Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱ ...

 

 

100.0003.171108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2008 թվականի N 03-Ն

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.3-3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելված 1-ի:

2) Վարակիչ բժշկական թափոնների ախտահանման/վարակազերծման եղանակը և պայմանները` համաձայն հավելված 2-ի:

3) Բժշկական թափոնների անվտանգ գործածության ուղեցույցը` համաձայն հավելված 3-ի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

(նախաբանը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. մարտի 4-ի

N 03-Ն հրամանով

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և նորմեր

N 2.1.3- 3

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոններով և նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են առողջապահական և այլ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների (այսուհետ` բժշկական թափոնների), բացառությամբ` բժշկական ռադիոակտիվ թափոնների, գործածությանը (դրանց գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, ժամանակավոր պահմանը, վնասազերծմանը, ոչնչացմանը, փոխադրմանը և թաղմանը) ներկայացվող սանիտարական ու հակահամաճարակային պահանջները:

2. 1-2 խմբերի ախտածին միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման և տեղափոխման կարգը և դրան ներկայացվող հավելյալ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգը հաստատելու մասին» դեկտեմբերի 6-ի N 1409-Ն հրամանով:

 

2. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

3. Բժշկական թափոններ` կազմակերպություններում պացիենտների հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների կամ գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած թափոններ, որոնք բաժանվում են`

1) վարակիչ թափոնների, որոնք իրենց հերթին դասակարգվում են`

ա. միկրոկենսաբանական թափոններ - լաբորատոր աշխատանքի համար նախատեսված վարակիչ հիվանդությունների հարուցիչների կուլտուրաներ և շտամներ, վիրահատական և վարակիչ հիվանդություններից մահացածների դիահերձումներից առաջացած թափոն (հյուսվածքներ և առարկաներ կամ սարքավորումներ, որոնք շփվել են արյան կամ կենսաբանական այլ հեղուկների հետ), վարակիչ հիվանդներից առաջացած թափոն (արտաթորանքներ, վարակված կամ վիրաբուժական վերքերի վիրակապեր, մարդու արյամբ կամ կենսաբանական այլ հեղուկներով աղտոտված հագուստ), հեմոդիալիզ ստացող հիվանդների հետ շփումից առաջացած թափոն (դիալիզի խողովակներ, ֆիլտրեր, միանվագ օգտագործման սրբիչներ, խալաթներ, ձեռնոցներ և լաբորատոր խալաթներ), լաբորատորիաներում փորձարարական աշխատանքների համար վարակված կենդանիների դիակներ, ցանկացած միանվագ օգտագործման գործիք կամ առարկա, որը շփում է ունեցել վարակված մարդկանց կամ կենդանիների հետ.

բ. ախտաբանաանատոմիական թափոններ - վիրահատության, դիահերձման և այլ գործընթացների ընթացքում հեռացված հյուսվածքներ, օրգաններ, մարմնի մասեր, արյուն, կենսաբանական հեղուկներ, նաև վիժումների զանգվածներ, կենդանիների դիակներ (սատկած կենդանու լեշ).

գ. կենսաբանական հեղուկներ - հեղուկներ, որոնք իրենց մեջ կարող են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակել, արյուն, արյան բաղադրամասեր, ավիշ, սերմնահեղուկ, հեշտոցի արտազատուկներ, ողնուղեղային, ձուսպային, թոքամզային, որովայնամզային, հարսրտային պարկի և հարպտղային հեղուկներ: Կենսաբանական հեղուկներով աղտոտված առարկաներ, նյութեր, փափուկ գույք.

դ. սրածայր թափոններ - կրկնակի օգտագործման կամ վերամշակման ոչ ենթակա ներարկիչներ, ներարկման ասեղներ, կարեր դնելու ասեղներ, վիրադանակներ և այլ սայրեր, նշտարներ, սղոցներ, դանակներ, կոտրված կամ չկոտրված ապակի, սրվակներ, մեխեր և այլն.

2) քիմիական թափոններ -ախտորոշիչ և /կամ փորձարարական գործունեությունից առաջացած կիրառման և օգտագործման ոչ ենթակա քիմիական նյութեր, ինչպես նաև մաքրման, ախտահանման և այլ գործընթացների ընթացքում առաջացող նյութեր, որոնք ունեն հետևյալ հատկություններից առնվազն մեկը.

ա. թունավոր/տոքսիկ,

բ. քայքայիչ` թթուներ Ph < 2.0 և հիմքեր Ph >12,

գ. դյուրավառ,

դ. ռեակտիվ` պայթուցիկ, ջրի նկատմամբ ռեակտիվ, ջերմության նկատմամբ զգայուն քիմիական նյութեր,

ե. ցիտոստատիկ դեղեր, այդ դեղերով բուժվող հիվանդների արտաթորանքներ /մեզ, կղանք, փսխման զանգված և այլն/.

զ. օքսիդներ.

3) դեղագործական թափոններ - ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղեր, պատվաստանյութեր, շիճուկներ և դեղագործական այլ ապրանքներ:

(3-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

4. Ախտահանում/վարակազերծում - առարկաների ներսում և մակերեսների վրա վարակիչ հիվանդությունների հարուցիչները ոչնչացնելու (սպանելու) գործընթաց (քիմիական, ֆիզիկական, այդ թվում` ջերմային, եղանակներով և միջոցներով):

5. Բժշկական թափոնների հավաքում (տարանջատում)- բժշկական թափոնների առանձնացումը ըստ տեսակի և մեկուսացումը դրանց համար հատուկ նախատեսված տարողություններում և բեռնարկղերում:

6. Բժշկական թափոնների ժամանակավոր պահում - բժշկական թափոնների ժամանակավոր տեղադրում` դրա համար հատուկ հատկացված տեղերում/վայրերում` հետագա օգտահանման և հեռացման նպատակով:

7. Բժշկական թափոնների փոխադրում - բժշկական թափոնների տեղափոխում դրանց ժամանակավոր պահման տեղերից/վայրերից դեպի տեղադրման հատուկ հատկացված տեղեր:

8. Բժշկական թափոնների վնասազերծում - բժշկական թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում` մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական մշակման միջոցով: Վարակիչ թափոնների դեպքում վնասազերծումը ախտածին միկրոօրգանիզմների սպանումն է թափոնների բեռի մեջ`վարակազերծումը:

9. Բժշկական թափոնների հեռացում - բժշկական թափոնների օգտահանման չհանգեցնող գործողություններ` ոչնչացման և թաղման հետ կապված:

10. Մեծ քանակությամբ բժշկական թափոն առաջացնող կազմակերպություն - կազմակերպություն, որտեղ մեկ ամսվա ընթացքում գոյանում է հիսուն կիլոգրամից ավելի բժշկական թափոն:

11. Փոքր քանակությամբ բժշկական թափոն առաջացնող կազմակերպություն - կազմակերպություն, որտեղ մեկ ամսվա ընթացքում գոյանում է հիսուն կիլոգրամից պակաս բժշկական թափոն:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

12. Բժշկական թափոնների գործածությունը կարգավորելու և դրա հետ կապված մարդու առողջության անվտանգության պահանջները ապահովելու նպատակով սույն սանիտարական կանոնների պահանջների հիման վրա յուրաքանչյուր կազմակերպության տնօրեն ընդունում է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ /այսուհետ` Ակտ/: Կազմակերպությունը կարող է այդ իրավական ակտը կազմելու աշխատանքներին ներգրավել այլ կազմակերպություն` պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև Ակտի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հիգիենիկ փորձաքննության:

(12-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

13. Ակտով կարգավորվում են բժշկական թափոնների գործածության` ներառյալ դրանց ըստ տեսակի առանձնացման, տարողությունների և բեռնարկղերի մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և ընդունման, վնասազերծման և վարակազերծման բոլոր փուլերի իրականացումը նկարագրող ընթացակարգերը, դրանց կատարման ժամանակացույցը, վնասազերծման արդյունքում ստացված թափոնի հեռացման, թաղման և/կամ հետագա օգտագործման կարգը, բժշկական թափոնների հետ կապված անկանխատեսելի դեպքերի և վնասազերծման գործընթացում հնարավոր արտակարգ պատահարների դեպքում ձեռնարկվելիք միջոցառումները և դրանց իրականացման ընթացակարգերը, բժշկական թափոնների գործածության համար պատասխանատու աշխատողների աշխատանքային պարտականությունները և թափոնների գործածությանն առնչվող այլ հարցեր:

