Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 42-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` ՏԿ) տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընդհանուր օգտագործման, հաստատուն և փոփոխական հոսանքի` մինչև 500 կՎ լարման նոր կառուցվող, վերակառուցվող էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների վրա:

2. Սույն ՏԿ-ի բաժիններում սահմանված պահանջները տարածվում են`

1) II բաժնի պահանջները` մինչև 1 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների էլեկտրահաղորդագծերի վրա, որոնք տեղակայվում են սենքերի և կառույցների ներսում, դրանց դրսի պատերի վրա, կազմակերպությունների, հիմնարկների, միկրոշրջանների, բակերի, տնամերձ հողամասերի տարածքներում, շինհրապարակներում.

2) III բաժնի պահանջները` 1-ից մինչև 500 կՎ լարման էլեկտրական ցանցի տարրերի` գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրահաղորդման գծերի, հավաքական հաղորդաձողերի, համաժամ փոխհատուցիչների և էլեկտրաընդունիչների պաշտպանության սարքվածքների վրա.

3) IV բաժնի պահանջները` էներգահամակարգի և էլեկտրաէներգիայի սպառման էլեկտրակայանքների ավտոմատիկայի սարքվածքների վրա:

3. Հետևյալ էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքներին համապատասխան կանոնակարգերով առաջադրվում են լրացուցիչ պահանջներ, որոնք պայմանավորված են այդ էլեկտրակայանքների առանձնահատկություններով`

1) մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչներ.

2) կերպափոխիչ ենթակայաններ և կայանքներ.

3) էլեկտրական վերամբարձ մեխանիզմներ, մեքենաներ և վերելակներ.

4) կոնդենսատորային կայանքներ.

5) հրդեհավտանգ և պայթավտանգ տարածքներում տեղակայվող էլեկտրակայանքներ.

6) 35 կՎ-ից բարձր լարման մալուխային գծեր.

7) ատոմային էլեկտրակայանների էլեկտրակայանքներ.

8) հաստատուն հոսանքի էլեկտրահաղորդման էլեկտրակայանքներ:

4. Սույն ՏԿ-ում հաշվի է առնված շահագործման պայմաններում պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների պլանային կանխարգելիչ և նախազգուշական փորձարկումների անցկացման պարտադիր լինելը:

5. Սույն ՏԿ-ում ընդունված «առնվազն» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը` առավելագույնները: Սույն ՏԿ-ում նշված «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

6. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) ավտոմատիկա` սարքերի համալիր, որը ինքնավար կերպով, նախապես առաջադրված հարաչափերով իրականացնում է սույն ՏԿ-ի IV բաժնում սահմանված գործառույթները.

2) գեներատոր` հիդրոգեներատոր և (կամ) տուրբոգեներատոր. օգտագործվում է, երբ տվյալ պահին բացակայում է գեներատորի տեսակը (հիդրո- կամ տուրբո-) և մակնիշը (ՏՎՎ, ՏՎՖ, ՏԳՎ, ՏՎՄ և այլն) շեշտելու անհրաժեշտությունը.

3) էլեկտրաէներգետիկական համակարգ` տվյալ պահին աշխատանքի մեջ գտնվող էներգահամակարգի և էլեկտրական էներգիայի ընդունիչների էլեկտրասարքավորումը` միավորված ընդհանուր ռեժիմով և դիտարկված որպես մեկ ամբողջություն` այստեղ ընթացող ֆիզիկական երևույթների նկատմամբ (ՀՍՏ 202-2000).

4) էներգահամակարգ` միմյանց հետ ընդհանուր աշխատանքային ռեժիմով կապված և միասնական կառավարմամբ էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի համախմբություն, որը նախատեսված է էլեկտրական և ջերմային էներգիայի չընդհատվող արտադրության, էներգիայի բաշխման ու կերպափոխման համար.

5) պաշտպանության սարք` սարք, ապարատ, որը նախատեսված է մինչև 1 կՎ լարման էլեկտրակայանքների պաշտպանության համար.

6) պաշտպանության սարքվածք` սարքերի, ապարատների և փոխարկիչների` միմյանց հետ էլեկտրականապես կապված համալիր, որը նախատեսված է սույն ՏԿ-ի III բաժնում սահմանված գործառույթների իրականացման համար.

7) պաշտպանություն` էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին տարրերի (գեներատորի, տրանսֆորմատորի, էլեկտրական գծի, էլեկտրական էներգիայի ընդունիչների և այլն) աշխատանքի ոչ բնականոն հանդիսացող ռեժիմների կամ վնասվածքների ժամանակ պաշտպանվող տարրը գործող էլեկտրական ցանցից ինքնավար կերպով անջատող, կամ անջատման հրաման տվող, կամ ազդանշանող սարքերի համալիր սարքվածք կամ սարք:

7. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հապավումները`

1) ԱԷԿ` ատոմային էլեկտրակայան.

2) ԱԻԿՄ` արագագործ ինքնավար կրկնական միացում.

3) ԱԵԻԿՄ ԱՀ` արագացված եռաֆազ ինքնավար կրկնական միացում` առանց լարման հսկման.

4) ԱՀԻԿՄ` անհամաժամ ինքնավար կրկնական միացում.

5) ԱՄՀ` արտանցիչների մեկուսացման հսկում.

6) ԱՀՊՍ` անջատիչների հրաժարման պահուստավորման սարքվածք.

7) ԱՌ` անհամաժամ ռեժիմ.

8) ԲՏԿ` բեռնվածքի տակ լարման կարգավորում.

9) ԳԻԿ` գրգռման ինքնավար կարգավորում.

10) ԴԻՄ` դաշտի ինքնավար մարում.

11) ԴՄԱ` դաշտի մարման ավտոմատ.

12) ԵԻԿՄ` եռաֆազ ինքնավար կրկնական միացում.

13) ԵԻԿՄ ՀՈ` համաժամության որսմամբ եռաֆազ ինքնավար կրկնական միացում.

14) ԵԻԿՄ ԼԲ` եռաֆազ ինքնավար կրկնական միացում` առանց լարման բացակայության հսկման.

15) ԻԿՄ` ինքնավար կրկնական միացում.

16) ԻԿՄԻՀ` ինքնավար կրկնական միացում` ինքնահամաժամացմամբ.

17) ԻԿՄ ՀՈ` ԻԿՄ-ը համաժամության որսմամբ.

18) ԻԿՀ` ինքնավար կառավարման համակարգ.

19) ԻՀԲ` ինքնավար հաճախականային բեռնաթափում.

20) ԼԱՀ` լարման առկայության հսկում.

21) ԼԲՀ` լարման բացակայության հսկում.

22) ԿՄ` կարճ միակցում.

23) ՀԷԿ` հիդրոէլեկտրակայան.

24) ՀԻԿՄ` հաճախականային ինքնավար կրկնական միացում.

25) ՀՀԻԿ` հաճախականության և ակտիվ հզորության ինքնավար կարգավորում.

26) ՄԻԿՄ` միաֆազ ինքնավար կրկնական միացում.

27) ՊԻՄ` սնուցման և սարքավորման պահուստի ինքնավար միացում.

28) ՋԷԿ` ջերմաէլեկտրակայան.

29) ՌՊԱ` ռելեային պաշտպանություն և ավտոմատիկա.

30) ՏԿ` տեխնիկական կանոնակարգ.

