Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային (այսուհետև` Կոնվենցիա) կից սույն Արձանագրությունը,

նկատի առնելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետություններում տեղի ունեցած զարգացումն արտահայտում է մահապատիժը վերացնելու օգտին առկա ընդհանուր միտումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1
Մահապատժի վերացումը

 

Մահապատիժը վերացվում է: Ոչ մեկին չի կարելի մահապատժի դատապարտել կամ մահապատժի ենթարկել:

 

ՀՈԴՎԱԾ 2
Մահապատիժը պատերազմի ժամանակ

 

Պետությունը կարող է իր օրենսդրության մեջ մահապատիժ նախատեսել պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների համար. նման պատիժը կիրառվում է միայն օրենքով սահմանված դեպքերում և նրա դրույթներին համապատասխան: Պետությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հաղորդում է այդ օրենսդրության համապատասխան դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 3
Շեղումների արգելումը

 

Սույն Արձանագրության դրույթներից շեղումներ չեն թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4
Վերապահումների արգելումը

 

Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում Կոնվենցիայի 57-րդ հոդվածի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5
Տարածքային կիրառումը

 

1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցագրի միջոցով: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է նման ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին:

 

ՀՈԴՎԱԾ 6
Հարաբերությունը Կոնվենցիային

 

Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-ից 5-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 7
Ստորագրումը և վավերացումը

 

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ հինգ պետություններ, 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, իրենց համաձայնությունն են արտահայտում Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ:

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան:

 

ՀՈԴՎԱԾ 9
Ավանդապահի գործառույթները

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է`

ա) ցանկացած ստորագրման մասին,

բ) վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ) 5-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1983 թվականի ապրիլի 28-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
''
28.04.1983
Արձանագրություն