ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Քր. գործ ՎԲ-65/07
Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանի դատավճիռ
կայացրած դատարանի կազմը
նախագահող դատավոր` Ս. Արամյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
6 ապրիլի 2007 թվական ք. Երևան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղար Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ Գ. ԵՐԵՄՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում, քննելով Հրանտ Լևոնի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի դեմ դատապարտյալ Հրանտ Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Սույն քրեական գործը հարուցվել է 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2003 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Հրանտ Լևոնի Գաբրիելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:
2003 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Հ. Գաբրիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:
2003 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ փոփոխվել է Հ. Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը, այն լրացվել է, ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
2003 թվականի նոյեմբերի 20-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Հ. Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2002թ. դատավճռով նշանակված և 11.08.2003թ. գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ որոշմամբ սահմանված պատժի չկրած մասից 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը, ի վերջո, թողնվել է կրելու ազատազրկում` 5 /հինգ/ տարի ժամկետով:
Պատժի սկիզբը հաշվվել է 2003 թվականի հոկտեմբերի 24-ից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի բերվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
Դատապարտյալ Հ. Գաբրիելյանի բերած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007թ. մարտի 20-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ընդունվել է վարույթ:
2. Գործի փաստական հանգամանքները.
Հրանտ Գաբրիելյանը, նախկինում հափշտակություններ կատարելու համար հինգ անգամ լինելով դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված լինելով պատժի կրումից, ունենալով ազատազրկման ձևով պատժի չկրած մաս` կատարել է նոր հափշտակություններ:
2003 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Նորքի այգիներ թաղամասում շրջագայելիս թիվ 282 տան մոտ նկատելով գործով տուժող Լևոն Եղիազարյանի անձնական օգտագործման «ԲՄՎ» մակնիշի 06 ՍՏ 008 պետհամարանիշի ավտոմեքենան` քարով կոտրել է մեքենայի առջևի աջակողմյան դռան ապակին, բացել է դուռն ու մտել սրահ, որտեղից իր հետ վերցրած պտուտակահանի և մկրատի միջոցով հանելով 73.000 ՀՀ դրամ արժողության «ՋՎՍ» ձայնագրիչն ու 3.000 ՀՀ դրամ արժողության 6 հատ լազերային սկավառակները` հեռացել է:
Դրանից հետո, տեսնելով նույն թաղամասի թիվ 287 տան բակում կայանված Սամվել Կարապետյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 25 ԼՏ 065 պետհամարանիշի ավտոմեքենան, պտուտակահանի միջոցով իջեցրել է առջևի աջակողմյան դռան ապակին, մտել սրահ ու դանակի գործադրմամբ հանելով 28.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» ֆիրմայի ձայնագրիչը` հեռացել:
Այնուհետև, Հ. Գաբրիելյանը մոտեցել է քիչ հեռու կանգնած տուժող Կարեն Կարապետյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՕՕ 470 պետհամարանիշի ավտոմեքենային և իջեցնելով առջևի աջակողմյան դռան ապակին` պտուտակահանի և դանակի գործադրմամբ մեքենայի սրահից հափշտակել է 21.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» ֆիրմայի ձայնագրիչն ու ընդհանուր 500 ՀՀ դրամ արժողության երկու ձայներիզներ:
Հ. Գաբրիելյանը վերը նշված երեք ավտոմեքենաներից հափշտակված ձայնագրիչներն ու ձայներիզները տեղավորել է պոլիէթիլային տոպրակի մեջ և քայլելով գնացել դեպի տուն: Ճանապարհին Հ. Գաբրիելյանին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ անձնական զննությամբ Հ. Գաբրիելյանի մոտից հայտնաբերվել և առգրավվել են ձայնագրիչներն ու ձայներիզները:
3.Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Համաձայն բողոքի` պատիժ սահմանելիս առաջին ատյանի դատարանը որպես իր պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել նախկինում համանման արարքներ կատարելու համար մի քանի անգամ դատապարտված լինելը, այն դեպքում, երբ իրեն արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ու պատիժը դեռ չկրած նոր հանցագործություն կատարելը, հանգամանք, որը նշված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում, և իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ:
Միաժամանակ պատճառաբանելով, որ հանցագործությունը կատարել է նյութական վատ վիճակում գտնվելու հետևանքով, բացի այդ, վերականգնված են տուժողներին պատճառված նյութական վնասները, Հ. Գաբրիելյանը խնդրել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, սակայն նրա նկարագրական-պատճառաբանական մասից պետք է հանել «որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում այն, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել նույնանման արարքի համար և հանցագործությունը կատարել է պատիժը չկրած» արտահայտությունը հետևյալ պատճառաբանությամբ.
Գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Հ. Գաբրիելյանը, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված հափշտակություններ կատարելու համար, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց ընդամենը մեկ ամիս անց դարձյալ կատարել է գողություն, այն է` մեկ գիշերվա ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ նույն թաղամասի տարբեր տեղերում կայանված երեք ավտոմեքենաներից հափշտակել է ձայնագրիչներ ու այլ ապրանքներ: Նկատի ունենալով, որ նա մինչև վերջին հանցագործությունները կատարելն արդեն իսկ 2-ից ավել անգամ դատապարտված է եղել հափշտակություններ կատարելու համար, նախաքննության մարմինը Հ. Գաբրիելյանի արարքը որակել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որով էլ նա դատապարտվել է ազատազրկման:
Ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի, որը դատարաններին թույլ է տալիս բացի այդ հոդվածում նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներից հաշվի առնել նաև այլ հանգամանքներ, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածը տալիս է ծանրացնող հանգամանքների սպառիչ ցանկը: Համաձայն այդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի` որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող չի կարող հաշվի առնվել այն հանգամանքները, որոնք մատնանշված չեն այդ հոդվածում, ինչպես նաև նրանք, որոնք ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված են որպես հանցագործության հատկանիշ:
Դատավճռում մատնանշելով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին բացասականորեն գնահատող այն հանգամանքները, որոնք թվարկված չեն քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում, դատարանը կարող է դրանք դիտել որպես հանցավորի անձը բնութագրող հանգամանքներ:
Անտեսելով օրենքի այդ պահանջը` առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս Հ. Գաբրիելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների թվում մատնանշել է նաև համանման արարքների համար նախկինում մի քանի անգամ դատապարտված լինելը, այսինքն` հանցագործության հատկանիշը, և պատիժը դեռ լրիվ չկրած նոր հանցագործություններ կատարելը, հանգամանք, որը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում:
Նկատի ունենալով, որ դատարանի կողմից խախտվել է օրենքի պահանջը և դատապարտյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել որպես այդպիսիք չհանդիսացող հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտավ, որ դրանք պետք է հանվեն դատավճռից:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու մասին դատապարտյալի խնդրանքին, ապա այն չի կարող բավարարվել հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար որպես հիմք պետք է հանդիսանան բացառիկ այն հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը: Ընդ որում, բացառիկ հանգամանքների հարցը լուծվում է` ելնելով կոնկրետ հանցագործության հանգամանքներից, ինչպես նաև հանցագործին բնութագրող տվյալներից:
Հ. Գաբրիելյանի վերաբերյալ գործի նյութերից երևում է, որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք բացառիկ են և էականորեն կարող են նվազեցնել հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, իսկ ինչ վերաբերում է մեղմացնող հանգամանքներին` դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակելիս արդեն իսկ նկատի է ունեցել դրանք ու սահմանել է համաչափ պատիժ, հետևաբար դատապարտյալի բողոքը պետք է թողնել առանց բավարարման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի իրավաչափության հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հրանտ Լևոնի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնել անփոփոխ: Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի վերջնամասից հանել «որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում այն, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել նույնանման արարքի համար և հանցագործությունները կատարել է պատիժը չկրած» արտահայտությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
Դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Ս. ՕՀԱՆՅԱՆ