Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ Բ ...

 

 

100.0018.221008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        10            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 սեպտեմբերի 2008 թվականի N 18-Ն

 

i

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 24 արձանագրային որոշումը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանով հաստատված ծրագրի իրականացման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

24 սեպտեմբերի 2008 թվականի

N 18-Ն հրամանի

 

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. Ներածություն

II. Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, հիվանդացության և մահացության համաճարակային իրավիճակի վերլուծությունը

III. Ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում

IV. Ծրագրի նպատակը, խնդիրները և գործողությունների պլանը

V. Ծրագրի ներդրման ժամանակացույցը

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության 193 անդամ-երկրներից ստացված տվյալների` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ թե վարակիչ, այլ ոչ վարակիչ հիվանդությունների վրա և վերջիններից առաջացած մահացության պատճառներից առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Ակնառու է ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության աճը այնպիսի վարակիչ հիվանդությունների համեմատությամբ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, մալարիա և նման միտումը` ըստ կանխատեսումների, շարունակվելու է մոտակա 20 տարիների ընթացքում: Ոչ վարակիչ հիվանդություններն ամենատարածված և հաշմանդամության բերող հիվանդություններն են, որոնք ախտահարում են գլխավորապես աշխատունակ տարիքի բնակչությանը:

2. Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի համար ևս արդիական է տարեցտարի աճող ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և դրանցից մահացության խնդիրը, այն արտացոլվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 24 արձանագրային որոշման մեջ, համաձայն որի ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը դիտարկվում է որպես առողջության առաջնային պահպանման ոլորտում իրականացվելիք կարևորագույն միջոցառումներից մեկը, քանի որ ինչպես ցույց են տվել վերջին տարիների բնակչության հիվանդացության և մահացության ցուցանիշների ուսումնասիրությունները, չնայած առողջապահության և մասնավորապես` առաջնային բուժօգնության ոլորտին հատկացվող ֆինանսավորման տարեցտարի աճի, այն բնակչության համար առավելագույնը մատչելի դարձնելուն և ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման ու բուժման նպատակով 2005 թվականից սկսված առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների գործառույթներում համապատասխան չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը, ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել բնակչության առողջության այնպիսի հիմնական ցուցանիշների բարելավման առումով, ինչպիսիք են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության, հաշմանդամության և մահացության մակարդակի նվազումը: Մինչ օրս ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների անհաջողության հիմնական պատճառն այն է, որ չի մշակվել հստակ ու որոշակի պատկերացում հիմնախնդրի կառուցվածքի, բուն պատճառների ու տարածվածության, ինչպես նաև խնդրի լուծման համակարգված մոտեցման վերաբերյալ, այլ կերպ ասած` հստակ ռազմավարական ծրագրի բացակայությունը:

3. Վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բավական մեծ և զգալի փոփոխությունները (1988թ.` ահռելի երկրաշարժ, ռազմական գործողություններ, պատերազմ, տնտեսական շրջափակում, Խորհրդային Միության փլուզում) հանգեցրին հասարակության շերտավորմանը, գործազրկությանը ու բնակչության արտագաղթին և էականապես բացասական ազդեցություն ունեցան ազգաբնակչության առողջության ցուցանիշների վրա: Այսպիսով, սոցիալ-տնտեսական, քաղաքական իրադարձությունները, բնական աղետների հետևանքները պատճառ դարձան պակաս կարևորելու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, քանի որ այդ ժամանակաշրջանում բնակչության առողջության պահպանմանը, ամրապնդմանն ու կանխարգելմանն ուղղված բժշկական միջոցառումները դիտվում էին որպես «անթույլատրելի շռայլություն»:

4. Ներկայում բնակչության առողջական խնդիրների վերաբերյալ մոտեցումները արմատապես փոխվել են և առողջական ցուցանիշների բարելավումն ու արդյունավետ կյանքի միջին տևողության և որակի բարձրացումը դիտարկվում են ոչ միայն անհատի, այլ ողջ հասարակության խնդիր, քանի որ յուրաքանչյուր պետության զարգացման և անվտանգության գրավականն առողջ հասարակությունն է:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ, ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

5. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշներն արտացոլում են բնակչության առողջական վիճակը և ուղղակի կախված են տարբեր էթիոլոգիայի ռիսկի գործոններից, կենսակերպից, սոցիալ-տնտեսական իրավիճակից և առողջապահության համակարգի գործունեությունից:

6. Ըստ 2007 թվականի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 50.4%, չարորակ նորագոյացությունները` 19.5%, շաքարային դիաբետը` 4.9 %: Վերջին տարիներին ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և դրանցից մահացության միտումները ճիշտ մեկնաբանելու նպատակով ստորև ներկայացվում են 1990 և 2007 թվականների համապատասխան ցուցանիշների համեմատականները:

7. Այսպիսով` 2007-ին 1990-ի համեմատությամբ տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.

1) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածությունը (1990 թ. պայմանական 100%-ից` մինչև 59%) նվազել է 40%-ով (1.7 անգամ), իսկ մահացությունն աճել է 37.0%-ով:

2) Չարորակ նորագոյացությունների տարածվածությունն աճել է 22%-ով, սակայն մահացության աճն ավելի բարձր է եղել` 62%-ով:

3) Շաքարային դիաբետի տարածվածությունն աճել է 22%-ով, իսկ մահացությունը` շատ ավելի մեծ աճ է ունեցել` գրեթե 3 անգամ:

8. Այսպիսով, 2007 թվականին 1990 թվականի համեմատությամբ աճել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության տեսակարար կշիռը` նույն հիվանդությունների տարածվածության համեմատությամբ: Ընդ որում` իրավիճակն առավել ծանրացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների համար:

 

1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ, ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

9. Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը:

10. 2007 թվականին Հայաստանի Հանրապետություն բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության տեսակարար կշիռը (50.4%) գրեթե 3.5 անգամ գերազանցում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության (14.6%) տեսակարար կշիռը:

1990-2007թթ. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության և հիվանդացության միտումները հետևյալն են.

1) 1990-2000թթ. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածությունը բնութագրվում է հիվանդների բացարձակ (215594-ից` 117586) և հարաբերական (8709-ից` 4047) թվերի կրճատմամբ գրեթե 2 անգամ, իսկ հիվանդացությունը` գրեթե 1.5 անգամ (32484-ից` 19767, 1312-ից` 680 համապատասխանորեն):

2) 2001-2007թթ.` արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության և հիվանդացության միտումները բնութագրվում են հիվանդների բացարձակ (112076-ից` 13504, 19392-ից` 41749) և հարաբերական (3795-ից` 5135, 657-ից` 1605) թվերի ամենամյա աճով:

3) 2007 թ. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ տարածվածության ամենաբարձր բացարձակ և հարաբերական (100 000 բնակչի հաշվով) ցուցանիշներն արձանագրվել են ք. Երևանի (54874 դեպք, 6412), Գեղարքունիքի (10447 դեպք, 6083), Լոռու (10324 դեպք, 4868), Արարատի (10309 դեպք, 5066), Կոտայքի (9849 դեպք, 4708) և Արմավիրի (9091 դեպք, 4399) մարզերի բնակչության շրջանում:

11. Մինչև 2001թ. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության և հիվանդացության անկման հիմնական պատճառը ծանր սոցիալական վիճակով պայմանավորված բնակչության ցածր դիմելիությունն է:

12. 1980 թվականից մինչ օրս արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունը բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը (արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության տեսակարար կշիռը` 1985թ. կազմել է 48%, 1990թ.` 49.4, 2005թ.` 55.2%, 2006թ.` 50%, 2007թ.` 50.4%):

1) 1990-2007թթ. արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշների վերլուծությունը արձանագրում է հիվանդների բացարձակ (10843-ից` 13504) և հարաբերական (306-ից` 419) թվերի ամենամյա աճ:

13. 2007 թվականի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության վերլուծությունն ըստ դասերի, սեռի և տարիքային խմբերի վկայում է, որ.

