Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱ ...

 

 

040.1007.090908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 1007-Ն

 

i

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 14-ի

N 1007-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցների հավատարմագրման կարգը, կարգավորվում են այդ կառույցների հավատարմագրման հետ կապված հարաբերությունները:

2. Աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած աուդիտորների և (կամ) հաշվապահների ու աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` հասարակական կազմակերպություն) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական (այսուհետ` վկայական):

3. Հավատարմագրման սկզբունքներն են`

1) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

2) հավատարմագրման հրապարակայնությունը.

3) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.

4) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:

4. Հավատարմագրման նպատակներն են`

1) աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը.

2) աուդիտորների որակավորման գործընթացի կատարելագործումը:

5. Հասարակական կազմակերպության հավատարմագրումն իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման գործունեությունը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Հասարակական կազմակերպությանը հավատարմագիր տալու, հավատարմագրված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` մասնագիտացված կառույց) նախազգուշացնելու կամ վկայականի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով` լիազորված մարմինն ստեղծում է հավատարմագրման հանձնաժողով:

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում լիազորված մարմինն իր որոշումներն ընդունում է հավատարմագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Լիազորված մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունելու հավատարմագրման հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հավատարմագրման հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

8. Հասարակական կազմակերպության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` հասարակական կազմակերպության հայտի հիման վրա:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Վկայականը տրվում է լիազորված մարմին հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությանը (այսուհետ` հայտատու), եթե միաժամանակ`

1) հայտատուին անդամակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած առնվազն 15 աուդիտոր.

2) հայտատուն ունի առնվազն մեկ տարվա գործունեության փորձ.

3) հայտատուն կազմակերպում է քննություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աուդիտորների որակավորման քննությունների ծրագրին կամ Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) միջազգային կրթական ստանդարտներին համապատասխան.

4) հայտատուն պարտավորվում է`

ա. լիազորված մարմնի պահանջով կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով լիազորված մարմին ներկայացնել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման վերջինիս գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն և կրել օրենքով սահմանված պատասխանատվություն,

բ. աուդիտորների որակավորման հետ կապված հարցերի վերաբերյալ դիմողների բողոքներն ուսումնասիրելու համար հայտատուի որակավորման հանձնաժողովին տրամադրել համապատասխան փաստաթղթեր և տալ պարզաբանումներ,

գ. վկայականն ստանալուց հետո եռամսյա ժամկետում աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար` լիազորված մարմին ներկայացնել իր կողմից հաստատված աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը, աուդիտորների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը, կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում կազմված քննությունների հարցերն ու տիպային խնդիրները:

10. Հայտատուն վկայական ստանալու համար լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ, որում նշվում են հայտատուի անվանումը և գտնվելու վայրը` համաձայն N 1 ձևի.

2) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

3) հայտատուի բարձրագույն մարմնի կողմից որոշման ընդունման համար ձայնի իրավունք ունեցող անդամների ընդհանուր ցուցակը` համաձայն N 2 ձևի.

4) հայտատուի կողմից աուդիտորի վարքագծին ներկայացվող` միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունելու մասին որոշման պատճենը.

5) հայտատուի անդամների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման, շարունակական մասնագիտական զարգացման, կարգապահական գործառույթների ընթացակարգերը:

11. Վկայական տալու մասին եզրակացությունը տրվում է հավատարմագրման հանձնաժողովի կողմից` սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում: Հավատարմագրման հանձնաժողովը հարցերը քննարկում է նիստեր գումարելու միջոցով:

12. Հավատարմագրման հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

13. Հավատարմագրման հանձնաժողովը հարցերի քննարկման մասին հայտատուին պատշաճ ձևով տեղեկացնում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` նրան տեղեկացնելով քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:

14. Սույն կարգի իմաստով տեղեկացումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե փաստաթղթերն ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ հանձնվել են ստացականով:

15. Հավատարմագրման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հավատարմագրման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված` հօգուտ հայտատուի:

16. Հավատարմագրման հանձնաժողովի նիստը նախագահողը կամ նրա լիազորած անձը հարցերը քննարկելիս` հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

17. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ չունենալու դեպքում` լիազորված մարմինը պարտավոր է հայտատուին տալ վկայական:

18. Վկայականը տրվում է մեկ օրինակից` անժամկետ: Վկայականի ձևաթղթերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում է լիազորված մարմինը: Վկայականի ձևաթղթերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան: Դրանք խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար: Վկայականի ձևը հաստատում է լիազորված մարմինը: Վկայականում նշվում են`

1) լիազորված մարմնի անվանումը.

2) վկայականի համարը.

3) վկայականը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) «Աուդիտորների մասնագիտացված կառույցի հավատարմագրման վկայական» բառերը.

5) մասնագիտացված կառույցի լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

6) վկայականի գործողության ժամկետը` անժամկետ.

7) լիազորված մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

19. Վկայական ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետերի պահանջներին:

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` լիազորված մարմինը մերժում է հայտը և ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում հայտատուին պատշաճ ձևով տեղեկացնում մերժման պատճառների ու իրավական հիմքերի մասին:

21. Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում` լիազորված մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ վկայականը հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

22. Վկայական ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

23. Վկայական ստանալու մասին հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի վկայական ստանալու համար նոր հայտ ներկայացնելու` ընդհանուր կարգով:

24. Վկայականը չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

25. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում` մասնագիտացված կառույցը դրա մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար հայտ է ներկայացնում լիազորված մարմին: Կորցրած վկայականի կրկնօրինակը լիազորված մարմնի կողմից տրվում է մասնագիտացված կառույցի կողմից` նշված դիմումը ներկայացվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

26. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` մասնագիտացված կառույցը դրա մասին հայտ է ներկայացնում լիազորված մարմին` վկայականի կրկնօրինակն ստանալու համար: Լիազորված մարմինը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը մասնագիտացված կառույցին տալիս է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում:

27. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կարգի համապատասխանաբար 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգով:

28. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

29. Իր անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` մասնագիտացված կառույցը պարտավոր է ներկայացնել դիմում` վկայականի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը: Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է մասնագիտացված կառույցի դիմումը լիազորված մարմնում մուտք լինելու օրվանից 10-օրյա ժամկետում:

30. Վկայականի վերաձևակերպման, ինչպես նաև կորցրած, օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը տալու համար հավատարմագրման հանձնաժողովի եզրակացությունը չի պահանջվում:

31. Լիազորված մարմինը վարում է տրված վկայականների գրանցամատյան, որի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիազորված մարմինը: Վկայականների գրանցամատյանում նշվում են`

1) մասնագիտացված կառույցի անվանումը և գտնվելու վայրը.

2) վկայական տալու մասին լիազորված մարմնի որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

3) վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վկայականի համարը.

4) տեղեկություններ վկայականի վերաձևակերպման, մասնագիտացված կառույցի նախազգուշացման, վկայականի գործողության դադարեցման մասին:

32. Վկայականների գրանցամատյանի ձևը հաստատում է լիազորված մարմինը` հաշվի առնելով սույն կարգի 31-րդ կետով սահմանված պահանջները:

33. Մասնագիտացված յուրաքանչյուր կառույցի համար վարվում է անհատական գործ: Մասնագիտացված կառույցի անհատական գործը ենթակա է պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Եթե խախտվել է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգի 9-րդ ու 29-րդ կետերով սահմանված պայմաններից կամ պահանջներից որևէ մեկը, ապա հավատարմագրման հանձնաժողովի եզրակացության համաձայն մասնագիտացված կառույցը նախազգուշացվում է լիազորված մարմնի կողմից և դրա մասին տեղեկացվում պատշաճ ձևով: Նախազգուշացման համար կարող է հիմք հանդիսանալ նաև` լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը:

35. Մասնագիտացված կառույցը պարտավոր է նախազգուշացման մասին պատշաճ ձևով տեղեկացվելու օրվանից մեկամսյա ժամկետում վերացնել նախազգուշացման համար հիմք հանդիսացած խախտումները և դրա մասին հայտնել լիազորված մարմնին` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

36. Եթե մասնագիտացված կառույցի կողմից թույլ են տրվել օրենքի կամ սույն կարգի պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին, ազատություններին, պատվին կամ բարի համբավին, ապա լիազորված մարմինն իրավունք ունի անմիջապես (առանց հավատարմագրման հանձնաժողովի նիստ գումարելու) ժամանակավորապես արգելելու (կասեցնելու) հավատարմագրման հետ կապված գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ գործողությունների իրականացումը` ընդունելով դրա մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցին պատշաճ ձևով տեղեկացնելու հաջորդ օրվանից: Սույն կետի համաձայն` լիազորված մարմնի կողմից հավատարմագրման հետ կապված գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ գործողությունների իրականացումն արգելվելու դեպքում` հավատարմագրման հանձնաժողովը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել մասնագիտացված կառույցի կողմից խախտումներ թույլ տրվելու մասին հարցը և ընդունել համապատասխան որոշում:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

37. Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել`

1) մասնագիտացված կառույցի լուծարման կամ գործունեության դադարեցման դեպքում.

2) մասնագիտացված կառույցի դիմումի համաձայն.

3) սույն կարգի 34-րդ կետի համաձայն նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ զգուշացվելու դեպքում.

4) սույն կարգի 24-րդ և 35-րդ կետերի պահանջի խախտման դեպքում.

5) սույն կարգի 36-րդ կետի համաձայն` լիազորված մարմնի կողմից արգելված գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթներ կամ գործողություններ իրականացվելու դեպքում.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

38. Վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված` հավատարմագրված կառույցի լուծարման օրվանից:

39. Սույն կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցնելու մասին դիմումը լիազորված մարմնում քննարկվում է այն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից 15 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում, կամ չի ընդունվում որոշում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ վկայականի գործողությունը` դադարեցված: Վկայականի գործողության դադարեցման մասին մասնագիտացված կառույցի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

40. Սույն կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված` լիազորված մարմնի որոշումը մասնագիտացված կառույցին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե մասնագիտացված կառույցի դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Լիազորված մարմնի կողմից կարող է սահմանվել վկայականի գործողության դադարեցման մասին դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե վկայականի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

41. Սույն կարգի 37-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված` լիազորված մարմնի որոշումը մասնագիտացված կառույցին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Ձև N 1

 

i

ՀԱՅՏ

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________

                   (մասնագիտացված կառույցի անվանումը)

_______________________________________________________________________

 

_______________________________________________________________________

                      (գործունեության վայրի հասցեն)

_______________________________________________________________________

                  (էլ. փոստը, հեռախոսահամարը և ֆաքսը)

_______________________________________________________________________

 

սույն հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` աուդիտորների որակավորման նպատակով հավատարմագրվելու համար:

_______________________________________________________________________

                   (մասնագիտացված կառույցի անվանումը)

_______________________________________________________________________

 

կարող է իրականացնել հետևյալ գործառույթները`

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ

    ՂԵԿԱՎԱՐ              ________________  __________________________

                        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

___ _______ 200 թ.

 

(1-ին ձևը փոփ. 22.09.11 թիվ 1340-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՑՈՒՑԱԿ

 

_______________________________________________________________ անդամների

(մասնագիտացված կառույցի անվանումը)

 

._________________________________________________________________.

|NN |Անդամի    |Բնակության|Գործող     |Մասնագիտացված|Մասնագիտացված|

|ը/կ|անունը,   |հասցեն,   |որակավորման|կառույցին    |կառույցին    |

|   |ազգանունը,|հեռախոսա- |վկայականի  |անդամագրվելու|անդամությունը|

|   |հայրանունը|համարը    |համարը և   |ամսաթիվը     |հավաստող     |

|   |          |          |այն տալու  |             |վկայականի    |

|   |          |          |ամսաթիվը   |             |համարը       |

|___|__________|__________|___________|_____________|_____________|

| 1 |    2     |    3     |    4      |     5       |   6         |

._________________________________________________________________.

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ

    ՂԵԿԱՎԱՐ             ________________   __________________________

                        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 22.09.11 թիվ 1340-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2008
N 1007-Ն
Որոշում