Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

216. Հիդրոագրեգատները պետք է աշխատեն տուրբինային ջրատարների վրա տեղադրված կափույրների լրիվ բաց վիճակում: Հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի սահմանային բացումը պետք է լինի ոչ ավելի այն արժեքից, որը համապատասխանում է հիդրոագրեգատի (գեներատոր-շարժիչ) առավելագույն թույլատրելի բեռնվածքին տվյալ էջքի և արտածծման բարձրության դեպքում:

217. Աղբապահ ճաղավանդակների վրա ճնշման անկումը չպետք է գերազանցի կազմակերպության ներքին շահագործման հրահանգում նշված սահմանային արժեքը:

218. Պահուստային հիդրոագրեգատները պետք է լինեն ավտոմատ անհապաղ գործարկմանը պատրաստ վիճակում`

1) փակ ուղղորդիչ սարքով հիդրոտուրբինները (պոմպ-տուրբիններ) պետք է գտնվեն ճնշման տակ, ջրընդունիչի և արտածծման խողովակի վրա գտնվող կափույրների լրիվ բաց վիճակի դեպքում.

2) 300 մ և ավելի էջք ունեցող բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայաններում, ինչպես նաև 200-ից մինչև 300 մ էջքով 3000 ժ-ից պակաս օգտագործված պահուստային հիդրոագրեգատների նախատուրբինային և ներսարքված օղակաձև կափույրները պետք է փակ լինեն.

3) 200 մ-ից ցածր էջք ունեցող հիդրոէլեկտրակայաններում, պահուստային ագրեգատի նախատուրբինային կափույրը չպետք է փակվի, եթե այն չի կատարում օպերատիվ գործառույթներ:

219. Հիդրոագրեգատները, որոնք աշխատում են սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, պետք է պատրաստ լինեն գեներատորային ռեժիմի անհապաղ ավտոմատ փոխադրմանը:

220. Հիդրոտուրբինը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում աշխատելիս տուրբինի աշխատանքային անիվը պետք է ազատված լինի ջրից:

221. Նախատուրբինային կափույրներ ունեցող հիդրոէլեկտրակայաններում հիդրոագրեգատը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմի փոխադրման ժամանակ նախատուրբինային կափույրը պետք է փակվի:

222. Հիդրոագրեգատները (այսուհետ` ագրեգատները) պետք է աշխատեն պտտման հաճախության ավտոմատ կարգավորման ռեժիմում` առաջադրված ստատիզմով: Հիդրոտուրբինի կարգավորիչի փոխադրումը սահմանափակիչի բացման կամ ձեռքով վարման աշխատանքի ռեժիմի թույլատրվում է բացառիկ դեպքերում, հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և էներգահամակարգի կարգավարի ծանուցմամբ:

223. Հիդրոագրեգատի ավտոմատ կարգավորումը շահագործելու դեպքում պետք է ապահովված լինեն`

1) հիդրոագրեգատի ավտոմատ և ձեռքով գործարկումն ու կանգառը.

2) բոլոր ռեժիմներում հիդրոագրեգատի կայուն աշխատանքը.

3) մասնակցությունն էներգահամակարգի օպերատորի կողմից առաջադրված հաճախությամբ էներգահամակարգի հաճախության կարգավորմանը, ստատիզմի նախադրվածքով 4,5-ից մինչև 6,0 % սահմաններում և մեռյալ գոտում.

4) հիդրոագրեգատի հզորության փոփոխության ժամանակ կարգավորող օրգանների սահուն (յուղատար խողովակներում առանց ցնցումների և հիդրոհարվածների) տեղաշարժը.

5) կարգավորման երաշխիքների կատարումը.

6) ճնշման փոփոխության դեպքում հզորության ուղղորդիչ սարքի առավելագույն բացման սահմանափակման ավտոմատ փոփոխությունը.

7) կոմբինատորային կախվածության ավտոմատ և ձեռքով փոփոխությունը` ըստ էջքի (պտտվող-թիակային հիդրոտուրբինների համար).

8) հիդրոագրեգատի ավտոմատ փոխադրումը սինքրոն փոխհատուցչի ռեժիմին և հակառակը:

224. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ և երեքից ավելի ագրեգատների քանակությամբ հիդրոէլեկտրակայանները պետք է սարքավորված լինեն ակտիվ հզորության խմբակային կարգավորման (ԱՀԽԿ) համակարգերով` ըստ հաճախության և հզորության հաղորդման էներգահամակարգերի ռեժիմի երկրորդական ավտոմատ կարգավորման համար դրանց հնարավոր օգտագործմամբ: ԱՀԽԿ-ի համակարգի անջատումը թույլատրվում է էներգահամակարգի կարգավարական ծառայության թույլտվությամբ այն դեպքում, երբ հիդրոէլեկտրակայանների սարքավորումների աշխատանքային ռեժիմի պայմաններից կամ տեխնիկական վիճակից ելնելով, հնարավոր չէ ագրեգատների խմբակային կարգավորումը:

225. Ագրեգատի գործարկման, դրա նորմալ և վթարային կանգառի և արտապլանային բեռնվածքների փոփոխման թույլտվության պայմանները պետք է շարադրված լինեն հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և օպերատիվ անձնակազմի աշխատանքային տեղերում գտնվող կազմակերպության հրահանգներում:

226. Հիդրոագրեգատի գործարկման պայմանները և դրա աշխատանքի ռեժիմը որոշող բոլոր հարաչափերի արժեքները պետք է սահմանվեն արտադրող կազմակերպությունների կողմից որոշված հատուկ փորձարկումների տվյալների հիման վրա:

227. Յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք է որոշվի և շահագործող կազմակերպության հրահանգներով սահմանված ժամկետներում պարբերաբար վերահսկվի հետևյալ գործընթացների նվազագույն ժամանակը`

1) բեռնվածքի իջեցման ժամանակ, մինչև մեղմացման գոտի հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի փակման.

2) առավելագույն արագությամբ բեռնվածքի հավաքման դեպքում հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի բացման.

3) պտտվող-թիակային և անկյունագծային հիդրոտուրբինների աշխատանքային անիվի թիակների պտույտի և կծկման.

4) շերեփավոր հիդրոտուրբինի կարգավորող ասեղների և շիթի շարժիչների փակման և բացման.

5) վթարային փակման մղակի գործարկման դեպքում ուղղորդիչ սարքի փակման.

6) ենթատուրբինային կափույրների, ինչպես նաև ջրընդունիչի վրայի վթարանորոգող կափույրների փակման և բացման.

7) հիդրոտուրբինի պարապ արտանետման փակման.

8) կազմակերպության հրահանգին համապատասխան պարբերաբար, պետք է ստուգվեն կարգավորման երաշխիքները:

228. Հիդրոագրեգատների շահագործման ժամանակ մնայուն և տեղափոխվող սարքերի օգնությամբ կանոնավոր չափումների և դիտարկումների ճանապարհով պետք է կազմակերպվի սարքավորումների աշխատանքի վերահսկումը շահագործող կազմակերպության հրահանգներում նշված ծավալով և պարբերությամբ:

229. Չի թույլատրվում հիդրոագրեգատի երկարատև աշխատանքը թրթռման բարձր մակարդակներում`

1) տուրբինի առանցքակալի իրանի հորիզոնական թրթռման (կրկնակի ամպլիտուդ) տատանաթափը, ինչպես նաև գեներատորի վերին և ստորին խաչարդների հորիզոնական թրթռման տատանաթափը, եթե դրանց վրա տեղադրված են ուղղորդիչ առանցքակալներ` կախված հիդրոագրեգատի ռոտորի պտույտի հաճախականությունից, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները`

հիդրոագրեգատի ռոտորի պտույտի հաճախականությունը,

    պտ/րոպե .........................                  60 և  պակաս 150 300

                                                      428          600

թրթռման թույլատրելի մեծությունը, մմ ............. 0,18  0,16   0,12

............. 0,10 0,08

 

2) տուրբինի կափարիչի, գեներատորի հենարանային կոնի կամ բեռնատար խաչարդի ուղղաձիգ թրթռման տատանաթափը, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները (կախված թրթռման հաճախականությունից)`

թրթռման հաճախականությունը, Հց ................ 1 և պակաս 3 6 10

16 30 և ավելի

թրթռման թույլատրելի տատանաթափը, մմ... 0,18 0,15 0,12 0,08 0,06 0,04

 

3) հիդրոագրեգատի լիսեռի բաբախումը չպետք է գերազանցի շահագործող կազմակերպության հրահանգում նշված և արտադրող կազմակերպության կողմից սահմանած մեծություններից:

230. Շահագործող կազմակերպության հրահանգում յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք է նշված լինեն կրնկակալի սեգմենտների առանցքակալների և յուղատաշտակներում յուղի անվանական և առավելագույն ջերմաստիճանները: Նախազգուշական ազդանշանը պետք է միանա տարվա տվյալ ժամանակի համար սեգմենտի և յուղատաշտակում յուղի ջերմաստիճանի անվանականից 5 oC-ով բարձրանալու դեպքում: Ջերմաազդանշանիչով յուրաքանչյուր սեգմենտի և յուղի համար ջերմաստիճանների նախադրվածքների մեծությունները որոշվում են շահագործող անձնակազմի կողմից շահագործման փորձի կամ փորձարկումների հիման վրա և մտցվում են շահագործող կազմակերպության հրահանգ:

231. Հիդրոագրեգատի տեխնիկական ջրամատակարարման համակարգը բոլոր աշխատանքային ռեժիմներում պետք է ապահովի գեներատորի հենարանային հանգույցների, ռոտորի և ստատորի հովացումը, ռետինապատված տուրբինային առանցքակալի և այլ սպառող հանգույցների յուղումը:

232. Հիդրոտուրբինների կապիտալ նորոգումը պետք է կատարվի 5-ից մինչև 7 տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում, էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով թույլատրվում է շեղում հաստատված ժամկետներից:

 

20. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

233. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի շահագործման ժամանակ պետք է ապահովվեն`

1) անհրաժեշտ քանակությամբ, պահանջվող որակի և նորմատիվային ջերմաստիճանով հովացնող ջրի անխափան մատակարարումը.

