Սեղմել Esc փակելու համար:
ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատներ թիվ 11724/04 և 13350/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

6 դեկտեմբեր 2007

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 06/03/2008

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Պրն Բ. Մ. ԶՈՒՊԱՆՉԻՉ, Նախագահ

Պրն Ս. ԲԻՐՍԱՆ,

Տկն Է. ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄ,

Տկն Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ,

Պրն Է. ՄԵՅՋԵՐ,

Տկն Ի. ԶԻԵՄԵԼԵ

Տկն Ի. ԲԵՐՈ-ԼԵՖԵՎՐ - Դատավորներ

և Պրն Ս. ՔՈՒԵՍԱԴԱ - Բաժանմունքի Քարտուղար,

2007 թ. նոյեմբերի 15-ին կայացած դռնփակ նիստում

կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել համապատասխանաբար 2004 թ. մարտի 10-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ տկն. Նելսիդա Նիկողոսյանի և պրն. Գվիդոն Մելքոնյանի («դիմումատուներ») կողմից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (»Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված (թիվ 11724/04 և 13350/04) գանգատների առնչությամբ: Դիմումատուները գործը ներկայացնում էին ինքնուրույն:

2. Հայաստանի կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. 2005 թ. հոկտեմբերի 14-ին Դատարանը որոշեց գանգատը ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննությունը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1976 և 1933 թթ. և ապրում են Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում:

 

1. Նախնական վարույթներ

 

5. Դեռևս չհստակեցված պահի, դիմումատու Մելքոնյանը (այսուհետ` երկրորդ դիմումատու) հայց էր ներկայացրել երրորդ անձ Մ.-ի դեմ նպատակ ունենալով ստանալ նյութական վնասի փոխհատուցում:

6. 1999 թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա հայցը և վճռել, որ Մ-ն պետք է վճարի 925,000 հայկական դրամ (ՀԴ) (մոտ 1,710 եվրո):

7. 2000 թ. հունվարի 28-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ ծառայություն) հարուցում է կատարողական վարույթ: Նույն օրը ԴԱՀԿ ծառայությունը արգելանք է դնում Մ.-ի գույքի վրա, ներառյալ` հողի և խոշոր եղջերավոր անասունների վրա:

8. 2000 թ. մարտի 22-ին արգելանքի տակ դրված գույքը դրվում է հրապարակային սակարկության, որը տեղի է ունեցել 2000 թ. օգոստոսի 22-ին: Այս գույքը գնվում է երկրորդ դիմումատուի կողմից:

9. Դեռևս չպարզված պահի, Մ.-ի ընտանիքի յոթ անդամներ հայց են ներկայացնում ԴԱՀԿ ծառայության դեմ: Նրանց պնդմամբ գույքը, որի վրա բռնագանձում է տարածվել, համատեղ սեփականության իրավունքով պատկանում էր նաև նրանց և ԴԱՀԿ ծառայությանը բռնագանձումը չի տարածել միայն Մ.-ին պատկանող բաժնի վրա: Նրանք պահանջել են չեղյալ հայտարարել համապատասխան ակտը և գործողությունները, որոնք իրականացվել են հարկադիր կատարման վարույթի ընթացքում, ներառյալ` հրապարակային սակարկությունը: Միաժամանակ, նրանք հայց են հարուցում երկրորդ դիմումատուի դեմ` պահանջելով խնդրո առարկա գույքը հանել արգելանքի տակից:

10. 2002 թ. հուլիսի 23-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը մերժում է արգելանքի տակից հանելու վերաբերյալ նրանց պահանջը:

11. 2002 թ. օգոստոսի 23-ին երկրորդ դիմումատուն խնդրո առարկա հողի մի մասը վաճառում է դիմումատու Նիկողոսյանին (այսուհետ` առաջին դիմումատու) և և մի երրորդ անձի` Ա.-ին:

12. 2002 թ. սեպտեմբերի 12-ին առաջին դիմումատուն և Ա.-ն այդ հողի վերաբերյալ ստանում են համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:

13. 2002 թ. հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարում է Մ.-ի ընտանիքի անդամների հայցն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության, վճռելով, որ հարկադիր կատարման վարույթի ընթացքում խախտվել է նրանց սեփականության իրավունքը, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր էր բաժանել և բռնագանձում տարածել Մ.-ին և նրա ընտանիքին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի միայն Մ.-ին պատկանող բաժնի վրա, այլ ոչ թե` ամբողջ գույքի վրա: Մարզային դատարանը չեղյալ հայտարարեց հարկադիր կատարման վարույթի ընթացքում ընդունված ակտերը և միջոցառումները: Այս վճռի դեմ որևէ բողոք չի բերվում:

14. 2002 թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանը բեկանում է 2002 թ. հուլիսի 23-ի վճիռը և հանում է գույքի նկատմամբ արգելանքը:

15. 2002 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը այս վճիռը թողնում է նույնը:

 

2. 2002 թ. օգոստոսի 23-ի առուվաճառքի պայմանագրի և 2002 թ. սեպտեմբերի 12-ի համատեղ սեփականության իրավունքի գրանցման վկայականի չեղյալ հայտարարելու վերաբերյալ վարույթները

 

16. Չպարզված պահի Մ.-ի ընտանիքի անդամները հայց են հարուցում դիմումատուների և Ա.-ի դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել 2002 թ. օգոստոսի 23-ի առուվաճառքի թողնված պայմանագիրը և 2002 թ. սեպտեմբերի 12-ի համատեղ սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

17. 2003 թ. ապրիլի 25-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարում է նրանց հայցը և չեղյալ է հայտարարում այս փաստաթղթերը:

18. Չպարզված պահի դիմումատուները բողոքարկում են այս վճիռը:

19. 2003 թ. մայիսի 30-ին Երևանում տեղակայված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանը ծանուցագիր է ուղարկում երկու դիմումատուներին, նրանց տեղեկացնելով, որ գործի վերաքննիչ բողոքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 2003 թ. հունիսի 10-ին, ժամը` 11:00-ին, Երևանում:

20. Ծրարը, որը պարունակում էր վերը նշված ծանուցագրերը պարունակում էր երեք կնիք. մեկը` դրված Երևանում 2003 թ. մայիսի 30-ին, մյուս երկուսը` 2003 թ. հունիսի 12-ին և 17-ին` դրված Արագածոտնի մարզում: Ծրարի առջևի մասի ներքևի ձախ անկյունում երկրորդ դիմումատուն գրել էր «Ստացել եմ 2003 թ. հունիսի 17-ին փոստային բաժանմունքի տնօրենից»:

21. Դիմումատուների պնդմամբ այս նամակը ստացվել է Հնաբերդի փոստային բաժանմունք 2003 թ. հունիսի 17-ին և նույն օրը հանձնվել է նրանց:

22. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը և պնդել է, որ ծանուցագրերը ժամանակին հանձնվել են դիմումատուներին:

23. 2003 թ. հունիսի 10-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, ինչպես նախատեսված էր, գումարում է նիստը և որոշում է ուժի մեջ թողնել 2003 թ. ապրիլի 25-ի վճիռը: Պատասխանողի ներկայացուցիչը ներկա էր գտնվում նիստին և ներկայացրել էր իր բանավոր փաստարկները և բացատրությունները: Ինչ վերաբերում է հայցվորների բացակայությանը Վերաքննիչ դատարանը նշել է.

 

«(Դիմումատուները և Ա.-ն) անձամբ ստացել են դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիր, սակայն դատարան չեն ներկայացել»:

 

24. Այս վճռի պատճենը, ամենայն հավանականությամբ, ուղարկվել է առաջին դիմումատուին և ստացվել է նրա կողմից համապատասխանաբար 2003 թ. հունիսի 31-ին և հուլիսի 4-ին: Երկրորդ դիմումատուն, ամենայն հավանականությամբ, անձամբ ստացել է այս վճռի պատճենը 2003 թ. օգոստոսի 15-ին` Վճռաբեկ դատարանում:

25. Նույն օրը դիմումատուները բերում են վճռաբեկ բողոք, որում նաև նշում են, որ նրանք ժամանակին տեղյակ չեն պահվել 2003 թ. հունիսի 10-ի նիստի մասին և այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել դրան և ներկայացնել փաստարկներ: Նրանք պնդել են, որ ծանուցագրերը նրանց են հանձնվել միայն 2003 թ. հունիսի 17-ին, ինչը հաստատվում է նաև համապատասխան ծրարով:

26. Ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է սահմանված ժամանակի խախտմամբ, իրենց բողոքին կից դիմումատուները ներկայացրել են նաև դիմում` բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով: Նրանց պնդմամբ Վճռաբեկ դատարանը բավարարել է նրանց այս խնդրանքը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա ծանուցագրերը նրանց են հանձնվել միայն 2003 թ. հունիսի 17-ին: Սակայն դիմումատուները չեն ներկայացրել այս որոշման պատճենը:

27. 2003 թ. սեպտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանը, կողմերի բացակայությամբ, քննել և մերժել է դիմումատուների վճռաբեկ բողոքը և ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի վճիռը: Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ չի անդրադարձել 2003 թ. հունիսի 10-ի նիստին դիմումատուների բացակայության հարցին:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են.

