Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0120.130209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2009 թվականի N 120-Ն

 

i

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել բուսական աշխարհի մոնիթորինգի վարման մեթոդական ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունվարի 22-ի

N 120-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի մոնիթորինգի իրականացման նպատակը, խնդիրները, օբյեկտներն ու բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման (վարման) կարգը:

2. Բուսական աշխարհի մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) կազմակերպվում է բույսերի աճելավայրերի և էկոհամակարգի վիճակի վերաբերյալ: Մոնիթորինգը բուսական աշխարհի օբյեկտների որակական և քանակական ցուցանիշների, տարածվածության գնահատման, արագ արձագանքման և զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:

3. Մոնիթորինգը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար հիմք են հանդիսանում բուսական աշխարհի գույքագրման ու պետական հաշվառման տվյալները: Պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում այն կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

II. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Մոնիթորինգն իրականացվում է բուսական աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման նպատակով`մշտապես գնահատելով բույսերի տեսակների և դրանց աճելավայրերի վիճակի փոփոխությունները, կանխատեսելով բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը, բարելավելով բուսական աշխարհի շարունակական կայուն կառավարումը` ներառյալ պահպանությունը և ռեսուրսի օգտագործումը:

6. Մոնիթորինգի խնդիրներն են`

1) բուսական աշխարհի կառավարումն իրականացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումներ ընդունելու համար.

2) բույսերի տարածվածության, տեսակային կազմի, քանակի, աճելավայրերի առկա վիճակի բացահայտումը.

3) համակեցությունների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.

4) բուսական աշխարհին ու նրա առանձին տեսակներին սպառնացող բնական, մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը, դրանց կանխարգելման միջոցառումների մշակումը և վերացման առաջարկությունների նախապատրաստումը.

5) բուսական ռեսուրսների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.

6) բուսական աշխարհի մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու իրազեկմանը նպաստելը:

 

III. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

7. Մոնիթորինգի օբյեկտներն են`

1) բույսերի տեսակների աճելավայրերը, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.

2) բույսերի բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`

ա. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),

բ. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվադեպ են հանդիպում (ռելիկտներ),

գ. Հայաստանի բուսական աշխարհի համար օտարածին և տեղածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումն սպառնում է էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ).

3) Կարմիր գրքում ընդգրկված բույսերի տեսակները, ինչպես նաև դրանց համակեցություններն ու պոպուլյացիաները.

4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները.

5) բուսական համակեցություններն ու պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.

6) բուսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը:

 

IV. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառների, անտառային հողերի) մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին): Անտառներում և անտառային հողերում մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից և ստացված արդյունքները ներկայացվում են լիազորված պետական մարմին` բուսական աշխարհի մոնիթորինգի վարման նպատակով:

9. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`

1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.

2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.

3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.

4) մոնիթորինգի տվյալների հիման վրա լիազորված պետական մարմնի կողմից անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):

10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`

1) միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.

2) տեղական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներից, անտառներից և անտառային հողերից դուրս` լիազորված պետական մարմնի պատվերով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:

12. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախատեսվում է` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:

13. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան մարմինների և կազմակերպությունների կողմից և հաստատվում են լիազորված պետական մարմնի պատվերով:

14. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունն ապահովում է տվյալ տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը` համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով:

15. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:

16. Մոնիթորինգի արդյունքում ստացված ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:

17. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով ստեղծվում է միասնական համապարփակ տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:

18. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբկայքում:

19. Անտառների բուսական աշխարհի վերաբերյալ ստացված տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2009
N 120-Ն
Որոշում