Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱ ...

 

 

040.0642.280608

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2008 թվականի N 642-Ա

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ԿՈՒՄԱՅՐԻ) ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ԻՆ մաս)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «4.3.12. Քաղաքաշինությունը» բաժնի երրորդ պարբերության դրույթներին համապատասխան և ելնելով Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի գերակա ուղղությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

i

1) Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրագործման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական զարգացման և այլ խնդիրների համակարգված լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N 23 արձանագրությամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգով ամրագրված` Գյումրու տեխնոպարկի և «Կումայրի» արգելոցի զարգացման բիզնես-մոդելի ընտրությունից հետո 5-ամսյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնաժողովում քննարկել և`

ա. ծրագիրը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման,

i

բ. ծրագրի մշակման շրջանակներում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1568-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել հետևյալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմման վերաբերյալ` դրանց կառուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացնող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու համար`

1) նախկին «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժում և տեղում մարզային գրադարանի ու Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի կառուցում.

2) (3-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1568-Ն որոշում)

i

3) Սևյանի անվան երկաթուղային մշակույթի պալատի վերականգնում ու կայանամերձ հրապարակի բարեկարգում:

4. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն առաջին կիսամյակում հատկացնել`

1) 6,010.0 հազ. դրամ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում` մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված աշխատանքային խմբերի միջոցով գույքագրման, հաշվառման և ծրագրի մշակման համար անհրաժեշտ այլ ելակետային նյութերի հավաքագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի.

2) 1,000.0 հազ. դրամ` 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շինարարական նոր տեխնոլոգիաների խրախուսման համար նախագծային առաջարկների մրցույթ կազմակերպելու նպատակով, որից`

ա. 500.0 հազ. դրամ` նախագծային առաջարկների մրցութային ֆոնդի ձևավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

բ. 500.0 հազ. դրամ` նախագծային մրցույթի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել իրենց կանոնադրական խնդիրների շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը` սույն ծրագրի խնդիրներին առնչվող մասով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 12-ի

N 642-Ա որոշման

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ԿՈՒՄԱՅՐԻ) ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման և զարգացման Կումայրի ծրագրի`

 

ընդհանուր նպատակը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում խոշոր, դինամիկ զարգացող կենտրոնի ստեղծման համար Գյումրու քաղաքաշինական վերազարգացման միջոցառումների մշակումն ու իրագործումն է` որպես Հայաստանի Հանրապետության համաչափ կայուն զարգացմանը, բազմակենտ րոն տարածական համակարգի ձևավորմանը նպաստող կարևորագույն խթան.

 

հատուկ նպատակը Գյումրի քաղաքում կենսագործունեության բարենպաստ, գրավիչ ու ճարտարապետական ինքնատիպ նկարագիր ունեցող միջավայրի ձևավորումը, պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումն ու վերականգնումը և քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումն է:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գյումրի քաղաքի տարածական զարգացման հիմնական գերակայություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծով:

Հատակագծային կառուցվածքի կազմավորման հիմքում դրված են Գյումրու պատմական կենտրոնի` Կումայրիի, առավելագույն պահպանման և վերականգնման, քաղաքի հին ու նոր թաղամասերի օրգանական հատակագծային և հորինվածքային կապերի ապահովման խնդիրները` անմիջականորեն ընդգրկելով Ախուրյան և Չերքեզի-ձոր գետերը` քաղաքի գործառական և հորինվածքային կառուցվածքում: Առանձնակի կարևորություն է տրվել համաքաղաքային նշանակության հասարակական սպասարկման գործառույթների հավասարակշռված ու ներդաշնակ զարգացման ապահովմանը, քաղաքի կանաչապատման մակարդակի բարձրացմանը` հասցնելով այն նորմատիվ պահանջներին և բնական լանդշաֆտները դարձնելով քաղաքի ճարտարապետահատակագծային կառուցվածքի անբաժանելի մասը:

Օպտիմալացվել է նաև գոյություն ունեցող ինժեներական և փողոցային-տրանսպորտային ցանցը` նախատեսելով համապատասխան շրջանցող և կրկնակող ուղիներ, կանգառներ ու կայանատեղեր, բարձրացնելով ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը, ապահովելով քաղաքի ներկա և հեռանկարային զարգացման համար տարածքների պահուստավորումը` շրջապատող համայնքների հողային շահերի պահպանմամբ:

Հարկ է նշել, որ 1830-ական թվականներից սկսած, կառուցապատման գործընթացն իրականացվել է գլխավոր հատակագծի համաձայն` կանոնավորված փոխուղղահայաց փողոցներով առաջացած ուղղանկյուն թաղամասերով, իսկ 1905 թվականին կազմված նոր գլխավոր հատակագիծը նշահարում է արդեն վերանվանված Ալեքսանդրապոլ քաղաքի հեռանկարային զարգացումը: Այսպիսով, համարյա մեկ հարյուրամյակի ընթացքում (1830-1920 թթ.) քաղաքը զարգանում է հաստատուն քաղաքաշինական ծրագրերով և 20-րդ դարի սկզբին այն կառուցապատված էր բարձրարժեք ճարտարապետական և ժամանակի համար լավագույն ինժեներական հատկանիշներ ունեցող շենքերով:

Անդրադառնալով Գյումրի քաղաքի ներկայիս գլխավոր հատակագծի իրագործման խնդիրներին` անհրաժեշտ է վերջիններս իմաստավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի ռազմավարական մոտեցումների լույսի ներքո` ըստ ամենայնի ապահովելով քաղաքի զարգացման առնչվող տարաբնույթ ծրագրերի փոխկապակցվածությունը` ի նպաստ Գյումրու վերազարգացման:

Հաշվի առնելով Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) ընդգրկուն շրջանակները, ինչպես նաև ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական զարգացման և այլ խնդիրների համակարգված լուծման անհրաժեշտությունը` նպատակահարման է ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը:

Մշակվող ծրագրի արդյունավետությունն ու առարկայությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ապահովել առկա իրավիճակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության ստացումը: Այդ նպատակով առաջարկվում է մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված աշխատանքային խմբերի միջոցով առավելագույնը եռամսյա ժամանակահատվածում հավաքագրել և ամփոփել անհրաժեշտ ելակետային նյութերը` ըստ ստորև նշված գերակա ուղղությունների`

ծրագրի իրականացման համար կիրառել պետական-մասնավոր գործընկերության սկզբունքները` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծելով առաջադրված նպատակին ծառայող մասնավոր ներդրումները ներգրավելու համար.