31) ՏՋՋ` տուրբոգեներատոր` ջրաջրածնային հովացմամբ:

 

II. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻՆ (ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ըստ իրենց անջատման ունակության` պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է համապատասխանեն էլեկտրական ցանցի պաշտպանվող տեղամասի սկզբում ԿՄ-ի հոսանքի առավելագույն արժեքին` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված` «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» ՏԿ-ի IV բաժնի պահանջների: Թույլատրվում է ԿՄ-ի հոսանքի առավելագույն արժեքների նկատմամբ ոչ կայուն, ինչպես նաև միապատիկ սահմանային փոխարկման ունակության պաշտպանության սարքվածքների տեղակայում` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) եթե դրանց պաշտպանող խմբային սարքը (սարքվածքը) կամ սնող աղբյուրի ուղղությամբ տեղադրված մերձակա պաշտպանող սարքը (սարքվածքը) ապահովում է ԿՄ-ի հոսանքի ակնթարթային անջատումը, ունի հոսանասահմանափակիչ ունակություն և, որ նշված սարքերի (սարքվածքների) ակնթարթորեն գործող շղթայախզիչի (ընդհատիչի) նախադրվածքի հոսանքի արժեքը լինի անկայուն սարքերի (սարքվածքների) խմբից յուրաքանչյուրի միանգամյա փոխարկման ունակության հոսանքի արժեքից 1.5 անգամից փոքր և, եթե սարքերի (սարքվածքների) ամբողջ խմբի ոչ ընտրողական անջատումը չի սպառնում վթարներով, թանկարժեք սարքավորման և նյութերի փչացմամբ կամ բարդ տեխնոլոգիական պրոցեսի խանգարումներով.

2) պաշտպանության բոլոր սարքերը (սարքվածքները) պետք է շահագործվեն մեկ մասնագիտացված կազմակերպության կողմից.

3) պաշտպանության սարքերի (սարքվածքների) շղթաներից չեն կարող սնվել էլեկտրակայանքներ, որոնք տեղակայված են պայթավտանգ կամ հրդեհավտանգ գոտիներում:

9. Ցանցի առանձին տեղամասերի պաշտպանության համար նախատեսված ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքները և ինքնավար անջատիչների նախադրվածքների հոսանքները բոլոր դեպքերում պետք է ընտրել հնարավորինս նվազագույնները` ըստ այդ տեղամասերի հաշվարկային հոսանքների կամ ըստ էլեկտրաընդունիչների անվանական հոսանքների, բայց այնպես, որ կարճատև գերբեռնվածքների ժամանակ (թողարկման հոսանքներ, տեխնոլոգիական բեռնվածքների գագաթնակետեր, ինքնաթողարկման հոսանքներ և այլն) պաշտպանության սարքերը (սարքվածքները) չանջատեն էլեկտրակայանքները:

10. Որպես պաշտպանության սարքեր պետք է կիրառվեն ինքնավար անջատիչներ կամ ապահովիչներ: Անհրաժեշտության դեպքում, արագագործության, զգայնության կամ ընտրողականության պահանջներն ապահովելու համար թույլատրվում է կիրառել դուրս բերվող ռելեների (անուղղակի գործողության ռելեներ) օգտագործմամբ պաշտպանության սարքվածքներ:

11. Խցանաձև ապահովիչները ցանցին պետք է միացվեն այնպես, որ ապահովիչի պտուտակահանված խցանի ժամանակ ապահովիչի պտուտակային պարկուճը մնա առանց լարման: Միակողմանի սնման ժամանակ սնող հաղորդչի (մալուխի կամ հաղորդալարի) միացումը պաշտպանական սարքին, որպես կանոն, պետք է կատարվի նրա անշարժ հպակներին:

12. Պաշտպանության յուրաքանչյուր սարք (սարքվածք) պետք է ունենա իրենով պաշտպանվող ցանցի համար պահանջվող սարքի անվանական հոսանքի, շղթայախզիչի նախադրվածքի և հալուն ներդիրի անվանական հոսանքի արժեքները նշող մակագրություն:

 

4. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Էլեկտրական ցանցերը պետք է ունենան անջատման հնարավոր նվազագույն ժամանակը և ընտրողականության պահանջներն ապահովող պաշտպանություն` կարճ միակցման հոսանքներից: Պաշտպանվող գծի վերջում պաշտպանությունը պետք է ապահովի վնասված տեղամասի անջատումը`

1) միաֆազ, երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի դեպքում` խուլ հողակցված չեզոքով ցանցերում.

2) երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի դեպքում` մեկուսացված չեզոքով ցանցերում:

14. Էլեկտրական ցանցերի պաշտպանության, էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության ապահովման համար, կախված մինչև 1 կՎ լարման ցանցի չեզոքի հողանցման համակարգից, պաշտպանության գործման ժամանակները տարբեր վնասվածքների դեպքում չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943 որոշմամբ հաստատված` «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» ՏԿ-ի IV բաժնում սահմանված արժեքները:

15. Սենքերի ներսում այրվող արտաքին թաղանթով կամ մեկուսացմամբ, բաց տեղադրված հաղորդիչներով կատարված ցանցերը պետք է պաշտպանված լինեն գերբեռնվածքից: Բացի այդ, սենքերի ներսում գերբեռնվածքից պետք է պաշտպանված լինեն`

1) լուսավորության ցանցերը` բնակելի և հասարակական շենքերում, առևտրական շինություններում, արդյունաբերական կազմակերպությունների ծառայողական և կենցաղային շինություններում, ներառյալ կենցաղային և շարժական էլեկտրաընդունիչների համար ցանցերը (արդուկների, թեյամանների, սալօջախների, տնային սառնարանների, փոշեծծիչների, լվացքի և կարի մեքենաների և այլն).

2) ուժային ցանցերը` արդյունաբերական կազմակերպություններում, բնակելի և հասարակական շենքերում, առևտրական սենքերում, միայն այն դեպքերում, երբ ըստ ցանցի տեխնոլոգիական պրոցեսի պայմանների կամ աշխատանքի ռեժիմի կարող է առաջանալ հաղորդիչների երկարատև գերբեռնվածք.

3) բոլոր տեսակի ցանցերը` հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիներում:

16. Գերբեռնվածքներից պաշտպանվող ցանցերում հաղորդիչները պետք է ընտրել ըստ հաշվարկային հոսանքի, ընդ որում, պետք է ապահովվի հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքների նկատմամբ այն պայմանը, որ պաշտպանության սարքերն ունենան պատիկություն ոչ ավելի, քան`

1) 80 տոկոս` հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար` պոլիվինիլքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար: Արդյունաբերական կազմակերպությունների ոչ պայթավտանգ արտադրական սենքերում անցկացվող հաղորդիչների համար թույլատրվում է 100 տոկոս.

2) 100 տոկոս` հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար` թղթե մեկուսացումով մալուխների համար.

3) 100 տոկոս` հոսանքից հակադարձ կախյալ չկարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ)` բոլոր մակնիշների հաղորդիչների համար.

4) 100 տոկոս` հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար` պոլիվինիլքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար.

5) 125 տոկոս` հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար` թղթե մեկուսացմամբ և ռետինացված պոլիէթիլենից մեկուսացմամբ մալուխների համար:

17. Կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչների ճյուղավորումների հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքը պետք է լինի. էլեկտրաշարժիչի անվանական հոսանքի 100 տոկոսից ոչ պակաս` ոչ պայթավտանգ գոտիներում և 125 տոկոսից ոչ պակաս` պայթավտանգ գոտիներում: Պաշտպանության սարքերի (սարքվածքների) նախադրվածքների և կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչների սնման հաղորդիչների երկարատև թույլատրելի բեռնվածքի միջև հարաբերությունը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի`

1) 300 տոկոսը` ապահովիչի հալուն ներդիրի անվանական հոսանքի համար.

2) 450 տոկոսը` միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայախզիչ (ընդհատիչ) ունեցող ինքնավար անջատիչի նախադրվածքի հոսանքի համար.

3) 100 տոկոսը` հոսանքից հակադարձ կախյալ, չկարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ).

