Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(ստորագրված 1928 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում և լրացված 1948 թ.

մայիսի 10-ի, 1966թ. նոյեմբերի 16-ի, 1972թ. նոյեմբերի 30-ի

Արձանագրություններով և փոփոխված 1982թ. հունիսի 24-ի ու 1988 թ. մայիսի 31-ի Արձանագրություններով)

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

Հոդված 1

 

1. Ցուցահանդեսը ցուցադրում է, որի գլխավոր նպատակը անկախ անվանումից, հանրության կրթումն է. այն կարող է ցուցադրել քաղաքակրթության պահանջները բավարարելու համար մարդկանց տրամադրության տակ գտնվող միջոցները, կամ ցուցադրել մեկ կամ մի քանի բնագավառներում մարդկանց ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը կամ ցուցադրել ապագայի հեռանկարները:

2. Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե դրան մասնակցում են մեկից ավելի պետություններ:

3. Միջազգային ցուցահանդեսի մասնակիցները, մի կողմից, ցուցադրող պետություններն են, որոնք պաշտոնապես ներկայացված են խմբավորված ազգային տաղավարներում, մյուս կողմից` միջազգային կազմակերպություններից կամ պաշտոնապես չներկայացված երկրներից ցուցադրողները և, վերջապես նրանք, որոնք, ցուցահանդեսի կանոնակարգերին համապատասխան, լիազորված են իրականացնելու որևէ այլ գործունեություն, մասնավորապես միջնորդները:

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր միջազգային ցուցահանդեսների նկատմամբ, բացառությամբ`

ա. 3 շաբաթից քիչ տևող ցուցահանդեսների.

բ. գեղարվեստական ցուցահանդեսների.

գ. գլխավորապես առևտրային բնույթ ունեցող ցուցահանդեսների:

Անկախ կազմակերպիչների կողմից ցուցահանդեսին տրված անվանումից` սույն Կոնվենցիան տարբերակում է գրանցված ցուցահանդեսներ և ճանաչված ցուցահանդեսներ:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Հոդված 3

 

Ներքոհիշյալ առանձնահատկությունները ներկայացնող միջազգային ցուցահանդեսները կարող են ընտրվել գրանցվելու համար Ցուցահանդեսների միջազգային գրասենյակի կողմից սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածում հիշատակված

Ա) ցուցահանդեսների տևողությունը չպետք է լինի 6 շաբաթից պակաս և 6 ամսից ավելի.

Բ) մասնակցող պետությունների կողմից օգտագործվող ցուցահանդեսի շինությունների հետ կապված հարցերի կարգավորման կանոններն ամրագրվում են ցուցահանդեսի ընդհանուր կանոնակարգերում: Եթե, հրավիրող պետության օրենսդրության համաձայն, գանձվում է գույքահարկ, ապա դրա համար պատասխանատու են կամ այն վճարում են կազմակերպիչները: Փոխհատուցման ենթակա են միայն` Գրասենյակի կողմից հաստատված կանոնակարգերի համաձայն փաստացի մատուցված ծառայությունները.

Գ) 1995 թ. հունվարի 1-ից, երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընդմիջումը պետք է լինի նվազագույնը 5 տարի. առաջին ցուցահանդեսը կարող է անցկացվել 1995 թվականին: Այնուամենայնիվ, Ցուցահանդեսների միջազգային գրասենյակը կարող է ընդունել այլ ժամկետ` վերը նշված ժամկետից մեկ տարի շուտ, բայց ոչ ավելի վաղ անցկացնելու մասին, որպեսզի հնարավորություն ընձեռի նշել միջազգային կարևորություն ունեցող հատուկ իրադարձությունը` առանց փոփոխելու նախնական օրացույցով նախատեսված 5-ամյա ընդմիջումը:

 

Հոդված 4

 

Ա) Ներքոհիշյալ առանձնահատկությունները ներկայացնող միջազգային ցուցահանդեսները ընտրվում են Ցուցահանդեսների միջազգային գրասենյակի կողմից` այն ցուցահանդեսները ճանաչելու համար

1. որոնց տևողությունը կարող է լինի երեք շաբաթից ոչ պակաս և երեք ամսից ոչ ավելի.

2. որոնք պետք է լուսաբանեն որոշակի թեմա.

3. որոնց զբաղեցրած ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 25 հա-ն.

4. որոնք պետք է տրամադրեն մասնակցող պետություններին կազմակերպչի կողմից կառուցված շինություններ` առանց որևէ վարձավճարի, հարկերի, տուրքերի և ծախսերի, որոնք կապ չունեն մատուցված ծառայությունների ծախսերի հետ. յուրաքանչյուր պետությանը տրամադրվող ամենամեծ տարածքը չպետք է գերազանցի 1000 քառ. մետրը: Ցուցահանդեսների միջազգային գրասենյակը, այնուամենայնիվ, կարող է թույլ տալ չպահպանել տարածքներն առանց որևէ վճարի տրամադրելու պահանջը, եթե դա արդարացված է կազմակերպող պետության տնտեսական և ֆինանսական դրությամբ.

5. սույն հոդվածի «Ա» կետով սահմանվող միայն մեկ ճանաչված ցուցահանդես կարող է անցկացվել երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում.

6. միայն մեկ գրանցված ցուցահանդես կամ սույն հոդվածի «Ա» կետով սահմանվող միայն մեկ ճանաչված ցուցահանդես կարող է անցկացվել նույն տարվա ընթացքում:

Բ) Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը կարող է ճանաչել նաև`

1. երեք տարին մեկ անցկացվող Միլանի գեղազարդային արվեստի և ժամանակակից ճարտարապետության ցուցահանդեսը` հիմնվելով պատմական նախադեպի վրա, պայմանով, որ այն պահպանի իր նախնական առանձնահատկությունները.

2. Այգեգործական արտադրողների միջազգային ընկերակցության կողմից հաստատված A1 այգեգործական ցուցահանդեսները` պայմանով, որ պահպանվի տարբեր երկրներում նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնելու միջև նվազագույնը երկու տարվա ընդմիջումը, իսկ նույն պետությունում` նվազագույնը 10 տարի ընդմիջումը.

պետք է անցկացվեն երկու գրանցված ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Հոդված 5

 

Ցուցահանդեսի բացման և փակման ժամկետները և դրա ընդհանուր առանձնահատկություններն ամրագրվում են գրանցման կամ ճանաչման ժամանակ և կարող են փոփոխվել միայն Ցուցահանդեսների Միջազգային գրասենյակի համաձայնությամբ:

 

ԳՐԱՆՑՈՒՄ

 

Հոդված 6

 

1. Պայմանավորվող կողմի կառավարությունը, որի տարածքում նախատեսված է սույն Կոնվենցիայի շրջանակներում ցուցահանդեսի անցկացումը (այսուհետ` հրավիրող Կառավարություն), գրանցման կամ ճանաչման նպատակով դիմում է ուղարկում Գրասենյակ` նշելով ցուցահանդեսի համար առաջարկվող օրենքները, կանոնակարգերը կամ ֆինանսական միջոցները: Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության կառավարությունը ցուցահանդեսի գրանցումն կամ ճանաչումն ստանձնելու ցանկության դեպքում կարող է նույն կերպով դիմել Գրասենյակին` պայմանով, որ ինքը պարտավորվում է հետևել սույն Կոնվենցիայի I, II, III և IV մասերի դրույթներին և դրանց իրականացման համար նախատեսված կանոնակարգերին:

2. Ցուցահանդեսի գրանցման կամ ճանաչման համար դիմումը ներկայացվում է ցուցահանդեսի համար նախատեսված տարածքի արտաքին կապերի հարցերով պատասխանատու կառավարության կողմից (այսուհետ` հրավիրող Կառավարություն), եթե նույնիսկ այդ Կառավարությունը ցուցահանդեսի կազմակերպիչը չէ:

3. Գրասենյակն իր պարտադիր կանոնակարգերում սահմանում է այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է անցկացվի ցուցահանդեսը, ինչպես նաև գրանցման կամ ճանաչման համար նախատեսված դիմումի ստացման նվազագույն ժամկետները. այն նաև սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պետք է կցված լինեն տվյալ դիմումին: Գրասենյակը պարտադիր կանոնակարգերով ամրագրում է նաև դիմումի ուսումնասիրության ծախսերի համար` վճարման ենթակա գումարի չափը:

4. Ցուցահանդեսի գրանցումը կամ ճանաչումը կատարվում է միայն, եթե ցուցահանդեսը համապատասխանում է սույն Կոնվենցիայի պայմաններին և Գրասենյակի կողմից հաստատված կանոնակարգերին:

 

Հոդված 7

 

1. Երբ երկու կամ ավելի պետություններ մրցում են ցուցահանդեսի գրանցման կամ ճանաչման համար և չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել, նրանք արբիտրաժի համար դիմում են Գրասենյակի գլխավոր վեհաժողովին: Գլխավոր վեհաժողովը որոշում կայացնելիս հաշվի է առնում ներկայացված կարծիքները, մասնավորապես` պատմական կամ բարոյական բնույթի բոլոր հատուկ պատճառները, վերջին ցուցահանդեսից հետո անցած ժամանակահատվածը և մրցակից երկրների կողմից երբևէ կազմակերպված ցուցահանդեսների քանակը:

2. Բացառությամբ առանձնահատուկ դեպքերի` Գրասենյակը նախապատվությունը տալիս է Պայմանավորվող կողմի տարածքում կազմակերպվող ցուցահանդեսին:

 

Հոդված 8

 

Պետությունը, որը ստացել է ցուցահանդեսի գրանցում կամ ճանաչում, կորցնում է գրանցումից կամ ճանաչումից բխող բոլոր իրավունքները, եթե նա փոխում է ցուցահանդեսի համար ամրագրված ժամկետը` բացառությամբ սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքների: Եթե նա ցանկանում է ցուցահանդեսը կազմակերպել այլ ժամանակ, շահագրգիռ Կառավարությունը ներկայացնում է նոր դիմում և անհրաժեշտության դեպքում ենթարկվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածում նշված ընթացակարգին` մրցակցային պահանջները լուծելու համար:

 

Հոդված 9

 

1. Ցանկացած չգրանցված կամ չճանաչված ցուցահանդեսի դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է հրաժարվեն դրանց մասնակցելուց և դրանք հովանավորելուց, ինչպես նաև որևէ պետական հատկացում տրամադրելուց:

2. Պայմանավորվող կողմերը միանգամայն ազատ են չմասնակցելու գրանցված կամ ճանաչված ցուցահանդեսին:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կառավարություն օգտագործում է իր օրենսդրությանը համապատասխանող ցանկացած նպատակահարմար միջոց` կեղծ ցուցահանդեսների կազմակերպիչների կամ այն ցուցահանդեսների դեմ գործելու համար, որոնց մասնակիցները խարդախորեն հրապուրվել են կեղծ խոստումներով, ծանուցումներով կամ գովազդներով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10

 

1. Հրավիրող Կառավարությունը երաշխավորում է սույն Կոնվենցիայի դրույթների և դրանց կիրառման համար սահմանված կանոնակարգերի պահպանումը:

2. Եթե նշված Կառավարությունն ինքը չի կազմակերպում ցուցահանդեսը, ապա այդ նպատակով նա պաշտոնապես ճանաչում է դրա կազմակերպիչներին և երաշխավորում է կազմակերպիչների պարտականությունների կատարումը:

 

Հոդված 11

 

1. Ցուցահանդեսին մասնակցելու բոլոր հրավերները, անկախ այն բանից` ուղղված են դրանք մասնակից պետություններին, թե ոչ մասնակից պետություններին, դիվանագիտական ուղիներով ուղարկվում են կազմակերպիչ երկրի կառավարության կողմից հրավիրված երկրի Կառավարության համար և հրավիրվող երկրի այլ կողմերի կողմից մասնակցության համար: Պատասխանները, ինչպես նաև չհրավիրված կողմերի` ցուցահանդեսին մասնակցելու խնդրանքներն ուղարկվում են հրավիրող կառավարությանը նույն ուղիներով: Հրավերներում պահպանվում են Գրասենյակի կողմից նախանշված ընդմիջումները և հայտարարվում է, որ խնդրո առարկա ցուցահանդեսը գրանցվել է: Միջազգային կազմակերպությունների հրավերներն ուղարկվում են անմիջապես իրենց:

2. Ոչ մի Պայմանավորվող կողմ չի կարող կազմակերպել կամ հովանավորել մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին, եթե վերը նշված հրավերները չեն ուղարկվել սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն:

3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չընդունել և չուղարկել ցուցահանդեսին մասնակցության վերաբերյալ որևէ հրավեր, լինի դա Պայմանավորվող կողմի կամ ոչ անդամ պետության տարածքում, այն դեպքում, երբ նման հրավերում վկայակոչված չեն սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն հաստատված գրանցումը կամ ճանաչումը:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կազմակերպիչներից պահանջել չուղարկել հրավերները իր տարածքում գտնվող հասցեատերերին` բացի իրենից: Նա կարող է նաև ձեռնպահ մնալ հրավերները կամ չհրավիրված կողմերի մասնակցության հայցերն ուղարկելուց:

 

Հոդված 12

 

Հրավիրող կառավարությունը նշանակում է ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատար` գրանցված ցուցահանդեսի դեպքում, կամ ցուցահանդեսի Հանձնակատար` ճանաչված ցուցահանդեսի դեպքում, որը լիազորված է ներկայացնելու կառավարությունը սույն Կոնվենցիայի հետ կապված և ցուցահանդեսին վերաբերող բոլոր հարցերում:

 

Հոդված 13

 

Ցուցահանդեսին մասնակցող ցանկացած երկրի կառավարություն նշանակում է տաղավարի Գլխավոր հանձնակատար` գրանցված ցուցահանդեսի դեպքում, կամ տաղավարի Հանձնակատար` ճանաչված ցուցահանդեսի դեպքում, հրավիրող կառավարությանը այն ներկայացնելու նպատակով: Տաղավարի Գլխավոր հանձնակատարը կամ տաղավարի Հանձնակատարը կրում են բացառիկ պատասխանատվություն իրենց երկրի ցուցանմուշների հետ կապված կազմակերպչական հարցերի համար: Նա տեղեկացնում է ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարին կամ ցուցահանդեսի Հանձնակատարին ցուցանմուշի բովանդակության մասին և հետևում է ցուցադրողների իրավունքները և պարտավորությունները պահպանվելը:

 

Հոդված 14

 

ՈՒժը կորցրած է ճանաչվել:

 

Հոդված 15

 

ՈՒժը կորցրած է ճանաչվել:

 

Հոդված 16

 

Միջազգային ցուցահանդեսներին վերաբերող մաքսային կանոններն ամրագրվում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող Հավելվածում:

 

Հոդված 17

 

Ցուցահանդեսի այն տաղավարները, որոնք գտնվում են սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն մասնակից երկրների կառավարությունների կողմից նշանակված Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների իրավասության տակ, համարվում են ազգային և, հետևաբար, իրավունք ունեն կրելու այդ անունը: Ազգային տաղավարն ընդգրկում է համապատասխան երկրի բոլոր ցուցադրողներին, բայց ոչ միջնորդներին:

 

Հոդված 18

 

1. Ցուցահանդեսի մասնակիցը կամ մասնակիցների խումբը կարող են օգտագործել մասնակցող Կողմին վերաբերող աշխարհագրական անվանում միայն շահագրգիռ Կողմի Կառավարության տաղավարի Գլխավոր հանձնակատարի կամ տաղավարի Հանձնակատարի թույլտվությամբ:

2. Եթե Պայմանավորվող կողմը չի մասնակցում ցուցահանդեսին, ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարը կամ Հանձնակատարն արգելում են նախորդ կետում նախատեսված նման օգտագործումը Պայմանավորվող կողմի անունից:

 

Հոդված 19

 

1. Ազգային տաղավարում ցուցադրվող ամեն ինչ պետք է սերտորեն կապված լինի այն ցուցադրող երկրի հետ (օրինակ` մասնակցող կառավարության տարածքում արտադրված ապրանքներ կամ երկրի քաղաքացիների կողմից պատրաստված ապրանքներ):

2. Շահագրգիռ պետությունների Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների թույլտվությամբ կարող են ներկայացվել այլ ապրանքներ կամ արտադրանք` պայմանով, որ դրանք կծառայեն միայն ցուցահանդեսը լրացնելուն:

3. Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերի հետ կապված` մասնակից կառավարությունների միջև վեճի դեպքում հարցն ուղղվում է տաղավարի Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների խորհրդի քննարկմանը, որոնց որոշումը կայացվում է ներկաների պարզ մեծամասնությամբ: Նրանց որոշումը վերջնական է:

 

Հոդված 20

 

1. Եթե կազմակերպող երկրի օրենքներում չկան հակառակ դրույթներ, որևէ ցուցահանդեսին չի տրամադրվում որևէ կարգի մենաշնորհ: Այնուամենայնիվ, Գրասենյակը կարող է թույլատրել ընդհանուր ծառայությունների մենաշնորհ գրանցման կամ ճանաչման պահին: Այս դեպքում կազմակերպիչները պետք է պահպանեն հետևյալ պայմանները`

ա) նման մենաշնորհի կամ մենաշնորհների առկայությունը պետք է նշվի ցուցահանդեսի կանոնակարգերում և մասնակցության պայմանագրում.

բ) մենաշնորհի ենթակա ծառայությունները պետք է մատչելի լինեն ցուցադրողներին` պետությունում սովորաբար գործող պայմանների համաձայն.

գ) Գլխավոր հանձնակատարների կամ Հանձնակատարների լիազորություններն իրենց համապատասխան տաղավարներում ոչ մի դեպքում չեն ենթարկվում որևէ սահմանափակման:

2. Ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարը կամ Հանձնակատարը պետք է ձեռնարկեն բոլոր քայլերը` ապահովելու համար, որ մասնակից կառավարությունների վճարումները բարձր չլինեն ցուցահանդեսի կազմակերպիչների ծախսերից կամ, ամեն դեպքում, սովորական տեղական ծախսերից:

 

Հոդված 21

 

Ցուցահանդեսի Գլխավոր հանձնակատարը կամ Հանձնակատարը հնարավորինս պետք է անի ամեն ինչ` ցուցահանդեսի տարածքում հասարակական սպասարկման ծառայությունների հստակ և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 22

 

Հրավիրող կառավարությունը ձեռնարկում է բոլոր ջանքերը` կառավարությունների և նրանց քաղաքացիների մասնակցությունը դյուրացնելու համար, հատկապես տրանսպորտային ծախսերի, մարդկանց և իրերի ընդունելու պայմանների հարցերում:

 

Հոդված 23

 

1. Ցուցահանդեսի ընդհանուր կանոնակարգերը սահմանում են, թե արդյոք մասնակիցներին շնորհվելու է որևէ մրցանակ` անկախ մասնակցության վկայականից, որը կարող է շնորհվել միշտ: Եթե տրվում են մրցանակներ, դրանց բաշխումը կարող է սահմանափակվել որոշ կատեգորիաներով:

2. Եթե մասնակիցները չեն ցանկանում մրցել մրցանակի համար, նրանք պետք է այդ կապակցությամբ հայտարարություն անեն մինչև ցուցահանդեսի բացումը:

 

Հոդված 24

 

Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը, ինչպես սահմանված է հաջորդ հոդվածում, մշակում է կանոնակարգեր` ժյուրիի կազմի և գործունեության ընդհանուր պայմանները սահմանելու և մրցանակների շնորհման ձևը որոշելու համար:

 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25

 

1. Միջազգային ցուցահանդեսների գրասենյակն ստեղծվում է սույն Կոնվենցիայի կիրառումը ապահովելու և վերահսկելու նպատակով: Գրասենյակի անդամները Պայմանավորվող կողմերի կառավարություններն են: Գրասենյակի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:

2. Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Այն, մասնավորապես, ունի պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու ու տնօրինելու և դատավարությանը մասնակցելու իրավունք:

3. Գրասենյակն իրավասու է պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքել համաձայնագրեր արտոնությունների և անձեռնմխելիության մասին, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով իրեն տրված գործառույթներն իրականացնելու համար:

4. Գրասենյակը բաղկացած է Գլխավոր վեհաժողովից, Նախագահից, Գործադիր կոմիտեից, մասնագիտացված կոմիտեներից, կոմիտեների քանակին համապատասխան քանակությամբ փոխնախագահներից և Քարտուղարությունից` Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ:

 

Հոդված 26

 

Գրասենյակի Գլխավոր վեհաժողովը կազմված է Պայմանավորվող կողմերի կողմից նշանակված պատվիրակներից` յուրաքանչյուր երկրի համար ունենալով մեկից մինչև երեք պատվիրակ:

 

Հոդված 27

 

Գլխավոր վեհաժողովը գումարում է հերթական նիստեր և կարող է գումարել նաև արտահերթ նիստեր: Նա որոշում է կայացնում այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնք, սույն Կոնվենցիայի համաձայն, Գրասենյակի, որի գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, իրավասությունների շրջանակներում են: Մասնավորապես, Գլխավոր վեհաժողովը`

ա) քննարկում, ընդունում և հրապարակում է միջազգային ցուցահանդեսների գրանցման կամ ճանաչման, դասակարգման ու կազմակերպման վերաբերյալ և Գրասենյակի գործունեության վերաբերյալ կանոնակարգեր: Սույն Կոնվենցիայի դրույթների շրջանակներում Գլխավոր վեհաժողովը կարող է սահմանել պարտադիր կանոնակարգեր, որոնց պետք է հետևեն ցուցահանդեսների այն կազմակերպիչները, որոնք ցանկանում են օգտվել Գրասենյակի կողմից գրանցման առավելություններից, ինչպես նաև մշակել տիպային կանոնակարգեր, որոնք կծառայեն որպես ուղեցույց նման կազմակերպիչների համար.

բ) կազմում է բյուջեն, ստուգում և հաստատում է Գրասենյակի հաշիվները.

գ) հաստատում է Գլխավոր քարտուղարի զեկույցները.

դ) անհրաժեշտության դեպքում ստեղծում է կոմիտեներ և նշանակում է Գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների անդամներ.

ե) հաստատում է ցանկացած միջազգային համաձայնագիր, որի մասին նշվում է սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 3-րդ կետում.

զ) ընդունում է փոփոխությունների և լրացումների նախագծեր` 33-րդ հոդվածի համաձայն.

է) նշանակում է Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 28

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կառավարություն, անկախ իր պատվիրակների թվից, Գլխավոր վեհաժողովում ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի այս իրավունքը կասեցվում է, եթե սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող կառավարության անդամավճարների պարտքի գումարը գերազանցում է ընթացիկ և նախորդ տարվա անդամավճարների գումարը:

2. Գլխավոր վեհաժողովն իրավազոր է իրականացնելու իր գործառույթները, երբ ներկա գտնվող անդամ պետությունների թիվը կկազմի քվեարկելու իրավունք ունեցող անդամ պետությունների առնվազն երկու երրորդը: Եթե տվյալ քվորումն ապահովված չէ, Գլխավոր վեհաժողովը հրավիրվում է կրկին նույն օրակարգով` առնվազն մեկամսյա ընդմիջումից հետո: Այդ դեպքում պահանջվող քվորումն ապահովված է համարվում քվեարկելու իրավունք ունեցող Պայմանավորվող կողմերի կեսի ներկայությամբ:

3. Որոշումները կայացվում են քվեարկությանը ներկա գտնվող պատվիրակությունների` կողմ կամ դեմ քվեարկողների մեծամասնությամբ` բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ պահանջվում է երկու երրորդ մեծամասնություն`

ա) սույն Կոնվենցիայում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ընդունում.

բ) կանոնակարգերի մշակում, լրացում ու փոփոխում.

գ) բյուջեի ընդունում և Պայմանավորվող կողմերի ամենամյա անդամավճարների չափի հաստատում.

դ) սույն Կոնվենցիայի` վերը նշված 5-րդ հոդվածի համաձայն` ցուցահանդեսների բացման և փակման ամսաթվերի փոփոխության թույլատրում.

ե) ոչ անդամ պետության տարածքում ցուցահանդեսի գրանցում կամ ճանաչում, որը մրցակցում է Պայմանավորվող կողմի տարածքում անցկացվող ցուցահանդեսի հետ.

զ) սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշված ժամանակահատվածի կրճատում.

է) Պայմանավորվող կողմի կողմից փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված վերապահումների ընդունում. նման փոփոխություններն ու լրացումները կարող են ընդունվել սույն Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` 4/5-ի մեծամասնությամբ կամ միաձայն` կախված կոնկրետ դեպքից.

ը) ցանկացած միջազգային պայմանագրի նախագծի հաստատում.

թ) Գլխավոր քարտուղարի նշանակում:

 

Հոդված 29

 

1. Նախագահն ընտրվում է Գլխավոր վեհաժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, Պայմանավորվող կողմերի կառավարությունների պատվիրակներից: Նա չի կարող ներկայացնել իր պետությունը պաշտոնավարման ընթացքում: Նա կարող է վերընտրվել:

2. Նախագահը հրավիրում և ղեկավարում է Գլխավոր վեհաժողովի նիստերը և ապահովում է Գրասենյակի պատշաճ աշխատանքը: Նախագահի բացակայության ընթացքում նրա գործառույթները կատարում է Գործադիր կոմիտեի ղեկավար հանդիսացող Փոխնախագահը կամ, անհնարինության դեպքում` մյուս Փոխնախագահներից մեկը` ըստ իրենց ընտրության հերթականության:

3. Փոխնախագահներն ընտրվում են Պայմանավորվող կողմերի պատվիրակներից` Գլխավոր վեհաժողովի կողմից, որը սահմանում է նրանց պաշտոնավարման բնույթն ու տևողությունը և, մասնավորապես, այն Կոմիտեները, որոնք նրանք ղեկավարելու են:

 

Հոդված 30

 

1. Գործադիր կոմիտեն բաղկացած է տասներկու Պայմանավորվող կողմերի պատվիրակներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակում է մեկական ներկայացուցիչ:

2. Գործադիր կոմիտեն`

ա) ստեղծում և մշտապես արդիական է պահում այն մարդկային գործունեության արդյունքների դասակարգիչը, որոնք պիտանի են ցուցահանդեսում ներկայացվելու.

բ) ուսումնասիրում է ցուցահանդեսի գրանցման կամ ճանաչման բոլոր դիմումները և դրանք իր առաջարկներով ներկայացնում է Գլխավոր վեհաժողովի հաստատմանը.

գ) կատարում է այնպիսի առաջադրանքներ, որոնք կարող են տրվել Գլխավոր վեհաժողովի կողմից.

դ) կարող է պահանջել այլ Կոմիտեների կարծիքը:

 

Հոդված 31

 

1. Գլխավոր քարտուղարը, որը նշանակվում է սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածի դրույթների համաձայն, պետք է լինի Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի:

2. Գլխավոր քարտուղարը, համաձայն Գլխավոր վեհաժողովի և Գործադիր կոմիտեի հրահանգների, պատասխանատու է Գրասենյակի ընթացիկ աշխատանքների համար: Նա մշակում է բյուջեի նախագիծը, ներկայացնում է հաշիվները և իր գործունեության վերաբերյալ զեկույցներ է ներկայացնում Գլխավոր վեհաժողովին: Նա ներկայացնում է Գրասենյակը հատկապես իրավական հարցերում:

3. Գլխավոր վեհաժողովը որոշում է Գլխավոր քարտուղարի այլ պարտականությունների և պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև նրա պաշտոնավարման ժամկետները:

 

Հոդված 32

 

Գրասենյակի տարեկան բյուջեն ընդունվում է Գլխավոր վեհաժողովի կողմից` 28-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն: Բյուջեում հաշվի են առնվում Գրասենյակի ֆինանսական պահուստային միջոցները, բոլոր տեսակի եկամուտները, ինչպես նաև նախորդ ֆինանսական տարիների ընթացքում առաջացած` դեբետային և կրեդիտային հաշվեկշիռների մնացորդները: Գրասենյակի ծախսերը ծածկվում են այս ռեսուրսներից և Պայմանավորվող կողմերի անդամավճարներից, որոնք հաշվարկված են յուրաքանչյուր Կողմին հասնող մասերի քանակության հիման վրա` Գլխավոր վեհաժողովի որոշումների համաձայն:

 

Հոդված 33

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կառավարություն կարող է սույն Կոնվենցիայում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություն անել: Նշված առաջարկության տեքստը և դրա հիմնավորումն ուղարկվում են Գլխավոր քարտուղարին, որը, հնարավորինս արագ, դրանք փոխանցում է մյուս Պայմանավորվող կառավարություններին:

2. Լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է Գլխավոր վեհաժողովի հերթական կամ արտահերթ նիստի օրակարգում, որը հրավիրվում է Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկի փոխանցման ամսաթվից առնվազն երեք ամիս հետո:

3. Նախորդ կետի և 28-րդ հոդվածի դրույթների համաձայն Գլխավոր քարտուղարի կողմից ընդունված լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվում է սույն Կոնվենցիայի բոլոր Պայմանավորվող կառավարություններին հաստատման համար: Այն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի համար այն օրվանից, երբ նրանց 4/5-ը Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը ծանուցում է իր համաձայնության մասին, բացառությամբ, սույն կետի, 16-րդ հոդվածի կամ այդ հոդվածում նշված Հավելվածի փոփոխությունների առաջարկությունների, որոնք ուժի մեջ չեն մտնի, մինչև բոլոր Կողմերը իրենց համաձայնության մասին չծանուցեն Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:

4. Յուրաքանչյուր կառավարություն, որը ցանկանում է վերապահում անել լրացումներին և փոփոխություններին իր համաձայնությանը, Գրասենյակին տեղեկացնում է այդ առաջարկված վերապահման դրույթների մասին: Գլխավոր վեհաժողովը որոշում է կայացնում այդ վերապահման` ընդունելի լինելու վերաբերյալ: Գլխավոր վեհաժողովը թույլատրում է այն վերապահումները, որոնք նպաստում են միջազգային ցուցահանդեսների ձեռքբերումների պաշտպանությանը, և մերժում է այն վերապահումները, որոնք ստեղծում են արտոնյալ վիճակ: Եթե վերապահումն ընդունվում է, այն Կողմը, որը ներկայացրել է այն, ընդգրկվում է վերոհիշյալ 4/5-րդ մեծամասնության կազմում, որոնք ընդունել են լրացումներն ու փոփոխությունները: Եթե այն մերժվում է, այն կառավարությունը, որը վերապահում է ներկայացրել, կատարում է ընտրություն լրացումները և փոփոխությունները մերժելու և դրանք առանց վերապահման ընդունելու միջև:

5. Երբ, համաձայն սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված պայմաններով, լրացումներն ու փոփոխությունները մտնում են ուժի մեջ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը հրաժարվել է դրանք ընդունել, նպատակահարմարության դեպքում, օգտվում է սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի դրույթներից:

 

Հոդված 34

 

1. Երկու կամ ավելի Պայմանավորվող կառավարությունների միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ, որը չի կարող կարգավորվել սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեցող մարմինների կողմից, լուծվում է վեճի Կողմերի միջև` բանակցությունների միջոցով:

2. Եթե այդ բանակցությունները կարճ ժամանակահատվածում չեն հանգեցնում համաձայնության, ցանկացած Կողմ կարող է դիմել Գրասենյակի նախագահին` հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե հաշտարարը չի կարողանում ստանալ վեճի Կողմերի համաձայնությունը, նա նշում և սահմանում է վեճի բնույթը և ծավալը Նախագահին ներկայացվող իր զեկույցում:

3. Եթե մեկ անգամ արձանագրվում է անհամաձայնություն, ապա վեճը ենթակա է կարգավորման միջնորդ դատարանի կողմից: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ վեճի մասնակիցներին զեկույցի ներկայացման պահից հետո` երկու ամսվա ընթացքում, դիմում է Գրասենյակի Գլխավոր քարտուղարին իրավարարության խնդրանքով` նշելով տվյալ Կողմի կողմից ընտրված դատավորին: Վեճի մյուս Կողմը կամ Կողմերը երկու ամսվա ընթացքում նշանակում են իրենց համապատասխան միջնորդ դատավորներին: Դա չկատարելու դեպքում ցանկացած Կողմ կարող է ծանուցել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` միջնորդ դատավոր կամ դատավորներ նշանակելու խնդրանքով: Երբ նախորդ կետում նշված նպատակների համար մի քանի Կողմեր գործում են միասնական, նրանք ընկալվում են որպես մեկ ինքնուրույն միավոր: Կասկածի դեպքում որոշումը կայացնում է Գլխավոր քարտուղարը: Միջնորդ դատավորները, իրենց հերթին, նշանակում են լրացուցիչ միջնորդ դատավոր: Եթե միջնորդ դատավորները տվյալ ընտրության վերաբերյալ չեն կարող համաձայնության գալ երկու ամսվա ընթացքում, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը, ծանուցված լինելով Կողմերից մեկի կողմից, պետք է լրացուցիչ միջնորդ դատավոր նշանակի:

4. Միջնորդ մարմինն իր որոշումը կայացնում է իր անդամների ձայների մեծամասնությամբ: Լրացուցիչ միջնորդ դատավորը, միջնորդ դատավորների հավասար ձայների դեպքում, ունի որոշիչ ձայն: Այդ որոշումը պարտադիր է վեճի բոլոր Կողմերի համար, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

5. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ ինքը պարտավորվածություն չի կրում վերը նշված 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորվածություն չեն կրում այդ դրույթներով այն պետության հետ հարաբերություններում, որը նմանատիպ վերապահում է արել:

6. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը, համաձայն վերը նշված կետի, վերապահում է արել, ցանկացած ժամանակ կարող է հանել իր վերապահումները` դրա մասին ծանուցելով ավանդապահ կառավարությանը:

 

Հոդված 35

 

Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության անդամ ցանկացած պետության կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող, բայց Արդարադատության միջազգային դատարանի անդամ պետության համար, կամ` ցանկացած պետության համար, որը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններից որևէ մեկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, ինչպես նաև` այլ պետության համար, որի անդամակցության դիմումն հաստատվել է Գրասենյակի Գլխավոր վեհաժողովում քվեարկելու իրավունք ունեցող Պայմանավորվող կողմերի 2/3-ի մեծամասնությամբ: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը և ուժի մեջ են մտնում ի պահ հանձնելու օրվանից:

 

Հոդված 36

 

Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը սույն Կոնվենցիան ստորագրած և դրան միացած կառավարություններին և Միջազգային ցուցահանդեսների գրասենյակին տեղեկացնում է հետևյալի մասին`

ա) լրացումների և փոփոխությունների ուժի մեջ մտնելու մասին` համաձայն 33-րդ հոդվածի.

բ) միանալու մասին` համաձայն 35-րդ հոդվածի.

գ) չեղյալ հայտարարումների մասին` համաձայն 37-րդ հոդվածի.

դ) 34-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներկայացված վերապահումների մասին.

ե) սույն Կոնվենցիայի դադարեցման մասին, եթե առաջանում է այդպիսի հարց:

 

Հոդված 37

 

1. Ցանկացած Պայմանավորվող կառավարություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` գրավոր ծանուցելով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:

2. Նման չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում տվյալ ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց:

3. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցվում է, եթե Պայմանավորվող կառավարությունների թիվը չեղյալ հայտարարումների հետևանքով նվազում է յոթից: Գրասենյակի լուծարման վերաբերյալ Պայմանավորվող կառավարությունների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության դեպքում Գլխավոր քարտուղարը պատասխանատվություն է կրում լուծարման հետ կապված հարցերի համար: Եթե Գլխավոր վեհաժողովն այլ որոշում չի ընդունում, Գրասենյակի միջոցները բաժանվում են Պայմանավորվող կառավարությունների միջև` սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու պահից վճարված անդամավճարների չափաբաժնին համապատասխան: Եթե կան պարտավորություններ, դրանք պետք է ստանձնեն նույն կառավարությունները` ընթացիկ ֆինանսական տարում սահմանված անդամավճարների չափաբաժնին համապատասխան:

 

Կատարված է Փարիզում 1972 թվականի նոյեմբերի 30-ին:

 

Հավելված
1928 թ. նոյեմբերի 22-ի Փարիզում ստորագրված «Միջազգային
ցուցահանդեսների մասին» Կոնվենցիայի (փոփոխված և լրացված 1948 թ.
մայիսի 10-ի, 1966 թ. նոյեմբերի 16-ի, 1972 թ. նոյեմբերի 30-ի
Արձանագրություններով և 1982թ. հունիսի 24-ի Լրացումով)

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 1 - Սահմանումներ

 

Սույն Հավելվածի կիրառման նպատակով կիրառվում են հետևյալ տերմինները`

ա) «ներմուծման վճարներ»` մաքսային վճարները և բոլոր այլ մաքսատուրքերն ու հարկերը, որոնք ենթակա են վճարման ներմուծման ժամանակ կամ դրա հետ կապված հարցերում, և ներառում են ապրանքների ներմուծման ժամանակ գանձվող ակցիզային բոլոր մաքսատուրքերը և ներքին հարկերը, բայց չեն ներառում այն վճարները, որոնք սահմանափակվում են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով և չեն հանգեցնում տեղական արտադրանքի անուղղակի հովանավորչության և հարկային նպատակներով ներմուծվող ապրանքների հարկման.

բ) «ժամանակավոր ընդունում»` վերաարտահանման ենթակա ապրանքների ժամանակավոր ներմուծում առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ու ներմուծման սահմանափակումների և արգելքների կիրառման:

 

Հոդված 2

 

Ժամանակավոր ընդունումը կիրառվում է`

ա) այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ցուցահանդեսում ցուցադրման կամ ներկայացման համար.

բ) այն ապրանքների նկատմամբ, որոնք օգտագործվում են միջազգային ցուցահանդեսներում ցուցադրումներ կազմակերպելիս, ինչպիսիք են`

I) օտարերկրյա մեխանիզմներն ու սարքավորումները ներկայացնելու համար անհրաժեշտ ապրանքները.

II) շինարարական նյութերը` անգամ հումքի տեսքով, զարդարանքի նյութեր և կահավորանք, էլեկտրական սարքավորումներ ցուցահանդեսների, օտարերկրյա ցուցասրահների և ցուցադրակների, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակցող արտասահմանյան երկրի տաղավարի Գլխավոր հանձնակատարին հանձնված տարածքների նախապատրաստման համար.

III) շինարարության համար օգտագործվող գործիքները և տրանսպորտային միջոցները, որոնք անհրաժեշտ են ցուցահանդեսի աշխատանքների համար.

IV) ցուցահանդեսում ցուցադրվող գովազդային և ցուցադրական նյութերը, որոնք ցուցահանդեսում ցուցադրվող արտասահմանյան ապրանքներն ակնհայտորեն գովազդող նյութեր են, ինչպես օրինակ ձայնագրությունները, ֆիլմերը, ֆիլմերի սլայդերը, ինչպես նաև դրանց հետ օգտագործելու համար անհրաժեշտ սարքավորումները.

գ) այն սարքավորումների նկատմամբ, որոնք նախատեսված են ցուցահանդեսի նպատակների համար օգտագործման, ներառյալ թարգմանչական սարքերը, ձայնագրիչները և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի ֆիլմերը:

 

Հոդված 3

 

Սույն Հավելվածի 2-րդ Հոդվածում նշված սարքավորումները տրամադրվում են, պայմանով`

ա) որ ապրանքները կարող են նույնականացվել վերաարտահանման ժամանակ.

բ) մասնակից երկրի տաղավարի Գլխավոր հանձնակատարը, առանց գրավ վճարելու, երաշխավորում է կատարել ներմուծման մաքսատուրքերի վճարումը այն ապրանքների համար, որոնք չեն վերաարտահանվել ցուցահանդեսի փակումից հետո սահմանված ժամկետում. ցուցահանդեսի մասնակիցների խնդրանքով հրավիրող երկրի օրենքներին համաձայն կարող են տրամադրվել այլ երաշխիքներ (օրինակ` «A.T.A կարնետով», որը նախաձեռնվել է 1961 թ. դեկտեմբերի 6-ին Մաքսային համագործակցության խորհրդի կոնվենցիայով).

գ) ժամանակավոր ներմուծման երկրի մաքսային մարմինները համոզված են, որ սույն Հավելվածի դրույթները կկատարվեն:

 

Հոդված 4

 

Եթե ժամանակավոր ներմուծման երկրի օրենքներն ու կանոնակարգերը չեն թույլատրում, ժամանակավոր ընդունման թույլտվություն ստացած ապրանքները, քանի դեռ հանդիսանում են սույն Հավելվածով կարգավորվող հարաբերությունների առարկա, չեն կարող փոխառվել, հանձնվել վարձակալության, տրվել որպես նվեր կամ հեռացվել ցուցահանդեսի տարածքից: Դրանց վերաարտահանումը պետք է հետաձգվի հնարավորինս կարճ ժամկետով և պետք է կատարվի ոչ ուշ քան ցուցահանդեսի փակումից երեք ամիս անց: Մաքսային մարմինները, հիմնավորված պատճառների դեպքում, կարող են երկարացնել այս ժամանակահատվածը` ժամանակավոր ներմուծման երկրի օրենքներով սահմանված ժամկետով:

 

Հոդված 5

 

ա) Չնայած վերաարտահանման նկատմամբ 4-րդ Հոդվածում սահմանված պահանջի` արագ փչացող, էականորեն վնասված և փոքր ծավալ ունեցող ապրանքների վերաարտահանումը պարտադիր չէ, պայմանով, որ այդ ապրանքները`

I) ենթակա են ներմուծման մաքսատուրքերի գանձման, կամ

II) ամբողջությամբ ազատված են այն երկրի գանձատուն կատարվելիք վճարներից, ուր որ դրանք տվյալ երկիր ժամանակավորապես ներմուծվում են.

III) պաշտոնական վերահսկողությամբ մաքսային մարմինների պահանջով ոչնչացվում են` առանց այն երկրի գանձատուն կատարվելիք որևէ վճարումների, ուր որ դրանք ժամանակավորապես ներմուծվում են: Ավելին, վերաարտահանման պահանջները չեն կարող տարածվել այն ապրանքների վրա, որոնք պետք է ոչնչացվեն տաղավարի համապատասխան Գլխավոր հանձնակատարի պահանջով, ինչն իրականացվում է պետական վերահսկողությամբ, առանց այն երկրի գանձատուն կատարվելիք որևէ վճարումների, որ որ դրանք ժամանակավորապես ներմուծվում են.

բ) ժամանակավոր ընդունված ապրանքները վերաարտահանումից բացի, կարող են օգտագործվել նաև այլ կերպ, մասնավորապես, կիրառվել ներքին օգտագործման համար` ժամանակավոր ներմուծող երկրի` արտասահմանից ուղղակի ներմուծումը կարգավորող օրենքներով և կանոնակարգերով կիրառվող պայմանների և ձևականությունների համաձայն:

 

Հոդված 6

 

Ցուցահանդեսի ընթացքում ժամանակավորապես ներմուծված մեխանիզմների և սարքավորումների ցուցադրման արդյունքում պատահական կերպով ձեռք բերված ապրանքները կարգավորվում են սույն Հավելվածի 4-րդ և 5-րդ հոդվածներով, նույն ձևով ինչ որ, եթե դրանց տրված լիներ ժամանակավոր ընդունման թույլտվություն` ներքոնշյալ 7-րդ հոդվածում նշված վերապահումների համաձայն:

 

Հոդված 7

 

Ներմուծման մաքսատուրքեր չպետք է գանձվեն, ներմուծման արգելքներ ու սահմանափակումներ չպետք է կիրառվեն, և եթե ժամանակավոր ընդունման թույլտվությունը տրվել է, վերաարտահանում չպետք է պահանջվի հետևյալ ապրանքների նկատմամբ, եթե դրանց ընդհանուր արժեքը և քանակը, ներմուծվող երկրի մաքսային մարմինների կարծիքով, ողջամիտ է` հաշվի առնելով ցուցահանդեսի բնույթը, այցելուների թիվը և ցուցադրողի մասնակցության չափը`

ա) փոքրիկ նմուշներ (բացառությամբ ոգելից խմիչքների, ծխախոտի և վառելանյութի), որոնք ցուցահանդեսում ներկայացված արտասահմանյան ապրանքների տեսակներն են, ներառյալ` սննդամթերքը և խմիչքները, որոնք կամ ներմուծվել են այդպիսի նմուշների տեսքով կամ ցուցահանդեսի ընթացքում պատրաստվել են ներկրված հումքից, պայմանով`

I) որ դրանք անվճար են մատակարարվում արտասահմանից և ցուցահանդեսի ընթացքում այցելուներին տրամադրվում են անվճար` բացառապես այցելուների անձնական օգտագործման կամ սպառման համար.

II) որ դրանք նույնացվում են գովազդային օրինակների հետ և ունեն ցածր արժեք.

III) որ դրանք առևտրային նպատակների համար չեն և փաթեթավորված են զգալիորեն ավելի փոքր չափերով, քան մանրածախ վաճառքի ամենափոքր նմուշը.

IV) որ խմիչքի և սննդամթերքի օրինակները, որոնք չեն բաժանվում փաթեթներով, ինչպես նշված է վերոնշյալ III ենթակետում, սպառվում են ցուցահանդեսի ժամանակ.

բ) ներմուծված նմուշներ, որոնք օգտագործվում կամ սպառվում են հանձնաժողովի անդամների կողմից ցուցանմուշները գնահատելու ժամանակ, որոնց հավաստագրման վկայականը ենթակա է ներկայացման տաղավարի Գլխավոր հանձնակատարի կողմից, որտեղ նշվում է այդ նպատակով սպառվող կամ օգտագործվող նմուշների տեսակը և քանակը.

գ) ապրանքներ, որոնք ներմուծված են բացառապես ցուցադրման կամ արտասահմանյան մեքենաների կամ սարքավորումների աշխատանքը ցուցադրելու համար և մաշվում կամ փչանում են այդպիսի ցուցադրությունների ժամանակ.

դ) տպագրված նյութեր, կատալոգներ, առևտրային հայտարարություններ, գնացուցակներ, գովազդային պաստառներ, պատկերազարդ կամ ոչ պատկերազարդ օրացույցներ, և շրջանակների մեջ չդրված լուսանկարներ, որոնք ցուցահանդեսում ներկայացված արտասահմանյան ապրանքներն ակնհայտորեն գովազդող նյութեր են, պայմանով, որ արտասահմանից մատակարարվել են անվճար և ցուցահանդեսի այցելուներին տրամադրվում են միանգամայն անվճար:

 

Հոդված 8

 

Ներմուծման մաքսատուրքեր չպետք է գանձվեն, ներմուծման արգելքներ ու սահմանափակումներ չպետք է կիրառվեն, և եթե ժամանակավոր ընդունման թույլտվությունը տրվել է, վերաարտահանում չպետք է պահանջվի հետևյալ ապրանքների նկատմամբ`

ա) նյութեր, ինչպիսիք են, օրինակ` ներկերը, լաքերը, պաստառները, զտած բնահյութը, հրավառ նյութերը, սերմերը, բույսերը և այլն, որոնք ներմուծվել և օգտագործվում են արտասահմանյան ցուցադրողների ցուցադրակների հավաքման, տեղադրման, ձևավորման և կահավորման համար.

բ) պաշտոնական կատալոգներ, գրքույկներ, պաստառներ և ցուցադրվող կամ չցուցադրվող տպագրական այլ նյութեր, որոնք հրատարակվել են ցուցահանդեսին մասնակցող երկրների կողմից.

գ) նախագծեր, գծագրեր, փաստաթղթեր, տեղեկագրեր, բլանկներ և այլ փաստաթղթեր, որոնք ներմուծվում են ցուցահանդեսում օգտագործելու համար:

 

Հոդված 9

 

ա) Ինչպես մուտքի, այնպես էլ ելքի ժամանակ ցուցահանդեսում ցուցադրվող և օգտագործվող կամ արդեն ցուցադրված կամ օգտագործված ապրանքների զննումը և մաքսազերծումը, հնարավորության դեպքում, պետք է իրականացվի ցուցահանդեսի տարածքում.

բ) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, հաշվի առնելով ցուցահանդեսի կարևորությունը, ցանկացած ժամանակ, երբ նա օգտակար է համարում, պետք է ջանքեր գործադրի ողջամիտ ժամկետներում իր երկրում ընթացող ցուցահանդեսի տարածքում մաքսային կետի բացման համար.

գ) ժամանակավոր ներմուծված ապրանքների վերաարտահանումը կարող է իրականացվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով և այս նպատակով բացված ցանկացած մաքսային կետով, նույնիսկ, եթե վերջինս տարբերվում է ներմուծման մաքսային կետից, եթե պարզեցված ընթացակարգից օգտվելու համար ներմուծողը չի ձեռնարկում ապրանքների վերաարտահանում ներմուծման մաքսային կետով:

 

Հոդված 10

 

Սույն կանոնակարգերում ոչինչ չպետք է խոչընդոտի`

ա) ավելի լայն արտոնությունների կիրառմանը, որոնք Պայմանավորվող կողմերը տրամադրում կամ կարող են տրամադրել միմյանց` միակողմանիորեն կամ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով.

բ) ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող կանոնակարգերի կիրառմանը, լինեն դրանք ազգային կամ սահմանված համաձայնագրով, որոնք չեն առնչվում մաքսային հարցերին.

գ) արգելքների ու սահմանափակումների կիրառմանը, որոնք բխում են ազգային օրենսդրությունից և կանոնակարգերից ու կապված են հասարակության բարոյականության կամ վարքագծի, ազգային անվտանգության, հասարակության հիգիենայի կամ առողջության, կամ անասնաբուժության և բույսերի պաշտպանության հարցերի, կամ արտոնագրերի, առևտրային նշանների, հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության պաշտպանության հետ:

 

Հոդված 11

 

Սույն Հավելվածի նպատակի համար Պայմանավորվող երկրների տարածքները, որոնք կազմում են մաքսային կամ տնտեսական միություն, համարվում են մեկ ընդհանուր տարածք:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 25-ից:

 

ՑԱՆԿ
Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայի «Ստորագրված 1928 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում և լրացված 1948 թ. մայիսի 10-ի, 1966 թ. նոյեմբերի 16-ի, 1972 թ. նոյեմբերի 30-ի Արձանագրություններով և փոփոխված 1982 թ. հունիսի 24-ի ու 1988 թ. մայիսի 31-ի փոփոխված Արձանագրություններով» մասնակից պետությունների

 

Պետություն Միացել է / Վավերացվել է
1. Ալժիր 02.06.1997թ.
2. Անդորրա 03.12.2004թ.
3. Անտիգուա և Բարբուդա 15.05.1997թ.
4. Արգենտինա 07.12.1982թ.
5. Ավստրալիա 27.09.1973թ.
6. Ավստրիա 08.12.1947
7. Հայաստան 25.03.2008թ.
8. Բահամներ 21.05.1997թ.
9. Բահրեին 09.11.2007թ.
10. Բանգլադեշ 06.06.1997թ.
11. Բարբադոս 26.05.1997թ.
12. Բելառուս 30.03.1960թ.
13. Բելգիա 15.10.1931թ.
14. Բելիզ 12.05.1997թ
15. Բրազիլիա 17.05.1999թ.
16. Բուլղարիա 31.03.1960թ.
17. Կամբոջա 09.04.1997թ.
18. Կանադա 21.12.1957թ.
19. Չիլի 22.11.2007թ.
20. Չինաստան 03.05.1993թ.
21. Կոլումբիա 06.06.1997թ.
22. Կոմորոս 12.10.2007թ.
23. Կոնգո 22.11.2007թ.
24. Կոստա Ռիկա 23.11.1982թ.
25. Խորվաթիա 14.03.2003թ.
26. Կուբա 17.11.1982թ.
27. Կիպրոս 04.11.1999թ.
28. Չեխիա 19.06.1995թ.
29. Կորեայի Հանրապետություն 19.11.2007թ.
30. Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն 28.09.2007թ.
31. Դանիա 26.03.1932թ.
32. Ջիբութի 11.10.2007թ.
33. Դոմինիկա 05.06.1997թ.
34. Դոմինիկյան Հանրապետություն 22.11.2007թ.
35. Արևելյան Տիմոր 19.11.2007թ.
36. Էկվադոր 18.05.2007թ.
37. Եգիպտոս 22.11.2007թ.
38. Էլ Սալվադոր 20.05.1997թ.
39. Հասարակածային Գվինեա 17.12.2004թ.
40. Ֆիջի 08.11.2007թ.
41. Ֆինլանդիա 03.07.1937թ.
42. Ֆրանսիա 17.12.1930թ.
43. Գաբոն 17.09.2007թ.
44. Գերմանիա 17.12.1930թ.
45. Գանա 14.11.2007թ.
46. Մեծ Բիրտանիա 02.09.1949թ.
47. Հունաստան 21.10.1933թ.
48. Գրենադա 05.06.1928թ.
49. Գվատեմալա 18.10.2007թ.
50. Գվինեա 05.11.2007թ.
51. Գվինեա Բիսաու 15.11.2007թ.
52. Գայանա 26.05.1997թ.
53. Հայիթի 17.06.1949թ.
54. Հոնդուրաս 09.11.2007թ.
55. Հունգարիա 01.04.1960թ.
56. Իսլանդիա 22.01.1999թ.
57. Ինդոնեզիա 05.06.1997թ.
58. Իրան 14.11.2002թ.
59. Իսրայել 10.06.1997թ.
60. Իտալիա 19.01.1931թ.
61. Կոտ դ` Իվուար 16.11.2007թ.
62. Ճապոնիա 08.01.1965թ.
63. Հորդանան 10.12.2004թ.
64. Ղազախստան 04.06.1997թ.
65. Քենիա 19.11.2007թ.
66. Ղրղզստան 04.06.1997թ.
67. Քիրբաթի 18.09.2007թ.
68. Կորեա 15.05.1987թ.
69. Քուվեյթ 27.07.2007թ.
70. Լաոս 09.05.1997թ.
71. Լիբանան 15.09.1947թ.
72. Լիբերիա 22.11.2007թ.
73. Մադագասկար 04.06.1997թ.
74. Մալազիա 18.04.1995թ.
75. Մակդիվես 09.11.2007թ.
76. Մալի 13.11.2007թ.
77. Մալթա 15.03.2000թ.
78. Մարշալյան կղզիներ 12.09.2007թ.
79. Մավրիտանիա 24.04.2002թ.
80. Մեքսիկա 07.04.1997թ.
81. Մոնակո 29.04.1958թ.
82. Մոնղոլիա 03.06.1997թ.
83. Մարոկկո 14.01.1931թ.
84. Նամիբիա 04.06.1997թ.
85. Նաուրու 05.06.1997թ.
86. Նեպալ 19.11.2007թ.
87. Նիդեռլանդներ 06.01.1957թ.
88. Նիկարագուա 07.12.1982թ.
89. Նիգեր 05.10.2007թ.
90. Նիգերիա 12.01.1963թ.
91. Նորվեգիա 24.12.1936թ.
92. Օման 04.02.1997թ.
93. Պակիստան 04.06.2007թ.
94. Պալաու 03.06.1997թ.
95. Պանամա 16.11.2007թ.
96. Պարագվայ 14.11.2007թ.
97. Պերու 07.12.1982թ.
98. Ֆիլիպիններ 12.08.1993թ.
99. Լեհաստան 01.04.1960թ.
100. Պորտուգալիա 11.01.1932թ.
101. Կատար 09.04.1997թ.
102. Ռումինիա 17.12.1930թ.
103. Ռուսաստանի Դաշնություն 08.07.1959թ.
104. Սենթ Քիթս և Նևիթս 13.05.1997թ.
105. Սենթ Լյուսիա 13.05.1997թ.
106. Սենթ Վիսենտ և Գրենադի 25.04.1997թ.
107. Սամոա 06.11.2007թ.
108. Սաուդյան Արաբիա 05.11.2007թ.
109. Սան Մարինո 05.10.2004թ.
110. Սենեգալ 22.11.2004թ.
111. Սեյշելյան կղզիներ 05.06.1997թ.
112. Սլովակիա 25.06.1993թ.
113. Սլովենիա 02.11.2004թ.
114. Սոլոմոնի Կղզիներ 08.11.2007թ.
115. Հարավային Աֆրիկա 01.09.1993թ.
116. Իսպանիա 03.12.1971թ.
117. Շրի Լանկա 13.11.2007թ.
118. Սուրինամ 16.05.1997թ.
119. Սիրիայի Արաբական Հանրապետություն 02.07.2007թ.
120. Սվազիլենդ 14.11.2007թ.
121. Շվեյցարիա 17.12.1930թ.
122. Շվեդիա 17.12.1930թ.
123. Տաջիկստան 19.11.2007թ.
124. Թաիլանդ 24.03.1993թ.
125. Տոգո 10.06.1997թ.
126. Տոնգա 19.11.2007թ.
127. Տրինիդադ և Տոբագո 06.06.1997թ.
128. Թունիս 17.12.1930թ.
129. Թուրքիա 05.10.2004թ.
130. Տուվալու 12.09.2007թ.
131. Ուգանդա 11.06.1997թ.
132. Ուկրաինա 30.03.1960թ.
133. Արաբական Միացյալ
134. Էմիրություններ
06.06.1997թ.
135. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն 03.06.1997թ.
136. Ուրուգվայ 10.06.1983թ.
137. Ոզբեկստան 02.06.1997թ.
138. Վանուատա 16.11.2007թ.
139. Վենեսուելա 23.11.1982թ.
140. Վիետնամ 11.04.2003թ.
141. Եմեն 05.06.1997թ.

 

pin
''
22.11.1928
Կոնվենցիա