կամ բանտարկյալների փոխադրման ծախսերի:

2. Ծախսերի գումարի և բնույթի մասին պետք է հայտնվի հարցում անող մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 13

Իրավական օգնությունը մերժելը

 

1. Իրավական օգնություն չի կարող ցուցաբերվել, եթե.

ա) հարցվող կողմը գտնում է, որ դիմումի կատարումը կարող է վտանգել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ պետության այլ էական շահերին,

բ) դիմումը, որն առնչվում է քրեական գործերին, վերաբերում է.

1) զինվորական հանցագործություններին,

2) հանցագործություններին, որոնք հարցվող պետությունը դիտում է որպես քաղաքական հանցագործություններ, կամ հանցագործություններին, որոնք առնչվում են քաղաքական հանցագործություններին:

2. Եթե քրեական գործերով հայցվող իրավական օգնությունը վերաբերում է հետախուզման կամ առգրավման նպատակներով իրավական օգնության մասին դիմումների կատարմանը, իրավական օգնության մասին դիմումներում նշված հանցագործությունը պետք է պատժելի լինի երկու կողմերի օրենսդրությամբ:

 

Գլուխ III
Անվճար իրավական օգնությունը, հարկերից ազատումը և դրանց նվազեցումը

 

ՀՈԴՎԱԾ 14

Վճարման պարտականություններից ազատելը

 

Պայմանավորվող կողմերի քաղաքացիները պետք է ազատվեն դատական որևէ վճարից, այլ գանձումներից կամ ծախսերից: Նրանք իրավական օգնություն պետք է ստանան այն նույն ժամկետներում, պայմաններով և չափով, ինչ որ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 15

Արտոնություններին վերաբերող փաստաթղթերը

 

1. Արտոնությունները կտրվեն դրանք ստացող անձի անձնական, ընտանեկան և գույքային կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերը պետք է տրվեն այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում գտնվում կամ մշտապես բնակվում է վերոհիշյալ անձը:

2. Եթե դիմողը չի գտնվում Պայմանավորվող կողմի տարածքում կամ այնտեղ չունի մշտական բնակության վայր, ապա բավական է ներկայացնել այն Պայմանավորվող կողմի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված փաստաթուղթը, որի քաղաքացին է նա համարվում:

3. Այն դատական մարմինը, որից իրավական օգնություն է հայցվում, ազգային օրենսդրությանը համապատասխան կարող է որոշում կայացնել և լրացուցիչ տեղեկություն խնդրել այն մյուս Պայմանավորվող կողմից, որի քաղաքացին է համապատասխան անձը:

 

Գլուխ IV
Վկաների և փորձագետների պաշտպանվածությունն ու ծախսերը

 

ՀՈԴՎԱԾ 16

Անձեռնմխելիությունը և ծախսերը

 

1. Եթե դատարան ներկայանալու վերաբերյալ պահանջի համաձայն ցանկացած քաղաքացի ներկայանում է հարցում անող կողմի դատական մարմիններին որպես վկա կամ փորձագետ, տուժող կամ հայցվոր, ապա նա այդ կողմի տարածքում չի կարող հետապնդվել, ձերբակալվել կամ կալանավորվել, այդ անձի ազատությունը չի կարող սահմանափակվել այն հանցագործության կապակցությամբ, որը հանդիսանում է այն դատավարության օբյեկտը, որի համար անձը կանչվել է դատարան: Այդ անձը չի կարող հետապնդվել, ձերբակալվել, կալանվել, նրա ազատությունը չի կարող սահմանափակվել նաև մինչև հարցվող կողմի տարածքից մեկնելը կատարված որևէ այլ հանցագործության համար, այդ դատավարության ընթացքում նրա տված ցուցմունքների համար:

2. Վերոհիշյալ անձինք այլևս չեն համարվում անձեռնմխելի, եթե, ունենալով հնարավորություն հեռանալ հարցում անող կողմի տարածքից քսան օրվա ընթացքում /սկսած այն օրվանից, երբ դատական մարմինները նրանց տեղեկացրել են, որ իրենց ներկայությունը այլևս անհրաժեշտ չէ/, այնուամենայնիվ մնում են այդ տարածքում կամ այնտեղից հեռանալուց հետո վերադառնում են այնտեղ: Նշված ժամանակահատվածի հաշվարկումը իր մեջ չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում վերոհիշյալ անձինք հարցում անող կողմի տարածքից հեռանալու հնարավորություն չեն ունեցել իրենցից անկախ պատճառներով:

3. Վերոհիշյալ անձանց ճանապարհածախսը և տեղավորման հետ կապված ծախսերը կրում է հարցում անող կողմը: Այդ ծախսերը կարող են իրավասու մարմինների խնդրանքով վճարվել նախօրոք: Բացակայության օրերի համար աշխատավարձերի վճարումը կատարում է հարցվող կողմը:

 

Գլուխ V
Դատական որոշումների և միջնորդ դատարանների որոշումների ճանաչումն ու կատարումը

 

ՀՈԴՎԱԾ 17

Դատական որոշումները և միջնորդ դատարանների որոշումները ճանաչելու և

կատարելու պարտավորությունը

 

Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է իր տարածքում ճանաչել և կատարել հետևյալ որոշումները, որոնք ընդունվել են մյուս կողմի տարածքում և հայտարարվել են կատարման ենթակա այդ կողմի օրենսդրությանը համապատասխան.

ա) քաղաքացիական գործերով դատական որոշումները,

բ) քրեական գործերով որոշումները` վնասի հատուցման պահանջից բխող մասով,

գ) դատական կարգավորման ենթակա քաղաքացիական գործերով կողմերի համաձայնությունը` հաստատված դատարանի կողմից,

դ) միջնորդ դատարանի որոշումները:

 

ՀՈԴՎԱԾ 18

Ժամկետներ և պայմաններ

 

1. Նախորդ հոդվածում նշված դատական որոշումները այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ դրանք պետք է ճանաչվեն և կատարվեն, ճանաչվելու և կատարվելու են հետևյալ պայմաններով.

ա) եթե այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դատական որոշումը պետք է ճանաչվի կամ կատարվի, մյուս Կողմի դատական մարմինը գործը վարելու բացառիկ իրավասություն ունի,

բ) եթե դատական որոշման ճանաչումը կամ կատարումը չի խախտի այն կողմի օրենսդրության հիմնարար սկզբունքները և հասարակական կարգը, որի տարածքում այն պետք է ճանաչվի կամ կատարվի,

գ) եթե կայացված որոշման արդյունքով /res judicata/ բացակայում է դատավարության միևնույն կողմերի միջև, միևնույն գործի վերաբերյալ այն կողմի դատական մարմնի նախկինում ընդունած որոշումը, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի կամ կատարվի,

դ) եթե գործը չշահած կողմը չի ներկայացել իրավասու դատական մարմիններին` չնայած այն հանգամանքին, որ պատշաճ կերպով ծանուցվել է դատարան ներկայանալու համար` այն կողմի ընդունված ընթացակարգին համապատասխան, որի տարածքում որոշում է ընդունվել հօգուտ դատավարությանը ներկա կողմի:

2. Քաղաքացիական գործերով դատական որոշումները և միջնորդ դատարանների որոշումները պետք է ճանաչվեն և կատարվեն այն կողմի տարածքում, որտեղ իրականացվում է ճանաչումը կամ կատարումը` պայմանով, որ դրանք չհակասեն այդ կողմի բարքերին /bonos mores/ կամ հասարակական կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 19

Ընթացակարգ

 

1. Որոշման ճանաչման կամ կատարման մասին խնդրանքը պետք է ներկայացվի այն Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնին, որի տարածքում իրականացվելու է դրա ճանաչումը կամ կատարումը այն Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնի կողմից, որի դատարանը ընդունել է այդ որոշումը: Որոշման ճանաչման կամ կատարման խնդրանքը կարող է շահագրգիռ կողմից անմիջականորեն ներկայացվել այն կողմի իրավասու դատական մարմնին, որի տարածքում իրականացվելու է ճանաչումը կամ կատարումը:

2. Խնդրանքը պետք է ուղեկցվի.

ա) դատավճռի կամ դատական որոշման վավերացված պատճենով, ինչպես նաև այնպիսի փաստաթղթով, որով հավաստվի այդ որոշման ամբողջովին կամ մասամբ կատարման ենթակա լինելը, եթե այդ տեղեկությունը չի պարունակվում բուն որոշման մեջ,

բ) այն հանգամանքը հավաստող փաստաթղթով, որ գործը չշահած և դատարան չներկայացած կողմը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ընդունվել է որոշումը,

գ) վերոհիշյալ ենթակետերում նշված փաստաթղթերի թարգմանությամբ, ինչպես նաև խնդրանքի թարգմանությամբ, եթե այդ խնդրանքը կազմված չի եղել այն կողմի լեզվով, որի տարածքում որոշումը ճանաչվելու կամ կատարվելու է:

3. Պաշտոնական պատճենը տրվում է այն կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում կատարվելու է որոշումը` այդ կողմի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 20

Վերանայման կարգը

 

Դատական մարմինը, որը ստանում է որոշման ճանաչման կամ կատարման խնդրանքը, միայն կստուգի սույն Համաձայնագրի 18 հոդվածում նախատեսված պայմանների առկայությունը: Եթե այդ պայմանները պահպանված են, ապա այդ մարմինը կընդունի համապատասխան որոշում:

 

ՀՈԴՎԱԾ 21

Կիրառվող օրենսդրությունը

 

Այն կողմի մարմինները, որի տարածքում պետք է կատարվի որոշումը, կկատարեն այն այդ կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 22

Անձի կարգավիճակը

 

1. Կատարման ենթակա դատական որոշումները, որոնք ընդունել է կողմը իր քաղաքացիների անձնական կարգավիճակի վերաբերյալ, մյուս կողմի տարածքում ճանաչվում և կիրառվում են առանց որևէ ճանաչման ընթացակարգի:

2. Տարաձայնության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագրի 17-21 հոդվածներում սահմանված ճանաչման ընթացակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 23

Փողի կամ իրեղեն ապացույցների փոխանցումը

 

Դատավճիռների, միջնորդ դատարանի և դատական որոշումների կատարմանը վերաբերող դրույթների կիրառումը իրականացվում է առանց խախտելու այդ դատավճիռների, միջնորդ դատարանի և դատական որոշումների կատարումից հետո ձեռք բերված փողի և իրեղեն ապացույցների փոխանցմանը վերաբերող կողմերի օրենսդրությունը:

 

Գլուխ VI
Հանձնում

 

ՀՈԴՎԱԾ 24

Հանձնման պայմանները

 

1. Յուրաքանչյուր կողմ համաձայնվում է, սույն Համաձայնագրի դրույթներին և իր ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան, իրականացնել ցանկացած անձի հանձնումը, որը գտնվում է կողմերից մեկի տարածքում, և որի դեմ քրեական մեղադրանք է հարուցված, կամ որի նկատմամբ իրականացվելու է դատավճիռը:

2. Հարուցված քրեական մեղադրանքի դեպքում հանձնումը պետք է իրականացվի միայն այն հանցագործության դեպքում, որը երկու կողմերի օրենսդրությամբ էլ պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց ավելի ժամկետով: Եթե հարցում անող կողմի դատարանները կայացնում են վճիռ բանտարկելու, այլ կերպով ազատազրկելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու մասին, ապա հանձնումը իրականացվում է միայն այն դեպքում, եթե նման վճռի տևողությունը առնվազն վեց ամիս է:

3. Եթե հանձնման խնդրանքը կապված է մի շարք հանցագործությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը երկու կողմերի օրենսդրությամբ էլ պատժելի է, բայց որոնցից մի քանիսի նկատմամբ չի տարածվում վճռի տևողության վերաբերյալ պահանջը, ապա հարցվող կողմը կարող է հանձնում իրականացնել նաև այդ հանցագործությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 25

Հանձնման մերժումը

 

1. Հանձնում չի կատարվի, եթե.

ա) այն անձինք, որոնց հանձնումը խնդրում են, հանցագործությունը կատարելու պահին հարցվող կողմի քաղաքացիներ են: Այդ դեպքում այդ կողմը, հարցում անող կողմի խնդրանքով և իր իրավասության սահմաններում, գործը կուղարկի իր իրավասու մարմիններին` այն վարելու համար: Այդ նպատակով հանցագործության վերաբերյալ ամբողջ նյութը, փաստաթղթերը և իրեղեն ապացույցները պետք է ուղարկվեն հարցվող կողմին,

բ) անձինք հարցվող կողմի տարածքում ապաստանի իրավունք են ձեռք բերել,

գ) այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հարցվող կողմը դիտում է որպես քաղաքական հանցագործություն կամ որպես քաղաքական հանցագործության հետ կապված,

դ) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հանցագործություն է համարվում զինվորական օրենքներով, բայց ոչ ընդհանուր քրեական օրենսդրությամբ,

ե) այն անձի նկատմամբ, որի համար հանձնում են խնդրում, հարցվող կողմի տարածքում վերջնականապես արդարացվել կամ մեղավոր է ճանաչվել նույն կամ որևէ այլ հանցագործության համար, որը համարժեք է այն հանցագործությանը, որի համար հանձնում են խնդրում,

զ) հանցագործության պատժելիությունը վերացել է, կամ դատավճռի վաղեմության ժամկետը լրացել է` յուրաքանչյուր կողմի օրենսդրությանը համապատասխան,

է) դատավճիռը այն անձի նկատմամբ, որի հանձնումը խնդրում են, ենթակա չէ կատարման համաներում շնորհելու պատճառով,

ը) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, կատարվել է հարցում անող կողմի տարածքից դուրս, և հարցվող կողմի օրենսդրությունը թույլ չի տալիս դատական կարգով հետապնդել այդպիսի հանցագործության համար, որը օտարերկրյա քաղաքացու կողմից կատարվել է իր տարածքից դուրս,

թ) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, ամբողջովին կամ մասամբ կատարվել է հարցվող կողմի տարածքում,

ժ) հարցվող կողմը դատական կարգով հետապնդում է նույն անձին այն նույն հանցագործության համար, որի համար հանձնում են խնդրում, կամ հարցվող կողմի իրավասու մարմինները որոշել են դատական կարգով չհետապնդել կամ հետապնդումը դադարեցնել, եթե դա հարուցվել է նմանատիպ հանցագործությունների կապակցությամբ,

ժա) երկու կողմերի օրենսդրության համաձայն` այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, համարվում է հանցագործություն, որի համար դատական հետապնդումը կարող է հարուցվել միայն մեղադրական ակտով, սակայն հարցում անող կողմի իրավասու մարմինների կողմից այդպիսի մեղադրական ակտ չի կազմվել,

ժբ) այն անձը, որի համար հանձնում են խնդրում, դատական կարգով հետապնդվել է երրորդ կողմի կողմից` այն նույն հանցագործության կամ հանցագործությունների համար, ինչ որ հարցվող կողմի կողմից, և

1) արդարացվել է,

2) դատավճռի կատարումը դադարեցվել է, կամ

3) անձի նկատմամբ կայացված դատավճիռը ամբողջությամբ կատարվել է, կամ նրան շնորհվել է համաներում կամ ներում` կապված ամբողջովին կամ մասամբ չկատարված վճռի հետ:

2. Եթե հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հարցում անող կողմի կողմից պատժվում է մահապատժով, որը նախատեսված չէ հարցվող կողմի օրենսդրությամբ, ապա հանձնումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հարցում անող կողմը տրամադրի հարցվող կողմի կողմից բավարար համարվող երաշխիքներ այն մասին, որ մահապատիժը ի կատար չի ածվի:

 

ՀՈԴՎԱԾ 26

Հանձնման հետաձգումը

 

1. Հանձնումը կարող է հետաձգվել, եթե հանձնման ենթակա անձը դատական կարգով հետապնդման է ենթարկվել, կամ հարցվող կողմի դատական մարմնի կողմից կայացված վճռի կատարումը չի ավարտվել:

Հետաձգման դեպքում հանձնում չի կարող կատարվել մինչև դատավարության ավարտը, իսկ այն գործերով, որոնցով արդեն կայացվել է դատավճիռ` վճիռը կատարելուց հետո:

2. Այն դեպքում, երբ հանձնման հետաձգման պատճառ կարող են հանդիսանալ դատավճռի կատարման վաղեմության ժամկետի լրանալը կամ փաստերի բացահայտման հետ կապված դժվարությունները, ժամանակավոր հանձնումը կարող է տեղի ունենալ այն պայմանով, որ հանձնման ենթակա անձը վերադարձվի հարցում անող կողմի տարածքում իրականացվող ընթացակարգի ավարտից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 27

Հանձնման հատուկ պատճառ

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն` հանձնման ենթակա անձը հարցում անող կողմի տարածքում դատական կարգով չի հետապնդվի, կալանավորվի, դատապարտվի կամ պատժվի այլ հանցագործության համար, քան այն հանցագործությունն է, որի համար կատարվել է հանձնումը, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) երբ դրա համար կա հարցվող կողմի նախնական համաձայնությունը,

բ) երբ թեև հանձնման ենթակա անձը հնարավորություն է ունեցել հեռանալու հարցում անող կողմի տարածքից, սակայն այդ չի արել ազատվելուց հետո երեսուն օրվա ընթացքում, կամ եթե նա այնտեղից մեկնելուց հետո վերադարձել է: Այդ ժամանակահատվածը չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում հանձնման ենթակա անձը ի վիճակի չի եղել հեռանալու հարցում անող կողմի տարածքից իրենից անկախ պատճառներով:

2. Եթե հանցագործության որակումը փոփոխվել է գործի վարույթի ընթացքում, հանձնման ենթակա անձը դատական կարգով կհետապնդվի, կամ նրա նկատմամբ դատավարություն կսկսվի միայն այնքանով, որքանով վերոհիշյալ հանցագործության հետ կապված ապացույցները թույլ կտան հանձնում իրականացնել:

3. Սույն Համաձայնագրի համաձայն հանձնված անձը առանց հարցվող կողմի համաձայնության չի կարող հանձնվել երրորդ պետության այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են հանձնելուց առաջ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի բ) ենթակետում նշված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 28

Հանձնման վերաբերյալ դիմումի ձևը

 

1. Հանձնման մասին դիմումը պետք է կազմված լինի գրավոր և ուղեկցվի հետևյալ հիմնավորող փաստաթղթերով.

ա) կատարման ենթակա որոշման, կալանքի սանկցիայի կամ նույն ուժն ունեցող որևէ այլ փաստաթղթի բնօրինակով կամ վավերացված պատճենով` ընդունված հարցում անող կողմից` նրա օրենսդրությանը համապատասխան,

բ) այն փաստերի մասին տվյալներով, որոնց համար հանձնում են խնդրում: Հնարավորին չափ ճշգրիտ պետք է նշվեն հանցագործության կատարման վայրը և ժամանակը, դրա իրավական որակումը, պետք է ներկայացվեն այդ հանցագործության համար կիրառելի իրավական դրույթների տեքստերը, ինչպես նաև վճռի չկատարված մասի վերաբերյալ տվյալները,

գ) հանձնման ենթակա անձի ինքնության, բնակության վայրի և քաղաքացիության վերաբերյալ ճշգրիտ տվյալները:

2. Եթե հարցում անող կողմից ուղարկված տեղեկությունը բավարար չէ հարցվող կողմին հանձնման մասին որոշում ընդունելու համար վերոհիշյալ պայմաններով, ապա վերջինս կարող է անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն խնդրել: Մյուս կողմը այդ խնդրանքին պետք է պատասխանի երկու ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել ևս քսան օրով` հիմնավոր պատճառներից ելնելով:

Եթե հարցում անող կողմը նշված ժամանակամիջոցում պահանջվող լրացուցիչ տեղեկությունը չի ներկայացնում, ապա հարցվող կողմը կարող է ազատել ձերբակալված անձին:

 

ՀՈԴՎԱԾ 29

Հանձնման նպատակով ձերբակալման կարգը

 

Հանձնման ընթացակարգային պայմանների պահպանման դեպքում հանձնման խնդրանքը ստանալուն պես հարցվող կողմը պարտավորվում է կարգադրել համապատասխան անձին ձերբակալել, եթե այդ հանձնումը, համաձայն այդ կողմի ազգային օրենսդրության, չի կարող իրականացվել սույն Համաձայնագրի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 30

Ժամանակավոր կալանավորումը

 

1. Անհետաձգելի դեպքում հարցում անող կողմի իրավասու մարմինները կարող են խնդրել հանձնման ենթակա անձի ժամանակավոր կալանավորումը: Ժամանակավոր կալանավորման խնդրանքում պետք է նշվի 28 հոդվածի 1-ին կետի ա) ենթակետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի առկայության մասին, ինչպես նաև նշվի այն հետևանքի մասին, որը կբխի հանձնման մասին խնդրանքից: Խնդրանքում պետք է նշվի այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հանցագործության կատարման վայրը և ժամանակը, հնարավորության սահմաններում` նշված անձի նկարագրությունը:

2. Ժամանակավոր կալանավորման խնդրանքը անմիջականորեն կուղարկվի հարցվող կողմի իրավասու մարմիններին` փոստով կամ հեռագրով, Ինտերպոլի կամ գրավոր հաղորդակցության որևէ այլ միջոցով: Հարցում անող մարմինը անհապաղ կտեղեկացվի այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են խնդրանքի կապակցությամբ:

3. Ժամանակավոր կալանավորումը կարող է դադարեցվել, եթե հարցվող կողմը հանձնման մասին խնդրանքը և 28 հոդվածում նշված փաստաթղթերը չի ստացել կալանավորումից հետո երեսուն օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածը հարցում անող կողմի խնդրանքով կարող է երկարացվել ևս քսան օրով: Սակայն ժամանակավոր ազատումը հնարավոր է իրականացնել ցանկացած ժամանակ` պայմանով, որ ապահովվեն ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր համապատասխան միջոցառումները, որպեսզի այդ անձը չհեռանա երկրից:

4. Ազատումը չի խոչընդոտի հետագա կալանավորմանը և հանձնմանը, եթե հանձնման մասին խնդրանքը ստացվել է:

 

ՀՈԴՎԱԾ 31

Հանձնման մասին որոշման կատարումը

 

1. Հարցվող կողմը հարցում անող կողմին կուղարկի հանձնման մասին իր որոշումը: Դատական մարմնի կողմից ամբողջովին կամ մասամբ մերժման դեպքում հարցում անող կողմին կհայտնվի այն պատճառը, որի հիման վրա հանձնումը չի կատարվել: Համաձայնության դեպքում հարցում անող կողմը պետք է տեղեկացվի համապատասխան անձի հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև հանձնման նպատակով նրա կալանքի տևողության մասին:

2. 3-րդ կետի դրույթների համաձայն` եթե համապատասխան անձը չի հանձնվել նշված ժամկետում և վայրում, նա կարող է ազատվել նշված ժամկետից հետո տասնհինգ օրվա ընթացքում: Այդ դեպքում, եթե հետագայում հանձնման խնդրանք է ստացվում, ապա այն պետք է մերժվի:

3. Անհաղթահարելի ուժի (force majeure) դեպքում, որը խոչընդոտում է համապատասխան անձի հանձնմանը կամ ընդունմանը, շահագրգիռ Կողմը դրա մասին պետք է ծանուցի մյուս կողմին: Այդ դեպքում երկու կողմերը պետք է համաձայնվեն հանձնման նոր ժամկետի վերաբերյալ, և հետագայում կկիրառվեն սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 32

Հանձնման բազմակի կիրառումը

 

Այն դեպքում, երբ միևնույն անձի վերաբերյալ հանձնման մասին խնդրանքները ներկայացվել են մեկից ավելի պետությունների կողմից, միևնույն կամ տարբեր հանցագործությունների համար, հարցվող կողմն ինքը պետք է որոշի, թե վերոհիշյալ պետություններից որին հանձնի այդ անձին:

 

ՀՈԴՎԱԾ 33

Վերահանձնում

 

Եթե հանձնման ենթակա անձը խուսափում է դատական կարգով հետապնդումից, դատարան ներկայանալուց կամ իր նկատմամբ դատավճռին ենթարկվելուց, և եթե նա վերադառնում է հարցում անող կողմի տարածք, ապա նա կարող է վերահանձնվել:

Այդ դեպքում պարտադիր չէ ներկայացնել 28 հոդվածով նախատեսված հիմնավորող փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 34

Ապացույցների հանձնումը

 

1. Հարցում անող կողմի խնդրանքով հարցվող կողմն իր օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում առգրավում և հանձնում է ցանկացած առարկա, որը.

