ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-479(Ա)
Կոտայքի մարզի առաջին ատյանի 2007 թ.
դատարանի թիվ 2-130 վճիռ
Նախագահող դատավոր` Ն. Գալստյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) 22.02.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի Արմեն Մելիքյանի ընդդեմ Այվազ Սարգսյանի և համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների` փոխառությամբ տրված գումարի և տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին թիվ 2-130 քաղաքացիական գործով,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Այվազ Սարգսյանին պարտավորեցնել կատարելու 09.08.2003 թվականին կնքված փոխառության պայմանագրով իր կողմից ստանձնած պարտավորությունները և որպես այդ պարտավորությունների կատարման ապահովում` բռնագանձում տարածել 09.08.2003 թվականին կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116.8 քմ բնակելի տան, 10.9 քմ, 11 քմ և 13.8 քմ ծածկոցի շինությունների, 27 քմ թոնրատան շինության, 30,7 քմ գոմի շինության և 0,283 հեկտար հողամասի վրա:
Դատարանի 22.02.2006 թվականի վճռով հաստատվել է Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.
1. Դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավիճակը /նոր երևան եկած հանգամանքը/, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը կայանում է նրանում, որ Դատարանի 2006 թվականի փետրվարի 22-ին թիվ 2-130 քաղաքացիական գործով կայացրած վճռով հաստատվել է հայցվոր Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնագիր, որով վերջինս համաձայնություն է տվել պարտքի գումարը բռնագանձել ամբողջ սեփականության նկատմամբ, առանց հաշվի առնելու համասեփականատերերի կարծիքները:
Հաշտության համաձայնագիրը չի ստորագրվել համապատասխանողների կողմից: Պատասխանող Այվազ Սարգսյանը համապատասխանողների կողմից հաշտության համաձայնագիր կնքելու լիազորություն չի ունեցել, ուստի կայացված վճիռը ենթակա է այդ մասով բեկանման:
Բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 22.02.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 09.08.2003 թվականին Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր:
2) 09.08.2003 թվականին Արմեն Մելիքյանի և Այվազ, Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների միջև ի ապահովումն վերը նշված պայմանագրի` կնքվել է հիփոթեքի պայմանագիր:
3) Դատարանի 20.01.2006 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել պատասխանողներ Այվազ, Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116,8 քմ մակերեսով բնակելի տան, 10,9; 11 և 13,8 քմ մակերեսներով ծածկոցի շինությունների, 27 քմ մակերեսով թոնրատան շինության, 30,7 քմ մակերեսով գոմի շինության և 0,283 հեկտար հողամասի վրա.
4) Դատարանի 2006 թվականի փետրվարի 22-ի վ թիվ 2-130 քաղաքացիական գործով կայացրած վճռով հաստատվել է Արմեն Մելիքյանի և Այվազ Սարգսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն հաշտության համաձայնությամբ Այվազ Սարգսյանի ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում և գործի վարույթը` կարճվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՈՒսումնասիրելով գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանին պարզ դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116,8 քմ մակերեսով բնակելի տունը, 10,9; 11 և 13,8 քմ մակերեսներով ծածկոցի շինությունները, 27 քմ մակերեսով թոնրատան շինությունը, 30,7 քմ մակերեսով գոմի շինությունը և 0,283 հա հողամասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է պատասխանող Այվազ Սարգսյանին և համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյաններին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՈՒղղակի մեկնաբանելով վերոհիշյալ դրույթը` պարզ է դառնում, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու վերաբերյալ գործարքներ` բանավոր համաձայնության առկայության դեպքերում, նկատի ունենալով, որ գրավոր համաձայնության պարտադիր պահանջի դեպքերն օրենսդրի կողմից հստակ սահմանված են /Օր. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30,231,249 հոդ. և այլն/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Այս առումով ապացուցված չէ նաև այն հանգամանքը, որ հայցվոր կողմը տեղյակ էր հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ համապատասխանողների անհամաձայնության մասին:
Ավելին` հայցվորի և պատասխանողի միջև կնքված հաշտության համաձայնությունը ըստ էության հանդիսանում է գործարք, այսինքն անձը իրավունք ուներ կնքելու այն, իսկ դատական նիստին համապատասխանողների չներկայանալը չէր կարող արգելք հանդիսանալ նման գործարքի համար:
Համապատասխանողներ Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանները պատշաճ ձևով ծանուցված են եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատարան:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դեռևս 09.08.2003 թվականին կնքված հիփոթեքի պայմանագրով գրավադրվել է պատասխանողներ Այվազ, Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանները սեփականության իրավունքով իրենց պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում գտնվող 116,8 քմ մակերեսով բնակելի տունը, 10,9; 11 և 13,8 քմ մակերեսներով ծածկոցի շինությունները, 27 քմ մակերեսով թոնրատան շինությունը, 30,7 քմ մակերեսով գոմի շինությունը և 0,283 հա հողամասը (ի դեպ այդ պայմանագիրը ստորագրվել է բոլոր պատասխանողների կողմից), որը նուննպես վկայում է, որ պատասխանողները տեղյակ են եղել պատասխանողի պարտավորություններին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի հետևությունները հիմնված են գործում առկա այլ ապացույցների հետազոտման և գնահատման վրա, որոնք բավարար են եղել դատարանի կողմից վճիռ կայացնելու համար:
Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխանողների վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հրաչիկ, Հերիքնազ և Թամար Սարգսյանների վճռաբեկ բողոքը մերժել: Կոտայքի մարզի առաջին ատյանի 22.02.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