ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-161(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
քաղաքացիական գործ թիվ 06-1394/2006 թ.
նախագահող դատավոր` Գ. ՄԱՏԻՆՅԱՆ
դատավորներ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցիչ Ռ. Եդոյանի և Գարեգին Ղույումչյանի վճռաբեկ բողոքներն ըստ Գարեգին Ղույումչյանի հայցի ընդդեմ կազմակերպության` խորհրդի ստեղծման 07.12.2002 թվականի թիվ 178/Կ և գիտական խորհրդի ստեղծման 03.02.2003 թվականի թիվ 18/Կ հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան հայցվոր Գ. Ղույումչյանը պահանջել է անվավեր ճանաչել խորհրդի ստեղծման 07.12.2002 թվականի թիվ 178/Կ և գիտական խորհրդի ստեղծման 03.02.2003 թվականի թիվ 18/Կ հրամանները:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 13.02.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ռեկտորի կողմից 07.12.2002 թվականին խորհուրդ ստեղծելու թիվ 178/Կ և 03.02.2003 թվականին գիտական խորհուրդ ստեղծելու թիվ 18/Կ հրամանները:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել ռեկտորի կողմից 07.12.2002 թվականին խորհուրդ ստեղծելու թիվ 178/Կ և 03.02.2003 թվականին գիտական խորհուրդ ստեղծելու թիվ 18/Կ հրամանները:
Սույն գործով վճռաբեկ բողոքները ներկայացրել են կազմակերպության ներկայացուցիչը և Գ. Ղույումչյանը:
Գ. Ղույումչյանը կազմակերպության կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան, իսկ կազմակերպությունը Գ. Ղույումչյանի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:
2. Կազմակերպության ներկայացուցչի սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Կազմակերպության ներկայացուցչի սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, վկայակոչելով նշված դրույթը, անտեսել է, որ ռեկտորը 07.12.2002 թվականին կառավարման մարմին ստեղծելիս հիմք է ընդունել դեռևս 1999 թվականին գրանցված ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը:
2) Դատարանը խախտել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջները:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը վերակազմակերպվել է կազմակերպության և գրանցվել Վանաձորի պետական ռեգիստրում 23.12.2002 թվականին, այսինքն` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը հիմք չէ 07.12.2002 թվականի թիվ 178/Կ հրամանն անվավեր ճանաչելու համար:
3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձ կազմակերպության ներկայացուցիչը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1 Գ. Ղույումչյանի սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը Գ. Ղույումչյանի սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, անվավեր ճանաչելով հրամանները, չի կիրառել վերը նշված դրույթներով սահմանված անվավերության հետևանքները և չի վերականգնել խախտված իրավունքները:
2) Վճռաբեկ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 92-րդ հոդվածների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ, 10-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների և պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 86-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ դատարանը, 15.11.2006 թվականին վերադարձնելով վճռաբեկ բողոքը, Գ. Ղույումչյանին զրկել է իր իրավունքները վերականգնելու, իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունն իրականացնելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձ Գ. Ղույումչյանը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը և փոփոխել:
2.2 Կազմակերպության բողոքի դեմ ներկայացրած պատասխանի փաստարկները.
Ըստ Գ. Ղույումչյանի պատասխանի կազմակերպության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են և ենթակա մերժման:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
ա/ ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 14856-Ն որոշմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Նշված որոշումն ուժի մեջ է մտել 28.12.2002 թվականին:
բ/ Նշված որոշմամբ հաստատված կազմակերպության կանոնադրությունը Վանաձորի պետական ռեգիստրում գրանցվել է 23.12.2002 թվականին:
գ/ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 02.09.2003 թվականի վճռով մերժվել է Գ. Ղույումչյանի հայցն ընդդեմ կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության նախարարության` նախկին աշխատանքում վերականգնելու, օրենքին հակասող որոշումները և հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատավարձի տարբերությունը բռնագանձելու պահանջների մասին:
դ/ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 08.06.2005 թվականի վճռով մերժվել է Գ. Ղույումչյանի հայցն ընդդեմ Շվարց Սահակյանի և երրորդ անձ կազմակերպության` խորհրդի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ե/ Նշված վճռով արձանագրվել է նաև, որ Գ. Ղույումչյանը «որպես այդ խորհրդի անդամ, մասնակցել է, քվեարկել է ընտրությունների ժամանակ, դրանով իսկ տեղյակ է եղել ընտրությունների անցկացման ժամանակի, կարգի և արդյունքների մասին, սակայն օրենքով սահմանված ժամկետում դրա արդյունքները չի բողոքարկել, այլ դատարան է դիմել միայն ընտրությունների անցկացումից հետո շուրջ 2 տարի անց: Ընտրությունների արդյունքների հիման վրա 5-ամյա ժամկետով ինստիտուտի խորհրդով ռեկտոր ընտրվելու կապակցությամբ 18.01.2003 թ. տրվել է թիվ 14/Կ հրամանը, համաձայն որի 28.12.2002 թ. Ռաֆիկ Եդոյանը նշանակվել է Վանաձորի Հ. Թումանյանի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: Օրենքով սահմանված կարգով շահագրգիռ անձն իրավունք ունի ՀՀ քաղ. դատ. օր-ով սահմանված կարգով դիմելու դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրում նախատեսված իր իրավունքների ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Տվյալ դեպքում հայցվորը տեղյակ լինելով և անձամբ մասնակցելով վիճարկվող գործընթացին շուրջ 2 տարի անց դիմել է դատարան ոչ վերը նշված իր իրավունքի պաշտպանության սահմաններում, քանի որ տվյալ դեպքում հայցի բավարարումը կամ մերժումը որևէ կերպ չի շոշափի հայցվորի իրավունքները կամ պարտականությունները, որևէ ուղղակի իրավական հետևանք չի առաջացնի վերջինիս համար»:
զ/ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.09.2002 թվականի թիվ 1856-Ն որոշմամբ հաստատված Կազմակերպության կանոնադրության 13-րդ կետը, 07.12.2002 թվականի թիվ 178/Կ հրամանով ստեղծել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի խորհուրդը:
է/ Կազմակերպության ռեկտորը, հիմք ընդունելով Կազմակերպության կանոնադրության 19-րդ և 21-րդ կետերը, 03.02.2003 թվականի թիվ 18/Կ հրամանով ստեղծել է Կազմակերպության գիտական խորհուրդը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1/ կազմակերպության բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, այլ իրավական ակտերի ու ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: ՈՒսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ: ՈՒսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են` հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը: ՈՒսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: ՈՒսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը /պետը/, որը նշանակվում /ընտրվում/ և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն: ՈՒսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Օրենսդիրը սույն դրույթով ուսումնական հաստատության ղեկավարին` ռեկտորին, հնարավորություն է ընձեռել կառավարելու և ղեկավարելու ուսումնական հաստատությունը:
Տվյալ դեպքում ռեկտորը նշված օրենքի ուժով, օգտվելով վերապահված իրավասությունից` կառավարելու և ղեկավարելու, 07.12.2002 թվականի թիվ 178/Կ հրամանով ստեղծել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի խորհուրդը, որպիսի հանգամանքն ինչպես արգելված չէ, այնպես էլ նախատեսված չէ, թե կոնկրետ ում կամ որ մարմնի կողմից պետք է ձևավորվի ինստիտուտի խորհուրդը, 1999 թվականին գրանցված և մինչև 23.12.2002 թվականը գործող ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությամբ:
2/ կազմակերպության բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:
Նշված դրույթի տրամաբանական մեկնաբանությունը հանգեցնում է, որ սույն օրենքը տարածվում է կազմակերպությունների նկատմամբ և կիրառելի է դրանց նկատմամբ:
Տվյալ դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարության Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը վերակազմակերպվել է կազմակերպության 28.12.2002 թվականին, և Վանաձորի պետական ռեգիստրում գրանցվել 23.12.2002 թվականին:
Մինչդեռ, վերաքննիչ դատարանը 07.12.2002 թվականին թիվ 178/Կ խորհուրդ ստեղծելու մասին հրամանն անվավեր ճանաչելիս գտել է, որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքին` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին:
Գործի փաստական հանգամանքներով հաստատվում է, որ ռեկտորի կողմից 07.12.2002 թվականին թիվ 178/Կ հրամանն արձակելիս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը դեռևս գրանցված չի եղել որպես կազմակերպություն: Այսինքն` վերաքննիչ դատարանը նշված հրամանն անվավեր ճանաչելիս կիրառել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառվեր: Նշված օրենքը կիրառելի է կազմակերպության գրանցման պահից` 23.12.2002 թվականից:
3/ կազմակերպության բողոքի երրորդ հիմքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ:
Չնայած հիմնավոր է գործին մասնակից չդարձած ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատարանի կողմից վճիռ կայացնելու մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, սակայն բողոք բերած անձ Ռ. Եդոյանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը 42-րդ հոդվածի համաձայն, չի ներկայացրել լիազորագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից վճռաբեկ բողոք բերելու համար:
Բացի վերը շարադրված պատճառաբանություններից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական խնդրին:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի և 23.12.2002 թվականին գրանցված կանոնադրության 12-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն` լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները:
Բողոքին կից ներկայացված Ռ. Եդոյանին հասցեագրված լիազորված պետական մարմնի` ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի 29.12.2006 թվականի թիվ 10-04/Ե-3343 գրությամբ հայտնվել է, որ ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի ձևավորումը կատարվել է գործող կանոնակարգերի և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան: Ընդունված կարգով խորհուրդը ձևավորվել է նախարարության կողմից, ինչպես մյուս բոլոր պետական բարձրագույն հաստատություններում և հրամանների արձակման առումով պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել: 2002 թվականին նախարարությունում քննարկվել է գիտական խորհրդի և խորհրդի կազմը և տրվել է բանավոր համաձայնություն այն հրահանգելու ռեկտորի կողմից: Գրավոր համաձայնություն տալու անհրաժեշտություն չի եղել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորված պետական մարմինը, ոչ միայն չի օգտվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և կանոնադրությամբ վերապահված իրավասությունից, այլ իր գործողություններով հավանություն և համաձայնություն է տվել վիճարկվող հրամանները ռեկտորի կողմից հրահանգելու համար, ինչպես դրանք ընդունելու պահին, այնպես էլ հետագայում:
4/ Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի նշում` անվավերության հետևանքների մասին` ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու դեպքում: Այն դեպքում, երբ քաղաքացու կամ իրավաբանական անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել միայն պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու միջոցով, դատարանն իրավունք ունի իր վճռով պարտադրել համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին` ընդունելու քաղաքացու` օրենքով երաշխավորվող իրավունքները և (կամ) ազատությունները վերականգնող ակտ:
Կազմակերպության բողոքի հիմքերի վերլուծությունն ուղղակիորեն թույլ է տալիս եզրակացնելու, որ հրամաններն անվավեր ճանաչված վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելու պայմաններում տրամաբանությունից զուրկ է Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքի քննարկումը:
Տվյալ դեպքում Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունը պետք է գնահատել որպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, բողոքի ընդունելիությունը հիմնավորող փաստարկ:
5/ Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով ևս անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը կազմակերպության բողոքի առաջին և երկրորդ հիմքերը հիմնավոր է համարում և դիտում որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Գ. Ղույումչյանի վճռաբեկ բողոքը մերժել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