Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻ ...

 

 

040.0738.090709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2009 թվականի N 738-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակով:

2. Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 738-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ) գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից` նրա ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:

2. Ներկայացուցիչն աջակցում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարաբերությունների զարգացմանը:

(2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

3. Ներկայացուցիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության կնքած համապատասխան միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրություններով և սույն կարգով:

4. Ներկայացուցիչը «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ստանում է դիվանագիտական անձնագիր:

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ներկայացուցչի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ոստիկանության գործունեության ոլորտում բազմակողմանի և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելը.

3) հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործառույթներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների միջև երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացման և խորացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելը.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների միջև օպերատիվ փոխգործակցությունն ապահովելը.

5) դատավճռի կատարումից կամ քրեական հետապնդումից թաքնվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների հետախուզման գործնական միջոցառումները համակարգելը.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության առանձին հանձնարարությունները կատարելը:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Ներկայացուցչի գործառույթներն են`

1) Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի մասին տեղեկատվություն հավաքելը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ու այլ իրավապահ մարմիններին տրամադրելը.

2) Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը.

3) Ռուսաստանի Դաշնությունում միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանը և այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության շահերը ներկայացնելուն նպաստելը.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը.

5) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված` հանցավորությանը վերաբերող միջազգային պայմանագրերի իրականացմանն աջակցելը.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչության պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը.

7) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության դիմավորումը և ճանապարհումը կազմակերպելը և, Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելիս, աջակցություն ցուցաբերելը.

8) Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայողական գործուղման մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.

9) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության հանձնարարությամբ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող միջազգային և տեղական ցուցահանդեսներին, ոստիկանության գործունեության բնագավառին վերաբերող հանդիպումներին, խորհրդակցություններին մասնակցելը.

10) Ռուսաստանի Դաշնությունում հանցավորության դեմ պայքարի առաջավոր փորձին Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ծանոթացնելը:

 

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

 

7. Ներկայացուցիչն ունի`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանության և իր պաշտոնի անվանմամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիք և ձևաթուղթ.

2) առանձին բանկային հաշիվ:

8. Ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

9. Ներկայացուցչին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին որոշումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

10. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության այն ծառայողը, ով մինչև նշանակվելը վերջին մեկ տարին զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն: Ներկայացուցիչ կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

11. Ներկայացուցիչ նշանակվող ծառայողը պետք է ազատորեն տիրապետի ռուսերենին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

12. Ներկայացուցիչը`

1) նշանակվում է 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով.

2) Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Ռուսաստանի Դաշնությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ.

4) հաշվետու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կատարված աշխատանքների մասին:

12.1. (12.1-ին կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

(12.1-ին կետը լրաց. 22.12.11 թիվ 1824-Ն որոշում)

12.2. (12.2-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

(12.2-րդ կետը լրաց. 22.12.11 թիվ 1824-Ն որոշում)

12.3. (12.3-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

(12.3-րդ կետը լրաց. 22.12.11 թիվ 1824-Ն որոշում)

12.4. (12.4-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

(12.4-րդ կետը լրաց. 22.12.11 թիվ 1824-Ն որոշում)

12.5. (12.5-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 9-Ն որոշում)

(12.5-րդ կետը լրաց. 22.12.11 թիվ 1824-Ն որոշում)

 

V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ներկայացուցչի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

(13-րդ կետը փոփ. 22.12.11 թիվ 1824-Ն, 17.01.2019 թիվ 9-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2009
N 738-Ն
Որոշում