Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՏՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ՎԱՐՁԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ՎԱՐՁԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված` 1951 թվականի հունիսի 6-ին իր 34-րդ նստաշրջանի կապակցությամբ, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից,

որոշելով ընդունել մի շարք առաջարկություններ համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման սկզբունքի վերաբերյալ, ինչը նստաշրջանի օրակարգի 7-րդ կետն էր հանդիսանում,

վճռելով միջազգային կոնվենցիայի ձև հաղորդել այդ առաջարկություններին,

ընդունում է սույն 1951 թվականի հունիսի 29-ին ներքոշարադրյալ Կոնվենցիան, որը կարող է անվանվել հավասար վարձատրման մասին 1951 թվականի Կոնվենցիա:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով.

ա/ «վարձատրություն» հասկացությունը իր մեջ է ներառում սովորական, հիմնական կամ նվազագույն աշխատավարձը կամ ռոճիկը և ցանկացած այլ վարձատրություն, որը գործատուն ուղղակի կամ անուղղակի, դրամով կամ բնամթերքով վճարում է աշխատողին` վերջինիս կողմից որևէ աշխատանքի կատարման դիմաց:

բ/ «համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրում» հասկացությունը վերաբերում է վարձատրության դրույքաչափերին, որոնք սահմանվում են առանց սեռական հատկանիշով խտրականության:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, վարձատրության դրույքաչափերի սահմանման գործող մեթոդներին համապատասխանող միջոցների օգնությամբ խրախուսում է և, որքանով դա համահունչ է նշված մեթոդների հետ, ապահովում է համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման սկզբունքի կիրառումը:

2. Այդ սկզբունքը կարող է կիրառվել`

ա/ ազգային օրենսդրության շրջանակներում,

բ/ օրենսդրությամբ սահմանված կամ հաստատված վարձատրության դրույքաչափերի որոշման համակարգի միջոցով,

գ/ գործատուների և աշխատողների միջև կնքված կոլեկտիվ պայմանագրերի միջոցով, կամ

դ/ այդ միջոցներից մի քանիսի համադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Այն դեպքերում, երբ նման միջոցառումները կնպաստեն սույն Կոնվենցիայի դրույթների կիրառմանը, միջոցներ կձեռնարկվեն կատարվելիք աշխատանքի հաշվարկի հիման վրա տարբեր պաշտոնական պարտականությունների օբյեկտիվ գնահատման ուղղությամբ:

2. Գնահատման մեթոդները կարող են սահմանվել վարձատրության դրույքաչափերը սահմանող մարմինների, իսկ կոլեկտիվ պայմանագրերով դրույքաչափերի սահմանված լինելու դեպքում` պայմանագրի մասնակիցների կողմից:

3. Վարձատրության դրույքաչափերի միջև տարբերությունը, որը համապատասխանում է կատարվող աշխատանքի օբյեկտիվ գնահատումից բխող տարբերությանը, չի դիտվում որպես համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման սկզբունքին հակասող:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ համագործակցում է գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ` սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը գրանցման համար ներկայացվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է միայն Աշխատանքի միջազգային կազմակերպության այն անդամների վրա, որոնց վավերացման փաստաթղթերը գրանցվել են գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում գլխավոր տնօրենի կողմից Կազմակերպության երկու անդամների վավերացման փաստաթղթերի գրանցման պահից տասներկու ամիս անց:

3. Հետագայում, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար` այդ պետության կողմից ներկայացված վավերացման փաստաթղթերի գրանցման պահից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենին ներկայացվող դիմումներում պետք է նշված լինեն.

ա/ այն տարածքները, որտեղ Կազմակերպության շահագրգիռ անդամը պարտավորվում է առանց որևէ փոփոխության կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները,

բ/ այն տարածքները, որոնց նկատմամբ նա պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով և այդ փոփոխությունների մանրամասները,

գ/ այն տարածքները, որտեղ Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվելու` դրա պատճառների հետ միասին,

դ/ այն տարածքները, որոնց նկատմամբ անդամը վերապահում է իր որոշումը` ընդհուպ մինչև իրավիճակի հետագա ուսումնասիրությունը:

2. Սույն Հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պարտավորությունները դիտվում են որպես վավերացման անբաժանելի մաս և հավասարազոր են վավերացմանը:

3. Ցանկացած անդամ, նոր դիմում ներկայացնելով, կարող է հրաժարվել իր նախորդ դիմումի մեջ նշված` սույն Հոդվածի 1-ին կետի ա/ և բ/ ենթակետերից բխող բոլոր վերապահումներից կամ դրանց մի մասից միայն:

4. Այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիան չեղյալ է հայտարարվում ըստ 9-րդ հոդվածի դրույթների, ցանկացած անդամ կարող է գլխավոր տնօրենին ուղղել նոր դիմում, որտեղ փոփոխված կլինեն բոլոր նախորդ դիմումներում նշված պայմանները և ներկայացված կլինի որոշակի տարածքներում առկա իրավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենին ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով ուղղված դիմումներում պետք է նշված լինի, թե արդյոք սույն Կոնվենցիայի դրույթները տվյալ տարածքի նկատմամբ կիրառվելու են փոփոխություններով, թե առանց փոփոխությունների. եթե դիմումի մեջ նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն դրանցում փոփոխություններ կատարելու պայմանով միայն, ապա ճշգրտվում է նաև այդ փոփոխությունների բնույթը:

2. Համապատասխան անդամը, պետությունները կամ միջազգային մարմինը, նոր դիմում ներկայացնելով, կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ դիմումներից որևէ մեկում նշված փոփոխությունների կենսագործման իրավունքից:

3. Այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիան չեղյալ է հայտարարվում ըստ 9-րդ հոդվածի դրույթների, համապատասխան անդամը, պետությունները կամ միջազգային մարմինը կարող է գլխավոր տնօրենին ուղղել նոր դիմում, որտեղ փոփոխված կլինեն բոլոր նախորդ դիմումներում նշված պայմանները և ներկայացված կլինի որոշակի տարածքներում առկա իրավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ, Կոնվենցիայի նախնական ուժի մեջ մտնելու պահից տասը տարվա ընթացքում, կարող է այն չեղյալ հայտարարել չեղյալ հայտարարման ակտի միջոցով, որն ուղղվում է Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենին և գրանցվում իր կողմից: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այդ մասին ակտի գրանցման պահից մեկ տարի անց:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իր իրավունքից, պարտավորություններով կապված կմնա հաջորդ տասնամյա ժամանակահատվածի ընթացքում և հետագայում հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան յուրաքանչյուր հաջորդ տասնամյա ժամկետն ավարտվելուն պես` ըստ սույն հոդվածով սահմանված կարգի:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենը ծանուցում է Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին Կազմակերպության անդամներից ստացված վավերացման փաստաթղթերի, դիմումների և չեղյալ հայտարարման ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով վավերացման երկրորդ փաստաթղթի ստացման և գրանցման մասին, գլխավոր տնօրենը անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին է ուղղում իր կողմից նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան գրանցված վավերացման փաստաթղթերի, դիմումների և չեղյալ հայտարարման ակտերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները` վերջինիս կողմից դրանց գրանցման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Անհրաժեշտության դեպքում, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինը Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց` սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ, և որոշում է դրանում արմատական կամ մասնակի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի` Խորհրդաժողովի օրակարգում ընդգրկվելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Եթե Խորհրդաժողովն ընդունի սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասնակիորեն վերանայող մի նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիան չի նախատեսի հակառակը, ապա.

ա/ Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը մեքենայաբար բխեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարելուն` անկախ 9-րդ հոդվածի դրույթներից, պայմանով, որ նոր, վերանայված Կոնվենցիան արդեն ուժի մեջ է մտել,

բ/ նոր, վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից ի վեր, սույն Կոնվենցիան Կազմակերպության անդամների կողմից վավերացման համար փակ է համարվում:

2. Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան` իր ձևով և բովանդակությամբ ուժի մեջ կմնա այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն կազմված տեքստերը հավասարազոր են:

Կոնվենցիան ընդունվել է Ժնև քաղաքում, 1951 թվականի հունիսի 29-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 29-ից:

 

 

pin
''
29.06.1951
Միջազգային պայմանագիր