 

Հոդված 6. Կողմերի մրցակցությունը և իրավահավասարությունը

 

«Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա»:

 

Հոդված 28. Գործին մասնակցող անձանց իրավունքները և

պարտականությունները

 

«1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` ... 3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը... 4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները. 6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ...»:

 

Հոդված 29. Կողմերը

 

«1. Քաղաքացիական դատավարության... կողմերն են հայցվորը և պատասխանողը:

 

4. Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ»:

 

Հոդված 78. Դատական ծանուցագիրը

 

«1. Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի... ժամանակի և վայրի մասին:...

2. Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով)»:

 

Հոդված 117. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ

մասնակիցների ներկայությունն ստուգելը

 

«1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին»:

 

Հոդված 118. Գործի քննությունը հայցվորի կամ պատասխանողի

բացակայությամբ

 

«2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար»:

 

Հոդված 119. Գործի քննության հետաձգումը

 

«1. Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե` ... այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի... բացակայության պատճառով...»:

 

Հոդված 213. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

(խնդրո առարկա ժամանակահատվածում գործող խմբագրությամբ)

 

«1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:»

 

Հոդված 225. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

 

«Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են` ... գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը...»:

 

Հոդված 227. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ

կիրառումը

 

«2. Վճիռը... ենթակա է բեկանման, եթե` ... դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին...»:

 

Հոդված 238. Վճռաբեկ դատարանի որոշումը (խնդրո առարկա

ժամանակահատվածում գործող խմբագրությամբ)

 

«3. Վճռաբեկ դատարանն իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում (Քաղաքացիական վերաքննիչ դատարանի) կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ անարժանահավատ լինելը, լուծելու մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելության հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե նյութական իրավունքի որ նորմը պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս»:

 

Հոդված 241.1. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների

վերանայման հիմքերը

 

«1. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար հիմք են` ... Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (իրավունքների) խախտման հանգամանքը...»:

 

29. «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքին համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

Հոդված 18. Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և

տեղաբաշխումը

 

«Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:

 

Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող է գործը քննել լրիվ ծավալով...»

 

ՕՐԵՆՔԸ

 

30. Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով գանգատների փաստական և իրավական ընդհանրությունները` դրանք պետք է միացվեն:

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

31. Դիմումատուները պնդում են, որ համաձայն Կոնվենցիայի հոդվածի 1-ին մասի` նրանք պատշաճ կերպով չեն տեղեկացվել 2003 թ. հունիսի 10-ի նիստի վերաբերյալ և այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դրան: 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հատվածը շարադրված է հետևյալ կերպ.

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները... ունի... դատարանի կողմից... արդարացի... դատաքննության իրավունք...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

32. Դատարանը գտնում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի հանդիսանում ակնհայտորեն անհիմն: Դատարանը նաև գտնում է, որ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

33. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուները պատշաճ կերպով ծանուցված են եղել 2003 թ. հունիսի 10-ի նիստի ժամանակի և տեղի վերաբերյալ, սակայն մտածված կերպով ներկա չեն գտնվել նիստին և կեղծել են համապատասխան ապացույցները: Համաձայն հաստատված ընթացակարգի` նամակի ստացումը հավաստվում է գրանցամատյանում` ստորագրությամբ, և չկա այնպիսի ընթացակարգ համաձայն որի ստացողը ստորագրում է ծրարի վրա, ինչպես դա արել են դիմումատուները: Ինչ վերաբերում է 2003 թ. հունիսի 17-ով թվագրված կնիքին, ապա դրա ծագումը անհայտ է: Ստացող փոստային բաժանմունքը ընդունում է նամակները հաշիվ ապրանքագրով, այլ ոչ թե` ծրարի վրա կնիք դնելով: Դիմումատուի դեպքում փաթեթը, որը պարունակում էր խնդրո առարկա ծանուցագրերը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից հանձնվել է փոստային ծառայությանը 2003 թ. մայիսի 30-ին: Այնտեղից այն ուղարկվել է բաշխիչ կենտրոն և 2003 թ. մայիսի 31-ին ուղարկվել է Ալագյազ գյուղ: 2003 թ. հունիսի 2-ին փաթեթը ստացվել է Ծաղկահովիտի փոստային բաժանմունքում, որտեղից, նույն օրը, այն ուղարկվել է Հնաբերդի փոստային բաժանմունք: Հետևաբար, եթե փաթեթը երեք օրվա ընթացքում Երևանից հասել է Ծաղկահովիտ (մոտ 100 կմ), ապա անհնար է, որ 14 օր տևեր դրա հասնելը Ծաղկահովիտից Հնաբերդ (մոտ` 30 կմ): Ավելին` համաձայն հաստատված ընթացակարգի, Ծաղկահովիտից նամակները ուղարկվում են ամեն օր: Այստեղից հետևում է, որ ծանուցագրերը ժամանակին հանձնվել են դիմումատուներին: Կառավարությունը պնդում էր, որ այս փաստը արձանագրված է եղել համար 8 գրանցամատյանում, սակայն հնարավորություն չուներ ներկայացնելու դրա պատճենը, քանի որ մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո այն ոչնչացվել է:

34. Կառավարությունը նաև պնդում էր, որ չնայած այն հանգամանքին, որ դիմումատուները ներկա չեն գտնվել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2003 թ. հունիսի 10-ի նիստին, սակայն դրանով չի խախտվել կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ դիմումատուները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց դիրքորոշումը Վճռաբեկ դատարանում` բերելով վճռաբեկ բողոք:

35. Դիմումատուները նախ պնդում էին, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը խախտել է ՔԴՕ-ի հոդված 213, չընդունելով և նրանց չուղարկելով նրանց բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, որում պետք է նշվեր գործի քննության ժամանակը և վայրը: Նրանք նաև պնդել են, որ ծանուցագրերը նրանց են հանձնվել 2003 թ. հունիսի 17-ին, ինչը հաստատվում է Հնաբերդի փոստային բաժանմունքի կողմից ծրարի վրա դրված պաշտոնական կնիքով: Կառավարության կեղծիքի մասին պնդումները անհիմն են և շինծու: Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուի կողմից ծրարի վրա գրելուն, ապա դիմումատուի պնդմամբ դա արվել է ծանուցագիրը ուշացումով հանձնվելու վերաբերյալ ապագայում լրացուցիչ ապացույց ունենալու նպատակով: Ճիշտ է, որ փաթեթը ստանալու ժամանակ նրանք ստորագրել են համար 8 գրանցամատյանում, սակայն դա տեղի է ունեցել 2003 թ. հունիսի 17-ին, այլ ոչ թե ավելի վաղ` ինչպես պնդում է Կառավարությունը: Վերջապես, նրանց դիրքորոշումը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է նրանց խնդրանքը և ընդունել է նրանց 2003 թ. օգոստոսի 15-ին, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացրած վճռաբեկ բողոքը, հիմք ընդունելով, որ ծանուցագրերը նրանց են հանձնվել 2003 թ. հունիսի 17-ին:

36. Դիմումատուները նաև նշել են, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը իր տրամադրության տակ որևէ ապացույց չի ունեցել, որ կհաստատեր այն փաստը, որ իրենք պատշաճ կերպով տեղեկացված են եղել նիստի մասին և պատշաճ ջանադրություն չի ցուցաբերել ստուգելու համար այդ փաստը, որոշելով անցկացնել նիստը 2003 թ. հունիսի 10-ին, իրենց բացակայությամբ և, հետևաբար, խախտել է կողմերի հավասարության սկզբունքը:

37. Դատարանը հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որը արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցներ, այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում` համեմատած հակառակ կողմի հետ (տե՛ս օրինակ Դոմբո Բեհեր Բ. Վ. ընդդեմ Նիդերլանդների (Dombo Beheer B. V. v. the Netherlands), 1993 թ. հոկտեմբերի 27-ի վճիռը, Շարք Ա, թիվ 274, պարբ. 33, և Ստեկ-Ռիշը և այլոք ընդդեմ Լիխտենշտեյնի (Steck-Risch and Others v. Liechtenstein), թիվ 63151/00, պարբ. 54, 19 մայիսի 2005 թ.): Ավելին` իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս, mutatis mutandis, Յակովլևն ընդդեմ Ռուսաստանի (Yakovlev v. Russia), թիվ 72701/01, պարբ. 21, 15 մարտի 2005 թ., և Գրոշևն ընդդեմ Ռուսաստանի (Groshev v. Russia), թիվ 69889/01, պարբ. 29, 20 հոկտեմբերի 2005 թ.): Սույն գործում, դիմումատուները չեն մասնակցել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2003 թ. 10-ի նիստին, այն դեպքում, երբ հակառակ կողմը ներկա է եղել:

38. Դատարանը նշում է, որ կողմերի մեջ առկա է անհամաձայնություն` կապված դիմումատուներին այս նիստի վերաբերյալ ծանուցման ամսաթվի հետ. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուները պատշաճ կերպով տեղեկացված են եղել, սակայն գիտակցաբար ներկա չեն գտնվել դրան, մյուս կողմից` դիմումատուները պնդում են, որ ծանուցագրերը նրանց են հանձնվել այն բանից հետո, երբ այս նիստը արդեն տեղի էր ունեցել: Նրանք ներկայացրել են բազմաթիվ փաստարկներ և ապացույցներ ի պաշտպանություն իրենց դիրքորոշման:

39. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ չնայած ՔԴՕ-ի հոդված 78-ի 2-րդ մասի պահանջներին (տե՛ս վերը` պարբերություն 28), Կառավարությունը չկարողացավ ներկայացնել որևէ փաստաթղթային ապացույց, որից հստակորեն պարզ կդառնար, թե հատկապես որ օրն են դիմումատուները ստացել 2003 թ. մայիսի 30-ին ուղարկված փաթեթը, որը պարունակում էր խնդրո առարկա ծանուցագրերը: Միակ ապացույցը, որ կառավարությունը կարողացել է ներկայացնել դա մի շարք միջանկյալ փոստային բաժանմունքների գրանցամատյանների պատճեններն էին, որոնցից պարզ է դառնում, որ այս փոստային բաժանմունքները առնչվել են խնդրո առարկա այս փաթեթներին 2003 թ. հունիսի 2-ին, ինչին և հետևել է ենթադրություն, որ փաթեթը պետք է որ ժամանակին հանձնված լիներ: Մյուս կողմից, համապատասխան ծրարի վրա առկա են երկու պաշտոնական կնիքներ` թվագրված 12-ը և 17-ը հունիսի 2003 թ., ինչը ենթադրում է, որ Արագածոտնի մարզի փոստային բաժանմունքը այդ օրերին դեռ առնչվում էր այդ փաթեթի հետ: Վերը նշված երկու ամսաթվերն էլ խնդրո առարկա նիստից հետո են: Կառավարությունը չի ներկայացրել որևէ հավանական բացատրություն կապված այս փոստային կնիքների հետ, պարզապես պնդելով, որ դրանց ծագումը անհայտ է և, որ համաձայն հաստատված ընթացակարգի, դրանք չպետք է դրված լինեին: Ավելին` պարզ չէ, թե Քաղաքացիական վերաքննիչ դատարանը իր 2003 թ. հունիսի 10-ի վճռում ինչպիսի ապացույցների վրա է հիմնվել, նշելով, որ «դիմումատուները անձամբ ստացել են դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիր, սակայն դատարան չեն ներկայացել,» և, եթե այդպիսի ապացույց առկա է եղել գործի նյութերում, ապա ինչու Կառավարությունը հնարավորություն չունեցավ ներկայացնելու դա: Պարզ չէ նաև թե ինչու, եթե առկա էին հակառակն ապացուցող փաստեր, Վճռաբեկ դատարանը իր 2003 թ. սեպտեմբերի 26-ի որոշման մեջ չի անդրադարձել և մերժել դիմումատուների այն պնդումը, որ իրենք ժամանակին տեղեկացված չեն եղել, հարց, որ հստակ բարձրացված է եղել նրանց` վճռաբեկ բողոքում: Այս հանգամանքներում, Կառավարության փաստարկները չեն համոզում Դատարանին և Դատարանը գտնում է, որ դիմումատուները պատշաճ կերպով ծանուցված չեն եղել 2003 թ. հունիսի 10-ի նիստի վերաբերյալ:

40. Գալով այս եզրահանգմանը, Դատարանը գտնում է, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դիմումատուների բացակայությամբ նիստ գումարելով ինչպես հարկն է չի ստուգել, թե արդյոք դիմումատուները պատշաճ կերպով տեղեկացված են եղել նիստի վերաբերյալ: Պատասխանողի ներկայացուցիչը ներկա է եղել նիստին և բանավոր ներկայացրել է իր փաստարկները և բացատրությունները, որոնց վերաբերյալ դիմումատուները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Նրանք նաև հնարավորություն չեն ունեցել, ի պաշտպանություն իրենց հայցի, ներկայացնել իրենց բանավոր փաստարկները: Այս բացթողումը չի շտկվել նաև փաստով, որ դիմումատուները կարող էին վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, քանի որ վերջինս` ի տարբերություն Քաղաքացիական վերաքննիչ դատարանի, չի իրականացնում գործի ամբողջական վերաքննություն (տե՛ս mutatis mutandis, Ստեկ-Ռիշը և Այլոք, պարբ. 56): Այս հանգամանքը ավելի է հիմնավորվում, եթե հաշվի առնենք, որ Վճռաբեկ դատարանը լիազորված էր հետ ուղարկել գործը նոր քննության` դիմումատուների դատավարական իրավունքների խախտման առկայության հիմքով, ինչը և նրանք պահանջել էին իրենց վճռաբեկ բողոքում (տե՛ս վերը` պարբերություն 25), և ինչը Վճռաբեկ դատարանը չի արել (տե՛ս, mutatis mutandis, Միհոլապան ընդդեմ Լատվիայի (Miholapa v. Latvia), թիվ 61655/00, պարբ. 30, 31 մայիսի 2007): Այստեղից հետևում է, որ սույն գործի հանգամանքներում, կողմերի հավասարության սկզբունքը չի հարգվել:

41. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դիմումատուի արդար դատաքննության իրավունքի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

42. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան դիմումատուները պնդում են, որ. (1) առուվաճառքի պայմանագիրը և համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու վերաբերյալ վեճը լուծելիս ներպետական դատարանները ոչ ճիշտ կերպով են գնահատել փաստերը և ապացույցները և կատարել են անօրինական հետևություններ, (2) 2002 թ. հոկտեմբերի 4-ի վարույթի ընթացքում նրանք զրկված են եղել արդար դատաքննությունից, (3) 2002 թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդհատված վարույթի ընթացքում նրանք զրկված են եղել արդար դատաքննության իրավունքից: Նրանք նաև վկայակոչել են Կոնվենցիայի հոդված 13-ը և դրան կից Արձանագրություն թիվ 1-ի հոդված 1-ը` կապված բոլոր երեք վարույթների հետ, որոնց համապատասխան հատվածները սահմանում են.

 

Կոնվենցիայի հոդված 13.

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 1-ի 1-ին հոդված

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

 

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

 

Ընդունելիությունը

 

1. Առուվաճառքի պայմանագիրը և համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը չեղյալ հայտարարելուն վերաբերյալ վարույթները

 

(ա) Կոնվենցիայի հոդված 6-ի 1-ին մաս

 

43. Դատարանը հիշեցնում է, որ իր իրավասության մեջ չի մտնում հանդես գալ որպես ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումների բողոքարկման դատարան: Նյութական և դատավարական իրավունքի համապատասխան նորմերի մեկնաբանումը և կիրառումը հանդիսանում է ներպետական դատարանների գործը (տե՛ս օրինակ` Ֆեհրն ընդդեմ Ավստրիայի (Fehr v. Austria), թիվ 19247/02, պարբ. 32, 3 փետրվարի 2005): Դատարանը գտնում է, որ հոդված 6-ի 1-ին մասի վերաբերյալ այս գանգատը, առաջին հայացքից, չի բացահայտում այս հոդվածով նախատեսված երաշխիքների որևէ խախտում:

44. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի` համաձայն Կոնվենցիայի հոդված 35-ի 3-րդ և 4-րդ մասերի:

 

(բ) Արձանագրություն թիվ 1 հոդված 1.

 

45. Դատարանը հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ առկա է վեճ մասնավոր անձանց միջև, ներպետական դատարանների գործառույթն է հանդիսանում պարզել կողմերի փոխադարձ պարտավորությունների և պարտականությունների բնույթը և շրջանակները: Նման վեճերի վերաբերյալ ներպետական դատարանների կայացրած որոշումները ընդհանուր առմամբ չեն առաջացնում միջամտություն Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 1-ի 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի նկատմամբ (տե՛ս օրինակ The Governor and Company of the Bank of Scotland v. the United Kingdom (որոշում), թիվ 37857/97, 21 հոկտեմբերի 1998): Դատարանը նշում է, որ սույն գործում դատարանի որոշումը լուծել էր մասնավոր անձանց միջև առկա քաղաքացիական բնույթի վեճը: Այս որոշումները Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 1-ի 1-ին հոդվածի իմաստով` պարտավորություն չեն կարող առաջացնել պատասխանող պետության համար, առավել ևս հաշվի առնելով, որ կայացված որոշումները առաջին հայացքից կամայական չեն:

46. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի` համաձայն Կոնվենցիայի հոդված 35-ի 3-րդ և 4-րդ մասերի:

 

(գ) Կոնվենցիայի հոդված 13.

47. Դատարանի նախադեպի համաձայն` հոդված 13-ը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ անձը ունի «ապացուցման հավանականություն ունեցող գանգատ» առ այն, որ նա հանդիսացել է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման զոհ (տե՛ս Բոյլը և Ռայսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Boyle and Rice v. the United Kingdom), 27 ապրիլի 1988 թ. վճիռը, Շարք Ա, թիվ 131, պարբ. 52): Դատարանը նշում է, որ դիմումատուների գանգատը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 1-ի 1-ին հոդվածի մասով նա համարել է ակնհայտորեն անհիմն: Նմանատիպ հիմնավորմամբ դիմումատուները չունեն «ապացուցման հավանականություն ունեցող գանգատ», որ սույն գործի հանգամանքներում խախտվել են նրանց այս իրավունքները: Հետևաբար, հոդված 13-ը կիրառելի չէ նրանց գործում:

48. Հետևաբար, գանգատի այս մասը ևս ակնհայտորեն անհիմն է` համաձայն Կոնվենցիայի հոդված 35-ի 3-րդ մասի և պետք է մերժվի` համաձայն 35-ի 4-րդ մասի:

 

2. 2002 թ. հոկտեմբերի 4-ի վարույթը

 

49. Դատարանը հիշեցնում է, որ այն կարող է քննել միայն այն գանգատները, որոնց վերաբերյալ սպառվել են ներպետական իրավական պաշտպանության միջոցները և դրանք ներկայացվել են ներպետական «վերջնական» որոշումից հետո` վեց ամսվա ընթացքում (տե՛ս օրինակ Վալաշինասն ընդդեմ Լիտվայի (Valasinas v. Lathuania) (որոշում), թիվ 44558/98, 14 մարտի 2000): Սույն գործում դիմումատուները 2002 թ. հոկտեմբերի 4-ի վճիռը չեն բողոքարկել Քաղաքացիական վերաքննիչ դատարան:

50. Այստեղից հետևում է, որ դիմումատուները չեն սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները` ինչպես պահանջվում է Կոնվենցիայի հոդված 35-ի 1-ին մասով, և, որ գանգատի այս մասը պետք է մերժվի` Կոնվենցիայի հոդված 35-ի 4-րդ մասի համաձայն:

 

3. 2002 թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդհատված վարույթը

 

51. Դատարանը նշում է, որ խնդրո առարկա վարույթը ընդհատվել է 2002 թ. նոյեմբերի 29-ին, իսկ Դատարան գանգատները ներկայացվել են միայն 2004 թ. մարտի 10-ին և 18-ին:

52. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ և պետք է մերժվի` Կոնվենցիայի հոդված 35-ի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

53. Կոնվենցիայի հոդված 41-ը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

54. Ընդհանուր առմամբ դիմումատուն պահանջել է 7,439,000 ՀՀ դրամ (ՀԴ) գումար (մոտ 13,642 եվրո), որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչը ներառում է այն վնասը, որ երկրորդ դիմումատուն իր պնդմամբ կրել է հարկադիր կատարման վարույթի ընթացքում և այն եկամուտը, որը նրանք իրենց պնդմամբ բաց չէին թողնի, եթե ներպետական դատարանները բավարարեին իրենց հայցը: Նրանք նաև պահանջել են վերականգնել իրավիճակը` վերադարձնելով հողը և խոշոր եղջերավոր անասունները, որոնք նրանց պնդմամբ իրենց են պատկանում: Դիմումատուները ոչ նյութական վնասի հատուցման պահանջ չեն ներկայացրել:

55. Կառավարությունը նշել է, որ չկա պատճառահետևանքային կապ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ խախտման և դիմումատուների կողմից պահանջվող նյութական վնասի փոխհատուցման գումարի միջև: ԵՎ նաև դիմումատուները չեն հիմնավորել իրենց պահանջը փաստաթղթային ապացույցներով:

56. Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուի կողմից կատարողական վարույթի ընթացքում ենթադրաբար կրած վնասին` Դատարանը չի տեսնում պատճառահետևանքային կապ փոխհատուցման պահանջված գումարի և արձանագրված խախտման միջև: Դատարանը նաև նշում է, որ սույն գործում փոխհատուցման տրամադրումը կարող է հիմնվել միայն այն փաստի վրա, որ դիմումատուները չեն օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքներից: Դատարանը, այնուամենայնիվ, չի կարող եզրահանգումներ կատարել, թե ինչպիսին կլիներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող վարույթների վերջնական արդյունքը, եթե այդ հոդվածի պահանջները խախտված չլինեին: Այդ պատճառով Դատարանը մերժում է նյութական վնասի փոխհատուցման դիմումատուների պահանջը (տե՛ս mutatis mutandis, Կոյմեն և Այլոք ընդդեմ Բելգիայի (Coeme and Others v. Belgium), թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 and 33210/96, պարբ. 155, ECHR 2000-VII): Ավելին` Դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ չի ներկայացվել ոչ նյութական վնասի փոխհատուցման որևէ պահանջ, այդ մասով ևս կարիք չկա դիմումատուներին որևէ գումար տրամադրել:

57. Մյուս կողմից, Դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ վճիռը, որում այն արձանագրում է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն վճարել այն գումարները, որոնք վճռվել է տրամադրել որպես արդարացի փոխհատուցում, եթե այդպիսիք առկա են, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել, թե ինչպիսի ընդհանուր և/կամ եթե կիրառելի է, մասնավոր միջոցառումներ պետք է ընդունվեն ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքները վերացնելուն ուղղված հնարավոր այնպիսի փոխհատուցում տրամադրելու համար, որոնք հնարավորին կվերականգնեն այն իրավիճակը, որ առկա էր մինչև խախտումը (տե՛ս Սկոցարին և Գյունտան ընդդեմ Իտալիայի (ՄՊ) (Scozzari and Giunta v. Italy), թիվ 39221/98 և 41963/98, պարբ. 249, ECHR 2000-VIII, Իլաշկուն և Այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի (ՄՊ) (Ilascu and Others v. Moldova and Russia), թիվ 48787/99, պարբ. 487, ECHR 2004-VII, Լունգոչին ընդդեմ Ռումինիայի (Lungoci v. Romania), թիվ 62710/00, պարբ. 55, 26 հունվարի 2006): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերում, դիմումատուն պետք է հնարավորին դրվի այնպիսի իրավիճակում, որում նա կգտնվեր, եթե այդ հոդվածի պահանջները անտեսված չլինեին (տե՛ս, mutatis mutandis, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի (ՄՊ) (Sejdovic v. Italy), թիվ 56581/00, պարբ. 127, ECHR 2006-..., և Յանակիևն ընդդեմ Բուլղարիայի (Yanakiev v. Bulgaria), թիվ 40476/98, պարբ. 89, 10 օգոստոսի 2006):

58. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 241.1 հոդվածը թույլ է տալիս ներպետական վարույթի վերաբացումը, եթե Դատարանը արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (տե՛ս վերը` պարբերություն 28): Ամեն դեպքում, Դատարանը գտնում է, որ փոխհատուցման ամենապատշաճ եղանակը այն դեպքերում, երբ արձանագրվել է, որ դատական նիստը անց է կացվել դիմումատուի բացակայությամբ, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպես կանոն հանդիսանում է վարույթի պատշաճ վերաբացումը և արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ գործի վերաքննության անցկացումը (տե՛ս, mutatis mutandis, Լունգոչի, մեջբերված վերը` պարբ. 56):

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

59. Դիմումատուները նաև պահանջել են 138,000 ՀԴ գումար (մոտ 253 եվրո), որպես ներպետական դատարաններում կատարած ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որոնք կապված են դատական տուրքերի, փաստաթղթերի նախապատրաստման և պատճենահանման, փոստային ծախսերի և իրավաբանական օգնության հետ:

60. Կառավարությունը նշել է, որ դիմումատուները որևէ փաստաթղթով չեն հիմնավորել ծախսերի և ծախքերի փոխհատուցման վերաբերյալ իրենց պահանջը: Նրանք չեն ներկայացրել որևէ ապացույց, որ այս ծախսերը իրականում կատարվել են կամ, որ առկա է եղել պայմանագիր` իրենց և իրենց փաստաբանի միջև վճարումը ապագայում կատարելու վերաբերյալ:

61. Համաձայն Դատարանի նախադեպի` դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանը գտնում է, որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց` իրենց ենթադրյալ ծախսերի և ծախքերի վերաբերյալ, և այդ պատճառով մերժում է այդ պահանջը:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Վճռում է միացնել գանգատները,

2. Ընդունելի է հայտարարում գանգատը` կապված 2003 թ. հունիսի 10-ի դատաքննությանը դիմումատուների ներկա չգտնվելուն և անընդունելի` գանգատի մնացած մասերը,

3. Արձանագրում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, քանի որ չի հարգվել կողմերի հավասարության սկզբունքը,

4. Մերժում է դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 6-ը դեկտեմբերի 2007 թ., համաձայն` Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:

 

 

pin
Եվրոպական դատարան
06.12.2007
N 11724/04
Վճիռ