4) 125 տոկոսը` հոսանքից հակադարձ կախյալ, կարգավորվող բնութագրով ինքնավար անջատիչի շղթայախզիչի շարժանցի հոսանքի համար: Եթե այդ ինքնավար անջատիչի վրա կա նաև ընդհատիչ, ապա դրա գործարկման հոսանքի պատիկությունը չի սահմանափակվում:

 

5. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՏԵՂԵՐԸ

 

18. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայել սպասարկման համար մատչելի տեղերում այնպես, որ բացառված լինի դրանց մեխանիկական վնասվածքների հնարավորությունը: Դրանց տեղակայումը պետք է կատարված լինի այնպես, որ դրանցով գործողություն կատարելիս կամ դրանց գործման ժամանակ բացառված լինի վտանգն սպասարկող անձնակազմի համար և շրջապատի առարկաների վնասվելու հնարավորությունը: Բաց հոսանքատար մասերով պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է մատչելի լինեն սպասարկման համար միայն որակյալ անձնակազմին:

19. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայել`

1) ցանցի այն տեղերում, որտեղ հաղորդչի հատույթը փոքրանում է (ըստ էլեկտրաէներգիայի սպառման տեղի ուղղության) կամ որտեղ դա պետք է պաշտպանության զգայունության և ընտրողականության ապահովման համար` սույն ՏԿ-ի 20-րդ, 23-րդ և 24-րդ կետերի պահանջների կատարմամբ.

2) տարբեր անձանց պատկանող ցանցերի սահմանազատման կետում.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների կատարման անհնարինության դեպքում (օրինակ` օդային գծից օդային ներանցում դեպի առանձնատուն) պաշտպանության սարքը (սարքվածքը) պետք է տեղակայվի նշված կետերին հնարավորինս մոտ` սույն ՏԿ-ի 20-րդ կետի պահանջների կատարմամբ.

4) հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիներում տեղակայված էլեկտրակայանքների սնման ցանցերում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների կատարումը պարտադիր է:

20. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) պետք է տեղակայվեն պաշտպանվող հաղորդիչների անմիջապես սնող գծին միացման տեղերում: Ոչ պայթավտանգ և ոչ հրդեհավտանգ գոտիներով վայրերում թույլատրվում է սնող գծի և ճյուղավորման պաշտպանության սարքի (սարքվածքի) միջև տեղամասի երկարությունը նախատեսել մինչև 6 մ: Այդ տեղամասում հաղորդիչները կարող են ունենալ սնող գծերի հաղորդիչների հատույթից փոքր հատույթ, բայց պաշտպանության սարքից հետո հաղորդչի հատույթից ոչ փոքր: Դժվարամատչելի տեղերում (օրինակ` մեծ բարձրության վրա) իրագործվող ճյուղավորումների համար թույլատրվում է պաշտպանության սարքերը տեղակայել սպասարկման համար հարմար տեղում (օրինակ` բաշխիչ կետի ներանցիչի վրա, էլեկտրաընդունիչի գործարկման սարքվածքի մեջ և այլն)` ճյուղավորման կետից մինչև 30 մ հեռավորության վրա: Ընդ որում, ճյուղավորման հաղորդիչների հատույթը պետք է լինի հաշվարկային հոսանքով որոշվող հատույթից ոչ պակաս, բայց պետք է ապահովի սնող գծի պաշտպանված տեղամասի թողունակության 10 տոկոսից ոչ պակաս: Նշված դեպքերում ճյուղավորումների հաղորդիչների անցկացումը (ճյուղավորումների մինչև 6 մ և մինչև 30 մ երկարությունների դեպքում) հաղորդիչների այրվող արտաքին թաղանթի կամ մեկուսացման պայմաններում պետք է կատարվի խողովակներում, մետաղաճկափողերում կամ տուփախողովակներում, մնացած դեպքերում, բացառությամբ մալուխային կառուցվածքների, հրդեհավտանգ և պայթավտանգ գոտիների, բաց` կառուցվածքների վրա, դրանց հնարավոր մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու պայմանով:

21. Ցանցերն ապահովիչներով պաշտպանելիս վերջինները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված բևեռների կամ ֆազերի վրա: Զրոյական աշխատանքային հաղորդիչներում ապահովիչների տեղակայումն արգելվում է:

22. Խուլ հողակցված չեզոքով ցանցերն ինքնավար անջատիչներով պաշտպանելիս դրանց շղթայախզիչները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված հաղորդիչներում: Զրոյական հաղորդիչներում թույլատրվում է շղթայախզիչներ տեղակայել միայն այն պայմանով, որ դրանց գործարկման ժամանակ ցանցից միաժամանակ անջատվում են լարման տակ գտնվող բոլոր հաղորդիչները: Մեկուսացված չեզոքով ցանցերը պաշտպանելիս եռաֆազ հոսանքի եռահաղորդալար ցանցերում և միաֆազ կամ հաստատուն հոսանքի երկհաղորդալար ցանցերում պետք է ինքնավար անջատիչների շղթայախզիչները տեղակայել եռահաղորդալար ցանցերի երեք ֆազերում և երկհաղորդալար ցանցերի մեկ ֆազում (բևեռում): Ընդ որում, միևնույն էլեկտրակայանքի սահմաններում պետք է պաշտպանությունն իրականացնել միևնույն ֆազերում (բևեռներում):

23. Ելնելով շահագործման պայմանների նպատակահարմարությունից` պաշտպանության սարքեր (սարքվածքներ) թույլատրվում է չտեղակայել`

1) վահանի հաղորդաձողերից դեպի նույն վահանի վրա տեղակայված սարքերը (սարքվածքները) հաղորդիչների ճյուղավորման տեղերում, ընդ որում, հաղորդիչները պետք է ընտրվեն ըստ ճյուղավորման հաշվարկային հոսանքի.

2) սնող գծի երկայնքով, դրա հատույթի փոքրացման տեղերում և դրա ճյուղավորումների վրա, եթե գծի նախորդ տեղամասի պաշտպանությունը պաշտպանում է փոքրացված հատույթով հաղորդիչների տեղամասը, կամ եթե գծի չպաշտպանված տեղամասերը կամ դրա ճյուղավորումները կատարված են գծի պաշտպանված տեղամասի հաղորդիչների հատույթի կեսից ոչ պակաս հատույթով ընտրված հաղորդիչներով.

3) սնող գծից դեպի փոքր հզորության էլեկտրաընդունիչներ` ճյուղավորումների վրա, եթե դրանց սնող գիծը պաշտպանված է 25 Ա-ից ոչ ավելի նախադրվածքի սարքով` ուժային էլեկտրաընդունիչների և կենցաղային էլեկտրասարքերի համար.

4) սնող գծից չափիչ, կառավարման և ազդանշանման շղթաների հաղորդիչների ճյուղավորումների վրա, եթե այդ հաղորդիչները դուրս չեն գալիս համապատասխան մեքենաների կամ վահանի սահմաններից, կամ եթե այդ հաղորդիչները դուրս են գալիս դրանց սահմաններից, բայց էլեկտրահաղորդագիծը տեղադրված է խողովակներում կամ ունի չայրվող թաղանթ:

24. Պաշտպանության սարքերը (սարքվածքները) չեն թույլատրվում տեղակայել սնող գծին` կառավարման, ազդանշանման և չափիչ շղթաների միացման այն տեղերում, որոնց անջատումը կարող է առաջ բերել վտանգավոր հետևանքներ (հրշեջ պոմպերի, պայթյունավտանգ խառնուրդի առաջացումը կանխող օդափոխիչների, էլեկտրակայանների սեփական կարիքների որոշ մեխանիզմների անջատումը): Այդպիսի շղթաները բոլոր դեպքերում պետք է կատարվեն խողովակներում տեղադրված հաղորդիչներով կամ ունենան չայրվող թաղանթ: Այդ շղթաների հատույթները պետք է լինեն սույն ՏԿ-ի 29-րդ գլխում սահմանվածներից ոչ պակաս:

 

III. ՌԵԼԵԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

25. Էլեկտրակայանքները պետք է սարքավորված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներով (սարքերով), որոնք նախատեսվում են`

1) անջատիչների միջոցով, վնասված տարրն էլեկտրակայանքի (էներգահամակարգի էլեկտրական մասի) չվնասված մասից ինքնավար անջատման համար: Եթե վնասվածքը (օրինակ` հողակցումը մեկուսացված չեզոքով ցանցերում) անմիջականորեն չի խախտում էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական մասի աշխատանքը, թույլատրվում է ռելեային պաշտպանության գործողությունը միայն ազդանշանի համար.

2) էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի աշխատանքի վտանգավոր, ոչ բնականոն ռեժիմներին (օրինակ` գերբեռնվածքին, հիդրոգեներատորի ստատորի փաթույթում լարման բարձրացմանը) արձագանքելու համար: Էլեկտրակայանքի աշխատանքի ռեժիմից և շահագործման պայմաններից կախված` ռելեային պաշտպանությունը պետք է իրագործված լինի ազդանշանման կամ այն տարրերի անջատման գործողությամբ, որոնց աշխատանքում թողնելը կարող է բերել վնասվածքի առաջացման:

26. Էլեկտրակայանքում ինքնավար անջատիչների և ռելեային պաշտպանության փոխարեն թույլատրվում է կիրառել ապահովիչներ կամ բաց հալուն ներդիրներ, եթե դրանք`

1) կարող են ընտրվել պահանջված հարաչափերով (անվանական լարում և հոսանք, անջատման անվանական հոսանք և այլն).

2) ապահովում են պահանջվող ընտրողականությունը և զգայունությունը.

3) չեն խոչընդոտում, ըստ էլեկտրակայանքի աշխատանքի պայմանների, անհրաժեշտ ավտոմատիկայի (ինքնավար կրկնական միացում, պահուստի ինքնավար միացում և այլն) կիրառմանը:

27. Ապահովիչների կամ բաց հալուն ներդիրների օգտագործման ժամանակ, ելնելով ոչ լիաֆազ ռեժիմում անհամաչափության մակարդակից և սնվող բեռնվածքի բնույթից, պետք է դիտարկել ընդունող ենթակայանում ոչ լիաֆազ ռեժիմից պաշտպանության տեղակայման անհրաժեշտությունը:

28. Ռելեային պաշտպանության սարքվածքները (սարքերը) պետք է ապահովեն ԿՄ-ի անջատման հնարավոր նվազագույն ժամանակը` համակարգի չվնասված մասի անխափան աշխատանքի պահպանման համար էներգահամակարգի և սպառողների էլեկտրակայանքների կայուն աշխատանքը, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման, համաժամության մեջ ներքաշման, ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի հաջող գործողությամբ բնականոն աշխատանքի վերականգնման հնարավորության ապահովումը և այլն) և տարրի վնասվածքի տիրույթի ու աստիճանի սահմանափակման նպատակով:

29. Անջատման վրա գործող ռելեային պաշտպանությունը պետք է ապահովի գործողության առավելագույն ընտրողականություն, որպեսզի էլեկտրակայանքի որևէ տարրի վնասվածքի ժամանակ անջատվի միայն այդ վնասված տարրը: Թույլատրվում է պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը (հետագայում ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի գործողությամբ ուղղվող)`

1) ԿՄ-ի անջատման արագացումն ապահովելու համար, եթե դա անհրաժեշտ է` սույն ՏԿ-ի 28-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) գծերի կամ տրանսֆորմատորների շղթաներում վնասված տարրի անհոսանք դադարի ժամանակ` անջատող զատիչներով պարզեցված գլխավոր էլեկտրական սխեմաներ օգտագործելիս:

30. Թույլատրվում է կիրառել գործողության ընտրողականությունն ապահովող պահաժամերով ռելեային պաշտպանության սարքվածքներ (սարքեր), եթե ԿՄ-ը պահաժամով անջատելիս ապահովում են սույն ՏԿ-ի 28-րդ կետի պահանջները և, երբ պաշտպանությունը գործում է որպես պահուստային, որը բնորոշված է սույն ՏԿ-ի 39-րդ կետում:

31. Ռելեային պաշտպանության գործառման հուսալիությունը (գործարկում` գործարկման համար պայմաններ առաջանալիս և չգործարկում` դրանց բացակայության ժամանակ) պետք է ապահոված լինի սարքվածքների (սարքերի) կիրառմամբ, որոնք իրենց հարաչափերով և կատարմամբ համապատասխանում են նշանակությանը, ինչպես նաև այդ սարքվածքների (սարքերի) պատշաճ սպասարկմամբ: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել գործառման հուսալիությունը բարձրացնող հատուկ միջոցներ, մասնավորապես, սխեմայական պահուստավորում, վիճակի անընդհատ կամ պարբերական վերահսկում և այլն: Պետք է հաշվի առնվի նաև ռելեային պաշտպանության հետ անհրաժեշտ գործառնություններ կատարելիս սպասարկող անձնակազմի սխալ գործողությունների հավանականությունը:

32. Լարման շղթաներ ունեցող ռելեային պաշտպանության առկայության դեպքում պետք է նախատեսել`

1) ինքնավար անջատիչների անջատման, ապահովիչներն այրվելու և լարման շղթաների այլ խախտումների ժամանակ (եթե այդ խախտումները կարող են բերել բնականոն ռեժիմում պաշտպանության կեղծ գործարկման)` պաշտպանությունը գործողությունից ինքնավար կերպով դուրս բերող, ինչպես նաև այդ շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ (սարքեր).

2) լարման շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ (սարքեր), եթե այդ խախտումները չեն բերում պաշտպանության կեղծ գործարկման` բնականոն ռեժիմի պայմաններում, բայց կարող են բերել ավելորդ գործարկման` այլ պայմաններում (օրինակ` պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ-ի ժամանակ):

33. Խողովակավոր պարպիչներով համալրված էլեկտրահաղորդման գծերի վրա արագագործ ռելեային պաշտպանություն տեղադրելիս պետք է նախատեսված լինի դրա կարգաբերումը` պարպիչների գործարկումից, որի համար`

1) մինչև անջատման ազդանշան տալու պահը ռելեային պաշտպանության գործարկման նվազագույն ժամանակը պետք է մեծ լինի պարպիչների միապատիկ գործարկման ժամանակից, այսինքն, 0,06-ից մինչև 0,08 վ.

