Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով      ՎԲ-85/07

վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ 13-600/07 թ.

 

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    դատավորներ`        Ա. Խաչատրյան,

                       Ս. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    06 ապրիլի 2007 թվական                                 ք. Երևան

 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

 

    նախագահությամբ                            Տ. Սահակյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի

    քարտուղար                                 Ք. Մարտիրոսյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արթուր Խաչատուրի Սերոբյանին 2006 թվականի մայիսի 18-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 15-ին կայացված դատավճռով Ա. Սերոբյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել է նույն հոդվածի 2-րդ մասով:

Առաջին ատյանի դատարանը Ա. Սերոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Կիրառելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 1-ին կետի (ա) ենթակետը` Ա. Սերոբյանին ազատել է պատժի կրումից, վերացրել է խափանման միջոցը և Ա. Սերոբյանին ազատ արձակել նիստերի դահլիճից:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի օգնական Ա. Խոնդկարյանը բերել է վերաքննիչ բողոք:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի հունվարի 19-ին, քննության առնելով վերաքննիչ բողոքը, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք, խնդրելով բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճիռները և քրեական գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության, գտնելով, որ Ա.Սերոբյանի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նկատի ունենալով, որ գիշերային ակումբում նրա կողմից արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց և որ նրա կրակոցների հետևանքով ակումբում գտնվող անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ է ստեղծվել:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով բողոքը ընդունել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 30.03.2007թ. որոշմամբ բողոքը մերժել է, պատճառաբանելով, որ նախաքննության մարմինը Ա. Սերոբյանին մեղադրանք չի առաջադրել գիշերային ակումբում երկու կրակոց արձակելու, ինչպես նաև արձակված կրակոցների հետևանքով անձանց կյանքին և առողջությանը իրական վտանգ ստեղծելու համար: Նշված հիմնավորմամբ բողոքի պահանջը չի բավարարվել, և Վճռաբեկ դատարանը Ա. Սերոբյանի արարքի փաստական հանգամանքներին ու քրեաիրավական որակման հարցերին չի անդրադարձել, նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն, գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջարկվել:

Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը 02.04.2007թ. վճռաբեկ բողոք է բերել նոր հիմքով, այն է` քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու պահանջով:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Նախաքննության մարմնի կողմից Ա. Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 01-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գործող «Քրեյզի Հորս» գիշերային ակումբում, ալկոհոլ օգտագործած վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով ակումբի աշխատակիցների նկատմամբ, շուրջ 20 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել ակումբի պարուհիների հասցեին, այնուհետև, ապօրինի կերպով ձեռք բերված և նշված խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7.65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել և վնասել գիշերային ակումբի առաստաղը:

Բացի այդ, Ա. Սերոբյանն առանց բժշկի թույլտվության գործածել է կանաբիսի և ափիոնի խմբի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրանից վերցված փորձանմուշում:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ նախաքննության մարմինները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:

Մասնավորապես, վճռաբեկ բողոքի հեղինակի կարծիքով, նախաքննական մարմինը ձեռք բերված բավարար ապացույցների առկայության պայմաններում, որոնցով հիմնավորվել է Ա. Սերոբյանի կողմից խուլիգանական գործողություններ կատարելու ընթացքում հրազենից երկու կրակոցներ արձակելու, ինչպես նաև Հ. Կարախանյանի և ակումբի մյուս աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու հանգամանքը, նրան ողջ ծավալով մեղադրանք չի առաջադրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ, չի նկարագրել Ա. Սերոբյանի կողմից երկու կրակոց արձակելու հանգամանքը, ինչպես նաև հրազենի գործադրմամբ Հ. Կարախանյանի և գիշերային ակումբի մյուս աշխատակիցների նկատմամբ բռնություն կամ բռնություն գործադրելու սպառնալիք տալու հանգամանքները, և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ լիարժեք չի արտացոլել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի դիսպոզիցիայի բոլոր տարրերը:

Ելնելով վերոգրյալից` վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Ա. Սերոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճիռները և քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի 2006 թվականի հունվարի 30-ի որոշմամբ Ա. Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2006 թվականի հունվարի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գործող «Քրեյզի հորս» գիշերային ակումբում, ալկոհոլային հարբածության վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով ակումբի աշխատակիցների նկատմամբ, կազմալուծել է ակումբի բնականոն աշխատանքը, շուրջ 20 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հասցեագրել ակումբի պարուհիներին, այնուհետև ապօրինի կերպով ձեռք բերված և նշված խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7,65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակի գործադրմամբ կրակոց է արձակել նշված ատրճանակից, վնասել գիշերային ակումբի առաստաղը ...» (գ.թ. 114): Առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին քննիչի 2006 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ խուլիգանության մասով Ա.Սերոբյանին առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել (գ.թ. 206): Այն նույն ձևակերպումն ունի նաև մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում (գ.թ. 261):

Այսինքն` նախաքննության մարմնի կողմից հաստատված է համարվել, որ Ա. Սերոբյանը «կրակոց է արձակել», ինչից չի կարելի հետևություն անել, որ երկու կրակոց է արձակվել: Մինչդեռ գործի նյութերի վերլուծությունը վկայում է, որ առկա են հակասական տվյալներ կրակոցների քանակի վերաբերյալ: Մասնավորապես, դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն` գիշերային ակումբի սրահից հայտնաբերվել և առգրավվել են երկու հատ 7,65 մմ տրամաչափի պարկուճներ և մեկ հատ 7,65 մմ տրամաչափի գնդակ, իսկ ակումբի առաստաղին` պարահարթակի ուղղությամբ, առկա է 8 x 6 սմ չափերի մոտ 0.5 սմ խորությամբ վնասվածք: Երկրորդ պարկուճից արձակված գնդակը և դրա խոցման տեղը չեն հայտնաբերվել: Բացի այդ, ամբաստանյալ Արթուր Սերոբյանն իր սկզբնական ցուցմունքներում պնդել է, որ իր մոտ եղած ատրճանակից արձակել է երկու կրակոց, սակայն հետագայում նշել է մեկ կրակոց արձակելու մասին: Քրեական գործով որպես վկա հարցաքննված անձանց մի մասը ցուցմունք է տվել երկու, իսկ մյուս մասը` մեկ կրակոց լսելու մասին:

Բացի այդ, համաձայն Ա. Սերոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրան առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին քննիչի որոշումների, ինչպես նաև մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի` «Ա. Սերոբյանը ... խուլիգանական գործողությունների պահին իր կողմից կրվող թիվ 21137 համարի 7,65 տրամաչափի «Մաուզեր» տեսակի ատրճանակի գործադրմամբ կրակոց է արձակել նշված ատրճանակից, վնասել գիշերային ակումբի առաստաղը ...»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմով` զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն որակելու համար բավարար չէ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշը: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է, որպեսզի հանցավորը խուլիգանական գործողություններ կատարելու ընթացքում զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայով մարմնական վնասվածք հասցնի կամ փորձի հասցնել, կամ էլ նրա գործողությունների հետևանքով անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծվի: Նման մոտեցում է արտահայտված նաև վճռաբեկ բողոքում:

Մինչդեռ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել բավարար միջոցներ` խուլիգանական գործողություններ կատարելու ընթացքում Ա. Սերոբյանի կողմից արձակված կրակոցների քանակը, հաջորդականությունը և ուղղվածությունը, ինչպես նաև դրանց հետևանքով անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելու հարցը պարզելու համար: Այսպիսով, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Դրանք քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, չեն կարող վերացվել դատական քննության ժամանակ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` Ա. Սերոբյանի վերաբերյալ դատավճիռները ենթակա են բեկանման` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով:

Լրացուցիչ նախաքննության ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար և արդյունքներով հանգել համապատասխան եզրակացության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. սեպտեմբերի 15-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 19-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.04.2007
N ՎԲ-85/07
Որոշում