Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

46. ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ

 

794. Էլեկտրակայանների, ենթակայանների և էլեկտրական ցանցերի ուժային էլեկտրասարքավորումը պետք է պաշտպանվի կարճ միակցումներից և բնականոն ռեժիմների խախտումներից ռելեական պաշտպանության սարքվածքներով, ավտոմատ անջատիչներով կամ ապահովիչներով և սարքավորվի էլեկտրաավտոմատիկայի, այդ թվում` հակավթարային ավտոմատիկայի և ավտոմատ կարգավորման սարքվածքներով: Ռելեական պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի, այդ թվում` հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները գործողության սկզբունքներով, նախադրվածքներով, լարքով և ելքային ներգործություններով պետք է համապատասխանեն էներգահամակարգի սխեմաներին ու աշխատանքի ռեժիմներին և մշտապես լինեն աշխատանքի մեջ, բացի այն սարքվածքներից, որոնք պետք է հանվեն աշխատանքից` նշանակության և գործողության սկզբունքներին, էներգահամակարգի աշխատանքի ռեժիմին և ընտրականության պայմաններին համապատասխան: Էլեկտրաէներգետիկական համակարգի և սպառողների էլեկտրակայանքների ռելեական պաշտպանության նախադրվածքները հաշվարկվում, տրամադրվում և դրանց աշխատանքը վերահսկվում է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով սահմանված կարգով:

795. Շահագործման ընթացքում պետք է ապահովվեն ՌՊԷԱ սարքավորման և երկրորդային շղթաների բնականոն աշխատանքի պայմանները (թույլատրելի ջերմաստիճանը, խոնավությունը, թրթռումները, աշխատանքային հարաչափերի շեղումն անվանականից, էլեկտրամագնիսական համատեղելիության պայմանները և այլն):

796. ՌՊԷԱ սարքվածքների գործարկումների և գործարկման խափանումների բոլոր դեպքերը, ինչպես նաև շահագործման ընթացքում հայտնաբերված արատները պետք է ՌՊԷԱ ծառայությունների կողմից հանգամանորեն վերլուծվեն և հաշվի առնվեն շուկայի կանոններով սահմանված կարգով: Հայտնաբերված արատները պետք է վերացվեն: ՌՊԷԱ սարքվածքների սխալ գործարկման կամ գործարկման խափանման յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև սխեմաների և սարքավորման բացահայտված թերությունների մասին պետք է տեղյակ պահվի այն շահագործող կազմակերպությունը, որի կառավարման կամ վարման տակ է տվյալ սարքվածքը:

797. Երկկողմանի սպասարկման ՌՊԷԱ պանելների և պահարանների, ինչպես նաև կառավարման պանելների և վահանակների դիմային և հակառակ կողմերում պետք է լինեն դրանց կարգավարական անվանումներին համապատասխան նշանակությունը նշող մակագրություններ: Պանելների, վահանակների վրա և դարձկեն պանելներով պահարաններում տեղադրված սարքավորումը երկու կողմից պետք է ունենա սխեմաներին համապատասխանող մակագրություններ կամ մակնշվածք: Մակագրությունների կամ մակնշվածքների դիրքը պետք է միանշանակ լինի համապատասխան սարքին: Առանձին ստուգվող տարբեր միացություններին կամ միևնույն միացությանը պատկանող ՌՊԷԱ տարբեր սարքվածքների սարքավորումով պանելների վրա պետք է լինեն հստակ սահմանազատող գծեր և ապահովվի ՌՊԷԱ առանձին սարքվածքների ստուգման ընթացքում արգելափակոց տեղադրելու հնարավորությունը: Օպերատիվ անձնակազմի կողմից կառավարվող սարքվածքների մակագրությունները պետք է պարզ նշեն այդ սարքվածքների նշանակությունը:

798. ՈՒժային էլեկտրասարքավորումը և էլեկտրահաղորդման գծերը կարող են գտնվել լարման տակ միայն բոլոր տեսակի վնասվածքներից պաշտպանող ՌՊԷԱ-ների աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում: Առանձին տեսակի պաշտպանության աշխատանքից հանելու կամ անսարք լինելու դեպքերում աշխատանքի մեջ մնացած ռելեական պաշտպանության սարքվածքները պետք է ապահովեն էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդման գծերի լիարժեք պաշտպանությունը բոլոր տեսակի վնասվածքներից: Եթե այդ պայմանը չի կատարվում, պետք է իրագործվի ժամանակավոր արագագործ պաշտպանություն կամ մտցվի պահուստային պաշտպանության արագացում, կամ` անջատվի միացությունը:

799. Արագագործ ռելեական պաշտպանության և անջատիչների հրաժարման դեպքերի համար պահուստավորման սարքվածքների առկայության դեպքում նորոգումից կամ առանց լարման տակ գտնվելու ժամանակամիջոցից հետո էլեկտրահաղորդման գծերի, հաղորդաձողերի և սարքավորման միացման բոլոր գործողությունները, ինչպես նաև բաժանիչներով և օդային անջատիչներով փոխարկման գործողությունները պետք է կատարվեն այդ պաշտպանություններն աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում: Եթե գործողությունները կատարելու ժամանակ այդ պաշտպանություններից որևէ մեկը չի կարող գտնվել աշխատանքի մեջ կամ գործողության սկզբունքով պետք է հանվի աշխատանքից, ապա պահուստային պաշտպանություններում պետք է մտցվի արագացում կամ իրագործվի ժամանակավոր պաշտպանություն` թեպետև ոչ ընտրողական, բայց գործողության նույնպիսի ժամանակով, ինչպես և մշտական պաշտպանությունը:

800. Էլեկտրականապես կապված 60 Վ-ից բարձր լարման երկրորդային շղթաների հողի նկատմամբ մեկուսացման դիմադրությունը, ինչպես նաև էլեկտրականապես չկապված տարբեր նշանակության (չափիչ, օպերատիվ հոսանքի, ազդանշանման) շղթաների միջև մեկուսացման դիմադրությունը յուրաքանչյուր միացության սահմաններում պետք է պահպանվի 1 ՄՕմ-ից ոչ պակաս: Առանձին աղբյուրից կամ բաժանիչ տրանսֆորմատորից սնվող 60 Վ և ցածր աշխատանքային լարման երկրորդային շղթաների մեկուսացման դիմադրությունը պետք է պահպանվի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս: Մեկուսացման դիմադրությունը չափվում է առաջին դեպքում 1000-ից մինչև 2500 Վ լարման մեգաօհմաչափով, երկրորդ դեպքում` 500 Վ: 24 Վ և ցածր լարման միկրոէլեկտրոնային բազայով ՌՊԷԱ սարքվածքների շղթաների մեկուսացման դիմադրության չափումը կատարվում է դրանք արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով նախատեսված ցուցումներին համապատասխան: Եթե այդպիսի հրահանգներ չկան, ապա 15 Վ լարման օհմաչափով ստուգվում է այդ շղթաների հողի հետ միակցման բացակայությունը: Երկրորդային շղթաների մեկուսացումը ստուգելու ժամանակ պետք է ձեռնարկվեն համապատասխան հրահանգներով նախատեսված այդ սարքվածքների վնասվածքները կանխող միջոցառումներ:

801. ՌՊԷԱ էլեկտրականապես կապված շղթաների և յուրաքանչյուր միացության բոլոր այլ երկրորդային շղթաների հողի նկատմամբ մեկուսացումը, ինչպես նաև միևնույն պանելի սահմաններում գտնվող էլեկտրականապես կապ չունեցող շղթաների միջև մեկուսացումը, բացառությամբ 60 Վ և ցածր աշխատանքային լարման տարրերի շղթաների տեղակայումից հետո միացնելիս և առաջին կանխարգելիչ հսկման ժամանակ պետք է փորձարկվի 1 րոպե տևողությամբ` փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով: Բացի այդ, 1 րոպե տևողությամբ 1000 Վ լարումով պետք է փորձարկվի հսկիչ մալուխների ջղերի միջև մեկուսացումն այն շղթաներում, որտեղ առկա է ջղերի միջև միակցման բարձր հավանականությունը` դրա լուրջ հետևանքներով (գազային պաշտպանության շղթաներ, որպես օպերատիվ հոսանքի աղբյուր օգտագործվող կոնդենսատորների շղթաներ, անվանական 1 Ա հոսանքով հոսանքի տրանսֆորմատորների երկրորոդային շղթաներ և այլն): Հետագա շահագործման ժամանակ ՌՊԷԱ շղթաների մեկուսացումը (բացառությամբ 60 Վ և ցածր լարման շղթաների) պետք է փորձարկվի կանխարգելիչ վերականգնման ժամանակ` 1 րոպե տևողությամբ, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով կամ 2500 Վ ուղղված լարումով` մեգաօհմաչափի կամ հատուկ կայանքի միջոցով: ՌՊԷԱ 60 Վ և ցածր լարման շղթաների մեկուսացման փորձարկումը կատարվում է ըստ սույն գլխի 800-րդ կետի` դրա դիմադրության չափման ընթացքում:

802. Նոր տեղակայված ՌՊԷԱ սարքվածքները և երկրորդային շղթաներն աշխատանքի մեջ մտցնելուց առաջ պետք է ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների: Նոր սարքվածքներ գործարկելու և աշխատանքի մեջ մտցնելու թույլտվությունը տրվում է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով սահմանված կարգով և գրանցվում է ՌՊԷԱ-ի համար նախատեսված գրառումների մատյանում:

803. Շահագործման մեջ գտնվող ՌՊԷԱ սարքվածքների մասին ՌՊԷԱ ծառայությունում պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) անձնագիր - արձանագրություններ.

