ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2009 թվականի N 1-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
5. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
84. Քաղաքապետի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստը գումարվում է 10:00-ին և անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը:
85. Ընդմիջումը և հանգստի համար նախատեսված ժամանակը տրվում է նիստը վարողի կողմից, ընդ որում` ընդմիջում կարող է հայտարարվել ոչ շուտ քան երեք ժամը մեկ և չի կարող տևել ավելին քան կես ժամը, իսկ հանգստի համար նախատեսված ժամանակը տրվում է ժամը 20:00-ից հետո` առավելագույնը երկու ժամ: Ընդմիջում և հանգստի համար նախատեսված ժամանակ չի կարող տրվել քվեարկությունների կամ դրանց արդյունքների ամփոփման ընթացքում:
86. Ավագանու Առաջին նիստին ներկայացած Ավագանու անդամների գրանցումը կատարվում է Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից` համապատասխան ձևաթղթում ավագանու անդամների ստորագրությամբ:
87. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, ինչի վերաբերյալ հայտարարվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում և կազմվում է համապատասխան արձանագրություն:
88. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
89. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:
90. Առաջադրումը կատարվում է գրավոր, որը ստորագրում են խմբակցության անդամների առնվազն կեսից ավելին` Քաղաքապետի ընտրության հարցի քննարկումը սկսելու մասին նիստը վարողի հայտարարելուց անմիջապես հետո` 5 րոպեի ընթացքում:
91. Առաջադրված և Օրենքի պահանջներին բավարարող բոլոր թեկնածուները, առաջադրման ժամկետի ավարտից հետո, 5 րոպեի ընթացքում, Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից, ըստ այբբենական կարգի` անուն-ազգանվան հերթականության, գրանցվում են, որպես Քաղաքապետի թեկնածուներ:
92. Գրանցումն ավարտելուց հետո Քաղաքապետի թեկնածուներին, ըստ գրանցման հերթականության տրվում է մինչև 10 րոպե ժամանակ ելույթ ունենալու համար, որից հետո թեկնածուին ավագանու անդամների կողմից տրվում են հարցեր` Կանոնակարգի հարց ու պատասխանների համար սահմանված ընթացակարգով:
93. Բոլոր թեկնածուների ելույթներից և հարց ու պատասխաններից հետո նիստը վարողի կողմից հայտարարվում է քվեարկություն:
94. Քվեարկությունը իրականացվում է առանձին նախատեսված սեղանի (սեղանների) շուրջ, որին ավագանու նիստին ներկա անդամները մոտենում են հերթականությամբ, ըստ այբբենական կարգի:
95. Քվեարկելու հերթի ժամանակ նիստերի դահլիճից բացակայող կամ այլ հիմքով քվեարկությանը այդ պահին չմասնակցած Ավագանու անդամները կարող են քվեարկել այբբենական կարգով Ավագանու անդամների քվեարկության ավարտից հետո, մինչև քվեարկության համար նախատեսված ժամանակի սպառվելը:
96. Ավագանու անդամը քվեարկությունը կատարելուց հետո, քվեաթերթիկը թողնվում է քվեարկության համար նախատեսված սեղանի մոտ գտնվող, քվեաթերթիկները տրամադրող Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի մոտ:
97. Քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկները պատրաստվում են Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից` Օրենքի, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, Կանոնակարգի պահանջներին համապատասխան, որոնց վրա դրվում է Քաղաքապետարանի կնիքը:
98. Քվեաթերթիկներում այբբենական կարգով ընդգրկվում են գրանցված թեկնածուների անուն-ազգանունները: Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանվան կողքին տեղադրվում է մեկ վանդակ, իսկ գրանցված միայն մեկ թեկնածու լինելու դեպքում` երկու վանդակ, որոնցից մեկի վերևում նշվում է «ԿՈՂՄ», իսկ մյուսի վերևում «ԴԵՄ» բառերը: Քվեաթերթիկում տպագրվում է ավագանու անդամի անուն-ազգանունը, որի կողքին նախատեսվում է հատված վերջինիս ստորագրության համար:
99. Ավագանու անդամը քվեաթերթիկը լրացնում է առանձին նախատեսված սեղանի շուրջ` համապատասխան վանդակում կատարելով «V» նշանը այն թեկնածուի անուն-ազգանվան կողքի վանդակում, ում օգտին ցանկանում է քվեարկել, իսկ քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն-ազգանուն նշված լինելու դեպքում կատարում է «V» նշանը «ԿՈՂՄ» վանդակում, եթե ցանկանում է կողմ քվեարկել այդ թեկնածուին կամ «ԴԵՄ» վանդակում, եթե ցանկանում է դեմ քվեարկել այդ թեկնածուին:
100. Քվեարկության համար տրամադրվում է մեկ ժամ ժամանակ: Քվեարկությունը կարող է ավելի շուտ ավարտվել, եթե ավագանու բոլոր անդամները այդ ընթացքում քվեարկել են:
101. Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
102. Ավագանու անդամը իրավունք ունի չմասնակցել քվեարկությանը:
103. Քվեաթերթիկը Կանոնակարգին համապատասխան չլրացնելու դեպքում, ավագանու անդամի պահանջով վերջինիս կարող է տրամադրվել նոր քվեաթերթիկ:
104. Նիստին ներկա ավագանու անդամի կողմից ինքնուրույն քվեարկելու անհնարինության դեպքում, Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը յուրաքանչյուր խմբակցության տարիքով ավագ ներկայացուցչի (համաձայնության դեպքում) ներկայությամբ, կարող է նրա փոխարեն լրացնել քվեաթերթիկը, որի դեպքում քվեաթերթիկում նշվում է նաև այդ աշխատակցի անուն-ազգանունը և դրվում է վերջինիս ստորագրությունը: Նիստին ներկա ավագանու անդամի ինքնուրույն քվեարկելու անհնարինության դեպքում, նշված անդամին բարձրաձայն ընթերցվում է քվեաթերթիկը և վերջինս իր քվեարկելու վերաբերյալ որոշումն արտահայտում բարձրաձայն:
105. Քվեարկության ավարտից հետո` երեսուն րոպեի ընթացքում, Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից կատարվում է քվեարկության արդյունքների ամփոփում և կազմվում է արձանագրություն, որը քվեաթերթիկների հետ միասին հանձնվում է նիստը վարողին: Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև այն քվեաթերթիկները, որոնք լրացվել են Կանոնակարգի պահանջների խախտմամբ, այդ թվում` քվեարկվել է միաժամանակ մի քանի թեկնածուի օգտին կամ մեկ թեկնածուի դեպքում միաժամանակ նշումներ են կատարվել «ԿՈՂՄ» կամ «ԴԵՄ» վանդակներում կամ քվեաթերթիկը ստորագրված չէ, բացառությամբ Կանոնակարգի 104-րդ կետով նախատեսված դեպքի կամ առկա են այնպիսի նշումներ կամ ջնջումներ, որոնց դեպքում հնարավոր չէ պարզել քվեարկողի իրական կամքը:
106. Քվեարկության արդյունքների մասին կազմված արձանագրությունը, ստորագրում և հրապարակում է այն կազմած անձը և հայտարարում է Քաղաքապետի ընտրված լինելու մասին` հայտարարելով նրա անուն-ազգանունը կամ երկրորդ փուլ անցկացնելու մասին:
107. Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` անմիջապես առաջին փուլի արդյունքները հրապարակելուց հետո:
108. Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են Կանոնակարգի առաջին փուլի համար նախատեսված ընթացակարգին համապատասխան:
109. Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը Ավագանու նիստում Քվեարկության երկրորդ փուլի ավարտից հետո հրապարակում է քվեարկության արդյունքները և հայտարարում է Քաղաքապետի ընտրված լինելու մասին` հայտարարելով նրա անուն-ազգանունը կամ լրացուցիչ փուլ անցկացնելու մասին:
110. Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը Ավագանու նիստում Քվեարկության լրացուցիչ փուլի ավարտից հետո ներկայացնում է քվեարկության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարում է Քաղաքապետի ընտրված լինելու մասին և հայտարարում է նրա անուն-ազգանունը:
111. Նորընտիր քաղաքապետի անուն-ազգանունը հայտարարելուց հետո նրան տրվում է ելույթի հնարավորություն մինչև 10 րոպե ժամանակով:
6. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
112. Քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում օրենքի ուժով հրավիրված նիստում: Նիստը տեղի է ունենում ժամը 10:00-ին` Ավագանու նստավայրում` Երևան քաղաքի Արգիշտիի փողոց, 1 հասցեում: Նիստին կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրվել պետական, հասարակական, մշակութային, կրոնական կազմակերպությունների գործիչներ, պատվավոր հյուրեր:
113. Նիստը վարող Ավագանու ավագ անդամը Քաղաքապետի երդմնակալությանը նվիրված Ավագանու նիստը հայտարարում է բացված, որից հետո, հանդիսավոր կերպով դահլիճ են բերվում Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող զինանշանը և դրոշը: Նիստը վարողը ամբիոնի մոտ է հրավիրում ընտրված Քաղաքապետին: Քաղաքապետը` աջ ձեռքը դնելով Օրենքի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահպանվող Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա, ընթերցում է Օրենքով ամրագրված Քաղաքապետի երդման տեքստը և ստորագրում երդման տեքստի տակ, որից հետո հանդիսավոր կերպով դահլիճ է բերվում Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող, Երևանի Քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան` հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, որին հաջորդում է մայրաքաղաքի օրհներգը: Երդման ստորագրված տեքստն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի պատմության թանգարան: Նիստը վարողը հայտարարում է Ավագանու այն անդամների անուն-ազգանունները, որոնք մոտենալով ամբիոնին` Երևանի Քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան հանձնում են նորընտիր Քաղաքապետին: Նորընտիր Քաղաքապետը հանդես է գալիս ելույթով: Ելույթի համար տրվում է մինչև քսան րոպե ժամանակ: Ելույթից հետո նիստը նախագահողը Ավագանու նիստի նախագահությունը փոխանցում է Քաղաքապետին: Պաշտոնապես իր պարտականությունները ստանձնած Քաղաքապետին և նորընտիր Ավագանուն իրենց ողջույնի խոսքն են ուղղում հրավիրված պաշտոնատար անձինք և պատվավոր այլ հյուրեր: Դրանով Ավագանու նիստը համարվում է ավարտված: Ավարտից հետո Քաղաքապետարանում տեղի է ունենում հյուրերի պաշտոնական ընդունելություն:
(հավելվածը խմբ. 14.09.10 թիվ 134-Ն, 05.10.2023 թիվ 861-Ն որոշումներ)
(հավելվածը փոփ. 08.09.2026 թիվ 644-Ն որոշում)