Սեղմել Esc փակելու համար:
ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1160-Ն

 

ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1160-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված են նվազագույն պահանջներ` ուղևորատար կախովի և քարշակային ճոպանուղիների կոնստրուկցիայի, կառուցման, նախագծման, պատրաստման, վերակառուցման, նորոգման, մոնտաժման և անվտանգ շահագործման համար:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է հետևյալ տեսակի ուղևորատար ճոպանուղիների (այսուհետ` ճոպանուղի) վրա`

1) կախովի միաճոպան, կրողաքարշային ճոպանի վրա մշտապես ամրացված` շարժակազմի օղակաձև շարժմամբ.

2) կախովի մեկ և երկճոպան, կրողաքարշային (քարշային) ճոպանի վրա ամրացված և կայաններում անջատվող շարժակազմի օղակաձև շարժմամբ.

3) կախովի մեկ և երկճոպան` շարժակազմի ճոճանակային շարժմամբ.

4) քարշային` դահուկորդների համար` քարշային ճոպանի վրա մշտապես ամրացված քարշային սարքերով.

5) քարշային` դահուկորդների համար` քարշային ճոպանի վրա ամրացված և կայաններում անջատվող քարշակային սարքերով:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ստորգետնյա ճոպանուղիների և ֆունիկուլյորների վրա:

4. Ճոպանուղիների նախագծումը, պատրաստումը, մոնտաժումը և շահագործումը պետք է իրականացվեն սույն տեխնիկական կանոնակարգին, շինարարական նորմերին և կանոններին, էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներին, էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններին, սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններին և ճոպանուղիների սարքավորման ու կառուցման տեխնիկական պայմաններին համապատասխան:

5. Ճոպանուղու կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) պետք է համապատասխանեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին:

Ճոպանուղու հետ տրվող նախագծային և շահագործման փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

6. Ճոպանուղու որակի, սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանության, ինչպես նաև տեխնիկական բոլոր փաստաթղթերի ճիշտ ձևակերպման պատասխանատվությունն ամբողջապես կրում է գլխավոր կապալառու կազմակերպությունը:

7. Ճոպանուղի շահագործող անձը պարտավոր է հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` այն մշակելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

8. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

կախովի ճոպանուղի` կառույց, որը ծառայում է կրող ճոպանով կամ կրողաքարշային ճոպանի միջոցով տեղաշարժվող շարժակազմում ուղևորների տեղափոխման համար,

քարշակային ճոպանուղի` կառույց, որը նախատեսված է քարշային ճոպանին մշտապես ամրացրած կամ կայաններում անջատման հնարավորությամբ քարշակային սարքերի օգնությամբ դահուկորդների քարշակման համար,

օղակաձև շարժմամբ միաճոպան ճոպանուղի` կրողաքարշային ճոպանին մշտապես ամրացված շարժակազմի, օղակաձև անընդհատ շարժմամբ ճոպանուղի,

երկճոպան ճոճանակային ճոպանուղի` քարշակային ճոպանին մշտապես ամրացված շարժակազմի` կրող ճոպանով, ճոճանակային շարժմամբ ճոպանուղի,

կրողաքարշային ճոպան` ճոպան` դրան ամրացված շարժակազմի տեղափոխման համար.

կրող ճոպան` ճոպան, որի վրայով շարժվում է շարժակազմը,

քարշային ճոպան` ճոպան` կրող ճոպանի վրայով շարժակազմին կամ ձյան վրայով դահուկորդներին տեղափոխելու համար,

ձգող ճոպան` ճոպան, որը միացնում է կրող, կրողաքարշային, քարշային ճոպանը ձգող սարքվածքի հետ,

շարժակ` մեխանիզմ, որը կազմված է շարժիչից և մեխանիկական էներգիան շարժիչից շարժաբեր փոկանիվին փոխանցող սարքվածքից,

շարժաբեր փոկանիվ` փոկանիվ, որը փոխանցում է քարշային ճիգը` ի հաշիվ քարշային կամ կրողաքարշային ճոպանի փոկանիվի առվակում շփման,

շրջանցող փոկանիվ` փոկանիվ, որը նախատեսված է օղակաձև ճոպանուղիների շարժակազմի շրջանցման համար,

շարժակազմ` ճոպանուղով տեղափոխման ժամանակ ուղևորների տեղավորման միջոց,

բազկաթոռ` ուղևորների տեղափոխման համար բաց կամ կիսափակ նստատեղի տեսքով շարժակազմի տարատեսակ,

խցիկ` ուղևորների տեղափոխման համար օղակաձև ճոպանուղիների շարժակազմի տարատեսակ,

վագոն` ուղևորների տեղափոխման համար ճոճանակային ճոպանուղիների շարժակազմի տարատեսակ,

քարշակային սարքվածք` քարշակային ծիրով դահուկորդների տեղաշարժման միջոց,

սեղմակ` շարժակազմի կախոցի հանգույց, որը ծառայում է այն քարշային կամ կրողաքարշային ճոպանի վրա ամրացման համար,

անջատվող սեղմակ` սեղմակ, որը նախատեսված է կայաններում շարժակազմի կրողաքարշային կամ քարշային ճոպանին ավտոմատորեն կցման (անջատման) համար,

քարշակային ծիր` ուղի, որով անմիջականորեն տեղի է ունենում դահուկորդի տեղափոխությունը,

կայան` շինություն, որը նախատեսված է ուղևորների նստեցման-իջեցման և շարժակի ու (կամ) ձգող սարքվածքի տեղակայման համար,

հենարան` կառույց ճոպանուղու գծի վրա ճոպանների պահման համար,

հենարանային կալուն` սարքվածք` հենարանների և կայանների վրա կրող ճոպանը պահելու համար,

հոլովակային հավասարակշռիչ լծակ` հոլովակների համակարգ` կրողաքարշային ճոպանի պահման համար,

վերին հոլովակային հավասարակշռիչ լծակ` հավասարակշռիչ լծակ, որի վրա կրող ճոպանն անցնում է հոլովակների ներքևով,

ստորին հոլովակային հավասարակշռիչ լծակ` հավասարակշռիչ լծակ, որի վրա կրողաքարշային ճոպանն անցնում է հոլովակների վերևով,

վագոնի որսիչ` սարքվածք վագոնի սայլակի վրա` քարշային ճոպանի խզման կամ ձգվածության թուլացման ժամանակ կրող ճոպանը շրթիկներով բռնելու համար,

ճոպանի որսիչ` սարքվածք, որը կանխում է կրողաքարշային ճոպանի անկումը, երբ այն դուրս է ընկնում հոլովակային հավասարակշռիչ լծակից,

ներանցումային սարքվածք` սնուցող գծերի լարման տրման և հանման էլեկտրատեխնիկական սարքվածք,

կառավարման համակարգ` կառավարման սարքվածքների ամբողջություն, որն ապահովում է ճոպանուղու աշխատանքը` տրված ծրագրին համապատասխան,

ուղեգիծ` վերջնական կայանների միջև տեղանքի հատված, որի վրա տեղադրված է ճոպանուղու սարքավորումը,

թռիչք` ճոպանուղու ուղեգծի վրա հենարանների միջև հորիզոնական հեռավորություն,

անվանական արագություն` շարժակազմի (ճոպանի) շարժման առավելագույն արագություն, որի համար հաշվարկվել է ճոպանուղին,

շարժակազմի տարողություն` շարժակազմում մարդկանց հաշվարկային թիվը,

մասնագիտացված կազմակերպություն` կազմակերպություն, որն ունի սահմանված կարգով հավաստագրված որակի համակարգ, և որն իրականացնում է ճոպանուղիների նախագծման, պատրաստման, մոնտաժման, վերակառուցման, նորոգման և (կամ) փորձաքննության աշխատանքներ:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Ճոպանուղու նախագիծը մշակում է մասնագիտացված կազմակերպությունը:

Նախագծում բոլոր փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս պատրաստման, մոնտաժման, նորոգման կամ վերակառուցման ժամանակ, պետք է համաձայնեցվեն ճոպանուղու նախագիծը մշակած կամ մասնագիտացված այլ կազմակերպության հետ:

10. Ճոպանուղու նախագծում ներառվում են`

1) նախագծման տեխնիկական առաջադրանքը.

2) երկրաբանական հետազննությունները և տեղեկությունները ձնահյուսավտանգության մասին.

3) բացատրագիր, որը պարունակում է հիմնական տեխնիկական տվյալներ ճոպանուղու (տեղակայման պայմանների), հաշվարկային սխեմաների և բեռնվածքների, առանձին տարրերի (ճոպանների, հենարանների, շարժակի, շարժակազմի և այլն) հաշվարկի և պատրաստման մասին.

4) ճոպանուղու պրոֆիլը` այլ ճոպանուղիների, դահուկուղիների և տրանսպորտային ու ջրային այլ ուղիների, էլեկտրագծերի, նավթամուղների, գազամուղների և ջրմուղների հետ փոխհատումների մասին տեղեկություններով.

5) կայաններում, ուղեգծում անհրաժեշտ ընդլայնական կտրվածքները (1:50 կամ 1:100 մասշտաբով), ուղեգծի վրայի կառույցների կտրվածքները` նշելով շինություններից, խոշոր քարաբեկորներից ունեցած հեռավորությունները.

6) ճոպանուղու նախագծի էլեկտրական և հիդրավլիկ մասերը` ներառյալ էներգամատակարարման, կառավարման, կապի և ազդանշանային համակարգերը.

7) հանգույցների և սարքավորումների, շինարարական կոնստրուկցիաների աշխատանքային գծագրերի լրակազմը, գործառութային և մոնտաժային էլեկտրական սխեմաները.

8) շահագործման փաստաթղթերի լրակազմ (անձնագիր, տեխնիկական նկարագրություն և շահագործման հրահանգ):

Ճոպանուղու նախագծին պետք է կցվի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:

11. Ճոպանուղու նախագիծը պետք է պարունակի բաժին` վթարի ռիսկի և դրա հետ կապված սպառնալիքների (վնասների) գնահատումով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում աշխատանքների կազմակերպման պլանը:

Վթարների ռիսկի գնահատման ժամանակ հարկավոր է վերլուծել տարբեր իրավիճակներ, որոնք արտացոլում են ինչպես առավել տիպական և հավանական, այնպես էլ անբարենպաստ (քիչ հավանական) իրադարձություններ:

Հարկավոր է մանրամասն պարզել ուղևորների, սպասարկող անձնակազմի և այլ անձանց կյանքին, առողջությանը, ունեցվածքին, ինչպես նաև շրջակա բնությանը վնաս պատճառող վթարների պայմանները և գնահատել այդ վթարների սցենարների իրականանալու հավանականությունը:

12. Ճոպանուղու շարժակազմի հաշվարկման համար հարկավոր է մեկ ուղևորից բեռնվածքն ընդունել ոչ պակաս, քան`

մեկտեղանի շարժակազմի համար` 0,90 կՆ,

երկտեղանի և երեքտեղանի շարժակազմի համար` 0,90 կՆ,

չորստեղանի շարժակազմի համար` 1,0 կՆ,

4 ուղևորից ավելի տարողունակությամբ շարժակազմի համար` 1,20 կՆ:

13. Ամբողջ ճոպանուղու հաշվարկման համար մեկ ուղևորից որպես բեռնվածք ընդունվում է 0,75 կՆ-ից ոչ պակաս:

14. Ճոպանուղու մեխանիկական սարքավորման բոլոր կրող տարրերի ամրության պաշարը (նյութի ժամանակավոր դիմադրության հարաբերությունն առավելագույն ստատիկ բեռնվածքներից առաջացած լարմանը) պետք է լինի հինգից ոչ պակաս: Դինամիկ բեռնվածքներ ընդունող դետալները պետք է լրացուցիչ կերպով ստուգված լինեն` ըստ հոգնածության ամրության:

15. Ճոպանուղու կոնստրուկցիան և սարքավորումների տեղաբաշխումն ուղեգծի վրա պետք է ապահովեն շարժակազմի ազատ ընդլայնական ճոճումը +/-20o անկյամբ:

16. Ճոպանուղու կառույցների հիմքերը պետք է գետնի մակերևույթից բարձր լինեն ոչ պակաս, քան 0,2 մ:

17. Ճոպանուղիներում կիրառվող պողպատե ճոպանները պետք է լինեն չոլորվող և իրենց մեխանիկական ու որակական բնութագրերով համապատասխանեն տեխնիկական պայմանների պահանջներին: Ճոպանների համապատասխանությունն այդ պահանջներին պետք է հաստատվի պատրաստող գործարանների հավաստագրերով: Հավաստագրերի բացակայության դեպքում ճոպանները, մինչև ճոպանուղու վրա կախելը, պետք է փորձարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Փորձարկումների անցկացումից հետո պետք է տրվի արձանագրություն փորձարկման մասին:

18. Ճոպանուղու կառուցման ժամանակ պետք է կիրառվեն միայն նոր պատրաստված ճոպաններ:

Թույլատրվում է ստուգման չքայքայող մեթոդների օգտագործմամբ ճոպանի տեխնիկական անվտանգության փորձաքննությունից հետո կրողաքարշային ճոպանների օգտագործումը երկրորդ անգամ:

19. Ճոպաններն ընտրության ժամանակ պետք է ստուգվեն ձգման ամրության հաշվարկով` ըստ

 

Fօ >= SKպ բանաձևի,

 

որտեղ Fօ-ն ճոպանի լրիվ խզման ճիգն է, որն ընդունվում է` ըստ հավաստագրի կամ փորձարկման վկայականի,

S-ը ճոպանի առավելագույն ձգվածությունն է,

Kպ-ն ամրության պաշարի նվազագույն գործակիցը (աղյուսակ N 1):

Պատրաստող գործարանի հավաստագրում (փորձարկման վկայականում) բոլոր լարերի խզման գումարային ճիգի նշման ժամանակ ճոպանի լրիվ խզման ճիգը պետք է որոշվի բոլոր լարերի խզման գումարային ճիգերի և ուղղման գործակցի բազմապատկմամբ:

ՈՒղղման գործակիցը պետք է ընդունվի ընտրված ճոպանի յուրաքանչյուր կոնկրետ կոնստրուկցիայի համար` ըստ տեխնիկական պայմանների: Նման տեխնիկական պայմանների բացակայության դեպքում կլորահյուս ճոպանների համար ուղղման գործակիցն ընդունվում է 0,83, փակ կոնստրուկցիայի ճոպանների համար` 0,9:

 

Աղյուսակ N 1

 

.________________________________________________________________.

|NN  | Ճոպանուղու տեսակը և  ճոպանի նշանակությունը  |Ամրության    |

|ը/կ |                                             |պաշարի       |

|    |                                             |գործակիցը, Kպ|

|________________________________________________________________|

|     1. Կախովի երկճոպան, շարժակազմի ճոճանակային շարժմամբ        |

|________________________________________________________________|

|1.1.|Կրող ճոպան (վագոնի որսիչի գործարկման         |    3,3      |

|    |ազդեցությունը հաշվի առնելու դեպքում` 3.0,    |             |

|    |ճոպանուղու ոչ աշխատանքային վիճակում քամու և  |             |

|    |սառույցի ազդեցությունները հաշվի առնելու      |             |

|    |դեպքում` 2.7)                                |             |

|____|_____________________________________________|_____________|

|1.2.|Մեկ քարշային ճոպանով և  վագոններում          |    4,5      |

|    |որսիչներով ճոպանուղիների քարշային            |             |

|____|_____________________________________________|_____________|

|1.3.|Երկու քարշային և  վագոններում առանց          |    5,5      |

|    |որսիչների ճոպանուղիների քարշային             |             |

|____|_____________________________________________|_____________|

|1.4.|Մեկ կրող ճոպանով և  վագոնում որսիչներով      |             |

|    |փրկարարական վագոնի համար քարշային            |             |

|____|_____________________________________________|_____________|

|    |ա) աշխատանքային վիճակում                     |    4,5      |

|____|_____________________________________________|_____________|

|    |բ) ոչ աշխատանքային վիճակում                  |    2,8      |

|____|_____________________________________________|_____________|

|1.5.|Ձգող                                         |    5,5      |

|________________________________________________________________|

|2. Կրողաքարշային (քարշային) ճոպանի վրա ամրացված և  կայաններում  |

|   անջատվող շարժակազմի օղակաձև  շարժմամբ կախովի միաճոպան և      |

|                      երկճոպան ճոպանուղի                        |

|________________________________________________________________|

|2.1.|Կրող                                         |    3,0      |

|____|_____________________________________________|_____________|

|2.2.|Կրողաքարշային                                |    4,5      |

|____|_____________________________________________|_____________|

|2.3.|Քարշային                                     |    5,0      |

|____|_____________________________________________|_____________|

|2.4.|Ձգող                                         |    5,5      |

|________________________________________________________________|

|   3. Կրողաքարշային ճոպանի վրա մշտապես ամրացված շարժակազմի      |

| օղակաձև  կամ ճոճանակային շարժմամբ կախովի միաճոպան ճոպանուղի    |

|________________________________________________________________|

|3.1.|Կրողաքարշային                                |    4,5      |

|____|_____________________________________________|_____________|

|3.2.|Ձգող                                         |    5,5      |

|________________________________________________________________|

| 4. Քարշային ճոպանի վրա մշտապես ամրացված քարշակային սարքերով    |

|                ճոպանուղի դահուկորդների համար                   |

|________________________________________________________________|

|4.1.|Քարշային ճոպան                               |    4,0      |

|____|_____________________________________________|_____________|

|4.2.|Ձգող ճոպան                                   |    4,5      |

|________________________________________________________________|

|   5. Քարշային ճոպանի վրա ամրացված և  կայաններում անջատվող      |

|       քարշային սարքերով ճոպանուղի դահուկորդների համար          |

|________________________________________________________________|

|5.1.|Քարշային ճոպան                               |    4,0      |

|____|_____________________________________________|_____________|

|5.2.|Ձգող ճոպան                                   |    4,5      |

|________________________________________________________________|

|                 6. Բոլոր ճոպանուղիների համար                   |

|________________________________________________________________|

|6.1.|Մալուխի կախման համար` հաշվի առնելով սառույցի |    2,5      |

|    |և  քամու ազդեցությունները                    |             |

|____|_____________________________________________|_____________|

|6.2.|Կայմապարանային` հաշվի առնելով սառույցի և     |    2,5      |

|    |քամու ազդեցությունները                       |             |

.________________________________________________________________.