14. Կազմակերպության այն աշխատողները, որոնց աշխատանքային պարտականությունները առնչվում են բժշկական թափոնների գործածության հետ, մինչև իրենց աշխատանքային պարտականություններին անցնելը պարտադիր անցնում են բժշկական թափոնների անվտանգ գործածության պահանջների ուսուցում, ինչպես նաև ծանոթանում են Ակտի պահանջներին: Աշխատողների դասընթացներն անցնելը հավաստվում է կազմակերպության տնօրենի հրամանով: Արգելվում է բժշկական թափոնների անվտանգ գործածության կարգը ուսուցում չանցած աշխատողների մասնակցությունը բժշկական թափոնների գործածությանը:

15. Կազմակերպության տնօրենը տրամադրում է բժշկական թափոնների գործածությունը կարգավորող գործողությունների Ակտը համապատասխան աշխատողներին և կազմակերպում է դրան վերաբերող դասընթացները:

16. Ակտի կատարման ամենօրյա հսկողությունն իրականացնում է կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը (համաճարակաբան, գլխավոր բուժքույր, տնօրենի տեղակալ տեխնիկական հարցերով կամ այլ), որը պարտավոր է լիովին տիրապետել Ակտի իրականացմանը ներկայացվող պահանջներին:

17. Բժշկական թափոն առաջացնող կազմակերպություններում կազմակերպության տնօրենի կողմից կարող է կազմվել թափոնների գործածության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` առավել շատ թափոն առաջացնող ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, որը ղեկավարվում է կազմակերպության տնօրենի կամ նրա կողմից նշանակված կազմակերպության այլ պաշտոնատար անձի կողմից: Այդպիսի Հանձնաժողովի աշխատանքի շրջանակը սահմանափակվում է Ակտում ընդգրկված հարցերի շրջանակով:

 

4. ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ (ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆԸ) ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Բժշկական թափոնները հավաքվում (տարանջատվում) և պահվում են առանձին` ըստ տեսակների` բացառելով դրանց միմյանց խառնվելը:

19. Բժշկական թափոնները` բացառությամբ վարակիչ միկրոկենսաբանական թափոնների և միկրոկենսաբանական հեղուկների, դրանց գոյացման վայրում անմիջապես առանձնացվում են և տեղադրվում դրանց հավաքման համար հատուկ տեղադրված և «Բժշկական վտանգավոր թափոններ» մակնշումը կրող տարողությունների մեջ:

20. Վարակիչ միկրոկենսաբանական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես առանձնացվում են այլ բժշկական թափոններից, տեղադրվում են դրանց հավաքման համար հատուկ տեղադրված կենսաբանական վտանգի նշանը (ձևը կցվում է) և «Վարակիչ թափոն» մակնշումը կրող տարողությունների մեջ, որոնց գույնը հակադրվում է կենսաբանական վտանգի նշանի և «Վարակիչ թափոն» մակնիշը կրող բառերի գույնին:

21. Սրածայր թափոնները, դրանց գոյացման վայրում, օգտագործելուց անմիջապես հետո տեղադրվում են մեկանգամյա օգտագործման կարծր (օրինակ` պլաստիկ շշերի, մետաղյա կամ կարծր պլաստմասսե բեռնարկղի մեջ)` կենսաբանական վտանգի նշանը և «Զգույշ սրածայրեր» մակնշումը կրող տարողությունների մեջ: Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և (կամ) ախտահանելը: Կանխարգելիչ կամ զանգվածային պատվաստումներ կատարելիս կարող են օգտագործվել հատուկ միանվագ ինքնաոչնչացվող ներարկիչներ:

22. Կենսաբանական հեղուկները տեղադրվում են կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման հատուկ, դրանց հավաքման համար տեղադրված, կենսաբանական վտանգի նշանը և «Վարակիչ թափոն» մակնշումը կրող տարողությունների մեջ (օրինակ` շշեր, սրվակներ, պլաստիկ տարողություններ և այլն): Վերջիններիս գույնը հակադրվում է սույն հրամանի հավելված 2-ով հաստատված կենսաբանական վտանգի նշանի և «Վարակիչ թափոն» մակնշումը կրող բառերի գույնին:

23. Ախտաբանաանատոմիական թափոնները տեղադրվում են կարծր, կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման հատուկ, դրանց հավաքման համար տեղադրված տարողությունների մեջ: Վերջիններիս գույնը հակադրվում է սույն հրամանի հավելված 2-ով կենսաբանական վտանգի նշանի և «Վարակիչ թափոն» մակնշումը կրող բառերի գույնին:

24. Բժշկական թափոնները` բացառությամբ սրածայր թափոնների և կենսաբանական հեղուկների, դրանց գոյացման տեղում տեղադրվում են դիմացկուն, անթափանց, կողքերից և հատակից արտահոսք չունեցող մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներում և (կամ) մեկանգամյա կամ բազմակի օգտագործման կարծր տարողությունների մեջ:

25. Բոլոր տեսակի բժշկական թափոնները տարողությունների մեջ տեղադրվելուց հետո հերմետիկորեն փակվում են, իսկ ախտաբանաանատոմիական, միկրոկենսաբանական, սրածայր և քիմիական թափոնները նաև կնքվում, ինչից հետո բժշկական թափոնի հավաքելու, տեղադրելու, փակելու և տեղափոխելու պարտականություն ունեցող աշխատողը լրացնում է պիտակ` դրա վրա նշելով տեղադրված բժշկական թափոնի տեսակը, դրա` տարողությունում տեղավորելու կոնկրետ ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, իր անունը և ազգանունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը: Լրացված պիտակը ամրացվում է տարողությանը, որն անմիջապես տեղափոխվում է բժշկական թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածք: Լրացված պիտակը տարողությունից տարանջատվելու հնարավորությունը բացառվում է:

26. Փակված տարողությունները կարող են բացվել միայն բժշկական թափոնների վնասազերծման նպատակով: Մնացած բոլոր դեպքերում փակված տարողությունները բացելն արգելվում է: Եթե փակված տարողությունը որևէ կերպ վնասվել է, ապա այն տեղադրվում է ավելի մեծ տարողության կամ բեռնարկղի մեջ և փակվում` չվնասելով սկզբնական կնիքը:

27. Բժշկական թափոնների կուտակման պարկերը և բեռնարկղերը ունենում են գունային կոդավորում` դրանք տեսանելիորեն ճանաչելու և տարանջատումը հեշտացնելու համար:

28. Տարողությունների վնասվելու հետևանքով բժշկական թափոնների արտահոսքի դեպքում թափոնների հետ շփում ունեցած բոլոր մակերեսները ենթակա են ախտահանման:

29. Բազմակի օգտագործման տարողությունները ենթակա են ախտահանման յուրաքանչյուր բեռնաթափումից հետո:

30. Արգելվում է աղբատար խողովակների օգտագործումը բժշկական թափոնների (այդ թվում` տարողությունների մեջ տեղադրված) տեղափոխման համար:

31. Կազմակերպությունում տարողության մեջ տեղադրված բժշկական թափոնների տեղափոխման համար կարող են օգտագործվել բազմակի օգտագործման բեռնարկղեր կամ անվավոր կցասայլեր:

32. Տարողությունների մեջ տեղադրված բժշկական թափոնների տեղափոխման համար բազմակի օգտագործման բեռնարկղերը կամ անվավոր կցասայլերը ամուր փակվում են, մաքրվում, պարբերաբար (առնվազն շաբաթը մեկ անգամ) ախտահանվում և օգտագործվում են բացառապես բժշկական թափոնների տեղափոխման համար:

33. Բեռնարկղերի մեջ տեղադրված բժշկական թափոնների ժամանակավոր պահման համար կազմակերպությունում առանձնացվում է հատուկ տարածք:

34. Ժամանակավոր պահման հատուկ տարածքը պետք է`

1) պաշտպանված լինի մթնոլորտային տեղումներից և այլ գործոնների ուղղակի ազդեցությունից` քամի, արևի ճառագայթներ և այլն.