2) պարպիչների հոսանքի իմպուլսից գործարկվող պաշտպանության գործարկման օրգանները պետք է ունենան վերադարձի հնարավորին չափ փոքր ժամանակ (ոչ ավելի 0,01 վ-ից` իմպուլսի անհետանալու պահից):

34. Պահաժամ ունեցող ռելեային պաշտպանության գործարկման հրաժարումները բացառելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում (ժամանակի ընթացքում ԿՄ-ի հոսանքների մարման պատճառով, ճոճումների առաջացման, վնասվածքի տեղում աղեղի առաջացման և այլն) պետք է քննարկել ԿՄ-ի դեպքում հոսանքի կամ դիմադրության սկզբնական արժեքից պաշտպանության գործման ապահովման նպատակահարմարությունը:

35. 110 կՎ և ավելի լարման էլեկտրական ցանցերում պաշտպանությունները պետք է ունենան ճոճումների կամ անհամաժամ ընթացքի ժամանակ դրանց գործողությունն ուղեկապող սարքվածքներ, եթե նշված ցանցերում հնարավոր են այնպիսի ճոճումներ կամ անհամաժամ ընթացք, որոնց դեպքում պաշտպանությունները կարող են անտեղի աշխատել: Համանման սարքվածքներ պետք է կիրառվեն նաև սնման աղբյուրներն իրար հետ կապող ավելի ցածր լարման գծերի համար` ելնելով ճոճումների կամ անհամաժամ ընթացքի առաջացման հավանականությունից և ավելորդ անջատումների հնարավոր հետևանքներից: Թույլատրվում է պաշտպանության իրագործումն առանց ճոճումներից ուղեկապման, եթե պաշտպանությունը կարգաբերված է ճոճումներից ըստ ժամանակի (պաշտպանության պահաժամը` 1,5-ից մինչև 2 վ):

36. Ռելեային պաշտպանության գործողությունը պետք է սևեռվի ցուցիչ ռելեներով, ռելեներում ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկումների թվի հաշվիչներով և ուրիշ սարքվածքներով` այն չափով, որն անհրաժեշտ է պաշտպանությունների աշխատանքի հաշվարկի և վերլուծության համար:

37. Ռելեային պաշտպանության անջատման գործողությունը սևեռող սարքվածքները (սարքերը) պետք է տեղակայել այնպես, որ ազդանշանվի յուրաքանչյուր պաշտպանություն, իսկ բարդ պաշտպանության դեպքում` դրա առանձին մասերի գործողությունը (պաշտպանության տարբեր աստիճանները, տարբեր տեսակի վնասվածքներից պաշտպանության առանձին լրակազմերը և այլն):

38. էլեկտրակայանքի յուրաքանչյուր տարրի վրա պետք է նախատեսված լինի հիմնական պաշտպանություն` ամբողջ պաշտպանվող տարրի սահմաններում, վնասվածքների դեպքում այդ տարրի վրա տեղակայված այլ պաշտպանությունների գործելու ժամանակից ավելի փոքր ժամանակով գործելու համար:

39. Հարակից տարրերի պաշտպանությունների կամ անջատիչների հրաժարման դեպքում գործելու համար պետք է նախատեսել հեռահար պահուստային գործողության համար նախատեսված պահուստային պաշտպանություն: Եթե տարրի հիմնական պաշտպանությունն ունի բացարձակ ընտրողականություն (օրինակ` բարձրհաճախականային պաշտպանություն, երկայնական և լայնական դիֆերենցիալ պաշտպանություններ), ապա տվյալ տարրի վրա պետք է տեղակայվի պահուստային պաշտպանություն` ոչ միայն հեռահար պահուստային, այլ նաև մերձակա պահուստավորման համար, այսինքն` տվյալ տարրի հիմնական պաշտպանության հրաժարման կամ աշխատանքից հանելու դեպքում գործող պաշտպանություն: Օրինակ, եթե միջֆազային միակցումներից որպես հիմնական պաշտպանություն կիրառվել է դիֆերենցիալ ֆազային պաշտպանությունը, ապա որպես պահուստային կարող է կիրառվել եռաստիճան հեռահար պաշտպանություն: Եթե 110 կՎ և ավելի լարման գծի հիմնական պաշտպանությունն ունի հարաբերական ընտրողականություն (օրինակ`աստիճանավոր պաշտպանություններ պահաժամերով), ապա`

1) թույլատրվում է չնախատեսել առանձին պահուստային պաշտպանություն, պայմանով, որ այդ գծի վրա ԿՄ-ի դեպքում հարակից տարրերի պաշտպանությունների հեռահար պահուստային գործողությունն ապահովված է.

2) պետք է նախատեսվեն պաշտպանության մերձակա պահուստավորման ապահովման միջոցներ, եթե այդ գծի վրա ԿՄ-ի դեպքում հեռահար պահուստավորումը չի ապահովված:

40. 35 կՎ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծի սկզբում վնասվածքի անջատման հուսալիության բարձրացման նպատակով, որպես լրացուցիչ պաշտպանություն կարող է նախատեսվել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ` սույն ՏԿ-ի 49-րդ կետի պահանջների կատարման պայմանով:

41. Եթե հեռահար պահուստավորման պաշտպանության լիակատար ապահովումը տեխնիկապես անիրագործելի է, ապա թույլատրվում է`

1) չպահուստավորել ԿՄ-ի անջատումը տրանսֆորմատորներից հետո և ռեակտորավորված գծերի վրա, պայմանով, որ պարտադիր կիրառվեն հեռահար պահուստավորման հատուկ սարքվածքներ տեխնիկապես իրագործելի բոլոր տեղերում.

2) չպահուստավորել ԿՄ-ի անջատումը 110 կՎ և ավելի լարման գծերի վրա մերձակա պահուստավորման առկայության դեպքում, 6-ից մինչև 35 կՎ գծի երկար հարակից տեղամասի վրա.

3) հեռահար պահուստավորում նախատեսել միայն առավել հաճախ հանդիպող վնասվածքների տեսակների համար, առանց հաշվի առնելու հազվադեպ հանդիպող աշխատանքի ռեժիմները և հաշվի առնելով պաշտպանության կասկադային գործողությունը.

4) նախատեսել պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը հարակից տարրերի վրա ԿՄ-ի դեպքերում (հեռահար պահուստային գործողության դեպքում), առանձին դեպքերում ենթակայանների հոսանքազրկմամբ, նման դեպքերում` ըստ հնարավորության ապահովելով պաշտպանության ոչ ընտրողական գործողության ուղղումը ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի կիրառմամբ:

42. Հեռահար պահուստավորման սարքերի կիրառման պայմանները և գործարկման հարաչափերը պետք է համաձայնեցվեն դրանց պաշտպանության գոտիների էլեկտրակայանքներն սպասարկող կազմակերպության հետ:

43. ԱՀՊՍ-ները պետք է նախատեսվեն 110-ից մինչև 500 կՎ լարման էլեկտրակայանքներում:

44. Թույլատրվում է ԱՀՊՍ չնախատեսել 110-ից մինչև 220 կՎ լարման էլեկտրակայանքներում հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) ապահովվում են պահանջվող զգայունությունը և ըստ կայունության պայմանների` հեռահար պահուստավորման սարքվածքներից անջատման թույլատրելի ժամանակները.

2) պահուստային պաշտպանությունները գործելիս չկան լրացուցիչ տարրերի անջատումներ` հրաժարված անջատիչին անմիջականորեն չհարող անջատիչների անջատման պատճառով (օրինակ` չկան հատվածավորված հաղորդաձողեր, ճյուղավորված գծեր):

45. Ստատորի փաթույթների հաղորդիչների անմիջական հովացում ունեցող գեներատորներով էլեկտրակայաններում 110-ից մինչև 500 կՎ լարման անջատիչների հրաժարման դեպքում գեներատորների վնասվածքների կանխման համար, այլ պայմաններից անկախ, պետք է նախատեսել ԱՀՊՍ:

46. Էլեկտրակայանքի վնասված տարրի (գիծ, տրանսֆորմատոր, հաղորդաձողեր) որևէ մի անջատիչը հրաժարվելիս ԱՀՊՍ-ը պետք է գործի հրաժարվածին հարակից անջատիչների անջատման վրա:

47. Եթե պաշտպանությունները միացված են դուրս բերվող հոսանքի տրանսֆորմատորներին, ապա ԱՀՊՍ-ն պետք է գործի նաև այդ հոսանքի տրանսֆորմատորների և անջատիչի միջև եղած գոտում ԿՄ-ի դեպքում:

48. Թույլատրվում է պարզեցված ԱՀՊՍ-ի կիրառումը, որը գործում է ոչ բոլոր տարրերի վրա անջատիչների հրաժարումներով ԿՄ-ի դեպքերում (օրինակ` միայն գծերի վրա ԿՄ-ի ժամանակ): 35-ից մինչև 220 կՎ լարման դեպքում, բացի այդ, թույլատրվում է միայն հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի անջատման վրա գործող սարքվածքների կիրառումը:

49. Հեռահար պահուստավորման ոչ բավարար արդյունավետության դեպքում պետք է դիտարկել, ի լրումն ԱՀՊՍ-ի, մերձակա պահուստավորման հուսալիության բարձրացման անհրաժեշտությունը:

50. Պահուստային պաշտպանությունն առանձին լրակազմի տեսքով կատարելիս այն պետք է իրագործել այնպես, որ պաշտպանվող էլեկտրակայանքի աշխատանքի մեջ գտնվելու ժամանակ ապահովված լինի հիմնական կամ պահուստային պաշտպանությունների առանձին ստուգման կամ նորոգման հնարավորությունը: Ընդ որում, հիմնական և պահուստային պաշտպանությունները պետք է սնվեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր երկրորդային փաթույթներից, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

51. 220 կՎ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հիմնական և պահուստային պաշտպանությունների սնումը պետք է իրագործվի օպերատիվ հաստատուն հոսանքի տարբեր ինքնավար անջատիչներից:

52. Ռելեային պաշտպանության հիմնական տեսակների զգայունության գնահատումը պետք է կատարվի զգայունության գործակցով, որը որոշվում է`

1) վնասվածքների պայմաններում հարաչափերի աճին արձագանքող պաշտպանությունների համար` որպես պաշտպանվող գոտու սահմաններում մետաղական ԿՄ-ի ժամանակ այդ հարաչափերի (օրինակ` հոսանքի կամ լարման) հաշվարկային արժեքների և պաշտպանության գործարկման հարաչափերի հարաբերություն.

2) վնասվածքների պայմաններում նվազող հարաչափերին արձագանքող պաշտպանությունների համար` որպես գործարկման հարաչափերի և պաշտպանվող գոտու սահմաններում մետաղական ԿՄ-ի ժամանակ այդ հարաչափերի հաշվարկային արժեքների (օրինակ` լարման կամ դիմադրության) հարաբերություն, իսկ գործարկման բազմանկյունային բնութագրով հեռագործ պաշտպանության համար` ԿՄ-ի ժամանակ միակցման տեղում անցումային դիմադրության (հենարանի հողակցման և աղեղի) հաշվառմամբ:

53 Հարաչափերի հաշվարկային արժեքները պետք է սահմանվեն` ելնելով վնասվածքի առավել անբարենպաստ տեսակներից, բայց էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական մասի աշխատանքի իրական հնարավոր ռեժիմի համար:

54. Հիմնական պաշտպանությունների զգայունության գնահատման ժամանակ պետք է ելնել այն իրողությունից, որ անհրաժեշտ է ապահովել հիմնական պաշտպանությունների զգայունության հետևյալ նվազագույն գործակիցները`

1) առավելագույն հոսանային պաշտպանությունների` լարման գործարկմամբ և առանց գործարկման, ուղղորդված և չուղղորդված, ինչպես նաև միաստիճան հոսանային պաշտպանությունների` հակադարձ և զրոյական հաջորդականությունների բաղադրիչներին միացված, ուղղորդված և չուղղորդված`

ա. հոսանքի և լարման օրգանների համար` 1,5-ից ոչ պակաս,

բ. հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար` 2,0-ից ոչ պակաս` ըստ հզորության և 1,5-ից ոչ պակաս` ըստ հոսանքի և լարման,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, ըստ հոսանքի` 1.5-ից ոչ պակաս,

դ. 0,23-ից մինչև 0,4 կՎ լարման տրանսֆորմատորների առավելագույն հոսանային պաշտպանության զգայունության նվազագույն գործակիցը պետք է լինի 1,5-ից ոչ պակաս.

2) հոսանքի կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանությունները, ուղղորդված և չուղղորդված, լրիվ հոսանքներին և լարումներին կամ զրոյական հաջորդականության բաղադրիչներին միացված`

ա. պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ-ի ժամանակ գործողության համար նախատեսված պաշտպանության աստիճանի հոսանքի և լարման օրգանների համար, առանց հաշվի առնելու պահուստային գործողությունը` 1,5-ից ոչ պակաս, իսկ հուսալիորեն գործող ընտրողական պահուստային աստիճանի առկայության դեպքում` 1,3-ից ոչ պակաս: Գծի վերջում հաղորդաձողերի համար առանձին պաշտպանության առկայության դեպքում զրոյական հաջորդականության պաշտպանության աստիճանի համար համապատասխան զգայունության գործակիցները (ոչ պակաս 1,5-ից և ոչ պակաս 1,3-ից) թույլատրվում է ապահովել կասկադային անջատման ռեժիմում,

բ. զրոյական և հակադարձ հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար` ըստ հզորության` 2,0-ից ոչ պակաս և ըստ հոսանքի ու լարման` 1,5-ից ոչ պակաս,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, իսկ ըստ հոսանքի` 1,5-ից ոչ պակաս.

3) հեռահար պաշտպանությունները բազմաֆազ ԿՄ-ներից`

ա. բոլոր տեսակի գործարկման օրգանների համար և երրորդ աստիճանի հեռագործական օրգանի համար` 1,5-ից ոչ պակաս,

բ. պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ-ի ժամանակ առանց պահուստային գործողությունը հաշվի առնելու գործողության համար նախատեսված հեռահար օրգանի երկրորդ աստիճանի համար` 1,5-ից ոչ պակաս, իսկ պաշտպանության երրորդ աստիճանի առկայության դեպքում` 1,25-ից ոչ պակաս: Նշված օրգանի զգայունությունն ըստ հոսանքի, պետք է լինի 1,3-ից ոչ պակաս (ճշգրիտ աշխատանքային հոսանքի նկատմամբ)` նույն կետում վնասվածքի դեպքում.

4) գեներատորների, տրանսֆորմատորների, գծերի և այլ տարրերի երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունները, ինչպես նաև հաղորդաձողերի լրիվ դիֆերենցիալ պաշտպանությունը` մոտ 2,0 գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հեռահար պաշտպանության հոսանքային գործարկման օրգանի համար զգայունությունը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս, իսկ գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հոսանքային պաշտպանության առաջին աստիճանի համար (հատման ձևով կատարված)` 1.5-ից ոչ պակաս (հաղորդաձողերի վրա ԿՄ-ի դեպքում): Գեներատորների և տրանսֆորմատորների դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունությունը պետք է ստուգել արտանցիչների վրա ԿՄ-ի ժամանակ: Ընդ որում, հաղորդիչների փաթույթների անմիջական հովացմամբ հիդրոգեներատորների և տուրբոգեներատորների համար պաշտպանության գործարկման հոսանքը, անկախ զգայունության գործակցի արժեքից, պետք է ընդունել գեներատորի անվանական հոսանքից փոքր` կատարելով սույն ՏԿ-ի 70-րդ կետի պահանջները: 63 ՄՎԱ-ից բարձր հզորության ավտոտրանսֆորմատորների և բարձրացնող տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը, առանց արգելակումը հաշվի առնելու, պետք է ընդունել անվանականից փոքր (ավտոտրանսֆորմատորների համար` տիպային հզորությանը համապատասխանող հոսանքից փոքր): 25 ՄՎԱ-ից բարձր հզորության մնացած տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը, առանց արգելակումը հաշվի առնելու, պետք է ընդունել տրանսֆորմատորի անվանական հոսանքի 1,5 պատիկից ոչ ավելի: Թույլատրվում է տրանսֆորմատորի և գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի (որոնցում 2,0-ից ոչ պակաս զգայունության գործակցի ապահովումը կապված է պաշտպանության զգալի բարդացման հետ կամ տեխնիկապես անհնար է) դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունության գործակցի իջեցումը մինչև 1,5 արժեքը, եթե ԿՄ-ն տեղի է ունենում 80 ՄՎԱ-ից ցածր հզորության ցածրացնող տրանսֆորմատորի ցածր լարման արտանցիչների վրա (որոշվում է` հաշվի առնելով լարման կարգավորումը) և տրանսֆորմատորը լարման տակ դնելու ռեժիմում, ինչպես նաև դրա աշխատանքի կարճատև ռեժիմների համար (օրինակ` սնող կողմերից որևէ մեկի անջատման դեպքում): Սնող տարրերի որևէ մեկի միացումով վնասված հաղորդաձողերին լարում տալու ռեժիմում թույլատրվում է հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության համար զգայունության գործակցի իջեցում` մինչև 1,5 արժեքը: Նշված 1,5 գործակիցը վերաբերում է նաև տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանությանը տրանսֆորմատորի ցածր լարման կողմում տեղակայված և դրա դիֆերենցիալ պաշտպանության գոտու մեջ մտնող ռեակտորից հետո ԿՄ-ի դեպքում: Ռեակտորն ընդգրկող և դրանից հետո ԿՄ-ի դեպքում զգայունության պահանջները բավարարող այլ պաշտպանությունների առկայության ժամանակ, այդ կետում ԿՄ-ի դեպքում թույլատրվում է չապահովել տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանության զգայունությունը.

5) զուգահեռ գծերի լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունները`

ա. միջֆազային ԿՄ-ի և հողակցումներից պաշտպանությունների լրակազմերի թողարկման օրգանի հոսանքի ռելեի և լարման ռելեի համար` 2,0-ից ոչ պակաս` վնասված գծի երկու կողմի անջատիչների միացված վիճակում (միատեսակ զգայունության կետում) և 1,5-ից ոչ պակաս` վնասված գծի հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

բ. զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար. ըստ հզորության 4,0-ից ոչ պակաս և ըստ լարման և հոսանքի` 2,0-ից ոչ պակաս` երկու կողմի անջատիչների միացված վիճակում, և ըստ հզորության 2,0-ից ոչ պակաս` և ըստ լարման ու հոսանքի 1,5-ից ոչ պակաս` հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

գ. լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, իսկ ըստ հոսանքի` 2,0-ից ոչ պակաս` երկու կողմի անջատիչների միացված վիճակում և 1,5-ից ոչ պակաս` հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում.

6) ուղղորդված պաշտպանությունները բարձրհաճախականային ուղեկապումով`

ա. անջատման շղթան վերահսկող հակադարձ կամ զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության` 3,0-ից ոչ պակաս և ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս,

բ. անջատման շղթան վերահսկող թողարկման օրգանների համար` ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս, ըստ դիմադրության` 1,5-ից ոչ պակաս.

7) բարձրհաճախականային դիֆերենցիալ-ֆազային պաշտպանությունների անջատման շղթան վերահսկող թողարկման օրգանների համար` ըստ հոսանքի և լարման` 2,0-ից ոչ պակաս, ըստ դիմադրության` 1,5-ից ոչ պակաս.

8) տրանսֆորմատորների ու մինչև 1 ՄՎտ հզորության գեներատորների պաշտպանության առանց պահաժամի հոսանքային ընդհատիչները` 2,0-ից ոչ պակաս` պաշտպանության տեղակայման տեղում ԿՄ-ի ժամանակ.

9) մեկուսացված չեզոքով ցանցերում մալուխային գծերի վրա հողակցումներից պաշտպանություններ (ազդանշանի կամ անջատման վրա գործող)` հիմնական հաճախականության հոսանքներից գործող պաշտպանությունների համար` 1,25-ից ոչ պակաս, ավելի բարձր հաճախականություններից գործող պաշտպանությունները` 1,5-ից ոչ պակաս.

10) մեկուսացված չեզոքով ցանցերում ՕԳ-ի վրա հողակցումներից ազդանշանի կամ անջատման վրա գործող պաշտպանությունները` 1,5-ից ոչ պակաս:

55. Սույն ՏԿ-ի 54-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերում նշված զգայունության գործակիցը որոշելիս պետք է հաշվի առնել հետևյալը`

1) հզորության ուղղության ինդուկցիոն ռելեի զգայունությունը, ըստ հզորության, ստուգվում է, եթե ռելեն միացված է հոսանքների և լարումների հակադարձ և զրոյական հաջորդականության բաղադրիչներին.

2) բաղդատման (ֆազերի կամ բացարձակ արժեքների) սխեմայով իրականացված հզորության ուղղության ռելեի զգայունությունն ստուգվում է`

ա. ըստ հոսանքի` լրիվ հոսանքին և լարմանը միացնելիս,

բ. ըստ հոսանքի և լարման` հակադարձ և զրոյական հաջորդականության հոսանքների և լարումների բաղադրիչներին միացնելիս:

56. Հավաքական հաղորդաձողերին միացված գեներատորների համար ստատորի փաթույթում հողակցումից անջատման վրա գործող հոսանային պաշտպանության զգայունությունը որոշվում է դրա գործարկման հոսանքով, որը պետք է լինի 5 Ա-ից ոչ ավելի: Որպես բացառություն` թույլատրվում է գործարկման հոսանքի մեծացում մինչև 5,5 Ա: Տրանսֆորմատոր-գեներատոր բլոկում միացված գեներատորների համար ստատորի ամբողջ փաթույթն ընդգրկող միաֆազ հողակցումներից պաշտպանության զգայունության գործակիցը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս, ստատորի ամբողջ փաթույթը չընդգրկող լարման զրոյական հաջորդականության պաշտպանության գործարկման լարումը պետք է լինի 15 Վ-ից ոչ ավելի:

57. Անջատման էլեկտրամագնիսի ապաշունտավորման սխեմայով գործող օպերատիվ փոփոխական հոսանքով իրականացված պաշտպանությունների զգայունությունը պետք է ստուգել` հաշվի առնելով ապաշունտավորումից հետո հոսանքի տրանսֆորմատորների իրական հոսանային սխալանքը: Ընդ որում, անջատման էլեկտրամագնիսների հուսալի գործարկման պայմանի համար սահմանվող զգայունության գործակցի նվազագույն արժեքը պետք է լինի համապատասխան պաշտպանությունների համար սահմանվածից առնվազն 20 տոկոսով ավելի (տե՛ս սույն ՏԿ-ի 54-րդ կետով սահմանվածները):

58. Պահուստային պաշտպանությունների զգայունության նվազագույն գործակիցները հարակից տարրի կամ պահուստավորման գոտու մեջ մտնող մի քանի հաջորդական տարրերից առավել հեռավորի վերջում ԿՄ-ի ժամանակ պետք է լինեն (տե՛ս սույն ՏԿ-ի 41-րդ կետով սահմանված պայմանները)`

1) հոսանքի, լարման և դիմադրության օրգանների համար` 1,2-ից ոչ պակաս.

2) հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար` ըստ հզորության 1,4, ըստ հոսանքի և լարման` 1,2-ից ոչ պակաս.

3) լրիվ հոսանքին և լրիվ լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում և ըստ հոսանքի` 1,2-ից ոչ պակաս.

4) մերձակա պահուստավորում իրականացնող պահուստային պաշտպանությունների աստիճանների զգայունությունը գնահատելիս (տե՛ս սույն ՏԿ-ի 39-րդ կետով սահմանված պահանջները) պետք է ելնել սույն ՏԿ-ի 54-րդ կետի պահանջներին համապատասխան պաշտպանությունների համար սահմանված զգայունության գործակիցներից:

59. Գծերի վրա տեղակայված և լրացուցիչ պաշտպանությունների դերը կատարող, առանց պահաժամի հոսանային ընդհատման պաշտպանության համար զգայունության գործակիցը պետք է լինի 1,2-ից ոչ պակաս` պաշտպանության տեղակայման տեղում և ԿՄ-ի ժամանակ` ըստ զգայունության պայմանի առավել բարենպաստ ռեժիմում:

60. Եթե հաջորդող տարրի պաշտպանության գործելը հնարավոր է անբավարար զգայունության հետևանքով նախորդող տարրի պաշտպանության հրաժարման պատճառով, ապա այդ պաշտպանությունների զգայունությունները պետք է համաձայնեցնել միմյանց հետ: Թույլատրվում է չհամաձայնեցնել միմյանց հետ հեռահար պահուստավորման համար նախորոշված այդ պաշտպանությունների աստիճանները, եթե հաջորդող տարրի պաշտպանության (օրինակ` տրանսֆորմատորների, գեներատորների հակադարձ հաջորդականության պաշտպանությունները) անբավարար զգայունության հետևանքով ԿՄ-ի չանջատումը կարող է բերել ծանր հետևանքների:

61. Խուլ հողակցված չեզոքով ցանցերում, ելնելով ռելեային պաշտպանության պայմաններից, պետք է ընտրվի ուժային տրանսֆորմատորների չեզոքների հողակցման այնպիսի ռեժիմ (այն է` հողակցված չեզոքով տրանսֆորմատորների տեղաբաշխում), երբ հողակցումների դեպքում հոսանքների և լարումների արժեքներն ապահովում են ցանցի տարրերի ռելեային պաշտպանության գործողությունն էներգետիկական համակարգի շահագործման բոլոր հնարավոր ռեժիմների ժամանակ: Չեզոքի արտանցիչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացում ունեցող բարձրացնող տրանսֆորմատորների և երկկողմ ու եռակողմ սնումով (կամ համաժամ էլեկտրաշարժիչներից կամ համաժամ փոխհատուցիչներից էական լրասնուցումով) տրանսֆորմատորների համար պետք է բացառված լինի դրանց համար անթույլատրելի մեկուսացված չեզոքով աշխատանքի ռեժիմի առաջացումը` առանձնացված միաֆազ հողակցումով հաղորդաձողերի կամ 110-ից մինչև 220 կՎ լարման ցանցի տեղամասի հետ (տե՛ս սույն ՏԿ-ի 116-րդ կետով սահմանված պահանջները):

62. ԿՄ-ներից ռելեային պաշտպանության սարքվածքների հոսանային շղթաների սնման համար նախորոշված հոսանքի տրանսֆորմատորները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ-ի ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումների կանխման նպատակով հոսանքի տրանսֆորմատորների սխալանքը (լրիվ կամ հոսանային) չպետք է գերազանցի 10 տոկոսը: Ավելի բարձր սխալանքներ թույլատրվում են այն պաշտպանությունների (օրինակ` հաղորդաձողերի արգելակումով դիֆերենցիալ պաշտպանության) կիրառման ժամանակ, որոնց ճիշտ գործարկումը 10 տոկոսը գերազանցող սխալանքների դեպքում ապահովվում է հատուկ միջոցառումների կիրառմամբ: Նշված պահանջները պետք է պահպանվեն`

ա. աստիճանավոր պաշտպանությունների համար` պաշտպանության աստիճանի գործարկման գոտու վերջում ԿՄ-ի ժամանակ, իսկ ուղղորդված աստիճանավոր պաշտպանությունների համար` նաև արտաքին ԿՄ-ի ժամանակ,

բ. մնացած պաշտպանությունների համար` արտաքին ԿՄ-ի ժամանակ.

2) հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունների համար (հաղորդաձողերի, տրանսֆորմատորների, գեներատորների և այլն) պետք է հաշվի առնվի լրիվ սխալանքը, մնացած պաշտպանությունների համար` հոսանային սխալանքը, իսկ վերջիններս երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների հոսանքների գումարին միացնելիս` լրիվ սխալանքն արտաքին ԿՄ-ի ռեժիմի ժամանակ.

3) հոսանքի տրանսֆորմատորների թույլատրելի բեռնվածքները հաշվարկելիս թույլատրվում է որպես ելակետ ընդունել լրիվ սխալանքը:

4) պաշտպանվող գոտու սկզբում ԿՄ-ի ժամանակ պաշտպանության հրաժարման կանխման նպատակով հոսանքի տրանսֆորմատորների հոսանքային սխալանքը չպետք է գերազանցի`

ա. հզորության ուղղության ռելեի կամ հոսանքի ռելեի հպակների բարձր թրթռումների սահմանափակման պայմաններից ելնելով` ընտրված տեսակի ռելեի համար թույլատրելի արժեքները,

բ. հզորության ուղղության ռելեի և ուղղորդված դիմադրության ռելեների համար ելնելով առավելագույն թույլատրելի անկյունային սխալանքի պայմաններից` 50 տոկոսը.

5) պաշտպանվող գոտում ԿՄ-ի ժամանակ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների արտանցիչների վրա լարումը չպետք է գերազանցի ՌՊԱ սարքվածքների համար թույլատրելի արժեքը:

63. Էլեկտրաչափիչ սարքերի (հաշվիչների հետ համատեղ) և ռելեային պաշտպանության հոսանային շղթաները պետք է միացված լինեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր փաթույթներին: Դրանց միացումը հոսանքի տրանսֆորմատորի մեկ փաթույթին թույլատրվում է սույն ՏԿ-ի 52-րդ կետի պահանջների կատարման պայմաններում: Ընդ որում, այն պաշտպանությունների շղթաներին, որոնք գործողության սկզբունքով կարող են ոչ ճիշտ աշխատել հոսանքների շղթաները խախտելիս, էլեկտրաչափիչ սարքերի միացումը թույլատրվում է միայն միջանկյալ հոսանքի տրանսֆորմատորների միջոցով և այն պայմանով, որ հոսանքի տրանսֆորմատորները բավարարում են սույն ՏԿ-ի 62-րդ կետի պահանջները` միջանկյալ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթայի բաց վիճակում:

64. Հնարավորության դեպքում պետք է կիրառել առաջնային և երկրորդային ուղղակի գործողության ռելեներով և օպերատիվ փոփոխական հոսանքով պաշտպանություններ, եթե դա հնարավոր է և կբերի էլեկտրակայանքի պարզեցմանն ու էժանացմանը:

65. ԿՄ-ներից պաշտպանությունների համար որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուր պետք է օգտագործել առաջին հերթին պաշտպանվող տարրի հոսանքի տրանսֆորմատորները: Թույլատրվում է նաև լարման տրանսֆորմատորների կամ սեփական կարիքների տրանսֆորմատորների օգտագործումը: Կոնկրետ պայմաններից կախված` պետք է կիրառվի հետևյալ սխեմաներից մեկը` անջատիչների անջատման էլեկտրամագնիսների ապաշունտավորումը, սնման բլոկների և կոնդենսատորներով լիցքավորման սարքվածքների օգտագործումը:

66. Ցանցի ռեժիմով, գործողության ընտրողականության պայմաններով և այլ պատճառներով պայմանավորված աշխատանքից դուրս բերվող ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ունենան օպերատիվ անձնակազմի կողմից դրանց աշխատանքից դուրսբերման հատուկ հարմարանքներ: Շահագործական ստուգումների և փորձարկումների ապահովման համար պաշտպանությունների սխեմաներում պետք է նախատեսել, որտեղ դա անհրաժեշտ է, փորձարկման բլոկներ կամ չափիչ սեղմակներ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 42-Ն
Որոշում