ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-438(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-2867/2006 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կատյա Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 06-2867 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Կատյա Թորոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի` գույքի նկատմամբ որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը ճանաչելու և ավտոմեքենան կրկնակի մաքսազերծումից ազատելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կատյա Թորոսյանը պահանջել է ճանաչել իր` որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը «Մերսեդես 230-Ե» մակնիշի 61 ԼՕ 666 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ և ազատել այն կրկնակի մաքսազերծումից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 01-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի սեպտեմբերի 08-ի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կատյա Թորոսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 172-րդ, 176-րդ, 273-րդ, 277-րդ և 470-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով հարուցված քրեական գործի առկայությունը և վեճի առարկա ավտոմեքենայի գողացված լինելու հանգամանքը, եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով Կատյա Թորոսյանը բարեխիղճ ձեռք բերող չէ, անտեսելով այն հանգամանքը, որ ավտոմեքենայի սեփականատերը, որից գողացել են ավտոմեքենան, «Լոնդոն-Գարանթի ապահովագրական» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ` Ընկերություն) ստացել է ապահովագրական փոխհատուցում, իսկ այդ Ընկերությունը քրեական գործով ճանաչվել է քաղաքացիական հայցվոր:
Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել նաև այն հանգամանքը, որ Կատյա Թորոսյանը, գնելով ավտոմեքենան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք և հետևաբար իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքի ամեն մի խախտում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 08-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 01-ի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 2000 թվականի օգոստոսի 12-ին անհայտ անձը Երևանի Նալբանդյան փողոցի 50 շենքի բակից գաղտնի հափշտակել է Գուրգեն Վիրաբյանի անձնական օգտագործման «Մերսեդես 230-Ե» մակնիշի 61 ԼՕ 666 պետհամարանիշի ավտոմեքենան:
2) ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության 2000 թվականի օգոստոսի 13-ի թիվ 13161700 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
3) Ընկերությունը Գուրգեն Վիրաբյանին վճարել է ապահովագրական փոխհատուցում և Երևանի Կենտրոն քննչական բաժնի ավագ քննիչի որոշմամբ վերոհիշյալ քրեական գործով ճանաչվել է քաղաքացիական հայցվոր:
4) Վրաստանի Հանրապետություն ուղարկված միջազգային քննչական պահանջի համաձայն` պարզվել է, որ նշված ավտոմեքենան Մարտուն Մկոյանը գնել է Տարիել Մազուշվիլուց:
5) Կատյա Թորոսյանի որդին` Սամվել Թորոսյանը, 2003 թվականի նոյեմբերի 18-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում Մարտուն Մկոյանից գնել է «Մերսեդես 230-Ե» մակնիշի 61 ԼՕ 666 պետհամարանիշի ավտոմեքենան և ձևակերպել է իր քեռորդի Ռոբերտ Հակոբյանի անունով:
6) Ռոբերտ Հակոբյանի և Կատյա Թորոսյանի 2005 թվականի ապրիլի 29-ի համատեղ հայտարարագրի համաձայն` վերը նշված ավտոմեքենան որպես սեփականություն փոխանցվել է Կատյա Թորոսյանին:
7) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2006 թվականի հունվարի 26-ի թիվ 43-61700քգ տեղեկանքի համաձայն` Սամվել Թորոսյանը ցուցմունք է տվել, որ «2005 թվականի մայիսի 04-ին, երբ փորձել են մաքսազերծել ավտոմեքենան, սակայն այդ ժամանակ տեղեկացել են, որ այն գողացված է եղել»:
8) ՀՀ ոստիկանության քննչական վարչության 2005 թվականի մայիսի 30-ի որոշման համաձայն` 2005 թվականի մայիսի 04-ին հայտնաբերված «Մերսեդես 230-Ե» ավտոմեքենան ի պահ է հանձնվել Կատյա Թորոսյանի որդուն` Սամվել Թորոսյանին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ այն առաջին հերթին.
- սահմանում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքի իրականացման շրջանակները, իսկ այնուհետև,
- նախատեսում մի շարք նախապայմանների պարտադիր և միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում անձը կարող է համարվել բարեխիղճ ձեռք բերող:
Այսինքն` բողոք բերած անձի բարեխիղճ ձեռք բերող լինելու կամ չլինելու հարցը Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ և դրա արդյունքում կարող էր մերժել բողոք բերած անձի սեփականության իրավունքի ճանաչման պահանջը միայն գույքի սեփականատիրոջ կողմից հայցի դեմ առարկելու և գույքը հետ պահանջելու պահանջ ներկայացնելու դեպքում, ինչը սույն քաղաքացիական գործով չի կատարվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը կիրառելի չէ:
Անհիմն է նաև սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հարուցված քրեական գործի առկայության և ավտոմեքենան նախկին սեփականատիրոջից գողացված լինելու պայմաններում Կատյա Թորոսյանը չի կարող հանդիսանալ բարեխիղճ ձեռք բերող և սեփականատեր հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը, դիմելով դատարան, հայցադիմումի հիմքում դրել է իր` ինչպես բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու, այնպես էլ սեփականատեր լինելու հանգամանքները, իսկ Վերաքննիչ դատարանը նշված պահանջը դիտարկել է որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ և ըստ էության քննության առարկա չի դարձրել սեփականատեր ճանաչելու պահանջը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավունքը ճանաչելով:
Այսինքն` սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը վեճի առարկա ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից այն հետ պահանջելու վերաբերյալ պահանջի բացակայության պայմաններում, պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ այդ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի ուժով բողոք բերած անձի մոտ սեփականության իրավունքի ծագման հարցին, քանի որ դիմողը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ներկայացրել է սեփականության իրավունքի ճանաչման պահանջ:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի հիմքի վերաբերյալ տրված իրավական դիրքորոշումը ենթադրում է գործի նոր քննության անհրաժեշտություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար հիմք է այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է Վերաքննիչ դատարանի վճռի մի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատարանների վճիռները և որոշումները վերանայում է` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 08-ի վճիռը` որպես բարեխիղճ ձեռք բերող սեփականության իրավունքը ճանաչելը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 08-ի վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