2) կարգաբերման և ստուգման հրահանգներ կամ մեթոդական ցուցումներ.

3) սարքվածքների մասին տեխնիկական տվյալներ` նախադրվածքների քարտերի և բնութագրերի տեսքով.

4) սկզբունքային, հավաքակցման կամ սկզբունքային-հավաքակցման կատարողական աշխատանքային սխեմաներ.

5) ՌՊԷԱ բարդ սարքվածքները ստուգելու համար աշխատանքից հանելու (աշխատանքի մեջ մտցնելու) աշխատանքային ծրագրեր, որտեղ պետք է նշվեն դրանց շղթաներն աշխատանքի մեջ մնացող ՌՊԷԱ սարքվածքներից, սարքավորման ղեկավարման շղթաներից և լարման ու հոսանքի շղթաներից անջատման հաջորդականությունը, եղանակը և տեղը: Կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվում է այն սարքվածքների ցուցակը, որոնց համար կազմվում են աշխատանքային ծրագրեր: Տեխնիկական սպասարկման արդյունքները պետք է գրանցվեն անձնագիր-արձանագրությունում (անհրաժեշտության դեպքում ՌՊԷԱ բարդ սարքվածքների վերաբերյալ պետք է արվեն մանրամասն գրանցումներ աշխատանքային մատյանում): Կառավարման բոլոր մակարդակների էներգետիկ կազմակերպությունների ՌՊԷԱ ծառայություններում պետք է լինեն այդ ծառայությունների կառավարման կամ վարման տակ գտնվող սարքվածքների տեխնիկական տվյալները` քարտերի (աղյուսակների) կամ մատյանների (բնութագրերի), սկզբունքային կամ կառուցվածքային սխեմաների (տեխնոլոգիական գործառման ալգորիթմի) տեսքով:

804. ՌՊԷԱ սարքվածքների լարքի հարաչափերի կամ գործողության փոփոխումները, աշխատանքից հանելը (աշխատանքի մեջ մտցնելը) պետք է ձևակերպվեն էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով սահմանված կարգով: Սխալ գործարկման վտանգի դեպքում ՌՊԷԱ սարքվածքը պետք է հանվի աշխատանքից, հաշվի առնելով սույն գլխի 798-րդ կետի պահանջները, առանց վերադաս օպերատիվ կարգավարական անձնակազմի թույլտվության, բայց հետագայում նրան հաղորդելով և հայտ ձևակերպելով էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով սահմանված կարգով:

805. ՌՊԷԱ ռելեները, սարքերը և օժանդակ սարքվածքները, բացառությամբ այնպիսիների, որոնց նախադրվածքները փոփոխում է օպերատիվ անձնակազմը, թույլատրվում է բացել միայն այդ սարքվածքները շահագործող ՌՊԷԱ ծառայությունների, էլեկտրակայանների էլեկտրաարտադրամասերի էլեկտրատեխնիկական լաբորատորիաների (ԷՏԼ) աշխատողներին կամ բացառիկ դեպքերում` վերջիններիս ցուցումով, օպերատիվ անձնակազմին: ՌՊԷԱ սարքվածքներում աշխատանքները պետք է կատարի շահագործող կազմակերպությունում ուսուցում անցած և կազմակերպության ստանդարտներով սահմանված կարգով համապատասխան սարքվածքների ինքնուրույն ստուգման թույլտվություն ունեցող անձնակազմը:

806. Կառավարման վահանակների, պահարանների և պանելների սեղմակների հավաքվածքների (շարքերի) մերձակայքում պետք է չգտնվեն այն սեղմակները, որոնց պատահական միացումը կարող է առաջացնել միացության անջատում կամ միացում, օպերատիվ հոսանքի շղթաներում կամ գեներատորի (սինքրոն փոխհատուցչի) գրգռման շղթաներում կարճ միակցում:

807. Պանելների, վահանակների վրա, պահարաններում և ՌՊԷԱ կառավարման շղթաներում աշխատելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն սարքավորումը սխալմամբ անջատելու դեմ: Աշխատանքները պետք է կատարվեն միայն մեկուսացված գործիքներով: Այդ աշխատանքների կատարումն առանց կատարողական սխեմաների ստուգման արձանագրության, ՌՊԷԱ-ի սարքավորումների հանելն աշխատանքից (միացնելը) առանց տիպային կամ հատուկ աշխատանքային ծրագրերի, չի թույլատրվում: Հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում (այդ թվում նաև` փորձարկման բլոկների հետ) գործողությունները պետք է կատարվեն այն ՌՊԷԱ սարքվածքները (կամ առանձին աստիճանները) աշխատանքից հանելուց հետո, որոնք գործողության սկզբունքով և կարգավորման հարաչափերով (նախադրվածքներով) կարող են այդ գործողությունների ընթացքում «կեղծ» աշխատել: Աշխատանքներն ավարտելուց հետո պետք է ստուգվեն հոսանքի, լարման և օպերատիվ հոսանքի շղթաների սարքինությունը և միացման ճշտությունը: ՌՊԷԱ օպերատիվ շղթաները և կառավարման շղթաները պետք է ստուգվեն գործողության փորձումով:

808. ՌՊԷԱ սարքվածքներում աշխատանքները, որոնք կարող են առաջացնել պաշտպանվող կամ այլ միացումների սխալ անջատում, ինչպես նաև սարքավորման կամ աշխատող ՌՊԷԱ սարքվածքների վրա այլ չնախատեսված ներգործություններ, պետք է կատարվեն այդ հնարավորությունները հաշվի առնող թույլատրված հայտով:

809. ՌՊԷԱ պանելների և պահարանների վրայի փոխարկող սարքվածքների, փորձարկման բլոկների կափարիչների դիրքի ճշտության հսկումը, կառավարման և պաշտպանության շղթաների ապահովիչների կամ ավտոմատ անջատիչների սարքինության հսկումը, ՌՊԷԱ սարքվածքների աշխատանքի հսկումը սարքերի և պանելների (պահարանների) վրա տեղադրված արտաքին ազդանշանման սարքվածքների և սարքերի ցուցմունքներով, անջատիչների և այլ սարքերի փորձումը, բարձր հաճախականության պաշտպանությունների ազդանշանների փոխանակումը, բարձր հաճախականության հեռուստաանջատման սարքվածքների, ավտոմատիկայի կապուղիների ցածր հաճախականության սարքավորման, հակավթարային ավտոմատիկայի, բարձր հաճախականության սարքավորման հսկվող հարաչափերի չափումները, հաղորդաձողերի պաշտպանության և ներանցիչների մեկուսացման հսկման սարքվածքի անհաշվեկշռության հոսանքի չափումը, լարման տրանսֆորմատորի բաց եռանկյուն անհաշվեկշռության լարման չափումը, ավտոմատ կրկնական միացման, պահուստի ավտոմատ միացման սարքվածքների և սևեռող սարքերի փորձումը, ավտոմատ տատանագրիչների ժամացույցների լարումը և այլն պետք է իրականացնի օպերատիվ անձնակազմը: Հսկման և փորձման պարբերականությունը, փորձարկման ենթակա սարքերի և սարքվածքների ցուցակը, փորձման գործողությունների կարգը, ինչպես նաև նորմերից շեղումներ հայտնաբերելու դեպքում, անձնակազմի գործելու կարգը պետք է սահմանվեն կազմակերպության հրահանգներով:

810. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունների և էլեկտրակայանների էլեկտրատեխնիկական լաբորատորիաների ՌՊԷԱ ծառայությունների անձնակազմը պարբերաբար պետք է զննի բոլոր կառավարման պանելները և վահանակները, ՌՊԷԱ-ի, ազդանշանման պանելները` հատուկ ուշադրություն դարձնելով փոխարկող սարքվածքների (հատիչների, կառավարման բանալիների, մակադրակների և այլն) դիրքերի և փորձարկման բլոկների կափարիչների դիրքերի ճշտությանը և սխեմաների ու էլեկտրասարքավորման աշխատանքի ռեժիմների հետ դրանց դիրքերի համապատասխանությանը: Զննումների պարբերությունը պետք է սահմանի էներգաօբյեկտի ղեկավարությունը: Անկախ ՌՊԷԱ ծառայության անձնակազմի պարբերական զննումներից, օպերատիվ կարգավարական անձնակազմը պետք է պատասխանատվություն կրի ՌՊԷԱ այն տարրերի ճիշտ դիրքերի համար, որոնց հետ նրանց թույլատրված է գործողություններ կատարել:

