Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 199 ...

 

 

110.0163.120698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

11 հունիսի 1998թ. թիվ 163-Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների 1998 թվականի ընդունելության կանոնները:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

i

_______________ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

«11» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման ձևով:

2. Քոլեջներ կարող են ընդունվել միջնակարգ և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցողները, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` 8-ամյա, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցողները: Կրթության հիմքը (8-ամյա, միջնակարգ) ըստ մասնագիտությունների սահմանվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ուսումնական հաստատությունը կառավարող համապատասխան գերատեսչության կողմից համատեղ:

Քոլեջներ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ վճարովի հիմունքներով կարող են ընդունվել նաև միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցողները:

3. Ընդունելությունը կատարվում է պետական պատվերի և վճարովի ուսուցման համակարգի` ըստ մասնագիտությունների հաստատված տեղերում սույն կանոնների համաձայն:

4. Ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` սույն կանոններով սահմանված մրցույթի կարգով:

Ընդունելության քննությունների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

5. Յուրաքանչյուր քննական առարկա գնահատվում է 20-միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Բացառություն են կազմում երաժշտական առարկաները, որոնք գնահատվում են 10-միավորային համակարգով, դրական են համարվում հինգ և դրանից բարձր միավորները:

6. Դիմորդների գործերի ընդունումը կատարվում է տվյալ ուսումնական հաստատությունում` տեղի ընդունող հանձնաժողովի կողմից:

7. Դիմորդների գործերի ընդունումը սկսվում է 1998 թ. հունիսի 20-ից և ավարտվում ոչ ուշ, քան տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից երկու օր առաջ:

8. Ընդունելության քննությունները սկսվում են 1998 թ. հուլիսի 16-ից և ավարտվում են օգոստոսի 25-ին:

9. Դիմորդները քոլեջի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում,

բ) կրթության մասին վկայական (բնագիրը կամ պատճենը),

գ) բժշկական տեղեկանք (ձև 086-ՈՒ),

դ) չորս լուսանկար (3 x 4 սմ չափի),

ե) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում հիվանդության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

զ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական),

է) լրացուցիչ փաստաթղթեր` սույն կանոնների 16-րդ կետով սահմանված արտոնությունների վերաբերյալ:

10. Քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներն ընդունելության քննություններին մասնակցելու համար նախապես վճարում են 500 դրամ` յուրաքանչյուր քննական առարկայի համար: Սույն կանոնների 16-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են նշված գումարի վճարումից:

Անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից` վճարված գումարը դիմորդին ետ չի վերադարձվում:

11. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաները հանձնում են ռուսական դպրոցի ծրագրով: Մնացած առարկաները, իրենց ցանկությամբ, կարող են հանձնել ռուսերեն լեզվով: Կրթության փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդների համար «Հայոց լեզու» առարկան նրանց ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում` 0206- «Գործավարություն և արխիվավարություն», 0302- «Աշխատանքի ուսուցում», 0307 - «Դասավանդում տարրական դասարաններում», 030701 - «Դասավանդում տարրական դասարաններում և ռուսաց լեզու», 030702 - «Դասավանդում տարրական դասարաններում և անգլերեն լեզու», 0308 - «նախադպրոցական դաստիարակություն», 030801 - «Նախադպրոցական դաստիարակություն և օտար լեզու», 030802 - «Նախադպրոցական դաստիարակություն և կերպարվեստ», 0309 - «Արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանք», 0520 - «Գրադարանային գործ», «Օտար և հայոց լեզուների դասավանդում» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդները պարտադիր կերպով հանձնում են ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` հայկական դպրոցի ծրագրով:

Արվեստի մասնագիտությունների համար (ցանկը սահմանվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից) «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննություն է համարվում հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի (կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունենալու դեպքում` «Ռուսաց լեզու» առարկայի) ավարտական քննությունը:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 1998 թվականին կենտրոնացված կարգով հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը (սահմանված ձևի տեղեկանքով քոլեջ կամ ՄՄՈՒՀ ներկայացված) համարվում է քոլեջում կամ ՄՄՈՒՀ-ում հանձնած տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական:

1.2. Գրավոր քննության գնահատականը դիմորդի կողմից կարող է գանգատարկվել գնահատականի հայտնման օրը` մինչև ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի սահմանած ժամը, իսկ բանավոր քննության գնահատականը` առանց քննասենյակից դուրս գալու:

1.3. Ընդունելության քննության վերահանձնում չի թույլատրվում:

1.4. Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդներին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները ուսումնական հաստատությունում դեռևս չեն ավարտվել:

Քննությունների ժամանակացույցով նշանակված ժամկետին որևէ քննության անհարգելի պատճառով չներկայացած դիմորդների մասնակցությունը հետագա քննություններին չի թույլատրվում:

1.5. Մրցույթն անց է կացվում մրցութային քննություններից հավաքած միավորների գումարի հիման վրա: Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում`

ա) առաջին հերթին ընդունվում են միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե (արծաթե) մեդալով ավարտած դիմորդներին և ժամկետային զինվորական ծառայությունն անցած անձանց,

բ) հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները` քննությունների ցանկով սահմանված հաջորդականությամբ:

16. Մրցույթից դուրս արտապլանային տեղերում կարող են ընդունվել`

ա) 1-ին և 2-րդ խմբի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,

բ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված մինչև 1998 թ. սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք,

գ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված տեղեկանքների:

17. Պետական պատվերով հատկացված տեղերում մրցույթով չանցած դիմորդները` պետպատվերով ընդունվածների հրամանագրումից հետո երկու օրվա ընթացքում կարող են ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի տեղերի մրցույթին մասնակցելու համար:

18. Թափուր տեղերի առկայության դեպքում քոլեջներ և ՄՄՈՒՀ-ներ մրցութային կարգով կարող են ընդունվել ընթացիկ տարում տվյալ քոլեջի կամ ՄՄՈՒՀ-ի այլ մասնագիտության, ինչպես նաև այլ ՄՄՈՒՀ-ների, քոլեջների և ԲՈՒՀ-երի մրցույթով չանցած (անկախ ուսուցման համակարգից) դիմորդները, որոնք մինչև ս/թ օգոստոսի 31-ը ներկայացնում են համընկնող քննական առարկաներից ստացված միավորները պարունակող` սահմանված ձևի տեղեկանքներ:

19. Ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը լուծվում են ընդունող հանձնաժողովի կողմից:

20. Սույն կանոնները մշակվում և հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված` ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «12» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 129800138

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
11.06.1998
N 163-Մ
Հրաման