Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

576. Ջերմային ցանցերի փորձարկումների ծավալը և պարբերականությունը` թափառող հոսանքների պոտենցիալի որոշման նպատակով պետք է համապատասխանեն շահագործական փաստաթղթերին:

577. Տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է շահագործման մեջ գտնվեն մշտապես: Ջերմային ցանցերի աշխատանքի ժամանակ տեխնոլոգիական պաշտպանության սարքերի անջատումը կատարվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ` ձևակերպելով այն օպերատիվ փաստաթղթերում: Տեխնոլոգիական պաշտպանության սարքերը կարող են դուրս բերվել աշխատանքից հետևյալ դեպքերում`

1) անցումային ռեժիմներում ցանցերի աշխատանքի ժամանակ.

2) տեխնոլոգիական պաշտպանության ակնհայտ անսարքության դեպքում.

3) վթարների վերացման ժամանակ.

4) սարքավորումների նորոգման ժամանակ.

5) տեխնոլոգիական պաշտպանության սարքերի աշխատունակությունը պետք է պարբերաբար ստուգվի կազմակերպության հրահանգում նշված ժամկետներում և ծավալով:

578. Երկխողովակ ջրային ջերմային ցանցերի համար ջերմության առաքման ռեժիմի հիմքում պետք է դրված լինի կենտրոնական որակական կարգավորման գրաֆիկը: Տաք ջրամատակարարման բեռնվածության առկայության դեպքում ջրի նվազագույն ջերմաստիճանը ցանցի մատակարարող խողովակագծում պետք է լինի`

1) փակ համակարգերում` 70 oC-ից ոչ ցածր.

2) բաց համակարգերում` 55 oC-ից ոչ ցածր:

579. Ջրային ջերմային ցանցերի հիդրավլիկական ռեժիմները պետք է մշակվեն ամեն տարի` ջեռուցման և ամռան ժամանակների համար. ջերմամատակարարման բաց համակարգերի համար ջեռուցման ժամանակում ռեժիմները պետք է մշակվեն մատակարարող և հետադարձ խողովակաշարերից առավելագույն ջրառման և ջրառման բացակայության դեպքերում: Սպառիչների մոտ ջրի ծախսի կարգավորման միջոցառումները պետք է կազմվեն յուրաքանչյուր ջեռուցման սեզոնի համար: Ջերմամատակարարման սխեմայով նախատեսված նոր մայրուղիների և պոմպային կայանների կառուցման հաջորդականությունը պետք է որոշվի` հաշվի առնելով միացվող ջերմային բեռնվածության իրական աճը, որի համար էլ ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունում պետք է մշակվեն ջերմամատակարարման համակարգի հիդրավլիկ ռեժիմները` մոտակա 3-ից 5 տարվա համար: Ջերմային ցանցերում պետք է նախատեսվեն միջոցառումներ սպառողների ջերմամատակարարումն ապահովելու համար` պոմպային կայանների կամ հիմնական մայրուղիների առանձին տեղամասերի շարքից դուրս գալու դեպքում:

580. Ցանցային պոմպերի աշխատանքի ժամանակ ջրի ճնշումը ջերմային ցանցերի մատակարարող խողովակագծի ցանկացած կետում, ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումներում ու խողովակաշարերում, անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի վերին կետերում, պետք է ապահովվի պաշարով` առնվազն 0,5 կգուժ/սմ2 (50 կՊա) ջրի առավելագույն ջերմաստիճանում դրա եռալը բացառելու համար: Ցանցային պոմպերի աշխատանքի ժամանակ ջրի ճնշումը ջրային ջերմային ցանցերի հետադարձ խողովակագծի ցանկացած կետում պետք է լինի 0,5 կգուժ/սմ2 (50 կՊա)-ից ոչ ցածր: Ջրի ճնշումը հետադարձ խողովակագծում պետք է լինի ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումների և խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի համար թույլատրելի ճնշումից ոչ բարձր:

581. Ջերմամատակարարման համակարգերում ստատիկ ճնշումը պետք է լինի այնպիսին, որպեսզի ապահովվի ջերմային ցանցերի խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի լցնումը ջրով: Ստատիկ ճնշումը չպետք է բարձր լինի ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումների և խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի համար թույլատրելի ճնշումից: Ստատիկ ճնշումը պետք է որոշված լինի պայմանականորեն` ջրի 1-ից մինչև 100 oC ջերմաստիճանի համար:

582. Ցանցային և վերամղման պոմպերի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամանակ ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի ճնշումը ջերմային ցանցում և ջերմամատակարարման համակարգում թույլատրելի մակարդակի սահմաններում: Այդ մակարդակի գերազանցման հնարավորության դեպքում պետք է նախատեսվի հատուկ սարքերի տեղադրում, որոնք կպահպանեն ջերմամատակարարման համակարգը հիդրավլիկ հարվածներից:

583. Ջերմային ցանցերի նորոգումը պետք է կատարվի հաստատված ժամանակացույցին (ծրագրին) համապատասխան` հիմնված բացահայտված արատների, վնասվածքների, պարբերական զննումների, փորձարկումների, արատորոշման և ամենամյա ճնշափորձարկման արդյունքների վերլուծության վրա: Նորոգման աշխատանքների ժամանակացույցը պետք է սահմանվի` ելնելով ջերմային ցանցի խողովակաշարերի և ջերմային հանգույցների միաժամանակյա նորոգման պայմանից:

 

37. ՄԵՏԱՂԻ ՎԻՃԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

584. Ջերմաէներգետիկ սարքավորումների անվտանգ աշխատանքի ապահովման և վնասվածքները, որոնք կարող են առաջանալ մասերի պատրաստման ժամանակ թույլ տրված հնարավոր արատների, ինչպես նաև շահագործման ժամանակ սողքի, էրոզիայի, քայքայման, ամրության և պլաստիկության բնութագրերի նվազման հետևանքով, բացառելու համար պետք է կազմակերպվի հիմնական և ձուլակցված մետաղի վիճակի հսկողություն:

585. Մետաղի հսկողությունը պետք է իրականացվի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրերով, այն ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են շահագործական տեխնիկական փաստաթղթերում: Այդ տեխնիկական փաստաթղթերում պետք է լինեն մուտքային վերահսկման և մետաղի վիճակի շահագործական հսկողության պահանջները` նրա ծառայության ժամկետի նորմատիվային և գերնորմատիվային սահմաններում:

586. Մետաղի հսկողությունը (ստուգումները) պետք է իրականացնի մետաղների փորձարկման լաբորատորիան կամ ծառայությունը` այն արտադրամասերի անձնակազմերի հետ միասին, որոնց վարման տակ է գտնվում համապատասխան սարքավորումը: Ստուգումների նախապատրաստման և իրականացման համար պարտականությունների բաշխումը հաստատվում է շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել մասնագիտացված կազմակերպություններ:

587. Սարքավորումների հուսալիության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման համար շահագործող կազմակերպությունում պետք է կազմակերպվի մետաղի ստուգման արդյունքների և վնասվածքների վերաբերյալ տեղեկությունների հավաքում և վերլուծություն: Անհրաժեշտության դեպքում, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով նախատեսվածից բացի, պետք է իրականացվի նաև լրացուցիչ հսկողություն (ստուգում):

588. Ստուգման (հսկման) արդյունքների գրանցման տեխնիկական փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև սարքավորման շահագործումից հանումը:

589. Մատակարարվող հանգույցների և մասերի տեխնիկական մակարդակի որոշման համար կատարվում է մուտքի վերահսկողություն: Մուտքի վերահսկողությունը (ստուգումը) անհրաժեշտ է նաև սարքավորման մինչև աշխատելը և հետագա շահագործման ընթացքում հիմնական և ձուլակցված մետաղի վիճակի համեմատական գնահատման նպատակով տվյալներ ստանալու համար, ինչպես նաև որոշելու մետաղի հատկությունների համապատասխանությունը տեխնիկական պահանջներին:

590. Մուտքի վերահսկողության են ենթակա ՋԷԿ-ում նոր տեղադրվող սարքավորումների, ինչպես նաև շահագործվող սարքավորումների նորոգման ժամանակ տեղադրվող նոր հանգույցների ու մասերի մետաղը: Մետաղի մուտքի վերահսկողության (վերահսկման) մեթոդները և ծավալները պետք է որոշվեն նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:

591. Մետաղների շահագործման վերահսկողությունը պետք է կազմակերպվի սարքավորումների տարրերի մետաղի վիճակի փոփոխության գնահատման և դրանց ծառայության համակազմային ժամկետի սահմաններում հետագա շահագործման պիտանիությունը որոշելու համար:

592. Էներգասարքավորումների հիմնական հանգույցների (խողովակագծերի ծռումների, կաթսայի թմբուկների, հավաքիչների, շոգետար գծերի, անոթների, տուրբինների գլանի իրանի, սևեռող կափույրների, ռոտորների) տեխնիկական արատորոշումը կատարվում է դրանց ծառայության լրացուցիչ ժամկետը (համակազմային պաշարից հետո) որոշելու և այդ ժամկետի ընթացքում սարքավորումների հուսալի աշխատանքն ապահովելու համար միջոցառումներ մշակելու նպատակով:

593. Հիմնական և ձուլակցված մետաղի վիճակի գնահատման համար պետք է կիրառվեն մետաղը չքայքայող (չվնասող) ստուգման մեթոդներ:

594. Մետաղի փաստացի վիճակի գնահատման տեխնիկական արատորոշումը պետք է կատարվի դրա կտրածո նմուշով:

595. Սարքավորումների պատասխանատու մասերի և հանգույցների (նշված սույն գլխի 592-րդ կետում) մետաղի ստուգման անբավարար արդյունքների դեպքում, կամ դրանց կողմից նախատեսված պաշարն աշխատելուց հետո կազմվում է փորձագիտատեխնիկական հանձնաժողով, որը քննարկում է շահագործման ողջ ընթացքում մետաղի հսկողության արդյունքներն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր և ընդունում է որոշում` այդ հանգույցների և մասերի նորոգման ու աշխատանքի մեջ թողնելու վերաբերյալ, կամ հիմնավորում է դրանց ապասարումը, կամ էլ վերականգնողական ջերմամշակման կատարումը:

596. Կոնկրետ ՋԷԿ-ի համար, հաշվի առնելով դրա շահագործման առանձնահատկությունը թույլատրվում է մշակել մետաղի հսկողության արտադրական հրահանգ: Համապատասխան տեխնիկական հիմնավորման դեպքում արտադրական հրահանգը, իր ծավալով և ժամկետներով, կարող է տարբերվել ստուգման անցկացման վերաբերյալ ընդհանուր ընդունված հրահանգից:

 

VIII. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

38. ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՍԻՆՔՐՈՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԸ

 

597. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների շահագործման ժամանակ պետք է ապահովվեն`

1) թույլատրելի ռեժիմներում դրանց անխափան աշխատանքը.

2) գրգռման, հովացման, յուղամատակարարման համակարգերի, հսկման, պաշտպանության, ավտոմատիկայի և արատորոշման սարքերի հուսալի գործողությունը` համաձայն սույն գլխի պահանջների և արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների.

3) գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքային հարաչափերի վերաբերյալ սույն գլխում սահմանված արժեքները գործում են, եթե դրանք չեն հակասում արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին.

4) գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների և դրանց օժանդակ համակարգերի սպասարկման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտներով` արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների հիման վրա.

5) համակարգի օպերատորի օպերատիվ վարման տակ գտնվող բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքային հարաչափերի և դրանց ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները դրանց շահագործող կազմակերպությունները պարտավոր են հայտնել օպերատորին և համաձայնեցնել նրա հետ:

598. Գրգռման ավտոմատ կարգավորիչները (ԳԱԿ) պետք է մշտապես միացված լինեն: ԳԱԿ-ի կամ դրանց առանձին տարրերի անջատումը (նվազագույն գրգռման սահմանափակում և այլն) թույլատրվում է միայն վերանորոգման կամ ստուգման համար: ԳԱԿ-ի կարգավորումն ու գործողությունը պետք է համաձայնեցվեն գեներատորների (սինքրոն փոխհատուցիչների) աշխատանքի թույլատրելի ռեժիմների ավտոմատիկայի համակայանային և համակարգային սարքերի հետ: Էլեկտրակայաններում և էներգահամակարգում պետք է լինեն ԳԱԿ-ի սարքի հիմնական հարաչափերի տվյալները: Պահուստային գրգռիչների վրա պետք է ապահովվի գրգռման ուժեղացում (ֆորսիրովկա)` ռոտորի անվանական լարման 1,3-ապատիկից ոչ պակաս:

599. Գրգռման ավտոմատ կարգավորիչները և հիմնական (աշխատանքային) գրգռման ուժեղացուցիչ սարքերը պետք է համալարվեն այնպես, որպեսզի ցանցի լարման տրված իջեցման դեպքում ապահովվի`

1) սահմանային հաստատված գրգռման լարումը` աշխատանքային ռեժիմի կրկնապատիկից ոչ պակաս, եթե այդ արժեքը նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով սահմանափակված չէ առանձին մեքենաների համար.

2) գրգռման լարման աճի անվանական արագությունը.

3) գրգռման ուժեղացման տրված տևողության ավտոմատ սահմանափակումը:

600. Գեներատորները պետք է շահագործման մեջ մտցվեն հիմնական գրգռումով: Շահագործման պայմաններում անցումը հիմնական գրգռումից պահուստայինի և հակառակը պետք է կատարվի առանց գեներատորները ցանցից անջատելու:

601. Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա, որոնք չունեն բացասական գրգռման փաթույթներ, պետք է տեղակայվի և մշտապես աշխատանքի մեջ գտնվի ռոտորի փաթույթի պաշտպանությունը գերլարումներից (պարպիչ, մարող դիմադրություն և այլն):

602. Ջրածնային հովացումով գեներատորների խցվածքների յուղամատակարարման պահուստային աղբյուրները պետք է ավտոմատ կերպով մտցվեն աշխատանքի մեջ աշխատանքային աղբյուրի անջատման և յուղի ճնշումը հաստատված սահմանից իջնելու դեպքում: 60 ՄՎտ և ավելի հզորության գեներատորների խցվածքների յուղամատակարարման հիմնական աղբյուրների պահուստավորման համար հանդարտիչ (բուֆերային) բաքերը պետք է մշտապես միացված լինեն: Յուղի պաշարը հանդարտիչ բաքում պետք է ապահովվի յուղի մատակարարումը և յուղ-ջրածին ճնշումների դրական տարբերության պահպանումը լիսեռի խցվածքների վրա տուրբաագրեգատի կանգաշարժի ամբողջ ժամանակահատվածում` վակուումի խափանումով յուղամատակարարման բոլոր աղբյուրների խափանման դեպքում:

603. Ջրածնային հովացումով տուրբագեներատորները և սինքրոն փոխհատուցիչները տեղակայումից և հիմնական նորոգումից հետո պետք է շահագործման մեջ մտցվեն ջրածնի անվանական ճնշման դեպքում: Արգելվում է ջրածնային կամ ջրածնաջրային անմիջական հովացմամբ ակտիվ մասեր ունեցող տուրբագեներատորների աշխատանքը բեռնվածքի տակ` օդային հովացումով: Այդպիսի մեքենաների ոչ տևական աշխատանքն օդային հովացմամբ թույլատրվում է միայն պարապ ընթացքի ռեժիմում առանց գրգռման` շահագործման հրահանգում նշվածից ոչ բարձր օդի ջերմաստիճանում: Ջրածնային արագացված հովացմամբ էլեկտրական գեներատորի համար մեքենայի կարճատև գրգռումը թույլատրվում է, երբ այն անջատված է ցանցից:

604. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների հրդեհաշեջ սարքերը պետք է մշտապես լինեն պատրաստ վիճակում և ապահովեն դրանց արագ գործարկումը: Օդային հովացմամբ գեներատորները և սինքրոն փոխհատուցիչները պետք է սարքավորվեն փոշիացված ջրի կամ իներտ գազի միջոցով գործող հրդեհամարման համակարգերով:

605. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գործարկման և շահագործման ժամանակ պետք է իրականացվեն հետևյալի հսկողությունը`

1) ստատորի, ռոտորի և գրգռման համակարգի էլեկտրական հարաչափերի.

2) ստատորի փաթույթի և պողպատի ջերմաստիճանի.

3) հովացնող միջավայրերի, լիսեռի, առանցքակալների, կրնկակալների խցվածքների (այդ թվում նաև` գրգռման համակարգի սարքավորումների).

4) ճնշման, այդ թվում նաև` զտիչների վրա ճնշման անկման, փաթույթի և այլ ակտիվ ու կառուցվածքային մասերի տեսակարար դիմադրության և թորված ջրի ծախսի.

5) ջրածնի ճնշման և մաքրության.

6) յուղի ճնշման և ջերմաստիճանի, ինչպես նաև լիսեռի խցվածքներում յուղ-ջրածին ճնշման անկման.

7) տուրբագեներատորի իրանը լցնող գազային միջավայրի խոնավության.

8) հեղուկային հովացման համակարգի հերմետիկության.

9) հանդարտիչ բաքերում և տուրբագեներատորների լողանային հիդրոփականներում յուղի մակարդակի, հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների յուղագուռերում յուղի մակարդակի.

10) տուրբագեներատորների առանցքակալների և հպակային օղակների, հիդրոգեներատորների խաչկապերի և առանցքակալների թրթռումի:

606. Աշխատանքում կամ պահուստում գտնվող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գազայուղային և ջրային համակարգերի աշխատանքի ցուցանիշների որոշման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտներով` ելնելով արտադրող կազմակերպության շահագործման հրահանգից:

607. Ջրածնի մաքրությունը պետք է լինի ոչ պակաս`

1) անմիջական ջրածնային հովացումով գեներատորների իրանում և բոլոր տեսակի սինքրոն փոխհատուցիչներում` 98%.

2) անուղղակի ջրածնային հովացումով գեներատորների իրանում ջրածնի 0,5 կգուժ/սմ2 (49 կՊա) և ավելի հավելյալ ճնշման դեպքում` 97%, ջրածնի մինչև 0,5 կգուժ/սմ2 (49 կՊա) հավելյալ ճնշման դեպքում` 95%.

3) ջրածնի ցողի կետի ջերմաստիճանը գեներատորի իրանի մեջ աշխատանքային ճնշման դեպքում կամ օդի ցողի կետի ջերմաստիճանը պետք է լինի 15 oC-ից ոչ բարձր և միշտ ցածր գազահովացուցիչների մուտքում ջրի ջերմաստիճանից.

4) լրիվ ջրային հովացումով գեներատորների իրանի մեջ գազի ցողի կետի ջերմաստիճանը չպետք է գերազանցի արտադրողի շահագործման հրահանգով սահմանած արժեքից:

608. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչի) իրանում թթվածնի պարունակությունը ջրածնի մեջ պետք է լինի 1,2%-ից ոչ ավելի, իսկ գեներատորի լողանային ջրափականում, ներփչման բաքում և գեներատորի յուղամաքրիչ կայանքի ջրածնազտիչ բաքում` 2%-ից ոչ ավելի:

609. Ջրածնի պարունակությունն առանցքակալների հենատուփերում (կարտերում), էկրանացված հոսանքատարներում, լիսեռի խցվածքների յուղի դատարկման խողովակագծերում (օդային կողմից), գծային և զրոյական արտանցիչների պատյաններում պետք է լինի 1%-ից պակաս: Հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում` ջրածնի 1% և ավելի, իսկ առանցքակալների հենատուփերում` 2%-ից ավելի լինելու դեպքում տուրբագեներատորի աշխատանքը չի թույլատրվում:

610. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչների) իրանի մեջ ջրածնի ճնշման տատանումները ջրածնի մինչև 1 կգուժ/սմ2 (98 կՊա) անվանական հավելյալ ճնշման դեպքում պետք է լինեն 20%-ից ոչ ավելի, իսկ ավելի մեծ հավելյալ ճնշման դեպքում թույլատրվում է 0,2 կգուժ/սմ2 (19.6 կՊա)-ից ոչ ավելի:

611. Ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչների յուղապոմպերի ներծծիչ մայրուղիներում պետք է ապահովել յուղի առնվազն 0,2 կգուժ/սմ2 (19.6 կՊա) հավելյալ ճնշում:

612. Գեներատորի անշարժ կամ պտտվող ռոտորի դեպքում յուղի ճնշումը խցվածքներում պետք է գերազանցի մեքենայի իրանի մեջ ջրածնի ճնշմանը: Ճնշումների տարբերության ստորին և վերին սահմանները պետք է նշված լինեն գեներատորի շահագործման փաստաթղթում:

613. Տուրբագեներատորների լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգում մշտապես պետք է աշխատանքի մեջ լինեն յուղի ճնշման կարգավորիչները (խցող, սեղմումային, փոխհատուցիչ): Լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգի փակիչ ամրանների կապարակնքումը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ գլխի 368-րդ կետի դրույթներին:

614. Ջրածնի օրական հոսակորուստը գեներատորներում պետք է լինի 5%-ից ոչ ավելի, իսկ օրական ծախսն աշխատանքային ճնշման դեպքում, հաշվի առած ներփչումները` 10% գազի ընդհանուր քանակից ոչ ավելի: Ջրածնի օրական ծախսը սինքրոն փոխհատուցիչներում պետք է լինի գազի ընդհանուր քանակի 5%-ից ոչ ավելի:

615. Գեներատորները պետք է ցանցին միանան ճշգրիտ սինքրոնիզացման եղանակով: Ճշգրիտ սինքրոնացման օգտագործման դեպքում պետք է մտցվի ուղեկապում ոչ սինքրոն միացումից: Ցանցին միացնելիս թույլատրվում է ինքնասինքրոնացման եղանակի օգտագործումը, եթե այն նախատեսված է արտադրող կազմակերպության հրահանգով: Էներգահամակարգում վթարների վերացման դեպքում թույլատրվում է մինչև 220 ՄՎտ հզորության էլեկտրական գեներատորները և բոլոր ՀԷԿ-րի էլեկտրական գեներատորները միացնել զուգահեռ աշխատանքի ինքնասինքրոնացման եղանակով, եթե դա չի արգելված արտադրող կազմակերպությունների հրահանգներով: Ավելի մեծ հզորության գեներատորները թույլատրվում է միացնել այդ եղանակով, պայմանով, որ գերանցումային հոսանքի պատիկությունն անվանականի նկատմամբ` հաշվի առնելով, որ բլոկային տրանսֆորմատորների և ցանցի ինդուկտիվ դիմադրությունները, չի գերազանցում 3,0 անգամը և դա չի արգելվում արտադրող կազմակերպության հրահանգներով:

616. Գեներատորները բեռնվածքի միանգամից իջեցման կտրուկ նվազեցման և անջատման դեպքում, որոնք չեն ուղեկցվում ագրեգատի վնասմամբ կամ տուրբինի կարգավորման համակարգի անսարք աշխատանքով, թույլատրվում է միացնել ցանցին առանց զննման և ստուգման:

617. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների լարման բարձրացման արագությունը չի սահմանափակվում: Ակտիվ բեռնվածքի հավաքման և փոփոխման արագությունը բոլոր գեներատորների համար որոշվում է տուրբինի կամ կաթսայի աշխատանքի պայմաններով: Փաթույթների անուղղակի հովացմամբ գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների, գազատուրբինային կայանքների տուրբագեներատորների, ինչպես նաև փաթույթների անմիջական հովացմամբ հիդրոգեներատորների ռեակտիվ բեռնվածքի փոփոխման արագությունը չի սահմանափակվում: Փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների համար այդ արագությունը բնականոն ռեժիմներում չպետք է գերազանցի ակտիվ բեռնվածքի հավաքման արագությանը, իսկ վթարային պայմաններում` չի սահմանափակվում:

618. Գեներատորների անվանական հզորությունը (30 ՄՎտ և ավելի հզորության բոլոր տուրբագեներատորների և գազատուրբինային սարքավորումների համար` նաև երկարատև առավելագույն հզորությունը` հզորության գործակցի և հովացման հարաչափերի սահմանված արժեքների դեպքում)` հզորության անվանական գործակցի դեպքում և սինքրոն փոխհատուցիչների անվանական հզորությունը պետք է պահպանվեն անվանականից` լարման մինչև + 5%, և հաճախականության` մինչև + 2,5% միաժամանակ շեղման դեպքում, պայմանով, որ բարձրացված լարման և իջեցված հաճախականության պայմաններում աշխատելիս լարման և հաճախականության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցի + 6%-ը, եթե արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերով վերապահում չի արված լարման և հաճախականության շեղումների վերաբերյալ: Անվանական հզորությամբ աշխատելիս և լարումը + 5%-ի սահմաններում շեղվելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը երկարատև թույլատրվում է հովացման միջավայրերի անվանական հարաչափերով աշխատելու դեպքում: Երկարատև առավելագույն հզորությամբ աշխատելիս, լարումը մինչև + 5% շեղվելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը երկարատև թույլատրվում է միայն հովացման համապատասխան հարաչափերի դեպքում: Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ամենամեծ աշխատանքային լարումը պետք է լինի անվանականի 110%-ից ոչ ավելի: 105%-ից ավելի լարման դեպքում գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի լրիվ հզորությունը պետք է սահմանվի կամ համապատասխան արտադրող կազմակերպության հրահանգներին, կամ փորձարկման արդյունքներին: Գեներատորների կամ սինքրոն փոխհատուցիչների անվանականից 95%-ից պակաս լարման դեպքում ստատորի հոսանքը չպետք է գերազանցի երկարատև թույլատրելիի 105%-ը:

619. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների երկարատև գերբեռնվածքը` ըստ հոսանքի, որը գերազանցում է հովացնող միջավայրի տվյալ ջերմաստիճանի և ճնշման համար սահմանված մեծությունը, արգելվում է: Վթարային պայմաններում գեներատորները և սինքրոն փոխհատուցիչները թույլատրվում է կարճատև գերբեռնել ըստ ստատորի և ռոտորի հոսանքի` համաձայն շահագործման հրահանգների: Եթե դրանում համապատասխան ցուցումները բացակայում են, ապա էներգահամակարգերի վթարների դեպքում աղյուսակ 2-ում տրված հոսանքի պատիկության դեպքում` վերագրված անվանական արժեքին թույլատրվում է գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կարճատև գերբեռնումներ` ըստ ստատորի հոսանքի:

 

Աղյուսակ N 2

 

Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գերբեռնման թույլատրելի

պատիկությունը` ըստ ստատորի հոսանքի

 

.________________________________________________.

|Գերբեռնվածության|Ստատորի    |Ստատորի փաթույթների|

|տևողությունը,   |փաթույթների|անմիջական հովացումը|

|րոպե, ոչ ավելի  |անուղղակի  |___________________|

|                |հովացումը  | ջրով   |  ջրածնով |

|________________|___________|________|__________|

|       60       |   1,1     |  1,1   |    -     |

|________________|___________|________|__________|

|       15       |   1,15    |  1,15  |    -     |

|________________|___________|________|__________|

|       10       |     -     |   -    |   1,1    |

|________________|___________|________|__________|

|       6        |   1,2     |  1,2   |   1,15   |

|________________|___________|________|__________|

|       5        |   1,25    |  1,25  |    -     |

|________________|___________|________|__________|

|       4        |   1,3     |  1,3   |   1,2    |

|________________|___________|________|__________|

|       3        |   1,4     |  1,35  |   1,25   |

|________________|___________|________|__________|

|       2        |   1,5     |  1,4   |   1,3    |

|________________|___________|________|__________|

|       1        |   2,0     |  1,5   |   1,5    |

.________________________________________________.

 

Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի գերբեռնումներն ըստ գրգռման հոսանքի որոշվում են ստատորի թույլատրելի գերբեռնումով: Ռոտորի փաթույթների ջրածնային կամ ջրային անմիջական հովացումով էլեկտրական գեներատորների համար թույլատրելի գերբեռնումներն ըստ գրգռման հոսանքի պետք է որոշվեն ռոտորի հոսանքի անվանական արժեքին վերագրված 3-րդ աղյուսակում նշված հոսանքի պատիկությամբ:

620. Ստատորի փաթույթում կամ գեներատորային լարման շղթայում հողի հետ միաֆազ միակցում առաջանալիս, բլոկային գեներատորը (սինքրոն փոխհատուցիչը) կամ բլոկը գեներատորային անջատիչի բացակայության պայմաններում պետք է ավտոմատ կերպով անջատվի, իսկ պաշտպանության միջոցի խափանման դեպքում` անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից`

1) գեներատոր-տրանսֆորմատոր (փոխհատուցիչ-տրանսֆորմատոր) բլոկների վրա` առանց գեներատորային լարման ճյուղավորումների և սեփական կարիքների տրանսֆորմատորներին սնող ճյուղավորումների` անկախ միակցման ունակային հոսանքի արժեքից.

2) բլոկային գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ստատորի փաթույթում հողի հետ միակցման դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների ցանցի կամ սպառողների հետ գեներատորային լարումով` 5 Ա և ավելի միակցման հոսանքի դեպքում.

 

Աղյուսակ N 3

 

Տուրբագեներատորների` ըստ ռոտորի հոսանքի գերբեռնման թույլատրելի

պատիկությունը

 

.________________________________________________________.

|Գերբեռնվածության|          Տուրբագեներատորները          |

|տևողությունը    |_______________________________________|

|րոպե, ոչ ավելի  |ՏՎՖ (ՏՎՖ),        |ՏԳՎ, ՏՎՎ (ՏԳՎ, ՏՎՎ) |

|                |բացի ՏՎՖ-120-2-ից |(մինչև  500 ՄՎտ     |

|                |                  |ներառյալ), ՏՎՖ-120-2|

|________________|__________________|____________________|

|       60       |     1,06         |      1,06          |

|________________|__________________|____________________|

|        4       |      1,2         |       1,2          |

|________________|__________________|____________________|

|        1       |      1,7         |       1,5          |

|________________|__________________|____________________|

|       0,5      |      2,0         |        -           |

|________________|__________________|____________________|

|      0,33      |       -          |       2,0          |

.________________________________________________________.

 

3) նույնպիսի միջոցներ պետք է նախատեսվեն գեներատորների և փոխհատուցիչների ստատորի փաթույթի հողակցման դեպքում, որոնք աշխատում են հավաքովի հաղորդաձողերի վրա` 5 Ա և ավելի բնական հողակցման հոսանքի պայմաններում.

4) բլոկային գեներատորների (փոխհատուցիչների) գեներատորային լարման շղթաներում հողակցում երևան գալու դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների կամ սպառողների ցանցի հետ և միացված են գեներատորների (փոխհատուցիչների) հավաքովի հաղորդաձողերին (միակցման տեղը փնտրելու, բեռնվածքի փոխադրման համար), երբ ունակային միակցման հոսանքը չի գերազանցում 5 Ա և պաշտպանության միջոցները գործում են ազդանշանման վրա կամ զգայուն չեն, գեներատորների (փոխհատուցիչների) աշխատանքը թույլատրվում է 2 ժ-ից ոչ ավելի.

5) ստատորի փաթույթում հողակցման հայտնաբերման դեպքում գեներատորը (փոխհատուցիչը) պետք է անջատվի.

6) եթե հաստատվել է, որ հողակցման տեղը ստատորի փաթույթում չէ, ապա էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պահանջով էլեկտրակայանի կամ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի հայեցողությամբ թույլատրվում է գեներատորի կամ սինքրոն փոխհատուցիչի աշխատանքը հողակցումով ցանցում` մինչև 6 ժամ տևողությամբ:

621. Ռոտորի փաթույթի անմիջական հովացումով տուրբագեներատորի գրգռման շղթայի չափումներով մեկուսացման դիմադրության խիստ իջեցում հայտնաբերելու կամ ազդանշան հայտնվելու դեպքերում այն պետք է 1 ժ-ից ոչ ավելի, իսկ հողակցման դեպքում` անհապաղ փոխադրվի պահուստային գրգռիչի վրա: Եթե մեկուսացման դիմադրությունը վերականգնվում է, գեներատորը կարելի է թողնել աշխատանքի մեջ, իսկ եթե այն մնում է ցածր, բայց շահագործման փաստաթղթերով սահմանված թույլատրելի նվազագույն արժեքից բարձր, տուրբագեներատորն առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչ ուշ 7 օր հետո, պետք է հանվի նորոգման: Պահուստային գրգռիչի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության, կամ պահուստային տիրիստորային անցուղու անսարքությունների, ինչպես նաև մեկուսացման դիմադրության հետագա անկման (սահմանային նվազագույն արժեքից ցածր) դեպքերում տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման: Ռոտորի փաթույթի անուղղակի հովացումով տուրբագեներատորների գրգռման շղթայում հողակցման հայտնաբերման դեպքում (մեկուսացման դիմադրության անկում մինչև 2 կՕմ և պակաս), այն պետք է փոխադրվի պահուստային գրգռիչի վրա կամ գրգռման պահուստային տիրիստորային անցուղու վրա: Եթե այդ դեպքում հողակցումն անհետանում է, թույլատրվում է գեներատորը թողնել աշխատանքի մեջ: Ռոտորի փաթույթում հողակցում հայտնաբերելիս, էլեկտրական գեներատորն առաջին հնարավորության դեպքում պետք է հանվի նորոգման: Եթե ռոտորի փաթույթն իրանի հետ կայուն միակցում ունի, մինչև նորոգման հանելը պետք է մտցվի ռոտորի փաթույթի պաշտպանություն կրկնակի հողակցումից` ազդանշանման կամ անջատման գործողությամբ: Ազդանշան հայտնվելու դեպքում էլեկտրական գեներատորը պետք է անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից: Եթե կրկնակի միակցումից պաշտպանություն նախատեսված չէ կամ չի կարող մտցվել, ապա տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման: Գրգռման շղթայում հողակցում ունեցող ՀԷԿ-երի էլեկտրական գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքը չի թույլատրվում:

622. Թույլատրվում է գեներատորի երկարատև աշխատանքը, եթե ֆազերում հոսանքների տարբերությունը չի գերազանցում անվանականի 12%-ը` տուրբագեներատորների և 20%-ը` սինքրոն փոխհատուցիչների և դիզել-գեներատորների համար, եթե արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով այլ հարաչափեր չեն սահմանված: Ստատորի փաթույթի օդային անուղղակի հովացման համակարգ ունեցող հիդրոգեներատորների համար թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն 20%` 125 ՄՎ.Ա և ցածր հզորության, 15%` 125 ՄՎ.Ա-ից բարձր հզորության դեպքերում: Ստատորի փաթույթի անմիջական ջրային հովացումով հիդրոգեներատորների համար թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն` 10%: Բոլոր դեպքերում ոչ մի ֆազում հոսանքն անվանականից բարձր չպետք է լինի:

623. Թույլատրվում է տուրբագեներատորների կարճատև աշխատանք ասինքրոն ռեժիմում առանց գրգռման` իջեցված բեռնվածքով: Փաթույթների անուղղակի հովացումով տուրբագեներատորների համար նշված ռեժիմում թույլատրելի է մինչև անվանականի 60% բեռնվածք, իսկ աշխատանքի տևողությունն այդ դեպքում` 30 րոպեից ոչ ավելի: Ասինքրոն ռեժիմում առանց գրգռման ասինքրոնացված տուրբագեներատորների և փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների թույլատրելի բեռնվածքը և աշխատանքի տևողությունը պետք է հավաստվեն ըստ արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների, իսկ դրանց բացակայության դեպքում` հատուկ փորձարկումների արդյունքների: Տուրբագեներատորների ասինքրոն ռեժիմի թույլատրելիությունն ըստ ցանցի վրա դրանց ազդեցության պետք է հաստատվի հաշվարկներով կամ փորձարկումներով: Առանց գրգռման ասինքրոն ռեժիմում հավաքովի ատամներով ռոտոր ունեցող հիդրոգեներատորների և տուրբագեներատորների աշխատանքն արգելվում է: Ցանկացած տեսակի առանձին գրգռված գեներատորի ոչ սինքրոն աշխատանքը էլեկտրակայանի մյուս գեներատորների նկատմամբ չի թույլատրվում:

624. Էլեկտրաշարժիչի ռեժիմում գեներատորի աշխատանքի թույլատրելիությունը և տևողությունը սահմանափակվում են տուրբինի աշխատանքային պայմաններով և որոշվում են տուրբինը արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերով:

625. Գեներատորների երկարատև աշխատանքն անվանականից ցածր հզորության գործակցով և սինքրոն փոխհատուցչի ռեժիմում թերգրգռումով (ինդուկտիվ քառորդամասում) թույլատրվում է գրգռման հոսանքի երկարատև թույլատրելիից ոչ բարձր արժեքի դեպքում` տվյալ հարաչափերով հովացնող միջավայրում: Սինքրոն փոխհատուցչի ռեժիմում գեներատորների և թերգրգռումով (ունակային քառորդամասում) սինքրոն փոխհատուցիչների ռեակտիվ բեռնվածքը պետք է սահմանվի ըստ արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների, իսկ դրանց բացակայության դեպքում` հատուկ ջերմային փորձարկումների արդյունքների հիման վրա:

626. Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների երկարատև աշխատանքը թույլատրվում է հզորության գործակցի` անվանականից բարձրացումը մինչև մեկ` լրիվ հզորության անվանական արժեքի պահպանմամբ: Գեներատորների թույլատրելի երկարատև բեռնվածքը թերգրգռման ռեժիմով աշխատելիս, ինչպես նաև անմիջական հովացման գեներատորների համար հզորության գործակցի անվանականից մինչև մեկ բարձրանալիս, պետք է հավաստվեն ըստ արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների` հաշվի առնելով ցանցում զուգահեռ աշխատանքի կայունության ապահովումը: Թերգրգռման ռեժիմում գեներատորների կանոնավոր աշխատանքի դեպքում պետք է ապահովվի գրգռման նվազագույն հոսանքի ավտոմատ սահմանափակումը:

627. Փաթույթների անմիջական հեղուկային հովացումով գեներատորների աշխատանքը փաթույթներում թորվածքի կամ յուղի շրջապտույտի բացակայության դեպքում բոլոր ռեժիմներում, բացի առանց գրգռման պարապ ընթացքի ռեժիմից, արգելվում է: Անմիջական հեղուկային հովացումով փաթույթներում հովացնող հեղուկի շրջապտույտի դադարի դեպքում բեռնվածքը պետք է ավտոմատ կերպով հանվի 2 րոպեի ընթացքում (եթե առանձին գեներատորների շահագործման հրահանգներում ավելի խիստ պայմաններ չեն վերապահվում), գեներատորը պետք է անջատվի ցանցից և հանվի գրգռումը:

628. Ռոտորի փաթույթի գազային հովացումով և գրգռման համակարգի տարրերի օդային հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գրգռման ամբողջ շղթայի մեկուսացման դիմադրությունը, չափված 500-1000 Վ լարման մեգաօհմաչափով, պետք է լինի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս: Ռոտորի փաթույթի կամ գրգռման համակարգի տարրերի ջրային հովացման դեպքերում, գրգռման շղթայի մեկուսացման դիմադրության թույլատրելի արժեքները որոշվում են գեներատորների և գրգռման համակարգերի շահագործման կազմակերպության հրահանգներով և էլեկտրասարքավորման փորձարկման արդյունքներով: Գրգռման շղթաների մեկուսացման դիմադրության նորմավորված արժեքներից ցածր դիմադրություն ունեցող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքը թույլատրվում է միայն էլեկտրակայանը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ` հաշվի առնելով սույն գլխի 621-րդ կետի պահանջները:

629. Գեներատորների փաթույթների և ուղղիչ սարքավորումների հեղուկային հովացման համակարգում շրջապտույտ կատարող թորվածքի (մեկուսիչ յուղի) որակը պետք է համապատասխանի գեներատորների և գրգռման համակարգերի արտադրող կազմակերպության շահագործման տեխնիկական պայմաններին: Հեղուկային հովացման համակարգում տեղակայված զտիչները պետք է միշտ գտնվեն աշխատանքային վիճակում: Գեներատորի փաթույթներում թորվածքի տեսակարար դիմադրությունը մինչև 100 կՕմսմ իջնելու դեպքում պետք է գործի նախազգուշացնող ազդանշանը, իսկ 50 կՕմսմ իջնելու դեպքում գեներատորը պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի գրգռումը:

630. Լրիվ հավաքված յուղատարների դեպքում գեներատորների, սինքրոն փոխհատուցիչների և գրգռիչների լիսեռի առանցքակալների և խցվածքների իրանների մեկուսացման դիմադրությունը տեղակայման կամ վերանորոգման ժամանակ` չափված 1000 Վ լարման մեգաօհմաչափով, պետք է լինի առնվազն 1 ՄՕմ, իսկ հիդրոգեներատորների կրնկակալների և առանցքակալների համար` 0,3 ՄՕմ-ից ոչ պակաս, եթե շահագործման հրահանգներում ավելի խիստ նորմա չի վերապահվում:

631. Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորի անջատիչի ոչ լիաֆազ անջատումների և միացումների դեպքում, գեներատորի վնասվելը կանխելու համար, գեներատորը պետք է անջատվի հատվածամասի կամ հաղորդաձողերի համակարգի հարակից անջատիչների միջոցով, որոնց միացված է բլոկը:

632. Տուրբագեներատորների առանցքակալների թրթռումը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ գլխի 382-րդ կետի պահանջներին, իսկ հիդրոգեներատորների խաչկապի և առանցքակալների թրթռումը` 19-րդ գլխի 229-րդ կետի պահանջներին: 750 և 1000 պտ/րոպե պտտման անվանական հաճախականության սինքրոն փոխհատուցիչների թրթիռի կրկնակի ամպլիտուդը պետք է լինի 80 մկմ-ից ոչ ավելի: Թրթիռի հեռագործ չափման սարքի բացակայության դեպքում ստուգման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտներով` կախված փոխհատուցչի թրթիռային վիճակից: Տուրբագեներատորների հպակային օղակների թրթռումը պետք է լինի 300 մկմ-ից ոչ ավելի: Հպակային օղակների թրթռումը 300 մկմ գերազանցելու դեպքում, որն ուղեկցվում է խոզանակահպակային ապարատի աշխատանքի վատացումով, տուրբագեներատորը պետք է դուրս բերվի նորոգման առաջին իսկ հնարավորության դեպքում:

633. Տեղակայումից և հիմնական նորոգումից հետո գեներատորը և սինքրոն փոխհատուցիչը կարող են միացվել աշխատանքի առանց չորացման: Չորացման անհրաժեշտությունը որոշվում է էլեկտրասարքավորման փորձարկման արդյունքներով:

634. Փաթույթների անմիջական հովացումով գեներատորների ջրածնով լցնումն ու դուրսմղումը բնականոն պայմաններում պետք է կատարվի անշարժ ռոտորի կամ լիսեռադարձկեն սարքի միջոցով այն պտտելիս: Վթարային պայմաններում ջրածնի դուրսմղումը կարող է սկսվել մեքենայի կանգաշարժի ժամանակ: Գեներատորից (սինքրոն փոխհատուցչից) ջրածինը կամ օդը պետք է դուրս մղվի չեզոք գազերով (ածխաթթու գազով կամ ազոտով):

635. Էլեկտրակայաններում, որտեղ տեղադրված են ջրածնային հովացումով գեներատորներ, ջրածնի պաշարը պետք է ապահովի դրա 10-օրյա շահագործման համար անհրաժեշտ քանակը և ամենամեծ գազային ծավալով գեներատորի միապատիկ լցնումը, իսկ ածխաթթու գազի կամ ազոտի պաշարը` ամենամեծ գազային ծավալով գեներատորի 6-ապատիկ լցնումը:

636. Ջրածնի պաշարը ենթակայաններում, որտեղ տեղակայված են ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչներ, պետք է ապահովի ջրածնի 20-օրյա շահագործումը և ամենամեծ գազային պաշարով մեկ փոխհատուցչի միապատիկ լցնումը, իսկ էլեկտրոլիզի սարքի առկայության դեպքում` 10-օրյա ծախսի և նշված փոխհատուցչի միապատիկ լցնումը: Ածխաթթու գազի կամ ազոտի պաշարն այդպիսի ենթակայաններում պետք է ապահովի այդ նույն փոխհատուցչի եռապատիկ լցնումը:

637. Գազային հովացման համակարգի (գազատարների, ամրանների, գազահովացուցիչների), փաթույթների և գեներատորների ներսում այլ ակտիվ և կառուցվածքային մասերի անմիջական հեղուկային հովացման համակարգի տարրերի, ինչպես նաև ջրային և ջրայուղային համակարգի էլեկտրասարքավորումների սպասարկումը, տուրբագեներատորների փոխադրումը օդային հովացումից ջրածնայինի և հակառակը, մասնակցությունը յուղային խցվածքների ընդունմանը նորոգումից հետո, գեներատորի մեջ ջրածնի պահանջվող մաքրության, խոնավության և ճնշման պահպանումը պետք է իրագործի կազմակերպության պատասխանատու անձնակազմը:

638. Գեներատորի հիմնական կամ ընթացիկ նորոգումները պետք է համատեղել տուրբինների հիմնական և ընթացիկ նորոգումների հետ: Սինքրոն փոխհատուցչի հիմնական նորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության` ելներով դրա տեխնիկական վիճակից: Տուրբագեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա նորոգման առաջին աշխատանքները ռոտորի դուրսբերումով, ներառյալ ճակատային մասերի ամրացման ուժեղացումը, ստատորի փորակների վերասեպավորումը, հաղորդաձողերի և բարձակների, ստատորի միջուկի ամրացման և մամլակցման ստուգումը, պետք է կատարվի ոչ ուշ, քան շահագործման մտցնելուց 8000 ժամ աշխատելուց հետո, իսկ ՀԷԿ-երի էլեկտրական գեներատորների վրա նորոգման առաջին աշխատանքները պետք է կատարվեն, 6000 ժամ աշխատելուց ուշ, եթե արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգներով այլ ժամկետներ նախատեսված չեն: Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ռոտորների դուրս բերելը հերթական նորոգումների դեպքում պետք է կատարվի ըստ անհրաժեշտության կամ շահագործման փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

639. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կանխարգելիչ չափումները և փորձարկումները պետք է կատարվեն էլեկտրասարքավորման փորձարկման նորմերին համապատասխան:

640. Գեներատորի ծրագրային անջատումը ցանցից մեքենաների սեղմակների վրա դրական հզորության առկայության դեպքում արգելվում է:

641. Գեներատորների (գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների) ծրագրային և վթարային անջատումների դեպքում պետք է ապահովել էլեկտրական միացումների գլխավոր սխեմայի անհետաձգելի քանդելը` կանգնեցվող գեներատորին ինքնակամ կամ սխալմամբ լարում տալը կանխելու համար (բացառությամբ հիդրոտուրբինային տեղեկայանքների գեներատորների, որոնց վրա տարածվում է սույն կանոնակարգի 19-րդ գլխի 218-րդ կետը):

642. Տուրբագեներատորի, հիդրոգեներատորի և օժանդակ գեներատորի հպակային օղակների, ինչպես նաև գրգռիչի հավաքիչի (կոլեկտորի) վրա շրջանաձև կրակ չի թույլատրվում: Շրջանաձև կրակ հայտնաբերելու դեպքում անձնակազմը պետք է անհապաղ անջատի տուրբինը, հանի գրգռումը և գեներատորն անջատի ցանցից:

643. Օդային սառեցման փակ համակարգով տուրբագեներատորները պետք է շահագործվեն աշխատանքի մեջ միացված և սարքին սարքվածքներով, որոնք կանխարգելում են շրջակա օդից մեքենայի ներս աղտոտումների ներթափանցումը (ֆիլտրերով, լրափչումով և այլն): Սառեցման բաց համակարգով տուրբագեներատորը պետք է սարքավորվի արտաքին օդի մոտեցման, մաքրման և մեքենայի սառեցման օդի վերաառության սարքվածքներով:

 

39. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԸ

 

644. Էլեկտրաշարժիչների, դրանց գործարկման-կարգավորման սարքերի և պաշտպանության միջոցների շահագործման ժամանակ պետք է ապահովվի դրանց հուսալի աշխատանքը գործարկման ժամանակ և աշխատանքային ռեժիմում:

645. Էլեկտրակայանի սեփական կարիքների հաղորդաձողերի վրա լարումը պետք է պահպանվի անվանականի 100-105%-ի սահմաններում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքն անվանական լարման 90-ից մինչև 110%-ի դեպքում` պահպանելով անվանական հզորությունը: Սնող ցանցի հաճախականությունն անվանական արժեքի + 2,5%-ի սահմաններում փոփոխվելու դեպքում թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքն անվանական հզորությամբ: Էլեկտրաշարժիչի անվանական հզորությունը պետք է պահպանվի անվանական արժեքներից լարումը + 10% և հաճախականությունը + 2,5% միաժամանակ շեղման դեպքում` պայմանով, որ բարձրացված լարումով և իջեցված հաճախականությամբ կամ իջեցված լարումով և բարձրացված հաճախականությամբ լարման ու հաճախականության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 10%:

646. Էլեկտրաշարժիչների և դրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ: Էլեկտրաշարժիչների և դրանց գործարկման սարքերի վրա պետք է լինեն մակագրություններ այն ագրեգատի անվանումով, որին դրանք վերաբերում են:

647. Փչահարումով էլեկտրական շարժիչները, որոնք տեղակայվում են փոշոտ և բարձր խոնավության շենքերում, պետք է սարքավորվեն հովացնող մաքուր օդի առբերման սարքավորումներով: Էլեկտրաշարժիչի միջով փչահարվող օդի քանակը, ինչպես նաև դրա հարաչափերը (ջերմաստիճան, խառնուրդների պարունակություն և այլն) պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին: Հովացման ուղեսարքվածքի (տրակտի) օդատարները, օդատարների պատյանը էլեկտրաշարժիչի իրանին միացնող հանգույցները, սահափականը, կիպությունը պետք է ստուգվեն կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ: Հովացման արտաքին օդափոխիչների անհատական էլեկտրաշարժիչներն ավտոմատ կերպով պետք է միացվեն և անջատվեն հիմնական էլեկտրաշարժիչների միացման և անջատման դեպքում:

648. Ռոտորի փաթույթի և ստատորի ակտիվ պողպատի ջրային հովացումով, ինչպես նաև ներսարքված ջրային օդահովացուցիչներով էլեկտրաշարժիչները պետք է սարքավորվեն իրանի մեջ ջրի հայտնվելու մասին ազդանշանող (ահազանգող) սարքերով: Ջրային հովացման սարքավորման և սարքերի շահագործումը, ջրի և խտուցքի որակը պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին:

649. Առանցքակալների հարկադրական յուղում ունեցող էլեկտրաշարժիչի վրա պետք է տեղադրվի պաշտպանություն, որը գործում է ազդանշանելով և էլեկտրաշարժիչի անջատմամբ` առանցքակալների ներդրակների ջերմաստիճանը բարձրանալիս կամ քսուքի մուտքը դադարելիս:

650. Պատասխանատու ջերմամեխանիկական սարքավորման էլեկտրաշարժիչների էլեկտրասնումն ընդմիջվելիս (ներառյալ պտտման կարգավորվող հաճախականությամբ էլեկտրաշարժիչները) պետք է ապահովվի դրանց խմբային ինքնագործարկումն աշխատանքային կամ պահուստային աղբյուրից լարման կրկնական մատուցման դեպքում, պահպանելով հիմնական սարքավորումների տեխնոլոգիական ռեժիմի կայունությունը: Սնման ընդմիջման ժամանակը, պայմանավորված տեխնոլոգիական և պահուստային էլեկտրական պաշտպանությունների պահաժամով, պետք է լինի 2,5 վ-ից ոչ ավելի: Պատասխանատու մեխանիզմների ցանկը պետք է հաստատվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից:

651. Կարճ միացված ռոտորով էլեկտրաշարժիչները թույլատրվում է գործարկել սառը վիճակից 2 անգամ իրար հետևից, տաքից` 1 անգամ, եթե արտադրող կազմակերպության շահագործման հրահանգով չի թույլատրված գործարկումների ավելի մեծ քանակ: Հետագա գործարկումները թույլատրվում են տվյալ տեսակի էլեկտրաշարժիչի համար շահագործման հրահանգով նախատեսված ժամանակամիջոցի ընթացքում էլեկտրաշարժիչը հովացնելուց հետո: Էլեկտրաշարժիչների կրկնական միացումները հիմնական պաշտպանության կողմից դրանց անջատման դեպքում թույլատրվում է զննումից և մեկուսացման դիմադրության ստուգիչ չափումները կատարելուց հետո: Պահուստ չունեցող պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների կրկնական միացումը թույլատրվում է շարժիչի արտաքին զննումից հետո: Պահուստային պաշտպանությունները գործելու դեպքում շարժիչների կրկնական միացումը մինչև անջատման պատճառի պարզելն արգելվում է:

652. Երկար ժամանակ պահուստում գտնվող էլեկտրաշարժիչները և պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է զննվեն և փորձարկվեն մեխանիզմների հետ միասին` ըստ կազմակերպության տեխնիկական ղեկավարի հաստատած ժամանակացույցի: Ընդ որում, տաքացում չունեցող արտաքին տեղադրման շարժիչների համար պետք է ստուգվեն ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրությունը և կլանման գործակիցը:

653. Մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների վրա չափված թրթիռի ուղղաձիգ և լայնակի բաղադրիչները (թրթռաարագության միջին քառակուսային արժեքը կամ տատանումների կրկնապատկված ամպլիտուդը) չպետք է գերազանցեն շահագործման հրահանգներում նշված արժեքները.

1) տեխնիկական փաստաթղթերում այդպիսի ցուցումների բացակայության դեպքում մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների թրթիռը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները`

ա. պտտման սինքրոն հաճախականություն,

պտ/րոպ ................................3000 1500 1000 750 և պակաս,

բ. առանցքակալների տատանման կրկնապատկված

    ամպլիտուդ, մկմ .......................   30    60    80   95.

2) կարծր վառելիքի աղացների մեխանիզմների, ծխաքաշերի և այլ մեխանիզմների հետ հոդակապակցված էլեկտրաշարժիչների համար, որոնց պտտվող մասերը ենթակա են արագ մաշվածության, ինչպես նաև այն էլեկտրաշարժիչների համար, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 15 տարին, թույլատրվում է բարձրացված թրթիռով առանցքակալներ ունեցող էլեկտրաշարժիչներով ագրեգատների աշխատանքը` թրթիռի մեծացման պատճառը վերացնելու անհրաժեշտ ժամանակահատվածում: Այդ պայմանների համար թրթիռի նորմերը չպետք է գերազանցեն հետևյալ արժեքները`

ա. պտտման սինքրոն հաճախականություն,

պտ/րոպ ............................... 3000 1500 1000 750 և պակաս,

բ. առանցքակալների տատանման կրկնապատկված

ամպլիտուդ, մկմ .......................  50  100  130 160.

3) պատասխանատու մեխանիզմների թրթիռի չափման պարբերականությունը պետք է հավաստվի` ըստ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի հաստատած ժամանակացույցի:

654. Էլեկտրաշարժիչների բեռնվածքի, խոզանակային սարքի, էլեկտրաշարժիչի հովացնող միջավայրերի և տարրերի թրթիռի, ջերմաստիճանի (ստատորի փաթույթի և միջուկի, օդի, առանցքակալների և այլն) հսկումը, առանցքակալների (յուղի անհրաժեշտ մակարդակի պահպանում) և հովացնող օդի, օդահովացուցիչներին և փաթույթներին ջրի առբերման սարքերի խնամքը, ինչպես նաև էլեկտրաշարժիչի գործարկման և կանգի գործողությունները պետք է իրականացնի մեխանիզմն սպասարկող արտադրամասի անձնակազմը:

655. Մարդկանց հետ դժբախտ պատահարների, էլեկտրաշարժիչի իրանից, գործարկման և գրգռման սարքերից կրակի կամ ծխի առաջացման, շարժաբերվող մեխանիզմի կոտրվելու դեպքերում էլեկտրաշարժիչներն անհապաղ պետք է անջատվեն ցանցից: Էլեկտրաշարժիչը` պահուստայինի (եթե այն կա) գործարկումից հետո պետք է կանգնեցվի հետևյալ դեպքերում`

1) մեկուսիչների այրվածության հոտ գալու.

2) էլեկտրաշարժիչի կամ մեխանիզմի թրթիռի կտրուկ մեծացման.

3) առանցքակալների ջերմաստիճանի անթույլատրելի աճի.

4) թույլատրելի արժեքներից բարձր գերբեռնման.

5) էլեկտրաշարժիչների վնասման վտանգի (ջրով ողողում, շոգեհարում, անբնական աղմուկ և այլն):

656. 100 կՎտ-ից բարձր հզորության փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների, ինչպես նաև տեխնոլոգիական գերբեռնումների ենթարկված մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար պետք է ապահովվի ստատորի հոսանքի հսկումը: Վառելիքի սնուցիչների, տուրբինի և լիսեռի խցվածքի վթարային յուղապոմպերի շարժաբերման հաստատունը հոսանքի էլեկտրաշարժիչների համար, անկախ դրանց հզորությունից, պետք է հսկվի խարսխի հոսանքը:

657. Էլեկտրաշարժիչների վրա կանխարգելիչ փորձարկումները և չափումները պետք է կազմակերպվեն գործող էլեկտրասարքավորման փորձարկման նորմերին համապատասխան:

 

40. ՈՒԺԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՅՈՒՂԱՅԻՆ ՇՈՒՆՏՈՂ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ

 

658. Տրանսֆորմատորների ու ավտոտրանսֆորմատորների (հետագայում` տրանսֆորմատորներ) և յուղային շունտող ռեակտորների (հետագայում` ռեակտորներ) աշխատանքային հարաչափերի վերաբերյալ սույն գլխում սահմանված մեծությունները գործում են, եթե դրանք չեն հակասում արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին: Տրանսֆորմատորների և ռեակտորների ու դրանց օժանդակ համակարգերի սպասարկման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտներով` արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների հիման վրա:

659. Տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել դրանց հուսալի աշխատանքի պայմանները: Բեռնվածքները, լարման մակարդակը, տրանսֆորմատորների (ռեակտորների) առանձին տարրերի ջերմաստիճանը, յուղի բնութագրերը և մեկուսացման հարաչափերը պետք է գտնվեն արտադրող կազմակերպության սահմանած նորմերի սահմաններում: Հովացման և լարման կարգավորման սարքվածքներն անհրաժեշտ է պահպանել սարքին վիճակում:

660. Գազային պաշտպանության սարքվածքներով տրանսֆորմատորները (ռեակտորները) պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի կափարիչը գազային ռելեի կողմից բարձրացվի 1%-ից ոչ պակաս, իսկ յուղատար խողովակն ընդարձակիչի նկատմամբ` 2%-ից ոչ պակաս: Արտանետիչ խողովակի խոռոչը պետք է միացվի ընդարձակիչի խոռոչին: Անհրաժեշտության դեպքում արտանետիչ խողովակի վրայի մեմբրանը (դիաֆրագման) պետք է փոխարինվի արտադրող կազմակերպության կողմից մատակարարված նույնատիպ մեմբրանով:

661. Հրդեհի մարման ստացիոնար տեղադրված միջոցները, յուղընդունիչները, յուղամուղները և յուղահավաքիչները պետք է գտնվեն սարքին վիճակում:

662. Արտաքին տեղակայման տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է նշվեն դրանց կայանային (ենթակայանային) համարները: Նույնպիսի համարներ պետք է նշվեն նաև տրանսֆորմատորային կետերի դռների վրա ու խցերի ներսում: Միաֆազ տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է նշագծվի ֆազի գունավորումը: Արտաքին տեղակայման տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է ներկվեն բաց գույնի` մթնոլորտի և յուղի ներգործությունների նկատմամբ կայուն ներկերով:

663. Տրանսֆորմատորների (ռեակտորների) հովացման սարքվածքների էլեկտրաշարժիչների սնումը պետք է իրականացվի երկու աղբյուրից, իսկ յուղի հարկադիր առությամբ օժտված տրանսֆորմատորների (ռեակտորների) համար պետք է կիրառվի պահուստի ավտոմատ միացում:

664. Տրանսֆորմատորների բեռնվածքի տակ լարման կարգավորող սարքվածքները (ԲԼԿ) պետք է աշխատեն ավտոմատ ռեժիմով: Կազմակերպության տեխնիկական ղեկավարության որոշմամբ թույլատրվում է սահմանել լարման կարգավորման ոչ ավտոմատ ռեժիմ, կատարելով ԲԼԿ-ի հեռագործ փոխարկումներ կառավարման վահանից, եթե լարման տատանումները ցանցում գտնվում են էլեկտրաէներգիայի սպառողների պահանջները բավարարող սահմաններում: Լարման տակ գտնվող տրանսֆորմատորի ԲԼԿ սարքվածքի փոխարկումները ձեռքի (բռնակի) միջոցով արգելվում են:

665. Տրանսֆորմատորային ենթակայանների և խցերի օդափոխումը պետք է ապահովի տրանսֆորմատորի աշխատանքը բոլոր նորմավորված ռեժիմներում:

666. Օդի և յուղի հարկադիր առությամբ տրանսֆորմատորների և ռեակտորների (ԴՑ (ԴՑ) տեսակի հովացում), ջրի և յուղի հարկադիր առությամբ տրանսֆորմատորների (Ց (Ց) տեսակի հովացում) հովացման սարքվածքները պետք է ավտոմատ կերպով միացվեն (անջատվեն) տրանսֆորմատորի (ռեակտորի) միացման (անջատման) հետ միաժամանակ: Անկախ բեռնվածքի չափից` յուղի հարկադիր առությունը պետք է կատարվի անընդհատ: Հովացման համակարգի միացման (անջատման) կարգը պետք է սահմանվի կազմակերպության ստանդարտներով: Արհեստական հովացումով տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործումն արգելվում է, եթե չեն աշխատում յուղի և հովացնող ջրի առության դադարեցումը կամ օդափոխիչների կանգն ազդանշանող սարքվածքները:

667. Օդի հարկադիր և յուղի բնական առությամբ (Դ տեսակի հովացում) տրանսֆորմատորների օդափոխիչների էլեկտրաշարժիչները պետք է ավտոմատ կերպով միացվեն` յուղի ջերմաստիճանը 55 oC հասնելիս, կամ անկախ յուղի ջերմաստիճանից բեռնվածքն անվանականին հասնելիս և անջատվեն` երբ յուղի ջերմաստիճանն իջել է մինչև 50 oC և բեռնվածքի հոսանքն էլ անվանականից պակաս է: Տրանսֆորմատորների աշխատանքային պայմաններն անջատված օդափչումով պետք է որոշվի արտադրող կազմակերպության շահագործման հրահանգին համապատասխան:

668. Յուղաջրային հովացմամբ տրանսֆորմատորների յուղահովացուցիչներում յուղի ճնշումը պետք է գերազանցի դրանց մեջ շրջանառվող ջրի ճնշմանը` 0,1 կգուժ/սմ2 (10 կՊա)-ից ոչ պակաս տրանսֆորմատորի ընդարձակիչում յուղի նվազագույն մակարդակի պարագայում: Եթե արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերում այլ վերապահում չկա, ապա յուղի վերին շերտերում 15 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում յուղապոմպերը միացնելուց հետո պետք է միացվի ջրի առության համակարգը և անջատվի` յուղի ջերմաստիճանը մինչև 10 oC իջնելիս: Պետք է նախատեսվեն յուղահովացուցիչների, պոմպերի և ջրային մայրուղիների սառեցումը կանխող միջոցներ:

669. Չաշխատող տրանսֆորմատորների (ռեակտորների) ընդարձակիչներում յուղը պետք է գտնվի տրանսֆորմատորի (ռեակտորի) մեջ եղած յուղի ջերմաստիճանին համապատասխանող նշագծի մակարդակում:

670. Եթե արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերով վերապահված չեն ջերմաստիճանների այլ արժեքներ, ապա տրանսֆորմատորի և ռեակտորի անվանական բեռնվածքի դեպքում յուղի վերին շերտերում ջերմաստիճանը պետք է լինի`

1) ԴՑ (ԴՑ) հովացումով` 75 oC-ից ոչ ավելի.

2) Մ (Մ) բնական յուղային հովացումով և Դ (Ժ) հովացումով` 95 oC-ից ոչ ավելի.

3) Ց հովացումով տրանսֆորմատորների յուղահովացուցիչի մուտքում յուղի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 70 oC:

671. Եթե բեռնվածքը չի գերազանցում անվանականին, ապա թույլատրվում է տրանսֆորմատորի երկարատև աշխատանքն այն պայմաններում, երբ լարումը փաթույթի ցանկացած ճյուղավորումում մինչև 10% ավելի է տվյալ ճյուղավորման անվանական լարումից: Այդ դեպքում ցանկացած փաթույթի վրա լարումը չպետք է գերազանցի աշխատանքային առավելագույնը: Այն տրանսֆորմատորների համար, որոնց չեզոքն ունի լարումը կարգավորող ճյուղավորումներ կամ նախատեսված է հաջորդական կարգավորիչ տրանսֆորմատորների հետ աշխատելու համար, լարման թույլատրելի բարձրացումը որոշվում է արտադրող կազմակերպության շահագործման հրահանգին համապատասխան:

672. Թույլատրվում է յուղային տրանսֆորմատորի ցանկացած փաթույթի երկարատև գերբեռնում, ճյուղավորման անվանական հոսանքի 5%-ի չափով, եթե ճյուղավորման լարումը չի գերազանցում անվանականը: Բացի այդ, կախված աշխատանքի ռեժիմից, թույլատրվում են տրանսֆորմատորի կանոնավոր գերբեռնումներ, որոնց չափը և տևողությունը սահմանվում է արտադրող կազմակերպության շահագործման հրահանգով: Այն տրանսֆորմատորներում, որոնց ցածր լարման փաթույթներին միացված է գեներատոր, սինքրոն փոխհատուցիչ կամ բեռնվածք, պետք է լինի բարձր լարման փաթույթի ընդհանուր մասի հոսանքի վերահսկում:

673. Վթարային ռեժիմներում տրանսֆորմատորի թույլատրելի գերբեռնվածքների տևողությունը և մեծությունը սահմանվում է արտադրող կազմակերպության շահագործման հրահանգով: Շահագործման մեջ գտնվող տրանսֆորմատորների համար, անկախ նախորդող բեռնվածքի տևողությունից ու արժեքից և հովացնող միջավայրի ջերմաստիճանից, բոլոր հովացման համակարգերի համար թույլատրվում է տրանսֆորմատորներն անվանական հոսանքը գերազանցող հոսանքով կարճատև գերբեռնելը հետևյալ սահմաններում`

1) յուղային տրանսֆորմատորները`

ա. գերբեռնվածքն ըստ հոսանքի` % ............ 30 45 60 75 100,

բ. գերբեռնվածքի տևողությունը` րոպ ........120 80 45 20  10.

2) չոր տրանսֆորմատորները`

ա. գերբեռնվածքն ըստ հոսանքի` % .............20 30 40 50  60,

    բ. գերբեռնվածքի տևողությունը`  րոպ .........60  45  32  18    5.

3) չոր տրանսֆորմատորների թույլատրելի երկարատև գերբեռնումները սահմանվում են արտադրող կազմակերպության շահագործման հրահանգին համապատասխան: Հաղորդման ցանցի 110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորների գերբեռնումների հարաչափերը պետք է ներկայացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին` համաձայնեցման համար:

674. Հովացման սարքվածքների վթարային անջատման դեպքերում տրանսֆորմատորի աշխատանքի պայմանները պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերով սահմանված պայմաններին:

675. Թույլատրվում է տրանսֆորմատորները միացնել անվանական բեռնվածքի տակ`

1) Մ և Դ հովացման համակարգերով տրանսֆորմատորները` օդի ցանկացած բացասական ջերմաստիճանների պայմաններում.

2) ԴՑ և Ց հովացման համակարգերով տրանսֆորմատորները` մինուս 25 oC-ից ոչ ցածր օդի ջերմաստիճանների պայմաններում: Ավելի ցածր ջերմաստիճանների պայմաններում տրանսֆորմատորը նախապես պետք է տաքացվի, մինչև որ յուղի վերին շերտերում ջերմաստիճանը հասնի մինուս 25 oC, որից հետո պետք է միացվի յուղի առության համակարգը: Տրանսֆորմատորի նշված տաքացումն իրականացվում է մոտ 0,5 անվանական բեռնվածքով առանց յուղի առության համակարգի գործարկման: Վթարային պայմաններում տրանսֆորմատորի միացումը լրիվ բեռնվածքի տակ թույլատրվում է կատարել անկախ շրջակա օդի ջերմաստիճանից.

3) ՆԴՑ (ՆԴՑ) և ՆՑ (ՆՑ) տրանսֆորմատորները, որոնց փաթույթների հովացումն իրագործվում է յուղի ուղղորդված հոսքով` արտադրող կազմակերպության հրահանգներին համապատասխան:

676. Տրանսֆորմատորների ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում է միացնել յուղի վերին շերտերում մինուս 20 oC և ավելի ջերմաստիճանների պայմաններում (ընկղմված ռեզիստորային ԲԼԿ սարքվածքների համար): Հոսանքասահմանափակիչ ռեակտորներով ԲԼԿ սարքվածքները, ինչպես նաև տրանսֆորմատորի բաքից դուրս հենարանային մեկուսիչի վրա տեղավորված և արհեստական տաքացումով սարքավորված հպարկիչով ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում են միացնել յուղի մինուս 45 oC և ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում: ԲԼԿ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի պահանջների համաձայն:

677. Միաժամանակ աշխատող տրանսֆորմատորների քանակությունը յուրաքանչյուր էլեկտրակայանի համար պետք է որոշվի` ելնելով բեռնվածքի ժամանակացույցից` հաշվի առնելով սպառողների սնման հուսալիությունը և էներգիայի նվազագույն կորուստների պայմանը: Առավելագույն և նվազագույն բեռնվածքների ժամանականերում մինչև 15 կՎ (ներառյալ) լարման բաշխիչ էլեկտրացանցերում պետք է կազմակերպվեն տրանսֆորմատորների բեռնվածքների և լարումների չափումներ: Չափման ժամկետները և դրանց պարբերությունը սահմանվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում