Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0121.160209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2009 թվականի N 121-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում ընդունել կենդանական աշխարհի մոնիթորինգի վարման մեթոդական ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 5-ի

N 121-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման նպատակը, խնդիրները, օբյեկտներն ու կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման (վարման) կարգը:

2. Կենդանական աշխարհի մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը: Մոնիթորինգը` կենդանական աշխարհի օբյեկտների որակական և քանակական ցուցանիշների, գնահատման, արագ արձագանքման և զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:

3. Մոնիթորինգը կազմակերպվում ու իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար հիմք են կենդանական աշխարհի պետական հաշվառման տվյալները, որն իրականացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում դա կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4.1. Որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը կազմակերպում և իրականացնում է որսի օգտատերը` տարեկան մեկ անգամ: Օգտատերը հաշվառման տվյալները ներկայացնում է որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմին` որսասեզոնն սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

(4.1-րդ կետը լրաց. 19.11.09 թիվ 1326-Ն որոշում)

 

II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Մոնիթորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երևույթների` ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, և վերացման նպատակով:

6. Մոնիթորինգի խնդիրներն են`

1) կենդանական աշխարհի կառավարումն իրականացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումների ընդունման համար.

2) կենդանիների տարածվածության, տեսակային կազմի, քանակի, ապրելավայրերի բնադրավայրերի և միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը.

3) պոպուլյացիաների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.

4) կենդանական աշխարհին ու դրա առանձին տեսակներին սպառնացող բնական, մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը, դրա կանխարգելման միջոցառումների մշակումը և վերացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

5) կենդանական ռեսուրսների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.

6) կենդանական աշխարհի մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու իրազեկմանը նպաստելը:

 

III. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

7. Մոնիթորինգի օբյեկտներն են`

1) կենդանիների տեսակների ապրելավայրերը, բնադրավայրերը և միգրացիայի ուղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.

2) կենդանիների բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`

ա. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),

բ. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվադեպ են հանդիպում (ռելիկտներ),

գ. Հայաստանի կենդանական աշխարհի համար օտարածին և տեղածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումն սպառնում են էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ).

3) Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակները, ինչպես նաև դրանց պոպուլյացիաները.

4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները.

5) կենդանիների պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.

6) կենդանական ռեսուրսների ապօրինի օգտագործումը:

 

IV. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):

(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

9. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`

1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.

2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.

3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.

4) լիազորված պետական մարմնի կողմից` մոնիթորինգի տվյալների հիման վրա անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):

10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`

1) միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.

2) տեղական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներից, անտառներից և անտառային հողերից դուրս` լիազորված պետական մարմնի պատվերով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:

12. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախատեսվում է` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:

13. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան մարմինների ու կազմակերպությունների կողմից և հաստատվում լիազորված պետական մարմնի պատվերով:

14. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունը ապահովում է տվյալ տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը` համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով:

15. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:

16. Մոնիթորինգի արդյունքում ստացված ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:

17. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով ստեղծվում է միասնական համապարփակ տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:

18. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում:

19. Անտառների կենդանական աշխարհի վերաբերյալ ստացված տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2009
N 121-Ն
Որոշում