Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ԵՎ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ԵՎ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԸ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0590/02/08

    դատարանի որոշում                                                2008 թ.

Վարչական գործ թիվ ԵԿԴ/0590/02/08

Նախագահող դատավոր` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ Համբարձումյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչիկ Համբարձումյանի ընդդեմ Վիոլետտա և Արմինե Պողոսյանների` բնակելի տան օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու, հաշվառումից հանելու և Երևանի Լալայանց փողոցի թիվ 57 տնից վտարելու պահանջների մասին և ըստ Վիոլետտա Պողոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հրաչիկ Համբարձումյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչիկ Համբարձումյանը պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Վիոլետտա Պողոսյանի` Երևանի Լալայանց փողոցի թիվ 57 հասցեի տան առաջին հարկի ըստ հատակագծի թիվ 8 և 12 բնակելի տարածությունների նկատմամբ օգտագործման իրավունքը, նրան հանել հաշվառումից և վտարել զբաղեցրած բնակելի տարածությունից, ինչպես նաև նշված հասցեի հաշվառումից հանել Արմինե Պողոսյանին:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վիոլետտա Պողոսյանը պահանջել է մասնակիորեն` ըստ հատակագծի 19,9 քմ մակերեսով թիվ 8 և 10,9 քմ մակերեսով թիվ 12 սենյակների, 2,2 քմ մակերեսով սանհանգույցի, 4,5 քմ մակերեսով թիվ 9 սենյակի, ինչպես նաև այդ գույքի տակ գտնվող հողամասի մասով, անվավեր ճանաչել Հրաչիկ Համբարձումյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրանց նկատմամբ ճանաչել Վիոլետտա Պողոսյանի սեփականության իրավունքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2008 թվականի որոշմամբ Վիոլետտա Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 01.04.2008 թվականի վճռի հակընդդեմ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչիկ Համբարձումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վիոլետտա Պողոսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները, 172-րդ հոդվածի 5-րդ մասը, 280-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոքը բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առանց գույքը տիրազուրկ լինելու դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք առաջանալ չի կարող: Մինչդեռ սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ վիճելի գույքը տիրազուրկ չէ: Ընդհակառակը, տվյալ գույքի սեփականատերը Հրաչիկ Համբարձումյանն է, ուստի նման ապացույցների առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը կիրառվել չէր կարող:

Հարկ է նկատի ունենալ, որ սույն գործում առկա ապացույցները, ինչպես իրավացիորեն նշել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող: Մասնավորապես, Վիոլետտա Պողոսյանի կողմից ջրաչափ տեղադրելը, հոսանքի հաշվիչ տեղադրելը ընդամենը սեփական պահանջմունքները բավարարելուն ուղղված գործարքներ են:

Հրաչիկ Համբարձումյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքում բնակվելու լռությամբ տրված համաձայնությունը չի կարող սեփականության իրավունք առաջացնել Վիոլետտա Պողոսյանի համար, քանի որ նա գիտեր, որ բնակվում է իր սեփականությունը չհանդիսացող բնակարանում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքում նշված այն պնդումը, որ վիճելի գույքի նկատմամբ գրանցված է Հրաչիկ Համբարձումյանի սեփականության իրավունքը, ինչը բացառում է նշված գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների կիրառումը, չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1451 գործով կայացված որոշմանը, որում նշվում է, որ այդ ինստիտուտի կիրառությունը սահմանափակված չէ միայն տիրազուրկ գույքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վիոլետտա Պողոսյանը 1960 թվականից գրանցված բնակվում է Երևանի Լալայանց փողոցի թիվ 57 տան առաջին հարկի ըստ հատակագծի թիվ 8 և 12 սենյակներում:

2) Հրաչիկ Համբարձումյանը 13.02.1974 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Զարիկ Նավասարդյանից գնել է 2 սենյակ` 17,60 քմ և 12,60 քմ մակերեսներով և 3 օժանդակ` 8,70 քմ, 14,10 քմ և ընդհանուր մակերես 4,15 քմ մակերեսով, այսինքն` գնել է նաև պատասխանողի կողմից զբաղեցված 10,9 քմ մակերեսով թիվ 12 սենյակը: Առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքները ստացել են պետական գրանցում, և նրան տրվել է հատակագիծ, իսկ 1994 թվականին` սեփականության իրավունքի գրանցման վկայական, որտեղ արտացոլվել է նաև 19,9 քմ մակերեսով թիվ 8 տարածքը:

3) Հրաչիկ Համբարձումյանը 2004 թվականին, Կադաստր ներկայացնելով մյուս համասեփականատերերի համաձայնությունը, օրինականացրել է ինքնակամ կառույցները, այդ թվում` Վիոլետտա Պողոսյանի կողմից օգտագործվող 19,9 քմ տարածքը և 6,4 քմ մուտքային մասը:

4) Վիճելի հողամասի և շինության գույքահարկի և հողի հարկի վճարումները կատարվել են Հրաչիկ Համբարձումյանի կողմից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Մինչդեռ սույն գործում բացակայում է Վիոլետտա Պողոսյանի կողմից գույքի բարեխիղճ տիրապետման փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն պատճառաբանությանը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ գույքի նկատմամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով:

Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակված չէ միայն տիրազուրկ գույքով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող մեկնաբանվել որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակող դրույթ: Այն հանգամանքը, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով, ինքնին չի ենթադրում, որ նույն եղանակով սեփականության իրավունք չի կարող ձեռք բերվել այլ անշարժ գույքի նկատմամբ:

i

Հիմք ընդունելով վերոնշյալ երկու հոդվածները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել այն գույքի նկատմամբ, որը տիրազուրկ է, կամ որը տիրազուրկ չէ, բայց դրա սեփականատերը օրենքով սահմանված ժամկետում անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել դրա նկատմամբ (տես` Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը): Հետևաբար, այդ մասով բողոքը հիմնավոր չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2008 թվականի որոշման` հակընդդեմ հայցի մասը և այն փոփոխել` Վիոլետտա Պողոսյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ԵԿԴ/0590/02/08
Որոշում