2) մշտապես մաքրվի և զերծ լինի թափված աղբից, չունենա ջրականգեր.

3) ախտահանվի պարբերաբար` առնվազն շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև արտահոսքի յուրաքանչյուր դեպքում.

4) բացառվի կենդանիների, այդ թվում` միջատների և կրծողների, շփումը բժշկական թափոնների հետ, ինչը ապահովելու համար պարբերաբար իրականացվում է միջատասպան (դեզինսեկցիա) և կրծողասպան (դեռատիզացիա) միջոցառումներ.

5) բացառի կողմնակի անձանց մուտքը.

6) ապահովված լինի ջրի ծորակներով և ջրահեռացման գծով, պատերն ու առաստաղն ունենան անջրաթափանց ծածկույթ, տարածքի դռները ապահովեն բժշկական թափոնների բեռնարկղերն ավտոտրանսպորտի միջոցով տեղափոխելու հնարավորությունը:

34. Ժամանակավոր պահման հատուկ տարածք կարող են մուտք գործել միայն բժշկական թափոնը հավաքելու, տեղադրելու, փակելու և տեղափոխելու պարտականություն ունեցող աշխատողները:

35. Վարակիչ թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում կարող են պահվել ձմռանը` 72 ժամից, իսկ ամռանը` 48 ժամից ոչ ավելի:

i

35.1. Փոքր քանակությամբ բժշկական թափոն առաջացնող բժշկական կազմակերպությունում բժշկական թափոնները կարող են պահվել 3-8oC սառնարանային պայմաններում մեկ շաբաթից առավելագույնը չորս շաբաթվա տևողությամբ կամ մինչև -18oC ջերմաստիճանի պայմաններում` մինչև երկու ամիս:

(35.1-ին կետը լրաց. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

36. Բժշկական թափոնների պահման ժամկետը հաշվարկվում է` սկիզբն ընդունելով դրանք տարողության մեջ տեղադրելու օրը:

i

37. Բժշկական թափոնների գործածության Ծրագրով սահմանված ժամանակացույցի կատարման նպատակով յուրաքանչյուր կազմակերպություն վարում է հատուկ մատյաններ` բժշկական թափոնի գոյացման տեղում և ժամանակավոր պահման հատուկ տարածքում: Բժշկական թափոնի գոյացման վայրում վարվող մատյանում նշվում է բժշկական թափոնի տեսակը, դրա հավաքման և գոյացման տեղից հեռացման ամսաթիվը: Բժշկական թափոնի ժամանակավոր պահման հատուկ տարածքում վարվող մատյանում նշվում է թափոնի տեսակը, դրա ժամանակավոր պահման հատուկ տարածքում տեղադրման սկիզբը և ժամանակավոր պահման հատուկ տարածքից փոխադրելու ամսաթիվը` համաձայն սույն հրամանի հավելված 1-ի Ձև 1 և Ձև 2 մատյանի ձևերի:

(37-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

38. Մատյանները համարակալվում և կնքվում են կազմակերպության տնօրենի կողմից: Դրանցում գրանցումներ կատարելու իրավունք ունեն միայն բժշկական թափոնը հավաքելու, տեղադրելու, փակելու և տեղափոխելու պարտականություն ունեցող աշխատողները` համապատասխան աշխատանքները կատարելու ընթացքում:

 

5. ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

38. Յուրաքանչյուր կազմակերպությունում վնասազերծման ողջ գործընթացը կարգավորվում և իրականացվում է Ակտով` սույն սանիտարական կանոնների 13-րդ կետի համաձայն:

39. Վարակիչ թափոնների վնասազերծումը` վարակազերծումը իրականացվում է սույն սանիտարական կանոնների հավելված 2-ում նշված եղանակով և պայմաններում:

40. Վարակիչ թափոնի պատշաճ վնասազերծման արդյունքում առաջացած թափոնը հեռացվում է որպես կենցաղային թափոն:

41. Բժշկական այլ թափոնների, բացառությամբ` վարակիչ թափոնների, վնասազերծումը իրականացվում է յուրաքանչյուր կազմակերպության կողմից բժշկական թափոնների անվտանգ գործածության մեթոդական ուղեցույցում /այսուհետ` մեթոդական ուղեցույց/ ընդգրկված եղանակներով: Մեթոդական ուղեցույցը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: Ընտրված եղանակը ներառվում է կազմակերպության բժշկական թափոնների գործածության Ակտով:

42. Բժշկական թափոնների որոշ տեսակներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված այլ կազմակերպություններին` դրանք վերամշակելու, վնասազերծելու, պահպանելու, փոխադրելու և/կամ տեղադրելու նպատակով: Յուրաքանչյուր դեպքում տրամադրվող թափոնների տեսակները և քանակը սահմանվում են կազմակերպության բժշկական թափոնների գործածության Ակտով: Վերամշակման նպատակով բժշկական թափոններն այլ կազմակերպություններին տրամադրվում են բացառապես ձևափոխված այնպես, որպեսզի բացառվի դրանց կրկնակի օգտագործումը բժշկական նպատակներով:

43. Արգելվում է բժշկական թափոնների բեռնաթափումը բաց աղբավայրերի մակերեսներին:

44. Աղբավայր ունեցող բնակավայրերում մշակման ձևերի բացակայության դեպքում բժշկական թափոնները, բացառությամբ` վարակիչ թափոնների, կարող են թաղվել աղբավայրի տարածքում` մեթոդական ուղեցույցի համաձայն: Յուրաքանչյուր դեպքում թաղման ենթակա թափոնների տեսակները և քանակը սահմանվում են կազմակերպության բժշկական թափոնների գործածության Ակտով: Աղբավայրը տնօրինող կազմակերպությունը պետք է ապահովի աղբավայրում բժշկական թափոնների թաղման վայրերին ներկայացվող պահանջների կատարումը:

45. Աղբավայր չունեցող բնակավայրերում մշակման ձևերի բացակայության դեպքում բժշկական թափոնները թաղվում են կազմակերպության տարածքում կամ մեկ այլ հատուկ հատկացված տարածքում, հատուկ պատրաստված փոսերի մեջ: Յուրաքանչյուր դեպքում այդ փոսերը կազմակերպվում և օգտագործվում են մեթոդական ուղեցույցի համաձայն:

 

6. ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

46. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները դրանց հավաքման, ժամանակավոր պահման, փոխադրման, վնասազերծման և թաղման ողջ ընթացքում պարտավոր են կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և հատուկ արտահագուստ: Ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պետք լվանան օճառով` հոսող ջրի տակ: Պատռված ձեռնոցները պետք է անմիջապես փոխարինվեն նոր, չօգտագործված ձեռնոցներով և խոտանվեն` բացառելով դրանց կրկնակի օգտագործումը:

47. Աերոզոլային, գոլորշացման և ցայտելու հավանականություն ունեցող բժշկական թափոնների գործածությանը մասնակցող աշխատողները պարտավոր են կրել դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, հատուկ անջրաթափանց արտահագուստ, կոշիկներ:

48. Վարակիչ թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները պատվաստվում են համաճարակային ցուցումով` ընդգրկվելով նպատակային խմբում:

49. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

50. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2003 թ. N 347-Ն և 15.07.2004 թ. N 1089-Ն որոշումների:

51. Բժշկական թափոնների գործածության մեջ ներգրավված անձինք թափոնների գործածության հետևանքով ստացված վնասվածքների դեպքում պարտավոր են դրա մասին անմիջապես հայտնել կազմակերպության տնօրինությանը:

i

52. Սույն սանիտարական կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

(52-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

Ձև

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՆՇԱՆ

 

Ձև 1

 

i

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Բա-  |Բժշկա|Բժշկա-|Բժշկա-|Բժշկա|Բժշկա|Բժշկա|Բժշկա|Վթա- |Գրանց-|Գրանց-|

|   |ժան- |կան  |կան   |կան   |կան  |կան  |կան  |կան  |րային|ված   |ված   |

|   |մուն-|թափո-|թափոնի|թափոնի|թափո-|թափո-|թափոն|թա-  |իրա- |վթա-  |վթա-  |

|   |քի   |նի   |տարո- |տարո- |նի   |նի   |հանձ-|փոնն |վիճակ|րային |րային |

|   |անվա-|տե-  |ղու-  |ղու-  |տեղա-|պատաս|նողի |ըն-  |ների |իրավի-|իրավի-|

|   |նում |սակը |թյան  |թյան  |փոխ- |խանա |ստո- |դու- |գրան-|ճակի  |ճակի  |

|   |     |     |բացման|փակ-  |ման  |տու  |րագ- |նողի |ցում |հաղորդ|տեսակը|

|   |     |     |ամսա- |ման   |ամսա-|     |րու  |ստո- |     |ման   |(արտա-|

|   |     |     |թիվ   |ամսա- |թիվ  |     |թյուն|րագ- |     |ամսա- |հոսք, |

|   |     |     |      |թիվ   |     |     |     |րու- |     |թիվ   |ծակոց-|

|   |     |     |      |      |     |     |     |թյուն|     |      |ներ և |

|   |     |     |      |      |     |     |     |     |     |      |այլն) |

|___|_____|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|

| 1 |  2  |  3  |  4   |  5   |  6  |  7  |  8  |  9  |  10 |  11  |  12  |

|___|_____|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|

._________________________________________________________________________.

(1-ին ձևը լրաց. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Բաժան-|Բժշկա-|Բժշկա-|Ընդուն|Բժշկա-|Բժշկա-|Վթա-   |Գրանց- |Նկատա- |

|   |մունքի|կան   |կան   |ված   |կան   |կան   |րային  |ված    |ռումներ|

|   |անվա- |թափոնի|թափոնը|բժշկա |թափոնը|թափոնը|իրավի- |վթա-   |       |

|   |նում  |տեսակը|հանձ- |կան   |հանձ- |ընդու-|ճակների|րային  |       |

|   |      |      |նելու |թափոնի|նողի  |նողի  |գրան-  |իրավի- |       |

|   |      |      |ամսա- |կշիռը |ստորա-|ստորա-|ցում   |ճակի   |       |

|   |      |      |թիվ   |      |գրու- |գրու- |(տեսա- |հաղորդ-|       |

|   |      |      |      |      |թյուն |թյուն |կը)    |ման    |       |

|   |      |      |      |      |      |      |արտա-  |ամսաթիվ|       |

|   |      |      |      |      |      |      |հոսք,  |       |       |

|   |      |      |      |      |      |      |ծակոց- |       |       |

|   |      |      |      |      |      |      |ներ և  |       |       |

|   |      |      |      |      |      |      |այլն)  |       |       |

|___|______|______|______|______|______|______|_______|_______|_______|

| 1 |   2  |  3   |   4  |   5  |  6   |  7   |   8   |   9   |   10  |

|___|______|______|______|______|______|______|_______|_______|_______|

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը լրաց. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. մարտի 4-ի

N 03-Ն հրամանով

 

ՎԱՐԱԿԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ / ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԳՈԼՈՐՇՈՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ

 

1. Գոլորշով վարակազերծման սարքերը /ավտոկլավներ/ պետք է բժշկական վարակիչ թափոնի բեռը ապահովեն թափոնի բեռի կենտրոնում տեղադրված ստերոթերմոֆիլային բացիլի սպորների առնվազն 104 աստիճանի (լոգարիթմ 4) սպանելը ապահովելու համար բավարար ջերմաստիճան, ճնշում և ժամանակ: Սպորները տեղադրվում են թափոնի բեռի կենտրոնում: Սարքը առաջին անգամ գործարկվում է հետևյալ կերպ.

1) մինչև սարքի գործարկումը, դրա համար անհրաժեշտ պարամետրերը, ինչպիսիք են ջերմաստիճանը, ճնշումը, վարակազերծման ժամանակը, որոշվում են հետևյալ հերթականությամբ.

2) նախապատրաստվում է վարակիչ թափոնի թեստային բեռը` վարակազերծման ենթակա բժշկական վարակիչ թափոնի առավելագույն քաշով և խտությամբ.

3) մշակումից առաջ, բացիլուս ստերոթերմոֆիլուսի սպորները տեղադրվում են յուրաքանչյուր սարքի ներքևում, վերևում և առջևի մասում, յուրաքանչյուր տարողության մոտավոր կենտրոնում, և բեռի վերևի և ներքևի միջև գտնվող տարածության վրա.

4) եթե թեստային բեռի վարակազերծման ընթացքում օգտագործված աշխատանքային պարամետրերը ապահովում են ստերոթերմոֆիլային բացիլի սպորների նվազագույնը 104 աստիճանի (լոգարիթմ 4) սպանում բոլոր տարածքներում, ապա սարքը հետագայում օգտագործվում է այդ պարամետրերի պայմաններում.

5) եթե աշխատող պարամետրերը չեն կարողանում ապահովել ստերոթերմոֆիլային բացիլի սպորների նվազագույնը 104 աստիճանի (լոգարիթմ 4) սպանում բեռի բոլոր հատվածներում, ապա վարակազերծման ժամանակը, ջերմաստիճանը կամ ճնշումը փոփոխվում են /բարձրացվում են/ և թեստերը կրկնվում են այնքան, մինչև ստերոթերմոֆիլային բացիլի սպորների նվազագույնը 104 աստիճանի (լոգարիթմ 4) սպանում գրանցվի բեռի բոլոր հատվածներում: Հետագայում սարքը պետք է օգտագործվի այդ պարամետրերի պայմաններում: Եթե մշակվելիք բժշկական վարակիչ թափոնի տեսակը փոխվում է, ապա թեստերը պետք է կրկնվեն հետագա աշխատանքի նոր պարամետրերը որոշելու համար:

2. Յուրաքանչյուր սարքի համար վարակազերծման արդյունավետությունը ապահովող պայմանները գրանցվում են հատուկ մատյանում` նշելով առնվազն հետևյալը.

1) վարակազերծում ապահովող պարամետրերը` ժամանակը, ջերմաստիճանը և ճնշումը.

2) օգտագործվող տարողությունները և սարքի մեջ բեռի տեղավորման նկարագիրը:

3. Սարքը կարող է օգտագործվել միայն աշխատող պարամետրերին հասնելու դեպքում` օգտագործելով վերը նշված չափանիշները:

4. Սարքը պարբերաբար տեխնիկապես սպասարկվում է` սարքի անձնագրով և այլ տեխնիկական փաստաթղթերով նշված պահանջների համաձայն և ստուգաչափվում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Տեխնիկական սպասարկման մասին կատարվում են համապատասխան գրառումներ, որոնք պահվում են տեղում և ներկայացվում ըստ անհրաժեշտության:

5. Եթե սարքը չունի ջերմաստիճանի և ճնշման ինքնուրույն շարունակական դիտարկելու և գրանցելու հնարավորություն` յուրաքանչյուր վարակազերծման ողջ տևողության ընթացքում, ապա վարակազերծման ենթակա վարակիչ թափոնի յուրաքանչյուր բեռ ունենում է ջերմաստիճանը գրանցող ժապավեն կամ հավասարազոր թեստային նյութ` զգայորոշիչ /քիմիական կամ կենսաբանական/: Այն տեղադրվում է ջերմամեկուսիչ նյութից պատրաստված զոնդի վրա յուրաքանչյուր բեռի ներսում` տարողության մեջտեղում, վարակազերծման համար նախատեսված ջերմաստիճանը և ճնշումն ապահովելը գրանցելու համար: Թափոնը չի կարող համարվել վարակազերծված, եթե զգայորոշիչը չի գրանցել պրոցեսի ընթացքում առնվազն 1210 C ջերմաստիճան:

6. Յուրաքանչյուր սարքի արդյունավետությունը պետք է գնահատվի ստերոթերմոֆիլային բացիլների սպորների թեստի միջոցով` առնվազն ամիսը մեկ անգամ: Սպորները պետք է տեղադրվեն թափոնի բեռի կենտրոնում: Վերջնական գնահատման արդյունքները պետք է գրանցվեն: Դրանք պահվում են տեղում և ներկայացվում անհրաժեշտության դեպքում:

7. Յուրաքանչյուր սարքի համար պետք է վարվի դրա աշխատանքի գրանցման մատյան: Յուրաքանչյուր օգտագործման համար պետք է գրանցվի հետևյալը.

1) ամսաթիվը և աշխատողի անունը.

2) վարակազերծված թափոնի տեսակը և մոտավոր քանակը.

3) վարակազերծումը հաստատող արդյունքները` կամ գրանցելով թափոնի մշակման ջերմաստիճանը, ճնշումը և ժամանակի տևողությունը կամ գրանցելով դիտարկող ցուցիչի ցույց տված ջերմաստիճանը և ճնշումը:

 

2. ԹԵՍՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Վնասազերծող սարքի տեղադրումից հետո կատարվում է վավերացնող թեստ (սկզբնական միկրոկենսաբանական թեստ)` վարակիչ թափոնի պատշաճ վարակազերծման ապահովումը հաստատելու նպատակով:

8. Վնասազերծող սարքի օգտագործման ընթացքում կատարվում է միկրոկենսաբանական թեստի միջոցով վարակազերծման արդյունավետության /որակի/ հսկողություն` հետևյալ հաճախականությամբ. մեծ քանակությամբ վարակիչ թափոն արտադրող առողջապահական, գիտահետազոտական կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն)` շաբաթը մեկ անգամ, իսկ փոքր քանակությամբ թափոն առաջացնող կազմակերպությունում` ամիսը մեկ անգամ:

9. Պատշաճ վարակազերծումը հաստատելու և սարքի աշխատանքի որակի հսկողության համար օգտագործվում է առնվազն 3 թեստային նմուշ` վարակիչ թափոնի յուրաքանչյուր բեռի համար:

 

3. ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ

 

10. Ջերմաստիճանը գրանցող ժապավենի կամ հավասարազոր թեստային նյութերի` զգայորոշիչների բացակայության դեպքում կարող է օգտագործվել միկրոօրգանիզմների ոչնչացման աստիճանի այլընտրանքային հաշվարկ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցի համաձայն:

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թ. մարտի 4-ի

N 03-Ն հրամանով

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Ներածություն

 

Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Բժշկական թափոնները կենսաբանական, ֆիզիկական, քիմիական վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր մասնակցում են թափոնների գործածության գործընթացին: Վտանգավոր բժշկական թափոնները վտանգ են սպառնում հանրային առողջության անվտանգությանն այն դեպքում, երբ մարդիկ, այդ թվում երեխաները, շփվում են չմշակված թափոնների հետ: Բացի այդ, վնասազերծման սխալ մեթոդները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել հանրային առողջության համար և աղտոտել շրջակա միջավայրը:

Բժշկական թափոնների կողմից պատճառած ֆիզիկական և կենսաբանական համակցված վտանգի առավել տարածված աղբյուր են հանդիսանում ասեղներից և այլ սրածայր թափոններից առաջացած վնասվածքները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` ԱՀԿ, հաշվարկել է, որ 2000թ. աղտոտված ներարկիչներով կատարված ներարկումները առաջացրել են.

21 միլիոն հեպատիտ Բ վիրուսի (ՀԲՎ) վարակի դեպք,

երկու միլիոն հեպատիտ Ց վիրուսի (ՀՑՎ) վարակի դեպք,

260 000 ՄԻԱՎ վարակի դեպք:

2000 թ. կատարած հաշվարկը ցույց է տվել, որ հեպատիտ Ց վիրուսով վարակված առողջապահական աշխատողների 39%-ի, հեպատիտ Բ վիրուսով վարակված առողջապահական աշխատողների 37%-ի և ՄԻԱՎ-ով վարակված առողջապահական համակարգի աշխատողների 4,4%-ի մոտ վարակի պատճառը հանդիսացել են ենթամաշկային վնասվածքները:

Արյան միջոցով ախտածին միկրոօրգանիզմների տարածման մեկ այլ տարբերակ է արյան ցայտումների հետ շփվելը: Բժշկական թափոնների հետ գործ ունեցող աշխատողների մոտ կարող է արյան ցայտումների հետևանքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակի դեպքեր առաջանալ: Կլինիկական լաբորատորիաների կուլտուրաների ու շտամների կոտրված ամանեղենը կարող են ախտածին աերոզոլներ արձակել (օդում կախված փոքրիկ կաթիլներ), որոնք կարող են հիվանդության տարածման պատճառ հանդիսանալ:

Մեկ փաստագրված դեպքի ուսումնասիրությունից հայտնաբերվել է տուբերկուլոզով վարակվելու դեպք թափոնների հետ աշխատողի մոտ: Առողջապահական կազմակերպությունների թունավոր քիմիական նյութերը, ինչպիսիք են` սնդիկը և ֆորմալդեհիդը, կարող են աղտոտել հողը, օդը և գրունտային ջրերը և վարակի աղբյուր հանդիսանալ:

Հատկապես խոցելի են աղբ հավաքողները, որոնք թափոններ են հավաքում չհսկվող աղբավայրերից:

Այսօր, ամբողջ աշխարհում լայնորեն ընդունում են, որ բժշկական թափոնները պետք է ճիշտ գործածվեն: Օրինակ, ԱՀԿ-ն հրատարակել է մի շարք փաստաթղթեր` նշելով բժշկական թափոնների ճիշտ գործածության կարևորությունը: Հայաստանը հանդիսանում է 22.03.89 թ. «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիայի և 2001թ. «Կայուն օրգանական աղտոտող աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի ստորագրող կողմ: Կոնվենցիաներից երկուսն էլ ունեն ուղեցույցներ, որոնք ներառում են բժշկական թափոնների գործածությանը վերաբերող հարցեր: Շատ երկրներ մշակել են բժշկական թափոններին վերաբերող օրենքներ և կանոններ: Այս օրենքներից շատերը հիմնված են ստորև ներկայացված մեկ կամ ավելի հիմնական սկզբունքների վրա.

Թափոնների նկատմամբ պարտականության սկզբունք: Ցանկացած անձ կամ կազմակերպություն, որն առաջացնում կամ գործածում է բժշկական թափոններ, որպես կանոն պատասխանատու է թափոնների համար, քանի դեռ դա իր պարտականությունների սահմաններում է:

Նախազգուշական միջոցառումների սկզբունք: Երբ կա թափոններից վարակվելու հնարավոր վտանգ, ապա դա պարտավորեցնում է բժշկական թափոններ առաջացնողներին մշակել թափոնների հավաքման և հեռացման ստանդարտ, ինչպես նաև ապահովել անձնակազմի անձնական պաշտպանությունը:

Ծագումից մինչև վերջնական հեռացման պատասխանատվության սկզբունք: Թափոններ առաջացնող և թափոնների հետ գործ ունեցող կազմակերպությունները պատասխանատու են իրենց թափոնների համար` գոյացման վայրից մինչև դրա վերջնական հեռացումը:

«Վճարում է աղտոտողը» սկզբունք: Թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են իրենց թափոնների անվտանգ և շրջակա միջավայրում հուսալի հեռացման համար:

Բժշկական թափոնների ճիշտ գործածության հեռանկարային նպատակներն են.

1) Հիվանդներին և առողջապահական համակարգի աշխատողներին պաշտպանել բժշկական թափոնների հետ կապված վտանգներից,

2) Հասարակությունը պաշտպանել բժշկական թափոնների հետ կապված վտանգներից,

3) Պահպանել շրջակա միջավայրը:

 

2. Հիմնական հասկացություններ

 

1-ին գծապատկերը ցույց է տալիս թափոնների տարբեր տեսակները, որոնք կարող են առաջանալ բուժկանխարգելիչ կազմակերպությունում: Որքան մեծ է կազմակերպությունը, այնքան մեծ է թափոնների խմբի քանակը և բազմազանությունը:

 

.______________________.

|   Բժշկական թափոններ  |

.______________________.

.___________________________________________.

._____________________________________. ._______________________.

|Վտանգավոր բժշկական թափոններ          | |    Կենցաղային թափոններ|

._____________________________________. ._______________________.

|                  |                        |

.____________________.  ._____________.  .______________________.

|Վարակիչ             |  |Այլ վտանգավոր|  |Կանոնավոր ոչ վտանգավոր|

|թափոններ            |  |թափոններ     |  |թափոններ              |

.____________________.  ._____________.  .______________________.

|                  |                        |

.____________________.  ._____________.  .______________________.

|Կուլտուրաներ/շտամներ|  |Քիմիական     |  |Թուղթ, պլաստիկ        |

|վիրաբուժական        |  |թափոններ     |  |պարագաներ, ապակի,     |

|թափոններ,           |  |             |  |ալյումին և  այլ       |

|մեկուսարանների      |  |             |  |վերամշակելի թափոններ  |

|թափոններ            |  |             |  |                      |

.____________________.  ._____________.  .______________________.

|                  |                        |

.____________________.  ._____________.  .______________________.

|                    |  |             |  |Սնունդ և  այլ         |

|Սրածայր             |  |Դեղագործական |  |օրգանական թափոններ,   |

|թափոններ            |  |             |  |որը կարող է           |

|                    |  |             |  |պարարտախառնուրդի      |

.____________________.  ._____________.  |վերածվել              |

|                  |           .______________________.

|                  |                        |

.____________________.  ._____________.  .______________________.

|Ախտաբանա-           |  |Ռադիոակտիվ   |  |Կեղտաջուր             |

|անատոմիական         |  |թափոններ     |  |                      |

.____________________.  ._____________.  .______________________.

 

Բուժկանխարգելիչ կազմակերպության կողմից առաջացրած թափոնների 85% -ից 95%-ը կազմում են ոչ վտանգավոր կամ ընդհանուր կենցաղային թափոններ, որը նույնն է ինչ որ տներում, ռեստորաններում, հյուրանոցներում և գրասենյակներում առաջացող կանոնավոր թափոնը: Կենցաղային թափոնները հիմնականում գոյանում են բուժկանխարգելիչ կազմակերպությունների վարչական, տնտեսական, բակի մաքրման գործունեությունից: Բժշկական թափոնների մնացած 5% -ից 15%-ը համարվում են վտանգավոր և կարող են զանազան առողջական վտանգներ առաջացնել ըստ վերը նշվածի: Այնուամենայնիվ, երբ թափոնները` ըստ տեսակների սխալ են տարանջատվում և խառնվում են կենցաղային թափոնների հետ, ապա վտանգավոր բժշկական թափոնների տոկոսային չափը շատ ավելի բարձր է լինում: Թափոնների ծավալի նվազեցման ծրագրի բացակայությունը նույնպես չափից դուրս մեծացնում է բժշկական թափոնների քանակը: ՈՒստի, ինչպես նկարագրված է այս մեթոդական ցուցումներում, թափոնների` ըստ տեսակների տարանջատումը և թափոնների ծավալի նվազեցումը հանդիսանում են բժշկական թափոնների գործածության կարևոր սկզբունքներ:

Տիպիկ հիվանդանոցը` տարանջատելով իր թափոնները ըստ տեսակների, առաջացնում է մոտավորապես 85% կենցաղային թափոն, 10% վարակիչ թափոն, այդ թվում սրածայր և ախտաբանաանատոմիական թափոն, և 5% քիմիական, դեղագործական և այլ վտանգավոր թափոններ, ինչպես ցույց է տրված ստորև ներկայացված գծապատկերում:

 

վարակիչ թափոն

10%

կենցաղային թափոն

85%

Քիմիական և այլ

վտանգավոր թափոն

5 %

 

Սույն մեթոդական ուղեցույցը տրամադրում է այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտա բուժկանխարգելիչ կազմակերպություններին ստեղծել բժշկական թափոնների գործածության համակարգ` ապահովելով բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը:

Այս մեթոդական ուղեցույցում նկարագրված են աշխատողների և կազմակերպությունների դերն ու պարտականությունները, բժշկական թափոնների գործածության բնագավառում պահանջվող կազմակերպչական կառուցվածքը, բժշկական թափոնների նախնական գնահատումների ընթացակարգը, գործածության ծրագրերի մշակումը, դասակարգումը, ըստ տեսակների տարանջատումը, թափոնների ծավալի նվազեցման, գործածության և հավաքման, պահման, փոխադրման, մշակման և հեռացման բնագավառում առաջադրվող գործողությունները, անկանխատեսելի դեպքերին վերաբերող ծրագրի մշակումը, ուսուցումը, հանրային կրթությունը, մշտադիտարկումը, վերջնական գնահատումը և բարելավման գործողությունները, համապատասխան միջոցների ձեռքբերումը և բյուջեի կազմումը, փոքր քանակության թափոններ առաջացնող կազմակերպությունների համար հատուկ մոտեցումները, ինչպես նաև կազմակերպությունից դուրս կատարվող փոխադրումը և կենտրոնացված վնասազերծումը:

 

3. Բժշկական թափոնների նախնական գնահատում և դասակարգում

 

Թափոններին վերաբերող կանոնների կատարման նպատակով, բժշկական թափոններ առաջացնող բոլոր առողջապահական կազմակերպությունները իրականացնում են սկզբնական գնահատում, որից հետո գնահատման արդյունքները ամփոփվում են գրավոր հաշվետվությամբ:

Սկզբնական գնահատումը փաստաթղթերով հաշվառում է մեկ ամսում կազմակերպությունում առաջացած բժշկական թափոնների միջին քանակը, պատկերում է թափոնների շարժը` գոյացումից մինչև վերջնական հեռացում և նկարագրում թափոնների հավաքման, ըստ տեսակների տարանջատման, գործածության, փոխադրման, մշակման և հեռացման ներկա գործողությունները:

Վտանգավոր բժշկական թափոնների դասակարգում

Բժշկական թափոններ` կազմակերպություններում պացիենտների հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների կամ գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած թափոններ, որոնք բաժանվում են`

1) վարակիչ թափոնների, որոնք իրենց հերթին դասակարգվում են`

ա. միկրոկենսաբանական թափոններ-լաբորատոր աշխատանքի համար նախատեսված վարակիչ հիվանդությունների հարուցիչների կուլտուրաներ և շտամներ, վիրահատական և վարակիչ հիվանդություններից մահացածների դիահերձումներից առաջացած թափոն (հյուսվածքներ և առարկաներ կամ սարքավորումներ, որոնք շփվել են արյան կամ կենսաբանական այլ հեղուկների հետ), վարակիչ հիվանդներից առաջացած թափոն (արտաթորանքներ, վարակված կամ վիրաբուժական վերքերի վիրակապեր, մարդու արյամբ կամ կենսաբանական այլ հեղուկներով աղտոտված հագուստ), հեմոդիալիզ ստացող հիվանդների հետ շփումից առաջացած թափոն (դիալիզի խողովակներ, ֆիլտրեր, միանվագ օգտագործման սրբիչներ, խալաթներ, ձեռնոցներ և լաբորատոր խալաթներ), լաբորատորիաներում փորձարարական աշխատանքների համար վարակված կենդանիների դիակներ, ցանկացած միանվագ օգտագործման գործիք կամ առարկա, որը շփում է ունեցել վարակված մարդկանց կամ կենդանիների հետ.

բ. ախտաբանաանատոմիական թափոններ - վիրահատության, դիահերձման և այլ գործընթացների ընթացքում հեռացված հյուսվածքներ, օրգաններ, մարմնի մասեր, արյուն, կենսաբանական հեղուկներ, նաև վիժումների զանգվածներ, կենդանիների դիակներ (սատկած կենդանու լեշ).

գ. կենսաբանական հեղուկներ - հեղուկներ, որոնք իրենց մեջ կարող են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակել, արյուն, արյան բաղադրամասեր, ավիշ, սերմնահեղուկ, հեշտոցի արտազատուկներ, ողնուղեղային, ձուսպային, թոքամզային, որովայնամզային, հարսրտային պարկի և հարպտղային հեղուկներ: Կենսաբանական հեղուկներով աղտոտված առարկաներ, նյութեր, փափուկ գույք.

դ. սրածայր թափոններ - կրկնակի օգտագործման կամ վերամշակման ոչ ենթակա ներարկիչներ, ներարկման ասեղներ, կարեր դնելու ասեղներ, վիրադանակներ և այլ սայրեր, նշտարներ, սղոցներ, դանակներ, կոտրված կամ չկոտրված ապակի, սրվակներ, մեխեր և այլն.

2) քիմիական թափոններ -ախտորոշիչ և /կամ փորձարարական գործունեությունից առաջացած կիրառման և օգտագործման ոչ ենթակա քիմիական նյութեր, ինչպես նաև մաքրման, ախտահանման և այլ գործընթացների ընթացքում առաջացող նյութեր, որոնք ունեն հետևյալ հատկություններից առնվազն մեկը.

ա. թունավոր/տոքսիկ,

բ. քայքայիչ` թթուներ Ph < 2.0 և հիմքեր Ph >12,

գ. դյուրավառ,

դ. ռեակտիվ` պայթուցիկ, ջրի նկատմամբ ռեակտիվ, ջերմության նկատմամբ զգայուն քիմիական նյութեր,

ե. ցիտոստատիկ դեղեր, այդ դեղերով բուժվող հիվանդների արտաթորանքներ /մեզ, կղանք, փսխման զանգված և այլն/:

4) դեղագործական թափոններ - ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղեր, պատվաստանյութեր, շիճուկներ և դեղագործական այլ ապրանքներ:

Այս թափոնները նույնպես կարող է պարունակել լուծիչներ, օրգանական և անօրգանական քիմիական նյութեր և առարկաներ, որոնք պարունակում են ծանր մետաղներ (օրինակ` սնդիկ, կադմիում):

Թափոնների խմբերն իրենց տեսակներով և գտնվելու վայրերով ներկայացված են ստորև բերված աղյուսակում.

._________________________________________________________________.

|      ԽՄԲԵՐ      |    ԹԱՓՈՆԻ ՏԵՍԱԿՆԵՐ      |    ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ    |

|_________________|_________________________|_____________________|

|Կուլտուրաներ և   |Վարակիչ                  |                     |

|շտամներ          |հիվանդությունների        |Լաբորատորիա, դեղատուն|

|(Վարակիչ         |հարուցիչների շտամներ,    |                     |

|թափոններ)        |ժամկետանց կենդանի և      |                     |

|                 |նոսրացված պատվաստանյութ  |                     |

|                 |կամ շիճուկ,              |                     |

|                 |կուլտուրաների տեղակայման |                     |

|                 |համար նախատեսված         |                     |

|                 |ամանեղեն և  այլ          |                     |

|                 |պարագաներ                |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Վիրահատական      |Հյուսվածքներ, նյութեր    |Վիրահատարան,         |

|թափոններ և       |կամ սարքավորում, որոնք   |դիահերձարան,         |

|դիահերձումից     |շփվել են արյան կամ այլ   |միջամտությունների    |

|առաջացած թափոններ|կենսաբանական հեղուկների  |սենյակ, բիոպսիայի    |

|(Վարակիչ         |հետ                      |սենյակ               |

|թափոններ)        |                         |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Հատուկ վտանգավոր |Հատուկ վտանգավոր վարակիչ |Վարակիչ              |

|վարակիչ          |հիվանդություններով       |հիվանդանոցներ,       |

|հիվանդներից      |(խոլերա, սիբիրյան խոց,   |բաժանմունքներ,       |

|առաջացած         |ժանտախտ,  դեղին տենդ,    |մեկուսարաններ և  այլ |

|թափոններ         |ատիպիկ թոքաբորբ, թռչնի   |առողջապահական        |

|(Վարակիչ         |գրիպ և  այլն) տառապող    |հաստատություններ     |

|թափոններ)        |հիվանդների               |(հատուկ վտանգավոր    |

|                 |արտաթորանքներ, վարակված  |վարակիչ              |

|                 |կամ վիրաբուժական վերքերի |հիվանդություններով   |

|                 |վիրակապեր, մարդու արյամբ |տառապող հիվանդների   |

|                 |կամ կենսաբանական այլ     |համար)               |

|                 |հեղուկներով կեղտոտված    |                     |

|                 |հագուստ                  |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Հեմոդիալիզի      |Դիալիզի սարքավորում,     |Հեմոդիալիզի սենյակ,  |

|թափոններ         |օրինակ` խողովակներ,      |դիալիզի կենտրոններ   |

|(Վարակիչ         |ֆիլտրեր, միանվագ         |                     |

|թափոններ)        |օգտագործման սրբիչներ,    |                     |

|                 |խալաթներ և  ձեռնոցներ    |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Վարակված         |Խոտանված նյութեր, այդ    |Հետազոտական          |

|կենդանիներ       |թվում` մարմնի մասեր,     |լաբորատորիաներ,      |

|(Վարակիչ         |սատկած կենդանիներ,       |հիվանդանոցներ,       |

|թափոններ)        |կենսաբանական հեղուկներ,  |անասնաբուժական       |

|                 |արյան կամ վարակիչ        |կլինիկաներ           |

|                 |նյութերի հետ շփված       |                     |

|                 |պարագաներ                |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Աղտոտված բժշկական|Միանվագ օգտագործման      |Հիվանդասենյակներ,    |

|սարքավորում      |գործիք կամ նյութ, որը    |հետազոտական          |

|(Վարակիչ         |շփվել է վարակիչ մարդկանց |լաբորատորիաներ,      |

|թափոններ)        |կամ կենդանիների հետ      |անասնաբուժական       |

|                 |                         |հիվանդանոցներ և      |

|                 |                         |կլինիկաներ           |

|_________________|_________________________|_____________________|

|Ախտաբանական      |Հյուսվածքներ, օրգաններ,  |                     |

|թափոններ         |անատոմիական թափոններ     |Վիրահատարան,         |

| (Վարակիչ        |(ճանաչելի մարմնի մասեր   |ախտաբանաանատոմիական  |

|թափոններ)        |բացառությամբ ատամների),  |կենտրոն, դիահերձարան |

|                 |որոնք հեռացվել են        |                     |

|                 |վիրահատության,           |                     |

|                 |դիահերձման կամ այլ       |                     |

|                 |գործողությունների        |                     |

|                 |ժամանակ, վիժման          |                     |

|                 |զանգվածներ, առողջ մարմնի |                     |

|                 |մասեր, կենդանու դիակներ, |                     |

|                 |բուշտեր, ուռուցքներ,     |                     |

|                 |արյուն, կենսաբանական     |                     |

|                 |հեղուկներ և  այլն        |                     |

|_________________|_________________________|_____________________|

|Սրածայր թափոններ |Միանվագ օգտագործման      |Հիվանդասենյակներ,    |

|                 |ներարկիչներ, կարի        |բուժքույրերի         |

|                 |ասեղներ, վիրաբուժական    |սենյակներ/կայաններ,  |

|                 |դանակ և  այլ սուր սայր   |ամբուլատոր           |

|                 |ունեցող իրեր, շառտիչ     |կլինիկաներ,          |

|                 |սարք, ներերակային        |վիրահատարան,         |

|                 |ներարկման ասեղներ,       |լաբորատորիա,         |

|                 |սղոցներ, դանակներ,       |շտապօգնության        |

|                 |կոտրված կամ չկոտրված     |բաժանմունք, արյան    |

|                 |ապակի, սրվակներ,         |բանկեր, բժշկական     |

|                 |խողովակներ, կաթոցիչներ   |օֆիսներ,             |

|                 |և  այլն                  |ատամնաբուժական       |

|                 |                         |կլինիկաներ           |

|_________________|_________________________|_____________________|

|Դեղագործական     |Ժամկետանց,  օգտագործման  |Դեղատուն             |

|թափոններ         |համար ոչ պիտանի          |                     |

|                 |դեղագործական արտադրանք   |                     |

|_________________|_________________________|_____________________|

|                 |Թափոններ, որոնք          |Ուռուցքաբանության    |

|Ցիտոտոքսիկ       |պարունակում են           |կենտրոններ           |

|թափոններ         |ցիտոտոքսիկ, գենոտոքսիկ   |                     |

|                 |կամ այլ վտանգավոր        |                     |

|                 |հակաուռուցքային դեղեր    |                     |

|_________________|_________________________|_____________________|

|                 |Թափոններ, որոնք          |Ռադիոլոգիական        |

|                 |պարունակում են ժամկետանց |լաբորատորիա,         |

|Քիմիական         |և  օգտագործման համար ոչ  |շինության տնտեսական  |

|թափոններ         |պիտանի քիմիական նյութեր, |մասնաշենք            |

|                 |ինչպես օրինակ` լաբորատոր |                     |

|                 |ռեակտիվներ, ախտահանիչ    |                     |

|                 |նյութեր, լուծիչներ և     |                     |

|                 |այլն                     |                     |

|_________________|_________________________|_____________________|

|                 |Թափոններ, որոնք          |                     |

|                 |պարունակում են           |                     |

|                 |ռադիոակտիվ նյութեր,      |Միջուկային           |

|Ռադիոակտիվ       |ինչպես օրինակ`           |բժշկության,          |

|թափոններ         |ռադիոթերապիայի կամ       |ռադիոթերապիայի       |

|                 |լաբորատոր հետազոտության  |բաժանմունքներ,       |

|                 |ժամանակ չօգտագործված     |հետազոտական          |

|                 |հեղուկներ, աղտոտված      |լաբորատորիա,         |

|                 |ապակե առարկաներ,         |                     |

|                 |փաթեթներ և  ծծան         |                     |

|_________________|_________________________|_____________________|

|                 |Օգտագործված մարտկոցներ,  |                     |

|                 |կոտրված ջերմաչափեր,      |                     |

|                 |արյան ճնշաչափեր, քսիլոլ, |Հիվանդասենյակներ,    |

|                 |մեթիլ սպիրտ,             |բուժքույրերի         |

|Այլ վտանգավոր    |ֆորմալդեհիդ,             |սենյակներ,           |

|թափոններ         |եռքլորէթիլեն, ծծմբական   |պահեստամաս,          |

|                 |թթու, գլուտարալդեհիդ,    |ախտաբանաանատոմիական  |

|                 |մաքրող լուծիչներ,        |կենտրոն, հեմոդիալիզի |

|                 |յուղազերծող նյութեր,     |լաբորատորիա          |

|                 |կալիումի ցիանատ, ասբեստ, |                     |

|                 |պոլիքլորացված բիֆենիլներ |                     |

._________________________________________________________________.

 

4. Թափոնների գոյացման հաշվարկ

 

Յուրաքանչյուր առողջապահական հաստատություն 30 օրվա ընթացքում, յուրաքանչյուր օր գրանցում է բոլոր պինդ և հեղուկ թափոնների քանակները /քաշը/, որոնք պարունակում են վտանգավոր բժշկական թափոնների վերը նկարագրված մեկ կամ ավելի տեսակներ, բացառությամբ այն հեղուկ թափոնների, որոնք խոտանվում են կոյուղու խողովակի մեջ: Քաշը ընդգրկում է թափոնների հետ խոտանված պարկերի, արկղերի կամ այլ տարողությունների և բեռնարկղերի քաշը, բայց չի ընդգրկում այն բեռնարկղերի քաշը, որոնք կրկնակի են օգտագործվում: 30-րդ օրը գրանցված քաշերը գումարվում են և թափոնների ամսական քանակը ընդհանուր կերպով նշվում է հաշվետվության մեջ:

Թափոնների ցանկացած տարողությունը կամ բեռնարկղը, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն: Պարկերը, արկղերը կամ այլ բեռնարկղերը կշռվում են դրանք փակելուց հետո և նորից չեն բացվում`` նյութը հեռացնելու կամ ըստ տեսակի առանձնացնելու համար: Թափոնների կշիռը գրանցող աշխատողներին տրամադրում են անհրաժեշտ անձնական պաշտպանության հանդերձանք` ձեռնոցներ, գոգնոցներ, դեմքի դիմակներ և այլն:

 

5. Թափոնների շարժի գրանցում և ընթացիկ վարում

 

Յուրաքանչյուր առողջապահական կազմակերպություն հետևում է վտանգավոր բժշկական թափոնների շարժին` կազմակերպության ներսում դրա գոյացման վայրից մինչև կազմակերպության ներսում կամ դրսում դրա վերջնական հեռացումը: Սա կարող է կատարվել կազմակերպության յուրաքանչյուր բաժանմունքում` այս գործողությունը կատարելու համար նշանակված մի աշխատողի կողմից կամ մի քանի աշխատողների միացյալ ջանքերով: Մեկ լրիվ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ աշխատողը զննում է, թե որտեղ են առաջանում թափոնները, կազմակերպության ներսում որտեղ են փոխադրվում մինչև դրանց վերջնական հեռացումը: Եթե թափոնները հեռացվում են կազմակերպությունից դուրս, ապա որոշվում է, թե որտեղ են թափվում թափոնները:

Վտանգավոր բժշկական թափոնների շարժի պատկերը հետագայում արտացոլվում է հաշվետվության մեջ` շարժի աղյուսակի ձևով: Վանդակները օգտագործվում են ցույց տալու համար վտանգավոր բժշկական թափոններ առաջացնող կազմակերպության բաժանմունքները, պահման և վնասազերծման օբյեկտների գտնվելու վայրը, այն վայրը որտեղ թափոնները հավաքվում և կազմակերպությունից դուրս են հանվում և վերջնական հեռացման գտնվելու վայրը: Գծերով ցույց է տրվում թե ինչպես է կատարվում թափոնների շարժը գոյացման տարբեր վայրերից մինչև վերջնական հեռացման վայրը:

Քանի որ նշանակված աշխատողը զննում է թափոնների շարժը աշխատանքային օրվա ընթացքում, ապա միևնույն աշխատողին կարող են հանձնարարել զննել և նշումներ անել վտանգավոր բժշկական թափոնների գործածության առկա գործողությունների մասին:

Հաշվետվությունը գրավոր նկարագրվում է, թե ինչպես և երբ են թափոնները հավաքվում, օգտագործված բեռնարկղերի տեսակները, թափոնների պահման տևողությունը, թափոնների տարբեր տեսակների մեկը մյուսից տարանջատումը, ինչպես նաև տարանջատումը կենցաղային թափոններից, թե ինչպես և որտեղ են թափոնները պահվում, ինչպես են թափոնները փոխադրվում կազմակերպության ներսում, կիրառվող վնասազերծման մեթոդները, ինչպես և երբ են թափոնները փոխադրվում կազմակերպությունից դուրս և ինչպես են թափոնները վերջնականորեն հեռացվում:

Թափոնների քաշի շարժի և գործածության գործողությունների մասին ցանկացած լրացուցիչ մանրամասնությունների գրանցումը ներկայացվում է հաշվետվության հավելվածների ձևով: Այս հաշվետվությունը հանդես է գալիս որպես բժշկական թափոնների գործածության գործողությունների սկզբնական գնահատում և բազային տվյալների նկարագրում: Այն դեպքերում, երբ բժշկական թափոնների գործածության համակարգը արդեն գործում է, ապա սկզբնական գնահատմանը վերաբերող հաշվետվությունը կարող է հիմք հանդիսանալ համեմատություններ կատարելու, ինչպես նաև կատարված կամ չկատարված բարելավումների գնահատում կատարելու հարցում: Վերահսկիչ ստուգման ժամանակ սկզբնական գնահատման հաշվետվությունը տրամադրվում է կարգավորող մարմնին:

30 օր հետո գոյացած վտանգավոր բժշկական թափոնների ընդհանուր քաշը որոշում է, թե արդյոք կազմակերպությունը մեծ քանակություն առաջացնող է (ամսական 50 կգ կամ ավելի) թե՞ փոքր քանակություն առաջացնող (ամսական մինչև 50 կգ): Եթե առողջապահական կազմակերպությունը կարող է նվազեցնել իր վտանգավոր բժշկական թափոնների քանակությունը մինչև 50 կգ/ամիս` թափոնների ըստ տեսակների ճշգրիտ տարանջատման և թափոնների ծավալի նվազեցման ճիշտ ընտրված մեթոդի միջոցով, ապա այն կարող է վերադասակարգվել որպես փոքր քանակ առաջացնող առողջապահական կազմակերպության: Այնուամենայնիվ, կազմակերպությունը նախապատրաստում է ամենաթարմ տվյալներ պարունակող թափոնների գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որը կնկարագրի քանակների նվազեցումը և բարելավման արդյունքում առաջացած թափոնների գործածության գործողությունները:

Ժամանակակից մեթոդ է հանդիսանում բժշկական թափոնների վարման մշտադիտարկող եղանակը: Այն հիմնված է ԱՀԿ-ի արագ գնահատման եղանակի վրա: Դա օգտագործողին թույլ է տալիս համեմատաբար կարճ ժամկետում անհրաժեշտ տվյալներ հավաքել բժշկական թափոնների գործածությունը գնահատելու և մնացած խնդիրները ճանաչելու նպատակով:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2008
N 03-Ն
Հրաման