Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-Ն ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-Ն ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-Ն ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(2-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 32283/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

17 հունիս 2008

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 17/09/2008

 

83. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հեռարձակման բնագավառում ընդունված ուղենիշները պահանջում են արտոնագրման ընթացակարգը կարգավորող նորմերի բաց և թափանցիկ կիրառում և հատկապես առաջարկում են, որ «(կ)արգավորող մարմինների կողմից կայացված բոլոր որոշումները... պետք է լինեն... պատշաճ հիմնավորված» (տե՛ս վերևում, պարբ. 63): Դատարանն այնուհետև հաշվի է առնում Հայաստանի վերաբերյալ իր 2004 թ. հունվարի 27-ի բանաձևում ԵԽԽՎ-ի կատարած համապատասխան եզրահանգումները, որտեղ վերջինս նշել էր, որ «գործող օրենքի անհստակության հետևանքով (ՀՌԱՀ-ին) բացահայտ ինքնահայեցողական լիազորություններ են տրված» (տե՛ս վերևում, պարբ. 65): Դատարանը գտնում է, որ արտոնագրման այն ընթացակարգը, որով արտոնագրող մարմինը չի պատճառաբանում իր որոշումները, պետական մարմնի կողմից խոսքի ազատության հիմնարար իրավունքին կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում:

84. Դատարանն այդ պատճառով եզրակացնում է, որ դիմումատու ընկերության տեղեկատվություն և գաղափարներ տարածելու ազատության միջամտությունները, մասնավորապես` հեռարձակման արտոնագիր տրամադրելու թվով յոթ մերժումները, չեն բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը: Այս պարագայում անհրաժեշտություն չկա պարզելու, թե արդյոք այս միջամտություններն իրավաչափ նպատակ էին հետապնդում և, եթե այսպես է, արդյոք դրանք հետապնդվող նպատակին համաչափ էին:

85. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

86. Դիմումատու ընկերությունը բողոքում էր, որ տեղի ունեցած երկու դատավարություններում ներպետական դատարանները պատճառաբանված վճիռներ չեն կայացրել: Ավելին` 63-րդ կապուղով հեռարձակման մրցույթի հետ կապված դատավարության շրջանակներում Տնտեսական դատարանը խախտել էր կողմերի հավասարության սկզբունքը: Դիմումատու ընկերությունը հենվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որը համապատասխանաբար սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները... ունի դատարանի կողմից... արդարացի... դատաքննության իրավունք:»:

 

Ընդունելիություն

 

1. Պատճառաբանված վճիռ ունենալու իրավունք

 

87. Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պարտավորեցնում է դատարաններին նշել իրենց վճիռների պատճառները, սակայն այն չի կարող հասկացվել որպես յուրաքանչյուր փաստարկին մանրամասն պատասխան տալու պարտավորություն: Պատճառները նշելու պարտավորության կիրառման սահմանը կարող է տարբեր լինել կապված ակտի բնույթի հետ: Այդպիսով, անհրաժեշտ է հաշվի առնել, inter alia, փաստարկների բազմազանությունը, որոնք դատավարության կողմը կարող է ներկայացնել դատարանին և Պայմանավորվող կողմերի տարբեր մոտեցումները օրենքի դրույթների, սովորութային կանոնների, իրավական կարծիքի և վճիռների ներկայացման և շարադրման վերաբերյալ: Հետևաբար, այն հարցը, թե արդյոք դատարանը թերացել է կատարել պատճառաբանելու իր պարտավորությունը, կարող է որոշվել միայն կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Հիրո Բալանին ընդդեմ Իսպանիայի (Hiro Balani v. Spain) 1994 թ. դեկտեմբերի 9-ի վճիռը, Շարք Ա թիվ 303-B, էջեր 29-30, պարբ. 27): Ավելին, վերաքննիչ բողոքը մերժելիս վերաքննիչ դատարանը կարող է, որպես կանոն, ուղղակիորեն հաստատել ավելի ցածր ատյանի դատարանի որոշման հիմնավորումները (տե՛ս, mutatis mutandis, Հելլեն ընդդեմ Ֆինլանդիայի (Helle v. Finland), 1997 թ. դեկտեմբերի 19-ի վճիռը, Reports 1997-VIII, պարբ. 59-60, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcia Ruiz v. Spain) (GC), թիվ 30544/96, պարբ. 26, ECHR 1999-I և Հիրվիսաարին ընդդեմ Ֆինլանդիայի (Hirvisaari v. Finland), թիվ 49684/99, պարբ. 30, 27 սեպտեմբերի 2001):

88. Սույն գործում դիմումատու ընկերությունը պնդում էր, որ վճիռները հիմնավորված չէին, որովհետև Տնտեսական դատարանն ամբողջովին համաձայնել էր ՀՌԱՀ-ի փաստարկների հետ, իսկ Վճռաբեկ դատարանն էլ կրկնել էր Տնտեսական դատարանի եզրահանգումները: Դատարանը նշում է, սակայն, որ համապատասխան վճիռներից երևում է, որ երկու դատավարություններում էլ Տնտեսական դատարանը մանրակրկիտ ուսումնասիրել էր կողմերի և՛ գրավոր և՛ բանավոր փաստարկները: 2004 թ. մարտի 23-ի վճիռը պարունակում էր հինգ, իսկ 2004 թ. հունվարի 21-ի վճիռը` երկուս ու կես էջ իրավական հիմնավորում առ այն, թե ինչու էին դիմումատու ընկերության գանգատները չհիմնավորված: Այն փաստը, որ Տնտեսական դատարանն իր եզրահանգումներում համաձայնել էր կողմերից մեկի` այս դեպքում ՀՌԱՀ-ի փաստարկների հետ, չի նշանակում, որ այս եզրահանգումները հիմնավորված չէին: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված հիմնավորմանը, ապա դիմումատու ընկերության կողմից բարձրացված փաստարկները գործնականորեն նույնն էին, ինչ որ Տնտեսական դատարանի առջև ներկայացվածները: Ավելին, Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ:

89. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

2. Կողմերի հավասարություն

 

90. Դիմումատու ընկերությունը պնդում էր, որ 63-րդ կապուղով հեռարձակման մրցույթի հետ կապված դատավարության շրջանակներում Տնտեսական դատարանը խախտել էր կողմերի հավասարության սկզբունքը, որովհետև այն մերժել էր դիմումատու ընկերության պահանջները և այդպիսով խոչընդոտել էր դիմումատու ընկերությանը իր պնդումը հիմնավորող ապացույցներ ներկայացնել:

91. Դատարանը կրկնում է, որ գործի հանգամանքների համար գործում առկա ապացույցների ունեցած նշանակության գնահատման հարցում ներպետական դատարանները գտնվում են ամենալավ դիրքում: Ավելին, 6-րդ հոդվածը, կրկին որպես ընդհանուր կանոն, նրանց է թողնում գնահատելը, թե արդյոք վկաներ կանչելը նպատակահարմար է (տե՛ս ի թիվս այլոց Վիդալն ընդդեմ Բելգիայի (Vidal v. Belgium), 1992 թ. ապրիլի 22-ի վճիռը, Շարք Ա թիվ 235 B, պարբ. 33 և Վիերզբիքին ընդդեմ Լեհաստանի (Wierzbicki v. Poland), թիվ 24541/94, պարբ. 45, 18 հունիս 2002):

92. Սույն գործում դիմումատու ընկերության կողմից ներկայացված պահանջներն ուսումնասիրվել էին Տնտեսական դատարանի կողմից և տրվել էին դրանց մերժման հիմնավորումներ, որոնք առաջին հայացքից կամայական չեն: Ավելին` դիմումատու ընկերությունը կարողացել էր վիճարկել համապատասխան մերժումները Վճռաբեկ դատարան ներկայացրած իր բողոքում, որը լրացուցիչ հետազոտել և հաստատել էր Տնտեսական դատարանի կողմից տրված պատճառաբանությունները: Նման պարագայում չի երևում, որ առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության երաշխիքների խախտում: Առկա չէ նաև որևէ ապացույց, որ դիմումատու ընկերությունը որևէ այլ կերպ իր հակառակորդի նկատմամբ էականորեն վատթար դիրքում է դրվել:

93. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՄԲ

 

94. Վերջապես, դիմումատու ընկերությունը բողոքում էր, որ ՀՌԱՀ-ի և ներպետական դատարանների որոշումները քաղաքական ենթատեքստ ունեին: Այն պնդում էր, որ ՀՌԱՀ-ն անկախ և անկողմնակալ մարմին չէր, քանի որ վերջինիս բոլոր ինը անդամները նշանակվել էին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Դիմումատու ընկերությունը հիմնվում էր Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա 6-րդ և 10-րդ հոդվածների զուգակցմամբ, որը համապատասխան մասում սահմանում է, որ.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից ու ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ... քաղաքական կամ այլ համոզմունքից...»:

 

Ընդունելիությունը

 

95. Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերությունը քաղաքական հայացքներից ելնող ենթադրյալ խտրականության և ՀՌԱՀ-ի անդամների նշանակման եղանակի հարցը չի բարձրացրել ներպետական դատարաններ դիմելիս:

96. Այստեղից հետևում է, որ դիմումատու ընկերությունը չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան և դիմումի այս մասը ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

97. Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, Դատարանը նմանապես գտնում է, որ չկան ապացույցներ, որոնք կհիմնավորեին դիմումատու ընկերության այն պնդումը, որ ներպետական դատարանները գտնվել են քաղաքական ազդեցության տակ իր դիմումների առնչությամբ որոշում կայացնելիս:

98. Այստեղից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Նյութական վնասը

 

2. Դիմումատու ընկերությունն ընդհանուր առմամբ պահանջել է 1,357,828 Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դոլար (մոտ 1,050,137 եվրո) որպես նյութական վնասի փոխհատուցում, ներառյալ` գովազդային գործունեությունից և ներդրումներից ակնկալվող բաց թողնված եկամուտը, չօգտագործված սարքավորումների կորուստը և պայմանագրերից չստացված եկամուտը, ինչի առնչությամբ դիմումատու ընկերությունը նշել է, որ 2001 թ. նոյեմբերի 23-ի ՀՌԱՀ-ի կողմից 37-րդ կապուղով անորոշ ժամանակով հեռարձակման թույլտվություն ստանալուց հետո վերջինս կնքել է մի շարք պայմանագրեր, որոնք այնուհետև ստիպված է եղել դադարեցնել 37-րդ կապուղիով հեռարձակվելու արտոնագրից զրկվելու պատճառով:

3. Կառավարությունը պնդել է, որ չկա պատճառահետևանքային կապ 10-րդ հոդվածի ենթադրյալ խախտման և նյութական վնասի փոխհատուցման պահանջի միջև: Այս պահանջը բացառապես հիմնված է եղել այն ենթադրության վրա, որ դիմումատու ընկերությունը արտոնագիր կստանար, եթե ՀՌԱՀ-ի որոշումը լիներ պատճառաբանված: Ավելին, պայմանագրերից չստացված եկամուտի մասով դիմումատուի պահանջը դուրս է սույն գանգատի շրջանակներից:

4. Դատարանը գտնում է, որ բաց թողնված եկամուտի մասով պահանջը մտացածին է (տե՛ս ի թիվս այլոց, վերոնշյալ Ինֆորմացիոնսվերեին Լենտիան և այլոք, պարբ. 46, և վերոնշյալ Ռադիո «Էյ-Բի-Սի», պարբ. 41): Ավելին, առկա չէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտման և չօգտագործված սարքավորումների կորստի մասով ենթադրյալ նյութական վնասի միջև: Վերջապես, ինչ վերաբերում է պայմանագրերից չստացված եկամուտի ենթադրյալ կորստին, ապա այս պահանջը դուրս է սույն գանգատի շրջանակներից, քանի որ 37-րդ կապուղու համար հայտարարված մրցույթին կամ մրցույթի ընթացքում կրած որևէ հնարավոր վնասին չի առնչվում: Այս հարցը, ինչպես արդեն վերը նշվել է, Դատարանի կողմից քննության է առնվել դիմումատու ընկերության կողմից ներկայացված և թիվ 37780/02 համարով գրանցված մեկ այլ գանգատի շրջանակներում: Վերոնշյալի հիման վրա Դատարանը մերժում է նյութական վնասի փոխհատուցման պահանջը:

 

Բ. Ոչ նյութական վնասը

 

5. Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 50,000 ԱՄՆ դոլար (մոտ 38,670 եվրո) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Մասնավորապես` ՀՌԱՀ-ի կողմից հեռարձակման արտոնագրի տրամադրման պարբերաբար մերժումը, ինչպես նաև պատճառաբանված որոշման տրամադրման պարբերաբար մերժումը, ինչպես նաև պատճառաբանված որոշման տրամադրման մերժումը բացասաբար է ազդել վերջինիս հեղինակության և բարի համբավի վրա: Ավելին, դիմումատու ընկերության աշխատակիցները և նախագահը Կոնվենցիայի խախտման և ներպետական դատարանների կողմից այդ խախտմանը չանդրադառնալու արդյունքում ունեցել են տագնապի, անելանելիության, հոգեկան տագնապի, անելանելիության, հոգեկան տառապանքի, անհանգստության և անորոշության զգացում:

6. Կառավարությունը նշել է, որ խախտման ճանաչման փաստն ինքնին բավարար փոխհատուցում կհանդիսանա: Չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի միջև: Ավելին, անդրադառնալով Քոմինգերսոլլն ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 35382/97, պարբ. 36, ECHR 2000-IV, և Անկախություն և Ժողովրդավարություն կուսակցությունն (OZDEP) ընդդեմ Թուրքիայի, թիվ 23885/94, պարբ. 57, ECHR 1999-VIII գործերին, Կառավարությունը պնդել է, որ Դատարանի վճիռները, որոնցով ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրամադրվել իրավաբանական անձի տնօրենին և այլ անդամներին վերջիններիս կողմից ունեցած անելանելիության և անորոշության զգացումի համար, կիրառելի չեն սույն գործի շրջանակներում, քանի որ վերաբերում են Կոնվենցիայի այլ հոդվածներին և ունեն տվյալ գործից տարբերվող հանգամանքներ:

7. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի այն ունենա ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրելու լիազորություն նաև առևտրային կազմակերպություններին: Նման գործերում պետք է հաշվի առնել ընկերության հեղինակության, որոշումների պլանավորման անորոշության, ընկերության կառավարման խարխլման (նման դեպքերի համար գումարի հաշվարկման հստակ մեթոդ գոյություն չունի) և վերջապես` ղեկավար անձնակազմին պատճառված տագնապի և անհանգստության զգացումի հարցերը (տե՛ս mutatis mutandis, վերոնշյալ Քոմինգերսոլլն ընդդեմ Պորտուգալիայի, պարբ. 35): Դատարանը գտնում է, որ ՀՌԱՀ-ի թերացումը յուրաքանչյուր դեպքում 10-րդ հոդվածին համապատասխան արտոնագրման չափանիշներ կիրառելու հարցում` մասնավորապես վերջինիս կողմից դիմումատու ընկերության հայտերի պարբերաբար մերժումը չպատճառաբանելը պետք է որ ընկերության ղեկավար անձնակազմին պատճառած լիներ անելանելիության և անորոշության զգացում, որը չի կարող փոխհատուցվել սոսկ խախտման ճանաչմամբ (տե՛ս mutatis mutandis, նույն տեղում, պարբ. 36, և վերևում հիշատակված, Ազատություն և Ժողովրդավարություն կուսակցություն (OZDEP), պարբ. 57): Հետևաբար Դատարանը, գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատու ընկերությանը տրամադրել 20,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Գ. Ծախսեր և ծախքեր

 

8. Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 11,959 ԱՄՆ դոլար (մոտ 9,250 եվրո) և 10,736.48 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ) (մոտ 16,050 եվրո) որպես Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Այդ պահանջները ներառում են.

(ա) 9,775 ԱՄՆ դոլար` որպես իր երկու ներպետական ներկայացուցիչներին վճարված գումար (42.5 և 51 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 50 և 150 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ժամի դիմաց),

(բ) 2,1484 ԱՄՆ դոլար` որպես թարգմանչական ծախսեր,

(գ) 9,112.48 ՄԲՖ` որպես Միացյալ Թագավորությունում գործող չորս իրավաբաններին վճարված գումար, ներառյալ KHRP-ի երեք իրավաբաններին և մեկ փաստաբանի վճարված գումար (ընդհանուր առմամբ 32 և 28 ժամ կատարած աշխատանքի դիմաց` մեկ ժամը 150 ՄԲՖ հաշվարկով),

(դ) 260 ՄԲՖ` որպես KHRP-ի կողմից կատարված կազմակերպչական ծախսեր, և

(ե) 1,364.00 ՄԲՖ` որպես KHRP-ի ներկայացուցիչների` Երևան կատարած այցի ճանապարհորդական ծախսեր:

Ի հավաստումն իր կողմից ներկայացրած պահանջների դիմումատու ընկերությունը ներկայացրել է ժամավճարը մանրամասնող համապատասխան փաստաթղթեր:

9. Նախ` Կառավարությունը պնդել է, որ պահանջվող գումարը առնվազն կիսով չափ պետք է նվազեցվի, քանի որ արդարացի փոխհատուցում պահանջելու իրավունք ունի միայն դիմումատու ընկերությունը, այլ ոչ թե երկրորդ դիմումատուն: Երկրորդ` դիմումատու ընկերությունը գործի մեջ ներգրավել է չափազանց մեծ թվով իրավաբաններ, թեև գործն այդչափ բարդ չէր, որպեսզի արդարացներ այդ հանգամանքը: Վերջապես, ներպետական փաստաբանների վճարների հատուցման պահանջը հիմնավորված չէ համապատասխան փաստաթղթերով, քանի որ դիմումատու ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ ներպետական իրավաբանների և դիմումատուի միջև գոյություն ունի իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով կսահմանվեր մատուցած ծառայությունների համար ենթադրյալ ժամավճարը: Ավելին, ներպետական իրավաբաններին ենթադրաբար տրված ժամավճարը չափազանց բարձր է:

10. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանը նշում է, որ սույն գործում թարգմանչական ծախսերը հավաստող վճարման անդորրագիր չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբաններին վճարված գումարներին, ապա ոչ բոլոր ծախսերն են եղել անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ, ներառյալ նաև KHRP-ի իրավաբանների` Երևան կատարած այցի ճանապարհորդական ծախսերը, ինչպես նաև օտարերկրյա և ներպետական իրավաբանների կատարած աշխատանքի նկատելի կրկնությունը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցերում: Ավելին, փոխհատուցման գումարը պետք է նվազեցնել նաև այն պատճառաբանությամբ, որ հիմնական գանգատի մի մասը ճանաչվել էր անընդունելի: Դատարանը, կատարելով իր հաշվարկը և գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 10,000 եվրո որպես կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատու ընկերության ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին:

 

Դ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

11. Դատարանն ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Ընդունելի է հայտարարում դիմումատու ընկերության գանգատը` կապված Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ և անընդունելի` գանգատի մնացյալ մասը,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

3. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատու ընկերությանը պետք է վճարի հետևյալ գումարները.

(I) 20,000 (քսան հազար) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(II) 10,000 (տասը հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատու ընկերության նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար, գումարած երեք տոկոս:

 

4. Մերժում է դիմումատու ընկերության արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 17-ը հունիսի 2008 թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:

 

 

pin
Եվրոպական դատարան
17.06.2008
N 32283/04
Վճիռ