Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...

 

 

118.0083.150598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

25 մարտի 1998թ. թիվ 83

 

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՏՐԱՍՏ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների հավատարմագրային կառավարման գործունեության (տրաստ) օրինակելի կանոնակարգը (կցվում է):

2. Տրաստով զբաղվող անձանց կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը սահմանել լիցենզավորման պահին գործող նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ.

ՄԱՐՏԻ 25-Ի

ԹԻՎ 83 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_______________

 

---------------------------

հայտատուի լրիվ

 

---------------------------

անվանումը, ստորագրությունը

 

---------------------------

և (կամ) կնիքը

 

«_____» «_____________» 19 ___ թ.

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՏՐԱՍՏ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույնով սահմանվում է ____________________________________________

(հայտատուի լրիվ անվանումը) կողմից արժեթղթերի և արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների հավատարմագրային կառավարման (այսուհետև` կառավարման) գործունեության (տրաստ) կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ):

1.2. Կանոնակարգում օգտագործվող հասկացությունները

ա) հավատարմագրային կառավարման օբյեկտներ (այսուհետև` կառավարման օբյեկտներ).

հավատարմագրային կառավարման վերաբերյալ կնքված պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) համաձայն` հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերը (պետական արժեթղթեր, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր), արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցները, ինչպես նաև պայմանագրի համաձայն կառավարման արդյունքում ստացված արժեթղթերը, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցները,

բ) հավատարմագրային կառավարիչ (այսուհետև` կառավարիչ).

պայմանագրում նշված անձ, որն ստանձնել է կառավարման օբյեկտների կառավարման պարտավորություն,

գ) հավատարմագրային կառավարման հիմնադիր (այսուհետև` հիմնադիր). կառավարման օբյեկտների սեփականատերը կամ դրանց սեփականատիրոջ կողմից լիազորված անձը,

դ) շահառու.

հիմնադիր կողմից պայմանագրում նշված անձ, որի օգտին կառավարիչը իրականացնում է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,

ե) հանձնակատար.

կառավարչի կողմից պայմանագրում նշված անձ, որը անհրաժեշտության դեպքում իր վրա է վերցնում կառավարչի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

1.3. Կառավարման օբյեկտներ են հանդիսանում` ( * )

ա) _____________________________________________________________

բ) _____________________________________________________________

գ) _____________________________________________________________

դ) _____________________________________________________________

1.4. Կանոնակարգի 1.2. կետում նշված արժեթղթերը հանդիսանում են կառավարման օբյեկտ` անկախ իրենց թողարկման ձևից (թղթային կամ ոչ թղթային):

1.5. Կառավարման օբյեկտներ չեն հանդիսանում`

ա) այն արժեթղթերը, որոնց թողարկման և շրջանառության պայմաններով արգելվում է դրանց հանձնումը կառավարման,

բ) հասարակ և փոխանցվող մուրհակները,

գ) չեկերը,

դ) այլ վճարային արժեթղթերը:

1.6. Կառավարման պայմանագրի կողմեր են հանդիսանում կառավարիչը, հիմնադիրը և շահառուն:

1.7. Կառավարիչը կառավարման օբյեկտների հետ գործարքները իրականացնում է իր անունից, նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչը: Այդ պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս մյուս կողմը տեղեկացվում է կառավարչի կողմից դրանց կատարման մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարչի անվանումից հետո արվում է «Հ.Կ.» նշումը:

1.8. Հիմնադիրը, միաժամանակ, կարող է հանդես գալ որպես շահառու:

1.9. Կառավարիչը չի կարող լինել շահառու:

 

II. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

2.1. Կառավարման համար հիմք է հանդիսանում կառավարչի և հիմնադիրի միջև, գրավոր ձևով կնքված` վերջինիս պատկանող կառավարման օբյեկտների կառավարման հանձնելու մասին պայմանագիրը:

2.2. Հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը` կնքված հավատարմագրային կառավարչի և կառավարման հիմնադիրի միջև, իր մեջ ներառում է հետևյալ պայմանները`

ա) կառավարման հանձնվող կառավարման օբյեկտների անվանացանկը,

բ) հիմնադրի լրիվ անվանումը,

գ) կառավարչի լրիվ անվանումը,

դ) կառավարչի հատկացվող պարգևավճարի չափը և հաշվարկման ձևը,

ե) կառավարչի և հիմնադրի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը,

զ) կառավարման հանձնված կառավարման օբյեկտները հիմնադրին վերադարձնելու պայմանները,

է) կառավարչի կողմից շահառուին կատարվող վճարների պայմանները, ժամկետները և ձևերը,

ը) հիմնադիր իրավունքները և պարտավորությունները,

թ) կառավարչի իրավունքները և պարտավորությունները,

ժ) շահառուի իրավունքները և պարտականությունները,

ի) պայմանագրի հնարավոր լուծման պայմանները,

լ) կառավարչի կողմից հիմնադրին է շահառուին կառավարման հաշվետվությունների ներկայացման ձևերը և ժամկետները,

խ) կողմերի ռեկվիզիտները և ստորագրությունները:

2.3. Պայմանագիրը կարող է նախատեսել կառավարչի կողմից որոշակի երաշխիքի տրամադրում` այն վնասների հատուցման ապահովման համար, որոնք կարող են պատճառվել հիմնադրին կամ շահառուին պայմանագրին ոչ պատշաճ կատարման հետևանքով:

2.4. Պայմանագրի գործողությունը դադարում է`

ա) պայմանագրով նախատեսված դեպքերում,

բ) գործողության ժամկետը լրանալու դեպքում:

2.5. Պայմանագրի գործունեության դադարեցումը կողմերից մեկի նախաձեռնությամբ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