Գյումրի քաղաքում բարենպաստ և գրավիչ կեսամիջավայրի ձևավորման համար անհրաժեշտ է հստակորեն ամրագրել Գյումրի քաղաքի տարածական զարգացման առաջնահերթությունները` ինչպես նպաստավոր և խթանող գործոնների բացահայտման և զարգացման, այնպես էլ դրան խոչընդոտող գործոնների վերացման կամ նվազեցման տեսանկյունից:

Այս առումով, 2008-2012 թվականների ընթացքում Գյումրիում իրականացվելիք ծրագրի առաջնահերթ գերակա ուղղություններ համարել`

 

1. Կումայրի պատմական կենտրոնի վերազարգացումը (ռեաբիլիտացիան) (1)

________________________________

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում, քաղաքաշինական քաղաքականության կարևոր ուղղություն է հանդիսանում քաղաքների ճարտարապետական ժառանգության ու պատմամշակութային միջավայրերի քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծումը` որպես բնակավայրերի ինքնատիպության, գրավչության, ինչպես նաև մարդկանց բարեկեցության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող էնդոգեն զարգացման խթան

 

Գյումրին հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ճարտարապետական ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրը:

«Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է քաղաքի դարավերջի կառուցապատման սահմանները, ինչպես նաև Ախուրյան գետի ձախափնյա կիրճի լանդշաֆտները: Կառուցապատված հատվածում պահպանվում են XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, պատմաճարտարապետական հուշարձանների կարգավիճակ ունեցող շուրջ 1022 կառույց, այդ թվում` բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ:

1988 թվականի կործանարար երկրաշարժից վնասվեց պատմական, հուշարձանների 90%-ից ավելին` ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձևերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, գոյություն ունեցող ոճին հարիր որոշ հատվածների կառուցապատման լրացումը ոչ միայն կպահպանի պատմական կենտրոնը, ստեղծելով գրավիչ և բարեկարգ միջավայր, այլև կնպաստի փոքր և միջին բիզնեսի, տուրիզմի զարգացման, գիտության և արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը և ներդրումների համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը (2):

___________________________________

2) Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման խնդիրը` ՀՀ կառավարության 03.03.2005 թ. N 295-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի իրականացման կարևորագույն առաջնահերթ միջոցառումներից է, մշակված է նաև պատմական կենտրոնի գոտիավորման նախագիծը:

 

Քաղաքների պատմական կենտրոնների ռեաբիլիտացիան ամբողջ աշխարհում ճանաչված, լայնորեն կիրառվող և իրեն արդարացված միջոց է, քաղաքային համայնքների սոցիալ-տնտեսական նոր զարգացման գործում: Պահպանելով պատմամշակութային արժեքները, ազգային ինքնությունը և տվյալ տարածաշրջանի քաղաքաշինական ավանդույթները` այն միևնույն ժամանակ խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, ներդրումային ակտիվությունը, ստեղծում է նոր աշխատատեղեր, նպաստում տուրիզմի զարգացմանը: Պատմական կենտրոնների ռեաբիլիտացիայի արդյունքում ստեղծվում է ապրելու և աշխատելու համար հարմարավետ ժամանակակից միջավայր, ինչն իր հերթին նպաստում է բնակչության կենսամակարդակի աճին, ինչպես նաև գործազրկության և միգրացիայի կրճատմանը:

Կումայրի վերազարգացման (ռեաբիլիտացիայի) ծրագրի մշակման համար անհրաժեշտ է`

1) իրականացնել ելակետային նյութերի հավաքագրում` իրավիճակի համալիր վերլուծության և կարիքների գնահատման, ինչպես նաև ծրագրի իրականացման փուլերը և մեխանիզմները ճշգրտելու նպատակով, այդ թվում`

ա. գույքագրել և քարտեզագրել խնդրո առարկա տարածքները (ըստ փոխհամաձայնեցված առաջնահերթությունների)` ներառյալ ժամանակավոր տնակները, և հաշվառել դրանցում, ինչպես նաև հիմնական կառույցներում բնակվող և պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորություն ունեցող ընտանիքների կարգավիճակը,

բ. տարանջատել նշված տարածքներում առկա շենքերն ու շինություններն ըստ սեփականության ձևերի և գործառական նշանակության, նախնական եզրակացություններ կազմել դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ,

գ. քարտեզագրական նյութի վրա ամրագրել ինժեներական ենթակառուցվածքներն ու ներկայացնել դրանց առկա տեխնիկական վիճակը.

 

2) ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա (3) կազմել ընտրված տարածքների կառուցապատման սխեմաները (4) ռեաբիլիտացված միջավայրի պատմամշակութային ժառանգությանը հարիր, լիարժեք ավարտված, խնամված և գրավիչ ճարտարապետական միջավայր տեսլականն արտահայտող պատկերավոր նյութերի վիզուալիզացիա ներառմամբ (5).