811. ՌՊԷԱ սարքվածքները և երկրորդային շղթաները պետք է ստուգվեն և փորձարկվեն էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով նշված ծավալով և ժամկետներում: Այդ սարքվածքների ոչ ճիշտ գործարկումից կամ գործարկման խափանումից հետո պետք է անցկացվեն լրացուցիչ (հետվթարային) ստուգումներ:

812. Սեղմակների հավաքվածքներին (շարքերին) միացված հաղորդալարերը պետք է ունենան սխեմաներին համապատասխանող մակնշվածքներ: Հսկիչ մալուխները մակնշվածքներ պետք է ունենան իրենց ծայրերում, մալուխների հոսքի ճյուղավորման և հատման տեղերում, պատերի, առաստաղների և այլնի միջով անցման տեղերում: Հսկիչ մալուխների ազատ ջղերի ծայրերը պետք է մեկուսացվեն:

813. Մետաղե թաղանթով մալուխների վնասվածքների վերացման կամ դրանց երկարացման դեպքում ջղերի միացումները պետք է իրականացվեն հերմետիկ կցորդիչների կամ այդ նպատակի համար նախանշված տուփերի միջոցով: Նշված կցորդիչները և տուփերը պետք է գրանցված լինեն: Պոլիվինիլքլորիդային և ռետինե թաղանթով մալուխները պետք է միացվեն էպօքսիդային միացնող կցորդիչներով կամ սեղմակների անցումային շարքերի վրա: Վերը նշված միացումները մեկ մալուխի յուրաքանչյուր 50 մ երկարության վրա միջին հաշվով մեկից ավելի պետք է չլինեն:

814. Օդի, լույսի, յուղի ներգործությամբ քայքայվող ջղերի մեկուսացումով հսկիչ մալուխների կիրառման դեպքում սեղմակների և ծայրային հարդարումների միջև ընկած ջղերի հատվածամասը պետք է ունենա այդ քայքայումը կանխող լրացուցիչ պատվածք:

815. Հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթները միշտ պետք է լինեն ռելեներով, սարքերով կարճամիակցված կամ կարճ միակցվեն: Հոսանքի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները և բարձր հաճախականության կապուղու միացման զտիչների երկրորդային փաթույթները պետք է հողակցվեն:

816. Էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղադրված վթարային ռեժիմներում գրանցման ավտոմատ արագացումով ինքնագրիչ սարքերը, ավտոմատ տատանագրիչները (օսցիլոգրաֆները), այդ թվում` դրանց գործարկման սարքվածքները, սևեռող սարքերը (ամպերաչափեր, վոլտաչափեր, օհմաչափեր) և այլ ՌՊԱ սարքվածքների աշխատանքի վերլուծության և էլեկտրահաղորդման գծերի վնասվածքների տեղը որոշելու համար օգտագործվող սարքվածքները պետք է միշտ պատրաստ լինեն գործելու: Նշված սարքվածքներն աշխատանքի մեջ մտցնելը և աշխատանքից հանելը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով սահմանված կարգով:

817. Օպերատիվ հոսանքի շղթաներում պետք է ապահովվի պաշտպանության միջոցների (ապահովիչների և ավտոմատ անջատիչների) գործողության ընտրողականությունը: Ավտոմատ անջատիչները, ապահովիչների կոճակները պետք է ունենան նշանակումը և հոսանքը ցուցող մակնշվածքներ:

818. Օպերատիվ անձնակազմի կողմից ՌՊԷԱ սարքվածքների պանելների վրա և պահարաններում բանալիներով, մակադրակներով, վերահսկիչ բլոկներով և այլ հարմարանքներով փոխարկումներ կատարելու համար պետք է տրված լինեն նշված փոխարկման սարքվածքների օգտագործվող ռեժիմների համար դիրքերի աղյուսակներ կամ հսկման ակներև այլ եղանակներ, ինչպես նաև` ծրագրեր բարդ փոխարկումների համար: Այդ փոխարկումների կատարման գործողությունների մասին պետք է գրանցումներ կատարվեն օպերատիվ մատյանում:

819. Էլեկտրակայանների և ենթակայանների կառավարման վահանների, պանելների և պահարանների վրայի ՌՊԷԱ շղթաների փոխարկման սարքվածքները պետք է տեղադրվեն օպերատորի տեսադաշտում, իսկ միատեսակ գործողությունները դրանց հետ պետք է կատարվեն միևնույն ձևով:

 

47. ՀՈՂԱԿՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ

 

820. Հողակցող սարքվածքները պետք է բավարարեն մարդկանց էլեկտրաանվտանգության և էլեկտրակայանքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի շահագործման ռեժիմների պահանջները:

Էլեկտրասարքավորումների և էլեկտրակայանների մետաղե մասերը, որոնք մեկուսացման վնասվածքի հետևանքով կարող են ընկնել լարման տակ, պետք է հողակցված կամ զրոյացված լինեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VI բաժնի պահանջների:

821. Էլեկտրակայանների հողակցող սարքվածքները հավաքակցող կազմակերպության կողմից շահագործման հանձնելիս, բացի սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ գլխի 34-րդ կետում նշված փաստաթղթերից, պետք է ներկայացվեն նաև այդ սարքվածքների հանձնման և ընդունման փորձարկումների արձանագրությունները:

822. Հողակցման ենթակա կայանքի յուրաքանչյուր տարր պետք է միացվի հողակցիչին` առանձին հողակցող հաղորդչի միջոցով: Հողակցող հաղորդիչներով կայանքի մի քանի տարրերի հաջորդական միացումն արգելվում է:

823. Հողակցող հաղորդիչների միացումը հողակցիչի և հողակցվող կառուցվածքների հետ պետք է կատարվի եռակցումով, իսկ սարքերի, մեքենաների հենամարմինների և էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների հետ` եռակցումով կամ հեղուսային միացումով:

824. Հողակցող հաղորդիչները պետք է պահպանվեն կոռոզիայից: Բաց տեղադրած հողակցող հաղորդիչները պետք է ունենան սև ներկվածք:

825. Հողակցող սարքվածքների հսկման համար պետք է կատարվեն`

1) հողակցող սարքվածքների դիմադրության չափում և առնվազն 12 տարին մեկ ընտրանքային ստուգում գետնի բացումով` հողում գտնվող հողակցիչների տարրերի քայքայման վիճակը գնահատելու համար.

2) հողակցող տարրերի և հողակցիչի միջև շղթաների, բնական հողակցիչների և հողակցող սարքվածքների միացումների առկայության և վիճակի հսկում` առնվազն 12 տարին մեկ.

3) հպման լարման չափում այն էլեկտրակայանքներում, որոնց հողակցող սարքվածքներն իրականացված են հպման լարման նորմերով.

4) հողակցման սարքվածքի լարման ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» ՏԿ-ի պահանջներին համապատասխանության ստուգում (հաշվարկային) հողակցող սարքվածքի տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 12 տարին մեկ.

5) մինչև 1000 Վ լարման կայանքներում ծակվող ապահովիչների ստուգում և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում` առնվազն 6 տարին մեկ:

826. Հողակցման սարքվածքների դիմադրությունները պետք է չափվեն`

1) էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրահաղորդման գծերում` այդ սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո.

2) 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ի մետաղաճոպանային հենարանների վրա` մակերևույթային պարպումների կամ էլեկտրական աղեղից մեկուսիչների քայքայման հետքեր հայտնաբերելիս.

3) 3 կՎ և ցածր լարման օդային բաշխիչ ցանցերի ենթակայաններում` առնվազն 12 տարին մեկ.

4) 35 կՎ և ցածր լարման ցանցերում բաժանիչներով, պաշտպանիչ միջակայքերով, խողովակավոր և փականային պարպիչներով հենարանների և զրոյական հաղորդալարերի կրկնական հողակցիչներով հենարանների մոտ` առնվազն 6 տարին մեկ.

5) բնակեցված վայրերում, երկաթբետոնե և մետաղե հենարանների ընտրանքային 2 %-ի վրա.

6) ՕԳ-ի առավել ագրեսիվ, սողանքավոր, արտափչվող կամ վատ հաղորդող գետնի տեղամասերում` առնվազն 12 տարին մեկ:

Չափումները պետք է կատարվեն գետնի առավել ցամաքման ժամանակ:

827. Հպման լարումների չափումները պետք է կատարվեն հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 6 տարին մեկ: Չափումները պետք է կատարվեն բնական հողակցիչների և ՕԳ մետաղաճոպանների միացված ժամանակ:

828. Հողակցիչների կոռոզիոն վիճակի ստուգումը պետք է կատարվի`

1) ենթակայանների և էլեկտրակայանների այն տեղերում, որտեղ հողակցիչներն առավել ենթակա են կոռոզիայի, ինչպես նաև ուժային տրանսֆորմատորների չեզոքների և կարճմիակցիչների մոտակայքում.