2.6. Պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերի հետ միասին պայմանագիրը դադարում է նաև, որպես հետևանք`

ա) շահառու քաղաքացու մահվան կամ շահառու իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձի լուծարման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

բ) շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

գ) կառավարիչի լուծարման և սնանկացման,

դ) հիմնադրի սնանկացման և լուծարման:

2.7. Պայմանագրի դադարման դեպքում կառավարման օբյեկտները փոխանցվում են հիմնադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2.8. Կառավարման օբյեկտների նկատմամբ կառավարչի տնօրինման իրավունքները սահմանվում են պայմանագրում:

 

III. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

3.1. Կառավարման հանձնման դեպքում կարող է նախատեսվել տարբեր անձանց պատկանող կառավարմանը հանձնված արժեթղթերի միացում:

3.2. Պայմանագրով կարող է նաև նախատեսվել կառավարման օբյեկտների նկատմամբ կառավարչի տնօրինման իրավունքները:

3.3. Կառավարիչն իրավունք ունի`

ա) պայմանագրի համաձայն իրականացնել իր կառավարմանն հանձնված կառավարման օբյեկտների առք ու վաճառքի գործարքներ,

բ) առք ու վաճառքի գործարքների իրականացնել իր անունից,

գ) նախօրոք կնքված պայմանագրի համաձայն` առք ու վաճառքից ստացված եկամուտներից, պահել իրենց հասանելիք պարգևավճարը,

դ) օրենքով նախատեսված շրջանակներում իրականացնել հիմնադրի լիազորությունները:

3.4. Կառավարիչը պայմանագրով սահմանված իրավասությունների շրջանակներում իրավունք ունի իրեն հանձնված կառավարման օբյեկտների նկատմամբ կատարել ցանկացած գործողություններ: Կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել որոշ սահմանափակումներ:

3.5. Կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում կառավարչի ձեռք բերված իրավունքները ներառվում են կառավարման օբյեկտների կազմում: Կառավարչի նման գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են այդ կառավարման օբյեկտների հաշվին:

3.6. Կառավարիչը պարտավոր է կառավարման օբյեկտների կառավարումը իրականացնել անձամբ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3.7. Կառավարիչը կարող է իր անունից հանձնարարել այլ անձի կատարելու իրեն կառավարման հանձնված արժեթղթերի և արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների կառավարման համար անհրաժեշտ գործողությունները, եթե ինքը դրա համար լիազորված է պայմանագրով կամ ստացել է հիմնադրի գրավոր համաձայնությունը կամ ստիպված է դա անել հանգամանքների բերումով` հիմնադրի կամ շահառուի շահերը ապահովելու համար և հնարավորություն չի ունեցել ողջամիտ ժամկետում ստանալու կառավարման ցուցումները:

3.8. Կառավարիչը պատասխանատվություն է կրում հանձնակատարի գործողությունների համար:

3.9. Կառավարիչը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվանական արժեթղթերի ռեեստրում գրանցման է ներկայացնում կառավարման հանձնված անվանական արժեթղթերը կամ արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների հաշվին ձեռք բերված անվանական արժեթղթերը:

3.10. Կառավարիչը պարտավոր է հիմնադրին կամ շահառուին` պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, ներկայացնել հաշվետվություն` կառավարման հանձնված արժեթղթերով և արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցներով կատարած գործարքի համար:

3.11. Հիմնադիրը կամ շահառուն իրավունք ունեն ստուգել պայմանագրի կատարումը, կառավարչի կողմից կամ պայմանագրում նշված ժամկետում պահանջել հաշվետվություն պայմանագրի պայմանների պահպանման և կատարման վերաբերյալ:

3.12. Հիմնադիրը պարտավոր է`

ա) պայմանագրի համաձայն կառավարման փոխանցել պայմանագրում նշված կառավարման օբյեկտները,

բ) չմիջամտել կառավարչի գործերին,

գ) կառավարչին փոխհատուցել այն բոլոր ծախսերն ու վնասները, որոնք վերջինս կրել է հիմնադրի կողմից պայմանագրով իր վրա դրված պայմանների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

3.13. Կառավարման հետևանքով ծագած պարտավորությունները մարվում են կառավարման հանձնված արժեթղթերի և արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների հաշվին: Դրանց անբավարար լինելու դեպքում բռնագանձումը կարող է տարածվել հավատարմագրային գույքի վրա:

3.14. Կառավարման ժամանակ շահառուի կամ հիմնադրի շահերի մասին պատշաճ հոգատարություն չցուցաբերած կառավարիչը շահառուին փոխհատուցում է կառավարման ընթացքում չստացած օգուտը, իսկ հիմնադրին` հասցված վնասները և չստացած օգուտները`

3.15. Կառավարիչը պատասխանատվություն է կրում հասցված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի կամ շահառուի հիմնադրի գործողությունների հետևանքով:

 

IY. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Կառավարման գործունեության հետ կապված ռիսկերը բաշխվում են կամ ամբողջությամբ ընդունվում են կառավարչի կողմից: Ռիսկերի բաշխման հարցի վերաբերյալ կնքվում է առանձին համաձայնագիր:

4.2. Պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերը և արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների հաշվապահական հաշվառումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Կանոնակարգի բոլոր էջերը կարվում և հաստատվում են (կնիքով և) կամ ստորագրությամբ) հայտատուի կողմից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` լիցենզիա տալու դեպքում, կնքվում նախարարության կնիքով:

 

_________________________

( * ) նշվում են հավատարմագրային կառավարման օբյեկտները

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                        «15»   05    1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800130

 

2

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
25.03.1998
N 83
Հրաման