2) տուրբինների խտարարների և տեխնիկական ջրամատակարարման համակարգի աղտոտման կանխումը.

3) շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումը:

234. Տուրբինների խտարարների խողովակներում և այլ ջերմափոխանակիչ սարքերում նստվածքների առաջացումը, քայքայումը, տեխնիկական ջրամատակարարման համակարգի բուսապատումը, «ջրածաղկումը» կանխելու համար պետք է կատարվեն կանխարգելիչ միջոցառումներ, ելնելով տեղային պայմաններից, ինչպես նաև դրանց արդյունավետությունից, շրջակա միջավայրի պահպանման պայմանների թույլատրելիությունից և տնտեսական նկատառումներից:

235. Հովացնող ջրի դիրտագոյացման ունակության դեպքում էներգաօբյեկտի շահագործող անձնակազմը` հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով, շրջադարձ ջրամատակարարման համակարգում պետք է`

1) կատարի արտափչում, ջրի թթվեցում կամ ֆոսֆատացում, կամ կիրառի դրա մշակման համակցված մեթոդներ` թթվեցում և ֆոսֆատացում, կրացում և այլն.

2) ավելացվող ջրի թթվեցումը ծծմբական կամ աղային թթուներով թթվեցման ժամանակ դրա հիմնայնությունը պահի ոչ պակաս, 1,0-ից մինչև 0,5 մգ-էկվ/դմ3 թթուն անմիջականորեն առու ջրի մեջ մտցնելու դեպքում դրա հիմնայնությունը պահի ոչ պակաս 2,0-ից մինչև 2,5 մգ-էկվ/դմ3, ծծմբական թթվի օգտագործման ժամանակ հետևի, որպեսզի առու ջրում սուլֆատների պարունակությունը չհասնի այնպիսի մակարդակի, որը վնասի բետոնե կառուցվածքները կամ առաջացնի կալցիումի սուլֆատի նստեցում.

3) առու ջրի ֆոսֆատացման ժամանակ ֆոսֆատի պարունակությունը` հաշվարկված ըստ PO34-ի, պահի 2,0-ից մինչև 2,7 մգ/դմ3 սահմաններում.

4) օքսիլիդենդիֆոսֆոնային թթու կիրառելու դեպքում դրա պարունակությունն առու ջրում կախված քիմիական բաղադրությունից, պահի 0,25-ից մինչև 4,0 մգ/դմ3 սահմաններում, ջրում այդ թթվի բաղադրությունը սահմանափակի` ըստ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) մինչև 0,9 մգ/դմ3:

236. Ջերմափոխանակիչների աղտոտումն օրգանական նստվածքներից կանխելու համար, հովացնող ջրի քլորացման ժամանակ խտարարի ելքում ակտիվ քլորի պարունակությունը ջրում պետք է լինի 0,4-ից մինչև 0,5 մգ/դմ3 սահմաններում:

237. Հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով առու համակարգում ջրիմուռները ոչնչացնելու համար ջուրը պղնձարջասպով մշակելու ժամանակ դրա պարունակությունը հովացնող ջրում պետք է լինի 3-ից մինչև 6 մգ/դմ3-ի սահմաններում:

238. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում (խոշոր ճաղավանդակների մակերևույթների, ջրամաքրման ցանցերի կառուցվածքային տարրերի, ջրընդունող և ներծծող խցիկների և ճնշումային ջրատարների) կենսաօրգանիզմներով բուսապատման ժամանակ պետք է կիրառվեն չբուսապատվող ծածկույթներ, ամիսը մեկ անգամ, 4-ից մինչև 5 օր տևողությամբ կատարվեն ուղիների լվացում տաք ջրով, օժանդակ սարքավորումներ մուտք գործող հովացնող ջրի քլորացում` պահպանելով քլորի ակտիվ բաժնեչափը 1,5-ից մինչև 2,5 մգ/ դմ3:

239. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի սարքավորումների և հիդրոհովացուցիչների աշխատանքը պետք է ապահովի ԿԷԿ-ի շահագործման համար սույն գլխի 233-րդ կետի պահանջների կատարումը:

240. Շրջանառու ուղիներից օդի հեռացման պարբերականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի սիֆոնի բարձրությունը դրանցում չնվազի 0,3 մ-ից ոչ ավելի` նախագծային մեծության հետ համեմատած:

241. Համակարգի կեղտոտումից առու պոմպի ճնշման շեղումը չպետք է գերազանցի 1,5 մ-ը` համեմատած նախագծային մեծության հետ:

242. Հիդրոհովացուցիչների, ջրընդունիչ և ջրնետ կառուցվածքների աշխատանքի օպտիմալ ռեժիմները պետք է ընտրվեն ռեժիմային քարտերին համապատասխան` մշակված կոնկրետ օդերևութաբանական պայմանների և ջերմային էլեկտրակայանների կոնդենսացիոն ռեժիմով բեռնվածքների համար:

243. Հովացուցիչից հետո հովացնող ջրի միջին օրական ջերմաստիճանի բարձրացումը, համեմատած նորմատիվային բնութագրով պահանջվածի հետ, ավելի քան 1 oC-ի դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ` թերհովացման պատճառների հայտնաբերման և վերացման համար:

244. Հովացման աշտարակների հիմնական կառուցվածքների (աշտարակի տարրերի, հակասառցապատման նախամուտքի, ջրորսիչի, ոռոգիչի, ջրաբաշխիչ սարքավորման և օդափոխիչ սարքի) զննումը պետք է կատարվի ամեն տարի` գարնանն ու աշնանը: Հայտնաբերված անսարքությունները (բացվածքներն աշտարակի երեսպատվածքում, ոռոգիչում, նախամուտքի պտտվող վահանակների դիրքային ամրապնդիչների, ջրաբաշխիչ ջրցող սարքավորումների ոչ բավարար վիճակը) պետք է վերացվեն: Նախամուտքի պտտվող վահանակներն օդի դրական ջերմաստիճանի ժամանակ պետք է տեղադրված և հաստատված լինեն հորիզոնական դիրքում:

245. Մետաղական կառուցվածքների հակակոռոզիոն ծածկույթը, ինչպես նաև երկաթբետոնե տարրերի քայքայված պաշտպանական շերտը պետք է վերականգնվի ըստ անհրաժեշտության: Ջրհավաք ավազանները, ինչպես նաև ջրհովացուցիչների աշտարակների ծածկույթների ասբեստացեմենտային սալիկները պետք է ունենան հուսալի հիդրոմեկուսացում:

246. Հովացնող աշտարակների ջրաբաշխիչ համակարգերը պետք է լվացվեն տարին առնվազն 2 անգամ` գարնանն ու աշնանը: Աղտոտված ծայրափողակները պետք է ժամանակին մաքրվեն, իսկ շարքից դուրս եկածները` փոխարինվեն: Հովացնող աշտարակների ջրհավաք ավազանները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ մաքրվեն տիղմից և աղբից:

247. Հովացնող աշտարակի վերանորոգման ժամանակ օգտագործվող փայտյա կառուցվածքները պետք է հականեխվեն, իսկ ամրակման դետալները` ցինկապատվեն:

248. Հովացնող աշտարակների ոռոգիչների կառուցվածքները պետք է մաքրվեն հանքային և օրգանական կուտակումներից:

249. Հովացնող աշտարակների ճաղավանդակներն ու ցանցերը պետք է զննվեն հերթափոխը մեկ անգամ և անհրաժեշտության դեպքում մաքրվեն, որպեսզի ջրի շերտը դրանց վրա լինի 0,1 մ-ից ոչ ավելի:

250. Ձմռանը հովացնող աշտարակների օգտագործման ժամանակ շրջակա տարածքի և շենքերի խոնավացման և սառցապատման դեպքում դրանք պետք է սարքավորված լինեն ջրորսիչ սարքերով:

251. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում մի քանի զուգահեռ աշխատող հովացնող աշտարակների առկայության և ձմռանը հովացնող ջրի ընդհանուր ծախսի պակասեցման դեպքերում դրանց մի մասը պետք է կոնսերվացվի` իրականացնելով հակահրդեհային և այլ անհրաժեշտ միջոցառումներ: Ոռոգիչի սառցակալումից խուսափելու համար աշխատող հովացնող աշտարակներում ոռոգման խտությունը պետք է լինի ոռոգման 1մ2 տարածքում առնվազն 6 մ3/ժ, իսկ ջրի ջերմաստիճանը հովացնող աշտարակի ելքում 10 oC-ից ոչ պակաս:

252. Ձմռան ընթացքում հովացնող աշտարակի կարճատև անջատման ժամանակ պետք է ապահովվի գոլ ջրի առկայությունն ավազանում` դրանում սառույցի առաջացումը կանխելու համար:

253. Փայտից, պոլիէթիլենից և այլ դյուրավառ նյութերից կառուցվածքային տարրերով հովացնող աշտարակը շահագործումից ժամանակավոր դուրս բերելու դեպքում օդանցքի պատուհանները պետք է փակվեն, իսկ հովացնող աշտարակների նկատմամբ պետք է սահմանվի հակահրդեհային հսկողություն:

254. Հովացնող աշտարակների մետաղական հիմնակմախքների մանրակրկիտ զննումը պետք է կատարվի 10 տարին առնվազն մեկ անգամ, երկաթբետոնե պատյաններինը` 5 տարին առնվազն մեկ անգամ:

 

V. ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

21. ՎԱՌԵԼԻՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

255. Վառելիքատրանսպորտային տնտեսության շահագործման ժամանակ պետք է ապահովվի`

1)էներգաօբյեկտի երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքն ու սահմանված ժամկետներում երկաթուղային վագոնների, ցիստեռնների և այլ փոխադրամիջոցների մեքենայացված բեռնաթափումը.