 

20. Կրող ճոպանի ձգվածությունը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հակակշռի զանգվածը (հիդրավլիկ ձգող սարքվածքի առկայության դեպքում` դրա զարգացրած ճիգը), ճոպանի զանգվածի բաղադրիչները, դիմադրությունը քարշային սարքվածքներում և կալունների վրա: Երկու ծայրից խարսխված ճոպանի դեպքում հարկավոր է հաշվի առնել ճոպանի զանգվածը և դրա բեռնվածությունը, դիմադրությունը կալունների վրա, ջերմաստիճանային, հողմային և սառցային ազդեցությունները:

Վագոնի որսիչի գործարկման ժամանակ ճոպանին փոխանցվող իներցիայի ուժերը և արգելակիչ ճիգը հաշվի չեն առնվում:

21. Ձգող սարքվածքով ճոճանակային ճոպանուղիների համար կրող ճոպանի նվազագույն ձգվածությունը պետք է լինի ոչ պակաս, քան 10 Fշկ (Fշկ-ն բեռնված շարժակազմի զանգվածն է), իսկ շարժակազմի ընթացքային մեկ անիվի վրա բեռնվածքը պետք է կազմի կրող ճոպանի նվազագույն ձգվածության ոչ ավելի, քան 1/60-ը:

22. Կրողաքարշային և քարշային ճոպանների ձգվածության որոշման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հակակշռի զանգվածը (հիդրավլիկ ձգող սարքվածքի առկայության դեպքում դրա զարգացրած ճիգը), ճոպանի և բեռնված շարժակազմի զանգվածի բաղադրիչները, դիմադրությունը ձգող սարքվածքներում, հենարանային հոլովակների և կայանների փոկանիվների վրա: Իներցիայի ուժերը հաշվի չեն առնվում:

23. Կրողաքարշային ճոպանի նվազագույն ձգվածությունը պետք է լինի 15 Fշկ-ից ոչ պակաս:

24. Նշանակությունից կախված` նախընտրելի է կիրառել հետևյալ կոնստրուկցիայի և տեսակի պողպատե ճոպաններ`

որպես կրող և կայմապարանային ճոպաններ` փակ կոնստրուկցիայի կամ մետաղական միջնալարով բազմահյուս ճոպաններ,

որպես կրողաքարշային և դրանց համար քարշային ու ձգող ճոպաններ` օրգանական միջուկի և լարերի գծային հպմամբ կրկնակի հյուսքի կլորահյուս ճոպաններ,

որպես կրողների համար ձգող ճոպաններ` մետաղական միջնալարով եռակի հյուսքի ճոպաններ,

որպես էլեկտրական մալուխի կախման համար ճոպաններ` միահյուսք ճոպաններ:

25. Կրող, կրողաքարշային, քարշային և ձգող ճոպանները, որոնց պահպանման ժամկետը գերազանցել է երաշխիքային ժամկետը, ճոպանուղու վրա կախվելուց առաջ պետք է ստուգվեն ճոպանների փորձարկման կայանում:

26. Քարշակային սարքվածքների ճոպանները կարող են լինել պողպատե (ինչպես նաև ցինկապատ), պոլիմերային նյութից կամ էլ համակցված նյութերից:

Խորհուրդ է տրվում կիրառել կրկնակի հյուսքի ցինկապատ պողպատե ճոպաններ:

27. Քարշակային սարքվածքների ճոպանները պետք է օժտված լինեն 4000 Ն-ից ոչ պակաս խզման ճիգով` մեկտեղանի և 8000 Ն-ից ոչ պակաս` երկտեղանի քարշակային սարքվածքների դեպքում:

28. Պողպատե ճոպանների խոտանումը կատարվում է համաձայն 7-րդ գլխում նշված նորմերի:

29. Կրող ճոպանների ծայրերից յուրաքանչյուրը պետք է ամրացվի կցորդիչի կամ խարսխային թմբուկի միջոցով:

30. Փակ կոնստրուկցիայի կրող ճոպանը պետք է կցորդիչում ամրացվի դյուրահալ համահալվածքի լցոնումով կամ սեպերով:

31. Որպես կրող, քարշային և ձգող կիրառվող բազմահյուս ճոպանները կցորդիչում պետք է ամրացվեն դյուրահալ համահալվածքի լցոնումով:

32. Ճոպանների ամրացման համար սեղմակների կիրառումը թույլատրվում է ձգող ճոպանը հակակշռին կամ ձգող սայլակին միացնելու, ինչպես նաև քարշող ճոպանը վագոնի կամ խցիկի սայլակին միացնելու դեպքում:

33. Կցորդիչները պետք է լինեն պողպատյա և ունենան պատրաստողի դրոշմը` ճոպանի տրամագծի, հաշվարկային ճիգի նշումով:

Կրող և ձգող ճոպանների ծայրային և փոխանցումային կցորդիչները պետք է օգտագործվեն ոչ ավելի, քան մեկ անգամ: Քարշային ճոպանների կցորդիչները կարող են օգտագործվել երկրորդ անգամ, եթե դրանք ապամոնտաժման ժամանակ չեն ենթարկվել տաքացման, ինչպես նաև չունեն տեսանելի վնասվածքներ:

Ձուլածո կցորդիչների կիրառում չի թույլատրվում:

34. Կրող ճոպանի ծայրը թմբուկի օգնությամբ ամրացման դեպքում թմբուկի վրա ճոպանի գալարների թիվը պետք է լինի երեքից ոչ պակաս: Գալարները պետք է դասավորված լինեն մեկ շերտով:

Թմբուկից իջնող ճոպանի ծայրը պետք է ամրացված լինի երկուսից ոչ պակաս սեղմակներով, որոնցից յուրաքանչյուրը պետք է հաշվարկված լինի կրող ճոպանի հաշվարկային առավելագույն ձգվածության 20 %-ից ոչ պակաս ճիգի համար:

35. Քարշային և կրողաքարշային ճոպանների սերտակցման ժամանակ պարանակապումների քանակը պետք է լինի նվազագույն և որոշվի` հաշվի առնելով մատակարարվող ճոպանների երկարությունը:

Պարանակապման նվազագույն երկարությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1300 dճ (dճ-ն ճոպանի անվանական տրամագիծն է): Երկու և ավելի պարանակապումների դեպքում դրանց միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 3000 dճ:

36. Պարանակապման գոտում ճոպանի տրամագիծը չպետք է գերազանցի ճոպանի անվանական տրամագիծը ավելի քան 8%-ով:

37. Կրող ճոպանի սերտակցում շարժակազմի շարժման հատվածներում, ինչպես նաև ձգող ճոպանների սերտակցում չի թույլատրվում:

38. Ճոպանի ծայրերի սերտակցումը և ամրացումը կցորդիչում պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ուսուցում անցած և որակավորված մասնագետի կողմից:

39. Ճոպանուղու մետաղական կոնստրուկցիաների պատրաստման նյութերը պետք է ընտրվեն հաշվարկների հիման վրա, որոնք կատարվում են` հաշվի առնելով աշխատանքի ռեժիմը, ճոպանուղու կառուցման տեղի կլիմայական և սեյսմիկ պայմանները` համաձայն ճոպանուղու նորմատիվ փաստաթղթերում բերված ցուցումների:

40. Բացօթյա տեղակայված մետաղական կոնստրուկցիաներում պետք է կիրառվի գլոցված մետաղ`

բաց պրոֆիլի` 4 մմ-ից ոչ պակաս հաստությամբ,

փակ պրոֆիլի և խողովակային` 2,5 մմ-ից ոչ պակաս հաստությամբ:

41. Ճոպանուղու մետաղական կոնստրուկցիաների եռակցումը պետք է կատարվի` հաշվի առնելով ճոպանուղու նախագծային փաստաթղթերի պահանջները: Եռակցման նյութերը պետք է ապահովեն կարանի և եռակցված միացման մետաղի մեխանիկական հատկությունները` հիմնական մետաղի ցուցանիշների ստորին սահմանից ոչ ցածր:

42. Կայանների, հենարանների ամբողջ մետաղական կոնստրուկցիաները, սարքավորման արտաքին տարրերը պետք է ունենան հակակոռոզիոն ծածկույթ, իսկ փայտյա կոնստրուկցիաները` հականեխիչ ծածկույթ և լինեն ներկված: Փակ մետաղական կոնստրուկցիաները պետք է ունենան դրենաժային անցքեր:

43. Որպես փոկանիվների, ճախարակների, ընթացանիվների և հոլովակների ակոսների ներպատում պետք է կիրառվեն ճկուն նյութեր:

44. Որպես հենարանային կալունների ակոսների ներպատում, որոնցով ճոպանուղու աշխատանքի ժամանակ տեղաշարժվում է կրող ճոպանը, պետք է կիրառվի հակաշփումային նյութ (օրինակ` բրոնզ):

45. Որպես հենարանային կալունների, որոնց վրա կրող ճոպանը նստած է անշարժ, ճոպանի խարսխման թմբուկի, ինչպես նաև ճոպանի տակի հենարանային հոլովակային շղթայի ակոսների ներպատում, պետք է կիրառվի ճկուն նյութ կամ փայտ:

46. Կրող, կրողաքարշային և քարշային ճոպանների ձգվածությունը պետք է ստեղծվի հակակշռով կամ հաշվարկով որոշված սահմաններում` ձգվածության մեծությունն ապահովող այլ սարքվածքով:

47. Մի քանի ձգող ճոպանների կիրառման դեպքում պետք է ապահովված լինի դրանց հավասարաչափ ձգվածությունը:

48. Կրող ճոպանի ծայրերի խարսխման ժամանակ պետք է նախատեսված լինի ձգվածության կարգավորման սարքվածք:

49. Միջանկյալ հենարաններով ճոպանուղու կրող ճոպանների համար պետք է նախատեսված լինի ճոպանի լրացուցիչ երկարություն` հավասար հենարանային կալունի կրկնակի երկարությանը գումարած 20 մ` ճոպանի տեղաշարժման հնարավորության համար: Ճոպանի այդ մասը կարող է գտնվել թմբուկի վրա կամ դրանից դուրս:

Կրող ճոպանի տեղափոխությունը կատարվում է երեք տարին մեկ կամ ըստ արատանշման արդյունքների, եթե հենարանների և կայանների կալունների վրա ճոպանի շրջակորացման գոտում առկա են արատներ:

50. Կրող ճոպանի ձգող սարքվածքի ընթացքը հաշվարկվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` հաշվի առնելով բեռնվածքի տատանումներից, սպասվող ջերմաստիճանային տատանումներից, ճոպանի առաձգական և մնացորդային երկարացումներից առաջ եկող կախվածքների առավելագույն տարբերությունը, ինչպես նաև ձգող սարքվածքի ընթացքի 1 մ-ից ոչ պակաս պաշարը: Ձգող սարքվածքի ընթացքի սահմանափակ հնարավորությունների դեպքում ճոպանի մնացորդային երկարացումը կարող է հաշվի չառնվել: Այդ դեպքում, ճոպանուղու շահագործման ժամանակ, ճոպանը, ըստ անհրաժեշտության, պետք է կարճացվի:

51. Կրողաքարշային և քարշային ճոպանների ձգող սարքվածքի ընթացքը հաշվարկվում է ելնելով բեռնվածքի տատանումներից, սպասվող ջերմաստիճանային տատանումներից, ճոպանի առաձգական և մնացորդային երկարացումից առաջ եկող կախվածքների առավելագույն տարբերությունից:

Կրողաքարշային և քարշային ճոպանների մնացորդային երկարացման, սեզոնային ջերմաստիճանային տարբերությունների պատճառով դրանց երկարության փոփոխության ազդազերծման համար պետք է նախատեսված լինեն հարմարանքներ կամ այլ միջոցներ` ձգող սարքվածքը նախագծային դիրքում տեղակայելու համար:

52. Ձգող սարքվածքի ընթացքը պետք է սահմանափակվի հենակներով և վերահսկվի ծայրամասային անջատիչներով: Հակակշռի կիրառման դեպքում դրա և պատի կողմից ուղղորդիչների միջև հեռավորությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս, իսկ մյուս կողմերից` 0,5 մ-ից ոչ պակաս:

53. Հակակշիռները պետք է պատրաստված լինեն բետոնե կամ երկաթբետոնե սալերի, ինչպես նաև բետոնե կամ մետաղական բլոկներով լցվող կարկասային արկղների տեսքով: Ի հավելումն հակակշռին, կարող են կախվել մետաղյա շղթաներ: Ձեռքով բեռնման դեպքում յուրաքանչյուր բլոկի զանգվածը չպետք է գերազանցի 30 կգ-ը: Հակակշռի տակի հարթակը պետք է ցանկապատված լինի:

Երբ հակակշիռը գտնվում է գետնախորշում, վերջինս պետք է նաև պաշտպանված լինի ջրի, ձյան և սառույցի ներթափանցումից:

54. Հակակշռի զանգվածը կամ ձգող սարքվածքի հիդրոգլաններով զարգացվող ճիգը պետք է նշված լինի ճոպանուղու անձնագրում:

55. Ճոպանները հիդրավլիկ սարքվածքով ձգելու ժամանակ պետք է պահպանել հետևյալ պահանջները`

ճնշումը հիդրոգլաններում կամ դրանցով զարգացվող ճիգը պետք է գրանցվի համապատասխան սարքերով.

հիդրոգլանները պետք է օժտված լինեն խողովակաշարի վնասման դեպքում հիդրոգլանի ճնշումային խոռոչն ավտոմատորեն փակող սարքվածքներով.

պետք է ապահովված լինի հաշվարկային ձգող ճիգի ավտոմատորեն պահպանումը +/-10% սահմաններում տատանումներով, ինչպես նաև այդ միջակայքից դուրս գալու դեպքում ճոպանուղու շարժակի անջատումը.

հիդրավլիկ հեղուկի պաշարի գրանցման համար պետք է տեղադրված լինի ակնադիտական հսկողության սարք.

հիդրավլիկ սարքերում կիրառվող հիդրավլիկ հեղուկները և յուղերը պետք է համապատասխանեն այդ սարքերը պատրաստող գործարանի կողմից տրված շահագործման հրահանգներում նշված պահանջներին:

56. Պողպատե ճոպանով պարուրվող թմբուկի, փոկանիվի, հոլովակի, կալունի, հոլովակային շղթայի հենաանիվի թույլատրելի տրամագիծը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

D >= dճe,

 

որտեղ D-ն թմբուկի, փոկանիվի, հոլովակի, կալունի, հոլովակային շղթայի հենաանիվի տրամագիծն է չափված փաթաթված ճոպանի առանցքային գծով, մմ,

dճ-ն ճոպանի տրամագիծն է, մմ,

e-ն ճոպանի, թմբուկի, փոկանիվի, հոլովակի նշանակությունից կախված գործակից է (e-ի արժեքը տրվում է N 2 աղյուսակում):

57. Կրող ճոպանի հենարանային կալունի կորության շառավիղը D/2=R (մետրերով) պետք է բավարարի հետևյալ պայմանին`

 

V2/R <= 2մ/վ2,

 

որտեղ V-ն շարժակազմի շարժման առավելագույն աշխատանքային արագությունն է, մ/վ:

58. Շարժաբեր, շրջանցող և թեքող փոկանիվները, ինչպես նաև կրողաքարշային և քարշային ճոպանների համար հոլովակները (ճախարակները) պետք է լինեն ներպատված համաձայն 43-րդ կետի ցուցումների:

Փոկանիվները, ճախարակները և հոլովակները, որոնց վրա ճոպանը նստում է անշարժ, կարող են չներպատվել:

 

Աղյուսակ N 2

 

.________________________________________________________________________.

|NN |Ճոպանի   |Թմբուկի, փոկանիվի, հոլովակի,        |    e գործակիցը      |

|ը/կ|անվանումը|կալունի, հենաանիվի նշանակությունը   |_____________________|

|   |         |                                    |կախովի    |քարշակային|

|   |         |                                    |ճոպանուղու|ճոպանուղու|

|   |         |                                    |համար     |համար     |

|___|_________|____________________________________|__________|__________|

|1  |Կրող     |-թմբուկներ խարսխման համար.          |   6,5    |    -     |

|   |         |թեքող կայանային կալուն, որի վրա     |          |          |

|   |         |ճոպանը նստած է անշարժ,              |          |          |

|   |         |-փոկանիվ հակակշռի հետ անմիջապես     |   130    |    -     |

|   |         |կապված` ճոպանի ուղղորդման համար,    |          |    -     |

|   |         |- կայանային թեքող կալուն, որի վրայով|   180    |          |

|   |         |տեղաշարժվում է ճոպանը պահող դող     |          |          |

|   |         |հոլովակային շղթայի համար, որի       |          |          |

|   |         |օգնությամբ ուղղորդվում է ճոպանը` այն|          |     -    |

|   |         |հակակշռին անմիջականորեն միացնելու   |          |          |

|   |         |դեպքում,                            |          |          |

|   |         |-հենարանային կալուն, որի վրայով     |   500    |          |

|   |         |տեղաշարժվում է շարժակազմը           |          |          |

|___|_________|____________________________________|__________|__________|

|2  |Կրողաքար-|շարժաբեր փոկանիվ, շրջանցող փոկանիվ, |   90     |    -     |

|   |շային    |հենարանային հոլովակ                 |   10     |    -     |

|___|_________|____________________________________|__________|__________|

|3  |Քարշային |շարժաբեր փոկանիվ, շրջանցող փոկանիվ, |   80     |   60     |

|   |         |թեքող փոկանիվ, հենարանային ճախարակ, |          |          |

|   |         |երբ ընդգրկման անկյունը (աստիճան)`   |          |          |

|   |         |30o-ից ավելի                        |   80     |    -     |

|   |         |20o-ից ավելի մինչև  30o             |   60     |    -     |

|   |         |10o-ից ավելի մինչև  20o             |   50     |   40     |

|   |         |մինչև  10o,                         |   40     |   30     |

|   |         |հենարանային հոլովակ                 |   15     |   10     |

|___|_________|____________________________________|__________|__________|

|4  |Ձգող     |թեքող փոկանիվ,                      |   40     |   40     |

|   |         |փոկանիվ, թմբուկ, կարապիկ, որոնց վրա |   17     |   15     |

|   |         |ճոպանուղու աշխատանքի ժամանակ ճոպանը |          |          |

|   |         |նստած է անշարժ                      |          |          |

.________________________________________________________________________.

