ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻՆ ԿԻՑ
(16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1966 Թ.)
Սույն Արձանագրության մասնակից պետությունները,
նկատի ունենալով, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի (այսուհետ` Դաշնագիր) հետագա նպատակների իրագործման և նրա դրույթների կատարման համար նպատակահարմար է Դաշնագրի 4-րդ մասի համաձայն հիմնադրված Մարդու իրավունքների կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) հնարավորություն ընձեռել ընդունելու և քննության առնելու, ինչպես նախատեսված է սույն Արձանագրությամբ, հաղորդումներ առանձին անձանցից, ովքեր հայտարարում են, թե իրենք զոհ են Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման,
համաձայնել են ներքոհիշյալի շուրջ.
ՀՈԴՎԱԾ 1
Դաշնագրի մասնակից այն պետությունը, որը դառնում է սույն Արձանագրության մասնակից, ճանաչում է Կոմիտեի իրավասությունը` ընդունելու և քննության առնելու առանձին անձանց` իր իրավազորությանը ենթակա հաղորդումները, ովքեր հայտարարում են, թե տվյալ մասնակից պետության կողմից` Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման զոհ են դարձել: Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդում, եթե այն վերաբերում է Դաշնագրի մասնակից պետությանը, որը, սակայն, մասնակից չէ սույն Արձանագրությանը:
ՀՈԴՎԱԾ 2
1-ին հոդվածի դրույթներին համապատասխան, անձինք, ովքեր հայտարարում են, թե խախտվել է Դաշնագրում ամրագրված իրենց այս կամ այն իրավունքը, և ովքեր սպառել են իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները, կարող են գրավոր հաղորդում ներկայացնել Կոմիտեի քննարկմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Կոմիտեն կարող է անընդունելի համարել սույն Արձանագրության համաձայն ներկայացվող, բայց անստորագիր կամ, Կոմիտեի կարծիքով, հաղորդումներ ներկայացնելու իրավունքը չարաշահող և կամ Դաշնագրի դրույթներին անհամատեղելի ցանկացած հաղորդում:
ՀՈԴՎԱԾ 4
1. Կոմիտեն, 3-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, սույն Արձանագրության համաձայն ներկայացվող ցանկացած հաղորդման մասին ծանուցում է սույն Արձանագրության մասնակից այն պետությանը, որը, ինչպես պնդում են, խախտում է Դաշնագրի որևէ դրույթ:
2. Ծանուցում ստացած պետությունը վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ` պարզաբանելով քննության առարկա խնդիրը, և եթե դրանք կան` պաշտպանության այն միջոցները, որոնք կարող էին կիրառվել այդ պետության կողմից:
ՀՈԴՎԱԾ 5
1. Կոմիտեն քննության է առնում սույն Արձանագրության համաձայն ստացված հաղորդումները` հաշվի առնելով առանձին անձանց և շահագրգիռ մասնակից պետության ներկայացրած ողջ գրավոր տեղեկատվությունը:
2. Կոմիտեն չի քննում անձանցից ստացված ոչ մի հաղորդում, քանի դեռ չի համոզվել, որ.
ա) այդ նույն հարցը չի քննարկվում միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի համաձայն,
բ) տվյալ անձն սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներպետական միջոցները: Այս դրույթը չի գործում, եթե նման միջոցների կիրառումն անհիմն կերպով ձգձգվում է:
3. Սույն Արձանագրությամբ նախատեսված հաղորդումները քննելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր:
4. Իր նկատառումները Կոմիտեն հայտնում է համապատասխան մասնակից պետությանը և անձին:
ՀՈԴՎԱԾ 6
Կոմիտեն Դաշնագրի 45-րդ հոդվածով նախատեսված իր ամենամյա զեկուցման մեջ ամփոփ շարադրում է սույն Արձանագրությանը համապատասխան իրականացրած իր գործունեությունը:
ՀՈԴՎԱԾ 7
Մինչև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1960 թ. դեկտեմբերի 14-ին ընդունած Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագրի վերաբերյալ 1514 (XV) բանաձևի նպատակների իրագործումը` սույն Արձանագրության դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագիտացված հաստատությունների միջազգային այլ համաձայնագրերով ու փաստաթղթերով այդ ժողովուրդներին ընձեռված հանրագիր ներկայացնելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 8
1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության կողմից:
2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից: Վավերագրերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար:
4. Միանալն ուժի մեջ մտնում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հանձնելով:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրությունն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին հայտնում է յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու վերաբերյալ փաստաթղթի ի պահ հանձնելու մասին:
ՀՈԴՎԱԾ 9
1. Դաշնագրի ուժի մեջ մտնելու դեպքում սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
2. Տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Արձանագրությունը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Արձանագրության դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության:
ՀՈԴՎԱԾ 11
1. Սույն Արձանագրության մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է առաջարկել լրացումներ ու փոփոխություններ և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն առաջարկված յուրաքանչյուր լրացում ու փոփոխություն փոխանցում է սույն Արձանագրության մասնակից պետություններին, խնդրելով հայտնել` համաձայն են արդյոք հրավիրելու մասնակից պետությունների խորհրդաժողով` այդ առաջարկությունները քննարկելու և քվեարկելու նպատակով: Եթե խորհրդաժողով հրավիրելու օգտին արտահայտվում է մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը, ապա Գլխավոր քարտուղարը հրավիրում է խորհրդաժողովը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Խորհրդաժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ամեն մի լրացում և փոփոխություն հաստատման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային:
2. Լրացումներն ու փոփոխություններն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հաստատվելուց և սույն Արձանագրության մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ այդ պետությունների սահմանադրական ընթացակարգի համաձայն ընդունվելուց հետո:
3. ՈՒժի մեջ մտնելուց հետո լրացումներն ու փոփոխությունները դառնում են պարտադիր դրանք ընդունած մասնակից պետությունների համար, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Արձանագրության դրույթները և նախկինում նրանց կողմից ընդունված լրացումներն ու փոփոխությունները:
ՀՈԴՎԱԾ 12
1. Մասնակից յուրաքանչյուր պետություն ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցումով կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում նշված ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց երեք ամիս անց:
2. Չեղյալ հայտարարումը չի խոչընդոտում մինչև դրա ուժի մեջ մտնելը 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաղորդումների առնչությամբ սույն Արձանագրության դրույթների կիրառումը շարունակելուն:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Արձանագրության 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված ծանուցումներից անկախ` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետություններին տեղեկացնում է`
ա) 8-րդ հոդվածի համաձայն ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
բ) 9-րդ հոդվածի համաձայն` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու և 11-րդ հոդվածի համաձայն` ցանկացած լրացման ու փոփոխության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
գ) 12-րդ հոդվածի համաձայն` չեղյալ հայտարարելու մասին:
ՀՈԴՎԱԾ 14
1. Սույն Արձանագրությունը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնագրերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրության վավերացված պատճեններն ուղարկում է Դաշնագրի 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ-ում կա արձանագրությունը, այլ թարգմանությամբ, հրապարակվել է ՀՀՊՏ 29/1997, 25.12.97 տեղեկագրում ի տարբերություն այս տեքստի, այնտեղ չկա Հայաստանի համար ուժի մեջ մտնելու ամսաթիվը, սակայն կա արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը