Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 549-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 549-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2201/02/08

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2201/02/08

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Է. Մուրադյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների ընդդեմ Հասմիկ Դիլանյանի, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման և Երևանի Կենտրոն նոտարական տարածքի` ժառանգության իրավունքի գրանցումը և վկայագիրը, սեփականության իրավունքի գրանցումը և վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի մի մասի սեփականատերեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի Ավան 6-րդ փողոցի թիվ 22 տան նկատմամբ ժառանգության իրավունքի գրանցումը և վկայականը, սեփականության իրավունքի գրանցումը և վկայականը և ժառանգական գույքի մի մասի նկատմամբ ճանաչել սեփականատերեր:

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2008 թվականի որոշմամբ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Դիլանյանը, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանել է Գառնիկ Ավետիսյանին, որը մահացել է 27.12.1979 թվականին: Նրա մահից հետո փաստացի տիրապետման եղանակով վեճի առարկա ժառանգական գույքը տիրապետել են նաև Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները, որը հիմնավորվում է գործում առկա Ավանի թիվ 2 տնատիրության նախագահի 08.05.2008 թվականի տեղեկանքով և հարևանների վկայություններով: Սակայն, նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ժառանգական գույքը Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների կողմից չի տիրապետվել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Ալետա Ավետիսյանը բնակվել է Գառնիկ Ավետիսյանի բնակության ներքո գտնվող տանը մինչև 1981 թվականը, Անահիտ Ավետիսյանը` մինչև 1984 թվականը, Գոհարիկ Ավետիսյանը` մինչև 1985 թվականը: Գառնիկ Ավետիսյանի մահվանից` 27.12.1979 թվականից հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վեցամսյա ժամկետում Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացրել, այսինքն` ժառանգությունը չեն ընդունել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Ավան 6-րդ փողոց թիվ 22 տունը սեփականության իրավունքով պատկանել է Գառնիկ Ավետիսյանին (գ.թ. 31):

2. Գառնիկ Ավետիսյանը մահացել է 27.12.1979 թվականին (գ.թ. 23):

3. Գառնիկ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգներ են Ալետա, Անահիտ, Գոհարիկ, Մուկուչ Ավետիսյանները, որոնք ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ չեն դիմել:

4. Մուկուչ Ավետիսյանը մահացել է 15.08.2007 թվականին (գ.թ. 24):

5. Մուկուչ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգներն են Հասմիկ Դիլանյանը, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանները: 17.04.2008 թվականին Երևանի Ավան 6-րդ փողոց թիվ 22 տան նկատմամբ նրանց տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (գ.թ. 22):

6. Ժառանգության իրավունքի վկայագիրը ենթարկվել է պետական գրանցման և Հասմիկ Դիլանյանի, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանների անվամբ 20.05.2008 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական ամբողջ տան նկատմամբ (գ.թ. 18):

7. Ավանի թիվ 2 տնատիրության նախագահ Ա. Սիմոնյանի գրության համաձայն` Գառնիկ Ավետիսյանի մահից հետո վեճի առարկա տանը Ալետա Ավետիսյանը բնակվել է մինչև 1981 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 06.03.1984 թվականին), Գոհարիկ Ավետիսյանը` մինչև 1984 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 23.11.1984 թվականին), Անահիտ Ավետիսյանը` մինչև 1985 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 17.02.1988 թվականին) (գ.թ. 43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Գառնիկ Ավետիսյանի ժառանգության բացման ժամանակ գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի (1964 թվական) 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին դիմելը (հայտարարելը) և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը:

Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման է:

Սույն գործի փաստերի համաձայն` Գառնիկ Ավետիսյանի մահից հետո (27.12.1979 թվական) վիճելի տանը Մուկուչ Ավետիսյանի հետ միասին բնակվել են նաև Ալետա Ավետիսյանը մինչև 1981 թվականը, Գոհարիկ Ավետիսյանը մինչև 1984 թվականը, Անահիտ Ավետիսյանը մինչև 1985 թվականը: Այսինքն` Ալետա, Գոհարիկ, Անահիտ Ավետիսյանները փաստացի տիրապետել են ժառանգական գույքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգության բացման ժամանակ բնակվելով վեճի առարկա տանը այդ պահին գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի ուժով, այն է` փաստացի տիրապետման հիմքով Ալետա, Գոհարիկ, Անահիտ Ավետիսյանները ընդունել են իրենց հասանելիք ժառանգությունը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունը այն մասին, որ բողոք բերած անձանց կողմից վեճի առարկա տանը միայն փաստացի բնակվելը և հետագայում ամուսնությունից հետո գույքը թողնել հեռանալը դեռևս հիմք չէ ժառանգական գույքը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ճանաչելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մուկուչ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգներ Հասմիկ Դիլանյանին, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյաններին ժառանգության իրավունքի վկայագիր կարող էր տրվել միայն Մուկուչ Ավետիսյանի բաժնի մասով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2.-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ԵԱՆԴ/2201/02/08
Որոշում