 

59. Հենարանային կալունները և հոլովակային շղթաները, ինչպես նաև կրող ճոպանի խարսխման թմբուկները, պետք է ներպատված լինեն 44-րդ և 45-րդ կետերի ցուցումների համաձայն:

60. Կրողաքարշային և քարշային ճոպանների թեքման անկյունը հավասարակշռիչ լծակի մեկ հոլովակի վրա կարող է լինել 4o30՛-ից ոչ ավելի:

61. Կրողաքարշային ճոպանի համար շարժաբեր և շրջանցող փոկանիվների տեղակայման հանգույցների կոնստրուկցիաները պետք է լինեն այնպիսին, որ բացառվի`

1) առանցքակալային հենարանային հանգույցի վնասման կամ քայքայման դեպքում փոկանիվի ընկնելու հնարավորությունը.

2) փոկանիվից կրողաքարշային ճոպանի ինքնաբերաբար ընկնելու հնարավորությունը:

62. Որպես շարժակազմ, ճոպանուղում կարող են օգտագործվել`

1) բաց, կիսաբաց բազկաթոռներ (ետգցովի թասակով բազկաթոռներ)` ոտնատեղերով և առանց ոտնատեղերի.

2) կիսաբաց և փակ խցիկներ` նստատեղերով և առանց նստատեղերի.

3) փակ վագոններ.

4) հենարանային ափսեով և հենարանային հեծանով քարշակային սարքվածքներ:

63. Վագոնների և խցիկների դռները պետք է բացվեն դեպի ներս կամ լինեն սահող և ունենան փական, որը բացառում է դրանց ինքնաբերաբար բացումը: Դռները պետք է սարքավորված լինեն բլոկավորմամբ, որը բացառում է ճոպանուղու գործարկումը բաց դռների դեպքում:

Դռների բացվածքների չափերը պետք է լինեն ոչ պակաս, քան`

խցիկում` 0,6 մx1,55 մ,

վագոնում` 0,75 մx2,15 մ:

64. Վագոնի և խցիկի, որոնցում ուղևորների նստեցումը և իջեցումն իրականացվում է դրանց լրիվ կանգի ժամանակ, հատակի օգտակար մակերեսը պետք է յուրաքանչյուր ուղևորի համար լինի 0,2 մ2-ից ոչ պակաս:

Խցիկի հատակի օգտակար մակերեսը, որում ուղևորների նստեցումը և իջեցումն իրականացվում է ընթացքից, պետք է յուրաքանչյուր ուղևորի համար լինի 0.3 մ2-ից ոչ պակաս:

65. Կիսաբաց խցիկները, որոնցում ուղևորները կանգնում են, պետք է ունենան հոծ կամ ցանցկեն, գետնից 1,3 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատեր:

66. Նստատեղերով կիսաբաց խցիկների ցանկապատերը պետք է նստատեղից բարձր լինեն առնվազն 0,5 մ-ով:

67. ՈՒղևորներին նստած տեղափոխելու համար մեկ ուղևորի նստատեղի լայնությունը պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս, իսկ մեկ ընդհանուր նստարանի վրա նստած ուղևորների տեղափոխման ժամանակ` 0,45 մ-ից ոչ պակաս:

68. Խցիկներում նստատեղի խորությունը պետք է լինի 0,35 մ-ից ոչ պակաս, իսկ հեռավորությունը հատակից մինչև նստատեղը պետք է լինի 0,45-0,5 մ-ի սահմաններում:

69. Վագոնի և խցիկի առաստաղային ծածկն ամենուրեք պետք է դիմանա 0,1 կՆ-ից ոչ պակաս կենտրոնացված բեռնվածքի: Բացի դրանից, վագոնների առաստաղային ծածկը պետք է դիմանա 0,25 կՆ-ից ոչ պակաս ընդհանուր բեռնվածքի:

70. Վագոնը ներսում պետք է սարքավորված լինի բռնակներով:

71. Վագոնն առաստաղում և հատակում պետք է ունենա 0,5 մx0,5 մ-ից ոչ պակաս չափերով ելանցքեր: Հատակի ելանցքի կափարիչը պետք է բացվի դեպի ներս, իսկ առաստաղի ելանցքի կափարիչը` դեպի դուրս:

72. Վագոնում պետք է նախատեսված լինի սանդուղք` վագոնի կտուրին դուրս գալու համար: Վագոնի սայլակի և կրող ճոպանի զննման համար վագոնի կախոցի վրա պետք է սարքավորված լինի ցանկապատված հարթակ:

73. Նստատեղերով խցիկում հատակից մինչև առաստաղ բարձրությունը պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս:

74. Վագոնում հատակից մինչև առաստաղ բարձրությունը պետք է լինի 2,1 մ-ից ոչ պակաս:

75. Նստատեղերի մակարդակում խցիկի ներքին լայնությունը պետք է լինի 1,3 մ-ից ոչ պակաս:

76. Վագոնի սայլակի եզրային հեծանները պետք է ունենան կրող ճոպանից սայլակի դուրս գալը կանխող սահմանափակիչներ: Սահմանափակիչների չափն ըստ բարձրության (հաշված ճոպանի վերևից ներքև) պետք է լինի կրող ճոպանի երկու տրամագծից ոչ պակաս:

Առանց հենարանների ճոճանակային ճոպանուղիների վագոնների սայլակները սահմանափակիչների փոխարեն պետք է ապահովված լինեն կրող ճոպանը գրկող ճարմանդներով:

77. Փակ վագոնները և խցիկները պետք է ունենան օդափոխիչ սարքվածքներ:

78. Վագոնում պետք է լինի ցուցանակ` ուղևորների թույլատրելի թվի և վագոնի բեռնատարողության նշումով:

79. Օղակաձև բազկաթոռային ճոպանուղու բազկաթոռների նստատեղերը պետք է լինեն ներքև, դեպի հետ թեքված` 8o-ից ոչ պակաս անկյունով:

80. Բազկաթոռի նստատեղի խորությունը պետք է լինի 0,45 մ-ից ոչ պակաս:

81. Բազկաթոռային ճոպանուղու բազկաթոռը պետք է ունենա ուղևորներին բազկաթոռից ընկնելուց պահպանող ետ գցվող կոշտ կամ ճկուն լայնադրակ, նստատեղի մակարդակից 0,4 մ-ից ոչ պակաս բարձրությամբ թիկնակ և կողային հենարաններ:

Բազկաթոռում ոտնատեղերի առկայության դեպքում, դրանք պետք է կոշտ միացված լինեն լայնադրակի հետ:

82. Ճոպանուղու աշխատանքի ժամանակ պահպանիչ լայնադրակը, ինչպես նաև կիսաբաց բազկաթոռի թասակը, պետք է ինքնաբերաբար տեղաշարժումներից հուսալիորեն պահվեն հիմնական դիրքում:

83. Դատարկ, բաց բազկաթոռների նստատեղերը մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար նստատեղերը պետք է լինեն դեպի թիկնակը հետ ծալվող կամ թիկնակները պետք է ծալվեն նստատեղերի վրա:

84. ՈՒղևորատար կախովի ճոպանուղու շարժակը պետք է ունենա սնուցման անկախ աղբյուրներով հիմնական և պահեստային (վթարային) շարժիչներ:

Պահեստային շարժիչը, որի հզորությունը պետք է համապատասխանի հիմնական շարժիչի հզորությանը, օգտագործվում է միայն վթարային իրավիճակների և ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքների ժամանակ:

Քարշակային ճոպանուղու շարժակը կարող է ունենալ միայն մեկ շարժիչ:

85. Պահեստային շարժիչի աշխատանքի ժամանակ շարժակազմի շարժման արագությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի հնարավոր լինի գծի վրա գտնվող բոլոր ուղևորներին կայաններ հասցնել ոչ ուշ, քան 1,5 ժամվա ընթացքում` հիմնական շարժիչի շարքից դուրս գալու պահից սկսած:

86. Ճոպանուղու շարժակը պետք է ապահովի կրող, կրողաքարշային և քարշային ճոպանների ամբողջ երկայնքով 0,5 մ/վ-ից ոչ ավելի արագությամբ վերստուգման անցկացում:

87. Շարժաբեր փոկանիվի հետ քարշային և կրողաքարշային ճոպանների կցման հուսալիության պաշարի գործակիցը պետք է լինի 1,25-ից ոչ պակաս` ճոպանուղու բեռնման առավել անբարենպաստ պայմանների դեպքում (հաշվի առնելով մեկնարկի և արգելակման ժամանակ իներցիայի ուժերը) և որոշվի հետևյալ բանաձևերով`

շարժակի քարշային ռեժիմով աշխատելու դեպքում`

 

S2(eua-1)

------------------ >= K, S1 - S2

 

շարժակի արգելակման ռեժիմով աշխատելու դեպքում`

 

S2(eua-1)

------------------ >= K, S2 - S1

 

որտեղ

S1-ը ճոպանի շարժակի մոտեցող ճյուղի ձգվածությունն է, Ն,

S2-ը ճոպանի շարժակից հեռացող ճյուղի ձգվածությունն է, Ն,

u-ն ճոպանի փոկանիվի ներպատման հետ կցորդման գործակիցն է, աշխատանքի առավել անբարենպաստ պայմանների դեպքում (հանքային յուղով յուղված ճոպան, թաց ներպատում),

a-ն ճոպանով փոկանիվի ընդգրկման անկյունն է, ռադ,

K-ն կցորդման հուսալիության պաշարի գործակիցն է, K=1,25:

88. Կախովի ճոպանուղու շարժակը պետք է օժտված լինի երկու ավտոմատ գործող կոճղակային, սկավառակակոճղակային կամ սկավառակային, նորմալ փակ տեսակի արգելակներով`

աշխատանքային` շարժիչի լիսեռի վրա.

վթարային` շարժաբեր փոկանիվի անվահեծի վրա:

Մեկ կոնստրուկցիայում աշխատանքային և վթարային արգելակների գործառույթների միատեղման դեպքում այն պետք է ունենա երկու ինքնուրույն սարքվածք` նորմալ և վթարային ռեժիմներում արգելակիչ մոմենտի վրադրման համար և պետք է ազդի շարժաբեր փոկանիվի անվահեծի վրա:

89. Քարշակային ճոպանուղու շարժակը պետք է ունենա ճոպանուղու ինքնաբերաբար հետադարձ ընթացքը կանխող մեկ արգելակ: Արգելակի փոխարեն թույլատրվում է այդ նպատակներով կիրառել ավտոմատ գործող սևեռապնդիչ սարքվածք կամ ինքնարգելակվող ռեդուկտոր:

90. Շարժաբեր փոկանիվի պտտման արագության հսկողությունը պետք է իրականացվի տախոգեներատորով կամ հսկողության անհրաժեշտ ճշտությունն ապահովող այլ միջոցներով:

91. Մինչև 3 մ/վ արագության դեպքում ինքնարգելակմամբ ճոպանուղիներում վթարային արգելակի և արագության հսկողության միջոցների տեղադրումը պարտադիր չէ:

92. Յուրաքանչյուր արգելակ (աշխատանքային, վթարային) պետք է զարգացնի արգելակման մոմենտ, որը պետք է հավասար լինի ազդման համապատասխան մակերևույթի վրա, ճոպանուղու բեռնման առավել ծանր պայմանների դեպքում, դրան բաժին հասնող ստատիկական մոմենտի առնվազն 1,25-ին:

93. Ճոպանուղու շարժակի վրա պետք է նախատեսված լինի բլոկավորում` անվանական արագությունը 15%-ով գերազանցման դեմ:

94. Շարժակը պետք է ապահովի ինչպես դատարկ, այնպես էլ բեռնված ճոպանուղու մեկնարկը 0,4 մ/վ2-ից ոչ ավելի արագացմամբ:

95. Պետք է բացառվի մթնոլորտային տեղումների ներթափանցումը փակ պրոֆիլի հենարանների մետաղական կոնստրուկցիաների մեջ: Բացի դրանից, դրանք պետք է ունենան դրենաժային անցքեր:

96. Հենարանները պետք է օժտված լինեն բարձակներով` ամբարձիչ սարքերի կախման համար, ունենան ցանկապատ հարթակներ` կալունների կամ հոլովակային հավասարակշռիչ լծակների սպասարկման համար և սանդուղքներ` հենարանի գլխամասի վրա ելքի համար:

97. Օղակաձև ճոպանուղիների հենարանները պետք է ունենան 400 մմ-ից ոչ պակաս լայնությամբ և աստիճանների 300 մմ-ից ոչ ավելի քայլով սանդուղքներ: 15 մ-ից բարձր հենարանների վրա պետք է լինեն ցանկապատող աղեղներ: Աղեղները պետք է տեղադրվեն իրարից 800 մմ-ից ոչ ավելի հեռավորության վրա և իրար միջև միացված լինեն ոչ պակաս, քան երեք երկայնական գոտիներով: Սանդուղքից մինչև աղեղը հեռավորությունը պետք է լինի 700-800 մմ սահմաններում` աղեղի 350-400 մմ շառավիղի դեպքում: Հենարանների գլխամասերում պետք է փրկարարների համար ապահովված լինի անվտանգ անցում` փրկարարական միջոցներով:

98. Մինչև 30 մ բարձրությամբ ճոճանակային ճոպանուղիների հենարանները պետք է ունենան ուղղաձիգ կամ երթային սանդուղքներ, իսկ 30 մ-ից բարձր լինելու դեպքում` երթային սանդուղքներ: Սանդուղքները պետք է ունենան հարթակներ` բարձրության յուրաքանչյուր 8-12 մ-ը մեկ: Սանդուղքների լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս և աստիճանների քայլը` 300 մմ-ից ոչ ավելի: Թեք սանդուղքները պետք է ապահովված լինեն ճաղաշարերով: Հենարանների վրա պետք է տեղակայվեն ցանկապատված հարթակներ` վագոնից հենարանի վրա սպասարկող անձնակազմի դուրս գալու համար: Հարթակների լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս:

99. Հենարանները պետք է համարակալված լինեն:

100. Մեքենայական սրահի դռների չափերը պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի անցկացնել սարքավորման առավել խոշոր, չանջատվող տարրեր, անհրաժեշտության դեպքում` խոշոր դետալների անցկացման համար պետք է նախատեսվեն հատուկ որմնանցքեր:

101. Մեքենայական սրահում, հիմնական սարքավորման վերևում պետք է նախատեսված լինեն ամբարձիչ մեխանիզմներ:

Բաց կայաններում նման միջոցների տեղակայումը պարտադիր չէ:

102. Շարժակը, էլեկտրասարքավորումը և չափիչ ապարատուրան պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային ազդեցությունից:

103. Մեքենավար-օպերատորի աշխատանքային տեղով կախովի ճոպանուղու կառավարման վահանակը (վահանը) պետք է տեղակայված լինի փակ շինությունում` ուղևորների նստեցման-իջեցման հարթակի և հարակից ուղեգծի առավել տեսանելիություն տեղում:

104. Մեքենայական սրահի պատից մինչև շարժակը և ճոպանուղու սպասարկում պահանջող այլ սարքավորումների միջև հեռավորությունը, ինչպես նաև անցումները սարքավորումների միջև պետք է լինեն 0,8 մ-ից ոչ պակաս: Անհրաժեշտ դեպքում պետք է տեղակայվեն հարթակներ և սանդուղքներ:

Պետք է ապահովված լինի սպասարկում պահանջող էլեկտրասարքավորման և հիդրոսարքավորման մեխանիզմներին, անվտանգության սարքվածքներին անվտանգ մոտենալու հնարավորություն:

105. Ճոպանուղու սարքավորման բոլոր պտտվող մասերը, ինչպես նաև 2,5 մ-ից ցածր գտնվող շարժվող ճոպանները պետք է ցանկապատված լինեն:

106. Կայանների հենահարթակներում պետք է տեղակայվեն կայանների հերթապահների կողմից օգտագործվող կառավարման շարժական վահանակներ (սյունակներ): Այդ վահանակների վրա պետք է տեղակայվեն ճոպանուղու կանգնեցման և ազդանշանման միջոցներ:

107. Կախովի ճոպանուղու կայանները պետք է օժտված լինեն հակահրդեհային միջոցներով համաձայն հրդեհային անվտանգության կանոնների պահանջների:

108. Կայաններում ուղևորների նստեցման և իջեցման հարթակները և դրանց մոտենալու ուղիները պետք է այնպես պատրաստվեն, որպեսզի բացառվի ոտքերի սահելը (բացի դահուկները ոտքերին ուղևորների համար նախատեսված ուղիների): Գետնի մակարդակից բարձր տեղակայված հարթակները պետք է ապահովված լինեն 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ճաղաշարերով և ներքևի մասում` 0,1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ հոծ ցանկապատով: Երբ հարթակները տեղակայված են այնպիսի տեղերում, որտեղ չեն կարող տեղակայվել ճաղաշարեր, դրանք պետք է օժտված լինեն ընկնելուց մարդկանց պահպանող ցանցերով:

109. Կախովի ճոպանուղում պետք է նախատեսված լինի կայուն ռադիո կամ հեռախոսակապ կայանների միջև:

110. Կախովի ճոպանուղին պետք է լինի ռադիոֆիկացված, ինչի համար գծային հենարանների և կայանների վրա պետք է տեղակայվեն անհրաժեշտ քանակությամբ ընդունող ու հաղորդող սարքեր և բարձրախոսներ:

111. Քամու առավել մեծ ազդեցության տակ գտնվող կախովի ճոպանուղու կայանի կամ հենարանի վրա պետք է տեղակայված լինի կառավարման վահանակի վրա քամու արագության մասին ազդանշան հաղորդող հողմանկյունաչափ կամ հողմաչափ:

Քամու արագությունը, ճոպանուղու անձնագրում նշված առավելագույն թույլատրելին գերազանցելու դեպքում պետք է տրվի ձայնային ազդանշան, և ճոպանուղին պետք է կանգնեցվի:

112. Կախովի ճոպանուղու շարժակները պետք է ունենան բլոկավորում, որոնք բացառում են միացված հիմնական շարժիչի դեպքում պահեստային շարժիչով ճոպանուղու աշխատանքի գործարկման հնարավորությունը և հակառակը:

113. Կախովի ճոպանուղու հիդրոշարժիչներով սարքավորված շարժակները պետք է ապահովված լինեն բլոկավորող սարքվածքներով, որոնք սնուցող հիդրոհամակարգում ճնշման չնախատեսված անկման դեպքում կանգնեցնում են հիդրոպոմպը` վթարային արգելակի միաժամանակյա վրադրումով:

114. Օղակաձև կախովի ճոպանուղում և քարշակային ճոպանուղում ուղևորների և դահուկորդների կողմից կայանային փոկանիվների շրջանցում չի թույլատրվում:

115. Սնուցման հիմնական աղբյուրներից ճոպանուղու շարժակին լարումը պետք է տրվի ձեռքի շարժակով` ներանցումային սարքվածքի միջոցով: Որպես ներանցումային սարքվածք կարող է օգտագործվել ձեռքի շարժակով սարքավորված անջատիչ:

Միացումը սպասարկող մասնագետը պետք է կատարի ձեռքով:

116. Ներանցումային սարքվածքը պետք է անջատի սնուցումը և լիովին հանի լարումը էլեկտրական շղթաներից, բացառությամբ`

կախովի ճոպանուղու կառավարման վահանակի լուսավորման,

խոսակցական կապի:

Վերոհիշյալ շղթաների անջատման համար պետք է նախատեսվեն առանձին անջատիչներ:

117. Ըստ էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի` կախովի ճոպանուղիները դասվում են II կարգին և պետք է ունենան շարժակի հիմնական և պահեստային էլեկտրաշարժիչների երկու անկախ էլեկտրասնուցման աղբյուրներ: Պահեստային էլեկտրաշարժիչի փոխարեն կարող է կիրառվել ներքին այրման շարժիչ:

Պահեստային շարժիչի միացման ժամանակը չպետք է գերազանցի 15 րոպեն:

118. Ըստ էլեկտրասնուցման հուսալիության աստիճանի` քարշակային ճոպանուղին դասվում է III կարգին:

119. Ճոպանները, շարժակազմը, կայանների և հենարանների բոլոր մետաղական մասերը պետք է լինեն հողակցված:

Կրողաքարշային ճոպանի և շարժակազմի հողակցման համար կարող են օգտագործվել հավասարակշռիչ հոլովակների և ընթացքային անիվների ներպատումները հոսանքահաղորդիչ նյութով կամ տեղադրվել առանձին մետաղական հոլովակներ և ընթացաանիվներ: Եթե քարշային ճոպանն օգտագործվում է որպես հոսանքահաղորդիչ ազդանշանային և կառավարման շղթաներում, ապա անհրաժեշտ է դրա մեկուսացումը գետնից: Այդ դեպքում պետք է նախատեսված լինի այդ ճոպանի համար լիցքաթափիչների տեղակայում:

120. Ըստ կայծակապաշտպանվածության` կախովի ճոպանուղու սարքավորումները դասվում են III կարգին:

121. Օրվա մութ ժամանակ ուղևորների տեղափոխման համար նախատեսված վագոնները պետք է սարքավորված լինեն ներքին և արտաքին լուսավորմամբ, օրվա մութ ժամանակ աշխատող ճոպանուղիների կայանները և հենարանները պետք է սարքավորված լինեն լապտերներով:

122. Կրող և կրողաքարշային ճոպանի թեքության առավելագույն անկյունը կախովի ճոպանուղու վրա չպետք է գերազանցի 45o-ը:

123. Քարշակային ճոպանուղու քարշային ճոպանի թեքության առավելագույն անկյունը (ինչպես և քարշակային դահուկային ճոպանուղու թեքության անկյունը) չպետք է գերազանցի`

30o-ը` մեկ տեղանի քարշակային սարքով քարշակային ճոպանուղու վրա,

26o-ը` երկտեղանի քարշակային սարքով քարշակային ճոպանուղու վրա:

124. Կայաններում անջատվող քարշակային սարքերով քարշակային ճոպանուղու քարշային ճոպանի թեքության առավելագույն անկյունը պետք է ընտրվի ազատ կախված, չբեռնավորված քարշակային սարքերի ինքնաբերաբար տեղաշարժելը ճոպանով չթույլատրելու պայմանից:

125. Հորիզոնական հարթությունում` կայանների միջև, ճոպանուղին պետք է լինի ուղղագիծ: Հորիզոնական հարթությունում` հենարանի վրա, ճոպանի շեղումը 30o-ից ավելի չի թույլատրվում:

126. Հորիզոնական հարթությունում ճոպանուղու ուղեգիծը կարող է լինել ոչ ուղղագիծ այն հատվածներում, որտեղ տեղակայված են հորիզոնական և թեք տեղադրված թեքող փոկանիվներ, ճախարակներ կամ հոլովակներ:

127. Ճոպանուղու բոլոր փոխհատումները երկաթուղիների, էլեկտրահաղորդման գծերի, գետերի, ջրանցքների և այլ ջրային արգելքների, խճուղիների հետ կամ զուգահեռ ընթացքը դրանց հետ, ճոպանուղու անցկացումը շինությունների վրայով, ինչպես նաև ճոպանուղիների հենարանների և կայանների տեղակայումն օդանավակայանների մոտ, պետք է համապատասխան կարգով համաձայնեցված լինեն:

Ճոպանուղիների ուղեգծի անցկացումը դպրոցների, մանկապարտեզների, մանկամսուրների և այլ մանկական հաստատությունների տարածքների վրայով չի թույլատրվում:

128. Քարշակային ճոպանուղու փոխհատումները դահուկային ուղեգծերի, արահետների և ձմեռային ճանապարհների հետ մի մակարդակի վրա չի թույլատրվում:

Տարբեր մակարդակներում փոխհատումները թույլ է տրվում կամրջակների կառուցման պայմանով: Ընդ որում, դահուկային ուղեգիծը կամրջակների վրա պետք է ունենա ձյան ծածկույթից 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ, պատի տեսքով հոծ ցանկապատ:

129. Պետք է նախատեսվեն կախովի ճոպանուղու բոլոր կոնստրուկցիաներին մոտենալու ուղիներ` ճոպանուղու նախագծին համաձայն:

130. Շարժակազմի ստորին կետից կամ ճոպանուղու ցանկացած ճոպանից մինչև գետին ուղղաձիգ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան`

1) 3,0 մ` հաշվի առնելով ձյան ծածկույթը այն տեղերում, որտեղ հնարավոր է մարդկանց ներկայությունը.

2) 2,0 մ` հաշվի առնելով ձյան ծածկույթը այն տեղերում, որտեղ մարդկանց ներկայությունը բացառվում է:

Կայաններին մոտենալիս այդ բարձրությունը կարող է նվազեցվել մինչև ստորև նշված կախովի ճոպանուղու կոնկրետ տեսակի համար հեռավորությունը: Այն գոտին, որում այդ հեռավորությունը վերոհիշյալից փոքր է, պետք է լինի ցանկապատված:

131. Շարժակազմի ստորին կետից կամ կախովի ճոպանուղու ցանկացած ճոպանից ուղղաձիգ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան`

1,5 մ` մինչև ծառերի գագաթները,

2,0 մ` մինչև կախովի ճոպանուղու ուղեգծի տակ գտնվող շենքի կամ շինության ամենաբարձր կետը, ինչպես նաև մինչև երկաթուղային, ավտոճանապարհային կամ նավարկային եզրաչափքը:

132. Ճոպանուղու ամենացածր կետերը որոշելու ժամանակ ստատիկ կախվածքի հաշվարկային մեծությանը պետք է ավելացվի դրա աշխատանքի ժամանակ բեռնվածքի դինամիկ բնույթը հաշվի առնող բաղադրիչը: Որպես նշված բաղադրիչ` ընդունվում է հետևյալ մեծություններից առավելագույնը`

5%` տվյալ կետում կրող ճոպանի առավելագույն կախվածքից,

10%` տվյալ կետում քարշային կամ կրողաքարշային ճոպանի կախվածքից:

133. Շինությունների կամ բնական արգելքների հեռավորությունը կախովի ճոպանուղու արտաքին եզրաչափքերից թույլատրվում է 1,0 մ-ից ոչ պակաս և քարշակային ճոպանուղու համար` 2 մ-ից ոչ պակաս:

Կախովի ճոպանուղու եզրաչափքերի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն շեղումները, ճոպանուղու աշխատանքի ժամանակ հողմային բեռնվածքի ազդեցության տակ ճոպանների և շարժակազմի կախվածքները, ինչպես նաև կանգնեցված ճոպանուղու կրող, կրողաքարշային, քարշային և այլ ճոպանների կախվածքներն ու շեղումները և կախովի ճոպանուղու տեղակայման վայրում նորմատիվային հողմային բեռնվածքի ազդեցությունները:

 

ԳԼՈՒԽ 3
ԿՐՈՂԱՔԱՐՇԱՅԻՆ ՃՈՊԱՆԻ ՎՐԱ ՄՇՏԱՊԵՍ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱԶՄՈՎ ՄԻԱՃՈՊԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՇԱՐԺՄԱՄԲ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

134. Կախովի ճոպանուղիների կայաններում, նստեցման-իջեցման հարթակների սահմաններում դատարկ բազկաթոռի նստատեղից մինչև հատակը եղած հեռավորությունը պետք է լինի 0,5-0,7 մ-ի սահմաններում, իսկ դատարկ խցիկի հատակի մակարդակը պետք է բարձր լինի նստեցման-իջեցման հարթակի մակարդակից ոչ ավելի, քան 0,2 մ-ով:

ՈՒղևորների քաշի ազդեցության տակ, բազկաթոռի նստատեղի և նստեցման հարթակի հատակի միջև եղած հեռավորությունը կարող է նվազել մինչև 0,45 մ-ից ոչ պակաս չափի, իսկ խցիկի հատակի մակարդակը` իջնել ոչ ավելի, քան 50 մմ:

135. Բաց շարժակազմով կախովի ճոպանուղու երկարությունը պետք է լինի այնպիսին, որ անբարենպաստ մթնոլորտային պայմանների դեպքում ուղևորների անցնելն ուղեգծով չգերազանցի 30 րոպեն:

136. Կախված կախովի ճոպանուղու վրա տեղակայված շարժակազմի տեսակից` շարժակազմի ստորին մասից մինչև գետինը կամ ջրային մակերևույթն ուղղաձիգ հեռավորությունը չպետք է գերազանցի`

բաց և կիսաբաց բազկաթոռներ և խցիկներ` 18 մ,

փակ խցիկներ` 30 մ:

Առանձին տեղերում, թռիչքի երկարության 1/4-ից ոչ ավելի երկարությամբ հատվածներում, թույլատրվում է այդ հեռավորությունը մեծացնել ոչ ավելի, քան`

10 մ` բաց և կիսաբաց բազկաթոռների և խցիկների դեպքում,

20 մ` փակ խցիկների դեպքում:

Փակ խցիկների համար թույլատրվում է շարժակազմի ստորին մասից մինչև գետինը կամ ջրային մակերևույթն ուղղաձիգ հեռավորության անսահմանափակ մեծացում, եթե կախովի ճոպանուղին օժտված է նախագծային բարձրության վրա փրկարարական աշխատանքների անցկացումն ապահովող հատուկ փրկարարական միջոցներով:

137. Կախովի ճոպանուղու ծիրն ընդունվում է այն հաշվարկից, որ բազկաթոռների (խցիկների) դեպի ծիրի ներսը 11o30՛ շեղման դեպքում դրանց միջև լինի արանք`

մինչև 200 մ թռիչքում` 1 մ,

200 մ-ից ավելի թռիչքում` 1մ+0.2 մ յուրաքանչյուր հավելյալ (լրիվ կամ ոչ լրիվ) 100 մ-ի համար:

138. Հենարանի և բազկաթոռի (խցիկի) եզրային եզրաչափքի միջև հեռավորությունը` դրա 11o30՛ շեղման դեպքում պետք է լինի 0,3 մ-ից ոչ պակաս:

139. Քամու արագությունը, որի ժամանակ թույլատրվում է կախովի ճոպանուղու աշխատանքը, պետք է նշված լինի ճոպանուղու անձնագրում: Նման ցուցումների բացակայության դեպքում քամու արագությունը, որի ժամանակ թույլատրվում է ճոպանուղու շահագործումը, չպետք է գերազանցի 15 մ/վ-ը:

140. Ճոպանի հենարանային հավասարակշռիչ լծակին հպման հուսալիության ապահովման համար պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) կրողաքարշային ճոպանի վրա ձգվածության 40%-ով ավելացման դեպքում հենարանային հավասարակշռիչ լծակի վրա բեռնվածքը պետք է մնա դրական.

2) կախովի ճոպանուղու նորմալ աշխատանքի առավել անբարենպաստ պայմաններում, բեռնվածքը կրողաքարշային ճոպանից հավասարակշռիչ լծակի վրա պետք է լինի 2000 Ն-ից ոչ պակաս, իսկ հենարանային հոլովակի վրա` 500 Ն-ից ոչ պակաս.

3) բեռնված բազկաթոռի (խցիկի) վերին հավասարակշռիչ լծակի տակ գտնվելու դեպքում բեռնվածքը ճոպանից հավասարակշռիչ լծակի վրա պետք է մնա դրական:

Սույն կանոնակարգի 140-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մեծությունների արժեքները թույլատրվում է փոքրացնել երկու անգամ, երբ հավասարակշռիչ լծակում առկա են ճոպանը հոլովակներից ընկնելուց պահող սեղմող հոլովակներ:

141. Որպես կախովի ճոպանուղու շարժակազմ` կարող են կիրառվել`

1) մինչև 4 ուղևոր` ներառյալ տարողությամբ բաց բազկաթոռներ.

2) մինչև 4 ուղևոր` ներառյալ տարողությամբ կիսաբաց բազկաթոռներ (ետ գցվող թասակով բազկաթոռներ).

3) մինչև 2 ուղևոր` ներառյալ տարողությամբ կիսաբաց խցիկներ.

4) մինչև 4 ուղևոր` ներառյալ տարողությամբ փակ խցիկներ (կիրառվում են միայն բաբախող շարժմամբ ճոպանուղիներում):

Թույլատրվում է շարժակազմի տարողությամբ մեծացում, եթե ուղևորների նստեցման-իջեցման պայմանները դա թույլ են տալիս:

142. Կախովի ճոպանուղու շարժակազմի միացումը կրողաքարշային ճոպանի հետ պետք է իրականացվի զսպանակապտուտակային կամ պտուտակային սեղմակով: Ճոպանը սեղմակով սեղմման ուժի պահանջվող մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Pu

------- >= K, N

 

որտեղ P-ն ճոպանի սեղմման ուժն է, Ն,

u-ն շփման բերված գործակիցն է, որում հաշվի է առնվում շփման հարթությունների թիվը, ներքին մակերևույթի ձևը և սեղմակի կոնստրուկցիոն առանձնահատկությունները,

N-ը սեղմակը տեղաշարժող ուժն է (հաշվի առնելով դինամիկ ազդեցությունները), Ն,

K-ն կցման հուսալիության պաշարի գործակից (զսպանակապտուտակային սեղմակների համար 1,75, պտուտակային սեղմակների համար 3,0):

Ընդ որում, ճոպանի սեղմման տեսակարար ճնշումը չպետք է գերազանցի 3000 Ն/սմ2:

Սեղմակի ձգվածքի մոմենտի մեծությունը պետք է նշված լինի ճոպանուղու անձնագրում:

143. Շարժակազմի աշխատանքային արագությունը չպետք է գերազանցի N 3 աղյուսակում նշված համապատասխան մեծությունները:

 

Աղյուսակ N 3

 

._________________________________________________________________.

|NN |    Ճոպանուղու տեսակը    |Շարժակազմի շարժման արագություն, մ/վ|

|ը/կ|                         |___________________________________|

|   |                         |դահուկորդների      |ընդհանուր      |

|   |                         |(դահուկները        |նշանակության   |

|   |                         |ոտքերին) համար     |ճոպանուղիների  |

|   |                         |նախատեսված         |վրա            |

|   |                         |ճոպանուղիների վրա  |(հետիոտների    |

|   |                         |___________________|համար)         |

|   |                         |կայանային|առանց    |               |

|   |                         |հոսքագծով|կայանային|               |

|   |                         |         |հոսքագծի |               |

|___|_________________________|_________|_________|_______________|

|1. |Անընդհատ շարժումով       |         |         |               |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |մեկտեղանի բազկաթոռներ    |-        |2,5      |2,0            |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երկտեղանի բազկաթոռներ    |3,0      |2,5      |2,0            |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երեքտեղանի բազկաթոռներ   |2,8      |2,2      |1,0            |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |չորստեղանի բազկաթոռներ   |2,8      |2,2      |1,0            |

|___|_________________________|_________|_________|_______________|

|2. |Մեկտեղանի և  երկտեղանի   |         |         |1,6            |

|   |խցիկներ անընդհատ շարժմամբ|         |         |               |

|___|_________________________|_________|_________|_______________|

|3. |Խմբերի բաբախող շարժմամբ  |         |         |               |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երկտեղանի բազկաթոռներ    |         |4,0      |4,0            |

|   |                         |         |(գծի վրա)|(գծի վրա)      |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երեքտեղանի բազկաթոռներ   |         |4,0      |4,0            |

|   |                         |         |(գծի վրա)|(գծի վրա)      |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |չորստեղանի բազկաթոռներ   |         |4,0      |4,0            |

|   |                         |         |(գծի վրա)|(գծի վրա)      |

|___|_________________________|_________|_________|_______________|

|4. |Խմբերի բաբախող շարժմամբ  |         |         |               |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երկտեղանի խցիկներ        |         |         |4,0            |

|   |                         |         |         |(գծի վրա)      |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |երեքտեղանի  խցիկներ      |         |         |4,0            |

|   |                         |         |         |(գծի վրա)      |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |չորստեղանի խցիկներ       |         |         |4,0            |

|   |                         |         |         |(գծի վրա)      |

|   |_________________________|_________|_________|_______________|

|   |վեցտեղանի խցիկների       |         |         |4,0            |

|   |                         |         |         |(գծի վրա)      |

._________________________________________________________________.

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2008
N 1160-Ն
Որոշում