Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0380.180698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1998 թ. թիվ 380

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երաշխավորագրերի տրամադրման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 380 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երաշխավորագրերը (այսուհետև` երաշխավորագրեր) պարտատերերին ներկայացնելու համար պարտապանների կողմից պետական կառավարման համապատասխան մարմիններ հայտեր ներկայացվելու, վերջիններիս կողմից դրանք քննարկման և երաշխավորագրերի տրամադրման գործընթացը:

2. Երաշխավորագրերը կարող են տրամադրվել համապետական նշանակության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նպատակային ծրագրերում ընդգրկված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև սոցիալական ենթակառույցների զարգացման ծրագրերի շրջանակներում ներդրումներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների հայտերով` որպես նշված ծրագրերի շրջանակներում այլ անձանց նկատմամբ առաջացող պարտավորությունների կատարման ապահովման միջոց:

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

i

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նպատակների համար իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները (այսուհետև` հայտատուներ) իրենց պարտատերերին երաշխավորագրի տրամադրման գործընթացն սկսելու նպատակով կազմում և նշված ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համապատասխան մարմին ներկայացնում են հայտ:

4. Հայտը ներառում է`

ա) հայտատուի պարտատիրոջը երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն միջնորդություն ներկայացնելու մասին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնին ուղղված դիմումը.

բ) հայտատուի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը հայտատուի պարտատիրոջը երաշխավորագիր տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմին հայտ ներկայացնելու մասին.

գ) հայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) աուդիտորական կազմակերպության եզրակացությունը հայտատուի վճարունակության վերաբերյալ.

ե) երաշխավորման համար առաջարկվող հայտատուի պարտավորությունների առաջացման (նպատակային ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրները և նպատակը, կատարման փուլերն ու ժամկետները, մատակարարների և (կամ) վարկատուների հետ կնքված պայմանագրերը կամ դրանց նախագծերը) հիմնավորումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսներինախարարության սահմանած ձևով.

զ) հայտատուի պարտավորությունների կատարումը երաշխավորելու անհրաժեշտության և հայտում նշված ժամկետներում հայտատուի կողմից դրանց կատարման հնարավորության հիմնավորումները.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից տրված լիցենզիայի պատճենը, եթե հայտատուի կողմից տվյալ նպատակային ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը ենթակա է լիազորման.

ը) հայտը ներկայացնելու տարվան նախորդող տարվա տարեկան և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի` հայտատուի հաշվապահական հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած կարգով.

թ) հայտատուի կողմից պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվելիք գումարների ապահովման դիմաց առաջարկվող միջոցները` բանկի կամ երրորդ իրավաբանական անձի կողմից երաշխիք տալու նախնական համաձայնություն, գրավի առարկայի մասին տվյալներ` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ցանկի.

ժ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված և ֆինանսական առողջացման ընթացակարգ անցնող հայտատուի դեպքում` ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ընդունելու մասին դատարանի որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինը հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է այն, և

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձվում է հայտատուին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

ներկայացված հայտը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին,

հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի տվյալներ կամ ոչ իրական կանխատեսումներ,

երաշխավորագրի ապահովման միջոցի իրացվելիությունը ցածր է.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր առաջարկություններով միջնորդություն հայտատուի պահանջատիրոջ երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ` դրան կցելով հայտատուի հայտը:

 

III. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նպատակների համար տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` համայնքներ) ղեկավարներն իրենց համայնքների պարտատերերին երաշխավորագրի տրամադրման գործընթացն սկսելու նպատակով կազմում և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) ներկայացնում են հայտ:

7. Հայտը ներառում է`

ա) համայնքի պարտատիրոջը երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն միջնորդություն ներկայացնելու մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) ուղղված դիմումը.

բ) համայնքի ավագանու որոշումը համայնքի պահանջատիրոջը երաշխավորագիր տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) հայտ ներկայացնելու մասին.

գ) աուդիտորական կազմակերպության եզրակացությունը համայնքի բյուջեի վճարունակության վերաբերյալ.

դ) հայտատուի պարտավորությունների առաջացման (նպատակային ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրները և նպատակը, կատարման փուլերն ու ժամկետները, մատակարարների հետ կնքված պայմանագրերը կամ դրանց նախագծերը) հիմնավորումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևով.

ե) համայնքի պարտավորությունների կատարումը երաշխավորելու անհրաժեշտության և հայտնում նշված ժամկետներում համայնքի կողմից դրանց կատարման հնարավորության հիմնավորումները.

զ) հայտը ներկայացնելու տարվան նախորդող տարվա համայնքի բյուջեի կատարման տարեկան և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունները.

է) ծրագրի իրականացման արդյունքների ազդեցությունը համայնքի բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա:

8. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) հայտը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է այն, անհրաժեշտության դեպքում համայնքի կողմից իրագործվող ծրագրի շուրջ խորհրդակցում համայնքի ներդրումային ոլորտում պետական կառավարում իրականացնող համապատասխան մարմնի հետ, և

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է համայնքի ղեկավարին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

այն չի համապատասխանում սույն կարգի պահանջներին,

հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի տվյալներ կամ ոչ իրական կանխատեսումներ,

համայնքի կողմից իրագործվող ծրագիրը չի համապատասխանում հայտում նշված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ մարզում (Երևան քաղաքում) իրագործվող քաղաքականությանը.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր առաջարկություններով միջնորդություն համայնքի պարտատիրոջը երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ` դրան կցելով համայնքի հայտը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնի դրական կամ բացասական մասնագիտական եզրակացությունը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանալով որևէ հայտատուի կամ համայնքի պահանջատիրոջ երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (Երևանում` Երևանի քաղաքապետի) միջնորդությունը` քննարկում է այն, և վերջինս ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է միջնորդությամբ հանդես եկած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնին կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

ներկայացված հայտը չի համապատասխանում հայտատուի համար սույն կարգի 4-րդ և համայնքի համար` 7-րդ կետերի պահանջներին,

հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի տվյալներ կամ ոչ իրատեսական կանխատեսումներ,

երաշխավորագրի ապահովման միջոցի իրացվելիությունը ցածր է,

համայնքի կողմից իրագործվող ծրագիրը չի համապատասխանում հայտում նշված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ ոլորտում իրագործվող քաղաքականությանը,

չեն մարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքում առաջացող պարտավորությունները,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ բնագավառում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված չէ երաշխավորագրերի տրամադրում,

հայտատուի կամ համայնքի կողմից առաջարկվող պայմաններով երաշխավորագրերի տրամադրման համար նախատեսված սահմանաքանակներն սպառվել են կամ հայտում ներկայացված պահանջը գերազանցում է առկա չօգտագործված սահմանաքանակը,

բացակայում են կամ բավարար չեն հայցվող երաշխավորագրի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հնարավոր վճարումների ֆինանսավորման աղբյուրները.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հայտատուի (համայնքի) պարտատիրոջը երաշխավորագիր տրամադրելու վերաբերյալ առաջարկություն` համապատասխան հիմնավորումներով:

 

V. ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր որոշմամբ թույլատրում է հայտատուի (համայնքի) պարտատիրոջը որոշակի գումարով և այլ պայմաններով երաշխավորագրի տրամադրումը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նշված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում կազմում և կնքման համար ներկայացնում է`

ա) համայնքին` երաշխավորագրի տրամադրման մասին պայմանագրի նախագիծը.

բ) հայտատուին` երաշխավորագրի տրամադրման և գրավի վերաբերյալ պայմանագրերի նախագծերը, երրորդ կողմի երաշխավորագրի տեքստը: Գրավի պայմանագրի սահմանված կարգով վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հայտատուի հաշվին: Գրավի առարկա կարող է լինել այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:

i

11. Երաշխավորագրով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետև` երաշխավորող) կողմից պարտատիրոջը երաշխավորված գումարը կամ դրա մի մասը վճարելու դեպքում այն ենթակա է ձևակերպման որպես երաշխավորողի կողմից համայնքին կամ հայտատուին (այսուհետև` երաշխավորող) տրամադրված բյուջետային վարկ, որի տրամադրման պայմանները երաշխավորողի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված վարկի հիմնական գումարի մարումը և վարկային պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ սահմանված կարգով:

12. Երաշխավորագրի տրամադրման պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է երաշխավորողը, որը պետք է ունենա նշված պայմանագրով սահմանված պարբերականությամբ կատարվող ստուգումների միջոցով երաշխավորյալի կողմից ծրագրի իրականացման, ինչպես նաև երաշխավորագրի տրամադրման պայմանագրի կատարման ընթացքը վերահսկելու իրավունք:

13. Երաշխավորողը երաշխավորագրի տրամադրման պայմանագրով և երրորդ կողմի երաշխիքով նախատեսում է երաշխավորյալի պարտատիրոջ նկատմամբ երաշխավորագրով երաշխավորված պարտավորությունների կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ միջոցներ:

14. Երաշխավորագրի տրամադրումն իրականացնում է երաշխավորողը երաշխավորագրի տրամադրման պայմանագրի, սույն կարգով սահմանված դեպքերում նաև գրավի կամ երրորդ կողմի երաշխիքի մասին պայմանագրերի կնքումից հետո` երաշխավորագրի տրամադրման մասին պայմանագրով սահմանված ժամկետում:

i

15. Երաշխավորագրով նախատեսված պարտավորության մարման ժամկետների փոփոխությունները կարող են կատարվել վարկառու կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման անհրաժեշտության դեպքում, պարտատիրոջ համաձայնության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(15-րդ կետը լրաց. 15.11.12 թիվ 1634-Ն որոշում)

(կարգը փոփ. 15.11.12 թիվ 1634-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.1998
N 380
Որոշում