_______________________________

3) վերակառուցման ենթակա տարածքային հատվածներում յուրաքանչյուր շենքի համար նախատեսվում է «Տեխնիկական քարտերի» մշակում, որոնց կազմում ընդգրկվում են շենքի չափագրությունը, տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և այլ անհրաժեշտ տվյալներ:

4) Կառուցապատման սխեման մշակել ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` հիմք ընդունելով ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից 1980 թվականին հաստատված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմամշակութային հիմնավորման նախագծի դրույթները:

5) Առաջնահերթ փուլում կառուցապատման սխեմաների մշակման համար կպահանջվի շուրջ 35,0 մլն դրամ:

 

3) շրջակա միջավայրի պահպանության պահանջներն ապահովելու համար միջոցառումներ մշակել օդի փոշոտվածության նվազեցման, հեղեղատար, կոյուղու և ջրամատակարարման ցանցերի անխափան աշխատանքի ապահովման, քաղաքով հոսող գետակներից արդյունաբերական և կենցաղային կոշտ թափոնների հեռացման, կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման կամ նորի կառուցման, կանաչապատ տարածքների ընդարձակման ու որակական բարելավման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ.

 

4) ծրագրի շրջանակներում դիտարկել Գյումրի քաղաքի հիմնախնդիրների շարքում կարևոր տեղ զբաղեցնող` Գյումրի գետակի և 19-րդ դարում կառուցված ստորգետնյա ջրատարների քարիզների ներկայիս անմխիթար վիճակը բարելավելու հարցը: Գյումրու քարիզների ցանցը, իրենից ներկայացնելով հիդրոտեխնիկական շինարարական մշակույթի բացառիկ օրինակ, ներկայումս որպես համակարգ չի գործում:

Մինչդեռ պատմական արժեք ներկայացնող ինժեներական կառուցվածքի վերականգնման արդյունքում, նախնական փորձագիտական գնահատականներով, քաղաքը հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ մոտ 200 լ/վրկ որակյալ ջուր: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ քարիզների համակարգի որոշ ճյուղեր միանում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ծածկված և հեղեղատարի ու կոյուղաջրերը հեռացնող ջրատարի դեր կատարող Գյումրի գետակին: Ներկայումս գետակի հատակին կուտակված նստվածքների հետևանքով տեղ-տեղ առաջացել են ջրի հոսքն արգելակող պատնեշներ` պատճառ հանդիսանալով հոսող ջրի մակարդակի շուրջ 1.5 մետրով բարձրացման, առաջացնելով բազմաթիվ շինությունների հիմնատակերի թուլացման վտանգ.

5) ուսումնասիրել եվրոպական քաղաքների պատմական կենտրոնների վերականգնման լավագույն փորձը, վերլուծել այդպիսի օրինակների Հայաստանում կիրառելու հնարավորությունները (6).

__________________________________

6) Մասնավորապես, օգտակար է դիտարկել եվրոպական երկրների Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Իռլանդիա և այլ դինամիկ զարգացող բազմաթիվ քաղաքների փորձը: Օրինակ, Ֆրանսիայում քաղաքների կենտրոնների պատմական կառուցապատման վերականգնման և վերակառուցման ոլորտում արդեն 20-րդ դարի 60-ական թվականներին ձևավորվեց ամբողջական տեսություն, մեթոդոլոգիա և միջոցառումների իրականացման եղանակների տարբեր զուգակցումներ, որոնց կիրառմամբ 1960-1980-ական թվականների ընթացքում վերակառուցվեցին Ռուան, Տուր Շարտր, Նանտ, Սեն-Դենի, Լիոն, Ստրասբուրգ և այլ բազմաթիվ քաղաքների պատմական կենտրոնները: Ծրագրերի իրականացման հիմնական սկզբունքը մնում էր նույնը` պետական շահագրգռվածություն և աջակցություն, քաղաքային իշխանությունների, մասնավոր հատվածի, մասնագիտական և հասարակական կազմակերպությունների և բնակիչների սերտ համագործակցություն: Նշված համալիր վերակառուցողական քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և դրանց փայլուն արդյունքները ակնհայտ են այսօր և ստուգված են 20-40 տարիների ժամանակահատվածով:

 

6) ծրագրի մշակման շրջանակներում առանձնացնել վերջինիս իրագործման փուլերը, նկատի ունենալով, որ առավել իրատեսական և գերադասելի է ամբողջ տարածքի բաժանումն առանձին հատվածների 5-10 հա` դրանց համար լոկալ միջոցառումների մշակմամբ, քանի որ պահանջելով ավելի փոքր միջոցներ, դրանք միաժամանակ թույլ են տալիս ավելի մեծ ճշտությամբ առաջադրել և լուծել խնդիրները: Ձեռք բերած փորձառության մուլտիպլիկատորի էֆֆեկտը, այդ թվում` մեթոդաբանությունը, վերակառուցման գործընթացի իրականացման ընթացակարգերը, ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործումը հիմնարար ներդրում կհանդիսանան Գյումրու, ինչպես նաև Հայաստանի այլ պատմական քաղաքների վերազարգացման գործընթացներում: Բացի այդ, քաղաքների վերակառուցված հատվածները տեսանելի օրինակներ և էական խթան կծառայեն հետագա նմանատիպ նախաձեռնությունների համար:

Մասնավորապես, որպես ծրագրի իրագործման առաջնահերթ փուլ առաջարկվում է Գյումրու կենտրոնական հրապարակով, Աբովյան, Գորկու, Շահումյան փողոցներով սահմանազատված և դրանց անմիջականորեն հարող տարածքային հատվածը:

 

1.1. Գյումրի քաղաքում առանձնացված հատուկ տարածքների քաղաքաշինական

ռեգլամենտը և կառուցապատման ռեժիմները

 

Կումայրիի տարածքում առկա կառույցների մեծ մասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներին և կազմակերպություններին, առկա են նաև պետական, համայնքային սեփականության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կառույցներ: Ըստ էության, նշված կառույցների պահպանության խնդիրը մեծ մասամբ պայմանավորված է դրանք տնօրինող սեփականատերերի հնարավորություններով:

Ներկայումս պատմական կառուցապատման, այդ թվում` հուշարձան-շենքերի գերակշիռ մասն իրենց հարող տարածքներով գտնվում են ոչ բարվոք վիճակում, ընդ որում` սեփականատերերից շատերն ի վիճակի չեն հավուր պատշաճի լուծելու կառույցների պահպանման խնդիրները, ինչը կարող է բերել դրանց անվերադարձ կորստին:

Հարկ է նշել նաև ներկայումս իրականացվող կառուցապատման հաճախ ոչ բավարար ճարտարապետական որակը` ուրույն ոճական առանձնահատկություններ ունեցող պատմական միջավայրն ընդգծելու և բարձրարժեք գրավչություն ունեցող կառուցապատում ստեղծելու իմաստով:

ՈՒստի, Գյումրու քաղաքաշինական և պատմաճարտարապետական միջավայրի խաթարման ռիսկերը բացառելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արմատապես կփոխեն ներկա իրավիճակը: Որպես խնդրի լուծմանը նպատակաուղղված առաջնահերթ քայլերից մեկը ներկայանում է Գյումրիում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (այդ թվում` Կումայրի պատմական կենտրոնի) առանձնացման, գործունեության կարգի, կառուցապատման ռեժիմների սահմանումը` հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և ելնելով կառուցապատման, հատակագծման, պատմամշակութային և լանդշաֆտային արժեքների պահպանման և զարգացման, ինչպես նաև ներդրումային գրավիչ միջավայր ձևավորելու անհրաժեշտությունից:

 

1.2. «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական

կարգավիճակը

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի օգոստոսի 5-ի N 463 որոշմամբ ստեղծվել է «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, որի պահպանման տարածքը կազմում է 1000 հա ավելի, այդ թվում` մոտ 300 հա` զբաղեցնում է քաղաքի պատմական միջուկը: «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն իր գործունեությամբ ենթարկվել է Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեին: 1987 թվականին «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը հանձնվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության ենթակայությանը: 1994 թվականն «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը նորից հանձնվել է Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 49 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան շենքեր, շինություններ, այդ թվում` պատմության ու մշակույթի հուշարձաններ) հանձնվել է Գյումրու քաղաքապետարանին:

Գյումրու ավագանու 2004 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ արգելոց-թանգարանի տնօրինությունը որպես ենթաբաժին ընդգրկվել է Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի կազմում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (7) և Շիրակի մարզպետի (8) կողմից առաջարկվել է փոփոխել Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կամ Գյումրու քաղաքապետարանի համակարգում, կամ մարզպետարանի ենթակայությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպմամբ: Ծրագրի մշակման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն կներկայացվի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ:

_____________________________

7) ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի մայիսի 22-ի N 02/1268 գրությամբ առաջարկվել է ՀՀ մշակույթի նախարարության կամ Գյումրու քաղաքապետարանի համակարգում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան կարգավիճակի վերականգնումը` համայնքայինից պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպմամբ:

8) ՀՀ Շիրակի մարզպետի 2008 թվականի մայիսի 23-ի N 03/3187 գրությամբ և կից տեղեկանքով առաջարկվել է վերականգնել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի նախկին կարգավիճակը և այն հանձնել կամ ՀՀ մշակույթի նախարարության կամ ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությանը:

 

1. Անավարտ շենքերի շինարարությունը և հարակից տարածքների բարեկարգումը

 

Գյումրի քաղաքում առկա են անավարտ շինարարական 619 օբյեկտ, որոնցից նախնական ուսումնասիրությամբ միայն 136 անավարտ շենքերն են պիտանի հետագա վերակառուցման համար: Ըստ բնակելի թաղամասերի, անավարտ շինարարական օբյեկտները տեղաբաշխված են`

 

. «Անի» թաղամաս` 8 օբյեկտ, որից 5-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 1 մանկապարտեզը վերակառուցման ենթակա է լրացուցիչ

ուսումնասիրության),

. «Մուշ-1» թաղամաս` 22 օբյեկտ, որից 7-ը ենթակա է վերակառուցման,

. «Մուշ-2» թաղամաս` 167 օբյեկտ, որից 37-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 2 մանկապարտեզը և 1 դպրոցը վերակառուցման ենթակա չեն,

իսկ 1 մանկապարտեզի և 1 դպրոցի վերակառուցման հարցը ենթակա է

լրացուցիչ ուսումնասիրության),

. «Տղմուտ» թաղամաս` 41 օբյեկտ, որից 13-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 1 մանկապարտեզը և 2 դպրոցը վերակառուցման ենթակա

չեն),

. «Աշոցք» թաղամաս` 97 օբյեկտ, որից 6-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 2 մանկապարտեզի վերակառուցման հարցը ենթակա է

լրացուցիչ ուսումնասիրության, իսկ 1 դպրոցը վերակառուցման ենթակա չէ),

. «Շիրակացի» թաղամաս` 148 օբյեկտ, որից 46-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 2 մանկապարտեզը և 2 դպրոցը վերակառուցման ենթակա

չեն),

. «Շերամ-1» թաղամաս` 74 օբյեկտ, որից 19-ը ենթակա է վերակառուցման,

. «Շերամ-2» թաղամաս` 62 օբյեկտ, որից 3-ը ենթակա է վերակառուցման

(թաղամասում առկա 1 մանկապարտեզի վերակառուցման հարցը ենթակա է

լրացուցիչ ուսումնասիրության):

 

Ելնելով Գյումրի քաղաքի կառուցապատման կանոնակարգման խնդիրներից` անհրաժեշտ է ծրագրում առաջնահերթության կարգով ներառել «Մուշ-2» թաղամասի 37, «Անի» թաղամասի 5 անավարտ օբյեկտի վերակառուցման, ինչպես նաև «Արագած» թաղամասի 16 բազմաբնակարան բնակելի շենքի և պետական սեփականություն հանդիսացող 3 հանրակացարանի նորոգման աշխատանքների իրականացումը:

Վերը նշված կիսակառույց թաղամասերից բացի, քաղաքում առկա են նաև տարբեր սեփականատերերի կողմից տարբեր ժամանակներում սկսված և չավարտված կառույցներ:

Քաղաքի անավարտ օբյեկտների վերակառուցման, վերակառուցման ոչ ենթակա օբյեկտների ապամոնտաժման, քաղաքի կիսակառույց թաղամասերի ինժեներական կոմունիկացիաների անցկացման և բարեկարգման աշխատանքների ծավալները ճշգրտելու նպատակով անհրաժեշտ է`

ա. համապատասխան մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված աշխատանքային խմբերի միջոցով տեղում կատարել ուսումնասիրություններ` խնդրո առարկա տեղեկատվությունն ամրագրելով քարտեզագրական նյութի վրա,

բ. ծրագրի շրջանակներում անավարտ շենքերի շինարարության խնդիրները դիտարկել ինչպես տնտեսական և ինժեներատեխնիկական նպատակահարմարության, այնպես էլ կիսակառույց թաղամասերի կառուցապատման ամբողջականության, սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներով ապահովվածության, բարեկարգ և բնակվելու համար հարմարավետ միջավայրի ձևավորման տեսանկյունից:

 

2. Երկրաշարժից քանդված շենքերի և դրանց հարող տարածքների մաքրումը

 

Գյումրիում դեռևս առկա են երկրաշարժից քանդված շենքեր, որոնք բացի վտանգավոր իրավիճակ ստեղծելուց, խաթարում են քաղաքի տեսքը` թողնելով բարոյահոգեբանական ծանր տպավորություն:

Նման շենքերից են Գարեգին Նժդեհի փողոցի վրա գտնվող նախկին տեքստիլկոմբինատի հանրակացարանի շենքը, նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքը և այլն:

Գյումրիում երկրաշարժից քանդված շենքերի և դրանց հարող տարածքների մաքրման հարցի հիմնարար լուծման համար անհրաժեշտ է`

ա. գույքագրել քանդված շենքերը` հաշվառելով դրանք ըստ սեփականատերերի, զբաղեցրած տարածքների և տեղադիրքի,

բ. ծրագրի մշակման շրջանակներում նախատեսել միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական սեփականատերերի կողմից այդպիսի շենքերը քանդելու և դրանց զբաղեցրած տարածքները բարեկարգելու համար:

3.1. Ներկայումս «Շիրակ» հյուրանոցն ապամոնտաժված է մինչև 4-րդ հարկի մակարդակը, և, ըստ մարզպետարանի կողմից տրված տեղեկատվության այն ենթակա է մինչև հիմքն ապամոնտաժման: Ելնելով շենքի զբաղեցրած քաղաքաշինական կարևոր դիրքից` առաջարկվում է (9) շենքը քանդելուց հետո նույն տեղում կառուցել մարզային գրադարանի և Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը` դրանով լուծելով նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից տարածքների ամբողջական բարեկարգման խնդիրը: Հարցի լուծման նպատակով անհրաժեշտ է փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել վերը նշված շենքերի կառուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու վերաբերյալ:

_____________________________

9) Հիմք են ընդունվել ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի մայիսի 22-ի N 02/1268 գրությամբ և ՀՀ Շիրակի մարզպետի 2008 թվականի մայիսի 23-ի N 1-01/3187 գրությամբ ներկայացված առաջարկությունները:

 

3. Գյումրի քաղաքում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի

ստեղծումը

 

Գյումրի քաղաքում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ ստեղծելու նպատակով առաջարկվում է ընդունել «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության առաջարկությունը կոնդենսատորների գործարանի իրեն պատկանող ճաշարանի մասնաշենքը և հարակից 5 հազ. քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով Շիրակի մարզպետարանին հանձնելու վերաբերյալ` հաշվի առնելով Մինաս Ավետիսյանի և Ռ. Աթոյանի որմնանկարների առկայությունը ու դրանք պահպանելու անհրաժեշտությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի սեփականատիրոջը փոխհատուցել շենքի տանիքի վերանորոգման վրա ծախսված 3115.1 հազ. դրամ գումարը և նախատեսել շենքի վերանորոգման և շահագործման համար աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարը (տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, գոյություն ունեցող շենքի վերանորոգում, անհրաժեշտության դեպքում` կցակառույցի շինարարություն, շենքի մոտեցումների կազմակերպում և այլն): Հարցի լուծման նպատակով անհրաժեշտ է փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել վերը նշված շենքերի կառուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու վերաբերյալ:

 

5. Վարչական շենքերի ճարտարապետական տեսքի բարելավումը

 

Գյումրիում տեղաբաշխված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքային ապահովվածության խնդիրը դեռևս հեռու է բավարար լինելուց: Բնույթով տարբեր զգալի թվով կազմակերպություններ ստիպված են գոյատևել մեկ շենքում, չունենալով բավարար աշխատանքային պայմաններ: Ներկայումս գործող վարչական շենքերի որոշ մասը կարիք ունեն հիմնական կամ կոսմետիկ վերանորոգման:

Ըստ Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացված տվյալների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերն են`

 

.______________________________________________________________________.

|Հ/Հ|      Հասցե      |             Հիմնարկի անվանումը                 |

|___|_________________|________________________________________________|

|1. |Մ. Խորենացու փող.|Մաքսային ծառայություն                           |

|___|_________________|________________________________________________|

|2. |Հովսեփյան փող.   |Հարկային ծառայություն                           |

|___|_________________|________________________________________________|

|3. |Հաղթանակի պող.   |Մարզի դատախազություն                            |

|___|_________________|________________________________________________|

|4. |Շիրակի փող.      |Ազգային անվտանգություն                          |

|___|_________________|________________________________________________|

|5. |Իսահակյան փող.   |Բնապահպանական տեսչություն                       |

|___|_________________|________________________________________________|

|6. |Ղուկասյան փող.   |Փրկարարական ծառայություն                        |

|___|_________________|________________________________________________|

|7. |Շիրակացի փող.    |Քաղաքապետարան*, պետստանդարտ                     |

|___|_________________|________________________________________________|

|8. |Բուլվարային փող. |Վիճակագրական կենտրոն                            |

|___|_________________|________________________________________________|

|9. |Պռոշյան փող.     |Մարզի ոստիկանության բաժին                       |

|___|_________________|________________________________________________|

|10.|Գ. Նժդեհի փող.   |Շիրակի մարզպետարան*                             |

|___|_________________|________________________________________________|

|11.|Գայի փող.        |Մարզի ժողկրթբաժին                               |

|___|_________________|________________________________________________|

|12.|Սավոյան փող.     |Ռազմական ոստիկանություն                         |

|___|_________________|________________________________________________|

|13.|Վ. Սարգսյան փող. |Սեյսմիկ պաշտպանություն                          |

|___|_________________|________________________________________________|

|14.|Շիրակացու փող.   |Շիրակի մարզի քննչական բաժին                     |

|___|_________________|________________________________________________|

|15.|Աբովյան փող. 242 |Զբաղվածության կենտրոն, կադաստրի ստորաբաժանում   |

|___|_________________|________________________________________________|

|16.|Գ. Նժդեհի փող. 28|Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան|

|   |                 |ԴԱՀԿ, Պետռեգիստր, Նոտար                         |

|___|_________________|________________________________________________|

|17.|Վ. Սարգսյան փող. |Ազգային ակադեմիայի վիբրացիայի և  մեխանիկայի     |

|   |                 |լաբորատորիա /մանկապարտեզի շենք/ վթարային է      |

|___|_________________|________________________________________________|

|18.|Չայկովսկու փող.  |Գյումրու գազաֆիկացման գրասենյակ                 |

|___|_________________|________________________________________________|

|19.|Մ. Մկրտչյան փող. |Ոստիկանության բաժանմունք                        |

|___|_________________|________________________________________________|

|20.|Պռոշյան փող.     |Մանարանի վարչական շենք                          |

|___|_________________|________________________________________________|

|21.|Գործարանային նրբ.|«Հայմամուլի» վարչական շենք                      |

|___|_________________|________________________________________________|

|22.|Շահամիրյան փող.  |Սոցիալական ծառայություն                         |

|___|_________________|________________________________________________|

|23.|Ռուսթավելու փող. |Հրշեջ բաժին                                     |

|___|_________________|________________________________________________|

|24.|Գորկու փող. 62   |Քաղաքաշինական պետական տեսչություն, հասարակական  |

|   |                 |կազմակերպություններ, քաղաքապետարանի բաժիններ    |

|   |                 |/վթարային է/                                    |

|______________________________________________________________________|

|* Ծանոթագրություն. հարցը լուծման փուլում է                            |

.______________________________________________________________________.

 

Գյումրիում տեղաբաշխված վարչական շենքերի ճարտարապետական տեսքի բարելավման հարցի լուծման համար անհրաժեշտ է կազմել վարչական շենքերի տեխնիկական անձնագրերը ըստ առաջնահերթության, որոնց հիման վրա ծրագրի շրջանակներում, մշակել համապատասխան միջոցառումների ծրագիր` դիտարկելով խնդրի կարգավորման հնարավորությունները:

 

6. Գյումրի քաղաքում տնակային թաղամասերի վերացումը

 

Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում տեղադրված տնակների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 6206, որոնք անկանոն տեղաբաշխված են քաղաքի ամբողջ բնակելի տարածքում` պայմանականորեն առանձնացված քաղաքի 96 տեղամասերում (աղյուսակը կցվում է):

Տնակներում բնակվող ընտանիքներից 2008 թվականի դրությամբ, երկրաշարժի հետևանքով անօթևանների ցուցակում հաշվառված 2863 տնակում բնակվող ընտանիքներ են, մինչդեռ 3343 տնակում բնակվող ընտանիքները վերոհիշյալ ցուցակում հաշվառված չեն:

Գյումրի քաղաքում տնակային թաղամասերի վերացման խնդիրն անհրաժեշտ է լուծել անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրային մոտեցումի շրջանակներում:

Միևնույն ժամանակ, Գյումրիում ներդաշնակ և բնակության համար հարմարավետ կենսամիջավայրի ձևավորման, քաղաքի` որպես տարածաշրջանային տուրիստական կենտրոնի ձևավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի համար առավել գրավիչ պայմաններ ստեղծելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է կարիքավոր ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերում հաշվի առնել նաև քաղաքի համար քաղաքաշինորեն առավել կարևոր տարածքներում տեղադրված տնակների ամբողջական տեղահանման խնդիրը ըստ փոխհամաձայնեցված փուլերի, որի իրականացման համար անհրաժեշտ է`

ա. ըստ առաջնահերթությունների գույքագրել վերը նշված տարածքներում տեղադրված ժամանակավոր տնակները և հաշվառել դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակը,

բ. ծրագրի շրջանակներում դիտարկել Գյումրի քաղաքում տնակային տնտեսությունների ամբողջական վերացմանը նպատակաուղղված միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում մշակելով նաև իրավական կարգավորման համապատասխան մեխանիզմներ:

 

7. Գյումրու նորացված քաղաքի բարելավումը

 

7.1. Հասարակական օգտագործման կանաչ գոտիների լավարկումը և

ընդարձակումը

 

Համաձայն Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի` քաղաքում առկա ընդհանուր օգտագործման 140.45 հա կանաչապատ տարածքները հեռանկարում նախատեսված է հասցնել 446.1 հա:

Ելնելով քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների նպատակային օգտագործման նկատառումներից` անհրաժեշտ է`

 

ա. գույքագրել և քարտեզագրական նյութի վրա արտացոլել գլխավոր հատակագծով ամրագրված կանաչապատման ենթակա տարածքներում առկա շինությունները, այդ թվում` ինքնակամ` ըստ սեփականության տեսակների և գործառական նշանակության,

բ. գլխավոր հատակագծով ամրագրված կանաչապատման ենթակա տարածքների, մասնավորապես, «Չերքեզի ձոր» կիրճի, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի սահմաններում ներառված լանդշաֆտների գոտու կանաչապատման և անտառապատմաթանգարանին աշխատանքների իրականացման համար ծրագրի շրջանակներում մշակել քաղաքի կանաչապատման միջոցառումներ` համաձայն եվրոպական չափանիշներին համապատասխանող մոտեցումների,(10)

__________________________________

10) Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիա (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2004 թվականի մարտի 9-ին):

 

գ. մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն ծրագրի հաստատումը, զերծ մնալ քաղաքի կանաչապատման և դրա համար նախատեսված տարածքներում նոր հողահատկացումներ կատարելու և ինքնակամ շինություններն օրինականացնելու գործառույթներ իրականացնելուց:

 

7.2. Գյումրի քաղաքի մուտքերի քաղաքաշինական կազմակերպումը և

բարելավումը

 

Հանրահայտ է, որ այցելուների համար ցանկացած քաղաքի մասին առաջին տպավորությունն ստեղծվում է տվյալ քաղաքի մուտքից:

Ելնելով Գյումրի քաղաք մուտ գործող միջպետական նշանակության Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման և հանրապետական նշանակության Հ-32 Գյումրի-Կապս-Ամասիա, «Գյումրի» օդանավակայանից դեպի քաղաք ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև երկաթուղային կայարանի հրապարակին հարող Գյումրի քաղաքի մուտքերի կառուցապատման միջավայրի ոչ բավարար վիճակից և հաշվի առնելով քաղաքի զարգացմանը նպատակաուղղված քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգման անհրաժեշտությունը` անհրաժեշտ է ծրագրի շրջանակներում ուսումնասիրել վերը նշված տարածքներում առկա քաղաքաշինական իրադրությունը և մշակել Գյումրի քաղաքի մուտքերին հարող տարածքներում կազմակերպված և գրավիչ միջավայրի ստեղծմանը նպատակաուղղված միջոցառումներ:

 

7.3. Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնումը

 

Գյումրու կայանամերձ հրապարակում գտնվող` 1930-ական թվականներին կառուցված Սևյանի անվան երկաթուղայինների պալատը նախկինում եղել է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Կառույցը (11) երկրաշարժի հետևանքով մասնակիորեն փլուզվել է և այժմ անհետաձգելի վերականգնման կարիք ունի:

_______________________________________

11) Ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում:

 

Հարկ է նշել նաև, որ երկաթուղայինների մշակույթի պալատի համույթը գործում է տնակային պայմաններում և, չունենալով տարրական պայմաններ, առ այսօր պահպանում է իր վաղեմի ավանդույթները: Միևնույն ժամանակ, նշված կառույցի վերականգնմամբ կլուծվեն ոչ միայն մշակութային օջախի վերստեղծման և հուշարձան շենքի վերականգնման, այլև Գյումրու քաղաքաշինական կարևոր հանգույցի` կայանամերձ հրապարակի բարեկարգման խնդիրները:

Հարցի լուծման նպատակով անհրաժեշտ է փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնումն ու կայանամերձ հրապարակի բարեկարգումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու վերաբերյալ:

 

7.4. Գյումրին շրջանցող ճանապարհների շինարարության ավարտումը

 

Նկատի ունենալով Գյումրի քաղաքի տեղադիրքը` հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջպետական ավտոմայրուղիների հատման տիրույթում գտնվելը և ելնելով նշված մայրուղիներով երթևեկող տրանսպորտային միջոցներից քաղաքի փողոցները որպես տարանցիկ ուղիներ զերծ պահելու անհրաժեշտությունից, երկրաշարժից անմիջապես հետո մշակված նախագծային փաստաթղթերով (12) նախատեսվել է քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցում, որից իրականացվել է Երևանյան խճուղուց դեպի Ախուրյան գնացող մոտ 5.0 կմ հատվածը և Ախուրյանից դեպի Մայիսյան տանող ճանապարհահատվածի մի մասի հողային պաստառը:

_____________________________________

12) Շրջանցող ճանապարհի կառուցումն ամրագրված է նաև գործող գլխավոր հատակագծով:

 

Հաշվի առնելով քաղաքի` որպես տարածաշրջանային կենտրոնի տրանսպորտային կապերի զարգացման և արդիականացման խնդիրը անհրաժեշտ է ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում լրամշակել Գյումրի քաղաքը շրջանցող ավտոմայրուղու նախագծային փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսել ավտոմայրուղու կառուցումը:

 

7.5. Կառուցապատման և շինարարական նոր տեխնոլոգիաների խրախուսումը

 

Գյումրիում դեռևս մեծ թիվ են կազմում տարբեր պատճառներով բնակարանային ապահովման խնդիրներ ունեցող ընտանիքները: Նշված, այդ թվում` ժամանակավոր տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով և անհրաժեշտ այլ ենթակառույցներով ապահովելու համար անհրաժեշտ են հուսալիության և անվտանգության նորմատիվային պահանջները բավարարող, գնային առումով մատչելի, արագ կառուցվող, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով շինություններ: Արդեն կան նախագծային առաջարկություններ, որոնք գտնվում են փորձաքննության փուլում: Նպատակահարմար է քաղաքում առանձնացնել այդ տիպի շինություններով համալիր կառուցապատման ու բարեկարգման տարածքներ, հատկապես նորակառույց թաղամասերում:

Շինարարական նոր տեխնոլոգիաների խրախուսման, մրցակցային դաշտի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը կհայտարարի նմանատիպ շինությունների նախագծային առաջարկների մրցույթ:

 

7.6. Արդյունաբերական նշանակության տարածքների օգտագործման

արդյունավետության ապահովումը

 

Ներկայումս Գյումրի քաղաքում կա 366.7 հա արդյունաբերական նշանակության տարածք, որից միայն փոքր մասն է արդյունավետ օգտագործվում: Սրանք իրենց մասշտաբներով, հաճախ անխնամ ու գորշ ծավալներով, ստեղծում են Գյումրի քաղաքի ճարտարապետական կերպարին անհարիր միջավայր:

Արդյունաբերական տարածքների նորովի օգտագործման և առողջացման խնդիրն արդիական է աշխարհի շատ երկրների համար, քանի որ նոր տեխնոլոգիաների ներմուծումը և տնտեսության գլոբալիզացման գործընթացները հանգեցնում են բազմաթիվ արդյունաբերական գործարարների արագ հնեցմանն ու համապատասխան տարածքների բարձիթողի վիճակի առաջացման (13), ուստի նախկին արդյունաբերական տարածքների վերականգնումը, դրանք մատչելի դարձնելն այլ կարգի օգտագործումների համար ոչ միայն կնպաստի ներդրողների համար գրավիչ միջավայր ստեղծմանը, այլև կկիրառվի որպես նոր ռեսուրս` քաղաքային տարածքների կառուցապատման օպտիմալացման տեսանկյունից:

____________________________________________

13) Նշված մոտեցումներն ամրագրված են Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերով, այդ թվում` Անդամ պետությունների նախարարների կոմիտեի N Rec (2002) I հանձնարարականով ընդունված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման ուղենիշային սկզբունքները» փաստաթղթով:

 

Գյումրիում առկա են նաև արդյունաբերական նշանակության հուշարձան շենքեր (համալիրներ), որոնց նկատմամբ պահանջվում են առանձնահատուկ մոտեցումներ: Դրա տիպիկ օրինակը կարող է լինել Գյումրու մանվածքային ֆաբրիկան, որը գտնվում է քաղաքի բավական շահեկան տարածքում, ունի բազմաթիվ մասնաշենքեր, որոնց զգալի մասը բավականաչափ բարվոք վիճակում գտնվող հուշարձան-շենքեր են:

Ծրագրի մշակման շրջանակներում անհրաժեշտ է լրացուցիչ և ուսումնասիրությունների տվյալների հիման վրա մշակել միջոցառումներ, այդ թվում` առաջնահերթ, Գյումրու արդյունաբերական տարածքների նորովի օգտագործման և առողջացման ուղղությամբ:

 

7.7. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության

կառավարությունների միջև ՀՀ Շիրակի մարզում շինարարական և

վերականգնողական աշխատանքների իրականացման շրջանակներում

համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրումը

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի 9-րդ նիստի արձանագրության 2.1-ին կետի` շարունակվում են աշխատանքները «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում շինարարական և վերականգնողական աշխատանքների իրականացման շրջանակներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Հայկական կողմը մշակել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի օբյեկտների աշխատանքային նախագծերը, որոնք անցել են միջպետական փորձաքննություն, հաստատվել են ՌԴ պետփորձաքննության և «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից (14): Համաձայնագրի առարկա հանդիսացող օբյեկտների թվում է նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի համալիրի վերակառուցումն ու վերականգնումը:

__________________________________________

14) Համաձայնագրի առարկա հանդիսացող օբյեկտներն են`

1. «Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի համալիրի վերակառուցում և վերականգնում» (հասցե. Գայի 1) -

47670,85 հազար ՌԴ ռուբլի (775661,29 հազար դրամ).

(աշխատանքային նախագծի միջպետական փորձաքննության ամփոփ եզրակացություն N ՄԳԷ-01, 17.12.2007 թ.).

2. «ՌԴ պաշտպանության նախարարության N 19 դպրոցի մարզադահլիճի շինարարություն» (հասցե. N 8 ռազմական թաղամաս) -

15166,28 հազար ՌԴ ռուբլի (246773.37).

(աշխատանքային նախագծի միջպետական փորձաքննության ամփոփ եզրակացություն N ՄԳԷ-02, 17.12.2007 թ.).

3. «ՌԴ պաշտպանության նախարարության երեք բնակելի շենքի (72 բն.) շինարարության ավարտում» (հասցե. N 8 ռազմական թաղամաս) -

58022,90 հազար ՌԴ ռուբլի (944101,4 հազար դրամ).

(աշխատանքային նախագծի միջպետական փորձաքննության ամփոփ եզրակացություն N ՄԳԷ-03, 17.12.2007 թ.).

4. «Ախուրյանի հիվանդանոցային համալիրի վերակառուցում, Վարչական և լաբորատոր մասնաշենքեր» -

14364,16 հազար ՌԴ ռուբլի (233721,9 հազար դրամ).

(աշխատանքային նախագծի միջպետական փորձաքննության ամփոփ եզրակացություն N ՄԳԷ-04, 17.12.2007 թ.).

 

Համաձայնագրի շրջանակներում ընդգրկված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 92314,19 հազ. ՌԴ ռուբլի (2200257,96 հազ. դրամ):

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2008
N 642-Ա
Որոշում