ա) կարող է ծառայել իբրև ապացույց,

բ) ձեռք է բերվել հանցագործության հետևանքով և ձերբակալման պահին գտնվել է համապատասխան անձի մոտ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առարկաների հանձնումը պետք է կատարվի դրանք ձեռք բերելուն պես: Նման հանձնումը պետք է կատարվի նաև այն դեպքում, եթե հնարավոր չէ իրականացնել համապատասխան անձի հանձնումը նրա մահվան կամ փախուստի պատճառով:

3. Երբ նշված առարկաները առգրավման կամ բռնագրավման ենթակա են համարվում հարցում անող կողմի տարածքում, այդ կողմը կարող է ընթացող քրեական դատավարության նպատակով այդ առարկաները ժամանակավորապես պահել կամ հանձնել` պայմանով, որ դրանք վերադարձվեն:

4. Նշված առարկաների նկատմամբ հարցվող կողմի կամ երրորդ կողմերի իրավունքները կմնան անձեռնմխելի:

Եթե կան այդպիսի իրավունքներ, նշված առարկաները անվճար կվերադարձվեն հարցվող կողմին դատավարության ավարտից հետո հնարավորին չափ շուտ:

 

ՀՈԴՎԱԾ 35

Տարանցում

 

1. Յուրաքանչյուր կողմ, մյուս կողմի խնդրանքով, կարող է թույլ տալ երրորդ պետության կողմից հանձնման ենթակա անձանց իր տարածքով տարանցմամբ փոխադրումը դեպի այդ մյուս կողմի տարածք: Տարանցմամբ փոխադրման խնդրանքը կուղարկվի այն նույն կանոնների համաձայն, ինչ որ հանձնման խնդրանքը:

2. Օդային փոխադրման դեպքում պետք է կիրառվեն հետևյալ դրույթները.

ա) երբ վայրէջք նախատեսված չէ, հարցում անող կողմը այն Կողմին, որի տարածքի վրայով թռիչք է կատարում, տեղեկացնում և հավաստում է սույն Համաձայնագրի 28 հոդվածում նշված հիմնավորող փաստաթղթերից մի քանիսի առկայությունը: Պատահական վայրէջքի դեպքում վերոհիշյալ ծանուցումը կիրառվում է ժամանակավոր կալանավորման խնդրանքի համար` համաձայն սույն Համաձայնագրի 30 հոդվածի, երբ հարցում անող կողմը ներկայացնում է տարանցիկ փոխադրման պաշտոնական խնդրանք,

բ) վայրէջք կատարելու դեպքում հարցում անող կողմը ներկայացնում է տարանցիկ փոխադրման պաշտոնական խնդրանք:

 

ՀՈԴՎԱԾ 36

Ծախսեր

 

Հանձնման ծախսերը կրում է այն կողմը, որի տարածքում այդ ծախսերը առաջանում են: Տարանցիկ փոխադրման ծախսերը կրում է հարցում անող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 37

Արդյունքների մասին հայտնելը

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն հանձնված անձանց նկատմամբ դատական հետապնդման արդյունքների մասին:

Եթե այդ անձանց նկատմամբ որոշակի վճիռ է կայացվել, ապա դրա պատճենը պետք է ուղարկվի մյուս կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 38

Տեղեկության փոխանակումը

 

Յուրաքանչյուր կողմ մյուս կողմին կփոխանցի ցանկացած տեղեկություն իր դատական մարմինների կողմից մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ:

Յուրաքանչյուր կողմի իրավասու մարմինների խնդրանքով այն անձանց վերաբերյալ քրեական գործով դատվածության մասին տեղեկությունը, որոնք դատական կարգով հետապնդվել են, կամ որոնց նկատմամբ դատավարություն է սկսվել մի կողմի տարածքում, անվճար կուղարկվի մյուս կողմին:

Միևնույն ժամանակ, դատապարտված անձանց առկա մատնահետքերը կփոխանցվեն համապատասխան կողմի իրավասու մարմնի նախնական համաձայնության հետ միասին:

 

Գլուխ VII
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 39

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման: Այն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերից մեկի` անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին մյուս կողմից վերջին ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով և կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից:

Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս կողմից դադարեցման մասին ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Աթենք քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունարեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանության ժամանակ որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 21-ից:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - անգլերեն տարբերակը տես հաջորդ մասում

 

 

pin
''
21.11.2000
Միջազգային պայմանագիր