2) ՕԳ-ի վրա` հողակցիչներով հենարանների 2 %-ի մոտ:

Ենթակայանների և ՕԳ-ի հենարանների հողակցիչների համար անհրաժեշտության դեպքում էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ կարող են սահմանվել քայքայման վիճակի ավելի հաճախակի ստուգումներ:

 

48. ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

829. Էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում պետք է լինեն յուրաքանչյուր ԲՍ և ՕԳ-ի գերլարումներից պաշտպանության մասին հետևյալ տվյալները`

1) շանթարգելների, լուսարձակների կայմասյուների, մետաղե և երկաթբետոնե կառուցվածքների, բարձր շինությունների և շենքերի պաշտպանական գոտիների ուրվագծերը.

2) ԲՍ-ի հողակցման սարքվածքների սխեմաները, որտեղ պետք է նշվեն պաշտպանական սարքերի միացման, ենթակայանի սարքավորման և շանթարգելով ճակատամուտքերի հողակցող էջքերի, լրացուցիչ հողակցող էլեկտրոդների (դրանց երկարության և քանակի տվյալներով) դասավորության տեղերը.

3) ԲՍ-ի իմպուլսային ամրության (իմպուլսային փորձարկման և ծակման լարումների) անձնագրային տվյալները.

4) ԲՍ-ի և ՕԳ-ի վրա օգտագործված գերլարումներից սահմանափակիչների, փականային և խողովակավոր պարպիչների և կայծային միջակայքերի անձնագրային պաշտպանական բնութագրերը.

5) ԲՍ-ի սխեմաները, որտեղ պետք է նշվեն ՕԳ-ի մետաղաճոպանով պաշտպանված մերձեցումների երկարությունները (ամբողջ երկարությամբ մետաղաճոպանով գծերի համար` վտանգավոր գոտիների երկարությունները) և հաղորդաձողավորման երկարությամբ դրանց համապատասխանող հեռավորությունները ԲՍ-ի պաշտպանության սարքերի և պաշտպանվող սարքավորման միջև.

6) ՕԳ-ի հենարանների հողակցման դիմադրությունների արժեքները, այդ թվում` ՕԳ-ի մետաղաճոպանավոր մերձեցումների, ԲՍ-ի, տրանսֆորմատորային ենթակայանների և փոխարկչային կետերի.

7) ՕԳ-ի ուղեգծի և բաշխիչ սարքվածքների տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները.

8) ՕԳ-ները` միմյանց, կապի, ռադիոհաղորդման, երկաթուղային ինքնուղեփակման գծերի հետ հատումների մասին տվյալները:

830. ԲԲՍ-ի կառուցվածքների, առանձին կանգնած ձողային շանթարգելների, լուսարձակային կայմասյուների, ծխատար խողովակների և հովարանների վրա ցանկացած նշանակման մինչև 1000 Վ լարման ՕԳ-ի հաղորդալարերի (լուսավորման, հեռախոսային, բարձր հաճախականության և այլն) կախումը, ինչպես նաև այդ գծերի առբերումը պայթյունավտանգ շենքերի մոտ արգելվում է: Նշված նպատակների համար պետք է կիրառվեն մետաղե թաղանթով մալուխներ կամ հողում մետաղե խողովակների մեջ տեղավորված առանց թաղանթի մալուխներ: Մալուխների թաղանթները, մետաղե խողովակները պետք է հողակցվեն: Պայթյունավտանգ շենքերի մոտ գծերի առբերումը պետք է կատարվի շենքերի և շինությունների շանթարգել սարքվածքների գործող հրահանգների պահանջներին համապատասխան:

831. Ամեն տարի ամպրոպային եղանակներից առաջ պետք է կատարվի բաշխիչ սարքվածքների և էլեկտրահաղորդման գծերի գերլարումներից պաշտպանության վիճակի ստուգում և ապահովվի ամպրոպային և ներքին գերլարումներից պաշտպանության պատրաստականությունը: Կազմակերպություններում պետք է գրանցվեն ՕԳ-ի, ԲՍ-ի և տրանսֆորմատորային սարքավորանքի ամպրոպային անջատումների և վնասվածքների դեպքերը: Ստացված տվյալների հիման վրա պետք է կատարվի ամպրոպապաշտպանության հուսալիության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում մշակվեն այն բարձրացնող միջոցառումներ:

832. Բոլոր դասերի լարումների գերլարումների սահմանափակիչները և փականային պարպիչները մշտապես պետք է միացված լինեն: Այն տեղանքներում, որտեղ տեղի են ունենում փոթորկային քամիներ, սառցակալում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխումներ և ինտենսիվ աղտոտում ԲԲՍ-ն թույլատրվում է ձմռանը (կամ առանձին ամիսներին) անջատել միայն ամպրոպային գերլարումներից պաշտպանելու համար նախատեսված փականային պարպիչները:

833. Փականային և խողովակավոր պարպիչների, ինչպես նաև գերլարումների սահմանափակիչների կանխարգելիչ փորձարկումները պետք է կատարվեն գործող էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերին համապատասխան:

834. Խողովակավոր պարպիչները և պաշտպանական միջակայքերը պետք է զննվեն էլեկտրահաղորդման գծերի շրջայցի ժամանակ: Պարպիչների գործումը պետք է նշվի շրջայցի թերթիկներում: Հենարանից հանելով` խողովակավոր պարպիչների ստուգումները պետք է կատարվեն կազմակերպության ստանդարտով սահմանված պարբերականությամբ: Ինտենսիվ աղտոտման գոտիներում տեղադրված խողովակավոր պարպիչների վերին զննումն առանց հենարանից հանելու, ինչպես նաև լրացուցիչ զննումները և ստուգումները պետք է կատարվեն կազմակերպության հրահանգների պահանջներին համապատասխան: Խողովակավոր պարպիչների վերանորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության` կախված ստուգումների և զննումների արդյունքներից:

835. Մեկուսացված չեզոքներով կամ ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում թույլատրվում է հողի հետ միակցված օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը մինչև վնասվածքը վերացնելը: Ընդ որում, բնակեցված վայրերում, որտեղ մարդկանց և կենդանիներին հոսանքահարման վտանգ է սպառնում, ՕԳ-ի վնասվածքի տեղը հայտնաբերելու աշխատանքները պետք է սկսվեն անհապաղ և վնասվածքը վերացվի ամենակարճ ժամկետում: Գիշերային ժամերին և խոնավ եղանակին հողակցում ունեցող օդային գիծը պետք է անջատվի ցանցից անհապաղ, եթե դա չի բերում կենսական կարևոր սպառողների հոսանքազրկման: Գեներատորային լարման ցանցերում, ինչպես նաև այն ցանցերում, որոնց միացված են բարձր լարման շարժիչներ, հողի հետ միակցումով աշխատանքը թույլատրվում է սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 620-րդ կետին համապատասխան:

836. Հողի հետ միակցման ու նակային հոսանքի փոխհատուցումն աղեղմարիչ ռեակտորով պետք է կիրառվի հետևյալ արժեքները գերազանցող ունակային հոսանքների դեպքում`

1) ցանցի անվանական լարումը, կՎ ............ 6 10 15-20 35 և բարձր.

    2) հողի հետ միակցման ունակային հոսանքը, Ա...30 20  15     10:

Բլոկային էլեկտրակայանների սեփական կարիքների 6 կՎ ցանցերում թույլատրվում է ցանցի չեզոքն ակտիվ դիմադրությամբ հողակցված աշխատանքի ռեժիմ: Համապատասխան հաշվարկներով հիմնավորման դեպքերում գեներատորային լարման շղթաներում թույլատրվում է մեկուսացված չեզոքով աշխատանքային ռեժիմը: Երկաթբետոնե և մետաղե հենարաններով ՕԳ-ի 6-ից մինչև 35 կՎ ցանցերում պետք է օգտագործվեն աղեղմարիչ ռեակտորներ` 10 Ա և ավելի հողի հետ միակցման ունակային հոսանքի դեպքում: ՈՒնակային հոսանքի նշված մեծությունը գերազանցելու դեպքում այդ ցանցերի աշխատանքն առանց ունակային հոսանքի փոխհատուցման արգելվում է: Հողի հետ միակցման ունակային հոսանքների փոխհատուցման համար ցանցերում պետք է կիրառվեն ձեռքով կամ ավտոմատ կարգավորվող հողակցող աղեղմարիչ ռեակտորներ: ՈՒնակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում ունակային հոսանքների, աղեղմարիչ ռեակտորների հոսանքների, հողի հետ միակցման հոսանքների և չեզոքի շեղման լարումների չափումը պետք է կատարվի աղեղմարիչ ռեակտորը շահագործման մեջ մտցնելու ժամանակ և ցանցի ռեժիմի զգալի փոփոխումների դեպքում:

837. Աղեղմարիչ ռեակտորների հզորությունը պետք է ընտրվի ըստ ցանցի ունակային հոսանքի` հաշվի առնելով դրա հեռանկարային զարգացումը: Հողակցող աղեղմարիչ ռեակտորները պետք է տեղադրվեն այն ենթակայաններում, որոնք փոխհատուցվող ցանցի հետ կապված են երկուսից ոչ պակաս էլեկտրահաղորդման գծերով: Փակուղային ենթակայաններում աղեղմարիչ ռեակտորների տեղադրումն արգելվում է: Աղեղմարիչ ռեակտորները պետք է միացվեն տրանսֆորմատորների, գեներատորների կամ սինքրոն փոխհատուցիչների չեզոքներին բաժանիչներով: Աղեղմարիչ ռեակտորների միացման համար պետք է օգտագործվեն փաթույթների աստղ-եռանկյուն միացման սխեմայով տրանսֆորմատորները: Հալուն ապահովիչներով պաշտպանված տրանսֆորմատորներին աղեղմարիչ ռեակտորների միացումն արգելվում է: Հողակցման համար նախատեսված աղեղմարիչ ռեակտորի ներանցիչը պետք է միացվի ընդհանուր հողակցող սարքվածքի հետ` հոսանքի տրանսֆորմատորի միջոցով:

838. Աղեղմարիչ ռեակտորները պետք է ունենան ռեզոնանսային լարք: Թույլատրվում է գերփոխհատուցմամբ լարք, որի դեպքում ապակարգավորման աստիճանը չի գերազանցում 5%-ը: Եթե 6-ից մինչև 20 կՎ լարման ցանցերում տեղադրված աղեղմարիչ ռեակտորների հարակից ճյուղավորումներն ունեն հոսանքների մեծ տարբերություն, ապա թույլատրվում է լարք` հողի հետ միակցման հոսանքի 10 Ա-ից ոչ ավելի ռեակտիվ բաղադրիչով: 35 կՎ լարման ցանցերում հողի հետ միակցման ունակային հոսանքը 15 Ա-ից պակաս լինելու դեպքում թույլատրվում է 10%-ից ոչ ավելի ապակարգավորման աստիճան: ՈՒնակային հոսանքի թերփոխհատուցմամբ ցանցերի աշխատանքը չի թույլատրվում: Թերփոխհատուցված լարքի կիրառումը թույլատրվում է միայն ժամանակավոր, համապատասխան հզորության աղեղմարիչ ռեակտորների բացակայության դեպքում և պայմանով, որ վթարայնորեն առաջացած ցանցի ֆազերի ունակությունների անհամաչափությունները չեն կարող բերել չեզոքի շեղման լարման առաջացում, որը գերազանցում է ֆազային լարման 70%-ը:

839. ՈՒնակային հոսանքների փոխհատուցմամբ աշխատող ցանցերում լարման անհամաչափությունը չպետք է գերազանցի ֆազային լարման 0,75%-ը: Ցանցում հողի հետ միակցման բացակայության դեպքում չեզոքի շեղման լարումը թույլատրվում է ֆազային լարման 15%-ից ոչ բարձր` երկարատև և 30%-ից ոչ բարձր` 1 ժամ տևողությամբ: Անհամաչափության և չեզոքի շեղման լարումների իջեցումը մինչև նշված արժեքները պետք է իրականացվի ցանցի ֆազերի հողի նկատմամբ ունակությունների հավասարեցումով (ֆազային հաղորդալարերի փոխադարձ դիրքերի փոփոխությունով, ինչպես նաև բարձր հաճախականության կապի կոնդենսատորները գծերի ֆազերի մեջ բաշխելով): Ցանցին բարձր հաճախականության կապի և պտտվող մեքենաների շանթապաշտպան կոնդենսատորներ միացնելիս պետք է ստուգվի հողի նկատմամբ ֆազերի ունակությունների անհամաչափության թույլատրելիությունը: Արգելվում են օդային և մալուխային գծերի մեկական ֆազերի միացումներն ու անջատումները, որոնք կարող են բերել նշված մեծությունները գերազանցող չեզոքի շեղման լարումի առաջացման:

840. 6-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում պետք է կիրառել փոխհատուցման հոսանքի ավտոմատ լարքով սահուն կարգավորելի աղեղմարիչ ռեակտորներ: Հոսանքը ձեռքով կարգավորվող աղեղմարիչ ռեակտորներ կիրառելու դեպքում լարքի ցուցանիշները պետք է որոշվեն փոխհատուցման ապակարգավորման չափիչով: Աղեղմարիչ ռեակտորների լարելը հողակցման ունակային հոսանքի և աղեղմարիչ ռեակտորի փոխհատուցման հոսանքի չափումների հիման վրա թույլատրվում է, եթե փոխհատուցվող ցանցի հողակցման ունակային հոսանքը միջին հաշվով փոխվում է օրը 2 անգամ` 5%-ը չգերազանցող փոխհատուցման ապակարգավորումով:

841. Վակուումային անջատիչներով կայանքներում պետք է նախատեսվեն ինդուկտիվ տարրերի փոխարկման գերլարումներից պաշտպանության միջոցառումներ (շարժիչների, տրանսֆորմատորների): Գերլարումներից պաշտպանությունից հրաժարվելը պետք է հիմնավորվի:

842. 110-220 կՎ ենթակայաններում չեզոքի ինքնաբերական շեղումից կամ վտանգավոր ֆերոռեզոնանսային գործընթացներից գերլարումների առաջացումը կանխելու համար օպերատիվ գործողությունները պետք է սկսվեն չբեռնավորված հաղորդաձողերի համակարգին միացվող տրանսֆորմատորի չեզոքի հողակցումից, որոնց միացված են ՆԿՖ (ՆԿՖ)-110 և ՆԿՖ-220 լարման տրանսֆորմատորներ: Չբեռնավորված հաղորդաձողերի համակարգը, որին միացված են ՆԿՖ-110 և ՆԿՖ-220 լարման տրանսֆորմատորներ, ցանցից անջատելուց առաջ սնող տրանսֆորմատորի չեզոքը պետք է հողակցվի: 110-ից մինչև 220 կՎ լարման ցանցերում մեկուսացված չեզոքով աշխատող տրանսֆորմատորների սնման ոչ լիաֆազ ռեժիմ առաջանալու դեպքում այդ տրանսֆորմատորների չեզոքի հողակցման հետ կապված օպերատիվ գործողություններ չեն թույլատրվում: Էլեկտրամագնիսական լարման տրանսֆորմատորներով և հպակները կոնդենսատորներով շունտված անջատիչներով 150-ից մինչև 500 կՎ ԲՍ-ում պետք է ստուգվի հաղորդաձողերի համակարգի անջատման ժամանակ ֆերոռեզոնանսային գերլարումների առաջացման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն օպերատիվ և ավտոմատ անջատումների ժամանակ ֆերոռեզոնանսի կանխման համար: 6-ից մինչև 35 կՎ լարման ցանցերում և միացությունների վրա անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն ֆերոռեզոնանսային գործընթացները, այդ թվում` չեզոքի ինքնաբերական շեղումը, կանխելու համար:

843. Տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների ցածր (միջին) լարման չօգտագործվող փաթույթները պետք է միացվեն աստղի կամ եռանկյան սխեմայով և պաշտպանվեն գերլարումներից: Ավելի բարձր լարման փաթույթների արանքում տեղադրված ցածր լարման չօգտագործվող փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի ամեն մի ֆազի ներանցիչին միացված փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով: Պաշտպանություն չի պահանջվում, եթե ցածր լարման փաթույթին մշտապես միացված է հողակցված թաղանթով կամ զրահով 30 մ-ից ոչ պակաս երկարությամբ մալուխային գիծ: Այլ դեպքերում ցածր և միջին լարումների չօգտագործված փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի մեկ ֆազի կամ չեզոքի հողակցումով, կամ յուրաքանչյուր ֆազի ներանցիչին միացված փականային պարպիչներով (կամ գերլարումների սահմանափակիչներով):

844. 110 կՎ և բարձր լարման ցանցերում տրանսֆորմատորների 110-ից մինչև 220 կՎ փաթույթների չեզոքների ապահողակցումը, ինչպես նաև ռելեական պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի գործողության ընտրությունը պետք է այնպես իրականացվի, որպեսզի զանազան օպերատիվ և ավտոմատ անջատումների հետևանքով ցանցում չառանձնանան առանց չեզոքները հողակցված տրանսֆորմատորներով տեղամասեր: Գծային ներանցիչներից ցածր մեկուսացման մակարդակ ունեցող տրանսֆորմատորի չեզոքի գերլարումներից պաշտպանությունը պետք է իրականացվի փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով:

845. 110-ից մինչև 500 կՎ լարման ցանցերում օպերատիվ փոխարկումների և վթարային ռեժիմների ժամանակ սարքավորման արդյունաբերական հաճախականության (50 Հց) լարման թույլատրելի բարձրացումը չպետք է գերազանցի N 4 աղյուսակում նշված արժեքները: Նշված արժեքները տարածվում են նաև 50 Հց սինուսոիդի և այլ հաճախականության բաղադրիչի վերադրումով գոյացած լարման ամպլիտուդի վրա:

 

Աղյուսակ N 4

 

._________________________________________________________________________.

|Սարքավորման անվանումը  |Անվանական|Ազդեցության տևողության  դեպքում, վ`    |

|                       |լարումը, |լարման թույլատրելի բարձրացումը         |

|                       |կՎ       |_______________________________________|

|                       |         |  1200   |    20   |    1    |   0,1   |

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|ՈՒժային                |110-500  |1,10/1,10|1,25/1,25|1,90/1,50|2,00/1,58|

|տրանսֆորմատորներ և     |_________|_________|_________|_________|_________|

|ավտոտրանսֆորմատորներ   |110-330  |1,15/1,15|1,35/1,35|2,0 /1,50|2,10/1,58|

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|Շունտող ռեակտորներ և   |         |         |         |         |         |

|լարման էլեկտրա-        |         |         |         |         |         |

|մագնիսական             |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ       |500      |1,15/1,15|1,35/1,35|2,0/1,50 |2,08/1,58|

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|Փոխարկման սարքեր,      |         |         |         |         |         |

|ունակային լարման       |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ,      |         |         |         |         |         |

|հոսանքի                |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ,      |         |         |         |         |         |

|կապի կոնդենսատորներ և  |         |         |         |         |         |

|հաղորդաձողային         |         |         |         |         |         |

|հենարաններ             |110-330  |1,15/1,15|1,60/1,60|2,20/1,70|2,40/1,80|

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|Բոլոր տեսակի փականային |         |         |         |         |         |

|պարպիչներ              |110-120  |1,15     |1,35     |1,38     |   -     |

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԳ (ՌՎՄԳ) տեսակի     |         |         |         |         |         |

|փականային պարպիչներ    |330-500  |1,15     |1,35     |1,38     |   -     |

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԿ (ՌՎՄԿ) տեսակի     |         |         |         |         |         |

|փականային պարպիչներ    |330-500  |1,15     |1,35     |1,45     |   -     |

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԿ - Պ (Պ) տեսակի    |         |         |         |         |         |

|փականային պարպիչներ    |330-500  |1,15     |1,35     |1,70     |   -     |

|_______________________|_________|_________|_________|_________|_________|

|Գերլարումների ոչ գծային|         |         |         |         |         |

|սահմանափակիչներ        |110-220  |1,39     |50       |1,65     |   -     |

|                       |330-500  |1,261    |1,35     |1,52     |   -     |

._________________________________________________________________________.

 

Անկախ աղյուսակ N 4-ում նշված արժեքներից` մագնիսամիջուկի տաքացման պայմանով լարման բարձրացումը փաթույթի տեղակայված ճյուղավորման անվանական լարման մասերով արտահայտված, 1200 վ դեպքում պետք է սահմանափակվի մինչև 1,15, իսկ 20 վ դեպքում` մինչ 1,3, իսկ անջատիչների հպակների սեփական վերականգնվող լարումը պետք է սահմանափակվի. անհավասարաչափ կարճ միակցման դեպքում, գծի չվնասված ֆազի անջատման պայմանով` մինչև 2,4 կամ 2,8 (կախված անջատիչի նորմատիվ փաստաթղթով նշված կառուցվածքից)` 110-ից մինչև 220 կՎ սարքավորման համար, և մինչև 3,0` 330-ից մինչև 500 կՎ սարքավորման համար, չբեռնավորված գծի անջատման պայմանով` մինչ 2,8` 330-ից մինչև 500 կՎ սարքավորման համար: Աղյուսակ N 4-ում համարիչներում նշված են ֆազ-հող մեկուսացման արժեքները` արտահայտված աշխատանքային ֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով, հայտարարներում` ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները` աշխատանքային միջֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով: Ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները վերաբերում են միայն եռաֆազ ուժային տրանսֆորմատորներին և լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներին, ինչպես նաև եռաբևեռ կառուցվածքի այն սարքերին, որոնց երեք բևեռները տեղադրված են մի բաքում կամ մի հենոցի վրա: Ընդ որում, սարքերի համար 1,6, 1,7 և 1,8 աղյուսակ N 4-ում նշված արժեքները վերաբերում են միայն 110, 150 և 220 կՎ սարքերի արտաքին միջֆազային մեկուսացմանը: Աղյուսակ N 3-ում տրված լարման բարձրացման t տևողության երկու արժեքների միջև գտնվելու դեպքում լարման թույլատրելի բարձրացման արժեքը հավասար է տևողության այդ երկու արժեքներից մեծին համապատասխանողին: 0,1

 

49. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

846. Բոլոր շենքերում, աշխատանքային տեղերում և բաց տարածքում աշխատանքային, վթարային և էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի լուսավորվածություն` համաձայն ազգային ստանդարտների և արդյունաբերական կազմակերպությունների նախագծման սանիտարական կանոնների և նորմերի: Վթարային լուսավորության լուսատուներն աշխատանքային լուսավորության լուսատուներից պետք է տարբերվեն նշանով կամ գունավորմամբ: Ծխնելույզների և այլ բարձրաբերձ շինությունների լուսապատնեշումը պետք է համապատասխանի բարձրաբերձ մակնշման և լուսապատնեշման կանոններին:

847. Էլեկտրակայանների և ենթակայանների գլխավոր, կենտրոնական և բլոկային կառավարման վահանակների սենքերում, ինչպես նաև կարգավարման կետերում վթարային լուսավորության լուսատուները պետք է ապահովեն հիմնական վահանակի պանելների ճակատներին առնվազն 30 լք լուսավորվածություն, մեկ-երկու լամպ գիշերը և ցերեկը պետք է միացված լինեն հաստատուն հոսանքի հաղորդաձողերին` ապահովիչների կամ ավտոմատների միջոցով: Սենքերում և անցումներում էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի առնվազն 0,5 լք լուսավորվածություն` հատակի մակարդակի վրա:

848. Աշխատանքային և վթարային լուսավորությունը բնականոն ռեժիմում պետք է սնվի տարբեր անկախ սնման աղբյուրներից: Էլեկտրակայաններում, ենթակայաններում և կարգավարական կետերում սնման աղբյուրների անջատման դեպքում վթարային լուսավորությունն ավտոմատ կերպով պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի կամ սնման այլ անկախ աղբյուրի վրա: Վթարային լուսավորության ցանցին այդ լուսավորությանը չվերաբերող այլ սպառիչների միացում չի թույլատրվում: Վթարային լուսավորության ցանցը խրոցակային վարդակներ չպետք է ունենա: Էվակուացիոն լուսավորության լուսատուները պետք է միացվեն աշխատանքային լուսավորության ցանցից անկախ ցանցի: Էվակուացիոն լուսավորության սնման աղբյուրի անջատման դեպքում այն պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի կամ շարժիչ-գեներատորային կայանքի վրա:

849. Նորոգման լուսավորության ձեռքի շարժական լուսատուները պետք է սնվեն 42 Վ-ից ոչ բարձր լարման ցանցից, իսկ էլեկտրահարման առավել վտանգի դեպքում` 12 Վ-ից ոչ բարձր: 12-ից մինչև 42 Վ խրոցները պետք է չհարմարվեն 127 և 220 Վ վարդակներին: Վարդակները պետք է ունենան մակագրություններ` լարման ցուցումով:

850. Տվյալ տեսակի լուսատուի համար թույլատրելիից բարձր հզորության լամպերի տեղակայումն արգելվում է: Լուսատուների լուսացիրների, էկրանավորող և պաշտպանիչ վանդակների հանումն արգելվում է:

851. Էլեկտրակայանների, ենթակայանների ներքին, արտաքին, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերը պետք է ունենան սնում առանձին գծերով: Արտաքին աշխատանքային լուսավորության, բացի էլեկտրակայանների վառելիքի պահեստի և հեռավոր օբյեկտների լուսավորության ցանցից, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերի ղեկավարումը պետք է իրականացվի գլխավոր կամ կենտրոնական կառավարման վահանակի սենքից:

852. Էլեկտրակայանների լուսավորության ցանցը պետք է սնվի լուսավորության լարումն անհրաժեշտ սահմաններում պահելու հնարավորությունն ապահովող կայունացուցիչներից կամ առանձին տրանսֆորմատորներից, որոնք ապահովում են լուսավորության լարումն անհրաժեշտ սահմաններում պահելու հնարավորությունը: Լարումը լամպերի վրա պետք է լինի անվանականից ոչ բարձր: Ներքին աշխատանքային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի, ինչպես նաև լուսարձակային սարքավորումների վրա լարման իջեցումը պետք է լինի անվանական լարման 5%-ից ոչ ավելի. արտաքին և վթարային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի վրա և 12-ից մինչև 42 Վ ցանցում` 10%-ից ոչ ավելի լյումինեսցենտային լամպերի վրա` 7,5%-ից ոչ ավելի:

853. Երկու ելք ունեցող ԲՍ-ում և անցումային թունելներում լուսավորությունը պետք է իրականացվի երկկողմանի ղեկավարմամբ:

854. Լուսավորության ցանցի վահանակների և հավաքվածքների բոլոր անջատիչների (հատիչների, ավտոմատների) վրա պետք է լինի գրառում` միացության անվանումով, իսկ ապահովիչների վրա` հալուն ներդիրի հոսանքի արժեքի նշումով:

855. Հերթապահ անձնակազմի մոտ պետք է լինի լուսավորության ցանցի սխեման և հալուն չափաբերված ներդիրների և լուսավորության ցանցի բոլոր լարումների լամպերի պահուստ: Հերթապահ և օպերատիվ նորոգող անձնակազմը նույնիսկ վթարային լուսավորության առկայության դեպքում պետք է հանդերձվի շարժական էլեկտրական լապտերներով:

856. Լուսավորության ցանցի զննումը և ստուգումը պետք է կատարել կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ: Ստուգման և զննման ժամանակ հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն ամենակարճ ժամկետներում:

857. Վթարային, էվակուացիոն և աշխատանքային լուսավորության մնայուն էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդագծերի վիճակի ստուգումը, մեկուսացման դիմադրության փորձարկումը և չափումը պետք է կատարվեն շահագործման մտցնելիս, իսկ հետագայում` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի հաստատած ժամանակացույցով:

 

50. ԷԼԵԿՏՐՈԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

858. Էլեկտրոլիզային կայանքների շահագործման ժամանակ պետք է հսկել էլեկտրոլիզերների վրա լարումը և հոսանքը, ջրածնի և թթվածնի ճնշումը, հեղուկի մակարդակը սարքերում, ջրածնի և թթվածնի համակարգերի միջև ճնշումների տարբերությունը, էլեկտրոլիտի ջերմաստիճանը շրջապտույտի հաղորդաշղթայում և գազերի ջերմաստիճանը չորացման սարքավորումներում, ջրածնի և թթվածնի մաքրությունը սարքերում և ջրածնի պարունակությունը կայանքի սենքերում: Հսկվող բնականոն և սահմանային հարաչափերը պետք է հաստատվեն շահագործման հրահանգի և կատարված փորձարկումների հիման վրա և խստիվ պահպանվեն շահագործման ընթացքում:

859. Էլեկտրոլիզային կայանքների տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է գործեն ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) անջատման վրա հաստատված ռեժիմից հետևյալ շեղումների դեպքերում`

1) ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչներում` ճնշումների ավելի 200 կգուժ/մ2 տարբերության.

2) թթվածնի մեջ ջրածնի 2% պարունակության.

3) ջրածնի մեջ թթվածնի 1% պարունակության.

4) համակարգերում ճնշումն անվանականից մեծ լինելու.

5) միջբևեռային կարճ միակցումների.

6) հողի հետ միաբևեռ հողակցման (գազերի կենտրոնական հեռացմամբ էլեկտրոլիզերների համար).

7) ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) վրա փոփոխական հոսանքի կողմից լարման անհետացման:

Էլեկտրոլիզային կայանքների ավտոմատ անջատման դեպքում, ինչպես նաև շրջապտույտի հաղորդաշղթայում էլեկտրոլիտի ջերմաստիճանը մինչև 70 օC բարձրացման դեպքում էլեկտրոլիզերների սենքում ջրածնի պարունակությունն օդում և գազավերլուծիչների տվիչներում մինչև 1% բարձրացման դեպքերում կառավարման վահանակի վրա պետք է տրվի ազդանշան, որի դեպքում օպերատիվ անձնակազմը պետք է անմիջապես լինի կայանքում: Տեխնոլոգիական պաշտպանության կողմից կայանքն անջատելուց հետո դրա կրկնական գործարկումը պետք է իրականացվի օպերատիվ անձնակազմի կողմից` անջատման պատճառները հայտնաբերելուց և վերացնելուց հետո միայն:

860. Առանց մշտական հերթապահ անձնակազմի աշխատող էլեկտրոլիզային կայանքը պետք է զննվի հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ: Հայտնաբերված թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն մատյանում (քարտարան) և վերացվեն ամենակարճ ժամկետներում: Սարքավորման զննման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է ստուգի`

1) դիֆերենցիալ ճնշաչափ-մակարդակաչափի ցուցմունքների համապատասխանությունն աշխատող էլեկտրոլիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակներին.

2) անջատված էլեկտրոլիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակների դիրքը,

3) անջատված էլեկտրոլիզերի ճնշման կարգավորիչներից գազի մթնոլորտ բացթողման կափույրների բացումը.

4) հիդրոփականների մեջ ջրի առկայությունը.

5) գազավերլուծիչների տվիչներում գազերի ծախսը (ըստ ծախսաչափերի).

6) էլեկտրաոլիզերի վրա բեռնվածքը և լարումը.

7) էլեկտրոլիզերից դուրս եկող գազերի ջերմաստիճանը.

8) համակարգում և հավաքարաններում ջրածնի և թթվածնի ճնշումը.

9) չեզոք գազի ճնշումը հավաքարաններում:

861. Ավտոմատ գազավերլուծիչների սարքինության ստուգման համար օրը մեկ պետք է կատարվի ջրածնի մեջ թթվածնի և թթվածնի մեջ ջրածնի պարունակության քիմիական վերլուծություն: Ավտոմատ գազավերլուծիչներից մեկի անսարքության դեպքում համապատասխան քիմիական վերլուծությունը պետք է կատարվի ամեն 2 ժամը մեկ:

862. Ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչների և օդամբարների վրա ապահովիչ կափույրները պետք է կարգավորվեն անվանականի 1,15-ին հավասար ճնշման վրա: Ճնշման կարգավորիչների վրա ապահովիչ կափույրները պետք է ստուգվեն առնվազն 6 ամիսը մեկ, իսկ օդամբարների ապահովիչ կափույրները` առնվազն 2 տարին մեկ: Ապահովիչ կափույրները պետք է փորձարկվեն ստենդի վրա` ազոտով կամ մաքուր օդով:

863. Հավաքարանների ջրածնի և թթվածնի մատուցման խողովակաշարերի, ինչպես նաև աղազրկված ջուրը (խտուցք) սնման բաքեր մատակարարող խողովակաշարերի վրա պետք է տեղադրվեն անգազանցիկ հետադարձ կափույրներ:

864. Էլեկտրոլիզի համար պետք է օգտագործվի ջուր, որն ըստ որակի համապատասխանում է թորած ջրին (աղազրկված ջուր, խտուցք): Այդ դեպքում ջրի տեսակարար էլեկտրական հաղորդականությունը պետք է լինի 5 մկԿմ/սմ-ից ոչ ավելի կամ տեսակարար դիմադրությունը` 200 կՕմ/սմ-ից ոչ պակաս: Էլեկտրոլիտի պատրաստման համար պետք է օգտագործվի տեխնիկական բարձր տեսակի կալիումի օքսիդի հիդրատ (KOH), որը մատակարարվում է թեփուկների ձևով` ՉԴԱ, Չ մակնիշի:

865. Էլեկտրոլիզային կայանքի արտադրած ջրածնի մաքրությունը պետք է լինի 99,5%-ից ՍՈՒԷ-4մ (ՍՈՒԷ-4մ) և ՍՈՒԷ-8մ կայանքների համար` 99%-ից ոչ ցածր, իսկ թթվածնինը` 98,5%-ից ոչ ցածր:

866. Էլեկտրոլիզերի մեջ էլեկտրոլիտի ջերմաստիճանը պետք է լինի 80 oC-ից ոչ բարձր, իսկ էլեկտրոլիզերի առավել տաք և սառը բջիջների ջերմաստիճանների տարբերությունը` 20 oC-ից ոչ բարձր:

867. Էլեկտրակայանի կարիքների համար թթվածին օգտագործելիս, դրա ճնշումն օդամբարներում ավտոմատ կերպով պետք է պահվի ջրածնի ճնշումից ցածր:

868. Էլեկտրոլիզերն աշխատանքի մեջ մտցնելուց առաջ բոլոր սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով: Ազոտի մաքրությունը պետք է լինի 97,5%-ից ոչ ցածր: Փչամաքրումը համարվում է ավարտված, եթե արտափչվող գազի մեջ ազոտի պարունակությունը հասնում է 97%-ի: Էլեկտրոլիզերների սարքավորման փչամաքրումն ածխաթթու գազով արգելվում է:

869. Էլեկտրոլիզերի միացումը ջրածնի ճնշման տակ գտնվող օդամբարներին պետք է իրականացվի էլեկտրոլիզերների համակարգում ճնշումն օդամբարների ճնշման նկատմամբ առնվազն 0,5 կգուժ/սմ2 (49 կՊա) գերազանցելու դեպքում:

870. Հավաքարաններից օդի կամ ջրածնի արտամղման համար պետք է օգտագործվի ածխաթթու գազ կամ ազոտ: Ածխաթթու գազով օդը պետք է արտամղվի այնքան ժամանակ, քանի դեռ օդամբարի վերին մասում ածխաթթու գազի պարունակությունը չի հասել 85%, իսկ ջրածնի արտամղման դեպքում` 95%: Օդի կամ ջրածնի արտամղումն ազոտով պետք է շարունակվի, քանի դեռ ազոտի պարունակությունն արտափչվող գազի մեջ չի հասել 97%-ի: Հավաքարանները, ներքին զննման անհրաժեշտության դեպքում, նախապես պետք է օդով փչամաքրվեն այնքան ժամանակ, քանի դեռ արտափչվող գազի մեջ թթվածնի պարունակությունը չի հասել 20%-ի: Ազոտը կամ ածխաթթու գազն օդամբարներից պետք է արտամղվի ջրածնով այնքան ժամանակ, քանի դեռ դրանց ստորին մասում ջրածնի պարունակությունը չի հասել 99%:

871. Էլեկտրոլիզային կայանքի շահագործման ընթացքում հետևյալ պարբերականությամբ պետք է ստուգվեն`

1) էլեկտրոլիտի խտությունը` առնվազն ամիսը մեկ.

2) լարումը էլեկտրոլիզերների բջիջների վրա` առնվազն 6 ամիսը մեկ.

3) տեխնոլոգիական պաշտպանությունների, նախազգուշական և վթարային ազդանշանման գործողությունը և հետադարձ կափույրների վիճակը` առնվազն 3 ամիսը մեկ.

4) ջրածնի խոնավությունը` առնվազն օրը մեկ:

872. Ջրածնի կամ թթվածնի կլանմամբ չորացման կայանքի աշխատանքի ժամանակ մակակլանիչներ-չորուցիչներ փոխարկումը պետք է կատարվի ըստ ժամանակացույցի: Հովացման եղանակով ջրածինը չորացնելիս ջերմաստիճանը գոլորշիչից դուրս ելնելիս պետք է լինի մինուս 5 oC-ից ոչ բարձր: Հալեցման համար գոլորշիչը պարբերաբար պետք է անջատվի ըստ ժամանակացույցի:

873. Էլեկտրոլիզային կայանքը մինչև 1 ժամ տևողությամբ անջատելիս թույլատրվում է սարքավորումը թողնել գազի անվանական ճնշման տակ, ընդ որում, թթվածնի ճնշման կարգավորիչներում ճնշումների տարբերության ազդանշանումը պետք է միացվի: Էլետրոլիզային կայանքը մինչև 4 ժամ տևողությամբ անջատելիս, գազերի ճնշումը սարքերում պետք է իջեցվի մինչև 0,1-ից մինչև 0,2 կգուժ/սմ2 (10-20 կՊա), իսկ 4 ժամից ավելի անջատելիս` սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով: Փչամաքրումը պետք է կատարվի նաև էլեկտրոլիզերն աշխատանքից դուրս հանելու բոլոր դեպքերում` անսարքություններ հայտնաբերելիս:

874. Էլեկտրոլիզային կայանքում մեկ էլեկտրոլիզերի աշխատելու և մյուսի պահուստում գտնվելու դեպքում ջրածնի և թթվածնի մթնոլորտ արտանետման փականները պահուստային էլեկտրոլիզերի վրա պետք է լինեն բաց:

875. Էլեկտրոլիզերների լվացումը, դրանց բջիջների պրկուժի ստուգումը և ամրանի վերստուգումը պետք է կատարվեն 6 ամիսը մեկ: Ընթացիկ նորոգումը, որն ընդգրկում է վերը նշված աշխատանքները, ինչպես նաև էլեկտրոլիզերների կազմատումը, միջադիրների փոխարինումը, դիաֆրագմաների և էլեկտրոդների լվացումն ու մաքրումը և արատավոր մասերի փոխարինումը պետք է իրականացվի 3 տարին մեկ: Դիաֆրագմային ակների հիմնական նորոգումն ասբեստային գործվածքի փոխարինմամբ պետք է կատարվի 6 տարին մեկ: Էլեկտրոլիզերներից էլեկտրոլիտի հոսակորստի բացակայության և տեխնոլոգիական ռեժիմի բնականոն հարաչափերը պահպանելու դեպքում թույլատրվում է էլեկտրոլիզային կայանքի աշխատանքի ժամկետի երկարաձգում ընթացիկ և հիմնական նորոգումների միջև` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ:

876. Էլեկտրոլիզային կայանքի խողովակաշարերը պետք է ներկվեն ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

 

51. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՅՈՒՂԵՐԸ

 

877. Էներգետիկ յուղերի օգտագործման ժամանակ պետք է ապահովվեն յուղալեցուն սարքավորման տեխնոլոգիական համակարգերի հուսալի աշխատանքը և յուղերի հատկությունների պահպանումը:

878. Բոլոր էներգետիկ յուղերը (տուրբինային, էլեկտրամեկուսիչ, ճնշակային, արդյունաբերական), որոնք առաքողներից ընդունվում են էներգակազմակերպությունները, պետք է ենթարկվեն լաբորատոր վերլուծության` որոշակի համապատասխան էներգետիկ յուղի ստանդարտի պահանջներին և դրա համապատասխանությունը որոշելու համար:

879. Մեկուսիչ յուղի որակի հսկումը պետք է կազմակերպվի էլեկտրասարքավորման փորձարկման ծավալներին և նորմերին համապատասխան: Նոր գործարկվող սարքավորման յուղի որակը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ինչպես նաև սարքավորումն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին: Շահագործվող սարքավորման յուղի որակը պետք է համապատասխանի սույն գլխի և սարքավորումն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներին:

880. Տրանսֆորմատորային թարմ յուղի մակնիշը պետք է ընտրվի սարքավորման լարման տեսակից և դասից կախված: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործման միանման կամ մոտ կիրառման ոլորտ ունեցող թարմ յուղերի խառնումը: Լարման տարբեր դասերի սարքավորման համար նախատեսված յուղերի խառնուրդը պետք է լցվի միայն ցածր լարման դասի սարքավորման մեջ:

881. Էլեկտրակայաններում մշտապես պետք է պահվի յուղի պաշար` ամենատարողունակ մեկ յուղային անջատիչի տարողունակությանը հավասար (կամ ավելի) և լրալցման պաշար` սարքավորման մեջ լցված ամբողջ յուղի առնվազն 1% քանակությամբ, իսկ միայն օդային կամ փոքրածավալ յուղային անջատիչներ ունեցող էլեկտրակայաններում` ամենամեծ տարողության տրանսֆորմատորի մեջ լցված յուղի ծավալի 10%-ից ոչ պակաս: Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում մշտապես պետք է պահվի տրանսֆորմատորային յուղի պահուստ` սարքավորման մեջ լցվածի 2%-ից ոչ պակաս:

882. Տուրբինային նավթային և հրակայուն յուղերը մինչև ցիստեռնից դատարկելը պետք է ենթարկվեն լաբորատոր փորձարկումների, որոնցով ստուգվում է դրանց համապատասխանությունը համապատասխան ստանդարտների պահանջներին:

883. Էլեկտրակայաններում պետք է պահվի տուրբինային նավթայուղի պաշար` ամենամեծ ագրեգատի յուղային համակարգի տարողության (կամ ավելի) չափով և լրալցման` առնվազն 45-օրյա պահանջի պաշար: Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում յուղի մշտական պաշարը պետք է լինի մեկ սինքրոն փոխհատուցիչի յուղային համակարգի տարողությանը հավասար (կամ ավելի) և լրալցման առնվազն 45-օրյա պահանջի պաշար: Տուրբինային հրակայուն յուղի մշտական պաշարը պետք է լինի մեկ տուրբագեներատորի լրացման համար տարեկան պահանջից ոչ պակաս:

884. Ստացվող արդյունաբերական յուղերը և պլաստիկ քսուքները պետք է ենթարկվեն տեսողական ստուգման մեխանիկական խառնուրդների և ջրի հայտնաբերման համար: Բացի դրանից, արդյունաբերական յուղը պետք է լրացուցիչ փորձարկվի ըստ մածուցիկության` ստանդարտին այդ ցուցանիշի համապատասխանությունն ստուգելու համար:

885. Էլեկտրակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում օժանդակ սարքավորման և մեխանիզմների համար պետք է սահմանվեն քսուքային նյութերի ծախսի նորմերը, որակի հսկման և քսուքային նյութերի փոխարինման պարբերականությունը: Այդ նպատակների համար օգտագործվող քսուքային նյութի ապրանքանիշը պետք է համապատասխանի տվյալ սարքավորման մեջ օգտագործման թույլատրված քսուքների տեսականու շահագործման կազմակերպության հրահանգներին: Քսուքային նյութերի փոխարինման հնարավորությունը պետք է համաձայնեցվի սարքավորումն արտադրող կազմակերպության հետ: Յուղի հարկադրական շրջապտույտով օժանդակ սարքավորման յուղման համակարգերում յուղը պետք է ենթարկվի մեխանիկական խառնուրդների, շլամի և ջրի պարունակության ակնադիտական ստուգման` կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ և ծավալներով: Աղտոտվածություն հայտնաբերելիս յուղը պետք է մաքրվի կամ փոխարինվի: Յուրաքանչյուր էլեկտրակայանում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում օժանդակ սարքավորման համար պետք է պահվի քսուքային նյութերի պաշար` առնվազն 45-օրյա պահանջմունքի չափով:

886. Սարքավորման մեջ լցված տուրբինային, տրանսֆորմատորային և արդյունաբերական յուղերի համար քիմիական լաբորատորիայում պետք է պահել մատյան, որի մեջ գրանցվում են նորմատիվ փաստաթղթի համարը, արտադրող կազմակերպության անվանումը, յուղի փորձարկման արդյունքները, սարքավորման տեսակը և կայանային համարը, տեղեկություններ` հավելանյութեր մտցնելու, լրացված յուղի քանակի և որակի մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում