Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-678 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1596

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սպարտակ, Էդգար, Էրիկ, Նավասարդ Մկրտչյանների, Նաիրա Արուստամյանի` վարկային պայմանագրով պարտքը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Սպարտակ, Էդգար, Էրիկ, Նավասարդ Մկրտչյաններից, Նաիրա Արուստամյանից համապարտությամբ բռնագանձել 3.135.042,65 ՀՀ դրամ և 62.700,90 ՀՀ դրամ վճարված պետական տուրքը, գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկայի` Երևանի Վ. Շենգավիթ 10 փողոցի 19ա շենքի թիվ 17 բնակարանի, ինչպես նաև պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա, 2.801.000 ՀՀ դրամ հիմնական վարկի գումարին հաշվեգրել տոկոսներ 30.11.2007 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ներառյալ թիվ 01 վարկային պայմանագրի 18-րդ կետով նախատեսված տարեկան 25,2 տոկոս տոկոսադրույքով:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.01.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հաստատված է համարել Սպարտակ Մկրտչյանի կողմից վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման փաստը և գտել է, որ Ընկերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա, իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա և իրացնել այն: Նշված հոդվածում օգտագործվող «իրավունք ունի» արտահայտության Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը վկայում է, որ ըստ դատարանի այն դեպքում, երբ սահմանված է նման իրավունք, գրավառուն պարտավոր է օգտվել այդ իրավունքից, այսինքն` Վերաքննիչ դատարանն այդ իրավունքը մեկնաբանել է որպես այդ իրավունքից օգտվելու պարտականություն:

Մինչդեռ պայմանագրով Ընկերությանը տրված այդ իրավունքը երբեք չի կարող մեկնաբանվել որպես դատական կարգով պաշտպանության սահմանափակում, քանի որ իրավունքը վարքագծի կանոնը կիրառելու հնարավորությունն է և ոչ թե պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2008 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 01.02.2007 թվականին Ընկերության և անհատ ձեռնարկատեր Սպարտակ Մկրտչյանի միջև կնքվել է թիվ 01 վարկային պայմանագիրը:

2) 01.02.2007 թվականին Ընկերության և Սպարտակ, Էդգար, Էրիկ, Նավասարդ Մկրտչյանների, Նաիրա Արուստամյանի միջև կնքվել է թիվ 01 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, որով վերջիններս գրավ են դրել Երևանի Վ. Շենգավիթ 10 փողոցի 19ա շենքի 17-րդ բնակարանը` 01.02.2007 թվականի թիվ 01 վարկային պայմանագրով Սպարտակ Մկրտչյանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

Պայմանագրի 8.3 կետի համաձայն` գրավառուն իրավունք ունի պարտապանի կողմից վարկային պարտավորության ցանկացած խախտման դեպքում պայմանագրով նախատեսված կարգով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել և իրացնել գրավի առարկան, եթե պարտապանը և/կամ գրավատուն վարկային պարտավորությունը վաղաժամկետ չկատարեն:

Գրավի պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:

3) Սպարտակ Մկրտչյանը խախտել է 01.02.2007 թվականի վարկային պայմանագրից բխող պարտավորությունները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

Սույն գործով կողմերի միջև կնքված գրավի պայմանագրի 8.3 կետի համաձայն` գրավառուն իրավունք ունի պարտապանի կողմից վարկային պարտավորության ցանկացած խախտման դեպքում պայմանագրով նախատեսված կարգով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել և իրացնել գրավի առարկան, եթե պարտապանը և/կամ գրավատուն վարկային պարտավորությունը վաղաժամկետ չկատարեն:

Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա և իրացնել այն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը վերոնշյալ հիմքով մերժելով, Դատարանը խախտել է անձի` արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք (Տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունքն իրենից ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը (Տե՛ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 18.12.1996 թվականի վճիռը, կետ 92, «Սուրբ եկեղեցիներն» ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 09.12.1994 թվականի վճիռը, կետ 80):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուրի համար ապահովում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող ցանկացած վեճը դատարանին ներկայացնելու իրավունք (Տե՛ս Գոլդերն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետեր 34-36):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու մասին բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավատուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով Ընկերությանն իր իրավունքների պաշտպանության լրացուցիչ եղանակ ընձեռելու պայմաններում վերջինս իր հայեցողությամբ է իրականացնում իր իրավունքների պաշտպանությունը: ՈՒստի նյութական իրավունքի որևէ նորմ (այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը) չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող դրույթ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-678(ՎԴ)
Որոշում