1) տղամարդկանց շրջանում առավել տարածված են սրտամկանի սուր ինֆարկտից ու սրտի իշեմիկ հիվանդությունից առաջացած մահացությունը, իսկ կանանց շրջանում` ուղեղի անոթային հիվանդություններից,

2) մահացությունն աճում է տարիքի հետ` 35-56 տարեկան (1708 դեպք համապատասխան տարիքային խմբում), 65 տարեկան և բարձր (11241), 60-64 տարիքային խմբում մահացության ցուցանիշը կտրուկ նվազում է (513):

 

2. ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ, ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

13. Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության և տարածվածության կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացությունը (19.5%) զբաղեցնում է երկրորդ տեղը` սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից հետո:

14. Ըստ Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների` տղամարդկանց շրջանում տարածվածության և մահացության տեսակետից առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

15. 2007թ. շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների տարածվածությունը գրեթե 5.6 անգամ բարձր է տղամարդկանց շրջանում, ինչը հավանաբար պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխելու բարձր ցուցանիշով` 54.7% (Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զանգվածային հետազոտություն, 2007):

16. 2002-2007թթ. շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների տարածվածության ցուցանիշների վերլուծությունն արձանագրում է տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդների բացարձակ (տղամարդիկ` 776-ից` 1011, կանայք` 142-ից` 181) թվերի ամենամյա աճ:

17. 2007թ. շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների տարածվածության վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ տարածվածության ամենաբարձր բացարձակ և հարաբերական (100 000 բնակչի հաշվով) ցուցանիշներն արձանագրվել են ք. Երևանի (471 դեպք, 91.1), Շիրակի (93 դեպք, 68.1), Կոտայքի (85 դեպք, 62.2), Լոռու (78 դեպք, 57.2), Արմավիրի (75 դեպք, 54.1) մարզերի բնակչության շրջանում:

18. Շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների հիվանդացությունը աճում է տարիքի հետ` 40-64 (429 դեպք) և 65 տարեկան և բարձր (609 դեպք) տարիքային խմբում: 60-64 տարիքային խմբում հիվանդացած տղամարդկանց քանակը կտրուկ նվազում է:

19. 2001-2007թթ. կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունների տարածվածության ցուցանիշների վերլուծությունն արձանագրում է հիվանդների բացարձակ և հարաբերական թվերի ամենամյա աճ (կրծքագեղձի` 2001թ.` 775-ից` 1017 դեպք, 2007թ.` 42.8-ից` 61 ըստ 100 000 բնակչի հաշվով, արգանդի վզիկի և մարմնի` 325-ից` 421, 18-ից` 25 համապատասխանորեն):

20. 2007թ. կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների տարածվածության վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ տարածվածության ամենաբարձր բացարձակ և հարաբերական (100 000 բնակչի հաշվով) ցուցանիշները արձանագրվել են ք. Երևանի (3538 դեպք, 600), Լոռու (531 դեպք, 365), Շիրակի (445 դեպք, 308), Կոտայքի (492 դեպք, 349), Արմավիրի (366 դեպք, 259) և Արարատի (364 դեպք, 259) մարզերի կանանց բնակչության շրջանում:

21. 2007թ. արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունների տարածվածության վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ տարածվածության ամենաբարձր բացարձակ և հարաբերական (100 000 բնակչի հաշվով) ցուցանիշներն արձանագրվել են ք. Երևանի (1425 դեպք, 241.7), Շիրակի (318 դեպք, 220.1), Լոռու (305 դեպք, 210), Կոտայքի (262 դեպք, 185.7) Արմավիրի (257 դեպք, 180) և Արարատի (217 դեպք, 154.2) մարզերի կանանց բնակչության շրջանում:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ, ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

22. Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության, կյանքի միջին տևողության կրճատման:

23. Համաձայն 2007թ. Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում I տիպի շաքարային դիաբետի տարածվածությունը կազմել է 8 159 դեպք (338.6` 100 000 բնակչի հաշվով), II տիպի շաքարային դիաբետի տարածվածությունը` 37 244 դեպք (1545.8): 2007 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր տարածվածության կառուցվածքում գերազանցում է II տիպի շաքարային դիաբետը, որի տեսակարար կշիռը կազմել է 82%, իսկ I տիպի շաքարային դիաբետը` 18%:

1) 2001-2007թթ. շաքարային դիաբետի տարածվածության և հիվանդացության ցուցանիշների վերլուծությունն արձանագրում է տարածվածության բացարձակ (38679-ից` 45501) և հարաբերական (1310-ից` 1749) ցուցանիշների ամենամյա աճ, և գրեթե երկու անգամ շաքարային դիաբետի հիվանդացության բացարձակ (2769-ից` 5269) և հարաբերական (94-ից` 203) ցուցանիշների աճ:

2) 2007թ. շաքարային դիաբետի տարածվածության տեսակարար կշիռը ներզատական համակարգի հիվանդությունների տարածվածության կառուցվածքում կազմել է 74%, իսկ շաքարային դիաբետի հիվանդացության տեսակարար կշիռը` 54.3%:

3) 2007թ. շաքարային դիաբետի տարածվածության վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տվել, որ տարածվածության ամենաբարձր բացարձակ և հարաբերական (100 000 բնակչի հաշվով) ցուցանիշներն արձանագրվել են ք. Երևանի (21178 դեպք, 2476), Արմավիրի (3741 դեպք, 1810), Արարատի (3406 դեպք, 1764), Կոտայքի (3100 դեպք, 1482), Լոռու (2950 դեպք, 1391), Շիրակի (2851 դեպք, 1340) մարզերի բնակչության շրջանում:

24. 2007 թվականին շաքարային դիաբետից մահացության տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում 1990 թվականի նկատմամբ աճել է գրեթե երկու անգամ` 2.25%-ից մինչև 4.9% (1332-ի դեպքից` 1614, 36-ից` 41 (100 000 բնակչի հաշվով):

1) Շաքարային դիաբետից մահացությունը գրեթե երկու անգամ գերազանցում է կանանց շրջանում (857 դեպք)` ի համեմատ տղամարդկանց (457):

2) Շաքարային դիաբետից մահացությունը աճում է` 45-64 տարեկան (252 դեպք), 65 տարեկան և բարձր (1040 դեպք) տարիքային խմբերում:

 

III. ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

 

25. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների տարածվածությունը, դրանց վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը, ինչպես նաև դրանց շաղկապվածությունը գնահատվել են Առողջապահության համակարգի գործունեության գնահատման, 2007թ. զանգվածային հետազոտության տվյալներով: Հետազոտությամբ դիտարկվել են հետևյալ ռիսկի գործոնները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներում կիրառվող նրանց շեմային արժեքները:

 

Աղյուսակ 1. Ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում

.__________________________________________________________.

|                                         |տղամարդիկ 54.7% |

|Ամեն օր ծխախոտի օգտագործում              |________________|

|                                         |կանայք     1.6% |

|_________________________________________|________________|

|Ավելորդ քաշ (գիրություն և  ճարպակալում)  |          55.7% |

|_________________________________________|________________|

|Ֆիզիկական թերակտիվություն                |          23.5% |

|_________________________________________|________________|

|Բարձր զարկերակային ճնշում (140/90 մմ սնդ.|          16.9% |

|սն-ից բարձր)                             |                |

|_________________________________________|________________|

|                                         |տղամարդիկ 13%   |

|Ալկոհոլային խմիչքների օգտագործում        |________________|

|                                         |կանայք     1%   |

.__________________________________________________________.

 

1) Ամեն օր ծխախոտի օգտագործումը և օրական 20 գրամից ավելի սպիրտին համարժեք ալկոհոլի օգտագործումը Հայաստանում խնդիր է միայն տղամարդկանց համար` 54.7%, 13%: Ամեն օր ծխում են` կանանց 1.6%-ը և օրական 20 գրամից ավելի սպիրտի համարժեք ալկոհոլ են օգտագործում կանանց 1%-ը:

2) Ծխողներին, որպես կանոն, խորհուրդ են տալիս թողնել ծխելը նրանց ընտանիքի անդամները (66%): Բժիշկների դերն այստեղ բավական սահմանափակ է (21.4%):

3) Այսպիսով, աղյուսակում ներկայացված ռիսկի գործոնները խնդիր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության 30 տարեկան և բարձր բնակչության շրջանում զարգացման տեսակետից:

4) Բնակչության տեղեկացվածությունը ներկայացված ռիսկի գործոնների վնասակարության մասին կազմել է 60%-70%: Ռիսկի գործոնի վերաբերյալ տեղեկացվածությունը համարյա շաղկապված չէ այդ ռիսկի գործոնի տարածվածության հետ: Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ ռիսկի գործոնի տարածվածությունը մի փոքր ավելի բարձր է դրա մասին առավել տեղյակ անձանց շրջանում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

26. Մշակել և համակարգի առաջնային բուժօգնության մակարդակում ներդնել չափահաս (18-ից բարձր) բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, թոքի և կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների) առաջնային, երկրորդային և երրորդային կանխարգելմանն ուղղված գործողությունների հստակ մեխանիզմներ և դրանց միջոցով մինչև 2013 թվականը 10%-ով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշները:

 

2. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

27. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման նպատակով իրականացնել հետևյալ գործնական միջոցառումները.

1) Մշակել և սկսած 2009 թվականից համակարգում ներդնել.

ա. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, վարման և վերականգնման ծրագիրը,

բ. շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, վարման և կանխարգելման ծրագիրը,

գ. չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման, վարման և կանխարգելման ծրագիրը:

2) Լրամշակել գործող, ինչպես նաև մշակել նոր` արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման, վարման, կանխարգելման և վերականգնողական միջոցառումների ուղեցույցներ:

3) Մշակել և համակարգում ներդնել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի ֆակտորների վերաբերյալ /ծխելու, ավելորդ քաշի, ֆիզիկական թերակտիվության, առողջ սննդակարգի, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի ժամանակ սննդակարգի/ բնակչության բժշկահիգիենիկ կրթման ուղեցույցներ:

4) Առաջնային օղակի մասնագետների համար մշակված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանն ուղղված չափորոշիչները ներառել վերջինների /որպես ընտանեկան բժիշկների/ մասնագիտացման ու շարունակական կրթական ծրագրերում և սահմանել պարբերական մոնիթորինգ դրանց գործնական կիրառման նկատմամբ:

5) Առաջնային օղակի մասնագետների մասնագիտացման և շարունակական կրթության մոդուլներում ներառել վերոհիշյալ կլինիկական ուղեցույցները:

6) Առաջնային օղակի մասնագետների գործունեության հիմքում դնել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով տառապող անձանց շարունակական հսկողությունը, հետագայում դրա իրականացման որակի ցուցանիշների կատարողականի հետ կապելով վերջինների խրախուսող վարձատրման սկզբունքի կիրառումը:

7) Օգտագործել հասարակական կազմակերպությունների հնարավորությունները հատկապես գյուղական բնակավայրերում հանրության առողջապահական կրթման իրականացման խնդրում:

 

3. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ

 

28. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումները պլանավորելիս անհրաժեշտ է առաջնորդվել բուժօգնության բոլոր մակարդակների փոխհամագործակցության սկզբունքով:

1) Առաջին մակարդակում - առաջնային օղակի մասնագետների կողմից բնակչության շրջանում տարեկան մեկ պարտադիր կանխարգելիչ այցի իրականացում` սպասարկվող բնակչության շրջանում ռիսկի խմբերի բացահայտման և առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության բժշկահիգիենիկ կրթման նպատակով: Ռիսկի խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության իրականացում և պոլիկլինիկական մակարդակում լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում:

2) Երկրորդ մակարդակում- մասնագիտացված հիվանդանոցային ամբուլատոր ծառայությունում /ուռուցքաբանական, էնդոկրինոլոգիական, սրտաբանական, նյարդաբանական/ առաջնային օղակի մասնագետի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվության կազմակերպում, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտությունների և բուժման նշանակում, բժշկահիգիենիկ կրթում, ինչպես նաև ուղեգրում երրորդ մակարդակի բարձր մասնագիտացված բժշկական հաստատություններ` լրացուցիչ դժվարամատչելի հետազոտությունների իրականացման և մասնագիտական խորհրդատվության համար:

3) Երրորդ մակարդակ - մասնագիտական խորհրդատվության և կատարված հետազոտությունների հանրագումարի արդյունքում անհրաժեշտ հատուկ դժվարամատչելի հետազոտության ուղեգրում, բուժման պլանի և միջոցառումների վերանայում, բժշկահիգիենիկ կրթում:

29. Ելնելով այն հանգամանքից, որ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով կյանքին սպառնացող վտանգի առաջացման ժամանակ չափազանց կարևոր է շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակին արձագանքումը և անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, անհրաժեշտ է հզորացնել մարզերի շտապ օգնության ծառայությունը, իրականացնելով արագ արձագանքման` «սանավիա» ծառայության կազմակերպում ՀՀ մարզերում: Դա նպատակահարմար է, քանի որ կրկնակի կրճատվում է հիվանդի մոտ հասնելու ժամանակահատվածը, այդպիսով առավելագույնն ապահովելով բուժման վաղ և ելքի տեսանկյունից արդյունավետ կազմակերպումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

1) ՀՀ մարզկենտրոնների շտապօգնության ծառայություններին հատկացնել ռեանիմոբիլներ` մարզերից դեպի Երևան սանավիացիայի գործառույթ իրականացնելու համար, տեղերում ձևավորելով մասնագիտացված բժշկական բրիգադներ:

2) Անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում իրականացնել արագ արձագանքման շտապօգնության բրիգադներում ներգրավված բժիշկներին, բուժքույրերին ու վարորդներին:

3) Ըստ ախտորոշման ուղղվածության հիվանդների հոսպիտալացումը ճիշտ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է սահմանել այն բազմապրոֆիլ հիվանդանոցների ցանկը, որոնք հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով /այդ թվում առնվազն համակարգչային տոմոգրաֆով/, ունեն զարգացած ու արդի պահանջներին համապատասխանող ռեանիմացիոն բաժանմունքներ` որակավորված մասնագետներով և այդ ցանկը տրամադրել Երևանի և ՀՀ մարզերի արագ արձագանքման շտապօգնության ծառայություններին:

 

V. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

.__________________________________________________________________.

|Միջոցառման անվանումը                              |Հայաստանի      |

|                                                  |Հանրապետության |

|                                                  |առողջապահության|

|                                                  |նախարարի       |

|                                                  |հաստատմանը     |

|                                                  |ներկայացնելու  |

|                                                  |ժամկետը        |

|__________________________________________________|_______________|

|1. «Առողջության առաջնային պահպանման բժիշկների     |2008 թվականի   |

|կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչը   |նոյեմբերի      |

|հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության        |1-ին տասնօրյակ |

|առողջապահության նախարարի հրամանի նախագիծ          |               |

|__________________________________________________|_______________|

|2. «Առողջության առաջնային պահպանման բժիշկների     |2008 թվականի   |

|կողմից կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման       |նոյեմբերի      |

|ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի            |1-ին տասնօրյակ |

|Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի   |               |

|նախագիծ                                           |               |

|__________________________________________________|_______________|

|3. «Առողջության առաջնային պահպանման բժիշկների     |2008 թվականի   |

|կողմից չարորակ նորագոյացությունների վաղ           |դեկտեմբերի     |

|հայտնաբերման չափորոշիչը հաստատելու մասին»         |3-րդ տասնօրյակ |

|Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի |               |

|հրամանի նախագիծ                                   |               |

|__________________________________________________|_______________|

|4. «Առողջության առաջնային պահպանման բժիշկների     |2008 թվականի   |

|կողմից զարկերակային հիպերտենզիայով հիվանդների     |դեկտեմբերի     |

|վարման ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի     |3-րդ տասնօրյակ |

|Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի   |               |

|նախագիծ                                           |               |

|__________________________________________________|_______________|

|5. «Ընտանեկան բժշկի և  ընտանեկան բուժքրոջ համար   |2008 թվականի   |

|շաքարային դիաբետի վարման ուղեցույցը հաստատելու    |դեկտեմբերի     |

|մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության   |3-րդ տասնօրյակ |

|նախարարի հրամանի նախագիծ                          |               |

|__________________________________________________|_______________|

|6. «Առողջության առաջնային պահպանման բժիշկների     |2008 թվականի   |

|կողմից կրծքավանդակի շրջանում ցավով հիվանդների     |դեկտեմբերի     |

|վարման ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի     |3-րդ տասնօրյակ |

|Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի   |               |

|նախագիծ                                           |               |

|Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների և |2009 թվականից  |

|բուժքույրերի մասնագիտական շարունակական կրթական    |               |

|ծրագրերում առավել տարածված ոչ վարակիչ             |               |

|հիվանդությունների վարման նոր սկզբունքների ներառում|               |

|__________________________________________________|_______________|

|7. Առողջության առաջնային պահպանման օղակի          |2008-2013 թթ.  |

|մասնագետների կողմից բնակչության առողջապահական     |               |

|կրթման գործընթացի իրականացում                     |               |

|__________________________________________________|_______________|

|8. Հայաստանի Հանրապետության մարզկենտրոնների շտապ  |2009 -2013 թթ. |

|օգնության ծառայություններին ռեանիմոբիլների        |               |

|հատկացում, կադրային ներուժի վերապատրաստում        |               |

.__________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.09.2008
N 18-Ն
Հրաման