2) վառելիքի ընդունումը մատակարարներից և դրա որակի ու քանակի ստուգումը.

3) վառելիքի սահմանված պաշարի մեքենայացված պահեստավորումն ու պահպանումը նվազագույն կորուստներով.

4) վառելիքի ժամանակին և անխափան նախապատրաստումն ու մատակարարումը կաթսայատուն.

5) շրջակա միջավայրի աղտոտման կանխումը նավթամթերքներից:

256. Ջերմային էլեկտրակայաններ (սույն բաժնում այսուհետ` էլեկտրակայաններ) մատակարարվող վառելիքի որակը պետք է համապատասխանի ստանդարտներին և տեխնիկական պայմաններին:

257. Մատակարարի հետ կնքվող պայմանագրերում, կախված վառելիքի տեսակից, պետք է նախասահմանված լինեն դրա տեսականիշը, խոնավությունը, ծծմբի պարունակությունը, բռնկման ջերմաստիճանը, ստորին ջերմատվությունը, խտությունը, վանադիումի պարունակությունը և այլ ցուցանիշներ` ըստ որոնց կատարվում են պայմանագրով սահմանված ցուցանիշների համեմատության աշխատանքները:

258. Էլեկտրակայաններում պետք է կազմակերպվի վառելիքի ամբողջ քանակության խիստ հաշվառում, էներգաօբյեկտ դրա մուտքի, տեխնոլոգիական կարիքների համար սպառելու և պահեստներում այն պահելու ընթացքում: Ստացվող վառելիքի հաշվառման ընթացքում պետք է ապահովվի`

1) մատակարարված ամբողջ հեղուկ վառելիքի կշռումը կամ չափումը.

2) այրված գազային վառելիքի ամբողջ քանակության որոշումը սարքերի միջոցով.

3) հեղուկ վառելիքի գույքագրումը.

4) վառելիքի որակի պարբերական, իսկ սարքերի առկայության դեպքում` մշտական վերահսկումը.

5) բողոքարկումների ներկայացում մատակարարներին` վառելիքի պակասուրդի և որակի անբավարարություն հայտնաբերելու դեպքում:

259. Վառելիքի հաշվառման համար օգտագործվող չափիչ միջոցները (կշեռքներ, լաբորատոր սարքեր և այլ չափիչ սարքվածքներ) պետք է ստուգվեն չափումների միասնականության ապահովման ազգային մարմնի կողմից սահմանված ժամկետներում:

260. Հեղուկ և գազային վառելիքի տնտեսությունների վերահսկիչ, ավտոմատորեն և հեռագործ կառավարման, տեխնոլոգիական պաշտպանության, ուղեկապման, ազդանշանման, հրդեհամարման, բեռնաթափման սարքավորումները, ինչպես նաև կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները պետք է լինեն սարքին վիճակում և պարբերաբար` ըստ ժամանակացույցի, ենթարկվեն ստուգման:

 

22. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԸ

 

261. Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի ջերմային էլեկտրակայանի մազութային տնտեսության շահագործման կազմակերպության հրահանգին համապատասխան:

262. Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի տաքացված և զտված վառելիքի անխափան մատակարարումը` կաթսաների և գազատուրբինային տեղակայանքների բեռնվածությանը համապատասխանող քանակությամբ և այնպիսի ճնշմամբ ու մածուցիկությամբ, որն անհրաժեշտ է այրիչների նորմալ աշխատանքի համար:

263. Հեղուկ վառելիքի խողովակաշարերի և դրանց ուղեկից շոգեխողովակների համար պետք է կազմված լինեն սահմանված ձևի տեղեկաթերթիկներ:

264. Ցիստեռնների դատարկումից հետո մազութը հեղուկաթափ վաքերից պետք է լրիվ թափվի և այն տեղերում, որտեղ ծածկեր չկան, վաքերը պետք է փակվեն կափարիչներով: Ընդունման տարողություններից առաջ տեղադրված վաքերը, հիդրոկափույրներն ու զտիչները ըստ անհրաժեշտության պետք է մաքրվեն:

265. Մազութի տնտեսությունում պետք է պահպանվեն գոլորշու հետևյալ հարաչափերը. ճնշումը` 8-ից մինչև 13 կգուժ/սմ2 (0,8-ից մինչև 1,3 ՄՊա), ջերմաստիճանը` 200 oC-ից մինչև 250 oC:

266. Մազութաթափերում (ցիստեռններում, վաքերում և ընդունող տարողություններում) մազութը պետք է տաքացվի մինչև այն ջերմաստիճանը, որը կապահովի մղող պոմպերի բնականոն աշխատանքը: Մազութի ջերմաստիճանն ընդունող տարողություններում և պահոցներում չպետք է գերազանցի 90 oC-ը:

267. Սարքավորումների (պահոցներ, խողովակաշարեր և այլն) ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում:

268. Երկաթբետոնե և մետաղական պահոցները 5 տարին առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվեն ներքին և արտաքին զննման, և նկատված թերությունների վերացումը պետք է կատարվի համաձայն ժամանակացույցի: Անհրաժեշտության դեպքում դրանք պետք է մաքրվեն հատակային նստվածքներից:

269. Բոլոր ընդունող տարողությունների և հեղուկ վառելիքի պահպանման պահոցների համար պետք է կազմվեն ծավալը ցույց տվող աստիճանավորված աղյուսակներ` հաստատված էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

270. Ըստ հաստատված ժամանակացույցի պետք է կատարվեն մազութամուղի և ամրանի արտաքին զննում` տարին առնվազն մեկ անգամ, իսկ կաթսայատան բաժանմունքի սահմաններում` եռամսյակը մեկ և ամրանի ընտրովի վերստուգում` առնվազն 4 տարին մեկ անգամ:

271. Վառելիքի զտիչները պետք է մաքրվեն (շոգեփչահարմամբ, ձեռքով կամ քիմիական եղանակով), եթե դրանց դիմադրությունը հաշվարկային բեռնվածության դեպքում բարձրանում է 50 %-ով` համեմատած նախնականի (մաքուր վիճակի) հետ: Մաքրման ընթացքում զտիչ ցանցի թրծումը (կրակով մաքրելը) արգելվում է: Մազութատաքացուցիչները պետք է մաքրվեն, եթե դրանց ջերմային հզորությունը նվազում է անվանական հզորության 30 %-ի չափով:

272. Պահուստային պոմպերը, տաքացուցիչներն ու զտիչները պետք է լինեն սարքին և մշտապես պատրաստ գործարկման համար: Միացման ստուգումն ու աշխատող պոմպից պահուստայինին ծրագրային անցումը պետք է կատարվի համաձայն ժամանակացույցի, բայց ամիսն առնվազն մեկ անգամ: Պահուստայինի ավտոմատ միացման սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի եռամսյակն առնվազն մեկ անգամ` համաձայն տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրի և ժամանակացույցի:

273. Վառելիքատար խողովակագծերը կամ սարքավորումները նորոգման դուրս բերելիս դրանք պետք է հուսալիորեն անջատված լինեն աշխատանքի մեջ գտնվող սարքավորումներից, լինեն ցամաքեցված և ներքին աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում` շոգեհարված: Վառելիքատար խողովակագծերի անջատված տեղամասերում ուղեկից շոգե կամ այլ խողովակագծերը պետք է լինեն անջատված:

274. Մազութի պահոցը (ամբարը), որտեղ երկար ժամանակ վառելիք է պահվել, գործարկելուց առաջ անհրաժեշտ է հատակամերձ շերտից (մինչև 0,5 մ) վերցնել մազութի նմուշ` խոնավության վերլուծություն կատարելու համար և միջոցներ ձեռնարկել ջրի և մեծ ջրավորվածության մազութի թափանցումը կաթսայատուն կանխելու համար:

275. Ըստ հաստատված ժամանակացույցի, բայց շաբաթն առնվազն մեկ անգամ, պետք է ստուգվի այրման համար կաթսայատուն տրվող վառելիքի ջերմաստիճանի սահմանային աճման և նվազման, ճնշման նվազման ազդանշանային համակարգի գործողությունը, կառավարման վահան դուրս բերված հեռագործ մակարդակաչափիչների և պահոցներում ու ընդունիչ տարողություններում վառելիքի ջերմաստիճանը չափող սարքերի ցուցմունքների ճշտությունը:

 

23. ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՅՐՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

276. Հեղուկ վառելիքի դատարկման, պահպանման և այրման համար մատուցման ժամանակ չի թույլատրվում ջրավորումը: Ցիստեռնների դատարկումից հետո շոգեհարման անհրաժեշտության դեպքում շոգեհարման հետևանքով գոյացած ջրավորված նյութերը պետք է տեղափոխվեն մազութապահեստարանի հատուկ տարողություններ:

277. Վառելիքի դատարկումը պետք է կազմակերպվի փակ եղանակով: Դատարկման սարքվածքները, դրանց հակակոռոզիոն ծածկույթը, շոգեուղեկից գծերը, ամրանը և այլն պետք է լինեն սարքին վիճակում, որպեսզի կանխվի վառելիքի աղտոտումը և սառեցումը: Պահոցներում գտնվող հեղուկ վառելիքի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանները պետք է սահմանված լինեն կազմակերպության հրահանգներով:

278. Գազատուրբինային կայանքներին (ԳՏԿ) մատակարարվող վառելիքը պահոցներից պետք է վերցվի վերին շերտերից` լողացող հավաքիչ սարքվածքներով:

279. Պահոցների հատակամերձ շերտերից վառելիքի նմուշները պետք է վերցվեն գույքագրման ժամանակ և պահոցն աշխատանքի մեջ մտցնելուց առաջ: Հատակամերձ շերտում 0,5 %-ից ավելի ջրավորվածություն հայտնաբերելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել` ջրավորված վառելիքի այրումը կանխելու համար: Եթե ջրավորված շերտի բարձրությունը մեծ է «մեռյալ» մնացորդի մակարդակից, ապա խոնավացած շերտը պետք է ջրաքաշվի դեպի մազութապահեստարանի հատուկ տարողությունները:

280. Շրջանառու եղանակով տաքացվող պահոցների ներքին զննումը պետք է կատարվի 5 տարին առնվազն մեկ անգամ, շոգետաքացմամբ պահոցներինը` ամեն տարի, կատարելով ներպահոցային տաքացուցիչների կիպության պարտադիր հիդրավլիկ փորձարկումներ, վերացնելով հակակոռոզիոն ծածկույթի վնասվածքները: Պահոցները, ըստ անհրաժեշտության, պետք է մաքրվեն հատակային նստվածքներից:

281. Հեղուկ վառելիքի խողովակաշարերը մոնտաժումից կամ նորոգումից հետո պետք է փչահարվեն գոլորշով կամ սեղմած օդով, ենթարկվեն քիմիական լվացման և պասիվացման` դրան հաջորդող լվացումով գազատուրբինային վառելիքի այնպիսի քանակությամբ, որը համապատասխանում է խողովակաշարերի եռակի տարողությանը:

282. ԳՏԿ-ին մատակարարվող վառելիքի մածուցիկությունը չպետք է գերազանցի. մեխանիկական բոցամուղների կիրառման դեպքում` 12 մմ2/վ, օդային (շոգե) բոցամուղների օգտագործման դեպքում` 20 մմ2/վ:

283. Հեղուկ վառելիքը պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուրդներից` շահագործական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Կազմակերպության հրահանգներում պետք է նշված լինեն զտիչների մուտքում և ելքում ճնշման անկման թույլատրելի մեծությունները, որոնց դեպքում զտիչները պետք է դուրս բերվեն մաքրման:

284. Վառելիքի և հավելանյութի որակի ստուգման պարբերականությունը` վառելիքի պահպանման և այրման համար դրա մատուցման ընթացքում, նմուշները վերցնելու տեղերը, որակը որոշող ցուցանիշները պետք է սահմանվեն կազմակերպության հրահանգով:

 

24. ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ

 

285. Գազի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովվի`

1) կողմնակի խառնուրդներից ու խտուցքից մաքրված և պահանջվող ճնշմամբ կաթսաների բեռնվածությանը համապատասխան քանակությամբ գազի անխափան մատակարարումը հնոցային այրիչներին.

2) ստացվող գազի քանակության և որակի ստուգումը.

3) սարքավորումների անվտանգ աշխատանքն ու դրանց տեխնիկական սպասարկման ու նորոգման անվտանգ իրականացումը.

4) սարքավորումների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկումը և նորոգումը.

5) սարքավորումների տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման հսկողությունը:

286. Էներգաօբյեկտների գազի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված` գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգի պահանջների:

287. Յուրաքանչյուր գազամուղի և ԳԿԿ-ի սարքավորման համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ, որոնք պարունակում են գազամուղը, ԳԿԿ-ի շենքը, սարքավորումները և ստուգիչ չափիչ սարքերը բնութագրող հիմնական տվյալներ, ինչպես նաև` տեղեկություններ կատարված նորոգումների մասին:

288. Էներգաօբյեկտում պետք է կազմվեն և տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվեն գազավտանգ աշխատանքների ցանկը և կոնկրետ արտադրական պայմաններին համապատասխան դրանց նախապատրաստման ու անվտանգ անցկացման մասին կազմակերպության հրահանգը:

289. Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն կարգադրագրով: Անձինք, որոնք իրավունք ունեն տալու գազավտանգ աշխատանքներ կատարելու կարգադրագրեր, նշանակվում են էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով: Գազավտանգ աշխատանքների ցանկը տարին առնվազն մեկ անգամ պետք է վերանայվի և վերահաստատվի:

290. Առավել գազավտանգ աշխատանքները (շահագործման մեջ մտցնելը, գազի գործարկումը, գազամուղների միացումը, գազամուղների և սարքավորումների «գազի տակ» նորոգումը, ԳԿԿ-ում զոդման և գազահատման կիրառմամբ աշխատանքները) պետք է կատարվեն կարգադրագրով և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հատուկ աշխատանքների պլանով: Աշխատանքների պլանում պետք է`

1) նշված լինեն աշխատանքների կատարման խիստ հաջորդականությունը, մարդկանց տեղաբաշխումը, պատասխանատու անձինք, մեխանիզմների և հարմարանքների պահանջարկը.

2) նախատեսված լինեն միջոցառումներ, որոնք կապահովեն տվյալ աշխատանքների առավելագույն անվտանգությունը:

291. Չի թույլատրվում ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշման տատանումների գերազանցումն աշխատանքային ճնշման 10 %-ից: Կարգավորիչների անսարքությունները, որոնք բերում են աշխատանքային ճնշման բարձրացման կամ իջեցման, ապահովիչ կափույրների աշխատանքում եղած թերությունները, ինչպես նաև գազի հոսակորուստները, պետք է վերացվեն վթարային ծառայության միջոցով:

292. Գազի մատակարարումը կաթսայատուն ավտոմատ կարգավորիչ կափույր չունեցող գազամուղով արգելվում է:

293. Պաշտպանության, ուղեկապման և ազդանշանային սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի դրանց շահագործման փաստաթղթերում նախատեսված ժամկետներում, բայց մեկ ամսից ոչ պակաս:

294. Գազամուղները գազով լցնելիս պետք է փչահարվեն մինչև օդի լրիվ դուրս մղումը: Փչահարման ավարտը պետք է որոշվի վերցված նմուշների վերլուծությամբ, ընդ որում, թթվածնի պարունակությունը գազում չպետք է գերազանցի 1 %-ը, կամ գազի այրումով, որը պետք է ընթանա հանգիստ (կայուն), առանց պայթյունների (ճարճատյունների)`

1) գազամուղների փչահարման ժամանակ գազաօդային խառնուրդի բացթողումը պետք է իրականացվի այն տեղերում, որտեղ բացառվում է դրա թափանցումը շենքեր և բոցավառումը կրակի որևէ աղբյուրից.

2) գազամուղները գազից դատարկվելու ժամանակ պետք է փչահարվեն օդով կամ չեզոք գազով, մինչև գազի լրիվ արտամղումը: Փչահարման ավարտը որոշվում է վերլուծությամբ: Գազի մնացորդային ծավալային մասը փչահարվող օդում չպետք է գերազանցի խառնուրդի բոցավառման ստորին սահմանի 20 %-ը:

295. Էլեկտրակայանների տարածքում գտնվող ստորգետնյա գազամուղների ուղեգծի շրջայցը (ստուգայցը) պետք է կատարվի համաձայն հաստատված ժամանակացույցի`

1) շրջայցի ժամանակ պետք է ստուգվի գազալցվածությունը գազամուղի հորերում, ինչպես նաև գազամուղի երկու կողմերում, դրանից 15 մ հեռավորության վրա տեղադրված այլ հորերում (հեռախոսային, ջրմուղի, ջերմաֆիկացիոն, կոյուղու), հավաքիչներում, շենքերի նկուղներում և այլ շինություններում, որոնցում հնարավոր է գազի կուտակում.

2) ստորգետնյա գազամուղների սպասարկման համար պետք է կազմվեն և շրջագայող զննողին հանձնվեն երթուղային քարտեզներ` դրանց հատկացված համարներով: Յուրաքանչյուր երթուղային քարտեզում պետք է նշված լինեն գազամուղների ուղեգծերի սխեման և դրա երկարությունը, ինչպես նաև գազամուղի երկու կողմում, դրանից մինչև 15 մ հեռավորության վրա տեղադրված ստորգետնյա շինությունների ու ցանցերի հորերը և շենքերի նկուղները:

296. Նկուղներում, հորաններում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում գազի առկայությունը պետք է ստուգվի պայթյունաանվտանգ գազավերլուծիչով`

1) շենքերի նկուղների օդի նմուշի վերլուծությունը կարող է կատարվել անմիջապես նկուղում պայթյունաանվտանգ գազավերլուծիչով, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նկուղից վերցված օդի նմուշի շենքից դուրս կատարված վերլուծությամբ.

2) հավաքիչներից, հորաններից, հորերից և այլ ստորգետնյա շինություններից օդի նմուշ վերցնելիս դրանց մեջ իջնելն արգելվում է.

3) նկուղներում, ինչպես նաև հորերի, հորանների, հավաքիչների և այլ ստորգետնյա շինությունների մոտ գտնվելիս, ծխելը և բաց կրակից օգտվելն արգելվում է:

297. Էլեկտրակայանների տարածքում գտնվող ստորգետնյա գազամուղների ուղեգծում գազալցվածություն հայտնաբերելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ` գազավերլուծիչով լրացուցիչ ստուգումներ և գազի արտահոսքի հայտնաբերման տեղից 50 մ շառավղով հեռավորության վրա գտնվող գազալցված նկուղների, շենքերի առաջին հարկերի, հորերի օդափոխման համար: Նկուղներում գազի հայտնաբերման դեպքում` շենքերում գտնվող մարդիկ լրացուցիչ պետք է զգուշացվեն ծխելու, կրակից և էլեկտրասարքերից օգտվելու անթույլատրելիության մասին: Միաժամանակ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի միջոցներ գազի հոսակորուստների հայտնաբերման և վերացման համար:

298. Գազամուղների միացման կիպությունների ստուգումը, գազամուղներում, հորերում և շինություններում գազի արտահոսքի տեղերի որոնումը, պետք է կատարվի օճառաէմուլսիայի օգտագործումով`

1) արգելվում է կրակի օգտագործումը` գազի արտահոսքեր հայտնաբերելու համար.

2) գործող գազամուղներում հայտնաբերված բոլոր անսարքություններն ու անկիպությունները պետք է անհապաղ վերացվեն:

299. Արգելվում է գազամուղից հեռացված հեղուկի/խտուցքի թափումը կոյուղի:

 

25. ՇՈԳԵ- ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՄԱՆ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

300. Կաթսաների շահագործման ժամանակ պետք է ապահովվեն`

1) բոլոր հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունն ու անվտանգությունը.

2) կաթսաների անվանական արտադրողականությունը, շոգու և ջրի հարաչափերին ու որակին հասնելու հնարավորությունը.

3) փորձարկումների և կազմակերպության հրահանգների հիման վրա սահմանված աշխատանքի խնայողական ռեժիմը.

4) յուրաքանչյուր տիպի կաթսայի և այրվող վառելիքի տեսակի համար որոշված բեռնվածությունների կարգավորման տիրույթը.

5) նվազագույն թույլատրելի բեռնվածությունները.

6) մթնոլորտ վնասակար նյութերի թույլատրելի արտանետումները:

301. Նոր շահագործման մեջ մտնող 9,8 ՄՊա (100 կգուժ/սմ2) և բարձր ճնշման կաթսաները տեղակայելուց հետո հիմնական խողովակաշարերի և շոգեջրային տրակտի մյուս տարրերի հետ համատեղ պետք է ենթարկվեն քիմիական մաքրման: 9,8 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ցածր ճնշման և ջրատաքացման կաթսաները շահագործման մեջ մտցնելուց առաջ պետք է ենթարկվեն ալկալիացման: Ալկալիացումից և քիմիական մաքրումից անմիջապես հետո պետք է ձեռնարկվեն միջոցներ` մաքրված մակերևույթները կոռոզիայից պաշտպանելու համար:

302. Նորոգումից կամ պահուստում երկարատև (3 օրից ավելի) գտնվելուց հետո կաթսայի գործարկումից առաջ պետք է ստուգված լինեն օժանդակ սարքավորումների, ստուգիչ-չափիչ սարքերի, մեխանիզմների և ամրանի հեռակառավարման միջոցների, ինքնակարգավորիչների, պաշտպանության սարքվածքների, ուղեկապման ու օպերատիվ կապի միջոցների սարքինությունն ու գործարկմանը դրանց պատրաստ լինելը: Բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն: ՈՒղեկապման և պաշտպանության սարքվածքների անսարքության դեպքում կաթսայի գործարկումն արգելվում է:

303. Կաթսայի գործարկումը պետք է կազմակերպվի հերթափոխի պետի կամ ավագ մեքենավարի ղեկավարությամբ, իսկ հիմնական կամ միջին վերանորոգումից հետո` արտադրամասի պետի կամ նրա տեղակալի ղեկավարությամբ:

304. Կաթսայի գործարկումից առաջ`

1) թմբուկային կաթսան պետք է լցված լինի օդազերծված սնող ջրով.

2) ուղղահոս կաթսան պետք է լցված լինի սնող ջրով, որի որակը պետք է համապատասխանի կաթսան արտադրող կազմակերպության շահագործման վերաբերյալ հրահանգին` կախված սնող ջրի մշակման սխեմայից:

305. Չհովացած թմբուկային կաթսայի լցնումը ջրով թույլատրվում է դատարկված թմբուկի վերևում մետաղի 160 oC ցածր ջերմաստիճան լինելու դեպքում: Եթե թմբուկի մետաղի ջերմաստիճանը գերազանցում է 140 oC-ը, հիդրոճնշափորձարկման համար դրա լցնումը ջրով արգելվում է:

306. Ցանցային ջրի ծախսը ջրատաքացման կաթսայի վառումից առաջ պետք է սահմանվի և պահպանվի հետագա աշխատանքի ընթացքում ոչ պակաս նվազագույն թույլատրելիից, որը որոշվում է արտադրող կազմակերպության կողմից յուրաքանչյուր տեսակի կաթսայի համար:

307. ՈՒղղահոս կաթսաների վառման ժամանակ ճնշումը կաթսայի տրակտում ներսարքված կափույրներից առաջ պետք է պահպանվի հետևյալ մակարդակների վրա` 120-ից մինչև 130 կգուժ/սմ2 (12-ից մինչև 13 ՄՊա)` այն կաթսաների համար, որոնց աշխատանքային ճնշումը հավասար է 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) և 240-ից մինչև 250 կգուժ/սմ2 (24-ից մինչև 25 ՄՊա)` գերկրիտիկական ճնշման կաթսաների համար: Այդ մեծությունների փոփոխությունը կամ կաթսայի վառումը սահող ճնշման տակ թույլատրվում է կաթսան արտադրող կազմակերպության հետ համաձայնեցման դեպքում` հատուկ փորձարկումների հիման վրա:

308. Կաթսայի վառումից առաջ և կանգից հետո հնոցն ու գազանցքերը` ներառյալ վերաառուները, պետք է օդափոխվեն ծխաքաշերով, ներփչող օդամղիչներով և վերաառու ծխաքաշերով, գազաօդային տրակտի կափույրների բաց վիճակում` առնվազն 10 րոպե, անվանականի 25%-ից ոչ պակաս օդի ծախսով`

1) ներմղումով աշխատող կաթսաների, ինչպես նաև ծխաքաշ չունեցող ջրատաքացուցիչ կաթսաների օդափոխությունը պետք է իրականացվի ներփչող օդամղիչների և վերաառու ծխաքաշերի միջոցով.

2) դեռևս չհովացած և շոգեջրային տրակտում ավելցուկային ճնշումը պահպանած կաթսաների վառումից առաջ օդափոխությունը պետք է սկսել այրիչների վառելուց առաջ 15 րոպեից ոչ շուտ:

309. Կաթսայի վառումը գազով իրականացնելուց առաջ պետք է կատարվի կաթսայի գազատար խողովակագծերի ստուգիչ ճնշափորձարկում օդով և ստուգվի այրիչներից առաջ տեղադրված փակող ամրանի փակման հերմետիկությունը գազով` կազմակերպության հրահանգին համապատասխան:

310. Կաթսաների վառումից առաջ պետք է միացված լինեն ծխաքաշն ու ներփչող օդամղիչը, իսկ առանց ծխաքաշերի աշխատող կաթսաների համար` ներփչող օդամղիչը:

311. Կաթսայի վառումն սկսելու պահից պետք է կատարված լինի ջրի մակարդակի հսկում թմբուկում:

312. Վերին ջրացուցչային սարքերի փչամաքրումը պետք է կատարվի`

1) 40 կգուժ/սմ2 (3,9 ՄՊա) և ցածր ճնշման կաթսաների համար` կաթսայում մոտ 1 կգուժ/սմ2 (0,1 ՄՊա) ավելցուկային ճնշում հաստատվելիս և գլխավոր շոգետար խողովակագծին միացնելուց առաջ.

2) 40 կգուժ/սմ2 (3,9 ՄՊա)-ից բարձր ճնշման կաթսաների համար` կաթսայում 3 կգուժ/սմ2 (0,3 ՄՊա) ավելցուկային ճնշում հաստատվելիս և մեկ էլ 15-ից մինչև 30 կգուժ/սմ2 (1,5-ից մինչև 3,0 ՄՊա) ճնշման դեպքում:

313. Կաթսայի վառման ընթացքում ջրի մակարդակի իջեցված ցուցիչները պետք է համեմատվեն վերին ջրացուցչային սարքերի հետ (հաշվի առնելով ուղղումը):

314. Կաթսայի վառումը տարբեր ջերմային վիճակներից պետք է կատարվի գործարկման ռեժիմին համապատասխան, որը կազմվում է կաթսան արտադրող կազմակերպության հրահանգի և գործարկման ռեժիմների փորձարկման արդյունքների հիման վրա:

315. Հիմնական և միջին նորոգումից հետո սառը վիճակից կաթսայի վառման ժամանակ, բայց տարին մեկ անգամից ոչ պակաս, պետք է ստուգվի էկրանների, թմբուկների և հավաքիչների ջերմային տեղաշարժը` ըստ հենանիշների:

316. Եթե մինչև կաթսայի գործարկումը դրա վրա կատարվել են աշխատանքներ` կապված կցաշուրթային միացությունների և անցքերի քանդման հետ, ապա հեղույսային միացումները պետք է ձգվեն կաթսայում 3-ից մինչև 5 կգուժ/սմ2 (0,3-ից մինչև 0,5 ՄՊա) ավելցուկային ճնշման տակ: Հեղուսային միացումների ձգումն ավելի բարձր ճնշման տակ արգելվում է:

317. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) և բարձր ճնշման կաթսաների վառումների և կանգերի ժամանակ պետք է կազմակերպվի թմբուկի ջերմաստիճանային ռեժիմի հսկողություն: Թմբուկի ստորին ծնիչի տաքացման և սառեցման արագությունն ու ջերմաստիճանային տարբերությունը թմբուկի վերին ու ստորին ծնիչների միջև չպետք է գերազանցեն հետևյալ թույլատրելի արժեքները`

1) տաքացման արագությունը կաթսայի վառման ժամանակ` 30 oC/10 րոպեում.

2) սառեցման արագությունը կաթսայի կանգի ժամանակ` 20 oC/10 րոպեում.

3) ջերմաստիճանային տարբերությունը վառման ժամանակ` 60 oC.

4) ջերմաստիճանային տարբերությունը կանգի ժամանակ` 80 oC:

318. Կաթսայի միացումն ընդհանուր շոգետար խողովակագծին պետք է իրականացվի միացնող շոգետարի ջրադատարկումից և տաքացումից հետո: Միացման ժամանակ գոլորշու ճնշումը կաթսայի ելքում պետք է հավասար լինի ընդհանուր շոգետար խողովակագծի ճնշմանը:

319. Կաթսայի աշխատանքային ռեժիմը պետք է խստորեն համապատասխանի սարքավորումների փորձարկման և շահագործման հրահանգի հիման վրա կազմված ռեժիմային քարտերին: Կաթսայի վերակառուցման և վառելիքի տեսակի ու որակի փոփոխության դեպքում ռեժիմային քարտերը պետք է ճշգրտվեն:

320. Կաթսայի աշխատանքի ժամանակ պետք է պահպանվեն առաջնային և միջանկյալ շոգեգերտաքացուցիչների յուրաքանչյուր աստիճանում և յուրաքանչյուր հոսքում գոլորշու թույլատրելի ջերմաստիճաններն ապահովող ջերմային ռեժիմները:

321. Կաթսայի աշխատանքի ժամանակ թմբուկում ջրի վերին սահմանային մակարդակը պետք է լինի ոչ բարձր, իսկ ստորին սահմանային մակարդակը` ոչ ցածր այն մակարդակներից, որոնք սահմանվում են արտադրող կազմակերպության տվյալների և սարքավորման փորձարկումների արդյունքների հիման վրա:

322. Կաթսայի տաքացման մակերևույթները ծխագազերի կողմից պետք է պահպանվեն շահագործման համար պիտանի վիճակում օպտիմալ ռեժիմների պահպանման և համալիր մաքրման (շոգե-, օդային կամ ջրային սարքեր, իմպուլսային մաքրման սարքվածքներ, թրթռամաքրում, կոտորակամաքրում և այլն) մեքենայացված համակարգերի կիրառման ճանապարհով: Դրա համար նախատեսված սարքվածքները, ինչպես նաև դրանց հեռակառավարման և ավտոմատ կառավարման միջոցները պետք է լինեն գործարկման համար մշտապես պատրաստ վիճակում: Տաքացման մակերևույթների մաքրման պարբերականությունը պետք է սահմանվի կազմակերպության հրահանգով:

323. Կաթսաների շահագործման ժամանակ պետք է միացված լինեն բոլոր աշխատող քարշամղիչ մեքենաները: Քարշամղիչ մեքենաների մի մասի անջատման դեպքում երկարատև աշխատանքը թույլատրվում է միայն կաթսայի բոլոր կողմերում հավասարաչափ գազաօդային և ջերմային ռեժիմ ապահովելու պայմանով: Ընդ որում, պետք է ապահովվի օդի բաշխման հավասարաչափությունն այրիչների միջև և բացառվի օդի (ծխագազի) հոսքը կանգնեցված օդամղիչի (ծխաքաշի) միջով:

324. Շոգեկաթսաներում, որոնք որպես հիմնական վառելիք այրում են 0,5%-ից բարձր ծծմբային մազութ, բեռնվածությունների կարգավորվող տիրույթում դրա այրումը պետք է իրականացվի հնոցի ելքում օդի ավելցուկի գործակցի 1,03-ից պակաս արժեքների դեպքում: Ընդ որում, պարտադիր է սահմանված համալիր միջոցառումների կատարումը` կաթսան այդ ռեժիմին փոխադրելու համար (վառելիքի նախապատրաստումը, բոցամուղների և այրիչային սարքվածքների համապատասխան կառուցվածքների կիրառումը, հնոցի կիպացումը, կաթսան լրացուցիչ ստուգման սարքերով և այրման գործընթացի ավտոմատացման միջոցներով հագեցնելը):

325. Մազութային բոցամուղները տեղակայելուց առաջ պետք է փորձարկվեն ջրային ստենդի վրա` դրանց արտադրողականության, փոշիացման որակի և բոցի բացվածքի անկյան ստուգման նպատակով: Մազութով աշխատող կաթսայում տեղակայվող բոցամուղների լրակազմում առանձին բոցամուղների անվանական արտադրողականությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 1,5%-ը: Յուրաքանչյուր կաթսա պետք է ապահովված լինի բոցամուղների պաշարային լրակազմով: Չստուգաճշտված բոցամուղների օգտագործումն արգելվում է:

326. Մազութային բոցամուղների աշխատանքը, այդ թվում` նաև կաթսան վառելու բոցամուղներինը, առանց դրանցում օդի կազմակերպված մատուցման արգելվում է:

327. Բոցամուղների և կաթսայատան շոգեմազութախողովակագծերի շահագործման ժամանակ պետք է իրականացվեն պայմաններ, որոնք բացառեն մազութի թափանցումը շոգետար խողովակագիծ:

328. Կաթսաների շահագործման ժամանակ օդատաքացուցիչ տրվող օդի ջերմաստիճանը պետք է լինի հետևյալ մեծություններից ոչ ցածր, oC:

 

                                         խողովակային    վերաօգտագործման

                                         օդատաքացուցիչ  օդատաքացուցիչ

Մազութ, ծծմբի պարունակությունը

0,5%-ից ավելի                                110             70

Մազութ, ծծմբի պարունակությունը

0,5 % և  պակաս                                90             50

 

329. Ծծմբային մազութի այրման ժամանակ օդի նախնական տաքացման ջերմաստիճանը պետք է ընտրվի այնպիսին, որպեսզի հեռացող գազերի ջերմաստիճանն օդատաքացուցիչից հետո կաթսայի բեռնվածությունների կարգավորվող տիրույթում լինի 150 oC-ից ոչ պակաս:

330. Կաթսայի վառումը ծծմբային մազութով պետք է իրականացվի նախապես միացնելով օդի տաքացման համակարգը (կալորիֆերներ, տաք օդի վերաառու համակարգ): Մազութային կաթսայի վառման սկզբնական ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն օդատաքացուցիչից առաջ պետք է լինի 90 oC-ից ոչ պակաս:

331. Կաթսաների որմնապատումը պետք է լինի սարքին վիճակում: Շրջապատող օդի 25 oC ջերմաստիճանի դեպքում որմնապատման մակերևույթի վրա ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավելի 45 oC-ից:

332. Կաթսայի հնոցն ու ամբողջ գազային տրակտը պետք է լինեն կիպացված`

1) օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում մինչև շոգեգերտաքացուցիչից դուրս գալը, մինչև 420 տ/ժ շոգեարտադրողականությամբ գազամազութային շոգեկաթսաների համար պետք է լինի ոչ ավելի 5%-ից, և 420 տ/ժ-ից բարձր շոգեարտադրողականության դեպքում` 3%-ից.

2) ջրատաքացուցիչ կաթսաներում օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում մինչև տաքացման կոնվեկտիվ մակերևույթներից գազերի դուրս գալը պետք է լինի 5%-ից ոչ ավելի.

3) միաեռակցված էկրաններով հնոցներն ու գազանցքերը չպետք է ունենան օդի ներծծումներ.

4) օդի ներծծումները գազային տրակտում էկոնոմայզերի մուտքից մինչև ծխաքաշից դուրս գալն ընկած հատվածում պետք է լինի խողովակային օդատաքացուցիչի դեպքում ոչ ավելի 10%-ից, իսկ վերաօգտագործման օդատաքացուցիչի դեպքում` 25%-ից ոչ ավելի.

5) օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում գազամազութային ջրատաքացուցիչ կաթսաների համար պետք է լինի 5%-ից ոչ ավելի.

6) ներծծումների նորմերը տոկոսներով տրված են կաթսաների անվանական բեռնվածության դեպքում տեսականորեն անհրաժեշտ օդի քանակությունից:

333. Կաթսան և գազանցքերը շրջափակող մակերևույթների կիպությունը պետք է հսկվի զննման և օդի ներծծումների որոշման ճանապարհով ամիսը մեկ: Հնոցի ներծծումները պետք է որոշվեն տարին առնվազն մեկ անգամ, ինչպես նաև միջին և հիմնական վերանորոգումից առաջ ու հետո: Կաթսայի հնոցի և գազանցքերի անկիպությունները պետք է վերացվեն:

334. Կաթսայի շահագործման նպատակով փորձարկումներ պետք է անցկացվեն` այն շահագործման մեջ մտցնելիս, վառելիքի մեկ այլ տեսակի անցնելիս և կաթսայի կառուցվածքային փոփոխություններ կատարելուց հետո, ռեժիմային քարտի կազմման և շահագործման հրահանգի ճշգրտման համար: Փորձարկումներ պետք է կատարվեն նաև առաջադրված հարաչափերից շեղումների պատճառները բացահայտելու համար: Շահագործման նպատակով փորձարկումներ անցկացնելու համար կաթսաները պետք է սարքավորված լինեն անհրաժեշտ հարմարանքներով:

335. Կաթսան պահուստի կամ վերանորոգման դուրս բերելու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ կաթսայի տաքացման մակերևույթների և կալորիֆերների կոնսերվացման համար` ջերմաէներգետիկ սարքավորումների կոնսերվացման գործող ցուցումներին համապատասխան:

336. Կաթսայի տաքացման մակերևույթներից ներքին նստվածքները պետք է հեռացվեն ջրային լվացումների միջոցով` կաթսայի վառման, կանգերի կամ քիմիական մաքրման ժամանակ: Քիմիական մաքրումների պարբերականությունը պետք է որոշվի կազմակերպության հրահանգներով` ներքին նստվածքների քանակական վերլուծության արդյունքների հիման վրա:

337. Թմբուկի սառեցումն արագացնելու նպատակով կանգնեցված կաթսայի լրասնումը դրանից ջրաքաշման հետ միասին արգելվում է:

338. Ջրի դատարկումը կանգնեցված բնական առությամբ կաթսայից թույլատրվում է դրանում ճնշումը մինչև 10 կգուժ/սմ2 (1 ՄՊա) իջեցնելուց հետո, իսկ գրտնակային միացությունների առկայության դեպքում` ջրի 80 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում: Կանգնեցված ուղղահոս կաթսայից թույլատրվում է ջուրը դատարկել մթնոլորտայինից բարձր ճնշման դեպքում: Այդ ճնշման վերին սահմանը որոշվում է կազմակերպության հրահանգով` կախված ջրաքաշման և ընդարձակիչների համակարգից: Բլոկային էլեկտրակայանների կաթսաների կանգի ժամանակ պետք է կատարվի միջանկյալ շոգեգերտաքացուցիչի շոգեզերծում` շոգին ուղարկելով տուրբինի խտարար:

339. Կաթսան պահուստի կանգնեցնելու դեպքում հնոցն ու գազանցքերը 15 րոպեից ոչ ավելի օդափոխելուց հետո քարշափչող մեքենաները պետք է կանգնեցվեն: Գազաօդատարներում բոլոր անջատիչ կափույրները, սողանցքերն ու դիտանցքերը, ինչպես նաև քարշափչող մեքենաների ուղղորդիչ սարքերը պետք է լինեն կիպ փակված:

340. Ձմեռային ժամանակաշրջանում, պահուստի կամ վերանորոգման մեջ գտնվող կաթսայի վրա անհրաժեշտ է սահմանել օդի ջերմաստիճանի հսկողություն: Կաթսայատանը կամ դրսում, եթե կաթսան տեղադրված է բաց, օդի ջերմաստիճանի 0 oC-ից ցածր արժեքների դեպքում, պետք է ձեռք առնվեն միջոցներ` հնոցում և գազանցքերում, թմբուկի ծածկոցի ներսում, ջրաքաշման և փչամաքրման սարքերի, կալորիֆերների, ստուգիչ-չափիչ սարքերի տվիչների և իմպուլսային գծերի տեղամասերում օդի դրական ջերմաստիճան ապահովելու համար, ինչպես նաև պետք է կազմակերպվի ջրի տաքացումը կաթսաներում կամ դրա առությունն էկրանային համակարգում:

341. Նորոգման դուրս բերելու դեպքում կաթսայի կանգնեցումից հետո դրա հովացման ռեժիմը պետք է որոշվի շահագործման հրահանգներով: Բնական առությամբ կաթսաների հովացումը քարշափչող մեքենաների միջոցով թույլատրվում է թմբուկի վերին և ստորին ծնիչների միջև մետաղի թույլատրելի ջերմաստիճանային տարբերության ապահովման դեպքում: Թույլատրվում են ռեժիմներ` թմբուկում ջրի մակարդակի պահպանմամբ և առանց պահպանման: ՈՒղղահոս կաթսաների հովացումը կարելի է իրականացնել անմիջապես կանգնեցումից հետո:

342. Հերթապահ անձնակազմի կողմից կանգնեցված կաթսայի վերահսկումը պետք է իրականացվի մինչև դրանում ճնշման լրիվ իջեցումն ու էլեկտրաշարժիչներից լարման լրիվ հանումը: Գազերի և օդի ջերմաստիճանի հսկողությունն օդատաքացուցիչի և հեռացող գազերի տեղամասերում կարող է դադարեցվել ոչ շուտ, կաթսայի կանգնեցումից 24 ժամ հետո:

343. Կաթսաների` գազային վառելիքով աշխատանքի դեպքում, երբ մազութը պահուստային կամ վառման վառելիք է, մազութատնտեսության և մազութախողովակաշարերի համակարգը պետք է լինի այնպիսի վիճակում, որպեսզի ապահովվի մազութի անհապաղ մատուցումը կաթսաներին:

344. Կաթսայատան սահմաններում մազութախողովակաշարերի կամ գազախողովակաշարերի պատռման կամ մազութի (գազի) ուժեղ արտահոսքերի դեպքում պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները` վնասված տեղամասերից վառելիքի արտահոսքը դադարեցնելու, հրդեհի կամ պայթյունի վտանգը կանխելու համար, ընդհուպ մազութապոմպակայանի անջատումն ու ԳԿԿ-ի փակող ամրանի փակումը:

345. Կաթսան պետք է անհապաղ կանգնեցվի և անջատվի (առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու) հետևյալ դեպքերում`

1) թմբուկում ջրի մակարդակի անթույլատրելի բարձրացման կամ իջեցման ժամանակ, նաև թմբուկում ջրի մակարդակի հսկման բոլոր սարքերի շարքից դուրս գալուց, «Անթույլատրելի» բարձրացում կամ իջեցում, այստեղ և այսուհետև հասկացվում է կազմակերպության հրահանգներում բերված սահմանային նշանակությունները` պաշտպանության նախադրվածքներին համապատասխան.

2) թմբուկում ջրի մակարդակի արագ իջեցման դեպքում, չնայած կաթսայի ուժեղացված սնուցմանը.

3) ջրատաքացման և ուղղահոս շոգեկաթսաների սնող ջրի բոլոր ծախսաչափերի շարքից դուրս գալուց (եթե այդ դեպքում առաջ են եկել ռեժիմի խախտումներ, որոնք պահանջում են սնման ենթակարգավորում) կամ ուղղահոս կաթսայի ցանկացած հոսքի սնման ընդհատման 30 վ-ից ավելի.

4) բոլոր սնող սարքերի (պոմպերի) գործողության դադարեցման.

5) շոգեջրային տրակտում ճնշման անթույլատրելի բարձրացման.

6) ապահովիչ կափույրների կամ դրանց փոխարինող ապահովիչ այլ սարքվածքների 50%-ից ավելի գործողության դադարեցման.

7) ուղղահոս կաթսայի տրակտում` մինչև ներսարքված կափույրները եղած ճնշման անթույլատրելի բարձրացման կամ իջեցման, ջրատաքացման կաթսայի տրակտում 10 վ-ից ավելի ճնշման անթույլատրելի իջեցման.

8) շոգեջրային տրակտի խողովակների պատռման կամ կաթսայի հիմնական տարրերում (թմբուկում, հավաքիչներում, դուրս բերված ցիկլոններում, շոգեջրային խառնուրդի, ինչպես նաև ջրի իջուցիկ խողովակներում), շոգեխողովակաշարերում, սնող խողովակաշարերում և շոգեջրային ամրաններում ճաքերի և փքությունների հայտնաբերման.

9) հնոցում ջահի հանգչելու.

10) կարգավորիչ կափույրից հետո գազի կամ մազութի (այդ վառելիքներից որևէ մեկով կաթսայի աշխատանքի ժամանակ) ճնշման անթույլատրելի ցածրացման.

11) կարգավորիչ կափույրներից հետո գազի և մազութի (դրանց համատեղ այրման դեպքում) ճնշումների` կազմակերպության հրահանգով սահմանված մակարդակից ցածր, միաժամանակյա իջեցման.

13) բոլոր ծխաքաշերի (հավասարակշռված քարշով կաթսաների համար) կամ օդամղիչների, կամ էլ բոլոր վերաօգտագործման օդատաքացուցիչների անջատման.

14) հնոցում պայթյունի, գազանցքերում` դյուրավառ նստվածքների բռնկման կամ պայթման, որմնապատի փլուզման, կաթսայի հիմնակմախքի կրող հեծանների կամ սյուների մինչև կարմրության աստիճանը տաքացման դեպքերում, ինչպես նաև այլ` անձնակազմին կամ սարքավորմանն սպառնացող վնասվածքների.

15) միջանկյալ շոգեգերտաքացուցիչի միջով շոգու ծախսի ընդհատման.

16) ջրատաքացման կաթսայում 10 վ-ից ավելի տևողությամբ նվազագույն թույլատրելիից ցածր ջրի ծախսի նվազեցման.

17) ջրատաքացման կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի թույլատրելիից ավելի բարձրացման.

18) կաթսայատան անձնակազմին, սարքավորման կամ կաթսայի պաշտպանության սխեմայի մեջ մտնող անջատող ամրանի հեռակառավարման շղթաներին սպառնացող հրդեհի.

19) հեռակառավարման և ավտոմատ կառավարման սարքվածքներում կամ բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման անհետացման.

19) կաթսայի սահմաններում մազութախողովակի կամ գազախողովակի ճեղքման:

346. Կաթսան պետք է կանգնեցվի տվյալ կազմակերպության/էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ` այդ մասին տեղյակ պահելով էներգահամակարգի կարգավարին հետևյալ դեպքերում`

1) կաթսաների տաքացման մակերևույթների խողովակներում, շոգեջրախառնուրդի վերամբարձ, ինչպես նաև ջրի իջուցիկ խողովակներում, շոգեխողովակագծերում, հավաքիչներում, սնուցող խողովակաշարերում անցքերի, ինչպես նաև ամրանից, կցաշուրթային և գրտնակային միացություններից ջրի և գոլորշու արտահոսքերի հայտնաբերման.

2) տաքացման մակերևույթների մետաղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման, եթե ջերմաստիճանի իջեցումը կաթսայի աշխատանքի ռեժիմի փոփոխությամբ չի հաջողվում.

3) կաթսայի թմբուկում ջրի մակարդակի բոլոր հեռագործ ցուցիչների շարքից դուրս գալու.

4) նորմերով սահմանվածի համեմատությամբ սնող ջրի որակի կտրուկ վատացման.

5) առանձին պաշտպանությունների կամ հեռակառավարման և ավտոմատ կառավարման սարքվածքների, ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության:

 

26. ՇՈԳԵՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

347. Շոգետուրբինային (այսուհետ` տուրբիններ) կայանքների շահագործման ընթացքում պետք է ապահովվեն`

1) հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունը.

2) էլեկտրական և ջերմային անվանական բեռնվածություններն ընդունելու և դրանք մինչև տեխնիկական նվազագույնը փոփոխելու պատրաստականությունը.

3) հիմնական և օժանդակ սարքավորումների խնայողականության նորմատիվային ցուցանիշները:

348. Տուրբինի ավտոմատ կարգավորման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) կայուն կերպով դիմանա տրված էլեկտրական և ջերմային բեռնվածություններին և ապահովի դրանց սահուն փոփոխման հնարավորությունը.

2) հաստատուն կերպով պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախականությունը պարապ ընթացքում և սահուն փոփոխի այն (տուրբինի ղեկավարման մեխանիզմի աշխատանքային տիրույթի սահմաններում) շոգու անվանական և գործարկման հարաչափերի դեպքում.

3) էլեկտրական բեռնվածության մինչև զրոն ակնթարթային անկման (բեռնաթափման) դեպքում (այդ թվում` գեներատորը ցանցից անջատելիս) պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախականությունն անվտանգության ավտոմատի գործարկման կարգավորումի մակարդակից ցածր, որը համապատասխանում է շոգու առավելագույն ծախսին դրա անվանական հարաչափերի և տուրբինի ցածր ճնշման մասում շոգու առավելագույն ծախսերի դեպքում:

349. Շոգետուրբինների կարգավորման համակարգի աշխատանքի հարաչափերը պետք է համապատասխանեն տուրբինների արտադրման տեխնիկական պայմաններին`

1) մինչև 1991 թվականի հունվարի 1-ը արտադրված և շահագործման մեջ գտնվող տուրբինների ամբողջ համակազմի համար այդ հարաչափերի մեծությունները պետք է համապատասխանեն ստորև բերվածներին`

ա. պտտման հաճախության կարգավորման անհավասարաչափության աստիճանը (շոգու անվանական հարաչափերի դեպքում), 4-ից մինչև 5%,

(հակաճնշումային տուրբինների համար թույլատրվում է 4,5-ից մինչև 6,5%),

բ. անհավասարաչափության տեղային աստիճանը` ըստ պտտման հաճախության.

նվազագույնը` բեռնվածության ցանկացած տիրույթում, ոչ պակաս 2,5%,

առավելագույնը` մինչև 15% Nանվ բեռնվածության տիրույթում, ոչ ավելի 10%,

15% Nանվ-ից մինչև առավելագույն բեռնվածության տիրույթում, ոչ ավելի 6%,

գ. անզգայնության աստիճանը` ըստ պտտման հաճախության, տոկոս, ոչ ավելի 0,3%,

դ. հակաճնշման և առումներում շոգու ճնշման կարգավորման անզգայնության աստիճանը`

առումում (հակաճնշումում) մինչև 2,5 կգ/սմ2 (0,25 ՄՊա) ճնշման դեպքում, ոչ ավելի 5 կՊա,

առումում (հակաճնշումում) 2,5 կգ/սմ2 (0,25 ՄՊա) և ավելի ճնշման դեպքում, ոչ ավելի 5%.

2) հակաճնշման և կարգավորվող առումների շոգու ճնշման կարգավորման անհավասարաչափության աստիճանը պետք է բավարարի սպառողի պահանջները, որոնք համաձայնեցված են տուրբիններն արտադրող կազմակերպության հետ, և թույլ չտա ապահովիչ կափույրների (սարքվածքների) գործարկում:

350. Կարգավորման և պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն տուրբիններն արտադրող կազմակերպության հրահանգների պահանջներին համապատասխան:

351. Վթարային իրավիճակներում տուրբինի աշխատանքը դադարեցնող ավտոմատ ինքնագործարկվող համակարգը (այսուհետ` անվտանգության ավտոմատ) պետք է գործարկվի տուրբինի ռոտորի պտտման հաճախականությունն անվանականի 10-ից մինչև 12 %-ը գերազանցելու կամ շահագործման փաստաթղթերում նշված արժեքին հասնելու դեպքերում: Անվտանգության ավտոմատի գործարկման դեպքում պետք է փակվեն`

1) թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող, կարգավորող (սևեռող-կարգավորող) կափույրները.

2) շոգեառումների սևեռող (ընդհատիչ), կարգավորող և հետադարձ կափույրները, ինչպես նաև կարգավորող դիաֆրագմաներն ու սահակափույրները.

3) շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ (զատիչ) կափույրները:

352. Պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգը (ներառյալ դրա բոլոր տարրերը) շահագործման փաստաթղթերում հատուկ ցուցումների բացակայության դեպքում պետք է փորձարկվի պտտման հաճախության բարձրացումով հետևյալ դեպքերում`

1) տուրբինի տեղակայումից հետո.

2) տուրբինի հիմնական նորոգումից հետո.

3) կարգավորման համակարգի փորձարկումից առաջ գեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության հանումով.

4) թողարկելիս անվտանգության ավտոմատը քանդելուց հետո.

5) տուրբինի երկարատև (30 օրից ավելի) պարապուրդից հետո.

6) կարգավորման համակարգը կամ դրա առանձին հանգույցներն ապամոնտաժելուց հետո թույլատրվում է պաշտպանության փորձարկում առանց պտտման հաճախության բարձրացման, բայց դրա ամբողջ շղթայի գործման պարտադիր ստուգմամբ.

7) ծրագրային ստուգումների ժամանակ 4 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ թույլատրվում է պաշտպանության փորձարկում առանց պտտման հաճախության բարձրացման, բայց դրա ամբողջ շղթայի գործման պարտադիր ստուգմամբ.

8) պտտման հաճախության բարձրացումով տուրբինի պաշտպանության համակարգի փորձարկումները պետք է կատարվեն տուրբինային արտադրամասի պետի կամ նրա տեղակալի ղեկավարությամբ:

353. Պտտման հաճախության բարձրացումով տուրբինի պաշտպանության փորձարկումները պետք է կատարվեն արտադրամասի պետի կամ դրա տեղակալի ղեկավարությամբ:

354. Թարմ շոգու և միջանկյալ գերտաքացուցչի հետ շոգու սևեռող և կարգավորող կափույրները պետք է լինեն կիպ: Դրանց կիպությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր խմբի համար առանձին փորձարկումներով: Կիպության չափանիշ է հանդիսանում տուրբինի ռոտորի պտտման հաճախականությունը, որը հաստատվում է ստուգվող կափույրների լրիվ փակվելուց հետո դրանցից առաջ շոգու լրիվ (անվանական) կամ մասնակի ճնշման դեպքում: Պտտման հաճախության թույլատրելի մեծությունը որոշվում է շահագործման փաստաթղթերով: Սևեռող և կարգավորող բոլոր կափույրների միաժամանակյա փակման և հակաճնշման (վակուումի) ու թարմ շոգու անվանական հարաչափերի դեպքում դրանցով շոգու անցնելը չպետք է բերի տուրբինի ռոտորի պտտմանը:

355. Տուրբինի շահագործման ընթացքում կափույրների կիպության նվազման նշաններ բացահայտելու դեպքում (տուրբինի գործարկման կամ կանգի ժամանակ) պետք է անցկացվի դրանց կիպության արտահերթ ստուգում:

356. Թարմ շոգու միջանկյալ գերտաքացման սևեռող ու կարգավորող կափույրները, շոգեառումների սևեռող (ընդհատիչ) ու կարգավորող կափույրները (դիաֆրագմաները), շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ կափույրները պետք է բացվեն`

1) լրիվ քայլով (ընթացքով)` տուրբինի գործարկումից առաջ և կազմակերպության հրահանգներով նախատեսված դեպքերում.

2) քայլի (ընթացքի) մի մասով` ամեն օր, տուրբինի աշխատանքի ժամանակ:

357. Փականները լրիվ քայլով բացելիս պետք է վերահսկվեն դրանց ընթացքի սահունությունն ու նստեցումը:

358. Կարգավորվող շոգեառումների հետադարձ կափույրների կիպությունն ու այդ շոգեառումների ապահովիչ կափույրների գործարկումը պետք է ստուգվեն տարին առնվազն մեկ անգամ և տուրբինի` ըստ բեռնվածության անկման (բեռնաթափման) փորձարկումից առաջ`

1) ջեռուցման կարգավորվող շոգեառումների հետադարձ կափույրները, որոնք կապ չունեն այլ տուրբինների շոգեառումների, ռեդուկցիոն-հովացման սարքվածքների և շոգու այլ աղբյուրների հետ, կիպության ստուգման կարելի է չենթարկել, եթե չկան արտադրող կազմակերպության հատուկ ցուցումներ.

2) բոլոր շոգեառումների հետադարձ կափույրների նստեցումը պետք է ստուգվի յուրաքանչյուր գործարկումից առաջ և տուրբինի կանգառի դեպքում, իսկ բնականոն աշխատանքի ժամանակ` պարբերաբար, ըստ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից սահմանված ժամանակացույցի, բայց 4 ամիսն առնվազն մեկ անգամ:

359. Հետադարձ կափույրի անսարքության դեպքում տուրբինի աշխատանքը համապատասխան շոգեառումով արգելվում է:

360. Սևեռող (պաշտպանող, ընդհատիչ) կափույրների փակման ժամանակի ստուգումը, ինչպես նաև կանգնեցված կամ պարապ ընթացքի ռեժիմում աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը` դրանց համապատասխանությունը սույն գլխի 3-րդ կետի պահանջներին և շահագործման փաստաթղթերի տվյալներին ստուգելու նպատակով, պետք է կատարվեն`

1) տուրբինի տեղակայումից հետո.

2) տուրբինի հիմնական նորոգումից, կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից անմիջապես առաջ և հետո.

3) ստատիկ բնութագրեր կազմելու համար անհրաժեշտ բեռնվածության տակ աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը պետք է կատարվի`

ա. տուրբինի տեղակայումից հետո,

բ. տուրբինի հիմնական նորոգումից և կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից հետո:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում