Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ) ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱ ...

 

 

100.0003.180509

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        05            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 մարտի 2009 թվականի N 03-Ն

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ) ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N 3.1.6.-011-09 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման N 3.1.6.-011-09 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

1) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կանոնների իրականացման նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թ. հունիսի 4-ի «Մանկաբարձական ստացիոնարներում ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և իրականացում ՍԿ N 3.1.6.00-04 սանիտարահամաճարակային կանոնները հաստատելու մասին» N 598-Ն հրամանը:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատում եմ

ՀՀ առողջապահության նախարար

2009 թ. մարտի 27-ի

03-Ն հրամանով

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ) ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ՍԿ 3.1.6-011-09

 

ԲԱԺԻՆ 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունք) ներհիվանդանոցային վարակի դեմ պայքարի և կանխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարների (բաժանմունքների) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են մակաբարձագինեկոլոգիական բուժօգնություն և սպասարկում, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների համար, ովքեր իրականացնում են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի նկատմամբ վերահսկողություն:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են ներհիվանդանոցային վարակների դեպքերի վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, շարունակական հսկողության, ներհիվանդանոցային վարակների օջախների համաճարակաբանական հետազոտության, կոնտակտավորների հսկողության, բուժման, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի նկատմամբ մանրէաբանական հսկողության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարների տեղակայմանը, կառուցվածքին, շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը, սարքավորումների շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի այլ հարցեր, որոնք ուղղված են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը:

 

ԲԱԺԻՆ 2
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ) ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային կամ նոզոկոմիալ վարակը (այսուհետ` ՆՀՎ) հղիի, ծննդկանի, ծննդաբերի, նորածնի կամ գինեկոլոգիական հիվանդի, հետազոտվողի մոտ բուժսպասարկման (ծննդալուծում, բուժում, հետազոտություններ և այլն) ընթացքում կամ դուրսգրումից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ ստացիոնար ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև բուժանձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական աշխատանքի ընթացքում անկախ հիվանդության ախտանշանների դրսևորման ժամանակից:

4. Ներհիվանդանոցային վարակներին բնորոշ են փոխանցման հետևյալ մեխանիզմները.

1) կոնտակտային (կենցաղակոնտակտային, արյունակոնտակտային)

2) ֆեկալ-օրալ (սննդային, ջրային)

3) օդակաթիլային (օդային, կաթիլային):

 

ԲԱԺԻՆ 3
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 2
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Նոր կառուցվող կամ վերակառուցվող մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ («Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» ՀՀ օրենքի N 12 հոդված):

6. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) հիվանդասենյակները, ընդունարանը, միջամտությունների սենյակը, վիրակապական և այլ բուժական աշխատասենյակները չեն տեղակայվում նկուղային և կիսանկուղային հարկերում («Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ 2.08.02-89 շինարարական նորմեր և կանոններ, հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետական գրանցման թիվ 11701172):

7. Իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների իրականացմամբ (ռենտգենախտորոշիչ կաբինետ, ճառագայթային թերապիայի բաժանմունք, ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիա և այլն) սենքերը չեն տեղակայվում հղիների և մանկական հիվանդասենյակներին հարակից (հորիզոնական և ուղղահայաց) տարածքներում («Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ 2.08.02-89 շինարարական նորմեր և կանոններին կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկ (բաժին 1, կետ 7, հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետական գրանցման թիվ 11701172):

8. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի, բաժանմունքի հիվանդասենյակային բաժանմունքները լինում են ոչ տարանցիկ:

9. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) կառուցվածքն ապահովում է հիվանդների, հղիների, ծննդկանների ու ծննդաբերների տեղակայումը առանձին (ծննդաբերական, հղիների պաթոլոգիայի և գինեկոլոգիական) բաժանմունքներում: Ընդունարանը ապահովվում է նախասրահ-սպասասրահով, առաջին բուժօգնության սարքավորումներով հագեցած և գինեկոլոգի բազկաթոռով դիտողական սենյակներով (18 մ2 մակերեսով), սանթողարանով, բժշկի աշխատասենյակով և օժանդակ սենքով` կեղտոտ սպիտակեղենի, գույքի պահման համար: Ընդունարանին հարակից տարածքում ապահովվում է բոքս-ծնարան` կասկածելի կամ հաստատված վարակների ախտորոշումներով հիվանդների համար:

10. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի, բաժանմունքի ընդունարանը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների և հետիոտնի մոտեցման համար հարմար տարածքում:

11. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի, բաժանմունքի հիվանդասենյակային բաժանմունքները և վիրահատական կառույցահատվածը 2-րդ և ավելի բարձր հարկերում տեղակայելու դեպքում շենքն ապահովվում է համապատասխան վերելակով:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

i

13. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը (բաժանմունքը) ունենում է մանկաբարձական և գինեկոլոգիական վիրահատարաններ: Նշված վիրահատարանների բացակայության դեպքում օգտվում են հիվանդանոցի նույն շենքում տեղակայված ընդհանուր վիրաբուժության վիրահատարաններից` համաձայն նախօրոք կազմված պլան-ժամանակացույցի: Ընդհանուր վիրաբուժության վիրահատարաններ տանող միջանցքները ջեռուցվում են:

14. Վիրահատական կառույցահատվածը տեղակայվում է բաժանմունքների մեկուսացված հատվածներում` առավելագույն չափով հեռացված ուղղահայաց կոմունիկացիաներից:

15. Վիրահատական կառույցահատվածը ապահովվում է նախավիրահատարաններով, վիրահատարաններով, հիվանդների կենսագործունեության ապահովման համար սարքավորումներով և կահավորումով վերակենդանացման հիվանդասենյակով, գործիքների մանրէազերծման սենքով (կարող է կազմակերպվել նաև փափուկ գույքի մանրէազերծման բաժին), անձնակազմի ցնցուղարանով, օժանդակ սենքերով` պետքանոթների լվացման և ախտահանման, կեղտոտ, մաքուր սպիտակեղենի ժամանակավոր պահման համար և այլն: Մեծ վիրահատարանում ապահովվում են հետևյալ սենքերը և մակերեսները` նախավիրահատարան` 15 մ2, վիրահատարան 36 մ2, գործիքների և փափուկ գույքի մանրէազերծման առկայության դեպքում ավելացվում են համապատասխան սենքեր և մակերեսներ:

16. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) կարող են կազմակերպվել 1-2-տեղանոց անհատական հիվանդասենյակներ` հղիների, ծննդկանների ու ծննդաբերների համար (2-տեղանոցը նախատեսվում է խնամողի հետ համատեղ):

17. Մոր և մանկան համատեղ կեցության հիվանդասենյակները կազմակերպվում են ոչ ավելի, քան 3 մահճակալով:

18. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) հիվանդասենյակներում ապահովվում են հետևյալ մակերեսները («Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմեր և կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկ, բաժին 2, հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետական գրանցման թիվ 11701172).

1) մեկտեղանոց հիվանդասենյակ` 9 մ2

2) մեկտեղանոց հիվանդասենյակ անցախցով և սանհանգույցով (9+3+2) 14 մ2

3) երկուտեղանոց հիվանդասենյակ անցախցով և սանհանգույցով (14+3+2) 19 մ2

4) մոր և մանկան համատեղ կեցության հիվանդասենյակ, անցախցով և սանհանգույցով (9+3+3+3) 18 մ2

5) մոր և մանկան համատեղ կեցության հիվանդասենյակ` 2 մահճակալով, անցախցով և սանհանգույցով (14+6+3+3) 26 մ2

6) նորածնային հիվանդասենյակ 1 մահճակալով` 6 մ2

7) նորածնային հիվանդասենյակ 2 և երկուսից ավելի մահճակալով 6 մ2+3 մ2 (յուրաքանչյուր մահճակալին)

8) նորածնային հիվանդասենյակ 2 կյուվեզի համար` 12 մ2

9) իզոլյատոր` նորածնային մահճակալի համար անցախցով` 9 մ2

10) 1-ից ավելի մահճակալով հիվանդասենյակներում 1 մահճակալի մակերեսը` 7 մ2

11) վերակենդանացման հիվանդասենյակ` 13 մ2:

19. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը (բաժանմունքը) ապահովվում է ծննդաբերական կառույցահատվածով, միջամտությունների, կյուվեզների մշակման, փոխներարկման համար արյան և դրա փոխարինիչների պատրաստման և պահման, պատվաստումների, պետքանոթների, մոմլաթների լվացման և վարակազերծման, կեղտոտ սպիտակեղենի ժամանակավոր պահման, ընկերքի պահպանման, մաքուր սպիտակեղենի պահպանման, հոգնայի սենքերով: Նախատեսվում է բոքս-մեկուսարան` կասկածելի կամ հաստատված վարակիչ հիվանդությունների դեպքերի մեկուսացման համար: Ծննդաբերական կառույցահատվածի 1-տեղանոց ծնարանը ունենում է 24 մ2 մակերես, 2-տեղանոցը` 36 մ2 մակերես: Մոտակա տարածքում տեղակայվում է նորածնի ռեանիմացիոն սենքը` 16 մ2 մակերեսով:

20. Միջամտությունների սենյակը և վիրակապարանն ունենում է 12 մ2 մակերես, իսկ գործիքների մանրէազերծման առկայության դեպքում ավելացվում են համապատասխան մակերեսներ:

21. Փոքր վիրահատարանը, որտեղ կատարվում են տեղային անզգայացմամբ վիրաբուժական միջամտություններ, տեղակայվում է գինեկոլոգիական բաժանմունքին կից տարածքում, մոտ վիրահատական կառույցահատվածին կամ էլ մոտ վիրահատական կառույցահատվածին մոտեցման ուղիներին և/կամ վերելակին:

22. Փոքր վիրահատարանում ապահովվում են հետևյալ սենքերը և մակերեսները` նախավիրահատարան` 8 մ2, վիրահատարան` 24 մ2, գործիքների և փափուկ գույքի մանրէազերծման առկայության դեպքում ավելացվում են համապատասխան սենքեր և մակերեսներ:

23. Կլինիկաախտորոշիչ լաբորատոր կառույցահատվածը ապահովում է հետևյալ սենքերը. հետազոտման ենթակա մեզի նմուշների ընդունման, գրանցման, տեսակավորման սենքով, արյան վերցման սենքով (արյան և մեզի վերցնելու գործընթացը կարելի է կազմակերպել նաև բաժանմունքում), լաբորանտային և մանրէադիտման սենքերով, ցենտրիֆուգի, լաբորատոր ամանեղենի լվացման և մանրէազերծման սենքերով:

 

ԳԼՈՒԽ 3
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

24. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքն ապահովվում է ՍՆԻՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», ՍՆԻՊ 2.04.02-84 * «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

25. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը (բաժանմունքը) ապահովվում է շուրջօրյա, սառը և տաք ջրով, կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Ջրամատակարարման ցանցից ժամանակացույցով ջրի ստացման դեպքում լրացուցիչ ապահովվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի պահեստավորման ամբարներով, տարողություններով:

26. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) խմելու ջուրը համապատասխանում է «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

27. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) լվացարաններն ունենում են արմնկային կամ այլ` առանց ձեռքի հպման կառավարման ծորակներ:

28. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) հիվանդասենյակներում սանհանգույցների բացակայության դեպքում կազմակերպվում է սանհանգույց` 10 անձին 1 զուգարանակոնքի հաշվարկով և հիգիենայի սենյակ` իր շարժական ցնցուղով:

 

ԳԼՈՒԽ 4
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

29. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) սենքերում միկրոկլիմայի չափորոշիչների նորմավորումը կատարվում է «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի 26 և 27 աղյուսակներում բերված նորմերին համապատասխան (հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թ. Պետական գրանցման թիվ 11701172):

30. Սենքերի ջեռուցման, օդի լավորակման, օդափոխանակության և օդի վարակազերծման լուծումներն ապահովում են օպտիմալ միկրոկլիմայական պայմանները և բացառում են սենքերի օդի մանրէային և քիմիական նյութերով աղտոտումը:

31. Սանհանգույցները և լողարաններն ունենում են բնական արտաձիգ օդափոխություն` մղանցքների միջոցով: Բոլոր հիմնական սենքերում նախատեսվում է բնական օդափոխում` պատուհանների և օդանցքների միջոցով:

32. Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքերով սենքերը ապահովվում են կամ ներհոս-արտաձիգ օդափոխման համակարգով, կամ էլ ունենում են պատուհանների օդանցքների միջոցով ինտենսիվ օդափոխման հնարավորություն: Վատ օդափոխվող սենյակներում լամպերը 1,5-2 ժամ միացնելուց հետո անջատում են 40 րոպե տևողությամբ և օդափոխում սենյակները:

33. Օդի լավորակում նախատեսվում է նախածնարանում, ծնարանում, նախավիրահատարանում, վիրահատարանում, հետվիրահատական, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, ծծկեր հասակի, անհաս, վնասվածքներով, նորածինների հիվանդասենյակներում, կյուվեզներով/ինկուբատորներով, նորածնային հիվանդասենյակներում, փոքր վիրահատարաններում: Վարչական հատվածում օդի լավորակումը պարտադիր չէ:

34. Առկա օդափոխիչ համակարգերը և օդի լավորակման սարքերը ապահովվում են զտիչներով, իսկ հատուկ ռեժիմ պահանջող սենքերում (հավելված 3-ում նշված «արտակարգ մաքուր» և «մաքուր» օդի մաքրության դասի սենքեր)` մանրէային (բակտերիալ) զտիչներով:

35. Վիրահատարանները, ծնարանները, վիրակապարանները, հետվիրահատական, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակները ու այլ համանման սենքերը (ասեպտիկա և անտիսեպտիկա պահանջող) ապահովվում են օդի մանրէասպան սարքերով կամ օդի վարակազերծման այլ սարքավորումներով, այդ թվում` օդի զտման բարձր արդյունավետության զտիչներով շարժական սարքերով:

36. Օդի վարակազերծման և օդափոխանակության արդյունավետությունը գնահատվում է օդի մանրէաբանական աղտոտվածության մակարդակով: Ֆունկցիոնալ նշանակությունից և մաքրության դասից կախված բուժկանխարգելիչ կազմակերպությունների (այդ թվում` մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքով) և դեղատների սենքերի օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները բերված են հավելած 3-ում:

37. Օդում վնասակար նյութերի արտանետմամբ բժշկատեխնոլոգիական գործընթացներով սենքերում (լաբորատորիաներ և այլն) տեղակայվում են տեղային արտաձգման սարքեր կամ քարշիչ պահարաններ:

 

ԳԼՈՒԽ 5
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ) ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

38. Սենքերն ապահովվում են որակյալ խոնավ մաքրման համար հարթ, ամբողջական, ջրաանթափանց, ախտահանման ենթակա մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով: Գույքը, կահույքը և սարքավորումներն ունենում են մաքրման համար հարմար տեղակայում:

39. Սարքավորումները համապատասխանում են գործող տեխնիկական պայմանների և ստանդարտների պահանջներին, լինում են ստուգաչափված, դրանց շահագործումը բացառում է օդի աղտոտումը վնասակար նյութերով:

40. Իրականացվում է օդափոխիչ համակարգի, օդի լավորակման և մանրէասպան սարքերի անխափան աշխատանքի հսկողություն` համապատասխան գրանցումներով: Օդափոխության համակարգերը, օդափոխիչ սարքերը պահվում են մաքուր վիճակում, առանց մեխանիկական վնասվածքների, ժանգոտման հետքերի, հերմետիկության խախտումների:

41. Բուժկանխարգելիչ կազմակերպության կողմից օդի լավորակման և օդափոխության համակարգերի, օդատարների կանխարգելիչ զննում և վերանորոգում իրականացվում է համաձայն հաստատված ժամանակացույցի` եռամսյակը 1 անգամ: Կատարված հսկողության, զննման և վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կատարվում են համապատասխան գրանցումներ: Ընթացիկ անսարքությունները կամ խախտումները վերացվում են անմիջապես:

42. Օդափոխանակման, ջեռուցման և օդի լավորակման արդյունավետությունը գնահատելու համար բուժկանխարգելիչ կազմակերպության կողմից առնվազն ամիսը 1 անգամ իրականացվում են օդի մանրէային աղտոտվածության լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև միկրոկլիմայի չափորոշիչների (առնվազն` օդի ջերմաստիճանի) ամենօրյա գործիքային չափումներ` համապատասխան գրանցումներով: Շեղումներ արձանագրվելու դեպքում բուժկանխարգելիչ կազմակերպության կողմից անհապաղ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

43. Ամիսը 1 անգամից ոչ պակաս անցկացվում է զտիչների աղտոտվածության աստիճանի և օդի մանրէասպան սարքերի աշխատանքի արդյունավետության հսկողություն, որի վերաբերյալ գրանցումները կատարում են համապատասխան մատյանում: Զտիչների փոխումը կատարվում է ըստ աղտոտվածության, բայց ոչ պակաս, քան թողարկող կազմակերպության կողմից ցուցման մեջ նշված հաճախականությունից:

44. Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչների շահագործմանը և աշխատանքի արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը բերված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի հավելված 10-ում:

45. Բուժկանխարգելիչ կազմակերպությունում անհրաժեշտության դեպքում իրականացվում է կոսմետիկ կամ հիմնական վերանորոգում: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը, սարքավորումների անսարքությունները վերացնում են անմիջապես:

46. Կոսմետիկ կամ հիմնական վերանորոգման ընթացքում տվյալ բաժանմունքի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է:

47. Ճանճերի և այլ միջատների դեմ պայքարելու համար բոլոր պատուհանների բացվող փեղկերը` այն տարածքներում որտեղ առկա են վարակիչ հիվանդություններ փոխանցող միջատներ, դրանց ձվադրման վայրեր` ջրականգեր, աղբավայրեր և այլն, ցանցապատում են մանրավանդակ ցանցով:

48. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը (բաժանմունքը) ապահովվում է անհրաժեշտ փափուկ գույքով, այդ թվում` սպիտակեղենով: Անկողնային սպիտակեղենը փոխվում է ըստ անհրաժեշտության:

49. Սպիտակեղենը լվանում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի լվացքատանը, դրա բացակայության դեպքում` հիվանդանոցի լվացքատանը, սակայն մյուս բաժանմունքների սպիտակեղենից առանձին: Լվացքատան մեքենաները մակնշվում են ըստ բաժանմունքների: Կենտրոնացված լվացքատանը յուրաքանչյուր բաժանմունքի սպիտակեղենը լվացվում է առանձին` դրանց համար սահմանված ժամանակացույցով:

50. Լվացքատունն ունենում է կեղտոտ սպիտակեղենի ընդունման, տեսակավորման սենք, լվացման արտադրամաս, չորացման, արդուկման արտադրամաս, մաքուր սպիտակեղենի պահման և բացթողման սենք, լվացող և ախտահանման միջոցների պահեստ: Բուժկանխարգելիչ կազմակերպության լվացքատունը, ախտահանման խցի բաժինն ունենում է կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին օդափոխիչ համակարգ, դարակաշարեր` մաքուր և կեղտոտ սպիտակեղենի, անկողնային պարագաների պահման համար:

51. Կենտրոնացված լվացքատան բացակայության դեպքում յուրաքանչյուր բաժանմունքի սպիտակեղենի լվացքը կարելի է կազմակերպել լվացքի, չորացման սարքերով կահավորված առանձնացված տարածքում («փոքր-լվացքատան»)` ապահովելով հոսքայնության սկզբունքը և նվազագույնը 2 սենք` «կեղտոտ» սենք` օգտագործված սպիտակեղենի տեսակավորման, ախտահանման և լվացման համար և «մաքուր» սենք` չորացման, արդուկման և պահման համար:

52. Նորածինների սպիտակեղենի լվացման համար օգտագործվում են լվացող միջոցներ` թույլատրված միայն նորածինների համար: Սպիտակեղենը տեսակավորվում է ըստ գույնի, տեսակի և աղտոտվածության աստիճանի:

53. Բաժանմունքներում մաքուր սպիտակեղենը պահվում է այդ նպատակով հատկացված սենքերում: Հերթապահ բուժքույրերի հերթապահ կետերին կից հատկացված պահարաններում պահվում է սպիտակեղենի անհրաժեշտ օրական քանակությունը:

54. Բաժանմունքներում օգտագործված սպիտակեղենը հավաքում են պիտակավորված պոլիէթիլենային պարկերում, որոնք կարճ ժամանակահատվածում (1 օրից ոչ ավելի) պահում են այդ նպատակով հատկացված բաժանմունքի սենքում` կափարիչով տարողություններում և տեղափոխում են լվացքատուն, որտեղ կատարվում է սպիտակեղենի տեսակավորում և լվացում: Արտաթորանքներով, կենսաբանական հեղուկներով կեղտոտված սպիտակեղենը անմիջապես տեղավորվում է պարկերի մեջ և ուղարկվում հիվանդանոցի լվացքատուն, որտեղ նախքան լվացումն այն ախտահանվում է:

55. Օգտագործված սպիտակեղենն իր մեջ չի պարունակում սրածայր իրեր, վիրաբուժական գործիքներ, կենսաբանական հյուսվածքներ:

56. Լվացված սպիտակեղենը բաժանմունք են տեղափոխում այդ նպատակով հատկացված փոխադրամիջոցով, շրջակա միջավայրից աղտոտումը բացառող, պիտակավորված տարողություններով կամ պարկերով:

 

ԳԼՈՒԽ 6
ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

57. Սարքավորումների տեղադրումը և շահագործումն իրականացվում է անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ, որի վերաբերյալ սարքավորումներին կից փակցվում են համապատասխան հրահանգներ:

58. Աշխատակիցների համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր` հանդերձարան` 2 մասից բաղկացած հագուստի պահարաններով` առանձին հագուստի և արտահագուստի համար, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ:

59. Բոլոր աշխատողներն ապահովվում են արտահագուստի 2-ական լրակազմով, անձնական պաշտպանիչ միջոցներով` դիմակով, գլխաշորով և անձնական հիգիենայի պարագաներով (միանվագ օգտագործման կամ հեղուկ օճառ, անհատական սրբիչ կամ թղթե անձեռոցիկ և այլն) և անձնական օգտագործման հողաթափեր:

60. Հիվանդներին սպասարկող անձնակազմը`

1) ախտահանող, վարակազերծող, քիմիական միջոցների և միջատասպան նյութերի հետ կատարվող ամբողջ աշխատանքներն իրականացնում է լավ օդափոխվող սենյակներում: Այդ աշխատանքներն իրականացնելիս կրում է հատուկ հագուստ, ռետինե ձեռնոցներ, հերմետիկ ակնոցներ, հակափոշային կամ ունիվերսալ դիմակներ.

2) աշխատանքի ընթացքում մազերը ծածկում է գլխարկով կամ գլխաշորով.

3) հիվանդի արտաթորանքով աղտոտվելու դեպքում արտահագուստն անմիջապես փոխում է և հանձնում ախտահանման:

61. Խալաթները, գլխարկները, գլխաշորերը փոխվում են շաբաթական 2 անգամ և ըստ անհրաժեշտության: Վիրահատարանների, վերակենդանացման և ինտենսիվ բուժման բաժանմունքների աշխատողներն ամեն օր փոխում են խալաթը, գլխարկը (գլխաշորը) և դիմակը:

62. Սպասարկող անձնակազմը`

1) ստացիոնարից, բաժանմունքից դուրս է գալիս առանց աշխատանքային արտահագուստի և հողաթափերի,

2) ստացիոնար, բաժանմունք կամ աշխատատեղ ներկայանում է աշխատանքային արտահագուստով և հողաթափերով,

3) չի օգտվում հիվանդների համար նախատեսված զուգարանից, ամանեղենից և այլ իրերից:

 

ԲԱԺԻՆ 4
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

63. Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համալիր սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարն է (տնօրեն/գլխավոր բժիշկ):

64. Յուրաքանչյուր մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման համար կազմավորվում է վարակի հսկողության աշխատանքային խումբ` գլխավոր բժշկի, վերջինիս բուժական գծով տեղակալի, բժիշկ համաճարակաբանի, մանրէաբանի, գլխավոր բուժքրոջ, բաժանմունքի վարիչների, ավագ բուժքույրերի մասնակցությամբ:

65. Յուրաքանչյուր մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար (բաժանմունք), համաձայն վերջինիս առանձնահատկությունների, ունենում է վարակի հսկողության ծրագիր` հաստատված տնօրենի/գլխավոր բժշկի կողմից:

66. Վարակի հսկողության ծրագիրը ներառում է կազմակերպչական, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների համակարգ, որը հիմնված է համաճարակային ախտորոշման արդյունքների վրա և ուղղված է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունք), ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման կանխարգելմանը:

67. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունք), ինֆեկցիոն հսկողության համակարգը կազմակերպվում է ստացիոնարի ներսում, միջոցառումների իրականացման պատասխանատուն են ստացիոնարի (բաժանմունք) ղեկավարը և համաճարակաբանը, իսկ համաճարակաբանի բացակայության դեպքում` ղեկավարի կողմից հրամանագրված անձը:

68. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունք) վարակի հսկողության միջոցառումների պլանը ներառում է երեք կարգի միջոցառում` 1) վարչական, 2) շրջակա միջավայրի սանիտարամանրէաբանական հսկողություն և 3) հղիների, ծննդկանների, ծննդաբերների, նորածինների ու բուժանձնակազմի անվտանգության և անհատական պաշտպանության ապահովում:

69. Վարակի հսկողության վարչական բաղադրիչը միջոցառումների համալիր է` ներառյալ վարակիչ հիվանդության վաղ ախտորոշում, վարակիչ հիվանդների օպերատիվ մեկուսացում, ըստ նշանակության տեղափոխման կազմակերպում, հիվանդանոցում վարակի փոխանցման ռիսկի գնահատում, բուժանձնակազմի ուսուցում վարակի հսկողության պահանջների իրականացման վերաբերյալ և այլն:

70. Հղիների, ծննդկանների, ծննդաբերների, նորածինների ու բուժանձնակազմի անվտանգությունը և անհատական պաշտպանությունը ներառում է վերջիններիս կողմից անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում` դիմակներ, բախիլներ, միանվագ օգտագործման ձեռնոցներ և այլն:

71. Շրջակա միջավայրի հսկողությունը ներառում է միջոցառումներ վարակիչ ազդակներով շրջակա միջավայրի օբյեկտների, առարկաների աղտոտվածության մոնիթորինգ և շրջակա միջավայրում վարակիչ միկրոօրգանիզմների քանակը նվազեցնելուն կամ վերացնելուն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում` համաձայն սույն կանոնների 21-րդ գլխում ներկայացված պահանջների:

72. Շրջակա միջավայրի հսկողության արդյունքում, համաճարակաբանական ցուցման դեպքում, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության առաջարկությամբ կարող է սահմանվել կարանտին կամ վերջինիս կողմից կարող է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը (բաժանմունք) ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:

73. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունք), համաճարակաբանի կողմից իրականացվում է շարունակական ուսուցում բաժանմունքների վարիչների, ավագ մանկաբարձուհիների համար: Բաժանմունքի վարիչները հոսպիտալային համաճարակաբանի հետ համատեղ սույն սանիտարահակահամաճարակային կանոնների ուսուցման հարցերով իրականացնում են պարապմունքներ բժիշկների, իսկ ավագ մանկաբարձուհին (բուժքույրը)` միջին և կրտսեր բուժանձնակազմի համար:

 

ԳԼՈՒԽ 7
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

 

74. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար (բաժանմունք) աշխատանքի են ընդունվում 18 տարեկան լրացած անձինք:

75. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար (բաժանմունք) աշխատանքի ընդունվող բուժաշխատողները, ժամանակավորապես ուսումնագործնական պարապմունք անցնող ուսանողները, ենթարկվում են բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» 27 մարտի, 2003 թվականի N 347-Ն որոշման համապատասխան:

76. Պայմանական-ախտածին և ախտածին ֆլորայի նկատմամբ անձնակազմի հետազոտությունները կատարվում են նաև համաճարակաբանական ցուցումներով:

77. Աշխատանքի նոր ընդունվողներին կատարվում է նախնական հրահանգավորում աշխատանքի պաշտպանության հարցերի և նրանց պարտականությունների մասին:

 

ԳԼՈՒԽ 8
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ) ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

78. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարն (բաժանմունքը) իր գործունեությունը ծավալում է գործունեության տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա ունենալու դեպքում:

79. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարն (բաժանմունք) իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնում է պլանային կարգով` եզրափակիչ ախտահանման, անհրաժեշտության դեպքում` նաև կոսմետիկ վերանորոգման համար:

80. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) գործունեության ժամանակավորապես դադարեցման պլան-ժամանակացույցը կազմվում է տվյալ ստացիոնարի տնօրենի/գլխավոր բժշկի կողմից` նախապես համաձայնեցնելով Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության հետ: Ե՛Վ պլանային, և՛ արտապլանային ժամանակավորապես դադարեցման ընթացքում իրականացված կոսմետիկ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մանկաբարձական ստացիոնարի ղեկավարը գրավոր դիմում է Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչություն` ստացիոնարի գործունեության վերաբացման իրավունք ստանալու նպատակով: Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարը վերաբացելու իրավունքը տրվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի ստորագրությամբ` մանրէաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Վերաբացման իրավունք տալու համար իրականացվում են ախտահանման որակի և օդի մանրէաբանական հետազոտություններ:

81. Ըստ բաժանմունքների գործունեության ժամանակավորապես դադարեցումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` այլ մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի բացակայության և բուժկանխարգելիչ կազմակերպություններում վերջինիս ծավալման հնարավորության բացակայության դեպքում:

82. Համաճարակաբանական ցուցումով գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ստացիոնարի վերաբացումը թույլատրվում է միայն արձանագրված վարակին համապատասխան հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացումից և միջավայրի սանիտարամանրէաբանական լաբորատոր հետազոտության (կոնտակտավորներ, արտաքին միջավայր և այլն) բացասական պատասխանից ու Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից տրված համաձայնությունից հետո:

83. Ծննդատան առաջին կամ նկուղային հարկում բուժանձնակազմի համար սանթողարանի սկզբունքով լինում է հանդերձարան` ապահովված անհատական պահարաններով` կազմված երկու բաժնից` անձնական և սանիտարական հագուստի համար: Բժշկական արտահագուստը փոխվում է ամեն օր:

84. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի անձնակազմը կրում է մաքուր/լվացված արտահագուստ` բժշկական համազգեստ, կրկնախալաթ, ոտնաման, գլխաշոր և դիմակ:

85. Յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո անձնակազմը մանրակրկիտ լվանում է ձեռքերը համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 3-ի:

86. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարից (բաժանմունք) առողջ նորածինների դուրսգրումը կատարվում է հետծննդյան 3-4 օրը:

87. Հղիներին, ծննդկաններին և ծննդաբերներին այցելությունը թույլատրվում է 4 ժամ տևողությամբ` յուրաքանչյուր այցելուին 20-30 րոպե տևողությամբ, օրվա առաջին կեսին 2 ժամ և 2 ժամ օրվա երկրորդ կեսին: Այցելուն հագնում է միանվագ օգտագործման և/կամ մաքուր/լվացած արտահագուստ, անբարենպաստ եղանակներին` նաև բախիլ: Հիվանդասենյակ մտնելուն պես այցելուն օճառով լվանում է ձեռքերը:

88. Այցելուների թիվը սահմանափակ է` յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու: Այցելությունը թույլատրվում է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթղթով:

89. Հղիներին, ծննդկաններին և ծննդաբերներին չի թույլատրվում տվյալ պահին վարակիչ հիվանդությամբ հիվանդ այցելուների այցելությունը:

90. Տարբեր վարակիչ հիվանդությունների (օդակաթիլային և այլն) համաճարակների ժամանակ մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում) սահմանվում է կարանտին մինչև համաճարակի ավարտը:

 

ԳԼՈՒԽ 9
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

91. Մանկաբարձական ստացիոնարում պատվաստումների գործընթացը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

92. Մանկաբարձական ստացիոնարում «Նորածնի զարգացման քարտում» և փոխանակման քարտում պատվաստումների պատասխանատուի կողմից նշվում է պատվաստումների ամսաթիվը /ծննդից քանի ժամ հետո/, պատվաստանյութի սերիան, պիտանելիության ժամկետը և արտադրող կազմակերպությունը:

Հիվանդասենյակում պատվաստումներն իրականացվում են օգտագործելով պատվաստումների շարժական սեղան, որի նախապատրաստումն իրականացվում է պատվաստումների սենյակում:

93. Սեղանին դրվում են բամբակ, սպիրտ, թորած ջուր, ներարկիչներ, սառնարան-պայուսակ, անվտանգ այրման տուփ:

94. Երկրորդ փուլով դուրսգրման ենթակա երեխաներին /նորածնային ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքի/ պատվաստում են դուրսգրումից առաջ:

 

ԲԱԺԻՆ 5
ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԳԼՈՒԽ 10
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

95. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար (բաժանմունք) դիմելու ժամանակ կնոջ բաժանմունք կամ առանձնացված սենյակ կամ բոքս ընդունելու հարցը որոշվում է փոխանակման քարտի, հարցման և զննման տվյալների հիման վրա:

96. Ընդունարանն ապահովվում է`

1) զննման համար անհրաժեշտ առարկաներով, իրերով, պարագաներով,

2) ստացիոնար ընդունվողների համար սպիտակեղենի լրակազմերով,

3) անհրաժեշտ քանակի միանվագ օգտագործման օճառով, անհատական սպունգներով,

4) ախտահանված և օգտագործած սպունգների պահպանման համար անհրաժեշտ տարողություններով` «ախտահանված» և «օգտագործված» մակնշմամբ,

5) անհրաժեշտության դեպքում մազածածկ մասերը սափրելու և եղունգները կտրելու միանվագ օգտագործման սարքերով, կափարիչով ամուր փակվող դույլերով,

6) տարողություններով` սպունգները կամ խոզանակները լվանալու և ախտահանելու համար,

7) մակնշված համապատասխան մաքրող պարագաներով,

8) լվացող-ախտահանող, ախտահանիչ և միջատասպան միջոցներով:

97. Ընդունարանում անձի ընդունման ժամանակ իրականացվում են անտրոպոմետրիկ չափումներ և մաշկի, լորձաթաղանթի, մազածածկույթների զննում, անհրաժեշտության դեպքում` սանիտարական մշակում:

98. Ընդունարանում, բոքսերում, զննասենյակներում բուժանձնակազմը կրում է վերնահագուստ (խալաթ), գլխարկ/գլխաշոր: Վերնահագուստը, գլխարկը/գլխաշոր փոխվում են հերթափոխի վերջում:

99. Ընդունարանում /դիտողական սենյակում/ կատարվում է հիվանդի մանրամասն զննում (մաշկի, մազածածկույթի և այլն), չափվում է ջերմությունը, հարց ու փորձով պարզվում են անցյալում տարած վարակիչ հիվանդությունները: Ճշտվում են հնարավոր շփման առկայությունը նաև` այլ վարակիչ հիվանդների հետ` տանը, կազմակերպությունում և կատարվում են գրանցումներ հիվանդության պատմությունում: Կատարվում է նմուշառում (հեշտոցի քսուք, արյուն և այլն)` լաբորատոր հետազոտության համար:

100. Հղիի, ծննդաբերի և հիվանդի զննման ժամանակ ուշադրություն է դարձվում ոջլոտության առկայությանը և հայտնաբերման դեպքում անմիջապես հղին, ծննդաբերին, հիվանդին ու նրա արտահագուստը ենթարկում են սանիտարական մշակման: Հայտնաբերված ոջլոտության դեպքի մասին կատարվում է նշում հիվանդության պատմության մեջ և հաղորդվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

101. Հղին, ծննդաբերը և հիվանդը ծննդատուն են ընդունվում իրենց հագուստով (անձնական հագուստ, հողաթափեր և անձնական հիգիենայի պարագաներ), կամ ծննդաբերին տրամադրվում է անհատական մանրէազերծ լրակազմ (շապիկ, խալաթ, սրբիչ և միանվագ օգտագործման միջադիրներ):

102. Ընդունարանն ապահովվում է մշտական հոսող սառը և տաք ջրով` անհրաժեշտության դեպքում հղիին, ծննդաբերին, հիվանդներին լրիվ սանիտարական մշակում անցկացնելու համար: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ապահովված է լինում անհրաժեշտ քանակությամբ ծորակին միացված ջրակուտակիչ տարողություններով:

103. Ընդունարանն ապահովվում է անհրաժեշտ ախտահանված և մանրէազերծ գործիքների երկու տարողությունով` «ախտահանված» և «մանրէազերծ» գործիքների համար մակնշումով:

104. Յուրաքանչյուր հիվանդի/այցելուի զննումից կամ միջամտություն կատարելուց առաջ և հետո, բժիշկը և մանկաբարձուհին ձեռքերը կրկնակի լվանում են հեղուկ օճառով, չորացնում են էլեկտրական չորացուցիչով կամ անհատական անձեռոցիկներով և վարակազերծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված որևէ հականեխիչով` համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի:

105. Հեշտոցային զննման ժամանակ օգտագործվում են միանվագ օգտագործման ախտահանված ձեռնոցներ:

106. Մաքրման գույքը (դույլեր, կոնքեր և այլն) պիտակավորվում է և օգտագործվում ըստ նշանակության, հետո` ախտահանվում և չորացվում:

 

ԲԱԺԻՆ 6

ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԳԼՈՒԽ 11
107. Մի քանի նախածնարանների կամ անհատական ծնարանների առկայության դեպքում դրանք զբաղեցվում են` պահպանելով շրջափուլությունը: Նախածնարանային սենյակում խոնավ մաքրումը կատարվում է համաձայն հավելված 1, աղյուսակ 1-ի: 108. Անհատական ծնարանների առկայության դեպքում (նախածնարան և ծնարան), ծննդաբերին տրամադրվում է անհատական ծնարան, և ծննդկանը հետծննդյան շրջանն անց է կացնում հետծննդյան բաժանմունքի հիվանդասենյակներում: 109. Նախածնարանն անհրաժեշտ է ապահովել մակնշված մահճակալներով, աթոռներով և տականոթներով: Վերջիններս ախտահանվում են ծննդաբերի տեղափոխումից հետո: Ստացիոնարն ապահովվում է անկողնային սպիտակեղենով, շապիկով, բախիլներով, գլխաշորով: 110. Ծնարանում աշխատելու ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ արտահագուստ, միանվագ օգտագործման ախտահանված զննման ձեռնոց, դիմակ, գլխարկ, բախիլ (ոտնաման): Մանկաբարձուհին (մանկաբարձ-գինեկոլոգը) կրում է մանրէազերծ խալաթ, ախտահանված գոգնոց, դիմակ, ակնոց/վահանակ, միանվագ օգտագործման մաքուր ձեռնոցներ` նախապես մշակելով ձեռքերը համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 3-ի: 111. Արգանդի խոռոչի զննման ժամանակ օգտագործվում եմ միայն մանրէազերծ ձեռնոցներ: 112. Ծննդաբերի ցանկությամբ աջակցող անձի (ամուսնու կամ հարազատներից որևէ մեկի) ներկայությունը ծննդաբերության ժամանակ հնարավոր է միայն որոշակի պայմանների (անհատական ծննդաբերական սրահներ, ծննդաբերի փոխանակման քարտում աջակցող անձի պատրաստվածության մասին հատուկ գրառում) առկայության և վերջինիս մոտ վարակիչ հիվանդությունների բացակայության դեպքում (ցանավորման և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում ներկա գտնվող անձը ենթարկվում է զննման և հարցման) ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի թույլտվությամբ: Ծննդաբերության ժամանակ աջակցող անձը հագնում է մաքուր/ լվացված արտահագուստ, դիմակ, գլխարկ, բախիլ: 113. Ծնունդ ընդունելու ժամանակ օգտագործվում են միայն մանրէազերծ գործիքներ, վիրաբուժական թելեր, վիրախծուծներ, տակաշորեր, լաթեր և այլն: 114. Ծնվելուց անմիջապես հետո, հակացուցումների բացակայության դեպքում, նորածնին անհրաժեշտ է դնել մոր կրծքին` նախօրոք տաքացված մանրէազերծ կամ անհատական բարուրաշորով: 115. Նորածնի առաջնային մշակման համար անհրաժեշտ է օգտագործել մանրէազերծ լրակազմ: Նորածնի քիթ-ըմպանից լորձի արտածծման անհրաժեշտության դեպքում օգտագործում են միանվագ օգտագործման մանրէազերծ արտածծիչներ կամ բազմանվագ օգտագործման մանրէազերծ գնդանոթներ: 116. Պորտալարը կտրելուց առաջ և հետո պորտային վերքը մշակվում է 70o սպիրտով կամ քլորհեքսիդին գլյուկոնատի 0.5 %-անոց սպիրտային լուծույթով: 117. Աչքի շաղկապենու բորբոքումների կանխարգելման նպատակով 1 %-անոց տետրացիկլինի, 0,5 %-անոց էրիթրոմիցինի քսուքների տեղային օգտագործումը հավասարապես արդյունավետ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արծաթի նիտրատի 1 %-անոց լուծույթը հաճախ հարուցում է քիմիական կոնյուկտիվիտ, առավել նպատակահարմար է կիրառել վերը նշված քսուքներից որևէ մեկը: 118. Նորածնին կշռելուց, փաթաթելուց կամ հագցնելուց հետո, փաթաթման սեղանը և կշեռքը ախտահանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 2-ի: 119. Ընկերքային արյունը և ընկերքը ոչնչացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3.-3 սանիտարական կանոնների և նորմերի: Ընկերքն անհրաժեշտ է պահել սառնարանում մինչև ծննդկանի դուրսգրումը` հետագայում խնդիրների ծագման դեպքում ախտաբանաանատոմիական հետազոտության նպատակով: 120. Օգտագործված սպիտակեղենը հավաքվում է մակնշված, ներսում մոմլաթե պարկ տեղադրած բաքում, ապա տեղափոխվում լվացքատուն` ախտահանելու և լվանալու համար: Վիրակապական նյութերը հավաքում են անջրաթափանց տարողության մեջ և ոչնչացվում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3.-3 սանիտարական կանոնների և նորմերի: 121. Ծնունդն ընդունելուց հետո օգտագործված բոլոր գործիքներն ախտահանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 4-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված ախտահանիչ միջոցներով` համաձայն վերջիններիս ուղեկցող հրահանգների, որից հետո ենթարկվում են մանրէազերծման: 122. Ծննդաբերությունից հետո սրահը ենթարկվում է եզրափակիչ մաքրման և ախտահանման (Հավելված 1, աղյուսակ 1):

 

ԳԼՈՒԽ 12
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

123. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարի (բաժանմունքի) հետծննդյան բաժանմունքում մոր և մանկան համատեղ կեցության հարցը և դրա հակացուցումները որոշում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մանկաբարձ-գինեկոլոգը և նեոնատոլոգը:

124. Մոր և մանկան համատեղ կեցության սենյակներն անհրաժեշտ է ապահովել երեխայի լվացման համար լվացարանով, հիգիենիկ ծածկով նորածնի փաթաթման սեղանով և այլ անհրաժեշտ գույքով:

125. Մոր և մանկան համատեղ կեցության ժամանակ օգտագործվում են անձնական օգտագործման մաքուր կամ հիվանդանոցային բազմանվագ օգտագործման մանրէազերծ մանկական տակաշորեր, միանվագ օգտագործման մանկական տակդիրներ: Կիրառվում է մանկական հագուստ (շապիկ, գլխարկ, ոտնաշորեր) կամ ազատ փաթաթում:

126. Անկողնային սպիտակեղենի փոխումն իրականացվում է սենյակների խոնավ մաքրումից առաջ: Անկողնային սպիտակեղենը փոխվում է ըստ կեղտոտվածության:

127. Բուժաշխատողը օգտագործված սպիտակեղենն անմիջապես անկողնու մոտ հավաքում է պոլիէթիլենային կամ մոմլաթե պարկում և փակում: Այդ ընթացքում բուժաշխատողը կրում է պաշտպանիչ արտահագուստ (ձեռնոց, գոգնոց և այլն):

128. Հետծննդյան բաժանմունքի հիվանդասենյակները զբաղեցվում են շրջափուլային, ոչ ավելի, քան 3 օրվա ընթացքում: Նորածինների մահճակալները դրվում են մոր մահճակալին հարակից:

129. Անկախ մոր և մանկան կեցության պայմաններից (մոր և մանկան համատեղ կամ առանձին կեցություն), նորածնի սննդակարգում չի օգտագործվում այլ սնունդ, բացի կրծքի կաթից, բացառությամբ բժշկական ցուցումների (մոր մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ): Եթե երեխայի մոտ կան կերակրման որոշակի խնդիրներ, ապա անհրաժեշտ է ունենալ կթման սարք, որն ախտահանվում է յուրաքանչյուր օգտագործումից հետո համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 2-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված ախտահանիչ միջոցներով` համաձայն վերջիններիս ուղեկցող հրահանգների:

130. Կրծքով կերակրման հակացուցումների դեպքում նորածինն ապահովվում է հարմարեցված կաթնախառնուրդով, որի տուփի վրա նշվում է բացման ամսաթիվը: Հիվանդանոցային շշիկները լվացվում ու ախտահանվում են, իսկ անձնական շշիկները լվացվում են յուրաքանչյուր կերակրումից հետո:

131. Հետծննդյան բաժանմունքն ունենում է առնվազն երկու բոքսային սենյակ: Յուրաքանչյուր ծննդկանի, ծննդաբերի մահճակալին ամրացվում է անհատական տականոթ:

132. Անձնակազմը յուրաքանչյուր միջամտությունից, համայցից առաջ և հետո, ձեռքերը մանրակրկիտ լվանում է հեղուկ օճառով, չորացնում անհատական սրբիչով (անձեռոցիկով) կամ էլեկտրաչորացուցիչով: Ինվազիվ միջամտություններից առաջ և հետո բուժանձնակազմը ձեռքերը մշակում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված հականեխիչներով` համաձայն ուղեկցող հրահանգի:

133. (133-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

i

134. (134-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

135. (135-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

136. Բուժօգնության դիմածի դուրսգրումից կամ տեղափոխումից հետո ազատված հիվանդասենյակը մաքրվում/ախտահանվում է եզրափակիչ ախտահանման եղանակով (Հավելված 1, աղյուսակ 1), անկողնային պարագաները ենթարկվում են խցիկային ախտահանման, իսկ վերջինիս բացակայության դեպքում` թույլատրվում է օգտագործել մոմլաթե հերմետիկ ծածկոցով ներքնակներ և բարձեր, որոնք վարակազերծվում են ախտահանիչ լուծույթներով և լվացվում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 1-ի:

 

ԳԼՈՒԽ 13
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

137. Նորածնային ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքում (հիվանդասենյակում) գլխարկ, դիմակ և մանրէազերծ ձեռնոց օգտագործվում է ինվազիվ գործողություններ (արյան փոխներարկում, պորտի անոթների կաթետերացում, ողնուղեղային պունկցիա և այլն) կատարելու դեպքում: Անձնակազմն ապահովված է լինում կրկնակի խալաթներով:

138. Անձնակազմը յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո ձեռքերը մանրակրկիտ լվանում է հեղուկ օճառով, չորացնում անձեռոցիկով կամ էլեկտրաչորացուցիչով, ապա մշակում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի` հավելված 4, աղյուսակ 3-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված հականեխիչներով` համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի:

139. Նորածնի ծննդատանը գտնվելու ամբողջ ընթացքում խնամքի ժամանակ օգտագործվում է մանրէազերծ հիվանդանոցային տակաշոր կամ մաքուր անհատական մանկական հագուստ:

140. (140-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

i

141. Մանրէազերծ նյութը վերցնելու համար օգտագործվում է մանրէազերծ նրբունելի (կորնցանգ), որը փոխվում է յուրաքանչյուր նորածնի մշակումից առաջ: Նորածինների համար օգտագործվում են փոքր փաթեթով և/կամ միանվագ օգտագործման դեղաձևեր:

142. Նորածինների մոտ վարակային ծանր ախտաբանությունների դեպքում նորածնի բուժումը չի կազմակերպվում տեղում, այլ տեղափոխում է համապատասխան մասնագիտացված ստացիոնար` ախտորոշման օրը: Արձանագրված դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահում մանկաբարձական ստացիոնարի համաճարակաբանին կամ, վերջինիս բացակայության դեպքում, բուժ. գծով փոխտնօրենին և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

143. (143-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

i

144. (144-րդ կետն ուժը կորցրել է 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

145. Բաժանմունքում ունենում են անհատական մանրէազերծ լրակազմ (ունելի, մկրատ, վիրախծուծ և այլն), ունելին օգտագործում են մանրէազերծ բժշկական նշանակության առարկաները վերցնելու համար:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.03.2009
N 03-Ն
Հրաման